Jump to content

Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հինգերորդը փոքրն է, Անիի հյուսիսային պարիսպներից դուրս կանգնված Հովվի եռահարկ գողտրիկ եկեղեցին։

Զվարթնոց տաճարի շուրջ բացված շինությանց մնացորդները գրավում են հարավային և մասամբ հարավարևմտյան կողմը, որոնք անշուշտ հատուկ էին կաթողիկոսական տան և միաբան կղերական պաշտոնեից բնակության։ Ընդհանուր ավերակները կարելի է բաժանել չորս զանազան մասերու, որոնց մեկը միայն առարկա է եղած քմածին ենթադրությունների և մեկնությունների։

Ընդհանուր ավերակների բաժանումները հետևյալներն են.

1. Զվարթնոց բոլորակ տաճարը։

2. Կաթողիկոսական դահլիճը և կաթողիկոսական բնակության հատուկ բաժանումներ տաճարի հարավարևմտյան կողմը։

3. Կաթողիկոսական շքախումբ միաբան հոգևորականների բնակարաններ տաճարի հարավային կողմը։

4 Անկախ մյուս մասերից, մի քանի ուրիշ բաժանումներ տաճարի հարավակողման ավերակների արևելյան ծայրին։

Ահա այս չորրորդ մասն է, որուն միմյանցից անկախ մի քանի բաժանումների փոքր ինչ տարօրինակությունը առիթ է տված պեղումները կատարող Խաչիկ վարդապետին մի կրակապաշտական տաճար «գտած» լինելու հավակնոտ և համառորեն շարունակվող քարոզներին։

Այս մասը (ինչպես կտեսնվի հատակագծին մեջ) բաղկացած է հինգ բաժանումներե, եթե հաշվի առնենք արևելյան մասին վրա վերջին սենյակը, որուն մեծությունը անորոշ է քայքայման պատճառով։ Այս մասի հարավարևելյան կողմին վրա կա մի հին եկեղեցիի մնացորդ, որի արևելյան կողմի կիսաբոլորակ խորանը միայն գոյություն ունի այժմ և անոր շինությունը, հետևցնելով քարերի տաշվածքի և դասավորության անվրեպ նշաններեն, ավելի վաղ ժամանակ շինված է, քան Զվարթնոց բոլորակ տաճարը և տաճարի հարավային կողմի հարակից շինությունները։ Եկեղեցիեն հայտնի է, որ V դարու գործ է կամ V—VI դարաշրջաններներու մեջտեղ կանգնված և ինչպես կերևի՝ բազիլիկ ձև ուներ։ Այդ եկեղեցին Զվարթնոցի շինության ժամանակ կամ քայքայված էր և կամ գոյությունը ավելորդ համարելով՝ քանդեր են, միմիայն իբրև հիշատակ խորանը պահելով։ Այս եկեղեցիի արևմտյան քանդված մասին վրա շիներ են Գ մասը, որ հատուկ է միաբան հոգևորականներու բնակության, զանազան մեծ ու փոքր սենյակներ կպարունակե և միանգամայն անկախ է թե Դ մասեն և թե Բ մասեն, որոնք ունեին իրենց գործածության հատուկ նպատակները։

Կիսով չափ միայն մնացած պատին կից կա մի ընդարձակ բաժանում, որուն մեջ, մեկ գծի վրա, հարավեն հյուսիս շարված են երեք հատ քառակուսի սյուներ (Դ, 2) միջակ մեծությամբ քարերով շինված, որոնց մեջ վարեն վեր շարված են թրծված կավե խողովակներ, խողովակներու ստորին մասերը հաղորդակցում են ներքևից ընդարձակ բաժանման հետ քառակուսի ծակերով։ Ընդարձակ բաժանման հյուսիսային կողմին կից կան երկու փոքր նախագավթի նման բաժանումներ, որոնք հաղորդակցում են դռներով թե դրսի և թե ընդարձակ (Դ) բաժանման հետ։ Նույնպես մեծ բաժանումը <ունի մի դուռ> դրսի հետ հաղորդակցող արևելյան կողմեն կիսավեր եկեղեցվո խորանին արտաքին պատին կից։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիսարևելյան մասին կից կա մի բաժանում (4), որ ընդարձակ բաժանման հետ կհաղորդակցի ցածլիկ (չափերը գրել) աղեղնակապ մի անցքով (6), որը հայտնի է, թե իբրև դուռ շինված չէ, այլ մի ուրիշ կարևոր նպատակի համար։ Այս աղեղնակապի կից սենյակը արևելյան կողմեն կհաղորդակցի մի ուրիշ սենյակի հետ, որուն երկայնության չափը (7) անհայտ է՝ արևելյան պատին բոլորովին քանդված լինելուն պատճառով։ Ընդարձակ բաժանման մեջի (2) սյուներուն մեջ դրված թրծուն կավե խողովակների նման այս աղեղնակապով հաղորդակցող (4) սենյակի պատերուն մեջ ևս դրված են. չորս հատ հարավային պատին մեջ, երկու հատ արևելյան կողմին կից սենյակը (7) մտնելու դռան երկու կողմը և մի հատ հյուսիսային արևմտյան անկյունը։ Այս խողովակներուն ևս ստորին մասերը կհաղորդակցեն սենյակի հետ յուրաքանչյուրը մի քառակուսի ծակով՝ այժմյան գետնեն… բարձրության վրա։ Փոքր (4) բաժանման մեջ, ցածլիկ աղեղնակապ