1
Նա, որ ուժով ամենազոր հաստեց երկնի կամարն անհուն,
Շնչեց վերուստ և տվեց շունչ ամեն շնչի տիեզերքում,
Պարգևեց մեզ հողն ու տեր ենք անեզրության այս բազմագույն[1],-
Նա է կարգում[2] երկրում արքա ի պատկեր յուր և յուր հանգույն։
2
Տերըդ միակ, որ կերտեցիր կերպով հաստատ ամեն մարմին,
Տո՛ւր զորություն, լե՛ր օգնական, որ տապալեմ սատանային,
Տուր խենթության սիրահարի, հուր-սեր անշեջ մինչև շիրիմ,
Տուր թողության այն աշխարհում անթիվ, անթվելի իմ մեղքերին[3]։
3
Առյուծին է վայել վահան, նիզակ ու սուր․ ահա, արքադ[4],
Թամար-արև արքայուհի, ում այտն է լալ, ում վարսն ագաթ.
Կըհանդգնե՞մ արդյոք գովել քեզ իմ երգով, արևի հատ,
Քեզ, ում նայողն, արդարապես, վայելում է[5] շաքար ու կաթ։
4
Երգենք Թամար արքայուհուն, լալով արյուն-արցունք առատ,
Նրան ձոնած երգըս՝ ընտիր, և ինձ թանաք լճերը սաթ,
Ու գրիչ ինձ՝ դողդոջն եղեգ, երգըս որպես սուրսայր մի խայթ
Թող լսողի սիրտը մեխվի, ճեղքե որպես տեգ մի պողպատ։
5
Պատվիրեց, որ գովեմ իրան երգով անուշ ու ոլորուն,
Իր հոնքն աղեղ, թարթիչը նետ, սաթ-վարսն ու լալն իր շուրթերում,
Ատամնաշարն իր գեղանի, բյուրեղներից[6] հյուսված սիրուն.
Չէ՞ որ արճին գնդանին էլ մուրճը կարծր քար է փշրում։
6
Արդ պետք է ինձ երգիս համար սիրտ և լեզու, արվեստ ճարտար,
Թող ուժ տա ինձ, նա՛ թող օգնե, իր ձեռքին է[7] միտք ու հանճար,
Այնժամ կօգնենք Տարիելին։ Հիշելու ենք[8] երեք պայծառ
Հսկա-հերոս միմյանց եղբայր, որպես գերի իրար խոնարհ...
7
Ում աչքերը չեն ցամաքում լալով ցավից դառն ու անճար,
Եկե՛ք, ում որ բախտ է ընկել Տարիելի բախտը դժվար.
Կընստեմ հեգ Ռուսթավելիս[9], կերգեմ խոցված ես չարաչար
Եվ ինչ որ ցարդ զրույց էր պարզ, պիտի դառնա մարգարտի շար։
8
Սիրահարը[10] պիտի լինի արևի պես չքնաղ ու վառ,
Առատաձեռն և ունևոր, ազատ դյուցազն ու զորավար,
Կռվում հաղթող, երկարամիտ[11], մտքով հարուստ, լեզվով ճարտար.
Ում լիովին չի տված այս — չի կարող լինել սիրահար։
9
Սերն է դյութիչ և սքանչելի, խորախորհուրդ է և դժվար
Չըպետք է նույն դասը դասել և ցանկասեր և սիրահար.
Սար ու ձոր կա երկուսի մեջ, տարածության օվկիան անծայր.
Լավ լսեցեք իմ խոսքը դուք և մի խառնեք դրանք իրար[12]...
10
Սիրահարը[12] շնացող չէ, նա հաստատ է, հավատարիմ,
Ախ է քաշում յարից բաժան և անդադար հիշում յարին,
Թեկուզ լինի խիստ ու դաժան, յարն է տերն իր, ինքը գերին.
Ի՞նչ են գգվանք, զրկանք, համբույր, երբ չկա սեր, սիրտ մտերիմ։
11
Ով սիրում է այսօր մեկին, վաղն ուզում է սիրել նոր յար,
Ով չի մաշվում յարից բաժան, չասեք նրան դուք սիրահար.
Խակություն է, տղայություն, սերը խաղ է նրա համար,
Իսկը նա է, ով զսպում է իր երկրային ըղձերը վառ։
12
Ճշմարիտ սերն իր վիշտը միշտ թաղում է խոր, պահում թաքուն.
Յարից բաժան՝ հոգով իր հետ մենություն է քաղցր իր հոգուն,
Յարից հետո խելակորույս մեռնում է նա, վառվում անքուն։
Թեկուզ արքան թափե զայրույթ, յարի առաջ հեզ ու խոնարհ[13]։
Նշումներ
↑Թարգմանությունը բերում ենք ըստ Պողոս Մակինցյանի հրատարակության՝ նրա իսկ տարընթերցումներով ու տողատակի ծանոթագրություններով (տե՛ս «Նորք», գիրք աոաջին, Եր., 1922, էջ 117–1)։
Ծանոթագրություններ
↑Որ պարգևեց երկիրը մեզ անեզրությամբ իր բազմագույն։
↑Տուր թողություն այն աշխարհում անթվելի իմ մեղքերին
↑ Լոկ առյուծին վայել է սուր, տեգ ու վահան, ահա արքադ։
↑«Վայելում է»-ն ստորագծած է կարմիր թանաքով, ինչպես արված են բոլոր բերված ուղղումները։ Երևի թարգմանիչն այդ բառը համարել է անհաջող, սակայն ավելի հաջողը չի գտել։
↑Վերջին երկու տունը քաղում ենք սևագրությունից։ Թարգմանիչն այնքան թերի է համարել, որ չի արտագրել նախընթաց տողերի հետ, որոնց սևագրությունն արտագրելուց հետո, ըստ իր սովորության, ոչնչացրել է։ Այս երկու տուներն ունեն բաղմաթիվ վարիանտներ, որ ավելորդ համարեցինք այստեղ մի առ մի մեջ բերել։