Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն, վարձատրություն» 29։ Հեքիաթային երեւակայության մեջ խնդիրներին իրականացման թե ուղիները, թե միջոցներն ու միջավայրը ռեալ իրականության հակապատկերն են։ Այստեղ ամեն ինչ բացարձակ է, իրագործմամբ անսպասելի, ավարտվածությամբ իդեալական։ Բաղձալի իդեալը իրականացնող հերոսը կռիվ է տալիս չար ուժերի դեմ, նվաճում աննվաճելին։ Խաթարված իրականության ներդաշնակմանը նա հասնում է հատուցման եւ փոխհատուցման ճանապարհով։ Հեքիաթներում շրջապատող միջավայրը անձնավորված, շնչավորված է։ Բնությունը հետեւում է հերոսի ճակատագրին։ Այն վերջինիս համար կարող է դառնալ սրտակից բարեկամ կամ ահավոր թշնամի, նայած, թե ինչ խնդիր է հետապնդում հերոսը։

Միստիկական երեւակայությունը որակական ընդհանրություններ ունի հեքիաթայինի հետ։ Երեւակայության այս որակին անդրադարձել են Նիցշեն, Ռիբոն, Լևի Բրյուլը, Ֆրեյդը։ Միստիկական երևակայությունը հատկապես հատուկ է միջնադարյան գրականությանը, թեեւ վերջինիս դրսեւորման սահմաններն ավելի լայն են։ Ռիբոյի ըմբռնմամբ. «Միստիկական երեւակայությունը չի սահմանափակվում միայն կրոնական գիտակցության ոլորտներով, բայց ինչպես ցույց է տայիս պատմությունը, այստեղ այն հասնում է իր լիարժեք զարգացմանը» ”։ Միստիկականի մեջ միշտ առկա է մարդ-աստված զուգահեռը։ Նրանում ենթադրվում են իրականությունից վեր թաքնված խորհրդավորություններ, որոնք կարող են պարզվել, եթե մարդը ամբողջությամբ նվիրվի դրանց հայտնաբերմանը։ Այստեղ, ինչպես հեքիաթայինում, մարդու միտքը ձգտում է բացարձակ կատարյալին։ Միստիկ երեւակայության մեջ շրջանցվում է երետւյթների պատճառահետեւանքային ուղիղ կապը։ Այստեղ գործում է «զգացմունքների տրամաբանությունը»։ Մտքի անսովոր պարաբոլիգմը արտահայտելու համար գրողը դիմում է անսովոր հակադրությունների, պատկերավորման միջոցներին։ Միտքը այստեղ հանգում է անսովոր ճառագումների։ Այդ պատճառով էլ «չարաշահվում են» համեմատությունները, փոխհարաբերությունները, մակդիրները, միստիկ երեւակայությանը դիմում է բառաբարդման բոլոր հնարավոր միջոցներին, գործի դնում այլաբանության հզոր զենքը։ Այս առումով Նարեկացին համաշխարհային գրականության մեջ անգերազանցելի է։ Նրա միտքը գործում է շղթայական ռեակցիայի օրենքներով։ Մեծարենցը ճիշտ է նկատել, ասելով, թե Նարեկացին գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը։ Դժվար է շոշափելիորեն պատկերացնել միստիկ բանաստեղծի մտքի ներքին լարվածությունը, նրա հոգեկան բեռի ծանրությունը։ Լսում ենք միայն գերլարված հոգու պարպման ձայնը։ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

85