Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառի ընտրությունը, ինչը հանգավորման դեպքում «չարչարում է» բանաստեղծին։ Թումանյանը խոստովանել է «Հիմար բան է այդ հանդը, ինչ որ չես ուզում ասել շատ անգամ հենց այն ես ասում, որովհետեւ հանգումը գալիս է» ³¹։

Ռիթմը այս դեպքում ազատ հնարավորություն է տալիս զուգակցել բանաստեղծական կարճ եւ երկար տողերը, թեեւ ոտքերի մեջ միանմանություն պիտի լինի, ինչն էլ ապահովում է բանաստեղծական այս որակի ընդգծված ռիթմը։ Տաղաչափությունը պոեզիայի պարզ արհեստներից է։ Տեսության ձեռնարկներում սովորաբար տաղաչափական վերլուծություններ չեն անում։ Դա գրականագիտական կոնկրետ խնդիր է։ Պետք է իսկապես հրաժարվել տաղաչափության գրասենյակային հաշվարկումներից, եւ շեշտը դնել բանաստեղծական ռիթմի եւ մեղեդայնության ներքին օրենքների հայտնաբերման վրա։

3. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Իր գործառական դերով, կառուցվածքային առանձնահատկությամբ, հատկապես ընդգրկման սահմաններով չափազանց տարողունակ հասկացողություն է գեղարվեստական պատկերը։

Նրա ձեւաբովանդակային բազմանշանակ կերպը ենթադրում է համալիր մոտեցումների մի ամբողջ շղթա, որ շաղկապում է բանարվեստի հանգուցային համարյա բոլոր խնդիրները։ Տեքստի մեջ պատկերի առաձգականությունը տեսաբաններին մշտապես ստիպել է ճշտել այն հստակ սահմանագիծը, որով ավարտվում է գեղարվեստական պատկերը։ «Պատկեր ասելով, - նկատել է տեսաբան Գ. Գաչեւը,- մենք հասկանում ենք գեղարվեստական ամբողջականություն, լինի դա մետաֆոր, թե «Պատերազմ եւ խաղաղություն» էպոպեա» ³²։ Այս տրամաբանությամբ, որի դեմ դժվար է վիճել, ինչ խոսք, կարելի է ընդլայնել պատկերի ընդգրկման սահմանները՝ հայ բազմադարյան գրականությունը համարելով համաշխարհային գրականության մի պատկեր։ Սակայն ավելի հեշտ է չափագրել գեղարվեստական պատկերի ընդգրկումները, քան կոնկրետ երկի տեքստային կառույցում ճշտորոշել միավոր պատկերի սահմանագիծը, տեսնել այն սահմանաձողը (եթե այդպիսին կա), որ ընկած է իրար հաջորդող եւ իրար լրացնող պատկերների միջեւ։ Հիշենք, որ դրանք երկի համակառույցում հանդես են գալիս փոխադարձված հարաբերությունների միասնության օրենքով՝ դրանք ոչ միայն միավորներ են, այլեւ՝ հարաբերություններ։ Րաֆֆին դի–