Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒսումնասիրության առարկայի և դրա գիտության տարբերակման ու սահմանազատման բացատրությունը կարող է տարօրինակ հնչել բնական գիտությունների մասնագետների համար, քանի որ նրանց ի սկզբանե պարզ է, որ մի դեպքում գործ ունեն թվային հասկացությունների կամ բնության երևույթների, մյուս դեպքում՝ այդ ամենը ուսումնասիրող գիտությունների հետ։ Առարկան՝ առարկա, գիտությունը՝ գիտություն։

Խնդիրը, սակայն, այդքան հստակ չէ հասարակական գիտությունների, մասնավորապես՝ գրականագիտության ու արվեստաբանության մեջ։

Այստեղ մենք գործ ունենք մեկը մյուսից բխող երկու այնպիսի իմացության ձևերի հետ, որոնք հավասարապես ստեղծագործական են, այդ պատճառով էլ ուսումնասիրության առարկան, որպես այդպիսին, «որակազրկում» կամ գոնե կասկածի տակ է առնում իր գիտությունը՝ համարելով այն ավելորդ։ Ավելին՝ XVII-XVIII դարի անգլիացի բանաստեղծ Ալեքսանդր Պոպը այն կարծիքն է հայտնել, որ գրականությանը կարող է մեկնաբանել նա, ով այն ստեղծում է։ Գեղարվեստական գրականության գիտական մեկնաբանությունը սահմանափակող այս անսովոր կարծիքը (գրականությունը մինչև վերջ հասկանալը միայն գրողներին է հասու) կարող է անհեթեթ թվալ, եթե հաշվի չառնենք մի կարեւոր հանգամանք։ Գրականագիտությանը, այնուամենայնիվ, ի վիճակի չէ մինչև վերջ թափանցել գրական երկի ներաշխարհը, առավել ևս առարկայական դարձնել նրա ծագումնաբանությունը, քանի որ գործ ունի գրողի ոչ միայն իմացական, այլև ենթագիտակցական մտածողության հետ, որի ըմբռնումը բարդագույն խնդիր է ոչ միայն հոգեբանի, այլեւ իր իսկ՝ գրողի համար։ Սա ճշմարիտ գրականության և արվեստի անբացելի գաղտնիքներից է։ Այս ամենը, սակայն, չի ենթադրում գրականագիտության ավելորդ լինելը։ Այն, իր առարկայի հետ միասին, մարդուն եւ մարդկայինը բացահայտելու անփոխարինելի միջոցներից է։ Թերևս կարելի է մտածել, թե բնությունն իր ուսումնասիրողներից ավելի շատ բան է թաքցնում, քան գրականությունը կամ արվեստը գրականագետից կամ արվեստաբանից։ Այսուհանդերձ, սկզբունքային լուրջ տարբերություն կա գրականագիտության և բնական գիտությունների ուսումնասիրության առարկաների միջև։ Ի տարբերություն վերջինների, գրականագիտության ոաումնասիրության առարկան մասնավորված է, այն կրում է իր ստեղծողի (գրողի) անհատականության կնիքը՝ ուսումնասիրողից պահանջելով նույնքան անհատական մոտեցում։