Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Վերջապես հաջողեցա երեք հազար ոսկիով խնդիրը լմնցնել,− կխորհեր:

Իսկ երկու նշանածներուն դեմքին վրա երջանկություն կճառագայթեր։

Միայն պզտիկ տխրություն մը ունեին։ Լևոն 1-2 օրեն անակնկալ ստիպված էր Փարիզ մեկնիլ խիստ կարևոր անակնկալ գործի մը համար, որու մասին առջի օր հեռագիր մը ստացած էր․ բացակայությունը հազիվ երկու շաբաթ պիտի տևեր։ Տիկին Անթառամ Պոլիս պիտի մնար, իր զավակին վերադարձին սպասելով։

Այս մեկնումը ահա միակ սև ամպն էր երկու սիրահարներու ջինջ երկնքին վրա և խոսք-կապի օրը գրեթե բոլոր խոսակցությունը անոր շուրջ դարձավ։

− Թող գործը ըլլա տե՝ վնաս չունի, ինչ ընենք, երկու շաբաթը շուտով կանցնի,− ըսավ Ղուկաս էֆենտի, որ գիտեր թե իր փեսացուն փայլուն գործ մը լմնցնելու համար կէրթար Փարիզ։

− Մենք ալ հոս օժիտի պատրաստություններ տեսնելով ժամանակ կանցնենք,− ավելցուց տիկին Թագուհի,– այնպես չէ՞, տիկին Անթառամ։

Տիկին Անթառամ գլխով հավանության նշան մը ըրավ։

Լևոն արտոնություն խնդրեց Ղուկաս էֆենտիեն, որպեսզի բացակայության միջոցին թղթակցի իր նշանածի հետ։

− Ուզածիդ չափ գրե,− արտոնեց Ղուկաս էֆենտի։

Երկու օր ետքը Լևոն մեկնեցավ Փարիզ։ Ղուկաս էֆենտի և Ռոզիկ իրեն ընկերացան մինչև Սիրքեճիի կայարանը։

Բաժանումը շատ սրտահույզ եղավ, Ռոզիկ գրեթե կուլար մինչև ետքը, մինչև Լևոն գողտր բառերով կջանար զայն մխիթարել։

Խոստացավ որ ճամփեն, ամեն կայարան հասնելուն իրեն քառթ մը պիտի ուղղեր, ցույց տալու համար թե միշտ իր սիրելի Ռոզիկի վրա կմտածեր։ Ղուկաս էֆենտի պատշաճ դատեր էր մեկ կողմ քաշվիլ, որպեսզի երիտասարդները կարենան ազատորեն վայելել իրենց վերջին վայրկյանները, նույնիսկ թույլ տված էր, որ թև թևի հեռանան կայարանի քարափին վրա, հեռու հետաքրքիր ու պրպտող ակնարկներե։

Եվ երկու նշանածները փութացեր էին օգուտ քաղել հայրական այս թույլտվությունեն։

Բայց վերջապես հնչեր էր մեկնումի սուլումը, ճամփորդները