Jump to content

Էջ Չարենցի օրագրից Գորկու մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էջ Չարենցի օրագրից Գորկու մասին


[էջ]
(ԷՋ՝ ՕՐԱԳՐԻՑ)
Ներկայումս ամբողջ Խորհրդային Միության մեջ միակ գրողը, որ չի կորցրել իր գրական ոճը և գրողական կերպարանքը և կարող է ամեն ինչի մասին գրել իր սեփական խոսքերով և ոչ թե շաբլոնային, տրաֆարետային «իդեոլոգիական ոճով»— Մաքսիմ Գորկին է։ Նա, օրինակ, կարող է առաջաբան գրել որևէ հեղինակի մասին— և ոչ մի խոսք չասել այդ գրողի դասակարգային էության վերաբերյալ։ Բացի այս։— Նա կարող է, նրան տրված է վսեմ իրավունք, խոսել ստեղծագործության մասին այնպես, ինչպես կարող է խոսել ընդհանրապես մարդը, դրվատել ստեղծագործության հոգևոր հաճույքը, մեծարել բնականը և մարդկայինը, սերը և հումանիտար զգացմունքները գրականության մեջ։ Այս տեսակետից զարմանալի ունիկումներ են ամբողջ խորհրդային պուբլիցիստիկայի մեջ Գորկու աոաջաբանները Ստեֆան Ցվայգի և Միխայիլ Պրիշվինի մասին։ Կարդում ես այդ առաջաբանները և․․․ զարմանում ու հիանում։ Երևակայելն անգամ դժվար է, որ այսօր մի գրող կարող է իր սեփական խոսքերով, իր հոգու խորքից գովել գրականության մեջ ընդհանրապես «սերը» և հայտնել սիրո մասին այն կարծիքը, որ այդ զգացմունքը վսեմացնում է մարդուն, ազնվացնում ու բարձրացնում․․․

[էջ]որ ներկայումս, երբ այնքա՜ն կոպտացել են բարքերը, առանձնապես մեծ նշանակություն է ստանում այն գրականությունը, որը պատկերացնում է սիրո մաքրող, վսեմացնող և ազնվացնող դերը ․ Հավատալ անգամ դժվարանում ես, որ այս ինքնին ոչ մի առանձնակի նորություն չներկայացնող խոսքերը ներկայումս մեզանում կարող է գրել մի գրող ․․ Բայց, դժբախտաբար,— միայն մի գրող։— Այսօր միայն նա, Գորկին, իրավունք ունի այսպես գրելու,— և ուրիշ ոչ ոք ամբողջ Միության մեջ ․․ Եվ սարսափում ես մտածելով, որ Գորկու մահից հետո կկտրվի այս միակ ձայնը ևս այս միակ մարդկային ձայնը մեր իրականության մեջ— և մեր ամբողջ պուբլիցիստիկան կդառնա շաբլոն ու տրաֆերտային․․․

23 III. 1934