Ըմբոստ երգեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ըմբոստ երգեր

Վրթանես Փափազյան

[ 590 ]

ԸՄԲՈՍՏ ԵՐԳԵՐ

Ո՞վ է այնտեղ — այդ զորեղ ոգին, որ մերկ ու միայնակ, մրրկում է լեռների գագաթների վրա։ Գլխով մշուշն է հալածում, քրքիջով բուերի ձայներ խլացնում և բարձրաբերձ՝ ճահճոտ անտառների գիջության մեջ կառուցած արվեստականության դեմ՝ ջրեր է հարուցանում։

Ո՞վ է այնտեղ— այդ նոր հսկան, որ մերկ է անամոթության չափ և անդիմակ՝ ցինիկի հանդգնությամբ։

Որ անկաշկանդ՝ անտառի շարժումը պրկող բաղեղներից, ոչ մի գարշապարի առաջ չի խոնարհեցնում իր թռիչքն ու իմաստությունը։

Միայնակ ու մերկ է նա, որպես ազատ իմաստությունն իր խոհերով։ Հանգչում է բարձրությունների մեջ և քրքջում ճահիճների խորքում սնվող կանաչ աղտոտությունների վրա։

Նրա զբոսանքն է՝ ծաղր կարկտել փշերի գլխին, հեգնություն տեղալ վայելչության աստծո վրա և իմաստության խանդով մերկացնել ամե՛ն հագնվածի։

Նրա խոսքերը լծակի պես դարձնում են դարևոր ժայռեր և տակի խոնավ գիջությունը արևին պարզում։ Նրա իմաստությունը անգութ է և խիստ, որպես անխնա ավերիչ դարևոր հնությունների։

Նվիրականության հոտը նրան չի՛ բորբոսեցնում. ավանդականության օձը նրա ոտների տակն է, և հնամյա բարոյական վիշապը սողունի պես գալարվում է նրա առաջ։

Սավառնում է նա տիեզերքի տարածության մեջ անսահման առաջ. նրա շրթունքներից հոսող ջերմությունը հալեցնում է անշարժ ժայռեր։

Փոքր է նա, որպես հեռվից երևցող աստղ. կիզիչ է՝ որպես էլեկտրական հոսանք։ Նրա խոհերը շանթի նման իջնում են դաշտերի վրա, մոխիր դարձնում ճահիճներ, ընթացք տալիս ծովերի։

Ոլորապտույտ մրրիկի պես շարժում է նա անապատի ավազը, նոր բլուրներ ու բարձրություններ կազմում, նոր հասկացողություններով [ 591 ] ջարդո՛ւմ է հների գլուխը և նո՛ր կշիռներ դնում հրապարակների վրա։

Լեռների անոսր բարձունքների, երկնքին ձգտող ըմբոստ ոգու երգե՛րը լսեցեք…


* * *

… Երբ թափառում էի անտառի մեջ, ոտներս ճահիճների տիղմից ծանրացել էին և հոգիս գարշ օդից բթացել—ըմբոստ ոգին, միայնությանս ու դառնությունների խոհերից ծնած, թափանցեց սրտիս մեջ, խլե՛ց ուղեղս պրկող պատուտակները, և ես գնացի նրա ետևից։

Եվ մարդիկ ասացին. «Խենթացա՛վ»…

Խելոք էի ես ճահիճի մեջ, երբ նախիրային և քառակուսի էր ուղեղս և տիղմով կաղապարած։ Խելո՛ք էի ոչխարի պես, հնազանդ՝ որպես կով և համեստ՝ որպես գրաստ։

Բեռնաբարձ սայլ էին դարձրել ուղեղս և ծանրացրել պարտավորություների ժանգոտ շղթաներով։

Ըմբոստ ոգին՝ բարձրությունների մերկ հսկան, խլեց ինձ և «խենթացրեց» խոհերս։

Եվ ես աշակերտ եղա ըմբոստ ոգուն։

— Խոսի՛ր, վարպետ։ Ծարավի՛ եմ վճիտ և բնական ջրերի, որ դեռ ո՛չ մի ավազանի մեջ չի սեղմած ու պղտորած և խողովակներում չի կաղապարած։

Խոսի՛ր, ըմբոստ ոգի։

Ու ոգին տարավ ինձ բարձր՝ ամեն ճահիճից, ամեն անտառից, և երբ տարտղնած նախիրն էի դիտում, նստեցրեց մի բարձր կատարի վրա և խոսեց այսպես.

— Ես եմ ձեզ հետ խոսողը— լեռների վրա սավառնող, ամպերի բարձրությանը և գիտակցության կրակը գողանալու ձգտող՝ ըմբոստ ոգին։

Եվ ձե՛զ հետ եմ խոսում, գծո՛ւծ որսորդներ, որ վար իջեցրիք ժայռի կատարի վրա ելած արծվին իր ձագերով և նրանցից խրտվիլակներ շինեցիք ձեր աղտոտ պալատների զարդարանքի համար։

Ձե՛զ հետ եմ խոսում, փոքրագույն մասի վրա ցեխ շպրտող որսորդներ, որ արծվային խոհերը գողանալով՝ ձեր խոհանոցը իջեցրիք և նրանով միայն ձեր ստամոքսը պարարող կրակն եք արծարծում։

Ձե՛զ հետ եմ խոսում, գույների՛ սիրահարներ, որ ժողովրդյան մեծ ձգտումները ներկի փոխեցիք և շպարած ձեր աղտոտ դեմքերը, իջեցրիք ձգտումների նժարն ու հաստատեցիք ձեր կազմած ճահիճների տիղմի մեջ։ [ 592 ] Դուք կարողացաք, այո՛, արծվին վար տանել, նաև իր ձագերին. բայց այստեղ՝ բարձրում, ըմբոստ ոգին թաքցրել է մի ձագն ևս, որ մեծացած՝ փորձե՛ պիտի ձեր ուղեղը, կրծե ձեր աչքերը և խարանե ձեր դեմքը։

Դուք կարողացաք, այո՛, ժողովրդյան խոհերի նժարը գծուծ դարձնելով՝ տիղմի մե հաստատել իրեն՝ ժողովրդին՝ նախիրի փոխել. բայց ըմբոստ ոգին պահել է նրա խոհերից կռած երկժանին, որ շիկացնելով՝ մղե պիտի ձեր բորբոսնած սիրտը և ձեր շահամոլ ձեռքերը գամե ձեր խաբեբա լեզվին։

Դուք կարողացաք, այո՛, վսեմ թռիչքները խաբեությամբ ձեր խոհանոցը իջեցնել և ցայտած կայծերով ձեր կերակուրը միայն պատրաստել. բայց ըմբոստ ոգին խնամել է այդ կայծերից մեկը, որ բոցավառված, մրկե պիտի ձեր բոլոր խոհանոցները և շների կերակուրը դարձնե ձեր ճարպացած ստամոքսը։

Բերո՛ւմ եմ ահա արծվի ձագը, որ մեծացել է արդեն՝ տառապողների արցունքն ուտելով։

Բերո՛ւմ եմ վսեմ խոհերից կռած երկժանին, որ շիկացել է արդեն նահատակների տանջանքներով։

Բերո՛ւմ եմ նաև ազատ մնացող ա՛յն կայծը, որ բոցավառվել է արդեն՝ ձեր խաբեության ու գծուծության պատճառած վշտերով։

Գալի՛ս է նա՝ արծվի ձագը, շիկացած երկժանին, ազատ մնացող կայծը՝ մղված ըմբոստ ոգուց։

Ճանապա՛րհ նրան։ Անցնելու է նա ձե՛զ վրա կոխելով, ձեր խոհանոցները փլեցնելով, ձեր կաղապարած բարոյականությունը ոտնակոխ անելով և ձեզ անխնա՛ ոչնչացնելով։


* * *

Իսկ այժմ, ուզում եմ և քե՛զ ապտակել, արածո՛ղ նախիր։ Մի հսկա, կրակ հանող ապտակով ուզում եմ խարան դնել քո՝ գետնին քսվող դեմքի վրա։

Ուզում եմ, որ այդ ապտակը ջարդի՛ կամ փոխի՛ քո ստորաքարշ դեմքը, որ այլևս կարմրել չգիտե, արածո՛ղ նախիր։

Ուզում եմ շանթ լինել և քո սիրտը բովել, այդ ցեխի կույտ դարձրած սիրտը, որ միայն ազատություն է մղում դեպի քո երակները, արածո՛ղ նախիր։

Եվ այդ բոլորը անելուց հետո՝ ուզում եմ լալ և արտասվել քո անկման վրա, արածո՛ղ նախիր։ [ 593 ] Ավերա՛կ ես եղել, ճահի՛ճ ես դարձել։ Ավերակիդ և գարշիդ մեջ լողում ես սողունի նման և հանգիստ զգում քեզ։

Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, գա՛ղջ մթնոլորտով սնանվող նախիր։ Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, անամոթության սովոր գունատ դեղնություն։

Որպեսզի արոտ ունենաս՝ ստրկության մեջ հանգչում ես, որպես փափուկ անկողնի վրա, արածո՛ղ նախիր։ Քո խոհերը նույնքան գարշելի են, որպես ոտներիդ կայան՝ հողը։ Ձգտումներդ նույնքան բարձր են, որքան ջրի տակ իջնող աղտոտ տիղմը։

Եվ դու գոհ ես, արածո՛ղ նախիր։ Գոհ՝ քո մղումներով, գոհ՝ քո երկար աղիքով և գոհ՝ քո չորս ոտներով։

Դու գլուխդ երբե՛ք չես բարձրացնում։ Ու ինչ որ բարձրում, գլխիդ վրա պիտի որոնել, ցած ես բերում ու ցեխոտ սմբակներիդ հարմարեցնում։ Ճահճիդ մեջ ես տեսնում աստղերդ, տիղմիդ մեջ՝ քո տարածությունը։

Պարտականություններ ես սահմանել քեզ շրջապատող եղեգների ձայներից, եղջյուրներդ միմյանց դեմ ես դարձրել, միմյանցով արնոտել։

Ուզում եմ քեզ ապտակել, արածո՛ղ նախիր. խարան դնել քո ստորաքարշ դեմքի վրա։

Ահա՛ իմ շանթերը. թող խրվեն նոքա սրտիդ մեջ և թող ըմբոստ ոգին շարժե քո ճահիճը, խանձե քո արոտը և ոչինչ չթողնե քեզ՝ քո անցյալ սնունդից։


* * *

Բարձրացրու դեմքդ, արածո՛ղ նախիր, և երբեք ինքդ քեզ մի ասի՝ «Ես պարտավոր եմ», այլ միմիայն՝ «Ես ուզում եմ»։

Պարտականությունը մի ախոռ է, ուր էշեր են կապում կամ արածող և մորթելու սահմանած նախիր կուտակում։ Ո՛չ առյուծը կարող է ապրել այդ ախոռում և ո՛չ արծիվը։

Ցանկացիր անապատ, բայց երբեք այդ ախոռը։

Պարտականությունը այն գերեզմանն է, ուր հոտում է ազատություն և սեր և այլ բարձր հատկություններ… Ըմբռնո՞ւմ ես դու, արածո՛ղ նախիր, թե՞ գուցե ճահճային հասկացողությամբ պիտի մեկնես իմ ապտակը։

Պարտականությունը մի ջրաղաց է, խոնարհա՛ծ գլուխ, ուր փոշի են դառնում ձեռներեցության և անկախության ոգին… Ըմբռնո՞ւմ ես դու, տափակա՛ծ ուղեղ։ [ 594 ] Պարտականությունը այն ստորացուցիչ նշավակի թևն է, որ առաքինություն է կոչվել և որին գամում ու նշավակում են ինչ որ մեծ է, ինչ որ վսեմ է։

Իմ ապտակը աքցան թող լինի և կորզի քեզ նշավակության անիվի վրայից։ Իմ ապտակը թող մերկացնի այն խեղկատակ դիմակը, որով քո հովիվները ծածկել են Մեդուզայի զզվելի գլուխը։

Ահա՛ իմ ապտակը։


* * *

Ահա՛ իմ հսկա ապտակը, իմ աքցանը, իմ ջնջոցը…

Ի՞նչն է, որ կոչվել է առաքինություն։

— «Եղիր խոնարհ, համեստ, բարի, համբերող։ Եղիր սիրալիր, երկայնամիտ՝ և դու առաքինի ես»— Այդպես են խրատում քեզ. և ո՛չ ոք չի եղել, որ ապտակելով քեզ՝ այդ բառերի բուն գործադրությունը պարզե քո առաջ։

Իսկ ես ասում եմ. «Կտրեցեք այդ առաքինության հրեշավոր գլուխը, շատ հաստացել է նա. կտրեցեք ոտները—շատ երկարացել է ու ծռմռվել… Կտրեցեք անխնա։

Եղեք հպարտ, հանդուգն, եղեք նույնիսկ չար, բարկացող, խիստ և կռվարար…»։

Ըմբռնո՞ւմ ես դու, արածո՛ղ նախիր, թե՞ ճահճային հասկացությամբ պիտի մեկնես ապտակս։


* * *

— «Եղիր համեստ»,— ասում են քեզ։ Եվ համեստությունը խոնարհություն ես հասկացել ու ստրուկ դարձել։ Քեզ ոչինչ վստահել չի կարելի, ստրուկ-խոնարհ։ Եվ դու գլուխդ քարշ, արածում ես միայն և աստղերդ ճահճի մեջ երազում։

— «Եղիր խոնարհ»,— ասում են քեզ։ Եվ խոնարհությունը անճարակություն ես հասկացել, և եղել ես անշնորհ, անճարակ և ապուշ։ Քեզ խղճացել են միայն, թշվառական անմիտ։ Եվ դու գլուխդ քարշ, կրել ես ամեն նախատինք, ամենի իշու բեռ և յուրաքանչյուր քայլդ վարանել ես դնելու։

— «Եղիր բարի»,— ասում են քեզ։ Եվ մեջքիդ բարձել են ամեն աղտոտություն, սրտիդ դրոշմել ամեն գծուծություն։ Տվել ես ամեն ունեցածդ և ինքդ մնացել ձեռնունայն. այժմ մուրում ես։

— «Եղիր համբերող»,— ասում են քեզ։ Եվ համբերատարությունը [ 595 ] հասցրել ես համակերպության։ Բարձել են սրտիդ, ուղեղիդ վրա ճզմող, փոշիացնող առաքինություններ։ Եղել ես արյունոտ մտրակ քո իսկ մեջքի վրա. մտրակում ես թմրեցնելու չափ քո իսկ մկանունքը, փոխում քեզ տձև ցեխի, և ամեն անցորդ իր սմբակներով ոտնակոխ է անում քեզ։

— «Եղիր երկայնամիտ»,— ասում են քեզ։ Եվ քո միտքը այնքա՜ն երկարացրել ես, որ թույլ սողունի նման՝ հողի և փոշու մեջ է ծածկվում. երկար մտքովդ կաշկանդել ես սիրտդ և գոհ ես անշարժութունովդ։

Եկել եմ ահա։ Կրակովս պիտի մրկեմ–կարճացնեմ երկայնամտությունդ, խոհերովս տրորեմ խոնարհած ճակատդ, թքեմ պիտի կորացած սրտիդ վրա, ըմբոստ ոգովս դարբնեմ–ուղղեմ համբերատար ու ծռված ողնասյունդ, արածո՛ղ նախիր։

Եթե ընդունակ չես ազատվել քեզ ճզմող առաքինություններից, եթե չես կարող կտրել ականջներդ, փորել արտասուքի աղբյուրներդ—ոչնչացիր իմ կրակով, և մոխրիդ միջից կծնի այն նոր սերունդը, որ կարող պիտի լինի ծաղրել ամեն կաղապարային առաքինություն։


* * *

Սիրում եմ ես կռիվը։ Սիրում եմ կռվարարին, սիրում երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք լուռումունջ արածող ոչխարին։

Սիրում եմ նրան, ով ագոհ է, անվարվեցող, ով ըմբոստ է և հոխորտ, ով խայթող է և բռունցքն երկաթի։

Սիրում եմ ես նրան, ով հոսանքի դեմ է լողում, հոսանքն ի վեր գնում՝ ջարդվելով ալիքների դեմ։

Եվ այդ պատճառով՝ սիրում եմ կնճռոտ դեմքեր, սիրում խայթիչ լեզուն, սիրում ճիրաններ և լարված նետեր։

Եվ այդ պատճառով՝ թքում եմ ես ձեր երանավետ դեմքին, ձեր խաղաղ բարքի, հեզ բնավորության և համակերպող բարության վրա։

Եվ այդ պատճառով՝ գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու…

Ցույց եմ տալիս քեզ ահա՛ այդ գետակը, որ փորում է ամեն բան և ճանապարհ կորզում, որ փրփուրներով մաշում է կոշտ ժայռեր, ուտում է նրանց կուրծքը, պայթում նրանց գլխի վրա, ոտնատակ տալիս մացառ ու քար և չի՛ կամենում լճանալ-հոտել, իջնել–արտասվել։ [ 596 ]

Ցույց եմ տալիս նույնպես ահա՛ այն քծնող շանը, որ անոթի չմնալու համար՝ շարժում է պոչը, տիրոջ նշանի վրա՝ ազատ ընկերին խածնում, կաղկանձում է ամեն կիցի տակ, մեջքի վրա պառկած՝ դողում է ամեն սպառնալիքի առաջ և գնում սատկելու ամենից մոռացված՝ որջի մութ անկյունում։


* * *

Եղի՛ր լարված նետ, արածո՛ղ նախիր. արտասուքդ թույն շինիր, սիրտդ նետ և սլացիր ամեն ուղղությամբ։

Եղի՛ր խոյ, արածո՛ղ նախիր. եղջյուրներդ սրիր ոտներովդ, կնճռիր դեմքդ. կնճռիր, բայց մի հուսահատվիր։

Այդպե՛ս միայն կարող ես խցել արտասուքիդ աղբյուրը, բռունցք շինել մուրացող ձեռքդ, սրել տափակ ատամներդ։

Այդպե՛ս միայն կարող ես ճահիճդ լեռ դարձնել, աստղերդ իր տեղը հանել և չորս ոտքդ՝ երկուսի փոխել։

Այդպե՛ս միայն կարող ես կարճացնել ականջներդ, կտրել առաքինության հաստացած գլուխը և փակել պարտականության ախոռի դուռը…


* * *

Երգեց ըմբոստ ոգին իր այդ երգերը, դարձավ ապա դեպի ինձ և ասաց այսպես.

— Այս երգերը չեն ճահճային հասկացողությունների կամ ժողովրդյան ձգտումների նժարն իջեցնող՝ գծուծ որսորդների համար։

Եթե վատ հնչեցին նրանք քո ականջին—վար իջիր ուրեմն դարձյալ դեպի արոտը—ահա՛ նախիրը և ահա՛ որսորդների աղտոտ խոհանոցները։ Իջիր, մտիր ուրեմն այդ փոքրագույն մասի վրա ցեխ շպրտող որսորդների շարքը։

Ըմբոստ ոգին կանգ չի առնում և ոչ էլ կլռի. նա երբեք չի կասում։ Վաղ թե ուշ այդ բոլորին նա կամուրջ կդարձնի իր խոհերի համար և նրա վրայից ձեռք կտա այն փոքրագույն մասին, որ հառաջընթացն է լինելու բարձունքների և մաքուր օդի ձգտող սերնդյան։

Եթե խորթ հնչեցին երգերը քո ականջին, խլացիր ուրեմն կաղապարային առաքինությունների փքուն աղաղակներով, մտի՛ր պարտականությունների ախոռը և համբուրիր մտրակի կոթը։

Ըմբոստ ոգին կանգ չի առնում և ոչ էլ լռում. նա երբեք չի վարանում։ Վաղ թե ուշ՝ կլայնացնի նա բոլոր նեղ դռները և նրա միջով կանցկացնի իր պատրաստ սերնդյան հսկա որդիները… [ 597 ]

* * *

Ժողովրդական նախապաշարմունքներին և ամբոխային անարգ բնազդներին ծառայող դուք տխմար հովիվներ, ես եմ դարձյալ խոսողը ձեզ հետ,– լեռների վրա սավառնող, ամպերի բարձրության և գիտակցության կրակը գողանալու ձգտող—ըմբոստ ոգին։

Ես ձեզ հետ եմ խոսում, գծուծ նախրորդներ, որ «ժողովրդյան շահերին ծառայողների» բարեպաշտ ժպիտներ հագած՝ խուսափում եք մերկ ճշմարտությունից, որպես բուն՝ շլացնող լույսից։

Կուրացրին ձեզ իմ նետած ճառագայթները։ Ժայթքածս կրակը մրկեց ու այրեց բոլոր ձեր կշիռները, որոնց մեջ աղտոտվում էին մարդկային ոգու ըմբոստացումները։

Ասո՛ւմ եմ ձեզ ահա. «Նա է միայն ծառայում ճշմարտության, ով ատելի է ամբոխին»։

Ասում եմ ձեզ ահա. «Նա է միայն ճշմարիտ առաքինին, ով անխնա կտրտում է ձեր կաղապարային առաքինությունների գլուխը և խլում ձեր կոշտ ձեռքերից՝ ժողովրդյան խոհերի կշիռը, ջարդում բոլոր ձեր փտած տախտակները»։

Եվ ահա այդ պատճառով, բերում եմ ձեզ դարձյալ արծվի ձագը, շիկացած երկժանին, ազատ մնացող կայծը, որ անցնեն նրանք սուրալով, կոխոտեն ձեր բորբոսնած բարոյականությունը, ձաղկեն ձեր քարոզած պարտականությունները։

Եվ ահա այդ պատճառով, գալիս եմ դարձյալ խարանելու ձեր ճակատը և խլացնելու ձեր սողունային պաղատանքները։


* * *

Ծամածռեցիք ասածներս. «Ժողովրդի մեծ բարեկամներ» կոչելով ձեզ՝ գլխիվայր հնչեցրիք երգերս ամեն կողմ. հասկացաք ասածներս, բայց չկամեցաք հասկացնել ամբոխին և ծաղրի տվիք ըմբոստ ոգու սեգ կոչերը։

Բայց ոգին, որին ծաղրեցիք, խոհերը արյունով ներկեց, տանջանքի ու վշտի խանդով տոգորեց և այժմ ահա ժայթքում է նրանց, կրակ դնում ձեր ծամածռող դեմքերի վրա և արյունոտելու գալիս ձեր աղոթք մրմնջող շրթունքները։

Երբ միտքը վճռում է անցնել պատվարներ—նա չի՛ խորհում վախենալու որևէ սահմանապահ պաշտոնյայից։

Անցնում է նա ամեն պատվար, անցնում համարձակ։ Մտքի ազատությունը հաշտ չի՛ ապրում պատվարի և ստամոքսի հետ։ [ 598 ]

Երբ միտքը առյուծ դառնալ է երազում—նա չի՛ մտածում, թե ի՞նչ կկարծեն ոչխար լսողները։ Ազատ ու լայն բացվող թևերը հաշտ չեն ապրում խոհանոցային շրջափակների հետ։ Չի՛ կարելի չորս գծից հեռու քայլ դնել, եթե գլուխը ստամոքսի մեջ է ապավեն որոնում։

Հանել է պետք խոհերը աղտոտ ճահիճներից և հնչեցրել է հարկավոր նրանց այնքան բարձր, որ լեռը թեև փլչի վրադ, բայց ըմբոստ ոգիդ քեզ ավելի վեր հանի, քան ամեն լեռ։

Եվ քեզ, արածո՛ղ նախիր, դարձյալ ապտակելու եմ եկել ես։ Իմ ապտակը թող խանձե կեղտի տառթ կապած դեմքդ և ուղղե կորացած ողնասյունդ։

Այդպես եմ խոսում ես քեզ հետ, արածող-ստրուկ նախիր։

Եթե դու ինձ չես ըմբռնում, գնա դարձյալ անարգ բնազդներիդ ծառայող հովիվներիդ մոտ, և թող նոքա ծամածռեն խոսքերս՝ քեզ գայլերի ոհմակ դարձնելով ըմբոստ ոգու դեմ։

Գնա՛, եթե տաք է «պարտականություններիդ» ախոռը քեզ համար և եթե քաղցր են քո ուղեղին՝ խոնարհական առաքինություններիդ շարքը։

Ծաղրեցի «երկայնամտությունդ և խոնարհությունդ», թքեցի «առաքինություններիդ» վրա, «համեստությանդ ու բարությանդ» գլխին քարեր գլորեցի, և դու զայրացար ու հովիվներիդ ինձ վրա արձակեցիր։ Ուզում եմ այժմ ավելի զայրացնել քեզ, ծռված ողնաշար։ Ուզում եմ մի առ մի կտրել բոլոր «բարեմասնություններիդ» հաստ գլուխները և նրանց պատվանդանի վրա կանգնեցնել քո նոր աշխարհը։

Պիտի կարողանա՞ս արդյոք շնչել այս նոր ազատ օդի մեջ։ Այդ միայն կարող է ուղղել կորացած վիշտդ։ Եթե մաքուր և ազատ օդը սպանում է քեզ, մեռիր ուրեմն, գարշ զեռունների կույտ, որովհետև առաքինություններդ—ահա դարեր են անցնում—միմիայն ստրուկ սերնդով լցրին դրախտ երկիրդ։

Հայրենիքդ պղծեցիր ծառայական գծուծ հատկություններով, մեծ ապագայի լույսերը ծաղրի առարկա դարձրիր, շքեղ գաղափարները փոշիացրիր տափակած ուղեղիդ կնիքով և այժմ ահա լզում ես զարնող ձեռքերը և մուրում այն, ինչ պիտի կորզեիր։

Իմ ապտակը թող կռան լինի, փշրե մուրացող ձեռքդ և պայթեցե արտասվող աչքդ։

Իմ ապտակը թող բոց լինի և վառե հովիվներիդ խոնարհություն քարոզող անարգ լեզուները։

Այսպե՛ս եմ խոսում ես քեզ հետ, արածող նախիր։ [ 599 ]

Գա՞յլ եմ ես, գայլայի՞ն են երգերս։

Ո՞րն է քեզ փրկողը գլուխդ կռանի տա՞կ, թե՞ կռանը ձեռքիդ մեջ։

Ո՞րն է քեզ բարձրացնողը գայլային վարդապետությունը, թե՞ վարդապետներիդ գայլությունը և ոչխարային պարտավորությունների մասին քեզ ավանդած թմրեցնող խրատները։

Ճչա՛, կատաղի՛ր նույնիսկ այս երգերիս դեմ, բայց սովորիր գոնե ճչալն ու կատաղելը։

Այդպե՛ս դու կարող ես չորս ոտքդ երկուսի փոխել, «առաքինություններիդ» հաստ գլուխները ջախջախել և ծռված ողնասյունդ ուղղել կանգնեցնել։

Այդպե՛ս դու կարող ես սրբել բորբոսեցնող արժեքներիդ բոլոր հին տախտակները և նրանց վրա նորերը դրած՝ ամպերի հասնել։

Այդպե՛ս դու կարող ես մտրակի ծայրն ուրիշին և կոթը ձեռքդ առնել, նրանով ջախջախել հովիվներիդ խոնարհ քարոզները, քարոզվող խոնարհությունները։

Սիրո՛ւմ եմ ես աղմկողների, սիրո՛ւմ չարերի և կռվարարների, բայց երբեք վզերին օղ կրող ստրուկների և ձեռքի ափը միշտ պարզած մուրացիկների։

Սիրո՛ւմ եմ զգացմունքների ներշնմամբ ամեն բան խեղդող հոխորտ առյուծների, բայց երբեք՝ պարտավորությունների համար զգացմունքները խեղդող անարգ զեռունների։

Եվ այդ պատճառով գարշում եմ, երբ ճնշում ես սիրտդ, մտքերդ կաշկանդում, ուղեղդ շրջանակավորում։

Եվ այդ պատճառով՝ ատո՛ւմ եմ քեզ, երբ ամբոխային կարծիքների տակ թևերդ ես ծալում–գոցում և սիրտդ, արյան տեղ՝ երկյուղի ջրով միայն լցնում։

Եղի՛ր համարձակ, արածո՛ղ նախիր, խլիր, բայց մի՛ մուրա, գոռա, բայց մի՛ աղերսի, զարկ, բայց մի՛ խոնարհվի և ջարդիր, փոշի դարձուր կապեր, պատվարներ, սահման ու շղթա։

Այդպե՛ս դու կարող ես լեռները մագլցել, ազատ օդով թոքերդ մեծացնել և զգացմունքներիդ շնչով ամեն կապ փշրել։

Այդպե՜ս դու կարող ես մարդ լինել, կարծիքների բեռան ծանրությունը մի շնչով փոշիացնել և փտեցնող առաքինություններդ ծաղրով ու քրքիջներով ցրել-ոչնչացնել։ [ 600 ]

* * *

Ըմբոստ ոգին ահա դարձյալ խոսեց այն, ինչ որ հովիվներդ «գայլային վարդապետություն» անունով կնքեցին։ Բայց նա՛ խոսեց ճշմարտությունը։ Եվ վայ քեզ, արածո՛ղ նախիր, եթե նրա արձակած ճառագայթների լույսը կուրացնում է աչքերդ։

Ըմբոստ ոգին չի՛ լռում։ Վաղ թե ուշ՝ նրա խոսքերը կամուրջ պիտի լինեն, պատվանդան՝ որի վրա պիտի կանգնի ապագա ազատ հայրենիքդ և վսեմացած մարդկության առաջին հիմնաքարը։