Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջեւ։ Այս խնդրին մենք արդեն անդրադարձել ենք։ Սակայն, իբրեւ լրացումն նախորդի, նկատենք եւս մի օրինաչափություն։ Արեւմուտքի գրականության մեջ որոշակիորեն սահմանագծվում են գրական ուղղությունները, հոսանքները, ոճերը։ Մեկից մյուսին անցնելիս, ի տարբերություն Արեւելքի ինչպես, նաեւ հայ գրականության, դրանք որոշակի սահմանագծումներ չունեն։ Մեզանում դրսեւորվել են համաշխարհային գրականության բոլոր հայտնի օրինաչափությունները, այդ թվում եւ մեթոդական օրինաչափությունները։ Բայց ահա ժամանակային առումով հայ գրականության զարգացումը տարբերվում է արեւմտյանից։ Մենք մեթոդների դրսեւորման մեջ սովորաբար ուշանում ենք։ Ավելին՝ մեթոդից մեթոդի անցման շրջանում միջնորդ հոսանքները կամ չեն դրսեւորվում կամ էլ հանդես են գալիս կից մեթոդներում։ Արեւմտյան գրականության մեջ կլասիցիզմից ռոմանտիզմի անցման շրջանում հանդես է գալիս սենտիմենտալիզմը, հայ գրականության մեջ սենտիմենտալիզմը, հետագայում նատուրալիզմն ու սիմվոլիզմը դրսետրվեցին ոչ որպես անխառն որակներ, այլ՝ կցորդված նորերին՝ ռոմանտիզմին, ռեալիզմին։

Գրականագետ Դ. Կոնրադը Արեւելքի գրականության մեջ ռեալիզմի դրսեւորման օրինաչափություններին անդրադառնալիս ուշադրություն է դարձնում այսպիսի մի երեւույթի վրա, որ թերեւս իր դրսետրումն է գտել նաեւ հայ գրականության մեջ. «Ռեալիստական գրականության մեջ որոշ իմաստով առժամանակ շարունակվում է ռոմանտիզմը, շարունակելով նրան, նաեւ հաղթահարում էր, ետ էր հրվում նրանից»²։ Նկատենք, որ սա խոսում է նաեւ Արեւելքի գրականության մեջ ռոմանտիզմի տեւական ազդեցության մասին, ինչը այդպես չէ արեւմտաեւրոպական գրականության մեջ (նրանում ռոմանտիզմի մեջ էր ձեւավորվում ռեալիզմը, այլ ոչ թե ռեալիզմի մեջ ռոմանտիզմը)։ Հայ գրականության մեջ երկու գոյաձեւերի կողքին գոյակցում է երրորդը՝ զուգահեռ մեթոդների երեւույթը։ Րաֆֆու ռոմանտիզմի մեջ ձեւավորվում էր ռեալիզմը։ Պռոշյանի, Աղայանի ռեալիզմի մեջ ապրում էր ռոմանտիզմը։ Ռոմանտիկ Ծերենցի կողքին ստեղծագործում էին ուղղափառ ռեալիզմներ Հակոբ Պարոնյանը, Տիգրան Կամսարականը, արեւմտահայ 80-ականները։ Վերջապես արեւելահայ գրականության մեջ ռեալիստ Շիրվանզադեի կողքին ստեղծագործում էր Մուրացան— ռոմանտիկը եւ այլն. Արեւմտաեւրոպական գրականության մեջ, տվյալ դեպքում՝ ֆրանսիական, երկու զուգահեռ մեթոդների առկայության միակ օրինակը Հյուգոյի եւ Բալզակի հանդիպումն է, թեեւ վերջին շրջանի ռուս եւ արեւմտաեվրոպական գրականագիտության մեջ Բալզակը համարվում է ռոմանտիզմից ռեալիզմի անցման շրջանի հեղինակ։