Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվին վերագրվելուն։ Իսկ մյուս կողմանե Զվարթնոցի այդ թվականին հիմնարկված լինելը անկարելի լինելուն մասին արդեն գրեր եմ պատմական արվեստագիտական տվյալներու վրա հիմնված և դեռ առիթ կլինի գրելու։

Իսկ Սամուել Անեցվո տված 654 թվականը պատմական անցքերու համեմատությամբ միանգամայն սխալ է։ Այդ թվականը որոշ չափով կարող էր համապատասխանել եկեղեցվո շինության վերջավորության, բայց որովհետև նախ՝ առարկություն շատ կվերցնե բուն եկեղեցվո շինության ավարտումը մինչև այդ թվականը ուշացած լինելը՝ Ներսեսի այդ թվականին վերադարձած չի լինելուն համար, երկրորդ՝ եթե ենթադրենք հարակից շինություններու մասին, որու շարունակությունը հանձնված է Անաստաս Ակոռեցուն, այդ մասին ալ որոշ կերպով գիտենք, որ Ներսեսի վերադարձին ժամանակ (658) դեռ չէր վերջացած, և Ներսես ինքը անձամբ շարունակեց գործը մինչև իր մահը (661)։

Արդյոք վերջացո՞ւց ամեն գործ ըստ իր նախնական ծրագրի, այդ արդեն տարակուսելի հարց է, որուն մասին, ըստ իս, արժե փոքր-ինչ խորանալ։

Այժմ այստեղ միջանկյալ մի ուրիշ հարց կծագի, թե որչա՞փ տևեց բուն եկեղեցվո շինությունը մինչև վերջնականապես ավարտելը, որո՞ւ ձեռքով կատարվեցավ բոլոր աշխատանքը, կամ ի՞նչ գործեր հանձնվեցան Անաստաս Ակոռեցու ղեկավարության[1]։

Հովհաննես կաթողիկոսի տված մեկ տեղեկության հիման վրա Անաստաս Ակոռեցին «…սենեկապան լեալ մեծին Ներսէսի՝ և վերակացու շինուածոյ հրաշակերտ եկեղեցւոյն գտանէր հրամանալ Ներսէսի, մինչ էր նա ի հալածանս ի գալստին Տայոց»[2]։

Այս հատվածի հիման վրա հառաջ եկած է անշուշտ այն շփոթությունը, թե Ներսեսի հեռացած ժամանակ եկեղեցին տակավին վերջացած չէր, հետևաբար Անաստաս Ակոռեցին շարունակեց եկեղեցվո շինությունը մինչև Ներսեսի վերադարձը։ Այս թյուրիմացության ոչ նվազ նպաստեր է Սեբեոսի «արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն»[3]։ Խոսքին սխալ ըմբռնվելը, ինչպես բացատրեցի վերևը, որպես թե նախ կաթողիկոսարանը շինվեր է և հետո եկեղեցին հիմնարկվեր է։

Բուն եկեղեցվո համար տաշված որմասյան կտորին, մոտակա կաթողիկոսական բնակության հատուկ շինության հիմին մեջ հյուսված լինելու փաստը առանց ի նկատի ունենալու, եթե Սեբեոսի «արկ ի միտս իւր» խոսքը կաթողիկոսական տան նախապես շինված լինելուն իբրև ապացույց ընդունենք, այն ատեն պիտի տեսնենք, որ Հովհաննես կաթողիկոս պարզապես ինքզինքին պիտի հակասած լինի, որովհետև նույն հեղինակը Ներսեսի շինությանց շարունակությանը Անաստասին ղեկավար նշանակվելու տեղեկութենեն առաջ, արդեն գրած է. «Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ՝ զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ՝ շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք»[4]։ Այստեղ «զոր իւր իսկ էր շինեալ» հատկապես շեշտված խոսքը կասկած չի թողուր, որ Ներսես, նախքան յուր մեկնելը, արդեն եկեղեցին ավարտած էր, իսկ վերադարձեն հետո ալ շինած գործերու մասին ղարձյալ խիստ պարզ և հստակ է պատմագրի տեղեկությունը, թե եկեղեցին «պատուար պարսպով» փակեր է, շինելով «ի նմա յարկս բնակութեան ինքեան»[5]։

Ուրեմն, այստեղ պարզ է, որ Ներսես վերադարձեն հետո շինեց յուր բնակարանները և շուրջանակի պարսպով պատեց։

ճիշտ է, որ Հովհաննես կաթողիկոսը ժամանակակից չէր եկեղեցվո շինության, սակայն պետք է հավատալ, որ անպայման ժամանակակից ուրիշ մի հավաստի պատմագրի մանրամասն տեղեկություններեն քաղեր է, անկախ Սեբեոսի պատմութենեն։

Այս տեսությունովս ես չեմ ուզեր հերքել

  1. Անաստաս Ակոռեցին «…սենեկապան Ներսէսի… որ նորին հրամանաւ շիներ զսուրբ Գրիգորն, մինչ էր նա ի Տայս»։ Տես Հավաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լոաաբանեալ, Ազգապատում, Վենետիկ, 1862, էջ 735։ Անաստաս Ակոռեցիին շինելու մանրամասնությունները–Ազգապատում, էջ 746, Հովհաննես կաթողիկոսեն քաղված (ըստ Թ. Թորամանյանի– կազմողներ)։
  2. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 90։
  3. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 192։
  4. Հովհաննես Դրասխանակերացխ նշվ. աշխ., էջ 88։
  5. Նույն տեղում։