սյուներու ետևը չորս մեծ, անջատ, կլոր սյուները (նկ. Բ, 6, 7, 8,9), որոնք, բացի այն, որ սյունազարդի սյուներեն ավելի հաստ էին, ունեին բոլորովին արտասովոր ձևով, անհավասար կողմերով տարանկյուն խոյակներ, որոնց ճակատին վրա քանդակված էին գեղակերտ, թևատարած մեծ արծիվներ։
Ինձի հետզհետե պարզվեցան այդ բոլորին պատճառները։ Այդ արտասովոր խոյակներով սյուները այդ տեղերը դրված էին ոչ թե զարդի և վայելչության համար, այլ իրենց հատուկ խիստ կարևոր պաշտոններով, որոնց մեկն ալ կարծես, ի միջի այլոց, մեզ հրավիրել էր 14 դար հետո ժամանակի մեծ վարպետի հանճարին առաջ հարգանքով ու ակնածանքով խոնարհիլ։
Ներսի խաչաձև մասը ծածկված է եղեր գմբեթով, իսկ դրսի աղոթող ժողովուրդին բաժինը՝ շուրջանակի կամարով։ Բայց ինչպես կարելի էր դրսի բոլորակ պատեն կամար մը դարձնել դեպի ներս, ամբողջ բոլորակի շրջանակին վրա, քանի որ բնական օրենքով պետք էր որ գտնվեր ներսը, դրսի պատին զուգահեռական հենակետ մը կամ պատվանդան մը, որպեսզի դրսեն մեկնող կամարը կանոնավոր կերպով գար հանգչեր ներսի պատվանդանին վրա։
Ներսի կիսաբոլորակներե կազմված խաչաձև մասը ոչ միայն զուգահեռական չէր դրսի պատին, այլև զանազան անկանոն ուղղություններով ներս մտած, դուրս ելած էր։ Ուստի ճարտարապետը, նույն դարու նորահավատ քրիստոնյաներու նվիրական խաչաձևը պահելու համար՝ դիմեր է այդ չորս մեծ արծվախոյակ սյուներու օգնության, որպեսզի անոնց միջոցով կազմի դրսի պատին զուգահեռական բոլորակ խարիսխ մը, ծածկելու համար աղոթող ժողովուրդին բաժինը։ Արդ, ճարտարապետը այնպիսի տեղ մը զետեղեր է այդ չորս մեծ սյուները, որ լիովին տվեր են պահանջված դրսի պատին զուգահեռական գիծը։ Կեդրոնեն հավասար հեռավորության վրա կգտնվին թե արծվախոյակ կրող սյուները և թե խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղի սյուները․ այնպես որ, եթե կիսաբոլորակներու մեջտեղի սյուներում կեդրոնեն (նկ.Բ,10) սկսած դրսի պատին զուգահեռական բոլորակ մը (նկ.Բ,12) գծենք, գիծը կանցնի ուղիղ արծվախոյակ կրող սյուներուն ալ ճիշտ կեդրոնեն (նկ.Բ,11)։
Գծին ուղղությունը գտնելը բավական չէր, պետք էր այդ ուղղությունով հաստատուն պատվանդան մը շինել, այստեղ հանճարեղ ճարտարապետը հղացեր է հանդուգն գաղափար մը. ունենալ բոլորակ պատվանդան մը, կախված մեծ մասամբ օդին մեջ։ Նախապես չորս արծվախոյակավոր սյուները գմբեթարդ կամարներով