Ընկեր Փանջունի/Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար/Կենսագրական նոթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին
Կենսագրական նոթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին
Կյանք մը, որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործողության ամեննեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը: Ուստի ապագա կենսագիրներու թողլով Ընկ. Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքան դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր` ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ` ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ:
Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնված է 1875թ. – ին: Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով: Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն` ընկեր Փանջունիի ունայնությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին: Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանարելով:
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ալ բերանը դյուրավ չէ գոցած: Քանի կը մեծնար, այնքան կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար: Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի:
— Բայց տանը մեջ ալ դիմացվելիք բան չէ:
— Բամպակ թխեցեք ականջնիդ, աս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը:
Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:
Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
— Ծո, ինչ ես ըրեր անոթը:
— Շինեցի հայրիկ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:
— Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:
— Չէ, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան:
Ի զուր հայրը երկար-բարակ կը բացատրե թե` երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել: Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ինչ կընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին ավդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
— Կը շինեմ կոր:
Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կանցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կամ դասատուին, կամ դասագրքին, կամ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին:
Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ:
— Հինգ անգամ հինգ` քսանհինգ կընե,— կըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ:
— Չէ,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ` հիսուն կընե:
— Ոչ, քսանհինգ կընե:
— Հիսուն կընե:
Մյուսը տեսնելով թե դժվար,— ինչ կըսեմ անկարելի է,— խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
— Լավ, ես թող այնպես գիտնամ թե` քսանհինգ կընե, դուն ալ այնպես գիտցիր թե` հիսուն կընե, ու ալ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք:
— Չըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կընե:
— Այդ անկարելի է:
Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքվելով:
— Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել,— մռնչեց Փանջունի,— առ քեզի համոզիչ ապացույց մը:
Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն:
Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացավ թե` հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքելու վարժապետին:
Վարժապետին իսկույն կանչեց Փանջունին և`
— Ինչու ընկերոջդ գլուխը պատռեցիր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին` «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»:
— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիստը հանդիսավորապես:
Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.
— Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…
Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ:
Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց: Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր: Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած` պահանջելով իր ժառանգության բաժինը: Եղբայրը առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ:
Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը: Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնացան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով` ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար:
Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ` իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ:
Փանջունի տեսավ, որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինքը փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը: Այս երկու տեսողությունները իրար մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերավարությունը:
Այն ատեն ըմբռնեց թե ինչ դժոխային անարդարություն էր քափիթալիզմը, և թե ինչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում: Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»-ը հնչած էր իր մտքին մեջ:
Ընկերվարական էր:
Ու ալ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտըվնե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կորոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել իրեն, միամիտները ապշահար կնային այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով` կերթային իրենց գործին:
Իսկ ան կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր:
Խեղճ եղբայրը շվարած շլմորած` չէր գիտեր ինչպես ազատիլ այս փորձանքեն:
Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
— Եղբայր, բան մը մտածեցի:
— Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը:
— Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,— հարցուց մյուսը շփոթած:
Զարմանալի է, որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք: Փանջունի այսպես սիրուն խոսքեր շատ ուներ և եղբայրը վարժված էր անոնց, ուստի առանց բարկանալու իր խոսքը շարունակեց.
— Մտածեցի, որ փոխանակ հոս պարապ ժամանակ անցընելու, քեզ Մարսիլիա վաճառականական դպրոցը ղրկեմ, ուր երեք տարի մնալով կրնաս վկայականդ առնել և հոս վերադառնալ, ուր միասին կը շարունակենք իմ գործս:
Եվրոպայի մեջ ուսանող ըլլալու գաղափարը ժպտեցավ Փանջունիի, որ անմիջապես պատասխանեց.
— Շատ լավ գաղափար է, և սիրով կընդունիմ:
Ամիս մը վերջը Փանջունի երկու ձեռքը մեյ մեկ պայուսակ ժոլիեթի քարափը կը դներ ոտքը:
Շաբաթ մը մնաց Մարսիլիո մեջ, վաճառականական դպրոցը այցելեց, ծրագիրը աչքե անցուց, գործին չեկավ ու շոգեկառք նստելով գնաց Ժընև, ուր արձանագրվեցավ իբրև սոցիալ գիտություններու ազատ ուսանող:
Սոցիալ գիտություններու ազատ ուսանողի կյանքը չորս տարի տևեց և այդ չորս տարվան միջոցին Փանջունի հինգ անգամ գնաց այն համալսարանը, ուր արձանագրված էր:
Առաջին անգամ` սուլելու համար պատմության դասախոսը, որ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը գովաբանած էր, պախարակելով սակայն Պապեոֆի և իր կուսակիցներուն հախուռն գաղափարները: Երկրորդ անգամ գնաց ցույց մը ընելու համար ընկերվարական դասախոսի մը դեմ, որ քննադատած էր ռուս ոչնչականությունը: Երրորդ անգամ գնաց բողոքելու համար իմաստասիրության ուսուցչին դեմ` որ պետք եղած խանդավառությունը ցույց չէր տված Քրոփոթքինի վարդապետությանց: Չորրորդ անգամ ձմեռ ատեն, գնաց համալսարան, որովհետև իր սենյակին մեջ ցուրտ էր ու վառելանյութը կը պակսեր և գարեջրատուն երթալու դրամ չուներ քովը: Եվ վերջապես, հինգերորդ անգամ գնաց սպանիացի ուսանողներու հետ ծեծ մը քաշելու համար ուսուցչի մը, որ Պարսելոնի անիշխանական արարքները քննադատած էր: Այս վերջին այցելությունը պատճառ եղավ որ զինքը արտաքսեն համալսարանեն և անունը ջնջեն ուսանողներու արձանագրության տետրակեն:
Համալսարան հաճախած այս սուղ վայրկյաններեն դուրս, Փանջունի իր ժամանակը կ’անցըներ հայ և ռուս հեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին:
Գարեջրատուները, որոնց մեջ կը լուծվեին մարդկային ընկերությունը տանջող բոլոր խնդիրները, իր գլխավոր կայարանն էին, իր անառիկ մարտկոցները ուրկե կը ռմբակոծեր աշխարհի բոլոր կեղտոտ պուրժուաները, կեղեքիչ քափիթալիսթները, չխնայելով նույնիսկ եղբորը, որ կը շարունակեր ամսական երկու հարյուր ֆրանք ղրկել, ոչ թե խեր մը սպասելով Փանջունիեն, այլ որպեսզի ականջը տինճ ըլլա:
Եվ սակայն 96-ի ջարդերը վրա հասեր էին, եղբորը գործերը ավրվեր, ինք հալածվեր, բանտարկվեր, փճացեր էր և օր մըն ալ ստիպվեր էր ամեն բան թողլով կինն ու զավակները առնել և հեռանալ Տրապիզոնեն` դեպի արտասահման:
Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր:
— Կեղտոտ արարած,— գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով:
Այսպիսի ժեսթեր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին:
Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ: Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme- ը իր ամեն անհաճո երևույթներովը:
Իր ուսանող բարեկամները ժամանակ մը օգնեցին իրեն, բայց օր մըն ալ երթաս բարովը դրին, թեր շատ փափկորեն:
— Ինչպե՞ս այս վատ դրութենեն դուրս պիտի ելլեմ,— ըսավ այդ հուսահատական օրերուն իր բարեկամներեն մեկուն, որ ուսանող, հեղափոխական և խմբագիր էր միանգամայն:
— Եկուր քեզ հեղափոխական գործիչ շինենք— ըսավ բարեկամը.— խոսելու դրություն ունիս` այդ բավ է:
— Ծովը իյնողը օձին կ’սե առածը, մեր մեջ ալ կարելի է ըսել թե` անոթի մնացողը հեղափոխական կ’ըլլա:
Փանջունի ընդունեց առաջարկը:
Ամիս մը ետքը մեր հերոսը ճամբա ելավ դեպի Պուլկարիա «կենաց բանը» քարոզելու, հետո անցավ Հունաստան, հոտո` Եգիպտոս և ի վերջո Պարսկաստան և Կովկաս: Իր տաք, համոզված, եռանդուն և անխոնջ պերճախոսությունը կը հրդեհեր սառած հոգիները, կը պրկեր, կը զորացներ թուլացած ջիղերը և կը խանդավառեր միամիտ էությունները: Իր պաշտոնն էր ֆետայիներու հրոսախմբեր կազմակերպել ու զանոնք երկիր ղրկել, ինք մնալով արտասահմանի մեջ:
— Մենք ժամկոչներու կը նմանինք,— կըսեր հաճախ,— զանգահարությամբ ուրիշները կը հրավիրենք ու եկեղեցի կը մտցնենք, իսկ մենք դուրսը կըմնանք: Ազնիվ անձնազոհություն:
Փանջունի հեղափոխական այս տենդոտ գործունեության մեջ էր պարսկական սահմանագլխին վրա, երբ հանկարծ լուր ստացավ թե Սահմանադրությունը հռչակված է Թուրքիո մեջ, բանտարկյալներու ընդհանուր ներում եղած է, մամուլի ազատություն տրված է և թե ամեն մարդ ազատորեն կրնա Թուրքիա մտնել։
Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հեոսը:
— Մեր գործը պրծավ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը:
Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր: Բուն գործը հիմա պիտի սկսեր:
Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ.Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»-ի հրաշալի գյուտը, ավելի սահմըռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեռք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները:
Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands – ներու զինվորներուն պես: Իրավ է որ ութ տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրավ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց ափսոս, ականջները ալ սկսած էին հափրանալ: Բաց
աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներու և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ` օր մը պիտի վարժվենք դժոխքի կրակին, ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա:
Այն ատեն Փանջունի վճռական որոշում մը տվավ:
Պոլիսեն ավելի` հարկ անհրաժեշտ է գավառը զարթնեցնել, լուսավորել, հեղափոխել:
Ու մեկնեցավ Արաբկիր, անկե Ծապլվար, ուր հաստատեց իր գործունեության կենդրոնը:
Հետագա նամակներուն մեջ պիտի տեսնենք այս գործողությունը, որ զուրկ չէ տեսակ մը վեհափառութենե, գոնե ոմանց համար: