և Զվարթնոցի ներքինին նման խաչաձև հատակագծերու ծննդավայրը Հայաստանը ըլլալուն համոզիչ փաստեր կգտնեն, այն ատեն անգամ մը ևս Զվարթնոցի հատակագիծը զուտ հայկական ոճ և ստեղծագործություն ըլլալը հաստատվելեն զատ, հայ ճարտարապետության պատմության մեջ փառավոր էջ մը ալ կբացվի ընդհանուր արվեստից պատմության մեջ և մինչև ցարդ թյուրիմացությամբ հունական խաչաձև անվանված ոճը հայկական խաչաձև անունով կճանչցվի ապագա գիտական աշխարհի մեջ։ Ավելցնենք ասոր վրա Զվարթնոցի կրկնահարկ գմբեթավորումը՝ որուն ուրիշ օրինակը ոչ մեկ տեղ չի գտնվելեն զատ, Հայաստանի մեջ երեք միանման օրինակներ միանգամեն գտնվեցան՝ Զվարթնոց, Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Բանակի եկեղեցին։ Չորրորդ մանրանկար մը ևս կա այս երեք մեծերուն, որ բարեբախտաբար տակավին կանգուն, բայց դժբախտաբար ոչ ոքի ուշադրության չարժանացած։ Այս մանրանկարը Անիի պարիսպներեն դուրս, հայ ճարտարապետության գոհարներեն մեկը, Հովվի եկեղեցի ըսվածն է։
Ներքին խաչաձևի սյունաշարերը (Saint Laurent–ի—կազմողներ) պարզապես abside–ներ են (խորան), որոնց վրայի կիսագմբեթները հավաքված են գմբեթի ստորին օղակի շուրջը և ասոնք սովորական խաչաձևի արժեքը ունին, առանց երկրորդ հարկ ունենալու, գմբեթեն զատ։
(Galare–ին (սրահ) կողմեն ալ պանտանտիվներու պետք չիկար, որ ամենեն նշանակալից մասն է Զվարթնոցի մեջ, որովհետև չորս անջատ սյուներու վրա շինված կամարները դյուրացուցեր են galerie-ին վրա կամարով ծածկելու գործողությունը։ Այս կառուցվածքի բնական հետևությամբ, այս եկեղեցին չէր կարող եռահարկ լինել[1]։
⁂
Սամուել Անեցու Զվարթնոցի համար «լուսազարդ» ածականով ներբողելը, թերևս, կբացատրվի եկեղեցվույն շատ խոշոր պատուհաններ ունենալովը։
⁂
Մարդոց և կենդանիներու քանդակներուն համար անհաջող շրջանն է երկրորդ վերածնությունը, այդ ճյուղը զգալի կերպով ինկած է հակառակ մյուս ճյուղերու կատարելագործության…
Զվարթնոց եկեղեցին VII դարու հայոց ճարտարապետության գլուխգործոցն է, և անհամեմատ մեծ արվեստագիտությամբ փորագրված են բոլոր քանդակները, սակայն այնտեղ ալ բոլորովին անհաջող են մարդոց պատկերներու քանդակներ[2]։
⁂
VII դարու կեսից հետո պսակները սկսում են միօրինակ ձև ստանալ, գրեթե համանման moulure–ներով (բարձրաքանդակ), սակայն մեջտեղը մի լայն բաց մաս է թողված, որուն մեջ առանց բացառության քանդակված են հյուսկեն քանդակներ:
Ամենայն հավանականությամբ Զվարթնոց եկեղեցիի պսակն է եղած այս ձևի պսակների նախատիպը Հայաստանում, միայն թե Զվարթնոցի մեջ խիստ հառաջակարկառ է, որով թե հաստության տեսակետով կասկածելի էր և թե շինությունը ավելի դժվար, հետագայում պսակի այս ձևը ընդունվելով, ենթարկված է զգալի բարեփոխության[3]:
⁂
Սկսած Զվարթնոցի կանգնման թվականից մինչև XIII—XIV դարերը ոչ մի պատմագիր չէ մոռցած հիշատակել այս աննման կոթողը և ներբողներ հյուսել նրա հոյակապ կառուցման շուրջը[4]։