Jump to content

Էտըլվեյս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էտըլվեյս

Էտըլվեյս


Պատիս վրա անխոսուկ, մունջ,
Գամ մը մեջքիդ՝ կմտածես,
Կտժգունիս, կուլաս կարծես,
Էտըլվեյսի ո՜վ վտիտ փունջ:

Թառամե՜ր են թերթերդ բոլոր,
Հյուծեր է ցո՛ղդ տրտմորեն.
Ո՞ր դժբախտ հո՜վը սարերեն
Քեզ հոս նետեց քայլամոլոր:

Ծաղիկներուդ գոգը վայրի
Ու թերթերուդ մեջ գալարուն,
Անհա՜ս, հպա՜րտ բարձունքներուն
Հիվանդ կարո՜տն է, որ կայրի:

Ու կերազե՜ս դուն անշշունջ,
Գամ մը մեջքիդ. ու կ՚ոլորի
Գունատ թավի՛շդ մոխիրի,
Էտըլվեյսի ո՜վ նիհար փունջ: