Իսկ այդ քսաներկո՞ւքը որ տեսա… ա՜հ իրենց դյուցազներգությունը:
Հնչակ առած ժամանակնին, Հնչակ կարդացած ժամանակնին, Հնչակ տված ժամանակնին ձերբակալված հերոսներ, կարգ մբ մակաթույծներու համար ստակ հավաքած ատեննխն բռնված հերոսներ, ղահվեի մը անկյունը քանի մը գավաթ օղիի ազդեցության տակ անօգուտ շաղակրատություններ ընող հերոսներ, վտանգավոր թղթեր գրպաննին պտտցնող հերոսներ, որոնք ոստիկանության ճանկը ինկած են։
− Դո՞ւն ալ քոմիթեեն ես, հե՞:
− Ամա՜ն, էֆենտի, ի՜նչ կըսեք, ձեր ոտքին հողը պագնեմ, ես երբեք…
− Տակավին կուրանա՞ս, շո՜ւն, ա՜ռ քեզի։
Ու ապտակները կիջնան շեշտ երեսին։
− Ամա՜ն, մեղա՜, ես բան մը չեմ ըրած, ես սուլթանին հավատարիմ ծառան եմ, ոտքերնիդ պագնեմ։
− Կեցիր, ես քեզի խոսեցնելու կերպը գիտեմ. հիմա չես ուզեր խոսիլ, բայց քանի մը օրեն պուլպուլի պես պիտի խոսիս։
Ու խոսքը բանտապետին ուղղելով.
− Տարեք սա կյավուրը զնտան նետեցեք։
Եվ բանտապետը ապտակելով, հայհոյելով, հարվածելով կգործադրե հրամանը ու կտանի նկուղ, ուր մեր ապագա հերոսը կմնա քանի մը օր։
Ու այսպես հարցաքննություններն, նախատինքներն, ապտակահարություններն ետքը, օր մըն ալ ցկյանս բերդարգելության կդատապարտվի։ Երեք տարի, հինգ տարի կամ յոթը տարի ետքը՝ առտու մը՝ բերդին տնօրենը կկանչե զինքը։
− Շունշանորդի՜, աղոթք ըրե սուլթանին կենացը։
− Էֆենտի՜, ես արդեն ամեն օր աղոթք կընեմ իրեն համար։
− Ձեզի ամենուդ ընդհանուր ներում ըրավ:
− Աստված շատ կյանք տա իրեն, աստված մեկ օրը հազար ընե։
− Բայց մեյ մըն ալ այդ տեսակ սրիկայական գործեր չպիտի ընեք հա՜:
− Ո՜չ, էֆենտիս, ես միշտ սուլթանին հավատարիմ քյոլեն եմ, ոչ թե այդ անպիտաններուն չեմ հետևիր, այլ եթե ձեռքես գա— ամենքն ալ կսպաննեմ։