Jump to content

Էրազ տենող աշկերտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էրազ տենող աշկերտը

26. ԷՐԱԶ ՏԵՆՈՂ ԱՇԿԵՐՏԸ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի բեզրգյան: Էս բեզրգյանը մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։ Ինքն էլ շատ ծերացած ա ըլնում, ընենց որ հա՛յ-հայը գնացե, վա՛յ-վայն էր մնացե: Օրեն մի օրը կանչում ա իրա բարեկամներին։

— Տենում եք,— ասում ա,— ես ծերացել եմ, դեն ընկե. տղես էլ հլա էրեխա ա, աշխարի խերն ու շառը չի գիտա. ձեզանից մենակ խնդիրքս էս ա, որ իմ մեռնելուց եդը ինչ ունեմ֊չունեմ՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դո՛լվաթ, քոմմա ծախեք, նաղդ փող շինեք, կշտներիդ պահեք, շահացնեք ընչանք տղիս մենծանալը։ Որ մենծացավ,— ասում ա,— կտանեք նրան մի փեշակի կտաք, որ պարապ-սարապ չմանգա։

Անց ա կենում մի քանի վախտ, էս բեզրգյանը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում՝ տղի չարը տանում ա։ Բարեկամները, ոնց որ կարգն էր, տանում են դրան թաղում։ Եննա բերում են, ոնց որ կտակն էր[1], դրա ունեցած-չունեցածը քոմմա ծախում են, նաղդ փող շինում, կշտներին շահացնում։ Տղեն էլ որ դառնում ա տասը-տասնէրկու տարեկան, ասում են. «Տանենք մի փեշակի տանք»։ Դրան աղաք են անում, տանում բազար՝ է՛ս փեշաքյարի կուշտը, է՛ն փեշաքյարի կուշտը, դե՛ս են էթում, դե՛ն են էթում, մախլաս, որ շատ ման են գալի, ծանդր ու թեթև են անում, տալիս են թագավորի զարգյարի կուշտը աշկերտ:

Էս տղեն ա՝ առավոտները գշերով-գշերհանա վեր ա կենում էթում զարգյարի դուրանը, իրիկները՝ մըղրըրը կոխելիս թողում ա գալի տուն։

Ըսենք անց ա կենում մի վախտ՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, մախլասի՝ մի ամիս, օրեն մի օրը թագավորը կանչում ա էդ զարգյարին իրա կուշտը։ Զարգյարը գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

— Ո՛ւստա,— ասում ա թագավորը,— առ էս տասը ոսկին ու էս էրկու անգին քարը. կտանես ինձ հմար էրկու լավ մատանիք կշինես, կբերես. մի շաբաթ էլ քեզ վադա եմ տալի:

— Աչքիս վրա,— ասում ա զարգյարը:

Թագավորին գլուխ ա տալի, ոսկիքն ու անգին քարերը վեր ունում, դուս գալի:

Էթում ա դուքան, ոսկիքն ու անգին քարերը գնում դաղգյահի վրեն, աշկերտին թամբահ ա անում, որ մուղաթ կենա ու ինքը վե կենում, էթում տուն, ասում ա. «Հաց ուտեմ պրծնեմ, եննա կգամ կշինեմ: Լա՛վ»:

Էս աշկերտն ա՝ ուստեն ոտը շեմքիցը դուս ա գնում թե չէ՝ գլուխը գնում ա դազգյահին, անսաս քնում:

Սատանական հենց էդ վախտը թագավորը իրա նազիր-վեզրի հեննա դարվշի դեյմ մտած, գալիս ա ըտերանք ման գալու՝ տևնա ի՛նչ կա, ի՛նչ չկա՛: Էդ զարգյարի դուքանի կշտովը անցկենալիս, վարավուրդ ա անում, տենում աշկերտը քնել ա, իրա տված ոսկիքն ու անգին քարերն էլ հրեն դազգյահի վրեն։ Թագավորը էս որ տենում ա, ուսուլով, ոտի մանների վրա մննում ա նեքսև, ա՛ռ հա դրան մի լա՛վ սիլլա: Տալիս ա ու դուս գալի ծըլկվում:

Աշկերտը վախլությունիցը վեր ա թռնում, տենում մարդ չկա։

— Ա՛յ անաստոծ,— ասում ա,— խի՞ չիր թողում իմ մուրազին հասնեի. ի՞նչ ասեմ, ինձ սիլլա տվող, ոնց որ դու մուրազս փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես։

Էս խոսքը թագավորը լսում ա, համա, որ ասես, ձեն-ծպտոն չի հանում, թողում ա գալի ամարաթը: Կանչում ա իրա նոքարներին։

— Էս սհաթին,— ասում ա,– կէթաք ֆլա՛ն զարգյարի աշկերտին կկանչեք, կբերեք իմ կուշտը:

Նոքարները գլուխ են տալի, էթում։ Էթում են զարգյարի դուքանը:

— Ուստա,— ասում են,— թագավորը քու աշկերտին կանչում ա:

Զարգյարը մնում ա արմացած։

— Ջա՜նըմ, գյո՜զըմ,— ասում ա,— ախար թագավորը իմ աշկերտի հեննա ինչ բան ունի, յանզլիշ ընկած կըլնեք, բալքի ինձ ա ուզե:

— Չէ՛, ո՛ւստա,— ասում են նոքարները,— հենց քո աշկերտին ա կանչե:

— Դուք գիտաք,— ասում ա զարգյարը,— հրեդ աշկերտը, հրեդ դուք. տանում եք՝ տա՛րեք։

Նոքարները աշկերտին աղաք են անում, բերում թագավորի կուշտը։ Խեղճ աշկերտը մնացել էր գլխի վրեն մոլորած, վախլությունիցը չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի. թագավորի ամարաթը մտավ թե չէ, ձեռները գոշին դրած օխտը հետ թագավորին գլուխ տվեց, ընդե կաննեց։

— Ֆլա՛ն զարգյարի աշկերտը դո՞ւ ես,— հարցրեց թագավորը:

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ես եմ,— ասեց աշկերտը։

— Ա՛յ տղա,— ասեց,— ա՛սա տենամ ի՞նչ էր քու մուրազը, որ փորիդ թողի. ա՛սա, ես կատարեմ։

— Չէ՛, թա՛գավորն ապրած կենա,— ասեց աշկերտը,— իմ մուրազն ընենց բան ա, որ չեմ կարա ասի։

— Չե՞ս ասի, տե՛ս՝ կփոշմանես։

— Թա՛գավորն ապրած կենա, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա, արինս քեզ հալալ ա։

Թագավորը տենում ա, որ չէ, աշկերտը մի հետ պպին ա կաննե, չի ուզում ասի, հրամայում ա իրա նոքարներին՝ տանեն քցեն մի մութը ֆորի մեջ, ֆորի բերանն էլ ղայիմ կալնեն, բալի վախենա, ասի Նոքարները խեղճ տղին ծեծելոն, ջարդելոն, բըռթ-բըռթելոն, քաշքշելոն[2] տանում են քցում մի մութը ֆորի մեջ:

Էդ գշերը տղեն մնում ա ֆորի միջին։ Հեգսի օրը թագավորը հրամայում ա նոքարներին, որ էթան էն տղին հանեն, բերեն: Էթում են հանում, բերում թագավորի կուշտը։

— Ա՛յ տղա,— ասում ա թագավորը,— ասսանից վախեցի, ա՛րի ինձ էրաղդ ա՛սա: Որ ասես, իմաց կա՛ց՝ ի՛նչ ուզես, կտամ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աշկերտը,— չե՛մ ասի, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա:

— Տարեք դրան էլ եդ գցեք ֆորը,— հրամայում ա թագավորը,— բալի ընդե խելքը գլուխը գա։

Նոքարները ծեծելոն, քաշքշելոն տանում են յա՜լլա՝ գըրըմփալեն էլ եդ քցում ֆորի մեջ։

Խեղճ տղեն սոված, ծարավ մնում ա ֆորի միջին մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, տենում ա ֆորի բերանը բաց անող չկա։ Վերջը միտք ա անում՝ գետինը փորի, բալի մի ծակ գտնի, ընդիան դուս գա, փախնի: Մի փետի կտոր ա գտնում ֆորի միջին․ էդ փետի կտորը վեր ա անում ու յավաշ֊յավաշ ֆորի մի դհիցը քանդում։ Քանդում ա, քանդում ա, քանդում ա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, տենում ա ղամշներ էրևաց. մի էրկու թիզ էլ քանդում ա, տենում, ըհը՛, մի ծակ բաց էլավ աղաքին։

— Էս լավ էլավ,– ասում ա,— հմի էս ծակը լենացնեմ, որ անցկենամ էն դիհը տենամ ի՛նչ կա, ի՛նչ չկա։

Քանդում ա, քանդում ա, էնքամ քանդում ա, որ տենում ա էդ ծակովը կարա անցկենա, նոր ղայիշը միջքիցը եդ ա անում, նրա մի տուտը ընդե մի տեղան բանդ անում, մեկել տուտը բռնում ա ու սըլլալեն վե գալի ներքև: Վեր ա գալի ի՜նչ տենում՝ մի օթախ թամուզ ավլած, սարքած, միջին մի տախտ դրած, տախտի վրեն մի ձեռք խաս տեղաշոր քցած, մի սի՜րուն, նա՜խշուն, հուրի֊մալաք աղջիկ էլ էդ տեղաշորի միջին քնած ա. էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենը նրա գյուլ֊ջամալին թամաշ անես[3]: Սրան որ չի տենում, խելքամաղ ա ըլնում, մնում։ Դե՛ս, դե՛ն ա մտիկ տալի, տենում մի պուճախին էլ մի ոսկե սինի՝ մեջը լիքը փլավ, մի ղազ էլ տապակած, փլավի գլխին դրած: Նա էլ զաթի էսթավուր բանի էր ման գալի. վրա ա պրծնում, կուշտ ու կուռ փլավն ուտում, բերանը սրբում, էն գիհը կաննում: Եննա էթում ա աղջկա էրկու թուշը ղայիմ պաչում, նոր ղայշի տուտը բռնում, բանձրանում էլ եդ իրա տեղը։ Դու մի ասի՝ էդ աղջիկը հենց թագավորի աղջիկն ա ըլնում։

Էդ աղջիկն ա՝ մի վախտ զարթնում ա, վե կենում տենում իրա փայ փլավը կերել են. հայլու մեջն ա մտիկ տալի, տենում էրեսի վրեն լաքա կա։

— Կա չկա,— ասում ա,— ըստե մարդ ա մտե, համ իմ փայ փլավն ա կերե, համ էլ ինձ պաչե, թողե գնացե։

Դե՛ս ա ընկնում, դե՛ն ա ընկնում, է՛ս պուճախը, է՛ն պուճախը, տենում ա մալալ-մաղաթ չկա, դուռն էլ ղայիմ շինած ա։ Մնում ա արմացած, չէ իմանում էս ի՛նչ բաս ա։

Էգսի օրը աշկերտն էլ էդ վախտին ֆորի միջիցը էն ծակը բաց ա անում, վե գալի թագավորի աղջկա օթախը, տենում ա էլի քնած ա․ էթում ա նստում, անսաս նրա փայ փլավն ուտում, եննա մոտանում ա աղջկա ջուխտ թուշը պաչում, հենց ուզում ա էթա՝ աղջիկը նրա փեշը ղայիմ բռնում ա։

— Ա՛յ տղա,— ասում ա աղջիկը,— օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս սիրտ չի արե ըստե ոտ դնի, դու ո՞նց սիրտ արիր մտար իմ օթախը։ Ոնց ես՝ էթամ հորս ասեմ, էն սհաթին քեզ քյալլա անիլ տա։

— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասում ա տղեն,— քու սերն ա բերե։ Քանց հորդ ես ասում,— ասում ա,— հազիր դու քու ձեռովը քյալլա ա՛րա, պրծի էլի։

Էս խոսքը շատ ա դիր գալի աղջկանը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա,— սրանից դենը ես քունն եմ, դու իմը: Ռազի՞ ես։

— Ռա՛զի եմ,— ասում ա տղեն։

Նոր թազադան էրկսով նստում են հացի․ ուտում են, խմում, քեֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք դառը կեսգշեր։ Եննա տղեն վեր ա կենում էթում էլ եդ իրա տեղը, ծակը ղայիմ կայնում, որ մարդ չիմանա:

Ըսենց անցկացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս․ էս տղեն ամեն գշեր էն ծակովը վեր էր գալի թագավորի աղջկա օթախը, նրա հեննա ուտում, խմում, ասում, խոսում, մասլահաթ անում, նո՛ր լիսադեմին էլ եդ գալի իրա տեղը։

Օրեն սի օրը թագավորը հրամայեց իրա նոքարներին՝ էթան տենան զարգյարի աշկերտը մեռել ա, թե դեռ հլա սաղ ա, հանեն, բերեն իրա կուշտը: Նոքարները գնացին ֆորի բերանը բաց արին, պարանը կախ տվին, էն տղին ֆորիցը հանեցին, բերին թագավորի կուշտը։ Թագավորը տղին որ տեհավ, մնաց արմացած: Չաղությունիցը տղի շլինքը էնքամ էր հաստացե, կասենաս գոմշի շլինք ըլներ։

— Հը՛,— ասեց թագավորը,— էրազդ ասո՞ւմ ես, թե չէ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասեց տղեն,— իրեք ամիս չէ, թեկուզ իրեք տարի էլ պահես ֆորի միջին, ես իմ էրազն ասողը չեմ։

— Ա՛յ տղա,— ասեց թագավորը,— մեղք ես, ջահել֊ջիվան ես. տե՛ս՝ վերջը կփոշմանես:

— Թագավորն ապրած կենա, չեմ փոշմանի, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա։

Թագավորը հերսոտեց տղի վրեն, նոքարներին հրամայեց, տանեն էլ եդ քցեն ֆորի մեջը, որ ընդե սովածությունիցը մեռնի։ Նոքարները ծեծելոն, ջարդելոն, քաշքշելոն տանում են նրան էլ եդ քցում ֆորի մեջը, թողում գալի։

Զարգյարի աշկերտն էլ զաթի էս էր ուզում։ Աղաքվա պես ասսու իրան օրը գշերը կախ էր ըլնում աղջկա օթախը, ընչանք լիսադեմ կշտին մնում, ուտում, խմում, կշտանում, նոր լիսադեմին բանձրանում էլ եդ իրա տեղը։

Ըսենց անց ա կենում մի ժամանակ. օրեն մի օրը Ֆրանգստունի թագավորը էդ երկրի թագավորին իրեք ձի ա ղրկում, հետն էլ թամբահ անում, թե․ «Պտի իմանաս սրանց ամեն մնի յաշը՝ ո՛ր ձին քա՛նի տարեկան ա․ չիմացար, իմաց կաց քու սաղ թագավորությունը քարուքանդ կանեմ, դու գիտաս»։

Խեղճ թագավորը էս որ լսում ա, թուք ու մուքը կպնում ա, վախլությունիցը չի իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ ջուղաբ տա նրան։

Միտք արեց, միտք արեց, վերջը ասեց.— Թե իմանա՝ իմ աղջիկը կիմանա էս բանը, էլ մարդ չէ։

Էն սհաթը ղարավաշների բերնովը խաբար ղրկեց աղջկանը, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. Ֆրանգստունի թագավորը իրեք ձի ա ղրկե, պաի նրանց յաշը իմանաս: Դե նրա աղջիկը իմաստուն էր, է՛լի, ամեն բան գիտար, համա մախսուս չասեց. հորը ջուղաբ ղրկեց, թե իրա իմաստունությունը գնացել ա, թող ուրշին հարցնի: Ղարավաշները խաբար բերին թագավորին, թե աղջիկդ ըսենց ա ասում:

Էդ իրիկուն զարգյարի աշկերտը, ոնց որ իրա ղայդեն էր, էլի ֆորի միջիցը կախ ա ըլնում թագավորի աղջկա օթախը:

— Տղա՛,— ասում ա թագավորի աղջիկը,— բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։ Ֆրանգստունի թագավորը հորս իրեք ձի ա ղրկե, հետն էլ ապսպրե, թե՝ «Պտի իմանաս ո՛ր ձին քա՛նի տարեկան ա»: Նա էլ ղարավաշների բերնովը իմաց էր տվե ինձ, որ էթամ մի ճար անեմ նրան։ Ես էլ մախսուս խաբար ղրկեցի, թե իմ իմաստունությունը գնացել ա, թող ուրշին հարցնի, որ ինչ ա՝ թե սարվացնեմ, էթաս գտնես, բալի էդ ֆորիցը քեզ ազատի։

— Էդ լավ էլավ,— ասում ա տղեն,— դե սարվացրա տենա՛մ:

— Կէթաս,— ասում ա աղջիկը,— էդ ձիանքանցը աղաք կանես, քու ձեռովը կտանես աղբուրը, կջրես, եննա կբերես գոմը, կկապես, աղաքները գարի կածես, որ ուտեն․ որը դունչը կոխեց մսուրքը, եմը կերավ՝ իմաց կա՛ց էն իրեք տարեկան ա. որը եմին դնչով տվեց ու ֆռնչացրեց՝ իմաց կա՛ց ըն էլ էրկու տարեկան ա. որն էլ տեհար դունչը կոխում ա մսուրքը ու ըսկի գարի չի ուտում, հենց դե՛ս, դե՛ն ծուլ ա ըլնում, տռճինկ տալի՝ իմաց կա՛ց, որ էն հլա խամ ա, եմին չի սարվե, ըն էլ մի տարեկան ա:

— Լա՛վ,— ասում ա տղեն,— ոնց որ ասեցիր, ընենց էլ կանեմ:

Սրանք թողանք ըստե, գանք խաբար տանք թագավորիցը։

Էդ թագավորն ա ղարավաշներիցը որ իմանում ա աղջկա ջուղաբը, մնում ա շիվարած, գլխի վրեն մոլորած, չի իմանում՝ ի՛նչ անի, ի՛նչ խաբար ղրկի Ֆրանգստունի թագավորին։ Կանչում ա իրա նազիր-վեզրին, պալատի մարդկերանցը քոմմըքին էլ հավաքում ա, բալի մի ճար անեն։ Սրանք դե՛ս տվին, դե՛ն տվին, ինչքամ խելք֊խելքի տվին, միտք արին՝ զադ դուս չէկավ, չկարացին գտնի:

Բիրդան թագավորի միտն ընկավ զարգյարի աշկերտը, ասեց.— Մարդ ա, բալի նա գտնում ա։

Հրամայեց էթան ֆորիցը հանեն, բերեն իր ա կուշտը։ Էն սհաթը էթում են հանում, բերում։ Տղեն գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— քեզ մի բան եմ ուզում հարցնի․ չեմ գիտա կգտնես, թե չէ։

— Հարցրա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— բալքի գտնում եմ:

— Թե իմացար էս իրեք ձի ու յաշը,— ասում ա,— ինչ ուզես՝ կտամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանում ի՛նչ կա, որ չիմանամ։

— Դե իմացի տենա՛մ,— վրա ա բերում թագավորը ուրախացած:

Տղեն էրեկվա տված խրատը մտիցը չէր քցե։ Էն սհաթը ձիանոնց նոխտեքն առավ ձեռը, քաշեց, տարավ դպա աղբուրը, լավյաղաթին ջրեց, լեղացրեց, եդ բերեց գոմումը կապեց: Եննա գնաց գարի բերեց, ածեց աղաքները, որ ուտեն․ ինքն էլ մխելի հեռու կաննեց, որ վարավուրդ անի, տենա ոնց են ուտում։ Տեհավ, որ ձիանոնցից մինը, աղջկա ասածի պես, գլուխը կոխեց մսուրքը ու արխեյին իրա եմն ուտում էր։ Տեհավ էն մինն էլ մոտացավ գարուն, համա յա ուտում էր, յա չէ, յա թե չէ ֆռնչացնում էր։ Համա վրա իրեք ձին, որ, ասես, գարի չէր ուտում՝ յա դե՛ս, դե՛ն էր ծուլ ըլնում, տռճինկ տալի, յա թե չէ քացի քցում, խալխին վախացնում: Ըստօնք որ լավ վարավուրդ արեց, մոտացավ թագավորին։

— Թագա՛վորը սաղ ըլեի,— ասեց,— հրես էս ձին տենում ես, էս իրեք տարեկան ա. էս մինը էրկու տարեկան, էն մեկելն էլ՝ մի տարեկան ա։— Մին-մին մատով շանց տվեց։

Ֆրանգստունի թագավորի մարդիկը, թագավորի նազիր-վեզիրը քոմմա մնացին մաթ էլած, բերանները բաց իրար էրեսի մտիկ անելոն։ Թագավորի ուրախությունին հո հեսաբ չկար. չէր իմանում ի՛նչ անի, ո՛նց աշկերտի լավությունի տակիցը դուս գա, որ լավ ըլնի։ Համա բիրդան նրա էրազը միտն ընկավ։ Թագավորը աղաչանք-պաղատանք արեց, որ ասի, նա էլի սատանի ձին նի էլավ, չասեց։ Թագավորը հրամայեց, որ էլ եդ տանեն քցեն ֆորը. ընդե կենա ընչանք խելքի գալը։ Նոքարները տարան զարգյարի աշկերտին Էլ եդ քցեցին ֆորը, թողին էկան:

Թագավորը Ֆրանգըստունի թագավորի մարդկերանց հեննա լավ֊լավ փեշքաշներ դրեց, ճամփու քցեց:

Անց ա կենում ըսենց մի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը Ֆրանգստունի թագավորը էս թագավորին իրեք խնձոր ա ղրկում, իրեքն էլ մի տեսակի, մի ռանգի ու մի մենծությունի, ապսպրում ա, թե. «Պտի իմանաս էս իրեք խնձորից ո՛րը քա՛նի տարվա ա. չիմացար՝ իմաց կա՛ց սաղ թագավորությունդ քարուքանդ կանեմ, քեզ էլ տնով֊տեղով եսիր կտանեմ»։

Թագավորը էլի ղարավաշների բերնովը իմաց ա տալի իրա աղջկանը, թե.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. կարաս՝ մի իլլա՛ճ արա։— Աղջիկը էս հետ էլ ա խաբար ղրկում հորը, թե իրա իմաստունությունը գնացել ա, թո՛ղ ուրիշ մարդ գտնի։

Էդ իրիկուն զարգյարի աշկերտը, ամեն օրվա պես, էլի կախ ա ըլնում թագավորի աղջկա օթախը։ Աղջիկը սրան նաղլ ա անում։

— Բա չես ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։ Ֆրանգստունի թագավորը հմի էլ իրեք խնձոր ա ղրկե հորս, որ իմանա նրանցից ամեն մինը քա՞նի տարվա խնձոր ա. «Չիմացար․— ասել ա,— իմաց կա՛ց սաղ թագավորությունդ քարուքանդ կանեմ»։ Հերս էս հետ էլ էր ինձ կանչե, որ էթամ մի ճար անեմ, համա ես ղաստի չգնացի, որ էլի քեզ կանչի, էթաս գտնես:

— Բա է՞դ ոնց պտի գտնեմ,— հարցնում ա տղեն։

— Խնձորները,— ասում ա,— վե կունես ձեռդ, կէթաս հավզի ղրաղին կկաննես, մին֊մին կքցես ջուրը. էն որ գնաց ջրի տակը ու եղի էլավ ջրի էրեսը, իմացի, որ մի տարվա ա. էն որ քցելու բոշտան մի քիչ տակն էլավ, էլ եդ դուս էկավ ջրի երեսը, իմացի, որ էրկու տարվա ա. համա էն որ ըսկի ջրի տակը չի էթա, հենց կմնա էրեսին, իմացի, որ ըն էլ իրեք տարվա ա։

— Լա՛վ,— ասում ա տղեն,— ոնց որ ասեցիր, ընենց էլ կանեմ։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք թագավորիցը։

Թագավորին որ խաբար են բերում, թե աղջիկդ ըսենց ա ասում, էն սհաթը հրամայում ա նոքարներին, էլի էթան զարգյարի աշկերտին ֆորիցը հանեն, բերեն։ Էթում են հանում, բերում թագավորի կուշտը։ Տղեն թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— քեզ մի բան էլ պտի հարցնեմ, չեմ գիտա կգտնես, թե չէ։

— Ա՛սա, թագավորն ապրած կենա, բալքիմ գտնում եմ։

Թագավորը իրեք խնձորը բերում ա, տալի տղին։

— Կարա՞ս իմանա,— ասում ա,— էս խնձորներից ո՛րը քա՛նի տարվա ա:

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— դրանից էլ հեշտ բա՞ն։

Տղեն դե աղջկա խրատը միտն էր պահե, է՛լի։ Խնձորներն առնում ա թագավորի ձեռիցը, էթում հավղի ղրաղին կաննում, մին֊մին քցում ջուրը։ Տենում ա, ոնց որ աղջիկն ասել էր, ընենց էլ էլավ։ Ըսենց մին-մին որ քցեց, իմացավ ո՛րը քանի տարվա ա, ջկեց, տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— էս մի՛ տարվա խնձոր ա, էս՝ է՛րկու տարվա, ըս էլ՝ ի՛րեք տարվա։

Ֆրանգստունի մարդիկը, թագավորի նազիր֊վեզիրը մնացին արմացած, թե՝ էս տղեն ի՜նչքամ իմաստուն, ի՜նչքամ խելոք ա, որ ըս էլ էրկու հետ էսթավուր դժար բանը գտնում ա: Թագավորը հո՝ ուրախացե, աշխարով մին էր էլե. ուզում էր դրան լավ-լավ փեշքաշներ տա, մուրախաս անի, բիրղան էլի[4] նրա էրազը միտն ընկավ։

— Տղա՛,— ասեց թագավորը,— քեզ ուզում եմ բաց թողամ էթաս, քու արևի ձենն ածես. արի ղոքիգ քարը վե՛ր ածա, ասա տենամ էրազդ ի՛նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց տղեն,— բան գիտաս՝ բան ա՛սա. ես էրազ ասողը չեմ:

Թագավորը տեհով, որ չէ, չիլնում, էրազը չի ասում, էլի կոշտ ու կոպիտ ջուղար ա տալի, հրամայեց որ տանեն էլ եդ քցեն ֆորի մեջը, բալրի ընդե խրատվի, խելքի գա։ Նոքարները տղին քաշքշելոն տանում են էլ եդ գցում ֆորի մեջը, վե կենում գալի։

Թագավորը Ֆրանգստունից էկած ղոնաղներին լավ-լավ փեշքաշներ ա տալի, ճամփու դնում իրանց երկիրը։

Անց ա կենում ըսենց մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի՝ մի տարի, Ֆրանգստունի թագավորը էլ մարդ չի ղրկում էս մեր թագավորի կուշտը: Սա էլ ուրախանում ա, հենց իմանում ա՝ պրծավ նրա ձեռիցը: Համա ո՜րդէ. օրեն մի օրը մըն էլ ի՛նչ ա տենում՝ Ֆրանգստունի թագավորը հրես տասնէրկու էրեխա ա ղրկե, տասնէրկուսն էլ մի բոյի, մի բուսաթի. էնքա՜մ իրար նման, էնքա՜մ իրար նման, կասենաս տասնէրկուսն էլ աղպրտինք ըլնեին, մի հորից, մի մորից. մի խոսքով՝ ոնց որ մի խնձորը տասնէրկու տապակ արած, ընդե դրած, էնքամ իրար նման ին. թամբահ ա անում, թե. «Պտի իմանաս սրանից ո՛րն ա աղջիկ, ո՛րը տղա. չիմացար՝ իմաց կա՛ց ղոշուն վե կունեմ, կգամ թախտդ տափ ու տարազ կանեմ»:

Խեղճ թագավորի թուք ու մուքը կպավ: Չէր իմանում ի՛նչ անի. ի՛նչ վայ տա գլխին: Ճարը կտրած, էլի ղարավաշներին ղրկեց իրա աղջկա կուշտը, որ գա տենա ի՛նչա անում, Ֆրանգստունի թագավորի ջուղաբը ո՛նց ա տալի։

Համա աղջիկը էլի գլուխը տակը չտվեց, խաբար ղրկեց, թե.— Էդ իմ բանը չի, քեզ հմար ուրիշ մարդ գտի։

Որ մթնում ա թե չէ, զարգյարի աշկերտը ֆորիցը քաշ ա ըլնում թագավորի աղջկա օթախը, աղջիկը դրան ասում ա.— Բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, Ֆրանգստունի թագավորը տասնէրկու էրեխա ա ղրկե հորս, որ իմանա նրանցից ո՛րն ա աղջիկ, ո՛րը տղա։ Հերս էլ ղարավաշներին ղրկել էր ինձ կանչե, որ էթամ Ֆրանգստունի թագավորի ջուղաբը տամ. ես էլի մախսուս չգնացի, ասեցի. «Իմ բանը չի»։

— Բա է՞դ ոնց պտի գտնեմ,— հարցնում ա տղեն։

— Կէթաս,— ասում ա աղջիկը,— իբուղը տաք ջուր կլցնես. գշերով֊գշերհանա հաշտումը կկաննես։ Էն տասնէրկու էրեխեն որ վե կկենան էրեսները լվանան, կէթաս ձեռներին ջուր կածես։ Ջուր ածելու վախտը ով տեհար տաքին չդիմացավ, ձեռը քաշեց ու «օ՛ֆ, օ՛ֆ» արեց, իմաց կա՛ց նա տղա ա. ով ձեռը չքաշեց, տաքին դիմացավ, իմաց կա՛ց նա աղջիկ ա: Ըսենց,— ասում ա,— մին-մին կջոկես, տղեքանցը ջոկ օթախ կանես, աղջկերանցը՝ ջոկ։ Նոր Ֆրանգստունի թագավորի մարդկերանցը կկանչես, կասես. «Էս վեցը տղա են, մեկել վեցը՝ աղջիկ»։

— Լա՛վ,— ասում ա տղեն,— ոնց որ ասեցիր՝ ընենց էլ կանեմ։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք թագավորիցը։

Ղարավաշները թագավորին որ խաբար բերին, թե՝ աղջիկդ ըսենց ա ասում, խեղճը մնաց գլխի վրեն մոլորած: Ի՛նչ աներ, ի՛նչ չաներ. ո՛ւմ կանչեր, որ կարենար իրա դարտին դարման անի: Միտք ա անում, միտք ա անում, վերջը հրամայում ա՝ էթան էլի զարգյարի աշկերտին կանչեն: Էթում են ֆորիցը հանում, բերում թագավորի կուշտը։ Տղեն թագավորին գլուխ ա տալի, էն գիհը կաննում:

— Տղա՛,— ասում ա,— Ֆրանգստունի թագավորը հմի էլ ըսենց մի զուլում ա ապսպարե. տե՛ս կարա՛ս գտնի:

— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանից էլ հեշտ բան: Համա, թագա՛վորն ապրած կենա, ես էլ քեզանից մի բան պտի ուզեմ. չեմ գիտա՝ կտա՞ս, թե չէ:

— Ուզա՛,— ասում ա թագավորը,— մի՛ վախի, սաղ թագավորությունս էլ ուզես, չեմ խնայի՝ կտամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— լսել եմ մի սի՜րուն, մի նա՜շխուն, մի հուրի֊մալաք աղջիկ ունես, որ Ֆրանգստունի թագավորի ուզածը գտնեմ, էդ աղջիկն էլ ինձ տա՞լիս ես։

— Տալիս եմ,— ասում ա թագավորը,— մորդ կաթի նման քեզ հալալ ա։

— Տա՞լիս ես։

— Տալիս եմ,— ասում ա թագավորը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա տղեն,— Ֆրանգստունի թագավորի ուզածն էլ ջուխտ աչքիս վրեն։

Էգսի օրը, լիսանում ա թե չէ, տղեն իբրուղը տաք ջուր ա լցնում, մի ձեռին բռնում, լագանն էլ մեկել ձեռն ա առնում, փեշկիրն էլ ուսովը քցում, գալի հաշտումը կաննում: Թագավորի ղոնաղները վեր են կենում տեղներիցը, դուս գալի հաշտը, որ էրեսները լվանան, տղեն աղաք ա գալի, մին-մին ձեռներին ջուր ածում։ Ով որ տաքին չի դիմանում, ձեռը քաշում ա «օֆ֊օ՛ֆ» անում, նրան ջոկ օթախ ա անում. ով որ չէ, տաքին դիմանում ա, թողում ա ընդե: Ըսենց քոմմքի ձեռին ջուր ա ածում, իրարից ջոկում, եննա կանչում ա Ֆրանգստունի թագավորի մարդկերանցը:

— Է՛կեք,— ասում ա,— տեհեք դրո՞ւստ եմ ջոկե, թե չէ:

Ֆրանգստունի թագավորի մարդիկը գալիս են տենում՝ դրուստ ա ջոկե. մնում են մաթ էլած էս տղի խելքի վրեն:

— Ա՛ֆֆարիմ,– ձեն են տալի Ֆրանգստունի մարդիկը դրուստ ես ջոկե։

Թագավորը բերում ա դրանց լավ-լավ փեշքաշներով ճամփու դնում դպա Ֆրանգստուն։ Եննա թադարեք ա տենում, բերում աղջկանը զարգյարի աշկերտի վրեն նշան դնում, պսակում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում:

Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք Ֆրանգստունի թագավորի մարդկերանցիցը։

Նրանք էթում են, էթում են, էթում են, ջատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են իրանց երկիրը։ Էթում են դուզ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Հը՛,— հարցնում ա թագավորը,— ի՞նչ ջուղաբ եք բերե էն երկրի թագավորիցը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— նրա երկրում մի ջահել֊ջիվան տղա կա, էնքա՜մ խելոք, էնքա՜մ իմաստուն, որ էլ չենք կարա ասի. ըս էլ իրեք հետ ինչ հարցնում ես՝ նա՛ ա գտնում։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա թագավորը,— կէթաք էլ եդ էն երկիրը, իմ անումը կտաք, էն տղին վե կունեք, կբերեք իմ կուշտը, կասեք․ «Մեր թագավորը քեզ կանչում ա». մի տենամ էդ ի՞նչ թավուր իսան ա, որ ըս էլ իրեք հետ իմ ասածը գտնում ա։

— Մեր աչքի վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նրա մարդիկը։

Թագավորին գլուխ են տալի, դուս գալի, էթում ճամփի թադարեք տենում, հեգսի օրը, դեռ լիսն ու մութը չբաժանված, ընկնում ճամփա դպա էն թագավորի երկիրը։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա. գշեր, ցերեկ էթում են՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում են էն թագավորի երկիրը: Էթում են թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

Թագավորը սրանց որ չի տենում, թուք ու մուքը կպնում ա, ասում ա. «Հալբաթ Ֆրանգստունի թագավորը էլի թազա բան ա ապսպրե»։

— Հը՛, խե՜ր ըլնի,– հարցնում ա թագավորը նրանց։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են նրանք,— մեր թագավորը քու էն իմաստուն մարդին կանչում ա։

Թագավորը էն սհաթը մարդ ա ղրկում զարգյարի աշկերտի եննուցը, կանչիլ տալի: Զարգյարի աշկերտը գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— Ֆրանգստունի թագավորը քեզ կանչել ա, կէ՞թաս:

Խեղճ տղի ջանը եռ ու քորն ընկնում ա. էթա՝ վայ թե մի բան հարցնի, չկարենա ջուղաբ տա, գլուխը թռցնիլ տա. չէթա՝ վա՛յ թե հերսոտի, ղոշուն վեր ունի, գա վրները կռիվ: Ըսենց մնացել էր էրկու ջրի արանքին, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի: Վերջը որ շատ միտք ա անում, միտք ա անում, տենում ա՝ ճար, իլլաճ չկա, պտի էթա:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ հրամայում ես՝ կէթամ, ի՛նչ անեմ:

Էս տղեն ա՝ մի քանի օր մնում ա, ճամփի հմար պաշար ա վեր անում, վե կենում նրանց հեննա ճամփա ընկնում դպա Ֆրանգստուն:

Գալիս են, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում են Ֆրանգստուն։ Թագավորի մարդիկը տղին աղաք են անում, տանում դուզ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— հրես էն իմաստուն տղին բերել ենք:

— Ֆլա՛ն տղեն դո՞ւ ես,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, ես եմ, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն։

— Դե, որ ըտենց իմաստուն ես,— ասում ա,— ա՛ռ էս պողպատի կտորը, ինձ հմար սրանից մի լավ ձեռք մախմուրի պես կակող շոր կարա՛, որ հագնեմ։ Իրեք օր էլ քեզ վադա եմ տալի,— ասում ա,— կարեցիր՝ աղջիկս քեզ կտամ, վրեն էլ բոլ մալ ու դոլվաթ. չկտրեցիր՝ իմաց կա՛ց գլուխդ կֆը՜ռռա։

Խեղճ տղեն էս որ լսեց, լեղին ջուր կտրեց: Ճարն ի՛նչ. մի հետ ընկել էր, պտի քաշեր։ Պողպատի կտորը վե կալավ, դառը-տխուր դուս էկավ, գնաց։ Էդ թագավորի աղջկա փանջարի կշտովը անցկենալիս, թագավորի աղջիկը դրան վարավուրդ արեց. գլուխը փանջարիցը հանեց, տղի հեննա խոսաց:

— Ֆլա՛ն իմաստուն տղեն դո՛ւ ես,— հարցրեց աղջիկը:

— Հա՛, ես եմ, թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասեց տղեն:

Տղեն որ գլուխը չի բանձրացնում, մտիկ տալի, տենում ա ի՞նչ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլջամալին թամաշ անես, էնքա՜մ մի սիրունիկ զադ էր: Դրան որ չի տենում, խելքամաղ ա ըլնում, մնում։

— Բա խի՞ ես ըտենց դառը-տխուր,— հարցրեց աղջիկը:

— Ի՛նչ անեմ, տխուր չըլնեմ,— ասեց տղեն,— հերդ ինձ մի պողպատի կտոր ա տվե, որ իրա հմար մի ձեռք շոր կարեմ. չկարեցի՝ պտի գլուխս կտրիլ տա։ Հմի մնացել եմ մոլորած, չեմ իմանում ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ:

— Տղա՛,— ասեց աղջիկը,— մի՛ վախի, ես ընենց կանեմ, որ քու մի մազն էլա չի թեքվի: Կէթաս,— ասեց,— աղլուխդ լիքը ավաղ կլցնես, կտանես հորս կուշտը, կասես. «Թագավորն ապրած կենա, էս ավազիցը թել մանիլ տու, որ քու ուզած մի ձեռք շորը կարեմ»: Որ կասի. «Ախար ավազիցը թել կմանվի՜»: Կասես. «Ավազիցը որ թել չի մանվի, բա պողպատիցը շոր կկարվի՞»:

Տղեն էս որ լսում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, էն սհաթն էթում ա աղլուխը լիքը ավազ լցնում, եդ գալի թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

— Հը՛, տղա՛,— հարցնում ա թագավորը,— խի՞ եդ էկար:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էս ավազը բերել եմ՝ մանիլ տաս, որ քու ուզած շորը սրանով կարեմ։

Թագավորը մնում ա սառած, տղի էրեսին մտիկ անելոն:

— Հը՛, թագա՛վորն ապրած կենա,— վրա ա բերում տղեն,— խի՞ ես ըտենց էրկեն ու բարակ միտք անում։

— Ո՛նց միտք չանեմ,— ասում ա թագավորը,— ըսկի էդ ըլնելու բա՜ն ա, որ ասում ես։ Ավազիցը թել կմանվի՞։

— Ավազիցը որ թել չի մանվի,— ասում ա տղեն,— բա պողպատիցը շոր կկարվի՞։

Թագավորը տղի խելոք ջուղաբը որ լսում ա.— Տղա՛,— ասում ա,— դու տարար. աղջիկս մորդ կաթի նման քեզ հալալ ա, գնա քու արևի ձե՛նն ածա:

Էն սհաթը բերեց աղջիկը տվեց տղին, աղջկա հեննա լավ բաժինք դրեց, լավ մալ ու դոլվաթով, լավ֊լավ փեշքաշներով ճամփու դրեց իրա երկիրը։

Տղա, աղջիկ ճամփի թադարեք տեհան, բեռները բարձեցին, գնացին թագավորի ձեռը պաչեցին, թագավորի կնկա ծիծը պաչեցին, ընկան ճամփա։

Էս տղեն ա՝ էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասավ իրանց երկիրը։

Խաբարը տարան թագավորին, թե.— Հրեն փեսեդ եքա քոչ ու բարխանով գալիս ա, հեննեն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն, մի հուրի֊մալաք աղջիկ, որ տենողի խելք ա էթում։

Թագավորը մենծ ղոշուն ա վեր ունում, իրա նազիր֊վեզրի հեննա դուս գալի փեսի աղաքը: Թագավորն ու տղեն իրար որ տենում են, ուրախանում, աշխարով մին են ըլնում. իրար հեննա վեր են կենում, գալի թագավորի ամարաթը։ Նո՛ր ըստե ասում են, խոսում, մասլահաթ անում, տղեն իրա գլխով անցկացածն ա նաղլ անում, նրանք իրանց. ըսենց ուրախանում են, խնդում, ծիծաղում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ընչանք օրս իմ էրազը չի ասում, համա հմի պտի ասեմ:

— Ասա՛,— ասում ա թագավորը, — ասա՛ տենամ էդ ի՞նչ էրազ էր, որ ի՛նչ արի, չարի, ի՛նչ Հուդի չարչարանք տվի՝ չասեցիր։

— Էրաղում,— ասում ա,— տեհա մի լավ գյուլլի բաղում նստած եմ։ Տեհա էդ բաղի միջիցը էրկու սի՜րուն, նա՜շխուն, հուրիմալաք աղջիկ դուս էկան ու դուզ՝ դպա ինձ: Դրանցից մինը քու աղջիկն էր, մեկելը՝ Ֆրանգստունի թագավորի աղջիկը: Էդ էրկու աղջիկը որ էկան իմ կուշտը, մինը մի ծնկանս նստեց, մինը՝ մեկել ծնկանս։ Դե ջահել տղա, ջահել աղջկեք, սիրտս չհամբերեց, ձեռս գցեցի Ֆրանգստունի թագավորի աղջկա ճտովը, ջուխտ թուշը ղայիմ պաչեցի, եղ դառա, որ քու աղջկա թուշն էլ պաչեմ, մըն էլ էն տեհա, շըրը՜փ. մի սիլլա էրեսիս։ Մուրազս փորիս վե թռա, տեհա՝ ո՛նչ թաս կա, ո՛նչ համամ։ Ես էլ, թագա՛վորն ապրած կենա, դրա հմար ասեցի. «Ինձ սիլլա տվող, ոնց որ իմ մուրազը փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես»։ Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— հրես էս էր իմ տեհած էրազը, որ ի՛նչքամ չարչարեցիր, ի՛նչ արիր, չարիր՝ չասեցի։ Համա հմի ասում եմ, չունքի ես իմ մուրազին հասել եմ։

Թագավորն էս որ լսում ա, իրա թախտիցը վեր ա գալի տղին նստացնում իրա տեղը թագավոր։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

  1. Տպագիր տեքստում այս արտահայտությունը եղել է՝ «․․․ոնց որ վասիաթ էր արե», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում այս բառը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում հաջորդում է՝ «Էնքամ մի սիրունիկ զադ էր», որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  4. Տպագիր տեքստում այս բառը բացակայում է, ավելացված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):