Jump to content

Ըսե՛ ինծի, ի՛նչ կա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԸՍԵ՛ ԻՆԾԻ, ԻնՉ ԿԱ
(Մորս հիշատակին)

Դրացի աքաղաղներուն գիշերավերջի հոգնած ու խըռպոտ ճիչերեն հետո կսպասեր ձայն մըն ալ ան կողմեն լսել, ուրկե լայնկեկ տանիքի մը ծայրը՝ մարմար խաչ մը կշեշտվի մանուկ հասակի մը ճերմակ ու թևաբաց մերկության մեջ։ Սպասված այն ձայնն ալ ինք կլսեր ամենեն առաջ․ այն կողմեն մեր ականջը բան մը չէր հասներ, մենք կքնանայինք տակավին, մենք կուզեինք, որ դեռ քիչ մըն ալ երկննա գիշերը մեր թարթիչներուն վրա։

Կանուխ եկեղեցի կիջնար, կանուխ՝ շատ անգամ տ․ Հակոբեն ալ առաջ, եթե իր աղջիկ թոռնիկները պզտիկ, ցորեկի իրենց խազերուն ատենք, իր գլխուն շալն ու կոշիկները հոս հոն նետած ու հեռացուցած չըլլային բնավ, որ շատ ուշ կգտնվեին, ու ինք երբեմն շատ ալ նեղսիրտ դժվարանքներով կժողվեր պզտիկներուն այն ցանած ցրվածները, որ միշտ իրենը կըլլային․ ու անոնք ուրիշ ատեններ ալ համարձակ ձեռքերով իրեն վերաբերածները կառնեին գործածել, երբ պետք ունենային, կամ հաճախ անանկ ատեններ, որ ժամ կամ բաղնիք գացող կնկան մը ձևը ուզեին ներկայացնել Այաին[1], շալն ու չիթերը վրանին առած։ Այս փնտռտուքներով կուշանար երբեմն ու քնացող ան պզտիկ ստահակներուն հասցեին բաներ մը դրդրալով մեկտեղ՝ ատ իսկ պահուն նորեն անոնց անկողիներուն կողմը ձեռք մը կերկնցներ, բացվածք մը կծածկեր ու ճամփա կիյնար։ Այս սովորությունը միշտ դեպի եկեղեցի, ու այսչափ կանուխ, գեղեն բերած էր օր մը ու քաղքին մեջ ալ պահել չէր մոռնար նույնիսկ, եթե ան առավոտը կանուխ՝ երկինքեն երկիր՝ ալ փլած «արքայության» մը գուժը լսեր։

Ան ատեն, ուր ինք արդեն հեռացած կըլլար դեպի աղոթարան, ես ու իմիններս բոլոր, որ իրենն ալ էին, ան հավատքը ունեինք թե՝ նա հարկավ մեր կողմեն ալ կաղոթե, կամ իր առաջին աղոթքը անպատճառ իր տունին կամ տնեցիներուն համար, արևշատ կյանքի մը խնդրանքովը կվերջացնե՝ կըսեինք, մենք դեռ քիչ մըն ալ կքնանայինք։

Բայց՝ պահե մը վերջ ահա, ժամեն դարձած՝ ալ հեշտ չէինք կրնար տեր մնալ մեր բարձերուն, ցասկոտ մեղադրանքներ մը կթափեր վրանիս, որ ատեն ես զիս իմ հինգ-վեց տարեկանի վախերուս մեջ կզգայի, որ մորս սաստող ձայնը կփշրվեր ականջիս մեջ, «Մարդ մը, որ իր օրը աղոթքով չսկսի, կըսեր, ինչո՞ւ կուգա, ի՞նչ բանի կհուսա տիրանալ ա՛ն օրը, ա՛ն ցորեկը ու ամբողջ կյանքին մեջ»։

Ցավ կըներ ու միշտ անոր համար մասնավորապես, որ պզտիկներն իրեն գլուխը ծռելու ծույլի անտարբերություններ կցուցնեին, աղոթք չէին ըներ, ու կվախնար կարծես, որ մեր տունեն ու մեզնե բոլորես քեն ընող աստծո մը վրեժխնդիր բարկության դեմ մնանք օր մը չէ օր մը։

Բայց վստահ էի, թե ինք անտարակույս մեր ամբարիշտ թերացումներուն համար ալ իր աստվածին գթությունը խնդրելու սուրբե մ’ավելի բարեխոս անկեղծությունը անի՝ այնպես ու այն տեսակ մաքուր հոգիով մը, որուն պես մայր մը կունենա վստահաբար, մայր մը՝ իմ պաշտելի մորս անձնվիրությունով, որ իր զավկին բաժին հանված դժոխքը, բոլոր իր արհավիրքներուն ամբողջությամբը, սիրով պիտի ուզեր, որ իրեն վիճակված երջանիկ հավիտենականության մը հետ փոխեր անմիջապես։

Անոր անձնվիրության չափը այլապես չէի կրնար բացատրել ու ըսի, որ նա արդեն իր ողջ կարծված կյանքին մեջ ալ շատ ապացույցներ տվավ թե՝ ինք իր զավակներուն սիրուն համար քսան-երեսուն տարիներ առաջ արդեն սկսած էր մեռնիլ ու վերջապես հինգ-վեց ամիս առաջ ալ բոլորովին փակեց իր աչքերը հոգնած, հատած իր վերջին ուժերուն անէացումովը։

Հիմա հինգ-վեց ամիս եղավ, որ ալ չեմ տեսներ զինքը, բայց անկե ի վեր վայրկյան մըն ալ չեմ մոռցեր զինքը, չեմ մոռցեր ոչ իսկ մեկ վանկը իր մեղրիկ բառերուն․ իր աղոթքին բանաձևն ալ միտքս է։ Այս աղոթքը պզտիկ Զավենիս սորվեցնելու ջանք մը կըներ ան ատեն, ուր անոր ու մյուսներուն համար իր գիտցածներեն սիրունիկ հեքիաթ մը կվերջացներ։

Մորս աղոթքն ալ կհիշեմ, այո՛, ինչպես անոր անձայն առաքինությունները կհիշեի, որոնց միայն մեկան պատմությունը, օր մը, այնքան եզական ու լուսավոր վկայություն մը պիտի մշտնջենավորեր թե՝ գեղի Հայ կինն ալ ինչ ունի երբեմն, որ աշխարհք չգիտեր, աշխարհք տակավին հասկցած չըլլար անոր այն բյուրեղիկ հայացքեն ու բարությունեն, որ կմտածես թե՝ անկասկած՝ ավուր կրոնքեն ու ներշնչումներեն ալ շատ առաջ տեղ առած ըլլան անոր հստակ ու ջինջ խորքը կուրծքին, որ գուրսեն շատ անգամ սևաներկ քուրջերու կտորվանքներով ծածկված է։

«Տե՛ր, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, չարը տանիս, բարին բերես, աշխարհի խաղաղություն, թագավորաց հաշտություն պարգևես։ Դուն կամի կարողն ես (կամք ընող ու կրցողն ես), աստված, կապուտիկ աստված, կարճ գիշեր, երկայն ցորեկ, կարճ լաց, երկայն խնդուք, կարճ նեղություն, երկայն հանգիստ, կարճ աղքատություն, երկայն վայելք, դուն ի՞նչ բանի կարող չես, որ չի տաս։ Լեռները քեզնե կգողան, երկինք, գետինք քու ահեդ կսասանին, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, քու լոս երեսիդ ղուրպան, հավատոքս հավատամ քեզի, երեսանկյալ կերկրպագեմ, զավակներուս հոգուն առողջություն, բանին, գործերուն ալ հաջողթյուն տուր, մուխեննեթին մախթաջ չընես, ինծի ալ բարի մահ մը ու շեն արքայություն մը պարգևես, մեր մեղքերովը մի պատժեր, մեր ննջեցյալներուն հոգեստընուն համար ալ մեր աղոթքն ու խնդրվածքը մի՛ մերժեր, քեզի ինք ապավիներ Տե՛ր, բարի՛ լոս, բարի՛ աստված, և այլն, և այլն…»։

Ու վերջին մըն ալ իր երեսը խաչակնքելով «Հայր մերը» վերջին ըսելիքը կպահեր ու լմնցած կըլլար աղոթքը։

Անկե վերջ, պզտիկներն իր բոլորտիքը առած՝ երբ ժամեն կդառնար, պզտիկներուն միշտ, որովհետև ես ա՛լ ձանձրացեր էի լսելե, իր անպատճառ գիշերվան տեսած երազները պիտի պատմեր, երազներ, որոնք մեկնել, բացատրելու համար իր շատ վստահ ու խորհրդավոր կերպերն ուներ, որ կըսեր թե՝ իր ճիշտ համոզումներուն ու փորձառության վրա հիմնված են։ Այնպես նախապաշարվեր էր թե՝ լուսադեմի երազներն առհասարակ ուշ կամ կանուխ որևէ կերպով իրականություններ պիտի դառնային։ Ամեն օր ալ աս էր ըսածը, ու կամաց-կամաց, ես ալ ան օրվան պատահելիքեն նախապէս բան մը հասկցած ըլլալու համար, իմ նույնիսկ չուզելովս ալ սովորություն ըրած էի գաղտուկ մը իր երեսին նայիլ, ուր եթե զվարթ ժպիտ մը նշմարեի, ինչ որ ստույգ նշանը պիտի ըլլար, ան գիշերվան գեղեցիկ երազին, ես ալ թեթև ոտքով մը գործիս կերթայի հակառակ պարագային իմ բերանս ալ չէր բացվեր կարծես։

Զիս ալ այնչափ պաշարեր էր իր երազներուն պեսպիսության վրա, նույն ատեն ճշմարիտ որ ամբողջ տունեցիները նախապաշար էր։

«Կարմիր ձին մը հեծված որևէ մեկերնես, գեղեցիկ բախտի մը մոտավորությունը կցուցնե, կըսեր, աղը՝ սրտի կսկծանք, եղը թափված հագուստի վրա՝ գեշ բան, հաց եփել, ճերմակ, կըսկուռ հաց ունենալ տունը՝ վերահաս հաջողության հավաստիք, պատարագ, քահանա՝ կռիվ, աղմուկ տանին մեջ, հարսնիք, թմբուկ՝ տունին մեջ մահ անպատճառ, ակռա քաշված կամ փրթած անցավ՝ կորուստ ազգականի, էգիին մեջ ծառ՝ ծաղիկ ու վազք ջուրի՝ բարի երազ և այլն…»:

Նախապաշարում թե ինչ մը, շատ անգամ իրավ է, որ ան երազներուն մեկ կամ մյուսը իրականացած տեսնելու ձախավեր անակնկալը կըլլար լացածնիս աղվոր տեսիլքի մը ետևեն սպասվածն ալ շատ քիչ պատահական կամ շատ ուշ կուգար վերջապես սմսեղ խնծիզ մը ծնցնել դեմքերու վրա։

Հետաքրքրական մըն ալ ան՝ որ գեղը, երբ թողած էր ու ալ քովերնիս քաղքենուհի մը կապրեր, այնքան երկար տարիներ անցնելե վերջն ալ իր բոլոր երազներուն հատակն ու ամբողջ ձույլը՝ գեղը կպահեր շարունակ։ Գեղը՝ իր էգիին ծառներուն հետ, գեղը՝ իր քալած ու քաղած դաշտերուն մեջ, գեղը, միշտ գեղը, ուր անպատճառ գիշերը պիտի ճամփորդեր թևերովը իր երազներուն, ու կանուխ լուսաբացին ալ անկե դարձած ականատեսի մը ստույգ մանրամասնություններովը պիտի պատմեր բաները։

Հոն, այնինչ կողմ, այնինչ կանանչ առվակը նույն կմնա եղեր, որ ցամքած չէ տակավին, գեղին մեջտեղը Փիլոյենց խաչը (ուխտատեղի) ավերակներու տակ խեղդված, ս. Դավթի ալ գեղեն դուրս՝ լքված ուխտատեղի մը մնալը կողբար։ Այսպես իր կարգին Կարմիր եկեղեցիին վրա կըսեր բաներ մը, անոր մոտերը այն պատմական Ավագը տեսած կըլլար, որ աղբյուրի աղջկան հեքիաթը գիտե։

Աղբյուրի այն սիրուն պայիկը պիտի գրեմ ուրիշ անգամ, թե ինչպես ան Թլկատինցի աղջիկներեն տոնված նահատակուհի մը կմնա ամեն տարի տափի ու ծափի աղմուկներով։

Գիշերվան մը ճամփորդությունով դեպի գեղը, անկե անվերջ, բայց շատ շահեկան հուշքեր մը կբերեր, որոնց սկիզբը մինչև իր հարսնության օրերու երջանիկ առավոտը կըլլար։ Առավոտը զատիկին, որ ատեն իր գյուղացի կնկան մը զարդեղեններուն պեսպիսությունովը գեղեցկացած՝ թռչկոտ վազքով մը զատիկի պարին կերթար ու անպատճառ ինք պիտի ըլլար պարերգին առաջնորդող երգիչը։ Իր ձայնին, այնքան զմայլելի իր ձայնին հմայքով, երբ քներգ մը կամ պարերգ մը կըլլար սկսածը, ըսածը, օձերն ալ նույն ատեն իրենց ծակերեն դուրս՝ մտիկ ընելու կելլային։

Մա՛յր, բոլոր ասոնք ու աս պատմածներուդ ամենահետին մանրամասնություններն ալ միտքս են տակավին, որոնք տունին պզտիկներն ալ չեն մոռցեր ու անոնք մեկ-մեկ սորվեցուցած աղոթքիդ պես կհիշեն, բայց՝ քանի որ կըսեմ, միայն գիշեր մը ճամփորդելով, այնքան մը տեղեկություններ կբերեին դեղեն, որ այնքան հեռու կմնար մեզմե, հիմա ալ պահ մը վեր ա՛ռ գլուխդ ու ըսե՛ ինծի, ի՞նչ կա անդին։— Ի՞նչ ունիս գերեզմանեն, որ հունա այնքան ալ մեր մոտը կգտնվի։ Ըսե՛, Մայր, վստահ եղիր, որ չպիտի մերժեմ լսել, երբեք չպիտի ձանձրանամ ըսելիքներեդ։ Երազներուդ պես արդյոք գերեզմանեն անդիիններն ալ նորեն ճշմարիտ իրականություննե՞ր պիտի հռչակես, թե բացարձակ ոչնչություն պիտի ըսես պարզապես։ Հարցուկի մը պատկառոտ սարսռանքներուն մեջ ու միշտ անհուն կարևորությունով մը պիտի լսեի քեզ, Մա՛յր, ո՞րն է երազը, աս արևի՞նը, թե վաղվան ստվերներուն կյանքը, որուն դուն ամիսներե ի վեր սկսվածքն ըրեր՝ դեռ մեզի բան չես ապսպրած, մեզ հուսահատ սպասանքի մը մեջ սգավորներ կպահես, բայց դուն այսչափ երկար չէիր քնանար, Մա՛յր, դուն աքաղաղին ճիչովը ընդոստ արթնցող մը, հիմա ամպերը կպոռան ականջիդ ու բնավ չես շարժիր, վեր չես առներ գլուխդ, աղոթքի չես վազեր, երազներդ իրականություն թե ինչ, չես հայտներ մեզի… ու կզարմանամ թե՝ ինչպե՞ս կրնաս համբերել։

Այսչափ երկար ու խորունկ քուն քնանալով, մինչև հիմա աջխարհք մը ըսելիք կկախեիր շրթունքեդ. թզուկ գիշերի մը կյանքեն ամենքն ալ, հիմա ի՞նչ պիտի կրնայիր խոսիլ ան մեծ գիշերին կողքեն, անոր սոսկալի ու խավարակուլ աչքերեն, ուր մտար ու մարեցիր ճրագը ետևեդ։

Առաջին օրը ինչպե՞ս ճամփորդեցիր, որո՞ւ հանդիպեցար, ո՞ւր ըրիր հանգիստի վայրկենային դադարդ, դուն, որ արդեն շունչեդ կկանչեիր։

Այն պահուն, ուր հողն ու քարը բուռ-բուռ քու մարմինդ խփող սնտուկին վրա թափվելով՝ գոռ թնդյուն մը կլեցներ գերեզմանդ, ի՞նչ խորհեցար արդյոք, հեք Մայր, մեղավոր հնդկուհի՞ մը կթաղեն ըսիր, թե՝ մարդիկ մահվան վրեժը կառնեն այնպես հողին տակ քեզ՝ քու մարմինդ ծեծելով։

Դուն սակայն զգացի՞ր անոնք, անդրադարձա՞ր այն եղածներուն, երդում քեզի, որ ես ավազահատ մըն ալ չնետեցի վրադ, այդպես թող ձեռքս փրթեր, Մայր, թող այդ տեսակ հիմար սովորության մը համակերպությունով աջ ձեռքես, աջ աչքես զրկվեի։ Քարերը, հողերը քու կուրծքիդ նետված, իմ գլուխս կիյնային արդեն, գերեզմանիդ քովեն դեպի տուն ես արդեն ճշմարիտ մեռել մը դարձա։ Առաջին մուտքը դժվար քայլափոխ մըն է եղեր կըսեն, հոգիս աս կողմեն այն կողմը սավառնող հրեշտակներն ալ անխուսափելի այդ դժվարություններեն պիտի անցնին եղեր անպատճառ, հոգ մի՛ ըներ։ Դուն միայն հիմա ըսելու եղիր թե՝ ի՛նչ տեսար այդ մուտքի դուռնեն անգին, գտա՞ր, համբուրեցի՞ր այն քուկիններդ, որոնց կփափագեիր հենց թերաստվերը տեսնել։

Հայրս ո՞ւր կմնար արդյոք, չտե՞սար, չի բարևեցի՞ր, չսի՞ր, թե երեսիս վրա իր զարկած ապտակներուն տեղը հիմա աղեբեկ մորուք մը կշփե տղադ, ան ատեն, որ անել ու թընճկոտ խորհուրդ մը կճմռթկե իր միտքին մեջ։

Ես ալ ո՞ր ճամփով գայի, որ շիտակ քեզի հասնեի, հոն ալ մեկտեղ ապրեինք, առանց քու ներկայությանդ, ինծի համար այդ լույսերու աշխարհն ալ տրտում դատարկություն մըն է հայանապես, ինչպես հոս քեզ կորսնցնելես ի վեր դժոխքի մը ցավերն ունիմ հոգիիս մեջ։ Միայն քեզի կհավատամ, Մայր, պահ մը վեր ա՛ռ գլուխդ ու ըսե՛, կարճ ըսե՞, հենց ակնարկով մը հասկցուր, թե ի՞նչ կա անգին։ Միայն քու ըսածներուդ անձնատուր պիտի մնամ, Մա՛յր։

1908

  1. Պզտիկները աս անունով կկանչեին զինք: