Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կինեմատոգրաֆիկ է, ինչը եւ ընդլայնում է նրա գործառնության սահմանները։ Մյուս կողմից կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը, հանդգնորեն ներխուժելով նրա գործառնական դերի մեջ, սահմանափակել են ընթերցողների թիվը։ Այդ պատճառով էլ վեպը գնալով սեղմում է իր ժանրային սահմանները՝ փոքր ծավալի մեջ մեծ տեղեկատվություն դնելու ճանապարհով։ Վիպական ժամանակի սեղմման առումով ուշագրավ հնարանք է դեպքերին մասնակից պատմողի ներկայությունը, որը հնարավորություն է տալիս համատեղել պատմության եւ նկարագրվող իրադարձության ժամանակը։ Վեպի ներքին կառուցվածքների այս փոփոխությունները առավել ընդգրկված դրսեւորվեցին XX դարի գրականության մեջ։ Վեպի զարգացման անցումային շրջանի այս ակտիվ տեղաշարժերը քննադատների շրջանում այն տպավորությունը ստեղծեցին, թե վեպի ժանրը ճգնաժամ է ապրում։ 60-ական թ. այս առիթով Ստրասբուրգում, Փարիզում, Վիեննայում, Պրագայում, Պետերբուրգում կազմակերպվեցին միջազգային գրական սեմինարներ, բանավեճեր՝ նվիրված ժանրի ճակատագրին։ Արեւմտյան գրական մամուլի բազմաթիվ օրգաններում տպագրվեցին հոդվածներ, ոաումնասիրություններ։ Վեպը, իհարկե, ճգնաժամ չէր ապրում, այլ վերակառուցվում էր՝ հարմարվելով նոր ժամանակների պայմաններին։ Առաջ եկավ նոր վեպը կամ, այսպես կոչված՝ ինտելեկտուալ վեպը (Պրուստ, Ֆոլկներ, Ջոյս, Կաֆկա, Ռոբ Գրիյն, Նատալի Սարրոտ եւ ուրիշներ), որն իր արժեքայնությամբ չէր զիջում դասական վեպերին։ Վեպը ազատագրվում էր դասականի ավանդական պայմանականությունից։ Վեպի բանարվեստային նվաճումները հնարավորություն ստեղծեցին ներկայացնել մեր բարդ ժամանակների բազմաձայնությունը, նոր վեպը ներկայացնում է, ոչ թե պատմում, հանգեցնում է, ոչ թե բացատրում։ Այս ընթացքում նոր վեպը դասականի համեմատությամբ կորցրեց իր մասսայականությունը՝ միաժամանակ դառնալով էլիտար ընթերցողների ամենասիրված ժանրը։

ԴՐԱՄԱ

Նկատվել է, որ դրաման իր մի ոտքով դուրս է կանգնած գրականությունից, իսկ դա նշանակում է, որ այն գրականության մյուս ժանրերի համեմատությամբ ավելի շատ է հաղորդակցվում արվեստի մյուս տեսակների հետ։ Անտիկ դրամայի ինչպես նաեւ մյուս ժանրերի տեսությունը, սկսվում է Արիստոտելի «Պոետիկայով», որի ուսումնասիրության առարկան Սոֆոկլեսի,