Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատ պահել է Հայաստանը օտար թշնամիների արշավանքներից։ Բայց որովհետև Գագիկ մի մեղք գործած է եղեր հանդեպ եկեղեցական օրինաց, Ստեփանոս Ասողիկ վարդապետ պատմագիրը այս մեծ և արժանահիշատակ թագավորի պատմությունը գրելիս թռուցիկ կերպով, ակամա մի քանի բառ գրելուց հետո և խոստովանելով հանդերձ, թե «ոչ ոք էր, որ զարհուրեցուցանէր զՀայաստանեայսս մինչև ցօր գրելոյ իմոյ զբան յիշատակիս այսորիկ», Գրիչը չի կարողանում հառաջ շարժել և խորը հառաչելով գրում է. «Աւաղ միում չարին, որ արգել զբան գովեստի պատմութեան իմոյ»[1]։

Սակայն ժամանակը հրաշքներ է գործում երբեմն։ Աստվածուցած բռնակալ կուռքերի վիթխարի արձաններ, գիտակցության հասած ժողովուրդի վրեժխնդրական հարվածների տակ, փշրվում թափվում են, և նրանց բեկորների վրա կանգնում համամարդկային ճակատագիրը իրենց գերագույն զոհաբերությամբ բարվոքողների բարձրության պատվանդանը։

Ես հավատում եմ, որ տասներեք դար կղերեն անարգվելով և անոր իրական արժանիքը քողարկվելով համբավը նսեմացած Ներսեսը պետք է բարձրանա մարդկության բարերարների բարձր պատվանդանին վրա։ Ուստի սկսենք այժմ այս մեծ մարդու կենսագրությունը և իմ անձնական տեսություններս, որչափ որ հնարավորություն կատան հայ մատենագրական ողորմելի հատ ու կոտոր տեղեկությունները։

Ներսես բնիկ Հայաստանի Տայք գավառի Իշխան գյուղացի էր։ Պատմագրության մեջ ցեղական ծագումը անհայտ է, սակայն պարզ է, որ ազնվական տոհմի ծագում ուներ, թերևս իրեն ազնվական ծագման պատճառով էր, որ ի մանկութենե ապրեց Բյուզանդիայում, ստացավ զինվորական բարձր աստիճան և այնքան մեծ համակրանք գտավ կայսերական տան մեջ, որ, ըստ Կաղանկատվացի պատմագրի, հայրագիր եղավ Կոստանդ կայսեր, երբ Հայաստան վերադարձավ՝ կուսակրոն դարձավ[2]։

Անտարակույս եկեղեցականության մեջ ևս այնքան մեծ վարչական և քաղաքագիտական արժանիք ցույց տվավ, որ Եզր կաթողիկոսի մահվանեն հետո հայ իշխանների ձեռքով կաթողիկոս հռչակվեցավ 641 թվականին[3]։

Արաբների արշավանքի պատճառով Հայաստան, մանավանդ Դվինը քարուքանդ եղավ, և 35000 մարդ գերի տարված և Հայաստանի դաշտերը դիակներով ծածկված էր, երբ Ներսես կաթողիկոս եղավ[4]։

Նախապես զբաղվեց դիակներ հավաքելով և թաղելով, նահատակների թաղման տեղերի վրա վկայարաններ կանգնելուց հետո, արդեն կարգը եկած էր ընդհանուր շինարարության։

Տարակույս չիկա, որ արաբական արշավանքի պատճառով Դվինը չափազանց ավերվելուց հետո, նույնիսկ ավերված էր կաթողիկոսական բնակարանը։ Անձնական բնակարան չունենալը և Դվինի միանգամայն ավերված ու քայքայված լինելը թերևս Ներսեսին առիթ տվավ իր շինարարությունը Վաղարշապատի մեջ սկսիլ, կաթողիկոսարանը ևս այնտեղ փոխադրելով։ Այս մասին կտեսնենք իր տեղում։ Բայց կաթողիկոսարանը միանգամայն ավերված էր, այդ մասին ևս պատմական վկայություններ չեն պակսիր, թեև մեծ ու հոյակապ մի կաթողիկոսարանի գոյության մասին ևս մեր պատմագիրներ լուռ են։

Դվնա կաթողիկոսարանի մեծ եկեղեցվո մասին տեղեկություն ունինք, որ VI դարու վերջին քառորդին հիմնարկված է և VII-ի սկզբին ավարտված Կոմիտաս կաթողիկոսի օրով[5]։ Այդ եկեղեցվո այսօրվան մեզ հասած ավերակը պարզ ցույց կուտա, թե Ներսեսի օրով իր նորաշեն վիճակով արժանի էր կաթողիկոսական եկեղեցի լինելու։ Սակայն կաթողիկոսարանի մասին ոչ մի տեղեկություն չունինք շենքին ինչ վիճակի մեջ լինելուն մինչև Ներսեսի օրերը։

Համենայն դեպս V դարու վերջերն պիտի փնտրենք Դվնա մեջ առաջին անգամ կաթողիկոսարանի մը հիմնարրկության ժամանակը, հորում երբ առաջին անգամ Գյուտ կաթողիկոսի

  1. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 256։
  2. 2 Մովսես Կաղանկատվացի…, հ. 3, Թիֆլիս, 1912, էջ 363։
  3. Հովհաննես Դրասխանակետցի, նշվ. աշխ., էջ 82—83։
  4. Նույն տեղում, էջ 88։
  5. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 124։