Հայաստանի մեջ բազմահազար մեծ ու փոքր եկեղեցիներ են շինված, սակայն անոնցմե ոչ մեկը գրեթե Զվարթնոցի նման բոլոր պատմագիրներե առանձնապես հիշատակված չի լինելեն զատ, անոր տրված արդարացի գովեստները շատ քիչերուն են շռայլված գեղարվեստական մեծագործության տեսակետով։ Սակայն ափսոս, որ զլացեր են փոքր ի շատե մանրամասն նկարագրություն տալ անոր ներքին և արտաքին ձևերու, զարդաքանդակներու և ուրիշ հատկանշական մասունքներու մասին։
Ճարտարապետական շինվածներու նկարագրության մասին Թովմա Արծրունին միակ բացառությունն է մեր պատմագիրներու մեջ, որ շատ մը ուրիշ բերդերու, տաճարներու, ջրմուղներու, ճանապարհներու ևն շինությանց և շինելակերպերու մանրամասն նկարագրութենեն զատ իրենց տոհմակից Գագիկ Արծրունիի, Ախթամար կղզիի մեջ շինել տված եկեղեցվո, ապարանքի և ծովային պարիսպներու շինության և գործավարության մասին այնպիսի մանրամասնություններ կուտա, որ ընթերցողը կրնա որոշ չափով գաղափար կազմել չափերու, ձևերու և առանձնահատկություններու մասին` առանց իրական շենքը տեսած լինելու։
Բարեբախտաբար Զվարթնոցի ավերակներու պեղումները անոր չափը, ձևը և բոլոր մանրամասնությանց հատկանիշները լուսաբանող այնքան նյութ տվին, որ այսօր կարելի է ըսել, գիտենք անոր ամբողջությունը բոլոր մանրամասնություններով, ինչպես որ էր նորոգ կանգնված ժամանակ։
Թեական կամ ենթադրական դույզն մասերուն ամբողջացման ալ լիուլի նպաստեցին Անիի գագկաշեն ս. Գրիգորի պեղումները և Փենեկի (Բանակ) նույնանման շինված կիսականգուն հոյակապ եկեղեցվո հետազոտությունները։
Ինչ որ ցանկալի էր ճշտությամբ գիտնալ, այդ Զվարթնոցի շինության սկզբնավորության, տևողության և վերջավորության թվականներու խնդիրն է. դժբախտաբար որոշ ոչինչ չունինք, հին տեղեկություններն ալ մի քիչ հակասական կթվին, սակայն պատմագրական զանազան տեղեկությունները և արվեստագիտական օրենքները լրջորեն հետազոտելով, դժվար չի պիտի լինի հասնել ամենահավանական եզրակացության։ Հետագա ժամանակների պատմիչներ թեև հաստատուն թվականներ ունին նշանակած, սակայն անոնք Զվարթնոցի շինության ժամանակեն դարերով հեռու են և նշանակած թվականին ալ մեկզմեկե անհամեմատ տարբեր լինելով, դժվար է բոլորովին հիմնվիլ անոնց վրա։
Զվարթնոցի շինության ժամանակագրության տեսակետով, ամենեն ավելի ստույգ և վավերական աղբյուրներեն մեկը պետք է համարել Շինողի ժամանակակից և շինության ականատես Սեբեոսի տեղեկությունը, ուստի նախապես քննենք անոր տեղեկատու հատվածը. «Յայնմ ժամանակի արկ մի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն՝ որ ի Վաղարշապատ քաղաքին… Շինեաց անդ և եկեղեցի մի յանուն երկնաւոր Զուարթնոցն…»[1]։
Սեբեոսի պատմության ԼԳ գլխուն այս հատվածին մեջ «յայնմ ժամանակի» խոսքը կվերաբերի Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթութենեն մինչև հույներու Պռոկոպ զորավարին միջոցավ արաբաց հետ հաշտություն կապելու ժամանակին։ Այս դեպքերը տեղի են ունեցեր ըստ Սեբեոսի «յամին երկրորդի Կոստանդնի», որ է 642 թվականը (Կոստանդ գահակալեց 641-ին), ուրեմն այս 642-են հետո, 643 և 644 թվականներուն մեջտեղ պետք է որ հիմնարկված լինի Զվարթնոցը ըստ Սեբեոսի։ Բայց առաջ եկեղեցին հիմնարկեց, թե՞ «իւր բնակութիւն», այդ հարցը քննության կարոտ է[2]։
Սեբեոսի վերոհիշյալ «արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն» հատվածին վրա հենվելով, Զվարթնոցը ոաումնասիրողներեն ոմանք կհետևցնեն, թե Ներսես եկեղեցիեն առաջ շինեց շրջակա շինությունները և հուսկ հետո ձեռնարկեց եկեղեցվո հիմնադրության։ Սակայն իմ կարծիքով այս հատվածի իմաստը սխալ է ըմբռնված։ «Արկ ի միտս իւր» խոսքի պարզ իմաստն է, թե Ներսես որոշեց կամ միտքը դրավ յուր բնակությունը կամ կաթողիկոսարանը Դվինեն փոխադրելով՝ Վաղարշապատի եկեղեցիներու մոտը հաստատվիլ։
Թե հետագա մատենագրական ավելի մանրամասն հիշատակությունների և թե ճարտարապետական ու շինարարական օրենքների քննությամբ