Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վելով, ընդունում է ուղղահայաց պլան, թեեւ ներքին եւ արտաքին սյուժեները հարաբերական հասկացություններ են։ Հարաբերությունը պայմանավորված է նրանց հարաբերման ձեւերով։ Ժամանակակից գրականության մեջ, այսպիսով, գնալով նվազեց այս կապը, հեղինակը սկսեց խորանալ իր հերոսների ներքին աշխարհների մեջ այն աստիճան, որ սյուժեն մի տեսակ կորցրեց էպիկական միասնությանը, որ գոյություն ուներ հերոսի եւ արտաքին աշխարհի միջեւ։ Հերոսը գնալով դադարեց աշխարհի մաս լինելուց, դարձավ խորհրդանիշ, ապահերոսացավ (Բալգակովի «Շան սիրտը»), կորցրեց իր մարդկային ռոմանտիկան, քանի որ անհատի հերոսացումը, անհատի անհատականացումը կարող է տեղի ունենալ ուրիշների հետ ունեցած հարաբերության շղթայի մեջ։ Անհատի ծայրահեղ անհատականացումը հանգեցնում է անտիհերոսին։ Նման օրինակներ են տալիս էկզիստենցիալ, սյուրռեալիստական եւ աբսուրդի ուղղության գրականությունները։ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխության» մեջ, ինչպես Բուլգակովի «Շան սրտում» հերոսը դառնում է անտիհերոս։ Սյուժեն այստեղ գրանցում է միայն հերոսի գիտակցության հոսքերի շարժումը կորցնելով բաց գործողությունների հատկանիշը, որ դասական վեպում վերահսկվում է հեղինակի կողմից։ Սյուժեի ավանդական իրադարձությունները գնալով զիջում են խորհրդանշական պայմանականություններին եւ, ներփակվելով սիմվոլիկ կառույցի մեջ, կորցնում են իրենց դինամիզմը։ Սյուժեն սկսում է գործառվել միայն այդ երկը ընթերցելու ընթացքում, խորհրդանիշի մեջ քարացած սյուժեն կենդանանում է այն ժամանակ, երբ ընթերցողը սկսում է մեկնաբանել, բացել խորհրդանիշը, այսինքն շարժման մեջ դնել նրա քարացած սյուժեն։ Եթե այս երեւույթը արձակում նոր է, ապա պոեզիայում (քնարական) դա հավերժական երեւույթ է։ Քնարական ստեղծագործության մեջ սյուժեն օտարվում է, հանվում է գեղարվեստական պատկերների, խորհրդանիշերի, պայմանական այլ հնարքների միջոցով։ Արտաքին սյուժեն սրանով փոխարինվում է տրամադրության սյուժեով, հոգու շարժման սյուժեով։

Գրական ստեղծագործությունների մեջ գոյություն ունեն, այսպես կոչված, զուգահեռվող սյուժեներ։ Պատմական վեպերի մեջ, օրինակ, պաշտոնական իրադարձային սյուժեին պարտադիր զուգահեռվում է սիրային սյուժեն, որը մի տեսակ կենդանացնում է վիպական դեպքերի մթնոլորտը։ Հիշենք Վալտեր Սքոտի, Հյուգոյի, Տոյստոյի, Րաֆֆու, Սուրացանի, Դեմիրճյանի պատմավեպերը, դրանցում պատմական դեպքերի սյուժեին շարունակ ուղեկցում են սիրային սյուժեները։ Օրինաչափությունը կարող է գործել նաեւ ժամանակակից վեպերում, եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ երկրորդ