Jump to content

Ընկեր Փանջունի/Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար/Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ընկեր Փանջունի
 Ա
Գ 

Բ

Սիրելի ընկեր,

Ուրախ տրամադրության տակ կը գրեմ այս նամակս և կը հուսամ որ հաջորդով կարող պիտի ըլլամ փաստացի իրողություններ հաղորդել ձեզ: Առաջին քայլերն իրավ դժվարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ հույս ունիմ:

Քոմրաշ գյուղի քրդերը լավ ընդունելիություն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մոտ և տեսա որ լավ տրամադրություններով լարված են: Էքսբրոբրիացիայի տեսություններս շատ ավելի դյուրավ ըմբռնեցին քան մեր ապուշ ծապլվարցիք: Պատրաստակամություն հայտնեցին անմիջապես գործնական հողի վրա դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գյուղացիներու ինչքերը բռնի ուժով գրավելու հարցը: Ըսի թե չպետք է աճապարել և թե հարկ է մի քիչ սպասել: Համենայն դեպս Քոմրաշ գյուղը մեր պրոփականտային համար մի ամուր կռվան է:

Մի հիանալի դեպք ցույց կու տա, թե ինչ հզոր նկարագրի տեր են այդ քրդերը: Զիս չորս օր ամենամեծ պատվով հյուրընկալելե և մեծարելե ետք` երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչված ձորին մեջ, նույն այն քրդերն որոնց տանը մեջ հյուր եղած էի, հանկարծ` զինյալ վրաս հարձակեցան և զիս կողոպտեցին` գրեթե մորե մերկ ձգելով:

- Բայց ինչու ձեր մոտ գտնված ատենս զիս չթալլեցիք, - հարցուցի զարմացած:

- Այն ատեն մեր հյուրն էիր, - պատասխանեց Քելեշ Մրկո տանուտերը, - բայց անգամ մը որ գյուղեն հեռացար, այլևս եղար մեր որսը:

Այդ պատասխանը իր մեջ կը պարունակե մի սկզբունքային խորին հարց, որ արժանի է լուրջ խորհրդածության:

Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցի միսիաս: Այժմ ունիմ իմ մոտ մի ջերմ հավատացյալ կուսակից, որը մոտավոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ, դա ծանոթ է գյուղին մեջ Խև Ավո անունով: Տասնութ տարեկան մի կտրիճ երիտասարդ է Խև Ավո, որ հորենական տունեն արտաքսված է մի շարք պատճառներու համար, որոնք մեզ չեն հետաքրքրեր: Ծապլվարցիք ընդհանրապես վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին` զոր կը նկատեն իբրև հիմար և անբարո: Դա արդյունք է միջնադարյան կղերական ոգիի` միացած պուրժուազիական անձուկ ըմբռնումներու հետ: Որովհետև նա տանտերներու բացակայության ժամանակ անոնց տունեն մի քանի իրեղեններ վերցուցեր է, որովհետև նա դաշտին մեջ առանձինն հանդիպելով Կրպոյենց Սեխոյի աղջկան` բնական պահանջքե մղված անոր հետ հարաբերություն է մշակեր. որովհետև Տեր Սահակեն փող պահանջելով` այդ սև հոգի կղերամիտը մերժեր է տալ և Խև Ավո անոր ըմբոստությունը պատժելու համար քարկոծեր է զայն ևն.ևն, այժմ այդ խեղճ տղան կը նկատվի իբրև մի տեսակ հիմար չարագործ և անոր դեմ սարքված է հալածանք և դավադրություն: Միշտ միևնույն պատմությունը. կամ պետք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծռել անոնց կեղեքիչ նախապաշարմունքներուն և կամ հալածվիլ այդ ոհմակներու կողմե: Բայց վերջը խնդացողը լավ պիտի խնդա, կըսե ֆրանսիական առածը:

Առաջին րոպեեն տեսա որ Խև Ավո մի լավ խմոր էր և կարելի էր օգուտ քաղել իրմե. անմիջապես հրավիրեցի իմ մոտ, խրատեցի, հրահանգեցի, քարոզեցի և այժմ նա դարձավ մի կատարյալ հեղափոխական ընկերվարական: Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերուն մեջ կարևոր դեր կատարելու կոչված է Խև Ավո:

Անցած օր Քոմրաշ գյուղեն երկու քուրդ փոխադարձ այցելության եկած էին ինձ մոտ: Տանս մեջ զիրենք պատվասիրելու համար բավականաչափ ճաշ չկար. այս պարագան հայտնեցի Խև Ավոյի:

-Դու հոգ մի տանիր, - պատասխանեց և մեկնեցավ:

Քիչ հետո երկու պատվական հավերով վերեդարձավ: Երկուքն ալ խաշեցինք ու կերանք. երբեք այդպիսի համեղ հավու միս չէի կերած: Ես և երկու հյուրերս ստիպեցինք Ավոն, որ մեզ հայտնե թե ո՞ւսկից բերած էր այդ հավերը:

Րես Սերգոյի պարտեզեն գողցա, - ըսավ Ավո, - ճիշտ այդ միջոցին ուր իր կինն ու երկու հարսերը հոն էին:

Շատ ծիծաղեցանք ամենքս ալ: Քրդերը հիացած մնացին Ավոյի ճարպկության վրա, իսկ ես կը մտածեի, որ վերջապես դարավոր հարստահարյալն էր, որ կընդվզեր և գործնականապես կը ջանար տիրանալու իր իրավունքին:

Ծապլվարի մեջ մեր կոսակցության հարած է նաև Սմենց Վարդանը: Դա Րես Սերգոյի մշակներեն մին է, զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է, ամբաստանելով զինքը թե իբրև գող և թե իբրև ծույլ: Երբ իրողությունը իմացա, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Վարդանը և ստիպեցի, որ տեղի չի տա ու բռնի պահանջե որ զինքը կրկին քովը առնե: Անկարելի եղավ համոզել:

- Ոչ, - ըսավ, - ավելի լավ է, որ ներում խնդրեմ, տեր Սահակի միջնորդության դիմեմ, որպեսզի ինձ համար բարեխոսե, Րես Սերգո չար մարդ չէ և ինձ կը ներե:

Տեսեք թե ո՞ւր հասած է ստրկամտությունը:

Ժամերով համոզեցի, որ ետ կենա այդպիսի ստոր միջոցներե և վերջապես որոշեցինք, որ ես ուղղակի դիմեմ Րես Սերգոյի և պահանջեմ որ պատվո ատյան մը կազմվի խնդիրը քննելու համար: Վարդան հավանեցավ, բայց Րես Սերգո չուզեց մեր արդար պահանջքին գոհացում տալ: Ես ալ երեկ մի սպառնական վերջնագիր ուղղեցի այդ կեղտոտ արարածին և Խև Ավոյի հետ ղրկեցի: Տեր Սահակ պիտի գա եղեր այդ մասին ինծի հետ բանակցելու: Եթե բավարարություն չտրվի մեր պահանջումին` գործերը կը մտնեն տարբեր ուղիի մեջ:

Խև Ավոյի համար շատ հեշտ բան է կրակի տալ Սերգոյի կալը կամ գոմը այն պարագային, որ նա ավելի առաջ տանի իր բրովոքացիան Մի քիչ փող ուղարկեցեք: