Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսի տեղեկության վրա կհամոզվիմ, որ Հովհաննես կաթողիկոս իբրև կատարված իրողություն կներկայացնե ըսելով, թե «այլև կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս երդումարդաց»[1]։ Այս տեսությունս թերևս շատերուն անհավատալի թվի, սակայն կհուսամ, որ ապագա պեղումները հաստատեն անոր ճշմարտացիությունը։

Տաճարի շուրջը գտնված շինություններուն հյուրատուն կարծվելու շփոթությունը անշուշտ հառաջ եկեր է «երդումարդաց» բառի մասին քննողներու անուշադրութենեն, որոնք դ տառը թ տառի տեղ ընդուներ են մտքի շփոթությունով։ Երդումարդաց բառը ավելի պարզ և անջատ գրված է Դվինի դ ժողովի 9-րդ կանոնի մեջ «զերդ ու մարդ» բառերով[2]։

Բացի այս անվիճելի հանգամանքը, ի նկատի պետք է ունենալ, որ հյուրատուն անվանված մասին մեջ գոյություն ունեցող 7—8 սենյակները հազիվ բավականություն կարող էին տալ Ներսեսի կամ կաթողիկոսարանի սեփական պետքերուն։ Որչափ որ ալ փարթամ կյանքե հեռու լիներ Ներսես, ինչպես եղեր է մի ժամանակ Պետրոս կաթողիկոսը իր 300 պաշտոնյաներով, այնուամենայնիվ, իր առօրյա գործառնությանց և պաշտոնեությանց հազիվ բավականացներ այդ շինությունները։ Ի դեպ է նաև այստեղ հիշատակել եկեղեցվո մոտ ժամատուն՝ քահանայից բնակարան շինելու սկզբնավորությունը, ուստի նաև անհրաժեշտ էր այդ շենքի մեկ մասը գեթ իբրև ժամատուն կամ քահանայից բնակարան, անջատ բուն կաթողիկոսական դահլիճի հարկերեն։

Նույն ժամանակ Վաղարշապատն ալ ավելի ստորին աստիճանի վրա կգտնվեր, քան Դվինը։ Կաթողիկեն հինցած, նորոգություններով ու կարկատաններով աղճատված, գեղարվեստական ճաշակե միանգամայն զուրկ։ Վերջին անգամ ինքն է եղեր, որ նորանոր փոփոխություններով ընդարձակեր և փոքր-ինչ հաճելի երևույթ է տվեր։ Քանդել և վերաշինել դժվար էր, եթե հնար իսկ լիներ, միայն կաթողիկեին համար, արդյո՞ք շուրջը պիտի գտներ այնքան ընդարձակ հող, ուր Ներսեսի երևակայության թռիչքները ազատ ասպարեզ գտնեին սավառնելու։

Թեև Ներսեսի ժամանակ Վաղարշապատը ժողովրդի համար այնքան ալ նվիրականացած չէր իբրև էջմիածին կամ կաթողիկոսական նախաթոռ, որովհետև, եթե այդպես լիներ, դարերով չէին առանց խղճահարվելու թափառեր մեր կաթողիկոսներ էջմիածնեն Դվին, Դվինեն Աղթամար, Աղթամարեն Արգինա, Անի, Ծամնդավ, Հռոմկլա, Սիս, Հուսկ, հետո միայն Վաղարշապատ։ Նաև Ղազար Փարպեցիեն գիտենք, որ Վահան ինքը ի հիմանց նորոգեց կաթողիկեն, իբրև «զհնացեալ գործ նախնեաց խրոց»[3]։ Սակայն կաթողիկոսական աթոռը հաստատել տվավ Դվինի մեջ։

Այնուամենայնիվ Ներսես իր աթոռը փոխադրելով Վաղարշապատի առապարը, բոլորովին հասարակ տեղ չէր ընտրած։ Նույնպես ժողովրդական ավանդությամբ ոչ միայն սրբագործված մի տեղ էր Տրդատի և ս. Գրիգորի հանդիպմամբ, այլև այնտեղ, թերևս նույնիսկ այդ հիշատակին համար կանգնված էր մի եկեղեցի, մկրտարան և ուրիշ հարակից շինություններ, որոնք հայտնագործվեցան այսօր պեղումներով։ Եթե այն ժամանակվան ժողովուրդի ավանդական սրբություններու հանդեպ մեղանչած լիներ Ներսես, անտարակույս պետք էր խստությամբ դատապարտեին զինքը և ընդհանուր հալածանքի ենթարկելով նույնիսկ կաթողիկոսական գահեն զրկեին։ Սակայն այդ բանը ոչ միայն տեղի չէ ունեցեր, այլև ընդհանուր գովասանքի է արժանացած իր մեծագույն հրաշապայծառ եկեղեցին։ Ուրեմն Ներսեսի շինած եկեղեցին և կաթողիկոսարանը ըստ ամենայնի ընդունելի պիտի լիներ ժողովուրդի աչքին, եթե նա չի մեղադրվեր իր դեպի քաղկեդոնականություն ունեցած հայտնի հակումով, որուն պատճառը թերևս ավելի հայրենասիրական էր, քան կրոնական կույր համոզումը։ Ներսեսի նման կատարյալ աշխարհաքաղաքացի և զինվորական անձնավորության կրոնամոլության արատ վերագրել միանգամայն աններելի է։ Ամենայն հավանականությամբ Ներսես հունաց հետ կրոնական մերձեցման մեջ կտեսներ ազգին ֆիզիկական

  1. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 88։
  2. Մելիք-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, գիրք Ա, Շուշի, 1903, էջ 402։
  3. Ղազսւր Փարպեցի, նշվ. աշխ., էջ 346։