Էրդողանի նախնիներն ու Հայոց ցեղասպանությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էրդողանի նախնիներն ու Հայոց ցեղասպանությունը

Արա Պապյան

Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ թուրքագետներ ունենք պատվավոր՝ թող նրանք պրպտեն պարզեն՝ ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը, տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել:
Մ.Մ. Չորրորդ ինքնիշխանություն, 10 դեկտեմբերի 2009թ.
(Շարահյուսությունը պահպանված է անփոփոխ, որի համար ընթերցողից ներողություն եմ խնդրում)


Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. «Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից»: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» նախադասությունից հետո:

Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում,[1] ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ:[2] Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում,[3] որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:[4]

Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը՝ մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր 5 երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi): Արդեն ուսումնառության տարիներին՝ 16 տարեկանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերևս Ռեջեփն իր պապի նման իմամ դառնար, եթե կրոնն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տեղ չգրավեր Թուրքիայի քաղաքական կյանքում:

Ռեջեփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգությամբ՝ արաբ: Նրանք ունեն 4 երեխա:

Հիմա՝ ցեղասպանության իրականացման մասին:

Որևէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որևէ մեկը չի մեղադրում նաև թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեև մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները, մեղավոր չլինելով նացիստների հանցագործությունների համար, պատասխանատու են դրանց համար և մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատվությունը: Իսկ այդ պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլև տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված և հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ:

Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը (legal continuity), այլև շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին՝ երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Իթթիհադ վե թարրակի կուսակցության անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ երիտթուրքերի կառավարման շրջանի մեջ ներառում են նաև հանրապետության առաջին տասնամյակները՝ 1908-50թ.:[5]

Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեև, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են:

Հետևաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է վայելել հանցագործության պտուղները, նա առնվազն հանցակից է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

Ի վերջո հանցագործները միայն նրանք չեն, որ իրականացնում են հանցագործությունները, հանցագործներ են նաև հանցագործությունը պարտակողներն ու գողոնն իրացնողները:


Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Քարթվելները բաղկացած են 4 ազգակցական խմբից՝ սվաններ, վրացիներ, մենգրելներ և լազեր [Kutscher S., Nena L. The Language of the Laz, University of Cologne]:
  2. RFE/RL, July 23, 2007.
  3. Ռիզեից են նաև Թուրքիայի մեկ այլ վարչապետի՝ Ահմեդ Մեսութ Յիլմազի (Ahmet Mesut Yılmaz) նախնիները, սակայն վերջինիս վերագրվում է համշենահայ ծագում:
  4. Ռիզե քաղաքը ռուսների կողմից գրավվել է 1916թ. մարտի 7-ին [The Russian Campaign of 1915-16 in Armenia. The Times History of the War. London, 1917, v. X, p. 260]:
  5. Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998.


12 դեկտեմբերի, 2009թ.