Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թոդներին ու ոճերին պատկանող տարբեր գրողների, որ նշանակում է, թե այն չի զարգանում։ Ամբողջ խնղիրը հենց այն է, որ ժանրր զարգանում է ներսից, որը հեղինակային ոճի դրսեւորման հողն է։ Ուշադիր հետեւելու դեպքում կնկատենք, որ բոլոր ճշմարիտ վեպերը, պոեմները, դրամատիկական երկերը, ժանրային համակարգի սկզբունքները պահպանելով, այնուամենայնիվ տարբերվում են իրարից։ Նույնպիսի խնդիր է աշխարհայացք եւ ոճ կապի հարցը։ Աշխարհայացքային նույնությունը (կրկնելիությունը) նույնպես ենթարկված է անհատականությունների ոճային ընդդիմությանը։ Գրական ստեղծագործության մեջ, որպես օրենք, մեծ գրողները «թաքցնում են» իրենց կողմնակալ աշխարհայացքային միտվածությունը, ինչը չենք կարող ասել հրապարակախոսական հոդվածների մասին։ Մեծարենցը այս առումով մեր գրականության եզակի դեմքերից է։ Նրա բանաստեղծությունների մեջ աշխարհայացքային կռվանները ազգային, հասարակական, քաղաքական, սոցիալական ըմբռնումները հիմնավորապես օտարված են բաց տեքստից։ Նա այս առումով փակ է։ Նույնը չենք կարող ասել Չարենցի, Սիամանթոյի, Վարուժանի, Դուրյանի, Պարույր Սեւակի եւ ուրիշների մասին։ Մեծարենցը համարյա նույն իր ճակատագիրն ու աստվածատւր տաղանդն ունեցող Դուրյանի պոեզիան բնութագրելիս օգտագործում էք «թունդ» ձեւակերպումը։ Նկատենք, որ այս մեր վերջին տասնամյակին գրականագիտության մեջ լայն կիրառություն են գտել պոեզիայի ոճային որակը բնութագրող «բարձր» եւ «ցածր» (ռուսերենում՝ “՜тихий”, “громкий”) տերմին-հասկացությունները։ Մեծարենցի համեմատությամբ Դուրյանը, իսկապես, «թունդ» է, աշխարհի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը արտահայտում է հախուռն պոռթկումով, նույնը եւ Վարուժանը, մյուսները։ Դուրյանի բանաստեղծությունը պայթյունի հեղեղ է, որ գալիս է, իր իսկ խոսքերով ասած, «հայրենացավից»։ Չենք կարող ասել, թե Մեծարենցը չի ապրել այս համընդհանուր ցավով։ Տերյանի բնորոշմամբ դեռ ոչ մի հայ գրողի չի հաջողվել խուսափել հոգեկան այս «ծանր բեռից»։ Հիշենք նաեւ Րաֆֆու, Թումանյանի եւ շատ ու շատ ուրիշների ասույթները այս մասին։ Հայրենի բնաշխարհին, մարդու հոգու գեղեցկությանը սիրահարված լինելը նույնքան հայրենասիրական է։ Նա աղոթքի եւ հուզառատ ապրումների բանաստեղծ է։ «Իմ գործս չէ պոռալը,– գրել է նա,– ես գորովոտ, ես եռանդապաշտ կուզեմ ըլլալ, բայց իմ ձայնը շշուկ մըն է, փսփսուք մըն է այսպես»։ Սա այն աշխարհայացքն է, որ ներծծված է պատկերի, հույզի մեջ։ Նա շեշտված գիշերերգակ է եւ այս գիշերային տրամադրությունը շատ բանի մասին է խոսում։