այս եկեղեցիի գեղարվեստական մեծագործության առջև և իր հետ տարավ ճարտարապետը Պոլսո մեջ ալ նմանը շինել տալու համար, սակայն ճարտարապետը ճանապարհին մեռավ:
Եթե Զվարթնոցի բոլոր զարդարանքները ձուլածո ոսկիով ու արծաթով շինվեին, այնքան սքանչացում չպիտի պատճառեին, որչափ որ կպատճառեն ներքուստ ութ սյուներու վրա կախված կրկնակ հսկա գմբեթները և գմբեթներու խարիսխը կազմող ութը աղեղները, որոնք արտաքին պատին զուգահեռական կրթությամբ ձգված են մեկ սյունեն դեպի մյուսը։
Զվարթնոցի ավերակները պարզապես կծաղրեն մեր այսօրվան գիտական օրենքներու վրա հիմնված տարողությանց նրբին հաշիվները. եթե, նախքան Զվարթնոցի գտնվիլը, նույն ծրագիրը հրապարակի վրա դրվեր, ներկա արվեստագետներ, սոսկումով լեցված, խելագար պիտի համարեին ներկայացնողը, բայց իրականությունը լռեցուցած է ամեն հավակնոտ բերաններ։
Այս տարօրինակ հանդգնությամբ կանգնված շենքը երեք հարյուր տարի շարունակ կանգնած մնացած էր. սա արդեն ապացույց է կանգնող ճարտարապետին լիակատար գիտակցության և մասնագիտական գերագույն աստիճանի հմտության[1]։
⁂
Ս. Սոֆիայի կանգնումեն դար մը հետո, Հայաստանի սրտին վրա կանգնվեր է Զվարթնոց եկեղեցի մը, որուն կազմությունը դարձյալ կոչված է ընդմիշտ զարմացնելու արվեստագիտական աշխարհը։
Այս չնաշխարհիկ հիշատակարանին Հայաստանի մեջ գոյությունն ալ պարտական ենք Ներսես Շինողին, որուն փառասիրությունը և թաքուն ձգտումները թռիչք տվին բնիկ հայ հողի վրա, հայրենիքի ծոցին մեջ ծնող ու զարգացող արվեստագետի մը հանճարին։ Ինչպես առանց Հուստինիանոսի Անթեմիուս և Իզիտոր գոյություն չէին ունենար, հետևաբար բյուզանդական արվեստն ալ այսօրվան անունն ու հռչակը չէր վայելեր, այնպես ալ Հայաստանը առանց Ներսեսի պիտի զրկվեր ճարտարապետական սքանչելիքե մը, որն որ շատ իրավամբ ս. Սոֆիայի բարձակից պիտի ըլլա արվեստից պատմության մեջ։
Ոչ նվազ հանդգնություն, համարձակություն և արվեստագիտական նուրբ հաշիվներ կբովանդակե Զվարթնոցի շենքը, որպիսին էր ս. Սոֆիան։ Քսանևհինգ մետրե ավելի տրամագիծ ունեցող միջին հարկ մը ունեցեր է, որն որ կատարյալ վստահությամբ ճարտարապետը հանձներ է ութը սյուներու կամ զանոնք միացնող աղեղներու տարողության, որոնց տրամագիծը ու թանձրությունը 60—80 սմ ավելի չեն։
Մովսես Կաղանկատվացիի պատմելով Կոստանդիանոս կայսեր ծախքով շինվեցավ այս եկեղեցին, և ինքն ալ հրավիրվեցավ օծման հանդեսին ներկա գտնվելու։ Կայսրը այնքան հափշտակվեցավ այս շենքով, որ անմիջապես հրամայեց շինողներուն հետևիլ իրեն մինչև Կոստանդնուպոլիս, այնտեղ ալ նմանը կանգնելու համար։
Բյուզանդացի հպարտ կայսրը Հուստինիանոսին ս. Սոֆիայով ստեղծած փառքը նսեմացնելու միջոցը գտած էր հանակնկալս. պետք էր ինքն ալ հաղթեր իր նախորդին, ինչպես նախորդը Սողոմոնին։ Այդ հաղթության կոթողը պետք էր ըլլար Զվարթնոցի օրինակը՝ բնականաբար ավելի մեծ և ավելի շքեղ, քան իր նախատիպը։
Անտարակույս կայսեր ծանոթ չէր իր բովանդակ երկրին մեջ այդքան գեղարվեստական ներդաշնակությամբ և անօրինակ հանճարով գլուխը հանված շենք մը, գուցե նախ վըստահ ալ չէր իր օրով Բյազանդիոնի մեջ նույն ծրագիրը իրագործելու կարող ճարտարապետի մը գոյության, այդ պատճառով ալ ստիպվեցավ իր բաղձանքի իրագործումը հուսալ Զվարթնոցի ճարտարապետեն։
Բայց դժբախտաբար մահվան մանգաղը չորացուց ոչ միայն կայսեր սրտին բաղձանքը, այլև ապագա հայությունը կորսնցուց Բյուզանդիոնի մեջ հյուսվելիք նախանձելի փառաց պսակ մը։
- ↑ Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ» Փարիզ, 1911, № 1-2, էջ 15։ Թորամանյան Թ․, Զվարթնոց, էջ 18։