Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ||

են ասիմետրիկ պլանով, ինչը նրան հնարավորություն է տալիս շարունակ փոխել գործողությունների ծանրության կենտրոնը ընդգծելով դեպքերի անսպասելիությունն ու դրամատիզմը, հերոսների հոգեբանական խորքը։ Վերածնության արվեստին հատուկ կոմպոզիցիոն փակ (կայուն) կենտրոն ունենալու օրինաչափությունը գործում է նաեւ կլասիցիզմի շրջանի դրամատուրգիայում։ Հաճախ օրինակ են բերվում Կոռնելի եւ Ռասսինի ստեղծագործությունները։ Քննության առնվող այս առնչակցական կապերը դրսեւորվում են հատկապես միեւնույն մեթոդներին, ուղղություններին, ոճերին պատկանող գրականության եւ արվեստի տարբեր տեսակների մեջ։ Խնդիրը, իբրեւ այդպիսին, ժամանակակից գիտությանը հայտնի է, սակայն քիչ բան է արված տիպաբանական այս զուգահեռների առարկայական ուսումնասիրության ասպարեզում։

3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակական հարաբերությունների զարգացման արդի փուլում լուրջ նշանակություն է տրվում հոգեբանության ուսումնասիրությանը։ Գրականության եւ արվեստի մեջ, իբրեւ գիտական խնդիր, առավել մեծ տեղ է տրվում այս բնագավառին, քանի որ վերջինիս ուշադրության առարկան մարդն է իր ներաշխարհային ողջ հարստությամբ։ Հիշյալ ոլորտներում մասնավորապես գրականության, հոգեբանական դիտարկումները կատարվում են երեք ուղղությամբ ստեղծագործողի հոգեբանություն (գրողի անձը, կենսագրությունը, անհատականությունը), ստեղծագործություն հոգեբանություն (գրական ստեղծագործությունը իբրեւ գեղարվեստական մտածողության գործընթաց ) եւ ստեղծագործության ընկալման հոգեբանություն (գրական երկի ազդեցությունը ընթերցողի, ունկնդրի վրա)։ Առաջին եւ երկրորդ մոտեցումների առարկան գրողն է, երկրորղինը ընթերցողը։ Հոգեբանական կապը այստեղ փոխադարձված է։ Գրողի հոգեբանական գիտակցությունը ուղղված է ընթերցողին, ընթերցողինը գրողին։ Հոգեբանական գործոնների այս ամբողջական համալիրը հնարավոր է ուսումնասիրել վերահիշյալ գործառական առանձնացումների ձեւով։ Սկսենք ստեղծագործողի հոգեբանությունից, որի հիմքում ընկած է գրողի կենսագրությունը։