Գիշերային զանգակներն են ղողանջում դաշտերի մեջ կիսամութ,
Հոգիս` արթուն, խլրտուն, և՛ մենակ է, և՛ տխուր,
Ձեր հոգեխումբն է շուրջս ահա անվերջ պտտվում,
Ընկերներ իմ սիրելիմ այս աշխարհից գնացած:
Ու փնտրում եմ ես նորեն գաղտնիքներն այս աշխարհի.
Ինչո՞ւ դուք շուտ հեռացաք, ինչո՞ւ մենակ մնացի.
Եվ թվում է, թե ահա հյուր են եկել ինձ նորեն ձեր հոգիները հեռվից,
Ասես ուզում են հիմա սրտիս եղածը պատմեմ:
Կյանքը նույնն է մնացել` հիվանդոտ ու հուսաբեկ,
Եվ նոր մարդիկ են գալիս ու հեռանում աշխարհից,
Նորեն սերերն են ծաղկում ու թառամում վարդի պես,
Նորեն արցունք է հոսում վշտաբեկ շատ սրտերից,
Ձեր զավակներն հիմա մեծանում են լոկ առանց հայր`
Սրտի փոքրիկ անկյունում պահած անուն-հիշատակ,
Ե՛վ տխրում են, և՛ ժպտում ժամերի մեջ սպասման,
Մինչ չկա ձեզ վերադարձ, անդառնալի եք հեռու:
Եվ ձեր մայրերն են անվերջ արցունք հեղում օրնիբուն
Ու ձեր կորուստը սգում առաջվա պես սրտաբեկ,
Եվ ձեր կանայք սիրատենչ շրջում են միշտ սև հագած,
Ձեր անունը չջնջած իրենց սրտից սևակնած:
Եվ հոսում է կյանքն այսպես` անդառնլի, մշուշոտ,
Ձեր շիրիմներն եմ հիշում և ձեր տները կիսատ,
Դուք ննջում եք միշտ հեռվում` դաշտերի մեջ սևաշող,
Եվ այնտեղ էլ չի բանտվում ժամանակն այս անբանբեր:
Ղողանջում են տխրաբույր զանգակները մեղմաձայն,
Հոգիս` արթուն, խլրտուն, անսփոփ է և մենակ,
Չի կշտանում նա երբեք զրույցներից իր լռին,
Այս աշխարհից գնացած, ընկերներ իմ սիրելի: