Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրման ճանապարհին Թորամանյանը ամենից աոաջ նկատում է, որ ճարտարապետական հուշարձանների դարերի ընթացքում կատարված վերանորոգումները և ձևափոխությունները հաճախ շփոթության տեղիք են տվել նրանց կառուցման ժամանակի որոշման հարցում։

Լավ ճանաչելով հայ ճարտարապետության տարբեր դարերին բնորոշ գծերն ու առանձնահատկությունները, Թորամանյանը բացահայտում է հուշարձանների սկզբնական տեսքը, կրած ձևափոխություններն ու նրանց ժամանակները, հատկապես այն հուշարձանների, որոնք չունեն շինարարական արձանագրություն կամ չեն հիշվում պատմական տեղեկություններում։

Այսպես, օրինակ, ճշտելով բազմաթիվ անգամ ձևափոխությունների ենթարկված և թյուրիմացաբար VIII դարին վերագրված V դարի հուշարձան Տեկորի տաճարի կառուցման թվականը, Թորամանյանը գրում է. «ժամանակի ծանր բեռան տակ մեջքը կորացած, տխուր ու հուսահատ գլուխը ծռած, սակայն օրհասական շունչով իսկ դեռ բան կպատմե հարցասեր այցելուին, զինքը խոսեցնել գիտցողին համար ամեն քար լեզու կդառնա, ամեն խորշ արտասուքի աղբյուր և դառնակսկիծ ողբով կնկարագրե յուր անցյալի վայելչությունը ու զինքը կանգնողերու բարոյական ու նյութական արժանավորությունները»։

Նկատի ունենալով հուշարձանները «խոսեցնելու» Թորամանյանի այդ հմտությունը, պրոֆ. Մառը նրան անվանում է «Հայ ճարտարապետական հուշարձանների լեզվի առաջին ուսուցիչ», իսկ արևելյան արվեստների խոշոր գիտակ պրոֆ. Հ. Ստրժիգովսկին հուշարձանները ուսումնասիրելու Թորամանյանի այդ մեթոդի վերաբերյալ իր «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» մեծարժեք աշխատության մեջ գրում է. «Չպիտի զարմանալ, եթե այստեղ խոսվի շատ բաների մասին, որ մինչև այժմ հայտնի չի եղել։ Դրանով մենք պարտական ենք Թորամանյանին, որն իր երկարամյա փորձով ցույց տվեց մեզ ճանապարհ դեպի հուշարձանները, որոնց վրա մինչ այդ համարյա ուշադրություն չէր դարձվել»։

Իր կատարած չափագրությունների ու եզրակացությունների մի մասը Թորամանյանն ամփոփեց ոչ մեծածավալ, սակայն փաստերով ու եզրակացություններով հարուստ ուսումնասիրություններում, որոնք մեծ մասամբ լույս ընծայվեցին իր ժամանակի պարբերական մամուլում։ Դրանցից գլխավորներն են՝ «Զվարթնոց եկեղեցին», «էջմիածնի տաճարը», «Տեկորի տաճարը», «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ», «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին», «Հայ ճարտարապետության շրջանները», «Անի քաղաք թե ամրոց» և այլն։ Սովետական իշխանության տարիներին Թորամանյանը գրեց Զվարթնոց տաճարի մասին մենագրությունը, «Շինանյութերը և նրանց գործածության կերպը հին Հայաստանում», «Նախաքրիստոնեական հայ ճարտարապետություն», «Մասնավոր ուսումնասիրություն հայոց նախաքրիստոնեական կրոնի և համեմատություններ եկեղեցիների հատակագծերի» և այլն, և այլն։

Իր չափագրություններով և ուսումնասիրություններով Թորամանյանը նախ՝ ցույց տվեց, որ պատմական հայ ճարտարապետությունը իրենից ներկայացնում է զարգացման բարձր աստիճանի հասած, ինքնատիպ արվեստ, չժխտելով ժամանակակից ազգերի արվեստներից կրած մասնակի ազդեցությունների առկայությունը։

Երկրորդ՝ Թորամանյանը բացահայտեց հայ ճարտարապետության զարգացման հիմնական էտապները, նաև նշեց պարբերաբար տեղի ունեցած անկումները, ցույց տալով այդ ընթացքում հայ ճարտարապետության տարածումը դեպի այլ երկրներ՝ հայ ժողովրդի պատմական գաղթերի ուղիներով։

Ուսումնասիրելով նաև հեթանոսական շրջանի հայկական հուշարձանները և դրանցում ևս տեսնելով հայ ժողովրդի հոգեկան ու բարոյական նկարագրի արտացոլումը, Թորամանյանը գրեց. «Թե որչափ հին է հայ ճարտարապետության ծագումը, այդ հայտնի չէ, ես պիտի ըսեմ, որ անչափ հին է, որչափ ինքը՝ հայ ազգը»։

Իր ուսումնասիրություններով ու չափագրություններով պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության գործը գիտական հիմքերի վրա դնելուց բացի, Թորամանյանը եղավ նաև հայերեն լեզվով ճարտարապետական գրականության հիմնադիրը։ Նրա աշխատությունները