Jump to content

Թաղականին կնիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ԹԱՂԱԿԱՆԻՆ ԿՆԻԿԸ
Վեպ պոլսահայ կյանքե


ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Այս վեպը, ժամանակակից ազգային կյանքե քաղված, առաջին անգամ իբրև թերթոն հրատարակված է «Ժամանակ» օրաթերթի մեջ: Հիվանդության պատճառով պահ մը ընդհատվելե ետքը, կրկին շարունակված է և երկրորդ անգամ ընդհատված է 1915 ապրիլ 11, ձերբակալություններե ետքը, երբ ստիպվեցա ամիսի մը չափ ծածկված մնալ, հետո վերստին շարունակված է մինչև բանտարկության և աքսորիս օրը և այսպես մնացած է անավարտ:

Թաղականին կնիկը մեծ հետաքրքրությամբ կարդացված է և վստահ եմ, որ ընթերցողները նույն շահեկանությամբ պիտի կարդան զայն ամբողջացած ձևին մեջ։

Վեպին մեջ նկարագրված տիպարներեն շատերը ծանոթ ազգային գործիչներ են, մեծ մասով նահատակված, ափսո՜ս, որոնց իսկությունը ուշիմ ընթերցողը շուտով պիտի կրնա գուշակել:

Չմոռնամ ըսել, որ Թաղականին կնիկը հրապարակ կելլե խնամքով սրբագրված վիճակի մեջ:

(Առաջաբան 1921թ. հրատարակություն

Կ. Պոլիս

Հեղինակը
Ա

Այն կիրակի առտուն Մարգար էֆենտի գիշերնոցով՝ ոտքերը բոբիկ, բազմոցին վրա երկնցած, թերթ կկարդար, ատեն-ատեն ձախ ձեռքով իր կսկլոր փորը շփելով: Այս գործողությունը ստամոքսային ոևէ անհանգստության նշան չէր, ինչպես թերևս պիտի ենթադրե բարեմիտ ընթերցողը, այլ Մարգար էֆենտիին մեկ սիրական ունակությունը, ամեն անգամ որ գիշերնոց կկրեր: Այդ շփումը գգվանք մըն էր իր փորին շռայլված, խանդաղատանքի ցույց մը, ինչպես հայր մը պիտի ըներ իր տղուն գլուխը շոյելով։

Ներքին լուրերու զգլխիչ հեշտություններուն մեջ թաղված էր Մարգար էֆենտին, երբ հանկարծ դուռը բացվեցավ և երիտասարդ կին մը ներս մտավ ջղագրգռված կերպարանքով մը։

Մարդը գլուխը դարձուց և զարմացական շեշտով մը հարցուց նորեկին.

− Ի՞նչ, ժամը ասանկ կանո՞ւխ վերջացավ։

− Դեռ նոր պատարագ մտան,− պատասխանեց կինը չոր կերպով։

Եվ թեթևորեն դողահար ձեռքով մը գլխարկը հանեց ու սեղանին վրա դրավ։

− Ինչո՞ւ չկեցար պատարագին, եռաձայն պիտի երգվեր…

− Եռաձայնն ալ տեղը կենա, քառաձայնն ալ,− գոչեց կինը,− բերանս բանալ մի տար։

Մարգար էֆենտի ըմբռնեց կացության լրջությունը, լրագիրը մեկ կողմ դրավ, բազմոցին վրա նստավ, սիկարեթ մը վառեց և ըսավ.

− Ի՞նչ կա նորեն…

− Բան մըն ալ չի կա։

− Բարկացած կերևաս կոր:

− Դուն իմ տեղս եղիր տե՝ մի բարկանար նայիմ։

− Ճանըմ սա եղածը պատմե՛ նայինք։

− Մեյ մըն ալ սա ժամը ոտք չպիտի դնեմ… Աղոթք ընելու տեղ մեղքի մեջ կիյնամ կոր։

Մարգար էֆենտի չպատասխանեց, հասկցավ, որ կինը ինքնաբերաբար խոսիլ պիտի սկսեր և ավելորդ էր նորանոր հարցումներով անոր գրգռությունը ավելցնել։

Արդարև երիտասարդուհին շարունակեց.

− Աժեմին չաժեմին կնկանը պատիվներ ընեն, տեղ բանան, տեղ ցուցնեն, ժամկոչը աթոռ վազցնե՝ ասդին ես ժամերով ոտքի վրա մնամ… բայց անոնք հանցանք չունին, հանցանքը քուկդ է, քեզի պես էրիկինն է… հոս նստե՛ անտարբեր, լրագիր կարդա, անգին կնիկդ խաղք ըլլա ժամուն մեջը…

− Դեռ չեմ հասկնար կոր, թե եղածը ի՞նչ է։

− Ժամ գացի, որ ասեղ ձգելիք տեղ չի կա… հրելով, հրմշտկելով, արյուն քրտինք մտնելով, առաջ անցա… բոլոր նստարանները բռնված, տեղ չէ մնացեր, ինչ որ է, դասին ետևը ոտքի վրա կեցա։

− Վերնատուն թող ելլեիր։

Չամաշրհի Եղիսաբեթը չեմ, ոչ ալ խռֆած պառավ, քի վերնատունը երթամ… ինծի բարկացնելո՞ւ համար կըսես կոր ատ խոսքը։

− Չէ՛, ճանըմ, բան մըն էր ըսի, դուն խոսքդ շարունակե։

− Խաչս հանեցի, «Հայր մեր» մը ըսի, կեցեր ժամերգություն մտիկ կընեմ կոր, մեյ մըն ալ պահարանին մեջեն տերտեր մը դուրս ինկավ, «տեղ բացեք, ճամփա բացեք» պոռալով, ամենքը իրարու վրա ելլելով ճամփա բացին… տերտերին ետևեն ժամկոչը ձեռքը աթոռ մը բռնած, ժամկոչին ետևեն ալ ո՞վ ըլլա կհավնիս…

− Ո՞վ,− հարցուց Մարգար էֆենտին, առանց շահագրգռության։

− Տիկին Շազիկը… մեյեր աս բոլոր իրարանցումը իրեն համար է եղեր։ Ես ալ մեկ կողմ քաշվեցա, կարծեցի, որ առջևես պիտի անցնին, կորսվին էրթան… մեյ մըն ալ կուզե՞ս քի ժամկոչը աթոռը բերե իմ կեցած տեղս անկե, Շազիկ օլաճախն ալ գա անոր վրա տոտորոզվի. բարկութենես արունս գլուխս ցատկեց, աչքերս խամաշմիշ եղան, բոլոր մարմինովս դողալ սկսա… տերտերին մորուքեն բռնել փետտելս եկավ… ալ չկրցա կենալ, ինքզինքս ժամեն դուրս նետեցի… բակը ժամկոչը դեմս ելավ, աղվոր մր լվացի…

Ճանըմ, տիկին Շազիկն ալ թաղականի կնիկ է, հարկավ քիչ մը ավելի պատիվ կընեն անոր, ասիկա բնական բան մըն է, այդ չափ իրարանցումի պետք չի կա…

− Թաղականի կնիկ է եղեր… անոր էրկանը պես քանի մը հատ գրագիր կրանեցնես կոր քովդ… թող այսչափ վերեն չթոչի: Բայց նորեն կըսեմ, նորեն կըսեմ, հանցանքը քուկդ է… ո՛չ տերտերը հանցանք ունի, ո՛չ ժամկոչը, ո՛չ ալ Շազիկը։

− Անուշիկս, ես հոս նստած տեղս մա՞տս կհոտվտամ, որ հասկնամ ժամուն մեջ անցած դարձածը։

− Պարա՜պ խոսք… իմ ըսածս շատ աղեկ կհասկնաս, բայց գործիդ չի գար… դուն այսօր ուզես նե՝ թաղական չե՞ս կրնար ըլլալ, եղողները ո՞վ են որ, բաբուճղ չարժող մարդիկ… թաղին մեջ ամենեն հարուստը մենք ըլլանք, անկե ետքն ալ ասանկ խաղք ընեն մեզի… Զատկին, Ծնունդին փարա ժողվելու կարգը գա նե, ամենեն առաջ մեր տան դուռը ձեռքով կառնեն… մեղք որ դիրքդ պահել, ինքզինքդ հարգել տալ չես գիտեր ու ասանկ ամենուն առջև խաղք կըլլանք։

− Ամմա դուն ալ գործը կմեծցնես։

− Պզտի՞կ բան էր եղածը, գետնե գետին անցա… ես, Սասանյան Մարգար էֆ-ին կինը, ասանկ Շազիկի մը պես փոստալի մը համար նախատինք կրեմ ժամուն մեջ, ամենուն առջև, ան չլթիկին պիտի հասկցնեմ իմ ով ըլլալս…

Ճանըմ, ան խեղճ կնիկը ի՞նչ մեղք ունի…

− Հիմա ալ դուն ելիր Շազիկ պաշտպանե, թող ամեն բան թամամ ըլլա… անոր ինչ ըլլալը գիտե՞ս աճապա… բերանս բանալ մի՜ տար։

− Պաշտպանելու մտքով չըսի, − պատասխանեց Մարգար էֆ., որ կուզեր խնդիրը անուշ տեղը կապել,− միայն թե հանցավորը ժամկոչն է, որ բերեր աթոռը քու կեցած տեղդ դրեր է։

− Ժամկոչներուն քով անգամ հարգ ու պատիվնիս չի մնաց։

− Տգետ, անկիրթ մարդիկներ են, անոցմհ տարբեր բան չսպասվիր։

− Քու տեղդ ուրիշ էրիկ մը ըլլար նե՝ գիտեր ընելիքը… բայց դու մարդ չես որ, հա՜ կնիկդ, հա՜ պեսլեմեն, քեզի համար ամենքը մեկ է։

− Ի՞նչ կուզես որ ընեմ…

− Հիչ թան մը չես կրնար նե՝ ժամկո՞չն ալ չես կրնար ճամփել տալ։

− Ասանկ պզտիկ հանցանքին համար մարդ կճամփվի՞…

− Պզտիկ հանցա՞նք… հապա ի՞նչ ընելու էր, աթոռը գլխո՞ւս իջեցնելու էր, մեծ հանցանք գործած ըլլար… քեզի հ՜ետ արդեն խոսիլը, քենե օգնություն սպասելը պարապ բան է… էօ՜ֆ, այնքան հուզվեցա, որ գլուխս ցավ մտավ…

Եվ տիկինը սեղանին վրայեն բարկությամբ գլխարկը առավ և դուրս ելավ սենյակեն։

Մարգար էֆ. կրկին երկնցավ բազմոցին վրա և սկսավ թերթը կարդալ, մինչ ատեն-ատեն ձախ ձեռքով իր փորը կշփեր։

Քառասունհինգ տարեկան, գիրուկ, թավ պեխերով մարդ մըն էր Մարգար էֆ.։ Նախնական ուսմունք մը առնելե ետքը, տասնհինգ տարեկան հասակեն նետված էր գործի ասպարեզը, հորմեն ժառանգած փոքրիկ դրամագլխով մը։ Մահմուտ փաշա կերպասեղենի համեստ խանութ մը բացած էր և հաջողած էր հետզհետե գործը ընդարձակելու, վստահություն ներշնչելու և վարկ ունենալու, այնպես որ քսան տարվա մեջ առաջնակարգ վաճառական մը եղած էր հրապարակին վրա, երբ դեռ տարիքը հազիվ 36-ին հասած էր։

Այն ատեն խորհեցավ ամուսնանալ, մանավանդ որ ամեն կողմե փայլուն առաջարկություններ կըլլային իրեն։

− Աղեկ ընտանիքե ըլլա, գեղեցիկ ըլլա, թող օժիտ չունենա։

Այս էր Մարգար էֆ-ի սկզբունքը և այս սկզբունքին համեմատ ամուսնացավ միջակ կարողության տեր խանութպանի մը աղջկա հետ, որ արդարև գեղեցիկ էր և հազիվ 21-22 տարեկան։

Երջանիկ միություն մը եղավ այս, մանավանդ ամասնության աոաջին տարիները։

Վաճառականը գոհ էր մանկամարդ գեղանի կին մը ունենալուն և աղջիկն ալ գոհ էր հարուստ վաճառական ամուսին մը ունենալուն։

Մանչ մը և աղջիկ մը ծնած էին այս միութենեն։ Մեր պատմությունը սկսած ատեն մանչը ինը տարեկան էր և աղջիկը յոթը տարեկան։

Տիկին Սաթեն, այս էր Մարգար էֆ-ի կնոջ անունը, թաղային վարժարանե մը շրջանավարտ, միջակ իմացականություն մը ուներ։ Գորովալից մայր ու շնորհքով տանտիկին, իր այս երկու հատկություններն ալ բավ էին իր ամուսնույն համար, որ դրական ոգիի տեր, շատ բարակը չէր նայեր։ Միայն թե Սաթեն փառամոլ մըն էր ու իր այս փառամոլությունը հետզհետե կաճեր, քանի իր ամուսնույն հարստությունը կավելնար։

Չմոոնամ ըսելու, որ տիկին Սաթենի փառամոլությունը հայու կնկան տափակ ու հասարակ փառամոլությունն էր, գոհարեղեններով զարղարվիլ, սուղ լաթեր հագնիլ, մեծ տուն նստիլ, սալոնի մեջ առաջին տեղը գրավել, և այլն։

Մարգար էֆ-ի նյութական վիճակը կներեր իր կնոջ այդ փառամոլության գոհացում տալու և ասոր համար իրենց ամուսնությունը երջանիկ եղած էր։ Էրիկ կնկան կռիվներ չէին ունեցած միասին, կամ պատահածները շատ աննշան բաներ էին, մանավանդ որ Մարգար էֆ․ հաշտարար ու խաղաղասեր տրամադրություններով մարդ մըն էր։

Քիչ մը առաջվան միջադեպը անսովոր բան մը չէր։ Մարգար Էֆ. հաճախ տեսած էր կինը այդ ջղագրգիռ վիճակին մեջ և միշտ նմանօրինակ առիթներով։

Ամեն անգամ, որ Սաթեն եկեղեցի երթար, անպատճառ բարկանալու առիթ մը կստեղծեր, միշտ արժանապատվությունը վիրավորված զգալու պատրվակ մը կգտներ։

Մարգար էֆ․ իր թերթը նոր ավարտած էր, երբ կինը վերադարձավ շրջազգեստը փոխելե ետքը։

− Ե՛լ, հագվե՜,− գոչեց ամուսնույն, − կիրակի օրով ատանկ չկեցվիր, կարելի է հյուր մը կուգա…

Հետո՝ մեկեն իր սևեռուն գաղափարին դառնալով՝ պոռաց.

− Ատ մարդուն հախեն գալու է, կհասկնա՞ս կոր, ասանկ չկըրնար տևել։

− Ո՞ր մարդուն,− հարցուց Մարգար էֆ. միամտորեն։

− Ժամկոչին…

− Դեռ չմոռցա՞ր, իմ մտքես էլեր էր։ Այդչափ կարևորության տալու չէ։

− Անանկ է… խաղք եղողը դուն չես ա… կարևորություն տալու չէ… բայց երբոր ես խաղք ըլլամ՝ ինծի հետ դուն ալ խաղք կլլաս, քանի որ քու անունդ կկրեմ։

− Երթամ հագվիմ,− ըսավ Մարգար էֆ. սենյակեն դուրս գալով։

Խոսքը կարճ կապելու ասկե լավագույն միջոցը չէր գտած։

Կես օրվան մոտ այր ու կին իրենց տան վերնագավիթը նստած էին։ Տիկինը գտած կթվեր իր հանգստությունը, և Մարգար էֆ. առտվան անախորժ միջադեպը բոլորովին մոռացության մատնելու համար իրիկվան դեմ կատարելիք պտույտի մը ծրագիրը կպարզեր։

− Բարի լույս, տիկին Սաթեն, բարի լույս, Մարգար էֆ.։

− Աստըծու բարին, հրամմեցե՞ք։

− Ուշ չէ՞… կերակուրին ատենը կմոտենա կոր։

− Դեռ կերակուրի շատ ժամանակ կա։ Եկեք սանկ քիչ մը նստեցեք, մեր այս թերացան շատ զով է։

Տոսախյան Միհրանիկ էֆ. ա իր կինը՝ տիկին Նվարդն էին, որոնք եկեղեցիեն կվերադառնային։

Առանց կրկնել տալու հրավերը, իսկույն վեր ելան ու տեղավորվեցան եղեգնյա թիկնաթոռներու վրա։

− Իրա՛վ, ի՜նչ աղվոր զով է եղեր այստեղ,− ըսավ Նվարդ զվարթորեն

− Մինչև ցերեկ հիանալի է,− պատասխանեց Սաթեն,–հետո դժբախտաբար արև կուգա… բայց այս կողմերը ի՞նչ բան ունեիք, մեզի՞ կուգայիք կոր…

− Չէ՛, միայն թե Միհրանիկ էֆ-ին ըսի որ հոսկե անցնինք, քու մասիդ տեղեկություն առնելու համար, շիտակը մտատանջության մեջ մնացի… պատարագը նոր մտած էինք, հանկարծ թողուցիր հեռացար եկեղեցիեն, գույնդ ալ մեկեն ի մեկ ավրվեցավ… արդյոք հիվա՞նդ եղավ՝ մտածեցի… ինչ որ է, կերևա որ բան մը չէ:

− Շատ գեշ կերպով ջիղերս թունդ ելան,− պատասխանեց Սաթեն,− դուն քիչ մը ետևս նստած էիր, հարկավ տեսար եղածը։

− Շիտակը բաներ մը դարձավ ամա, աղեկ մը չհասկցա։

− Տիկին Շազիկին գալը տե՝ աթոռը իմ կեցած տեղս դնել տալ ու նստիլը չտեսա՞ր…

− Մտքես անցավ, որ անոր համար մեկեն ի մեկ բարկացար, ճամփան էրկանս ալ ըսի, անանկ չէ՞, Միհրանի՛կ էֆենտի։

− Այնպե՛ս է,− հաստատեց ամուսինը։

− Իրավունք ունիս, տիկին Սաթեն, շատ իրավունք բարկանալու։ Ես ալ քու տեղդ ըլլայի՝ կբարկանայի… թաղականի կնիկ է եղեր տեյի՝ թող այդչափ ալ վերերեն չթռչի…

− Մինակ թաղականի կնիկ չէ, Թաղական Խորհրդի ատենապետին կնիկն է,− ճշտեց Միհրանիկ։

− Հանցանքը ժամկոչինն է, որ աթոռը բերավ հոն դրավ,– գոչեց Սաթեն, որ չափազանց գոհ էր այս խնդիրը կրկին արծարծվելուն։

− Արդեն այդ ժամկոչը ավանակին մեկն է,− վճռեց Միհրանիկ։

− Անոր աղվոր դաս մը արվի նե՝ մարդ կըլլա։

− Հարկավ Մարգար էֆ. պետք եղածը պիտի ընե,− դիտել տվավ Նվարդ։

Մարգար էֆ. դժգոհ՝ իրեն ուղղված այս հրավերեն, ձեռքով անորոշ շարժում մը ըրավ։

− Մարգար էֆ-ին հոգն անգամ չէ, որ իր կնիկը ժամերուն մեջ խաղք ու խայտառակ ըլլա,− գոչեց Սաթեն իր աթոռին վրա բարկությամբ շարժվելով։

− Ճանը՛մ, եղածը մեծ բան մը չերևար կոր ինծի,− արդարացուց ինքզինք խեղճ ամուսինը:

− Չէ՜, Մարգար էֆ., ատանկ մի ըսեր,− բողոքեց Նվարդ,– եղածը շատ ծանր բան է… ժամուն մեջ ամենուն ալ ուշադրությունը գրավեց։ − Իրավցնե ծանր բան է,− հաստատեց Միհրանիկ էֆենտին ալ:

− Դուն եթե իմ տեղս ըլլայիր, ի՞նչ պիտի ընեիր,− հարցուց Մարգար էֆ. իր բարեկամին։

− Էն առաջ, մեյ մը այդ ժամկոչը ճամփել կուտայի:

− Կեցցե՛ս,− գոչեց տիկին Սաթեն։

− Բայց ես ոչ թաղական եմ, ոչ ալ եկեղեցիին գործերուն կըխառնվիմ։

− Ի՞նչ ըսել է, էֆենտիմ, այսօրվան օրս թաղին երևելիներեն ես, ժամկոչ մը ճամփելու չա՞փ ալ ազդեցություն չես կրնար ունենալ… գնա՛, թաղականները գտի՛ր, եղածը պատմե՛, ոտք կոխե ու ժամկոչը անմիջապես ճամփել տուր… Հեմ տաքը տաքին ընելու է, որ աղվոր դաս մը ըլլա։

− Եթե այդ ժամկոչը հոս մնա՝ ես այս թաղեն կելլեմ,− գոչեց Սաթեն դողահար ձայնով մը,− ալ ի՞նչ երեսով փողոց պիտի ելլեմ պտտիմ…

− Խենթ խոսքեր մի ըներ,− ըսավ ամուսինը,− ժամկոչի մը համար թաղերնի՞ս պիտի փոխենք, տուներնիս տեղերնի՞ս պիտի ձգենք։

− Խենթը խելոքը աս է…

− Մի հուզվիք, տիկին,− միջամտեց Միհրանիկ,− Մարգար էֆ. կկարգադրե։

− Անոր մնա նե, բան մըն ալ չըներ։

− Միհրանիկ էֆենտի, միասին երթաք թաղականներուն խոսիք նե՝ չըլլա՞ր,− առաջարկեց Նվարդ։

− Հարկավ կըլլա, ես պատրաստ եմ անմիջապես երթալու,− պատասխանեց ամուսինը։

− Ճիշտ ատենն է, դեռ թաղականները ժամը ըլլալու են, գացեք, եկեք, մենք հոս ձեզի կսպասենք։

− Ճաշը միասին կընենք,− ըսավ Սաթեն,− որ չափազանց գոհ էր այս կարգադրութենեն։

− Ե՛լ էրթանք,− ըսավ Միհրանիկ իր բարեկամին։

Մարգար էֆ. դժգոհ, սրտնեղած ոտքի ելավ և հետևեցավ մյուսին:

Եկեղեցին շատ հեռու չէր, և երկու բարեկամները տասը վայրկյան հետո մտան խորհրդարանը, ուր մի քանի թաղականներ՝ ավագերեցին հետ՝ պնակներ ու և գանձանակի հաշիվները կկարգադրեին։ Բարևտուքի արարողություններեն ետքը, Միհրանիկ հարցուց.

− Պողոս էֆ-ն ո՞ւր է…

Պողոս էֆ. Թաղ. Խորհրդի ատենապետն էր, տիկին Շազիկի ամուսինը։

− Հոս էր քիչ մը առաջ։ Տիկնոջը հետ մեկնեցավ,– պատասխանեց ավագերեցը,− անպատճառ կուզեի՞ք տեսնել զինքը։

− Չէ՛, մեր ըսելիքը ձեզի ալ կրնանք ըսել,− պատասխանեց Միհրանիկ։

− Հրամա՞ն մը ունիք։

− Քավ լիցի, Մարգար էֆենտին բողոք մը ունի…

Թաղականները երկյուղախառն զարմացումի շարժում մը ըրին։ Մարգար էֆ. թաղին ջոջերեն էր, հարուստ վաճառական։ Իր բողոքը ծանրակշիռ բան մը ըլլալու էր անշուշտ։

− Մարգար էֆենտի, արդյոք ի՞նչ եղած է որ,− հարցուց թաղականներեն մին, շփոթած կերպարանքով մը։

− Եղածը մեծ բան մը չէ, բայց շատ անվայել է,− ըսավ վաճառականը։

− Կաղաչեմ, խնդիրը բացատրեցեք։

− Էֆենտիմ,− միջամտեց Միհրանիկ,− Մարգար էֆ-ի տիկինը այս առտու եկեղեցի կուգա…

Եվ մանրամասնորեն պատմեց ամբողջ իրողությանը, որ ծանոթ է արդեն մեզի։ Երբ պատմությունը ավարտեց, թաղականներեն մին հուզված ձայնով մը ըսավ.

− Ցավալի բան, շատ ցավալի, իրավունք ունիք բարկանալու, բողոքելու։

− Բոլոր հանցանքը ժամկոչինն է,− գոչեց ուրիշ թաղական մը։

− Անկիրթ ավանակին մեկն է…

− Ապուշը այսչափ ժամանակ հոս է, դեռ մարդիկը չճանչնար։

− Տեր հայր, այս մարդը ո՞ւրկե մեր գլուխը հանեցիր,− գոչեց ուրիշ թաղական մը ավագերեցին դառնալով:

− Էֆենտիս, այդ մարդը ես չբերի։ Պողոս էֆ-ին հանձնարարությամբ առնվեցավ,− պատասխանեց ավագերեցը։

− Հիմա խնդիրը այդ չէ,– միջամտեց Միհրանիկ,– մենք եկած ենք պահանջելու, որ այդ ժամկոչը պատժվի։ − Ատիկա մեր պարտականությունն է,− ըսավ թաղականներեն մին,− բնականաբար իրեն խիստ պատիժ մը պիտի տանք։

− Մեկ ամսականը կտրելու վար դնելու է,− առաջարկեց ուրիշ մը։

− Ամենեն կարճ ճամփան՝ կվռնտենք կերթա։ Արդեն իրմե ալ շատ գոհ չենք, առաջին անգամը չէ, որ իրեն մասին բողոքներ կըլլան կոր…

− Այո՛, ես ալ կպահանջեմ, որ այդ մարդը անմիջապես ճամփվի,− գոչեց Մարգար էֆ.:

− Ծո՛, սա Վարդան աղբարը հոս կանչե,− գոչեց թաղականներեն մին, խոսքը ուղղելով դուրսը կեցող տիրացուի մը։

Տղան վազելով հեռացավ։

Վայրկյան մը ետքը Վարդան մտավ խորհրդարանեն ներս և խոնարհաբար բարև մը տալե ետքը, երկու ձեռքը փորի վրա, գլուխը կախ, կեցավ։ Հետո երկյուղածորեն աչք մը պտտցուց ներկաներուն վրա, տեսավ անոնց անժպիտ ու դաժան դեմքերը և զգաց, թե փոթորիկ մը կպատրաստվեր իր գլխուն։

− Ծո՛, ասօր ի՞նչ ես ըրեր,− պայթեցավ հանկարծ թաղականներեն մեկուն ձայնը։

− Ի՞նչ եմ ըրեր, աղա՛,− հարցուց Վարդան սարսափահար…

− Ծո՞, դուն մարդ չպիտի՞ ըլլաս, ասանկ է՞շ պիտի մնաս:

− Աղա՛, ի՞նչ է հանցանքս,− կմկմաց ժամկոչը։

− Էֆենտի, թողեք ես հարցուփորձեմ,− միջամտեց ավագերեցը և հետո Վարդանին դառնալով՝ հարցուց.

− Այս առտու տիկին Շազիկին աթոռ դո՞ւն տարիր։

− Հրամանք է, տե՛ր հայր։

− Չտեսա՞ր թե աթոռը ուր կդնես կոր:

− Տեսա…

− Ո՞վ կեցեր էր հոն։

− Սաթեն հանըմը կեցեր էր…

− Կտեսնե՞ք, չճանչնալով չէ ըրեր,− դիտել տվավ Միհրանիկ։

− Ծո՛, ավանա՛կ, ուրիշ տեղ չկա՞ր աթոռը գնելու և գացիր տիկին Սաթենին կեցած տեղը դրիր։

− Աղա՛, ես ի՞նչ հանցանք ունիմ, տիկին Շազիկ ըսավ, որ այնտեղ դնեմ։

− Ա՞ն մի ըսավ…

− Հրամանք է… − Հիչ տիկին Շազիկը անանկ բան կըսե՞․․․ սուտ կխոսիս կոր, անամո՛թ…

− Խաչ վկա, որ տիկին Շազիկ ըսավ,− պնդեք Վարդան հաստատ շեշտով մը։

− Դո՛ւրս կորսվե սըտեղեն,− գոչեց թաղականներեն մին, ոտքի ելլելով։

− Աղա՛, ես․․․− կմկմաց խեղճ ժամկոչը։

− Դուրս, կըսեմ կոր քեզի,− պոռաց մյուսը ձայնը ավելի բարձրացնելով ու թող չտալով, որ հանցավորը նոր բացատրություններ տա։

Վարդան՝ շփոթված շլմորած՝ ետ-ետ նահանջեց ու դուրս եկավ խորհրդարանեն։

− Անկիրթ, անամո՛թ, հեոտյո՛ւք, ավանակ…− շարունակեցթաղականը, մինչ արդեն այն՝ որան ուղղված էին այդ փաղաքշական խոսքերը՝ աներևույթ եղած էր։

Հետո դառնալով Մարգար էֆ-ին, որուն դեմքը հաղթականորեն կճառագայթեր, ըսավ․

− Մեր կողմե ներում խնդրեցեք տիկինեն այս եղած անպատեհության համար և ըսեք, որ վաղը առտըվնե այդ ժամկոչդ ճամփված է։

− Շնորհակա՛լ եմ,− պատասխանեց Մարգար էֆ, ոտքի ելլելով։

Եվ երկու բարեկամները մեկնեցան, տուն վերադառնալու համար։

− Կտեսնա՞ս,− ըսավ ճամփան Միհրանիկ իր բարեկամին,− ժամկոչը բնավ հանցանք չունի, տիկին Շազիկը ըսեր է, որ աթոռը հոն դնե, խեղճ մարդն ալ հնազանդեր է։

− Կխնդրեմ այդ կետը բնավ մի ըսեր կնոջս, նորանոր խնդիրներ կծագին,− պատասխանեց Մարգար էֆ․, ժամկոչը թող ճամփեն, խնդիրը գոցվի։

− Իրավունք ունիս, տիկին Սաթենին բան մը ըսելու չէ…

Երբ տուն հասան, նոր դեպք մը կրկին հուզումի մատնած էր Մարգար էֆ-ի կինը։

Նվարդ քանի մը բառով պատմեց եղելությանը։

Հազիվ իրենք եկեղեցի երթալու համար ճամփա ելած էին՝ ահա Պողոս էֆ. և տիկին Շազիկ իրենց տան աոջևեն անցնելով կանգ առեր են։ − Տիկին Սաթեն, ինչո՞ւ այսօր ժամեն շուտ մը փախաք,− հարցուցեր է Շազիկ:

− Անհանգիստ եղա,− պատասխաներ էր մյուսը:

− Այո՛, ոտքի վրա մնացեր էիք,− պատասխաներ է Շազիկ,– ինծի ըսեյիք նե՝ ձեզի աթոռ մը բերեյ կուտայի…։

Այս վերջին բառերը հորդեցուցեր են արդեն լեցուն բաժակը, և տիկին Սաթեն քանի մը կծու ակնարկություններ ըրեր է և ի վերջո Պողոս էֆ. և իր կինը ճամփանին շարունակեր են սրտնեղած:

− Դիտմամբ մենե անցան, որ այս խոսքերը ընե չլթիկը,− ըսավ Սաթեն բարկաճայթ,− պզտիկ ձգելու համար… բայց թող առնելիքը ըլլա։

− Մենք արդեն ամեն բան կարգադրեցինք,− պատասխանեց Միհրանիկ։

− Ի՞նչ ըրիք…

− Թաղականները տեսանք, խոսեցանք, ժամկոչը կանչել տըվինք, աղեկ մը լվացինք…

− Ի՞նչ կելլա ատկե,− գոչեց տիկինը դժգոհ կերպով։

− Վաղն առտու ալ պիտի ճամփեն,− ավելցուց Մարգար էֆ,− ալ ի՞նչ կուզես, մարդը չէինք կրնար կամուրջին գլուխը կախել տալ:

− Հարկավ, մենք չըսած՝ իրենք որոշում տվին։

Ժամկոչ Վարդանի ճամփվելու պարագան բավական մեծ և բարերար ազդեցություն մը ըրավ տիկին Սասանյանի վրա։ Իր վիրավորված արժանապատվության համար ատիկա ամոքիչ սպեղանի մը նկատեց, բայց վերքը կկոտտար կոր տակավին։

− Թող ճամփվի, անոթի մնա, որ պոյը տեսնա,− մռլտաց քթին տակեն։

Հետո ամենքը միասին սեղան նստան։

Բ

Երեք թաղականները իրենց գործը ավարտելե ետքը մեկնեցան խորհրդարանեն։

− Երթանք տեղ մը նստինք բան մը խմենք,− առաջարկեց իրենցմե մին, երբ փողոց ելան։

− Ատենք ուշ է, − դիտել տվավ ուրիշ մը, իր ժամացույցը նայելով,− կեսօր եղել է, տունը կսպասեն, մանավանդ որ հյուր ալ ունինք։

− Եթե հյուր ունիս, ատոր ըսելիք չկա, ուրեմն մենք երկուքս կէրթանք, չըլլա՞ր, Ռափի՛կ աղա։

Այն, որուն Ռափիկ աղա անունը տված էր իր ընկերը, հիսուն տարեկանի մոտ, գիրուկ, թավ պեխերով ու խոշոր կլոր քիթով անձ մըն էր։ Ոսկերիչ էր և համեստ դիրքի տեր։

Երկու թաղականները իրենց ընկերեն բաժնվելով՝ ճամփանին շարունակեցին, և շուկային մեջ գտնված մեծ քազինո մը մտան, ուր արդեն հավաքված էին թաղեցիները իրենց կիրակնօրյա հանգիստը վայելելու համար։

− Մանո՛ւկ աղա, սանկ անկյունը նստի՞նք։ Սեղանը պարապ է,− առաջարկեց Ռափիկ իր ընկերոջ։

− Աղեկ կըլլա։

Մանուկ աղա ավելի երիտասարդ քան Ռափիկ, հազիվ քառասուն տարեկան, չոր, երկայնահասակ ու ջղուտ մարդ մըն էր, որ կորովի նկարագրի տեր կկարծվեր։

− Մեզի շիշ մը տյուզ բեր, − հրամայեց Ռափիկ իր հրամանները ընդունելու եկող սպասավորին,− բայց մեզեները տաք ըլլան։

Հետո իր ընկերոջ դառնալով՝ ըսավ.

− Սա ժամկոչին խնդիրը իս կնեղացնե կոր… Ո՞ւրկե մեջտեղ ելավ։

− Նեղանալիք բան մը չկա, վաղը առտու կերթանք հաշիվը կտեսնանք, 55 ղուրուշ առնելիք ունի՝ կուտանք ու կճամփենք, պրծավ գնաց,− պատասխանեց Մանուկ վճռաբար։

− Աղե՛կ, բայց մարդը հանցավոր չերևար կոր։

− Հանցավոր ըլլա, չըլլա, չենք կրնար Մարգար էֆ-ի պես մեկուն խաթրը կոտրել ժամկոչի մը համար։

− Ասկե զատ՝ ուրիշ խնդիր մըն ալ կա։

− Ի՞նչ խնդիր։

− Եթե Պողոս էֆ-ն իմանա ու դիտողություն ընե… չի լսեցի՞ր, ավագերեցը ըսավ, որ անոր հրամանով առնվեր է Վարդանը։

− Պողոս էֆ-ն եթե իմանա, որ Սասանյան էֆ-ին դիմումին վրա ժամկոչը ճամփեր ենք, բնավ դիտողության չըներ։

− Վերջապես ինքն ալ Թաղական Խորհրդին ատենապետն է, պետք է որ նախապես գիտնա մեր տված որոշումը։

− Էյ, ինչպե՞ս ընենք։ − Ինծի մնա նե՝ իրիկվան դեմ կերթանք Պողոս էֆենտիին խնդիրը կբացատրենք, իր հավանությունը կառնենք, անկե ետքը ինչ որ պիտի ընենք, կընենք։

− Ես վստահ եմ, որ անիկա չպիտի հակառակի, քանի որ Մարգար էֆ-ն կա խնդրին մեջ։

− Մենք գործը օրինավոր կտեսնենք, ավելի լավ չըլլա՞ր։

Մանուկ աղա համոզվեցավ այս բանավոր առարկության և որոշեցին կեսօրեն ետքը ժամադիր ըլլալ և երթալ իրենց ատենապետը տեսնել, իրերու կացությունը պարզելու համար։

Ռափիկ աղա այնքան լավատես չէր, որքան Մանուկ աղան, Պողոս էֆ-ի բռնելիք դիրքի մասին։ Կկասկածեր, որ ընդդիմության մը պիտի բաշխեին և ատոր կացությունը ծանրակշիռ հանգամանք մը պիտի ստանար։

− Մենք,− դիտել տվավ պաշտոնակցին,− անմիջասլես հանձնառություն ստանձնելու չէինք վաղը առտու Վարդան աղբարը ճամփելու համար։

− Ուրիշ ճար չկար,− պատասխանեց Մանուկ կտրուկ կերպով։− Ես ժամկոչի մը համար չեմ ուզեր Մարգար էֆ-ին ու Միհրանիկ էֆ-ին հետ գեշ մարդ ըլլալ, հետևաբար լավագույն է խոսակցությունը ուրիշ նյութի վրա բերել։

− Այս առտուն թերթերը կարդացի՞ր,− հարցուց։

− Աչքե անցուցի,− պատասխանեց Մանուկ՝ օղիի գավաթը պարպելով։

− Նոր բան մը կա՞։

− Վարչությունը նոր պատվիրակ մը պիտի ղրկե եղեր Երուսաղեմ և…

− Ճանը՞մ, վազ անցիր սա Երուսաղեմին խնդրեն, ալ համը փախավ,− գոչեց Ռափիկ,− քաղաքական բան մը կա՞, ան նայինք…

Ինկիլիզը նորեն քյուլահ մը հազըր կընե կոր ամմա, նայինք որո՞ւն գլուխը պիտի անցնե։

Ինկիլիզին անունը լսելուն պես Ռափիկ աղային դեմքը ճառագայթեց, ոգևորվեցավ։

Ինկիլիզը իր սիրական կուռքն էր, իր պաշտամունքին միակ առարկան։ Ինկիլիզը ինչ ըսե նե՝ ան կըլլա, կպատգամեր, ամեն անգամ, որ քաղաքական կնճռոտ կացության մը առթիվ խոսք բացվեր։ Ոսկերիչներու շուկային քաղաքական երկու մեծ բաժանումներուն ինկիլիզյան և մոսկոֆյան − առաջնույն պարագլուխներեն մեկն էր Ռափիկ աղա, և այս պատճառով հաճախ բուռն վիճաբանություններ կունենար մոսկոֆյաններուն հետ։

− Էյ, ի՞նչ է եղեր, պատմե՛ նայինք,− հարցուց հետաքրքիր իր բարեկամին։

− Սըր Էտուարտ Կրեյ հայտարարեր է, որ եթե Մերձավոր Արևելքի արդի կացության մեջ փոփոխություններ մտցնելու հարկը շեշտվի և արտաքին միջամտություններ ի հայտ գան՝ Անգլիա հավատարիմ իր դարավոր քաղաքականության, իր ուղղությունը պիտի որոշե դեպքերու առնելիք հավանական ընթացքին համապատասխան կերպով։

Ռափիկ աղա հակառակ Սըր Էտուարտ Կրեյի մասին ունեցած անսահման սքանչացումին, չկրցավ որոշակի ըմբռնել հայտարարության իմաստը։

− Սա լրագիրը քո՞վդ է նե՝ ինծի տուր,− ըսավ Մանուկ աղային, որ փութաց բարեկամին խնդիրքը կատարելու։

− Շունշանորդին անանկ լաստիկլի խոսք մը ըրեր է որ,− ըսավ,− մեջեն չելլվիր կոր։

− Ես ալ աղեկ մը չկրցա հասկնալ,− խոստովանեցավ Մանուկ աղա։

− Քար մը կա, ամմա որո՞ւն է…

Եվ Ռափիկ աղա մխրճվեցավ քաղաքականության խորը և իջավ մինչև Խրիմի պատերազմը։

− Ա՛լ երթանք,− ընդմիջեց Մանուկ աղա, ոտքի ելլելով,– ժամը մեկն է․․․

− Վա՞յ, այդչափ եղե՞ր է։

Երկու թաղականները ժամադիր ըլլալով՝ իրիկվան դեմ կրկին միացան ու գացին Պողոս էֆ-ին բնակարանը, առտվան միջադեպը բացատրելու։

Թաղական Խորհրդի աաենապետը կպատրաստվեր կնոջը հետ պտույտի երթալու, այսուհանդերձ հյուրերը ընդունեց, մանավանդ որ այս վերջինները հայտարարեցին թե՝ քանի մը վայրկյան պիտի մնային։

− Վաղը առտու ժամկոչ Վարդանը պիտի ճամփենք,− ըսավ Մանուկ աղա։

− Ինչո՞ւ, ի՞նչ կա որ,− հարցուց աաենապետը։

− Ատանկ պետը եղավ… քու մեկնելեդ ետքը Սասանյան Էֆենտին ու Միհրանիկ էֆ-ին եկան, և իրեն դեմ բողոքներ ըրին։

− Բայց խնդիրն ի՞նչ է…

Մանուկ էֆ. մանրամասնորեն պատմեց առտըվան այցելությունը։

Պողոս էֆ. ինքն ալ գայթակղեցավ պատահածին համար, մանավանդ շատ ցավ զգաց, որ անուղղակի կերպով վշտացուցած էին Մարգար էֆ-ին։ Ատանկ հարուստ և հրապարակին վրա կարևոր դիրք մը գրավող անձ մը վշտացնել արդարև աններելի էր։

− Իրավունք ունիք,– ըսավ,− անմիջապես ճամփելու է այդ ժամկոչը և Մարգար էֆ-են ալ ներում խնդրելու է եղածին համար։

− Մենք արդեն ներում խնդրեցինք

− Ես ալ պետք է զինքը տեսնեմ ու ներում խնդրեմ։

− Աղեկ կըլլա… ուրեմն այսպես որոշում տրվեցավ։ Ես արդեն վստահ էի, որ դուն ալ Վարդանի ճամփվելուն չպիտի հակառակեիր, այսուհանդերձ չուզեցինք առանց քու գիտությանդ բան մը ընել… ուրեմն ձեր պտույտին արգելքը չըլլանք, մնաք բարով։

Շազիկ, որ մինչև այն ատեն լուռ ունկնդիր եղած էր այս խոսակցության, հանկարծ ոտքի ելավ ու իր ամուսնույն դառնալով, գոչեց.

− Ժամկոչը տեղ մըն ալ չպիտի երթա, հո՛ն պիտի մնա…

− Ինչո՞ւ համար,− հարցուց Պողոս էֆ․։

− Որովհետև ինք բնավ հանցանք չունի, ես ըսի, որ աթոռը հոն դնե ու ան ալ հնազանդեցավ։

− Ճիշտ ինքն ալ այնպես պատմեց,− ըսավ Ռափիկ աղա, որ մինչև այն ատեն խոսքի չէր խառնված,− բայց Մանուկ աղան քաշվեցավ ըսելու։

− Քաշվելու բան չկա,− պատասխանեց Շազիկ,− ճշմարտությունը այս է…

− Ինչ որ է, հիմա այդ խնդիրը մեջտեղ չհանենք, խնդիրը ավելի կմեծնա,– դիտել տվավ Պողոս էֆ․,− Վարդանը կճամփենք, գործը անուշ տեղ կկապենք։

− Իս ալ խաղք ու խայտառակ մեջտեղ կձգեք,− պոռաց Շազիկ բարկութենեն կաս-կարմիր կտրած։

− Դուն ինչո՞ւ իրար կանցնիս, քեզի համար ի՞նչ կա,− ըսավ Պողոս էֆ.։

− Ի՞նչ ըսել է, անոնց այդ բողոքները իս պզտիկ ձգելու համար է… կերևա թե հանըմը բարկացեր է, որ ինք ոտքի վրա մնացեր ու ես աթոռի վրա նստեր եմ․․․ թող այդչափ խոտոզմի չըլլա, անոր էրիկը հարուստ վաճառական է նե՝ իմ էրիկս ալ այստեղի Թաղ. Խորհրդին ատենապետն է, հարկավ ժամուն մեջ ինծի ավելի պատիվ պիտի ընեն…

− Ճանը՛մ, դուն ալ ինչո՞ւ համար աթոռդ ճիշտ անոր կեցած տեղը դնել տվեր ես։

− Քեյֆս ուր ուզե նե՝ հոնտեղ դնել կուտամ, ո՞վ կրնա խառնվիլ…

− Պարապ տեղը ասանկ խնդիրներ հանեցիր մեջտեղ….

− Խնդիրի բան չկա, դուք եք, որ կարևորություն կուտաք կոր։

− Ինչ որ է, կա՛րճ կապենք,− գոչեց Պողոս էֆ. գրգռված կերպարանքով մը,− վաղը հաշիվը տեսեք, ճամփեցեք այդ ժամկոչը։

− Կմոռնաս, որ Վարդան աղբարը դուն ձեռքով բերիր եկեղեցին դրիր,− ըսավ Շազիկ։

− Ի՞նչ ընեմ, դուն գլխուս փաթթեցիր այդ մարդը։

− Վարդանը իմ ոչ աղբարս է և ոչ ալ ազգականս, եկավ աղաչեց, ոտքերս ինկավ, ես ալ բարիք մը ընելու համար քեզի ըսի, որ եկեղեցիին ժամկոչ ըրե, քանի որ այն ատեն հին ժամկոչն ալ հայրենիք գացած էր… խեղճ մարդը շատ շնորհքով իր գործը կտեսնա կոր… տիկին Սաթենը եթե մեր ժամեն գոհ չէ՝ թող ուրիշ ժամ մը երթա, ժամուն խըթլըխը չկա յա…

Պողոս էֆ. տեսավ, որ վիճաբանությունը շատ պիտի երկարի, ուստի իր պաշտոնակիցներուն դարձավ և ըսավ.

− Դուք վաղը առտու խորհրդարան գտնվեցեք, ես ալ կուգամ ու խնդիրը կկարգադրենք։

Թաղականները մեկնեցան։

Ալ անկե ետքը տիկին Շազիկի սևեռուն գաղափարը եղավ ժամկոչ Վարդանին խնդիրը։

Պտույտի միջոցին, իրիկվան կերակուրին, կերակուրեն ետքը, անկողնին մեջ, հետևյալ առտու կանուխ, վերջապես անընդհատ իր ամուսնուն գլուխը տարավ։ Հետզհետե ժամկոչին ճամփվիլը ահագին համեմատություններ կառներ իր աչքին։ Իրեն այնպես կթվեր, որ բոլոր թաղին մեջ խաղք ու խայտառակ պիտի ըլլար, թե իր Թաղ. Խորհրդի ատենապետի կնոջ դիրքը պիտի կործաներ և ինչ որ ամենեն սարսափելին էր, ծաղր ու ծանակ պիտի ըլլար տիկին Սաթենի առջև։

Իզուր ամուսինը կջանար համոզել, թե ժամկոչին արտաքսումը ոևէ կերպով չէր կրնար արատավորել զինքը և թե մյուս կողմե իր անձնական շահերը կպահանջեն չվշտացնել Մարգար էֆ-ին պես մեկը, որ առևտրական հրապարակին վրա կարևոր դիրք մը կգրավեր։

Տիկին Շազիկ անդրդվելի կմնար իր համառության մեջ ու տեղի չէր տար ամուսնույն պատճառաբանություններուն։

Առտուն մինչև Պողոս էֆ. կհագվեր նախ եկեղեցի ու ապա գործին երթալու համար, կինը կհամոզեր զայն, որպեսզի ժամկոչ Վարդանին ճամփել չտա։

− Չըլլար, էֆենտիմ, չըլլար, գոնե քիչ ժամանակի համար հեռացնելու ենք ժամեն…

− Եթե իմանամ, որ ճամփեր եք, կձգեմ մորս տունը կերթամ ու ալ մեյ մըն ալ ոտքս այստեղ չեմ դներ,− գոչեց Շազիկ գրգռության ծանրագույն աստիճանին հասած։

− Չըլլա նե՝ Վարդանը ղրկենք, թող երթա ներում խնդրե տիկին Սաթենեն,− ըսավ Պողոս էֆ. իբրև խնդիրը անուշությամբ վերջսւցնելու միջոց մը։

Բայց այդ ալ անընդունելի դատվեցավ կնոջը կողմեն։

− Վարդանը իմ հրամանովս աթոռը հոն դրավ, ուստի պետք չունի ներում ինդրելու, եթե ներում խնդրե՝ իր բերնով ես ներում խնդրած պիտի ըլլամ… կմեռնիմ, ատանկ բան մը չեմ ըներ։

Ճանըմ, սա քուկին խոսքդ վերցուր մեջտեղեն, մի ըսեր, որ քու հրամանովդ ըրեր է, ուրիշն ալ կիմանա ու ետքը անոնց ականջը կհասնի…

− Թող հասնի, ի՞նչ կըլլա եղեր… կկարծես որ այդ չլթիկեն կվախնա՞մ… քեղի պես։

Վիճաբանությունը շարանակվեցավ այսպես, մինչև որ տիկին Շազիկ հուզումեն , ջղագրգռութենեն, բարկութենեն սկսավ լալ։

Պողոս էֆ. ջանաց հանգստացնել զայն ողոքիչ խոսքերով, անորոշ հանձնառություններով ու խոստումներով։ Կինը լացը դադարեցուց և վճռական շեշտով մը ըսավ.

− Հիմա պիտի հագվիմ ու եաևեդ ժամ պիտի գամ և եթե տեսնեմ, որ Վարդան աղբարը ճամփվեր է, դպրոց պիտի հանդիպիմ, աղջիկս առնեմ ու մորս տունը պիտի երթամ… ա՛լ ինչ կուզես նե՝ ան ըրե։

Եվ տիիկին Շազիկ չառաչմամբ դուռը գոցելով, դուրս եկավ սենյակեն։ − Խենթ խոսքեր,− մռլտաց ամուսինը քթին տակեն, նեղացած կերպարանքով մը։

Քանի մը վայրկյան ետքը Պողոս էֆ. տանեն կմեկներ եկեղեցի։

Ժամկոչի այս խնդիրը չափազանց կնեղացներ զինքը։ Անշուշտ եթե կնոջը ընդդիմությունը չըլլար, շատ դյուրավ խնդիրը կգոցվեր Վարդանը ճամփելով, բայց ահա հիմա այդ տեսակ կարգադրություն մը ամբողջ իր ընտանեկան հարկին խաղաղությունը պիտի վրդովեր։ Պողոս էֆ. գիտեր իր կնոջ համառ բնությունը և այս բանն էր, որ երկյուղ կպատճառեր իրեն։ «Եթե ճամփենք ալ տարին տասներկու ամիս Վարդան աղբոր խոսքը պիտի լսենք տանը մեջ», կմտմտար փողոցը քալած միջոցին։

Պողոս էֆ. շատ կարևորություն չէր տար Շազիկի՝ մորը տունը երթալու սպառնալիքին և կզգար, թե պարզապես պլըֆ մըն էր ատիկա, բայց կերևակայեր այն տեսարանները, որոնք պիտի պարզվեին Վարդան աղբոր ճամփվելեն ետքը իր և կնոջ միջև և այդ հեռապատկերը կսարսափեցներ զինքը։

Հոգեկան այս խռովքներուն մեջ Պողոս էֆ. մտավ խորհրդարան, ուր արդեն իրեն կսպասեին Մանուկ և Ռափիկ աղաները։

− Արդյոք ո՞ւշ մնացի,− ըսավ ինքզինք չքմեղացնելու ձևով մը։

− Չէ՛,– փութաց պատասխանել Ռափիկ աղա,− մենք ալ հիմա եկանք։

Մանուկ ժամացույցը նայեցավ ու ըսավ։

− Ատենը ուշ է, ամենքս ալ մեր զբաղմունքները ունինք, շուտով մը սա գործը լմնցնենք ու երթանք․․․ Վարղանին հաշիվը նայեցանք, 55 ղրշ. առնելիք ունի եղեր, դրամը տանք ու ճամփենք։

Պողոս էֆ. մտածկոտ՝ չպատասխանեց։

− Կանչե՞նք Վարդանը,− հարցուց Մանուկ։

− Կեցի՛ր, նախ խորհրդակցինք,− ըսավ Պողոս էֆ.,− աճապարանքով գործ չտեսնենք…

− Կարծեմ խորհրդակցությունը էրեկվընե կատարեցինք։

− Այո՛, բայց մեր մյուս ընկերներուն կարծիքը չառնվեցավ,− դիտել տվավ Պողոս էֆենտի։

− Ի՞նչ հարկ, Պողոս էֆ., թաղական խորհուրդը արդեն հինգ անդամներե կբաղկանա, քանի որ երկուքը հրաժարած են, հետևաբար մեր երեքին տված որոշումը մեծամասնության որոշումն է։

− Այնպես է, բայց… թերևս հետո մեր ընկերները դիտողություն կընեն։ − Իրավունք չունին։

− Անշուշտ, իրավունք չունին, բայց ինչո՞ւ հետո խոսքի տեղի տանք, մեյ մըն ալ իրենց կարծիքն ալ առնենք։

− Գոնե էրեկ ընեիք այդ դիտողությունը, որպեսզի կարենայինք իրենց իմաց տալ։

− Երեկ չմտածեցի։

− Հիմա ապահովաբար տունը չեն, գործի գացած ըլլալու են․․․

− Վնաս չունի, թող քանի մը օր ետ մնա,− ըսավ Պողոս էֆենտի։

− Բայց ի՞նչ կըսեք, խոսք տվինք Մարգար էֆ-ին… անոր քովը պզտի՞կ մնանք։

− Ես այսօր Մարգար էֆ-ին կտեսնամ, հետը կխոսիմ, դուք հոգ մի՛ ընեք։

Մանուկ աղա հասկցավ, որ ավելորդ էր ավելի երկար ընդդիմանալ։

− Քու կարծիքդ ի՞նչ է,− հարցուց Ռափիկ աղային։

− Կարծես Պողոս էֆ. իրավունք ունի,− պատասխանեց ոսկերիչը։

− Ուրեմն թող անոր ըսածը ըլլա։

Պողոս էֆ. իր զբաղմունքները պատրվակելով հեռացավ խորհրրդարանեն։ Երբ փողոց ելավ, լայնկեկ շունչ մը առավ, կարծես ծանր բեռե մը ազատված ըլլար։ Անմիջական վտանգը անցուցած էր։

Իսկ Մանուկ աղա շատ դժգոհ մնաց իր ատենապետին բռնած ընթացքեն։

− Տեսա՞ր մի հիմա եղածը,− գոչնց Ռափիկ աղային,− ի՞նչ պատասխան պիտի տանք Մարգար էֆ-ին…

− Բայց Պողոս էֆ-ն ալ քիչ մը իրավունք ունի, մյուս ընկերներուն ալ մեյ մը կարծիքը առնենք։

− Պարապ խոսք, էֆենտիմ, էրեկ իր տունը գացինք նե՝ մեզի բոլորովին համամիտ էր. բայց ես գիտեմ բուն խնդիրը ինչ է… իր կնկանը խոսքերուն համոզվեր է ու այսպես կուզե կոր մեզ խաղցնել… էրեկ չի տեսա՞ր տիկին Շազիկը ինչպես ժամկոչը կպաշտպաներ կոր… ասանկ խաղքություն կըլլա՞, Թաղ. Խորհուրդը տիկին Շազիկին կամքովը գո՞րծ պիտի ընե։ Արդեն այս Պողոս էֆ-ն ալ, խոսքը մեջերնիս, մամածակ մարդուն մեկն է կնոջը խելքովը կկառավարվի։ Ճանը՞մ, ի՞նչ սիրտ կհատցնես, մենք մեջը բան մը չունինք ա։

− Ի՞նչ ըսել է, խոսք տվինք, որ այս առտու Վարդանը պիտի ճամփենք։

− Հիմակ ալ կըսենք, որ Պողոս էֆ-ն տարբեր որոշում տվավ։

− Եթե ես ժամկոչ մը ճամփելու ազդեցություն չունիմ նե՝ ինչո՞ւ իբրև թաղական գամ այստեղ նստիմ… եղբա՛յր, գործին մեջը արժանապատվության խնդիր կա, դուն չես ըմբռներ կոր։

Երկու թաղականները այսպես խոսակցելով՝ իրենք ալ ճամփա ելան իրենց գործին երթալու համար։

Ժամ մը ետքը տիկին Շազիկ եկեղեցի կուգա։ Որչափ ալ վստահ էր իր ամուսնույն վրա ունեցած ազդեցությանը, այսուհանդերձ կասկածած էր, որ թերևս Պողոս էֆ. ազդվեր իր պաշտոնակիցներուն խոսքերեն ու ճամփեր ժամկոչը, ինչ որ իրեն համար գրեթե մահու և կենաց խնդիր մը դարձած էր։ Ուստի չկրնալով տարտամությանց մեջ անցնել ամբողջ օըը, ելեր, հագվեր ու եկեր էր անձամբ ստուգելու ամեն բան։

− Ժամկոչ աղբարը ո՞ւր է,− հարցուց բանկալը նստող պաշտոնյային։

− Հոս ըլլալու է, տիկի՛ն,− պատասխանեց մարդը,− արդյոք պետք ունի՞ք իրեն։

− Կուզեի մեյ մը տեսնել։

− Խորհրդարան հրամմեցեք, երթամ զինքը կանչեմ։

Տիկին Շազիկ մտավ խորհրդարանը և բազմեցավ իր ամուսնույն ատենապետական թիկնաթոռին վրա։

Վայրկյան մը ետքը Վարդան աղբար ներս կմտներ։

− Ծո՛, Վարդան,− ըսավ տիկին Շազիկ քմծիծաղով մը,− երեկ քեզի հանդիմաննե՞ր են…

− Հրամանք է, հանըմ,− պատասխանեց ժամկոչը,− աթոռին համար աղաները բարկացան։

− Էյ, դուն ի՞նչ ըսիր․․․

− Ըսի, որ ձեր հրամանովը աթոռը Սաթեն խանումին կնքած տեղը դրի։

− Ապրի՛ս, շատ աղեկ ըրեր ես… ճշմարտությունը խոսեր ես։

− Այո՛, բայց կվախնամ, որ գլխիս փորձանք մը բերեն։ Մարգար էֆ-ն եկած էր, շատ բարկացած կերևար։

− Բարկացած է հե՞, թող քիչ մը քացախ խմե,− ըսավ Շազիկ, հեգնական ժպիտով մը, այս առտու Պողոս էֆենտին հոս եկա՞վ։

− Եկավ, քիչ մը կեցավ, գնաց։

− Քեզի բան մը ըսա՞վ…

− Չէ՛, հանըմ, բան չըսավ։

Գոհունակության հաղթական ժպիտ մը երևցավ տիկին Շաղիկի դեմքին վրա։

Բայց ժամկոչը այս հարցումներեն մտատանջության մատնված էր։

− Ոտքդ պագնեմ, Շաղի՛կ խանում, աղաները ինծի բա՞ն մը պիտի ընեն,− հարցուց ողորմուկ ձայնով մը։

− Մի վախնար, ծո՛, քու մազիդ թելին դպչող չըլլար, ես հոս կեցեր եմ։

− Ո՛ղջ ըլլաս…

− Մարգար էֆ․ ուզեր է, որ քեզ ճամփեն, բայց ես դեմ կեցա, թող չտվի։

− Աստված կյանք տա ձեզի, Պողոս էֆ-ին…

Ու ժամկոչ Վարդան սկսավ փառաբանություններ ընել իր պաշտպանուհիին։

Իր ալ ականջը հասեր էր, որ զինքը պիտի ճամփեն ու առտըվընե ի վեր սրտադողի մատնված էր, տիկնոջ խոսքերը զինքը հանդարտեցուցած էին։

− Քեզի բան մը ըսեմ, աղեկ մտիկ ըրե,− ըսավ տիկին Շաղիկ,− կարելի է, որ քեզի խորհուրդ տան, որ երթաս տիկին Սաթենեն ներում խնդրես երեկվան եղածին համար․․․

− Եթե պետք է կխնդրեմ,− ընդմիջեց ժամկոչը,− ոտքը ձեռքը կիյնամ։

− Ընդհակառակը,− գոչեց Շաղիկ,− չըլլա որ ատանկ բան մը ընես, եթե լսեմ, որ գացեր ներում խնդրեր ես անմիջապես քեզ ճամփել կուտամ, գիտցած ըլլաս, արդեն Պողոս էֆ-ին ու մյուս թաղականներուն մնար նե՝ դուն հիմա ճամփված պիտի ըլլայիր։

− Բայց, հանըմ, եթե աղաները ըսեն, ես ի՞նչպես իրենց խոսքեն դուրս կրնամ ելլել։

− Դուն իմ խոսքս մտիկ պիտի ընես, հասկըցա՞ր, եթե ատանկ բան մը ընեն՝ անմիջապես ելիր ինծի եկուր…

− Գլխո՛ւս վրա։

− Նորեն կկրկնեմ կոր, եթե խոսքս մտիկ չընես, ետքը գեշ կըլլա, չեմ խառնվիր։ − Վերը աստված՝ վարը դուն, Շազիկ հանըմ, ինչ որ ըսես, ան պիտի ընեմ։

− Այն ատեն բնավ մի վախնար, քեզի դպչող չըլլար, ես կեցեր եմ…

Տիկին Շազիկ այս խոսքերը արտասանելե ետք մեկնեցավ եկեղեցիեն։ Կինը ուրախութենեն կտրոփեր․ իր տարած հաղթությունը զինքը գինովցուցած էր ու կարող չէր հանդարտ մնալ։ Ուզեց երթալ իր բարեկամներուն հաղորդել եղելությունը, պարծենալ, հպարտանալ։

Մյուս կողմե տիկին Սաթեն ալ վստահ էր, թե ժամկոչը ճամփված է, այցելություններ կուտար թաղին մեջ և իր հաղթությունը կհռչակեր։

− Տեսա՞ք եկեղեցիին մեջ երեկ առտվան եղածը,− կհարցներ իր բարեկամուհիներուն։

Ոմանք տեսած էին և ուրիշներն ալ լսած, այնպես որ ամենքն ալ ծանոթ էին խնդրին։

− Շատ անվայել բան է տիկին Շազիկին ըրածը,− կպատասխանեին իրեն։

− Ըրա՛վ, բայց հետո ինքը խաղք եղավ…

− Ի՞նչպես…

− Էրիկս գնաց այս առտու իսկ վռնտել տվավ ժամկոչը։

− Իրա՞վ կըսես։

− Հապա՞… այդ չըլթիկին դասը չպիտի՞ տայի…

− Է՛յ, ապրի՛ս, տիկին Սաթեն, շատ աղեկ ըրեր ես, թող էրթա սորվի տե, ուրիշ ատեն նորեն չընե։

Այսպես մինչև իրիկուն ամբողջ թաղին մեջ տարածվեցավ ժամկոչ Վարդանի խնդիրը, միայն թե իրողությունը երկու տեսակ կպատմվեր։ Ըստ ոմանց՝ Վարդան մնացեր էր իր պաշտոնին մեջ, ըստ ուրիշներուն՝ ճամփված էր։

Մեկ քանիները իրողությունը ճշտելու համար եկեղեցի գացած էին ու տեղվույն վրա քննություն մը կատարած։

Իրիկունը, երբ Մարգար էֆ. տուն դարձավ, շատ ուրախ տրամադրության մեջ գտավ իր կինը։ Տիկին Սաթեն այլևս իր արժանապատվությունը վերահաստատված կհամարեր։

− Այս փոթորիկն ալ անցուցինք, − մտածեց Մարգար էֆենտին։

Կերակուրեն ետք Միհրանիկ էֆ. և կինը այցելության եկան։ Հազիվ թե նստած էին՝ տիկին Նվարդ ըսավ.

− Ժամկոչը չէ ճամփվեր…

− Հե՞,− գոչեց տիկին Սաթեն, նստած տեղեն վեր ցատկելով…− անկարելի բան է։ Ո՞ւրկե իմացար։

− Միհրանիկ էֆ. պատմեց։

− Սխալ ըլլալու է,− միջամտեց Մարգար էֆենտի, անպատճաո ճամփած են… խոսք տվին նե։

− Միհրանիկ էֆ. դուք ո՞ւրկե լսեցիք, որ չէ ճամփվեր,− հարցուց Սաթեն։

− Իրիկունը Ռափիկ աղան տեսա, ան ըսավ։

− Ուրեմն լուրը շիտակ է,− դիտել տվավ Սաթեն, հուզումեն դողահար ձայնով մը։

− Էֆենտի՛մ,− բացատրեց Միհրանիկ,− այս առտու Մանուկ աղան և Ռափիկ աղան ժամ գացեր են Վարդանը ճամփելու, ինչպես որ որոշած էին և իրենց որոշումը Պողոս էֆ-ի ալ հաղորդած ու անոր հավանությունը առած, բայց ահա Պողոս էֆ. կուգա և կըսե, որ պետք է մյուս թաղականներուն ալ հավանությունը առնել։ Թեև Մանուկ աղա կպնդե, որ ժամկոչը անմիջապես ճամփվի, սակայն անկարելի կըլլա Պողոս էֆ. համոզել և խնդիրը կմնա հառաջիկա կիրակի օրվան…

− Ես ալ արդեն նույն բանը ուրիշ տեղ ալ լսեցի, թեև տարբեր կերպով,− ըսավ Նվարդ։

− Դուք ի՞նչպես լսեցիր,− հարցուց Սաթեն, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Թագուկ հանըմը տեսա, ան պատմեց, որ Շազիկը այսօր իրենց գացեր և ըսեր է, որ թեև ժամկոչը պիտի ճամփեն եղեր, բայց ինքը ոտք կոխեր, թող չէ տվեր… ես քանի որ կեցած եմ, այդ ժամկոչը չճամփվիր, ըսեր է…

Այս հայտնությունները բոլորովին կատղեցուցին տիկին Սաթենին, որը կաս-կարմիր կտրած իր ամուսնույն վրա գնաց պոռալով․

− Հիմա ի՞նչ պիտի ընես․․․

Մարգար՝ շվարած, շփոթված՝ չէր գիտեր ինչ պատասխաներ կնոջը։

− Չխոսի՞ս,− գոչեց այս վերջինը։

Ճանը՛մ, կեցի՛ր, իրար մի՛ անցիր, խնդիրը աղեկ մը քննենք, հասկնանք… − Ալ քննելիք, հասկնալիք տեղը մնա՞ց,− գոչեց Սաթեն,– ես հիմա ի՞նչ երեսով թաղին մեջ պիտի պտտիմ… ապուշի պես ալ այսօր ելա քանի մը տեղ այցելություն տվի և ըսի, որ ժամկոչը այս առտու ճամփված է։ Հիմա որ չէ ճամփվեր, մարդիկ ի՞նչ պիտի ըսեն, պարզապես վրաս պիտի խնդան։ Եկեղեցիին մեջ եղածը չէր բավեր, մեյ մըն ալ այս խաղքությունը…

Ճանը՛մ, թո՛ղ առտու ըլլա տե՝ բան մը կընենք։

− Ի՞նչ պիտի ընես…

− Ես ուղղակի Պողոս էֆենտին կտեսնեմ, ժամկոչը ճամփել կուտամ, դուն հոգ մի ըներ,− ըսավ Մարգար էֆենտին վճռաբար։

− Եվ եթե ճամփել չուզե՞…

− Անիկա իմ խոսքես դուրս չի կրնար էլլել։

− Աղեկ գիտեմ, որ բան մըն ալ չպիտի կրնաս ընել, դարձյալ պզտիկ պիտի մնաս, ես ալ քեզի հետ խաղք ու խայտառակ պիտի ըլլամ։

Եվ տիկին Սաթեն սկսավ իր հավիտենական տրտունջները իր ամուսնույն թույլ բնավորության, անկարողության դեմ։

Միհրանիկ և Նվարդ ջանացին համոզել, հանդարտեցնել զինքը։

Երկու հյուրերը մեկնելե ետքը, Սաթեն դարձյալ փորձեց վիճաբանիլ ամուսնույն հետ, բայց այս վերջինը իսկույն անկողին մտավ և քնանալ կեղծեց, մինչ կինը, ջղագրգռված, ժամերով չկրցավ աչքերր փակել։

Գ

Մեր վերը, նախընթաց երկու գլուխներուն մեջ պատմած դեպքերուն վրա շաբաթ մը անցած էր։

Աթոռի միջադեպին հաջորդ կիրակին էր։

Ութ օրը բավական եղած էր ժամկոչին խնդիրը օրվան հրատապ հարցը դարձնելու համար թաղին մեջ։

Հակառակ Մարգար էֆենտիի դիմումին՝ Պողոս էֆենտի՝ համառեր էր Վարդան աղբարը իր պաշտոնին մեջ պահելու, անձնական շահի նկատումները զոհելով ընտանեկան խաղաղության։

− Պետք է թաղական խորհուրդը ամբողջությամբ գումարի և ժամկոչին մասին իր որոշումը տա,− ըսած էր Պողոս էֆենտի։

Եվ այդ ամբողջական գումարումը տեղի պիտի ունենար այդ կիրակի օրը։ Թաղին երկու երևելիներուն միջև ծագած պայքարը բնականաբար ընդհանուր խոսակցության նյութ դարձած էր և նույնիսկ երկու որոշ հոսանքներ առաջ եկած էին։ Մարգարյան հոսանք և հակամարգարյան հոսանք։

Թաղին մեջ կուսակցական երիտասարդություն մը կար, որ իր հատուկ խմբատեղին ուներ «Պայքար Լսարան» անունով։ Այս լսարանի անդամներեն մին, ընկեր Կայծունի, ժամկոչին խնդիրը սեղանին վրա դրած էր.

− Դիրքերնիս ճշտենք,− ըսելով։

Ըստ ընկեր Կայծունիի, հարցը հասարակական հանգամանք ուներ։ Մենծ աղայական կամայականությունն էր, որ իր ամենազոր բազուկով կուզեր ջախջախել ընչազուրկ դասակարգի ներկալացուցիչներեն մին։

Իհարկե, Վարդան աղբոր անձը ոևէ նշանակություն չուներ, բայց այս պարագային Վարդան կներկայացներ պրոլետարիան, որան դեմ կցցվեր դրամագլուխը՝ հանձին Մարգար էֆենտիի։ Պետք չէր թույլատրել, որ ժամկոչը զոհ երթար հարուստի մը քմահաճույքին։

Ընկեր Կայծունի, որ զուրկ չէր ամբոխավար պերճախոսութենե մը, շատ դյուրավ կրցավ համոզել իր ընկերները, որոնք իսկույն որոշեցին գործոն կերպով միջամտել խնդրին։

− «Պայքար Լսարանը» արտահայտված է ի նպաստ ժամկոչ Վարդանի և որոշ դիրք պիտի բռնե։

Երբ այս բանը իմացվեցավ թաղին մեջ՝ բավական հուզում առաջ բերավլ։

Ուրիշ կուսակցություն մըն ալ Ակումբ մը ուներ թաղին մեջ «Շանթ Ակումբ»-ը, որուն անդամները բնականաբար կատաղի հակառակորդներ էին «Պայքար Լսարան»-ին։

«Շանթ Ակումբի» վարիչ ուժը կնկատվեր ընկեր Սուսերյանց։ Այս վերջինը երբ իմացավ հակառակորդ կողմին տրամադրությունը, առանց վարանելու վճռեց։

− Մենք պետք է Մարգար էֆենտին պաշտպանենք։

− Բայց մեր սկզբունքնե՞րը,− դիտել տվավ վեհերոտ անդամը։

− Մեր սկզբունքները կրնանք համաձայնեցնել մեր ընթացքին։

Եվ ընկեր Սուսերյանց իսկույն Ակումբին անդամները արտասովոր նիստի մը հրավիրելով՝ պարզեց իր տեսությունը։ Ժամկոչ Վարդան կներկայացներ կղերականությունը միացած բռնապետության՝ Պողոս էֆ-ի միջոցով։

Մարգար էֆենտին ընդհակառակը ազատական ոգին էր, որ կկռվեր սկզբունքային գաղափարի մը համար։ Հարցը շատ լուրջ էր և թաղին ճակատագիրն էր, որ պիտի որոշվեր այս պայքարով։

Ամեն գնով հարկ էր կռվիլ և հաղթանակը տանիլ, մանավանդ որ ասով մեծ հարված մը տված պիտի ըլլային հակառակ կուսակցության։

Սուսերյանցի տեսությունը ջախջախիչ մեծամասնությամբ ընդունվեցավ։

«Պայքար Լսարանը» և «Շանթ Ակումբը» եռանդով գործի սկսան։ Ամեն մեկը մեյմեկ թռուցիկ հրատարակեց և ցրվեց թաղին մեջ։

− Կիրակի օրը մեծ ցույց պիտի ըլլա,− կփսփսային երկու կուսակցություններու անդամները։

Առտուն, սրճարաններու մեջ, ընդհանուր խոսակցությունը ժամկոչ Վարդանի խնդիրն էր։

Կըսվեր թե թաղականները իրարու մեջ համաձայն չէին և թե անոնք ալ երկու խմբի բաժնված էին։

Այս ընդհանուր իրարանցումին մեջ երկու հոգի կային, որոնք չափազանց դժգոհ էին խնդրին առած այս երևույթեն. ասոնցմե մին Պողոս էֆենտին էր և մյուսը՝ Մարգար էֆենտին։

Երբեք մտքերեն չէին անցներ մեկ օրեն մյուսը այսպես երկու ընդդիմամարտ խմբակներու պարագլուխները ըլլալ թաղին մեջ, և սակայն այս բանը պատահած էր և հիմա ճար չկար ընկրկելու, հարկ էր, որ իրարու դեմ պայքար մղեին։

Թաղին կիներն ալ բնականաբար շահագրգռված էին ժամկոչական խնդրով և անոնք ալ զանազան խմբակցություններու բաժնված, որոնց գլխավորներն էին Շազիկյան և Սաթենյան խմբակները։

Այսպես ուրեմն, կիրակի առտու, մինչ Թաղական Խորհուրդը գումարված նիստ կըներ, անսովոր ոգևորություն մը կար եկեղեցիին շրջակա սրճարաններու մեջ։

− Պարոն Թորգոմ, ի՞նչ նոր լուր ունիս…

Այս բառով ողջունվեցավ ակնոցավոր եիտասարդ մը, որ աճապարանքով սրճարան մտած՝ աչքը չորսդին շուռ կածեր, մեկը փնտրելու ձևով։

Պարոն Թորգոմը թաղին ազգային վարժարանի ուսուցիչներեն էր և մեծ եռանդով կհետևեր ներկա պայքարին, իբրև ջերմ Պողոսյան մը։

− Ցույց պիտի ըլլա, ցույց,− գոչեց ուսուցիչը իրմե լուր հարցնողին։

− Ի՞նչ ցույց…

− «Պայքար Լսարանի» կողմե մեծ ցույց մը կազմակերպված է… բայց ընկեր Կայծունին ո՞ւր է։

− Քիչ մը առաջ հոս էր, հիմա դուրս ելավ,− պատասխանեց ներկաներեն մեկը։

Այս պատասխանին վրա ուսուցիչը մեկնեցավ։

− Ելլենք եկեղեցի երթանք, սա ցույցը տեսնենք,− ըսավ հետաքրքիր մը։

− Ավելի աղեկ է հեռու մնանք այդ տեսակ խնդիրներե… մեզի ի՞նչ։

Եվ սակայն փորձությունը շատ մեծ էր և ամեն մարդ եկեղեցիին բակը կհավաքվեր։

Դպրոցականներ, երիտասարդներ ու փոքրիկ մանուկներ լցված էին արդեն, երբ հանկարծ ներս մտավ ընկեր Կայծունի, մեկ քանի բարեկամներե շրջապատված։

Իր մուտքը հետաքրքրությամբ ողջունվեցավ։ «Պայքար Լսարանի» ներկայացուցիչը առաջ անցավ և բակին մեկ կողմը գտնված հորի մը կափարիչին վրա ընկավ։ Բազմությունը իր շուրջը բոլորակ մը կազմեց։

− Թաղեցինե՛ր,− գոչեց Կայծունի,− հանուն երիտասարդության է որ խոսք կառնեմ և կհուսամ, որ պիտի հաճիք լուրջ ուշադրությամբ մտիկ ընելու ինծի։

«Թաղս շաբաթ մը ի վեր հուզող խնդիրը ծանոթ է ամենուդ։ Մենք ժողովրդի զավակներ, չենք կրնար անտարբեր հանդիսականներ մնալ, չենք կրնար թույլատրել, որ ժողովրդի զավակ, համեստ պաշտոնյա մը զոհվեր մենծաղայության քմահաճույքին։

Մենք կուգանք այժմ հանուն ժողովրդին բողոքելու»։

− Իրավունք չունիս ժողովրդյան անունով խոսելու,− ընդմիջեց երիտասարդ մը, գավազանը ճոճելով։

«Շանթ Ակումբի» անդամներեն մեկն էր։

− Դուն լռե՛,− ըսին իրեն։

− Ինչո՞ւ պիտի լռե,− մեջ մտավ ուրիշ մը,– մենք ալ ժողովուրդ ենք… − Դուք ժողովուրդ չեք, դուք միմիայն «Շանթ ակումբը» կներկայացնեք, իրավունք չունիք հանուն ժողովրդին խոսելու։

Վեճը հետզհետե մեծցավ, թաղականները դուրս ելան խորհրդարանեն և ջանացին ամբոխը հանդարտեցնել։

− Եղբայրնե՛ր գացե՛ք, ցրվեցե՛ք, թողեք որ նիստը շարունակենք և որոշումնիս տանք,− ըսավ Պողոս էֆենտի։

− Չէ՛, չպիտի երթանք, հոս պիտի սպասենք,− գոչեց ընկեր Սուսերյանց։

− Ի՞նչ բանի համար։

− Ժողովուրդին շահերը պաշապանելու համար։

− Լավ, սպասեցեք, բայց աղմուկ մի հանեք,− գոչեց ընկեր Կայծունի,− միևնույն ատեն կազդարարեմ Թաղական Խորհրդին, որ ժողովուրդին կամքը հարգե, ծանր դեպքերու տեղի չտալու համար…

− Ո՞ր ժողովուրդին կամքը պիտի հարգեն,− գոռաց Սուսերյանց։

− Բուն ժողովրդին կամքը։

− Բուն ժողովուրդը մե՛նք ենք:

− Լռեցե՛ք…

Կրկին աղմուկը մեծցավ։

Մանուկ աղա, որ մյուս թաղականներու հետ եկած էր կարգապահությունը հաստատելու՝ դարձավ ցուցարարներուն և գոչեց.

− Պարոննե՛ր, հաճեցեք հեռանալ բակեն, եկեղեցական արարողությունը ավարտած է ու ալ գործ չունիք այստեղ, թողացեք, որ հանդարտ միտքով մեր ժողովը կատարենք։

− Իրավունք չունիս այստեղեն վռնտելու, եկեղեցին ազգին կպատկանի… եկեղեցին ժողովուրդինն է,− պոռաց տաքդգուխ մը։

− Այն ատեն մենք կցրվինք ուրեմն,− ըսավ Մանուկ աղա,− որովհետև ճնշման ներքև չենք կրնար որոշում տալ։

Արդարև ամենեն կարճ ճամփան այդ էր, խնդրին վերջ տալու համար։

Թաղականները, իրենց գլուխը ունենալով Պողոս էֆենտին, դուրս ելան եկեղեցիեն, մինչ ցուցարարները կպոռային․

− Կեցցե՛ ժողովուրդը, կեցցե՛ աշխատավոր դասակարգը, անկցի՛ բռնակալությունը և այլն։

− Տղա՛ք, ալ երթանք,– գոչեց ընկեր Կայծունի իր շուրջիններուն դառնալով, և հաղթական պատերազմե մը դարձող զորավարի մը պես ուղղվեցավ դեպի «Պայքար Լսարանը», մինչ ընկեր Սուսուրյանց իր խմբովը, ո՛չ նվազ հաղթականորեն, կերթար դեպի «Շանթ ակումբը»։

Երկու խումբերը հաղթանակ տարած ըլլալու անուշ պատրանքը ունեին, թեև իրականության մեջ այդ պատրանքը արդարացնող բան մը չէր պատահած։ Թաղականները մեկնած էին առանց որոշում մը տալու։

Անհամաձայնությունը ծայր տված էր Թաղական Խորհուրդին մեջ։ Մանուկ աղա և ուրիշ թաղական մը՝ Սարգիս էֆենտի՝ կպահանջեին, որ ժամկոչը անմիջապես ճամփվեր և գոհացում տրվեր Մարգար էֆենտիին։

Իսկ Պողոս էֆ. և ուրիշ թաղական մը կընդդիմանային ու պաշտպան կկանգնեին Վարդան աղբոր։ Ռափիկ աղա բացարձակ չեզոքություն կպահեր։

Մարգար էֆ. երբ իմացավ Թաղական Խորհրդի ապարդյուն նիստը, սաստիկ զայրացավ։ Ինքը կսպասեր, որ նույն օրը որոշումը տրվեր ու խնդիրը լմննար ժամկոչին ճամփվելով։

Տիկին Սաթեն գրեթե հիվանդ եղած էր իր կրած հուզումներեն, և երկու օրե ի վեր իր մոր տանը գացած էր։ Մարգար էֆ. դիտավորություն ուներ իրիկվան դեմ երթալու և կինը տուն բերելու։

Բայց ահա ժամկոչին խնդիրը առկախ մնալուն համար խեղճ մարդը չէր համարձակեր երթալ իր կինը բերելու։ Վստահ էր, որ Սաթենի առաջին հարցումը պիտի ըլլար…

− Ժամկոչը ճամփվեցա՞վ։

Եվ եթե ինք «ոչ տակավին» պատասխաներ, սոսկումով կերևակայեր առաջ գալիք փոթորիկը։

Մարգար էֆենտի կմտածեր, թե այս կացությունը չէր կարելի տևել, հարկ էր վճռական բան մը ընել, արմատական միջոցներու դիմել։

Մարդ ղրկեց և իր տունը հրավիրեց Մանուկ աղան, որուն վրա վստահություն ուներ և գիտեր, թե Թաղական Խորհուրդին մեջ անկեղծորեն իր դատը կպաշտպաներ։

− Աս ժամկոչին խնդիրը տակավին պիտի տևե՞,- հարցուց։

− Էֆենտիս, ի՞նչ գիտնամ,– պատասխանեց թաղականը,- պզտիկ խնդիր մը պարապ տեղը այսքան մեծցուցին և ձեր ալ սիրտը կոտրեցին…

− Բայց վերջապես ինչո՞ւ համար Պողոս էֆենտին այսչափ ընդդիմություն ցույց կուտա կոր․․․ − Իր կնկանը ձեռքը գործիք եղած է. անոր խոսքեն պարս չի կրնար կոր էլլել։

− Ամոթ չէ՞ իրեն… էրիկ մարդու մը կվայելե՞ իր կնոջ խելքովը կառավարվիլ։

Մարգար էֆենտի այս խոսքերը կըսեր առանց անդրադառնալու, որ ինքն ալ գրեթե նույն կերպով կվարվեր այս խնդրին մեջ։

Պահ մը լռելե ետքը հանկարծ գոչեց.

− Ենթադրենք, որ Պողոս էֆենտի իր կնոջ դրդումով այսպես կվարվի, իսկ դո՞ւք… դուք ալ անոր հրամաններուն կհնազանդիք։

− Մարգար էֆենտի, դուք լավ գիտեք, որ ես առաջին օրեն ժամկոչը ճամփելու կողմն էի և մինչև հիմակ ալ այնպես եմ ու ասոր համար բավական մեծկակ վեճեր ալ ունեցանք Խորհրդարանին մեջ, բայց ես առանձին ի՞նչ կրնամ ընել…

− Լսեցի, որ ուրիշ թաղական մըն ալ քեզի համակարծիք է եղեր․․․

− Այո՛, բայց թաղականին մեկն ալ Պողոս էֆենտիի կողմն է և որովհետև Ռափիկ աղան ալ բոլորովին չեզոք կմնա կոր, կարելի չէ բացարձակ մեծամասնություն կազմել։

− Ո՞վ է տեսնեմ, սա Պողոս էֆ-ին կողմը բռնողը։

− Էֆենտիմ, մյուսյու Գարեգինր… Գարեգին Կրիկյան։

Նեհի՞ է այդ մարդը։

− Սամիկյան վաճառատան առաջին գրագիրն է։

− Սամիկյան Հաճի Հակո՞բ էֆ-ին,− գոչեց Մարգար էֆենտին։

− Հրամմե՛ր եք…

− Առաջուց չըսեի՞ր ուրեմն,− գոչեց Մարգար էֆենտի գոհունակությամբ,− հիմա խնդիրը դյուրացավ։

− Մյուսյու Գարեգինը կճանչնա՞ք ուրեմն։

− Չէ, զինքը ճանչնալու պետք չունիմ,− պատասխանեց Մարգար էֆենտի արհամարհոտ ձայնով մը,− բայց Սամիկյան էֆենտին մտերիմ բարեկամս է, միասին ալ գործ ունինք, մեկ խոսքս կբավե, որպեսզի այդ Գարեգինին ականջեն քիչ մը քաշե։

− Այդ տարբեր բան,− ըսավ Մանուկ աղա,− միայն թե, մյուսյու Գարեգինը քիչ մը տարօրինակ երիտասարդ է, ամեն խնդրի մեջ սկզբունքով կվարվի և շատ դյուրավ տեղի չի տար, մանավանդ որ արժանապատվության զգացումն ալ շատ զորավոր է իր մեջ… ուղղամիտ և պարկեշտ անձ մըն է, այս խնդրին մեջ թեև համակարծիք չեմ, բայց շիտակը խոսելու համար շատ կհարգեմ զինքը, որովհետև վստահ եմ, որ ամեն խնդրի մեջ անկեղծ համոզումով կվարվի։

Հակառակորդի մը − մանավանդ դիրքով ու նյութական կարողությամբ իրմե շատ ստորին հակառակորդի մը − տրված այս գովեստները անհաճո թվեցան Մարգար էֆենտիի, որ հայտնի սրտնեղությամբ պատասխանեց։

− Կտեսնենք, թե այդ անկեղծ համոզումները քանի փարա կարժեն… գալով Ռափիկ աղային՝ ինե բարև ըրե՝ և ըսե, որ իր բռնած ընթացքը շատ տարօրինակ կգտնեմ… երբ Միհրանիկ էֆենտիին հետ եկանք Խորհրդարան եղածին դեմ բողոքելու, մեզի համակարծիք երևցավ և ինքն ալ քեզի հետ խոստացավ հետևյալ առտու ժամկոչը ճամփել։

− Ռափիկ աղան թոհաֆ մարդ մըն է,− պատասխանեց թաղականը,− մեկու մը հետ ավրվիլ չուզեր, անոր համար այս տեսակ խնդիրներու մեջ որոշ դիրք մը չբռներ։

− Բայց այդ ընթացքով թե՛ զիս և թե՛ Պողոս էֆենտիին դժգոհ կձգե։

− Իրավունք ունիք։

− Մինչդեռ եթե երկուքես մեկու կողմը բռնե, գոնե անոր բարեկամությունը կշահի։

− Շատ իրավացի է ձեր դիտողությունը։

− Ու եթե ինքը քիչ մը խելք ունի՝ պետք է որ իմ կողմս բռնե, որովհետև իմ բարեկամությունս ավելի օգտակար կրնար ըլլալ իրեն, քան թե Պողոս էֆ-ինը։

− Շատ շիտակ է։

− Ասոնք իրեն հասկցուր, Ռափիկ աղա կարծեմ ոսկերիչ է։

− Այո՛,− պատասխանեց Մանուկ աղա։

− Կարողություն ունի՞…

− Մեծ բան մը չէ. օրե կվաստկի, օրե կուտե։

− Ապրանք չունի՞…

− Չէ՛, բայց պետք եղած ատեն ինչ ապրանք որ պետք ըլլա՝ կգտնե։

− Այսինքն միջնորդությո՞ւն կընե։

− Այո՛, իր քովը գտնված քարերը չնչին բաներ են։ Բայց Մարգար էֆենտի, ինչո՞ւ այդչափ կհետաքրքրվիս այդ բաներով, արդյոք բանի մը պե՞տք ունիք․․․ − Այո՛, կփափաքեի կնոջս համար մատնի մը առնել, սանկ շնորհքով բան մը… Ռափիկ աղային վրա կարելի՞ է վստահիլ։

− Կատարելապես, գործի մեջ շատ պարկեշտ է ու երբեք իր հաճախորդները չի խաբեր։

− Ուրեմն եթե ձեզի ձանձրություն չըլլար, անգամ մը զինքը հոս ղրկե… բայց նախ ըսածներս չմոռնաս իրեն կրկնելու։

− Գլխուս վրա։

Տեսակցությունը այլևս վերջացած էր և Մանուկ աղա մեկնեցավ Մարգար էֆենտիի քովեն։

Վաճառականը որ զուտ կնոջական խնդիր մը նկատած էր Վարդան աղբոր պարագան և մեծ կարևորություն մը չէր տված անոր ու տեսակ մը չկամությամբ միջամտած էր, հիմա ընդհակառակը, բոլոր հոգով փարած էր այս գործին, որ զուտ արժանապատվության խնդիր մը դարձած էր իրեն համար։

− Ժամկոչ մը չկրնամ ճամփել տալ,− կխորհեր ինքնին,− ես, Մարգար էֆ. Սասանյանս, ասկե ավելի մեծ պզտիկություն, ասկե ավելի նախատինք միթե կրնա՞ ըլլալ… եթե պետք ըլլա, հազար ոսկի պիտի ծախսեմ՝ այդ ժամկոչը չպիտի թողում։

Ինչ որ ամենեն ավելի կհուզեր Մարգար էֆենտին՝ սա պարագան էր, որ խնդիրը աներևակայելի համեմատություն մը առած էր թաղին մեջ, օրվան հարցը դարձած էր և ամեն մարդ հետաքրքիր կսպասեր տեսնելու համար, թե այս պայքարին մեջեն ո՞վ հաղթական պիտի ելլար։ Պարտվողը հայտնի է, որ յուր ամբողջ համբավը, պատիվն ու ազդեցությունը պիտի կորսնցներ թաղին մեջ։

Մարգար էֆենտի բոլոր ասոնք մտքին առջև բերավ, կշռեց, դատեց և վճռեց վճռականորեն նետվիլ կռվին մեջ։

Միայն թե, խոհեմ ու դրական մարդ, ուզեց իր կողմը ունենալ հաղթության բոլոր միջոցները։ Մանուկ աղայի հետ տեսակցած ատեն, տեսանք, թե ինչ միջոցներ կխորհեր Ռափիկ աղան իր կողմը շահելու և մյուսյու Գարեգինը չեզոքացնելու համար։ Բայց այսքանը բավական չէր։ Դեռ ձեռք առնելիք միջոցներ կային։

− Արդյոք ուղզակի Պատրիարքին երթա՞մ,− մտածեց,− և պահանջեմ, որ ժամկոչը ճամփվի, բայց եթե Պատրիարքը առարկե, որ ինքը չի կրնար ատանկ խնդրի մը միջամտել, ես պզտիկ կմնամ պարապ տեղը։

Հանկարծ հիշեց, որ քաղաքական ժողովի անդամներեն մին, իրեն պես ջոջ վաճառական մը, իր մտերիմ բարեկամն էր և որոշեց անոր մոտ դիմում մը ընել։

− Թերթերուն մեջ ալ բան մը գրել տալու է,− խորհեցավ,− վաղը Նշանիկը բերել տամ և ըսեմ, որ սանկ ակնարկություն մը գլտորցնե․․․

Նշանիկ թերթի մը լրաբեր խմբագիրն էր և ծանոթ Մարգար էֆ-ին, որուն հետ հեռավոր ազգականություն մըն ալ ուներ․ ազգականություն՝ զոր վաճառականը անգիտանալ կձևացներ և զոր Նշանիկ ամեն առթիվ կհիշեր։

Հետևյալ օրն իսկ վաճառականը ուղղվեցավ իր բարեկամին՝ Քերովբե էֆ. Քյություկյանի գրասենյակը։

− Վա՜յ, Մարգար էֆ․, այս ի՞նչ հով փչեց,− գոչեց Քերովբե,− ոտքի ելնելով ու իր հյուրին թիկնաթոռ մը հրամցնելով։

− Ասկե կանցնեի, մեյ մը վեր ելլամ, Քերովբե էֆ-ին տեսնեմ, միասին մեյ մեկ սուրճ խմենք՝ ըսի…

− Շատ աղեկ ըրիր։

− Զբաղած ե՞ս… գործիդ արգելք չըլլամ։

− Չէ՞, ճանը՛մ, պարապ նստեր էի, սիրտս կնեղնար − աղեկ որ եկար։

Եվ վաճառականը նստած տեղեն պոռաց դուրսը գտնվող ծառային։

− Արթի՛ն, երկու հատ աղվոր սուրճ ըսե մեզի, հետը թող պաղ ջուր ալ բերեն։

Երկու բարեկամները բավական տեսակցելե ետքը, օրվան քաղաքականության և առևտրական հրապարակին մասին, Մարգար էֆ. հանկարծ ըսավ.

− Աղեկ միտքս ինկավ, Քերովբե էֆենտի, քեզի խնդիրք մը ունիմ։

− Հրաման ըրե՛, էֆենտիս։

− Դուն Քաղաքական ժողովին անդամ ես, անանկ չէ՞…

− Անարժանաբար… ի՞նչ կա որ։

− Կեցի՛ր պատմեմ։

Եվ Մարգար էֆենտին մանրամասնորեն պատմեց ժամկոչ Վարդանի խնդիրը և անոր առած ահագին համեմատությունը թաղին մեջ։

− Եթե գործը այս հանգամանքը չառներ, հոգս անգամ չէ,– եզրակացուց Մարգար էֆենտի,− բայց հիմա ալ արժանապատվության խնդիր դարձած է ինծի համար… այդ ժամկոչը հոդ չի կըրնար մնալ…

− Այսպես է,− հաստատեց Քերովբե էֆենտի։

− Դուն ալ եթե իմ տեղս ըլլայիր, այդպես չպիտի՞ վարվեիր։

− Բնականաբար։

− Հիմա դուն իբրև Վարչության անդամ չե՞ս կրնար այդ ժամկոչը հոնկե վռնդել տալ։

Քերովբե էֆենտի պահ մը մտածեց, ճակատը շփեց և ըսավ.

− Ինչպե՞ս կարելի է միջամտել, երբ խնդիրը Վարչության սեղանին վրա չէ։

− Ճանըմ, բերնե-բերան իմացած կըլլաք և թաղին մեջ տիրող հուզումը հանգստացնելու համար թաղական խորհրդին հրաման կընեք, որ Վարդան աղբարը ճամփվի։

− Չըլլա՛ր։ Մարգար էֆենտի, չըլլա՛ր, մենք մեր կողմե չենք կրնար միջամտել, ուրիշ ճամփա մը գտնելու է…

− Մտածե տեսնենք, դուն ասանկ գործերու մեջ ավելի փորձառություն ունիս։

Քերովբե էֆենտի սիկարեթ մը վառեց, մուխը դեպի ձեղունը արձակեց ու ըսավ.

− Թաղեցիներուն տրամադությունն ի՞նչ է ժամկոչին ու Թաղական Խորհուրդին հանդեպ։

− Ամենքն ալ այս եղած խաղքությունը կդատապարտեն կոր…

− Նույնիսկ կարծեմ ըսիք, որ Թաղական Խորհրդին մեջ ալ երկու անդամ ժամկոչին հակառակ են։

− Այո՛,− հաստատեց Մարգար էֆենտի,− Մանուկ աղան և մեյ մըն ալ ուրիշ մը։

− Այն ատեն տեսեք ինչ կընեք. թաղեցիները թող բողոքագիր մը մատուցանեն մեզի, մյուս կողմե ալ երկու թաղականները պատճառաբանյալ հրաժարական մը տան, այն ատեն Վարչությունը իրավունք կունենա միջամտելու, քննություն կատարելու և պարտ ու պատշաճը տնօրինելու։

− Բայց ատով խնդիրը որչափ մեծցուցած պիտի ըլլանք։

− Ի՞նչ ընենք, ուրիշ կերպ մենք չենք կրնար միջամտել։

Երկու բարեկամները քիչ մը ևս շարունակեցին իրենց խոսակցությունը, և Մարգար էֆենտի հրաժեշտ առնելով մեկնեցավ։ − Չըլլա նե տնանկ ընենք,– կխորհեր ճամփան,– հանրագրություն մը պատրաստենք, ստորագրել տանք, հարկավ քանի մը հարյուր ստորագրություն կրնանք հավաքել…

Ճամփան նշմարեց իր ազգական խմբագիրը, որ աճապարանքով կերթար և իսկույն հիշեց, որ անոր ալ խոսելիք ուներ։

− Նշանի՜կ, Նշանի՜կ,− պոռաց։

Խմբագիրր կեցավ, տեսավ Մարգար էֆենտին ու վազեց եկավ ժպտերես։

− Ի՞նչ ասանկ կվազես կոր,− ըսավ վաճառականը։

− Խմբագրատուն կէրթայի կոր… ուշ մնացի։

− Սա մեր թաղին վրա բան մը չգրե՞ս…

− Ի՞նչ կա որ ձեր թաղին մեջ։

− Զարմանալի բան, այս ի՞նչ տեսակ խմբագիր ես, ամբողջ թաղը տակնուվրա եղած է և դուն լուր չունիս։

− Հավատացեք, որ բան մը չեմ իմացած, պատմեցեք տեսնեմ։

Մարգար էֆենտի իրողությունը քանի մը բառով բացատրեց և ավելցուց.

− Վաղվան թերթին մեջ պզտիկ աղվոր բան մը գրե։

− Շա՛տ աղեկ, Մարգա՛ր էֆենտի։

− Բայց չմոռնաս, անպատճառ գրես, կհասկնա՞ս կոր…

− Ինչո՞ւ պիտի մոռնամ, քանի որ այսչափ կփափաքիք, կգրեմ, ես կուզե՞մ ձեզ վշտացնել… ազգական ենք նե…

Մարգար էֆենտի ժիլեյին գրպանը խառնեց, ոսկի մը հանեց, տվավ Նշանիկին և ըսավ.

− Վաղն առտու թերթին մեջ տեսնելու եմ հա…

− Վստահ եղեք, հիմա կգրեմ, կհանձնեմ։

− Սանկ զորլու, կծու բան մը։

− Փափաքածեդ ավելի ավելի, այդ մասին բնավ հոգ մի ընեք։

Եվ խմբագիրը հեռացավ գոհ ու զվարթ տպավորության ներքև։

Այս գործն ալ տեսանք, մտածեց։

Դ

Երկուշաբթի առտու, կեսօրին մոտ, Ք․ թաղին փոքրիկ հրապարակի սրճարանը լեցված էր անգործ թաղեցիներով, որոնցմե ոմանք թուղթ և ուրիշներ նարտ կխաղային և մեկ քանիներ ալ սիկարեթ ծխելով օրվան քաղաքականությունը կվերլուծեին, երբ ներս մտավ վարժարանին երիտասարդ ուսուցիչը, պարոն Թորգոմ, ձեռքը թերթ մը բռնած, հուզված, բարկացած կերպարանքով մը։

− Աս ի՞նչ խաղքություն է,− գոչեց սրճարանին մեջտեղ կանգ առնելով ու լրագիրը ցույց տալով։

− Ի՞նչ կա,− հարցուցին մեկ քանի հետաքրքիրներ։

− Չկարդացի՞ք,− պոռաց ուսուցիչը։

− Մյուսյու, կարդա նայինք, մտիկ ընենք,− ձայնեց մեկը։− Մեր թաղին համար բա՞ն մը գրված է։

− Ժամկոչին խնդիրը գրեր են, իրողությունը բոլորովին խեղաթյուրելով,− գոչեց Թորգոմ, որուն ձայնը հուզումեն կդողդղար։

− Բարձրաձայն կարդա՛, մտիկ ընենք։

− Անմիջապես բողոքելու է այս գրվածքին դեմ,− շարունակեց ուսուցիչը, թերթը բանալով։

Եվ սկսավ բարձրաձայն կարդալ․

«Ք․ թաղին մեջ այս միջոցիս մեծ հուզում մը կտիրե ժամկոչի խնդիրի մը առթիվ։ Տեղվույն եկեղեցիին ժամկոչը՝ կոշտ ու անկիրթ մարդ մը, իր անքաղաքավար վարմունքով վշտացուցած է տեղվույն ծանոթ ընտանիքները, որոնք այլևս եկեղեցի չեն հաճախեր քանի մը շարաթե ի վեր։ Մյուս կողմե՝ պատվավոր թաղեցիներ դիմում ըրած են Թաղական Խորհրդին ու պահանջած ժամկոչին արտաքսումը։ Բայց Թաղական Խորհրդի ատենապետը և իր մեկ քանի արբանյակները, չի գիտցվիր ինչ մութ ու թաքուն հաշիվներով, կհամառին ոտնակոխ ընել ժողովրդին կամքը և ժամկոչը պահել իր պաշտոնին վրա, հուզումի մատնելով թաղը։ Կլսենք, թե Թաղական Խորհրդի մեկ քանի անդամները իրենց ատենապետին ընթացքեն զզվելով հրաժարական տված են։ Կըսվի նաև, որ թաղեցիները հանրագրություն կպատրաստեն, մատուցանելու համար»։

− Ասանկ սուտ կգրվի՞,− պոռաց Թորգոմ, ընթերցումը ավարտելով։

− Գրվածքը բեք սուտ չէ,− դիտել տվավ ներկաներեն մին, որ ապահովաբար Մարգարյան կուսակցության կպատկաներ։

− Ո՞ր թաղականները հրաժարական տված են, ո՞վ է հանրագրություն պատրաստողը,− պոռաց ուսուցիչը հետզհետե բորբոքվելով։

− Ես այս առտու Մանուկ աղան տեսա, ըսավ որ պիտի հրաժարի եթե ժամկոչը չճամփվի։ − Պիտին ուրիշ՝ հրաժարեցավը ուրիշ․․․

− Ճանը՛մ, ըլլալիքը առաջվնե գրեր է, մի երկնցներ։

− Ի՞նչ իրավունք ունի Պողոս էֆենտիի նման անձի մը մասին ասանկ ծանր ու նախատական ակնարկություններ ընելու։

− Ան ալ թող տեղը ծանր նստի… շատ աղեկ կրնար ժամկոչը ճամփել։

− Ինչո՞ւ պիտի ճամփե, քանի որ մարդը անմեղ է։

Եվ ահա ամբողջ սրճարանը մասնակցեցավ վիճաբանաթյան, վիճաբանություն, որ հետզհետե սաստկացավ կռվի փոխվելու աստիճան

Բարեբախտաբար կերակուրի ժամը հասավ և ամեն մարդ անոթութենե խթանված մեկնեցավ, ստամոքսի հրամայողական պահանջին զոհելով ժամկոչ Վարդանին խնդիրը։

Եվ սակայն լրագրին հոդվածը սրճարանական այս փոքրիկ հուզումին մեջ չսահմանափակվեցավ, այլ ընդհանուր իրարանցում պատճառեց թաղին մեջ և ընդդիմադիր հոսանքները ավելի լարեց իրարու դեմ։

Պողոս էֆ. երբ կարդաց թերթը, սարսափելի բարկություն մը զգաց։ Սպառնացավ թերթին դեմ դատ բանալու, գրողը պատժել տալու և այլն։ Բայց հետո իր բարեկամներուն խորհրդով հրաժարեցավ ծայրահեղ միջոցներեն և որոշեց գոհանալ հերքումով մը։

Մարգար էֆ. շատ գոհ մնաց գրվածքեն ու դեմը ելլողին ըսավ.

− Տեսա՞ք, ինչ աղեկ մը լվացեր են Պողոս էֆենտին… ես գրել տվի և տակավին գրել պիտի տամ, ամենքը պիտի խայտառակեմ, որ երթան սովրին… որ տեսնեն, թե ինծի հետ իյնալը ինչ կնշանակե… «հեր գուշուն էթի եհմեզ»։

Բայց վաճառականին հաղթանակը երկար չտևեց, որովհետև նույն թերթը մյուս օր, իր ազգային լուրերուն մեջ կգրեր․

«Երեկ Ք. թաղի ժամկոչի խնդրին մասին գրած էինք, բայց այժմ արժանահավատ աղրյուրե կիմանանք, թե մեզ տրված տեղեկությունները դիտմամբ չափազանցված և խեղաթյուրված են։ Ժամկոչը պարտաճանաչ և պարկեշտ անձ մըն է, որ իր հեզահամբույր բնավորությամբ սիրելի դարձած է թաղեցիներուն, որոնք այս խնդրին մեջ բացարձակապես համաձայն են Թաղ. Խորհրդին հետ, որուն անդամներեն ոչ ոք հրաժարված է մինչև ցարդ։ Կերևա, որ խնդիրը ծագում առած է թաղին ջոջ աղաներեն մեկուն բռնած կամայական ընթացքեն»։ Այս հերքումը երկու ոսկի արժած էր Պողոս էֆենտիին, բայց ազդեցությունը շանթահարիչ եղավ։

Մարգար էֆենտի զգաց, որ իր ու հակառակորդին միջև կռիվը սոսկալի պիտի ըլլար և թե այլևս համաձայնության ամեն միջոցները սպառված էին։

Իր առևտրական գործերը գրեթե երեսի վրա թողած՝ իր ամբողջ ուշադրությունը նվիրեց թաղային պայքարին։

Նախ՝ լուր ղրկեց ու իր տունը բերել տվավ Ռափիկ աղան, որուն մեկ քանի գոհարեղեններ հանձնարարեց, մոտավորապես 150-160 ոսկիի ապրանք, որոնցմե ոսկերիչը առնվազն 20-30 ոսկի կհուսար շահիլ։

− Մոտերս ազգական մը ունինք, պիտի ամուսնացնենք,– ըսավ վաճառականը,− եթե զիս գոհ ձգես՝ փոխանակ ուրիշի դիմելու, պետք եղածները քենե կառնենք։

Վաճառականը բնավ ակնարկություն չէր ըրած ժամկոչի խնդրին, սակայն Ռափիկ աղա կռահեց, թե այս հանկարծական բարեկամության ծայրը ուր կնայի։

Մարգար էֆենտի հետո գնաց գտավ Սամիկյան հաճի Հակոբ աղան, Թաղական Խորհրդի անդամ մյուսյու Գարեգինին էֆենտին։

− Գիտես հաճի աղա, շատ վշտացած եմ քեզի դեմ,− ըսավ։

Մյուսը, որ երբեք չէր հիշեր ոևէ կերպով վիրավորած ըլլա Մարգար էֆենտին, այս խոսքերուն համար իր զարմանքը հայտնեց։

− Կվայելե՞ սա գրագիրիդ ըրածը,− գոչեց վաճառականը սրտմտած շեշտով մը։

− Ո՞ր գրագիրիս…

− Մյուսյու Գարեգին է, ի՞նչ է…

− Զարմանալի բան, Գարեգինը ի՞նչ կրնա ընել ձեզի դեմ, անիկա պարկեշտ, հավատարիմ, ազնիվ բնությամբ պաշտոնյա մըն է. տասը տարի է քովս է ու օր մը դժգոհության տեղիք չէ տված։ Սխալած ըլլալու եք, Մարգար էֆենտի։

− Սխալած չեմ, ես ըսածս գիտեմ, սա Գարեգինը մեր Թաղ. Խորհրդին անդամ է, մեր գեղը կընստի։

− Այո՛, գիտեմ, որ Ք. թաղը կնստի, բայց թաղական ըլլալը չէի գիտեր, էյ, ի՞նչ կըլլա թաղական ըլլալով…

− Ի՞նչ պիտի ըլլա, ինծի դեմ կդավե կոր, թշնամիներուս հետ մեկ է եղեր, իս անպատվելու, նախատելու ելեր է, բայց ամենուն ալ պիտի հասկցնեմ իմ ով ըլլալս… − Տեր ողորմյա, − գոչեց հաճի Հակոբ աղա թևերը վեր բարձրացնելով.− բայց սա խնդիրը բացատրե տեսնեմ։

Մարգար աղա ստիպվեցավ ժամկոչ Վարդանի միջադեպը և անոր հաջորդող իրողությունները պատմել։

Հետո ավելցուց.

− Կվայելե՞, որ քու պաշտոնյադ ինձի հանդեպ այսպիսի ընթացք մը բռնե. եթե իմ պաշտոնյաներես մեկը ատանկ բան մը ըրած ըլլար քեզի հանդեպ, վայրկյան մը քովս չէի պահեր, կվռնտեի, նույնիսկ աչքիս լույսը ըլլար։ Չէ, շիտակը, հաճի աղա, չափազանց սիրտս ցաված է քեզի դեմ։

− Բայց Մարգա՛ր էֆենտի, ես բանե մը տեղեկություն չունեի, հիմա դուն պատմեցիր նե՝ այն ատեն իմացա, ես ի՞նչ հանցանք ունիմ գործին մեջ։

− Աղեկ, հիմա իմացա՞ր ա,− գոչեց վաճառականը,− ինչ պետք է ընել նե՝ ըրե։

Ծերունին քիչ մը մտածեց և ըսավ.

− Ի՞նչ կուզես, որ ընեմ։

− Չեմ գիտեր, իմ պատիվս փրկելու համար ինչ որ պետք է, ան պիտի ընես։

− Գարեգինը, ինչպես ըսի, իմ տասը տարվան պաշտոնյաս է և շատ գոհ եմ իրմե, ինչպե՞ս կրնամ ասանկ խնդրի մը համար զինքը ճամփել։

− Ճամփելու պետք չի կա. կկանչես, ականջեն կքաշես, կհասկցնես, որ ինծի հետ «օղրաշմիշ» չրլլա։ Ինք ո՞վ է, որ ինծի գլուխ կբռնե կոր… իրեն պես թաղականները ես իմ քովս «ուշաղ» տեյի կգործածեմ։

− Քեզի բան մը ըսե՞մ,− պատասխանեց հաճի Հակոբ աղա,− մեկ միջոց կա այս խնդիրը վերջացնելու։ Գարեգինը կկանչեմ ու կըսեմ, որ թաղականութենեն հրաժարականը տա, քաշվի։

− Կամ թող քաշվի և կամ թող Պողոս էֆենտիին հետ չմիանա։ Ինչո՞ւ փոխանակ Մանուկ աղային կողմը բռնելու− կելլե Պողոս էֆենտիին հետ կըլլա։

− Լավ, անհոգ եղիր, այս մասին ես հիմա իրեն կխոսիմ։

Մարգար էֆենտի իր նպատակին հասած էր, ինք ալ արդեն անկե ավելի բան մը չէր պահանջեր հաճի աղայեն, ուստի ոտքի ելավ և գոհունակ դեմքով մեկնեցավ։ Ծերունի վաճառականը մինակ մնալուն պես իր քով կանչեց Գարեգինը։

− Նստե՛, քեզի խոսելիք ունիմ,− ըսավ լուրջ դեմքով մը իր պաշտոնյային։

Գարեգին, որ իմացած էր Մարգար էֆենտիին այցելությունը՝ նախազգացում ունեցավ, թե խնդիրը ժամկոչ Վարդանին միջադեպին շուրջը կդառնար։

− Դուն թաղակա՞ն ես եղեր,− հարցուց ծերուկը։

− Այո՛,− պատասխանեց Գարեգին ժպտալով։

− Ուրիշ «տերտ» չունի՞ս, գացեր այդ տեսակ գործերուն մեջ մտեր ես։

− Ի՞նչ ընեմ, թաղեցին բացարձակ մեծամասնությամբ զիս թաղական ընտրեց, չէի կրնար մերժել։

− Քեզի խորհուրդ մը պիտի տամ՝ չէ՛ պիտի չըսես։

− Հրամմեցե՜ք։

− Ատ թաղականութենեն պիտի հրաժարիս։

− Ինչո՞ւ համար,− գոչեց Գարեգին թեթև մը կարմրելով։

− Խաթերս համար,− ըսավ վաճառականը։

− Ձեր խաթերը համար պատրաստ եմ ամեն բան ընելու,− պատասխանեց պաշտոնյան,− բայց չեմ կրնար արժանապատվությունս զոհել։

− Արժանապատվությունդ զոհելու ի՞նչ կա ասոր մեջ։

− Որովհետև գիտեմ, որ ձեր խաթերը համար հրաժարած չպիտի ըլլամ թաղականութենե, այլ Մարգար էֆ. Սասանյանի պահանջումին վրա։

− Վա՞յ, գուշակեցիր, թե ինչու համար հրաժարե կըսես կոր։

− Մարգար էֆենտիին մեկնելեն անմիջապես ետքը զիս կանչել ու այս առաջարկությունդ ընելեդ գուշակեցի։

− Գիտե՞ս, որ քեզի դեմ շատ բարկացած է։

− Գիտե՛մ,− պատասխանեց Գարեգին պաղարյամբ։

− Ատանկ մարդու մը թշնամությունը իր վրա հրավիրելը աղեկ բան չէ։

− Ես իրեն դեմ ոևէ հակառակություն չունիմ։ Անմեղ մարդ մը կա, զոր ճամփել կուզեն գործի մը համար, որուն մեջ հանցանք մը չունի։ Այս կետը քննած, ստուգած եմ… իմ խիղճս չներեր ատանկ անիրավություն մը ընել։ − Աղեկ ա,− գոչեց ծերուկը,− քանի որ խիղճդ չներեր, հրաժարե՛, քաշվե՛ գործին մեջեն։

− Այդ վատությունն ալ չեմ կրնար ընել։

− Ուրեմն ի՞նչ ընել որոշած ես։

− Թաղական պիտի մնամ և մինչև ետքը պիտի աշխատիմ ժամկոչը պաշտպանելու,− ըսավ Գարեգին վճռաբար։

− Բայց տղաս, դուն աղեկ գիտես, որ ես ինչ հարաբերություններ ունիմ Մարգար էֆ-ին հետ և թե չեմ ուզեր իրեն հետ ավրվիլ։

− Զարմանալի բան, դուք խնդրին մեջ բնավ բաժին չունիք, ինչո՞ւ համար ձեզի դեմ բարկանա։

− Ինո այդպես չըսեր կոր, ընդհակառակը, ըսավ, որ վշտացած է ինծի դեմ իմ պաշտոնյայիս ինծի հանդեպ բռնած թշնամական ընթացքին համար։ Նույնիսկ հասկցուց, որ գոհ պիտի մնար, եթե քեզ ճամփու դնեի։

− Դուք ի՞նչ պատասխանեցիք։

− Ըսի, որ քենե դժգոհանալու բան մը չեմ ունեցած տասը տարիե ի վեր, հետևաբար ատանկ խնդրի մը համար չեմ կրնար քենե բաժնվիլ։

− Շնորհակալ եմ,− պատասխանեց Գարեգին։

− Բայց ի փոխարեն խոստացա քեզի խորհուրդ տալ, որ կամ թաղականութենե հրաժարիս և կամ գոնե Մարգար էֆ-ի կամքը կատարես։

− Այսինքն՝ խղճիս դե՞մ գործեմ։

− Հրաժարե՛, էֆենտիմ։

− Եթե այս խնդիրը չըլլար, ձեզի հաճույք մը պատճառելու համար կհրաժարեի, բայց հիմա անկարելի է, արժանապատվությունս չներեր, որ հրաժարիմ։

− Ուրեմն կմերժե՞ս իմ խորհրդիս հետևիլ։

− Ցավոք սրտի, ուրիշ կերպ չեմ կրնար ընել։

− Այն ատեն ես ի՞նչ պատասխան պիտի տամ Մարգար էֆ-ին… ինծի շատ դժվար կացության մը մեջ կդնես կոր։

− Կցավիմ, որ ուրիշ կերպ չպիտի կրնամ վարվիլ։ Ես միշտ պատիվս ու արժանապատվությունս ամեն բանե վեր դասած եմ։

− Մյուսյու Գարեգին, դուն սա բռնած ընթացքիդ հետևանքներուն վրա չես մտածեր կոր։

− Չեմ գիտեր, թե ի՞նչ ըսել կուզեք… բայց անկեղծորեն ձեզի հայտնեմ, որ եթե այնքան կվախնաք Մարգար էֆենտիի բարկութունեն, կրնաք իր կամքը կատարեք և ես ոևէ տրտունջ չպիտի հայտնեմ։

− Ի՞նչ ըսել կուզես․․․

− Ըսել ուզեմ, որ կրնաք զիս ճամփու դնել։

Վաճառականը դժգոհ դեմքով մը սիկարեթ մը վառեց և սկսավ ծխել. պահ մը երկու խոսակիցներու միջև լռություն տիրեց։

Երկուքն ալ հուզված էին փոխանակված խոսքերեն։ Հաճի Հակոբ աղա երբեք այս աստիճան ընդդիմություն մը չէր սպասեր իր պաշտոնյային կողմե, իսկ Գարեգին միտքեն չէր անցուցած, որ Մարգար էֆենտիի այցելությունը այս աստիճան ծայրահեղության պիտի մղեր խնդիրը։

Ի վերջո ծերունին ըսավ.

− Հիմակուհիմա գնա գործիդ նայե․․․ այս միջոցիս հուզված կերևաս կոր, իրարու խոսք չենք հասկնար կոր։ Լրջորեն ու պաղարյունով մտածե, այն ատեն թերևս գաղափարդ փոխես։

Գարեգին ոտքի ելավ և մեկնեցավ։

Հազիվ երեսունըչորս տարեկան, նիհար, երկայնահասակ ու խարտյաշ երիտասարդ մըն էր հաճի Հակոբ աղային գրագիրը։ Կեդրոնական վարժարանի մեջ ուսմունքը ավարտած՝ բավական զարգացում ուներ, մանավանդ, որ դպրոցը ձգելե ետքն ալ ինքնին ուզած էր կատարելագործել սորվածները։

Աղքատ ընտանիքի զավակ, դպրոցեն ելլելեն ետքը կորսնցուցած էր ծնողքը և ստիպված էր տակավին պատանի, իր օրվան հացը ճարելու աշխատիլ։

Շուտով համեստ գործ մը գտած էր հանձնակատարի մը քով, որ քանի մը տարի զինք աշխատցուցած էր չնչին ամսականով մը։

Ի վերջո Գարեգին հաջողած էր մտնել հաճի Հակոբ աղայի առևտրատունը, ուր իր պարկեշտության, ուշիմության ու աշխատասիրության շնորհիվ կամաց-կամաց հառաջացեր էր ու այժմ 18 ոսկի ամսական կստանար, ինչ որ նախանձելի դիրք մը ըսել էր հայ վաճառականի մը քով։

Երիտասարդ գրագիրը իր նյութական կացությունը այսպես բարվոքելե ետքը, ուզած էր ամուսնանալ, տուն տեղ կազմել, մանավանդ, որ ծնողքներ չէին պակսեր ասանկ «շնորհքով» երիտասարդի մը աղջիկ տալու համար։

Գարեգին շուտով գտավ իր փնտռածը զարգացած մանկամարդ ու գեղանի աղջիկ մը, որուն հայրը ոսկերիչ էր։ Մեր պատմությունը սկսած ատեն Գարեգին նշանված էր երեք ամիսե ի վեր ու քանի մը ամիսեն հարսանիքը պիտի կատարվեր։

Երկու նշանածները անկեղծ սիրով մը կապված էին իրարու հետ ու երիտասարդ պաշտոնյան շաբաթը քանի մը անգամ կերթար իր նշանածը տեսնելու, որ Գատը-գյուղ կբնակեր։

Երիտասարդը, իր էֆենտիին քովեն մեկնելով՝ երբոր վերադարձավ իր սեղանին գլուխը՝ սարսափելի կերպով գրգռված էր։ Մարգար էֆ-ի կատարած դիմումը հրեշային բան մը կթվեր իրեն։

− Ի՞նչ կխորհեր, հացի՞ս սպառնալ, որպեսզի խղճիս հակառակ գործեմ, ասկե ավելի անարգ բան մը կարելի՞ է մտածել։ Որովհետև ինք հարուստ է, պետք է, որ իր կամքը կատարվի ոչ թե միայն իր տանը կամ գրասենյակին մեջ, այլ նաև իր բնակած թաղին մեջ… Ի՛նչ մեծամտություն. ի՛նչ ծայրահեղ ամբարտավանություն։ Բայց իրեն ցույց պիտի տամ, որ ես իրմե չեմ վախնար և թե պետք չեմ զգար իրեն ոսկիներուն առջև խոնարհվելու։ Այդ մարդը կերևա, որ պնակալեզ շողոքորթներե շրջապատված է ու ամեն մարդ անոնց վրայեն կդատե…

Գարեգին ջանաց իր գործին պարապիլ, գրիչը ձեռք առավ առևտրական նամակի մը պատասխանելու համար, բայց հազիվ թե տող մը գրած՝ տեսավ, որ չպիտի կրնար շարունակել, հուզումը տակավին չէր հանդարտած։ Միտքը հակառակ իր կամքին՝ Մարգար էֆենտիով կզբաղեր։ Կխորհեր ավելի բուռն թափով մը նետվիլ պայքարին մեջ։ Մինչև հիմա ժամկոչին խնդիրը նկատած էր անկարևոր դեպք մը և եթե Պողոս էֆենտիին ձայնակցած էր և ընդդիմացած Վարդանի ճամփվելուն՝ պարզապես աղքատ ու անմեղ մարդ մը հարուստին քմահաճույքին չզոհելու համար։ Բայց հիմա խնդիրը կփոխվեր, գրեթե անձնական կդառնար։ Ուղղակի զինքը կգրգռեին, անլուր ստորացուցիչ պահանջումներ ընելով։

− Ո՛չ պիտի հրաժարիմ և ո՛չ ալ տեղի պիտի տամ,− վճռեց,− այլ ընդհակառակը, մինչև վերջը պիտի պաշտպանեմ Վարդան աղբարը, նույնիսկ եթե Պողոս էֆենտին տեղի տա. պիտի պաշտպանեմ թե՛ Թաղ. Խորհրդի մեջ և թե՛ անկե դուրս, ինչ միջոցներով որ կրնամ…

Այս որոշումը զինքը հանդարտեցուց, անցավ գրասեղանին առջև և մեկ քանի նամակներ գրեց։

Իրիկվան դեմ եկան իրեն իմացուցին, թե էֆենտին զինքը տեսնել կուզեր։ Գարեգին փութաց իր մեծավորին քովը։

− Խոսածներուս մասին մտածեցի՞ր, ի՞նչ որոշում տվիր,− հարցուց Հաճի աղան։

− Այո՛, երկարորեն մտածեցի,− պատասխանեց գրագիրը։

− Հրաժարական կուտա՞ս կոր։

− Չ՛է։

− Ուրեմն թաղական պիտի մնաս և Մարգար էֆ-ին կողմը պիտի բռնես։

− Չէ՛,− պատասխանեց Գարեգին, բայց հաստատ ձայնով մը։

− Ուրեմն ի՞նչ է միտքդ։

− Թաղական պիտի մնամ և ժամկոչը պիտի պաշտպանեմ։

Ծերունին իր պաշտոնյային երեսը նայեցավ հանդիմանական ձևով մը։

− Կցավիմ որ,− ըսավ,− այս պզտիկ խնդիրքս կմերժես։

− Ձեզի համար թերևս պզտիկ ըլլլա, բայց ինծի համար շատ մեծ է։ Եվ հետո ձեր խնդիրքը չէ, որ կմերժեմ կոր, այլ Մարգար էֆ-ի հրամանը։

− Ուզածիդ պես ըրե,− գոչեց ծերունին սրտնեղած և գավազանը առնելով հեռացավ գրասենյակեն։

Գարեգին տխրությամբ նայեցավ վաճառականին ետևեն, որ կհեռանար։

− Մարդը վշտացուցի,− մտածեց և այս մտածումը սրտի սեղմում պատճառեց իրեն։

Արդարև երիտասարդը անկեղծորեն կապված էր իր մեծավորին որ միշտ բարյացակամություն ցույց տված էր իրեն հանդեպ։ Տասը տարիե ի վեր չէր պատահած երբեք, որ իրարու հետ անհամաձայնություն մը ունենային կամ իրարմե դժգոհ մնալու պատճառ մը ըլլար։

Ինք կանոնավորությամբ ու հավատարմությամբ իր գործը կկատարեր և Հաճի Հակոբ աղան ալ զինքը առատորեն կվարձատրեր։ Մեծավորը նույնիսկ խոստացած էր Գարեգինի կնքահայրը ըլլալ և ամուսնությանը առթիվ կարևոր հավելում մը ընել անոր ամսականին վրա։

Բոլոր այս պարագաները վերհիշելով՝ երիտասարդը հոգեկան տառապանքի մը կմատնվեր և կջանար միջոց մը գտնել ծերունիին սիրտը առնելու համար։

Հետևյալ և հաջորդ օրերը վաճառականը ոևէ նոր ակնարկություն չըրավ Գարեգինին, միայն թե երիտասարդին այնպես թվեցավ, որ իր մեծավորը առաջվան սիրալիր մտերմությունը ցույց չէր տար իրեն հանդեպ։ Ինքն ալ չուզեց խոսք բանալ և թողաց, որ դեպքերը իրենց բնական ընթացքին հետևին։

Թաղին մեջ իրարանցումը կշարունակվեր, մանավանդ «Պայքար Լսարան»-ի և «Շանթ Ակումբ»-ի անդամները գործի վրա էին։

Մարգար էֆ. ընկեր Կայծունին տուն հրավիրած էր, գոված էր թաղին մտավորական երիտասարդության ջանքերը և իր համակրությունը հայտնած էր «Պայքար Լսարանին»։ Հետո անոր նյութական վիճակի մասին տեղեկություններ հարցուցած էր։

− Նյութական վիճակնիս փայլուն չէ,− հաստատած էր ընկեր Կայծունի,− դժբախտաբար մեր հասույթները ծախքերուն չեն բավեր կոր։

− Էյ, ինչպե՞ս կընեք կոր։

− Ինչ ընենք, պարտք կընենք կոր հիմակուհիմա։

− Որչափ պարտք ունիք։

− Վեր ի վերո քսանըհինգ ոսկիի չափ։

− Բավական բան է… ճար մը չե՞ք գտներ կոր այդ պարտքը վճարելու համար։

− Վիճակահանություն մը կազմակերպելու միտք ունինք։

− Վիճակահանությունը երկար բան է, թատերական ներկայացում մը կազմակերպեցեք, մեկ անգամեն մեծկակ գումար մը ձեռքերնիդ կանցնի։

− Աղե՛կ, բայց տոմսակներ տեղավորել շատ դժվար է։

− Դուք ներկայացումը կազմակերպեցեք, տոմսակները սպառելու հոգը ես վրաս կառնեմ։

− Այն ատեն գործը կդյուրանա և անմիջապես կրնանք ներկայացման պատրաստության անցնիլ։

Կայծունի խորին շնորհակալություն հայտներ էր Մարգաը էֆ-ին իրենց հանդեպ ցույց տված համակրության համար։

− Ես ձեր կուսակցությունը շատ կսիրեմ,− ըսավ,− լուրջ բանիբուն մարդիկներ շատ կան ձեր մեջ… հոս ուրիշ կուսակցություն մըն ալ կա, «Շանթ Ակումբ» է, ի՞նչ է, անոնք զյուպպե մարդիկներ են։

− Մենք դրանց հետ մեր հարաբերությունները խզած ենք,– հայտարարեց ընկեր Կայծունի խորին արհամարհության շեշտով մը։ Ընկեր Կայծունի՝ թեև Պոլսեցի՝ բայց կուսակցական ըլլալեն ի վեր ռուսահայ ասացվածքներ կգործածեր հաճախ իր ուղղափառութունը շեշտելու համար։

− Իրավունք ունիք, բոլորն ալ դատարկապորտներ են, երես տալիք մարդիկ չեն… ատոնց գլուխն Աուսերյանցն է եղեր։

− Երևի այդպես է։

− Ինդո՞ր մարդ է։

− Մի բախտախնդիր արարած, մի խաչագող․․․

− Բայց լեզուն բերանին մեջ կդառնա կոր։

− Մեկ քանի խոսքեր գոց ըրած է, միշտ անոնք կկրկնե. հռետորական կարողություն չունի։

− Այդ ապուշները ինծի դե՞մ են ելեր։

− Ի՞նչ կարևորություն ունի… նրանք կփորձեն պղտոր ջուրի մեջ ձուկ որսալ…

− Դո՞ւք ավելի բազմաթիվ եք, թե անոնք։

− Իհարկե մենք, թաղին ամբողջ մտավորականությունը մեր կողմն է։

− Ինծի ալ անանկ կուգա կոր։ Դուք ժամ առաջ սա թատերական ներկայացումը կազմակերպեցեք, ես հանձն կառնեմ տոմսակները սպառելու և առնվազն 40-50 ոսկի ձեզի զուտ շահ մը ապահովելու։

Այս հեռապատկերը բոլորովին շլացուց ընկեր Կայծունին, որ չէր գիտեր ինչպես հայտներ իր շնորհակալիքը։

− Դուք սա ժամկոչի խնդրին մեջ ինծի միացեք,− հայտարարեց Մարգար էֆ․,− ատով լավագույն շնորհակալությունը հայտնած կըլլաք։ Ասկե զատ, միայն թատերական ներկայացումով գոհ չպիտի ըլլամ, դեռ ուրիշ դիտավորություններ ալ ունիմ ձեր լսարանի մասին, բայց հետո… նախ ժամկոչին խնդիրը լմննա, թաղը հանդարտի, այն ատեն երկարորեն կտեսնվինք։

− Ժամկոչի հարցը մեզի համար սկզբունքային խնդիր է և պետք է պայքար մղենք մինչև ետքը…

− Պրավո՛,− զոչեց Մարգար էֆենտի,− շատ շիտակ կխոսիս, ճիշտ ինծի համար ալ սկզբունքի խնդիր է ասիկա և անոր համար մեջ մտած եմ. եթե ոչ ո՞վ կզբաղի խմպըլ ժամկոչով մը, ոչ իմ դիրքս, ոչ ալ իմ ժամանակս կներե։

Մինչ Մարգար էֆենտի այսպես «Պայքար Լսարանը» իրեն կապահովեր, անդին Պողոս էֆենտի ճաշի կհրավիրեր «Շանթ Ակումբի» նախագահ Սուսերյանցը։

− Շատ հավնեցա կիրակի օրը ձեր բռնած դիրքին,− ըսավ Շազիկի ամուսինը Ակումբի նախագահին՝ գինիի գավաթը լցնելով։− Շիտակը ըսեմ, ես դեռ մոտեն գաղափար չունեի ձեր կուսակցության վրա, այս ակումբը շատո՞նց կազմած է։

− Մոտավորապես երեք տարիե ի վեր,– պատասխանեց Սուսերյանց։

− Բայց տեղերնիդ շատ պզտիկ է կարծեմ։

− Ի՞նչ ընենք, մեր նյութական պայմանները չեն ներեր ավելի մեծ տեղ մը վարձելու։

− Սա մեր մեծ սրճարանը չվարձե՞ք։

− Ո՞ր մեծ սրճարանը, Պողոս էֆենտի։

− Ճանը՛մ եկեղեցապատկան սրճարանը։

− Բայց անիկա բռնված է։

− Քանի մը օրեն պայմանաժամը կլրանա, եթե կուզեք, պայմանագրությունը չենք նորոգեր և ձեզի կուտանք, ատիկա խնդիր չէ։

− Այո՛, բայց անոր վարձքը սուղ ըլլալու է։

− Ամսական տասներկու մեճիտ։

− Մենք այդքան գումար չենք կրնար վճարել, մեր հիմակվան տեղին վեց մեճիտ կուտանք կոր։

− Ճանը՛մ, դուք բռնեցեք տե՝ աստված ողորմած է, բան մը կընենք։

− Արդեն Ակումբը պարտք ունի, ասանկ ծանր բեռան մը ներքև չկրնար մտնել։

− Ո՞րչափ պարտք ունի։

− Տասնըհինգ ոսկիի չափ։

− Մեծ բան մը չէ,− ըսավ Պողոս էֆենտի։

− Մեզի համար շատ մեծ բան է,- պատասխանեց Սուսերյանց։

− Ես ձեզ ի նպաստ վիճակահանություն մը կկազմակերպեմ և ոչ թե միայն պարտքերնիդ կվճարեմ, այլ սրճարանին տալիք մեկ տարեկան վարձքերնիդ ալ կհանեմ։

− Պողոս էֆենտի, եթե այդպիսի բան մը ընեք, մեր Ակումբին պատվո անդամ կարձանագրենք ձեզի։

− Ես ինչ որ կըսեմ, կընեմ, ես արդեն շատ համակրած եմ ձեր կուսակցության, որովհետև կտեսնեմ, որ ամենքդ ալ շնորհքով մարդիկ եք։

− Թաղին ամբողջ մտավոր երիտասարդությունը մեր շուրջը բոլորած է,− պատասխանեց Սուսերյանց համեստորեն։

− Ան մյուսները պարզապես սրիկաներ են… «Պայքար Լսարան» է՜, ի՜նչ է։

− Մենք երբեք կապակցություն չունինք անոնց հետ և չենք ալ ուզեր ունենալ։

− Շատ աղեկ կընեք։

− Անոնք արդեն գոյության իրավունք չունին։

− Շատ ճիշտ է։ Խըմպըլները ելեր Թաղ. Խորհրդին դեմ կկռվին… իրենց պիտի հասկըցնեմ։

− Չարժեր այդ մարդոց հետ զբաղիլ,− ըսավ ընկեր Սուսերյանց արհամարհոտ շեշտով մը։

− Դուք տեսեք ինչ լավ դիրք բռնեցիք այս ժամկոչի խնդրեն մեջ։

− Մենք սկզբունքով կգործենք միշտ, մինչդեռ անոնք անձնական շահերե կտարվին,− բացատրեց Սուսերյանց։

Պողոս էֆենտի կրկին խոսք բացավ վիճակահանության մասին և հանձնարարեց, որ իսկույն գործի սկսին։ Հետո խոստացավ սրճարանի վարձակալին հետ պայմանագրությունը չվերանորոգել և շենքը ամսական 200 ղրշ-ի տալ «Շանթ Ակումբին»։

Ի փոխարեն ընկեր Սուսերյանց խոստացավ թև ու թիկունք ըլլալ Պողոս էֆենտիի, իր բոլոր գործոն շարքերով։

− Մենք ձեր կողքին կեցած ենք, մի՛ վախնաք,− ըսավ։

− Կեցցե՛ք,− գոչեց վաճառականը ուրախությամբ։

Ե

− Հոս նստելուդ՝ գնա մեյ մը նայե, ինչ կանցնի կդառնա կոր։

Այս խոսքերը կուղղեր տիկին Սաթեն իր ամուսնույն կիրակի առտու, մինչ Մարգար էֆենտի, իր սովորության համեմատ, բազմոցին վրա երկնցած, առտվան թերթ մը կկարդար։

Իր կնոջ այսպես հանդիմանական հրավերին պատասխանեց ամենայն հանդարտությամբ։

− Ես երթալ նայելու պետք չունիմ, իմ տեղս հոն չէ։

− Կվախնաս կոր, անոր համար ծակը մտեր նստեր ես։

− Ես իմ բոլոր պատրաստություններս տեսած եմ, հիմա հանդարտությամբ արդյունքին կսպասեմ… զորավարները պատերազմին մեջ չեն մտներ, հեռուեն կկաոավարեն։

− Քեզի պես զորավար ըլլալեն ետքը՝ հալերնիս յաման է,− պատասխանեց կինը արհամարհական ժպիտով մը։

− Քիչ մըն ալ համբերե, կիմանաս…

− Նստած տեղերնիս ի՞նչ պիտի իմանանք։

− Ճամը՛մ, երկար մի ըներ, ես ամեն բան կարգադրած եմ, Միհրանիկ էֆենտին ու Մանուկ աղան պիտի գան, լուր պիտի բերեն։ Քիչ մը համբերե։

− Երկու շաբաթ է կհամբերեմ կոր, ալ բավական չէ՞… ամեն մարդ վրանիս կխնդա կոր, խապա՞ր ես, աճապա։

− Մենք ալ ետքը ամենուն վրա աղեկ պիտի խնդանք…

Տիկին Սաթեն առանց պատասխանելու բարկության շարժումով մը դուրս եկավ սենյակեն։

Մարգար էֆենտի թեթևացումի հառաչանք մը արձակեց և սկսավ շարունակել իր ընթերցումը։

Իր հաղթանակին վրա վստահ էր։ Ռափիկ աղան շահած էին իրենց կողմը, Գարեգին ապահովաբար չեզոք պիտի մնար կամ թերևս հրաժարվեր իսկ։ Այսպես ուրեմն, Պողոս էֆ. առանձին կմնար երեք թաղականներու դեմ, որոնք նույն օրը պիտի պահանջեին արտաքսումը։

Մյուս կողմե «Պայքար Լսարանը» հսկա ցույց մը պիտի ըներ և ի հարկին բռնի միջոցներու ալ պիտի դիմեր՝ ճնշելու համար Թաղ. Խորհրդի ատենապետին վրա։

Բոլոր այս մանրամասնությունները ծանոթ էին տիկին Սաթենին և ինքն ալ իր ամուսնույն չափ հավատք ուներ հաղթության մասին։ Բայց և այնպես կաշխատեր մտրակելու իր ամուսնույն արժանապատվությունը, որպեսզի անոր եռանդը միշտ վառ մնա։ Կվախնար մանավանդ, որ վերջին վայրկյանին իրենց մարդիկը կտկարանան և սխալ մը կգործեն, և ճիշտ ասոր համար կուզեր, որ Մարգար էֆենտի անձամբ հսկե տեղի ունենալիք գործողություններուն։

− Ճանը՛մ, հերիք կարդացիր, գնա նայե ի՞նչ կընեն կոր մերինները։

Վաճառականը ստիպվեցավ երկարորեն բացատրել այն անպատեհությունները, որոնք կրնային հառաջ գալ մարտիկ խումբերուն մեջ իր ներկայութենե։ Ինք այդպիսի կերպով կարգադրած էր, որ խնդիրը հանրային կերպարանք մը ստանար, ժողովուրդը և թաղականները ըլլային ժամկոչին վտարումը պահանջողները և ոչ թե Մարգար Սասանյանը։ Որովհետև իրեն դիրքը ունեցող մարդու մը չէր վայելեր այդ տեսակ չնչին խնդիրներով զբաղիլ։ Եթե դուրս ելլեր, բնականաբար պիտի գային զինքը շրջապատեին և ինքը հայտնի պարագլուխը պիտի ըլլար մղված պայքարին և եթե երբեք անհաճո դեպքեր ալ պատահեին՝ պատասխանատվությունը իր վրա պիտի ծանրանար։ Ասոնցմե զատ, կրնար ըլլալ, որ հակառակ կողմեն իրեն նախատինք մը ընեին, ինչ որ ծանրակշիռ հետևանքներ կրնար ունենար։

Այս բոլոր պատճառաբանությունները իրավացի թվեցան տիկին Սաթենի, որ մեղմ ու հաշտարար շեշտով մը ըսավ.

− Իրավունք ունիս, տեղդ նստե։

Քիչ մը ետքը տիկին Նվարդ եկավ այցելության, հուզված, շփոթված կերպարանքով մը։

− Ինչո՞ւ ասանկ հուզվեր ես, ո՞ւրկե կուգաս,− հարցուց տիկին Սաթեն զայն դիմավորելով։

− Եկեղեցի գացի հոնկե կուգամ,− պատասխանեց Նվարդ գլխարկը հանելով։

− Պատարագը լմնցա՞վ…

− Չէ՛, արդեն ներս չմտա որ…

− Ինչո՞ւ համար։

− Էրիկս դեմս ելավ բակին մեջ, ըսավ, որ հոս մի կենար, ել գնա… իրարանցում պիտի ըլլա եղեր։

− Չէի՞ր գիտեր։

− Գիտեի, բայց կկարծեի, որ թաղականները իրենց մեջ խնդիր պիտի ունենան, մինչդեռ հիմա ժողովուրդն ալ մեջ մտեր է։ Ամբողջ բակը լեցված էր… աճապա, էրկանս գլխուն փորձանք մը կուգա՞, ի՞նչ կըսես, Մարգար էֆ…

− Մի վախնա՞ր, բան չիկա, ամենքն ալ մեր մարդիկն են, պատասխանեց Մարգար էֆենտի խորհրդավոր ժպիտով մը։

− Ուզեցի հետս բերել, չեկավ, − շարունակեց տիկին Նվարդ, դուն գնա Մարգար էֆենտիենց նստե, ես հոն կուգամ, քեզի կառնեմ, ըսավ։

− Շատ աղեկ ըրեր ես, մենք ալ միս մինակ սրտերնիս կնեղանար,− պատասխանեց տիկին Սաթեն։

− Ժամեն դուրս ելած ատենս ո՞վ դեմս ելլե աղեկ… − Ո՞վ,– հարցուց տիկին Սաթեն։

− Գետինն անցնելիք Շազիկը… սա ամեն իրարանցումներուն պատճառը… ուշախը ետևը ձգած ժամ մտավ։

− Ի՞նչ կըսես, ծառա՞ն ալ մեկտեղ բերեր է, ինչո՞ւ համար։

− Ո՞վ գիտե, չալըմի համար ըլլալու է… անանկ ալ քալվածք մը քի կարծես իշխանուհի մըն է…

− Է՜հ, հարկավ, Թաղ. Խորհրդի ատենապետին կինն է։ Բարևեցի՞ք իրար։

− Սանկ գլխովս բարև մը տվի անցա, անիկա կենալու պես ըրավ, րալց ես չտեսնալու զարկի։

− Աֆերի՛մ, բեք աղեկ ըրեր ես,− գոչեց տիկին Սաթեն ուրախությամբ։− Այսօր թող աղվոր մը խաղք ըլլա, որ երթա սորվի։

− Իրենց կերպարանքին նայիս նե՝ ինքզինքնուն վրա շատ վստահ կպտտին կոր,− միջամտեց Մարգար էֆենտի։

− Դուն ալ մեծ-մեծ մի ջարդեր նստած տեղդ,– գոչեր Սաթեն։

− Քիչ մը ետքը խապարները կառնես։

− Ի՞նչ պիտի ըլլա որ,− հարցուց տիկին Նվարդ հետաքրքիր,− ինծի ալ պատմեցեք։

− Ի՞նչ պիտի ըլլա, Պողոս էֆենտին առոք փառոք դուրս պիտի նետեն Թաղ․ Խորհուրդեն,− պատասխանեց Մարգար էֆենտի հաղթականորեն։

− Իրա՞վ կըսես, էյ բռնի կրնա՞ն ատանկ բան ընել։

− Եթե մեծամասնության խոսքին ականջ չկախե, բնականաբար կընեն։

− Բայց անիկա ալ իր կուսակիցներն ունի հարկավ։

− Թող ունենա, ասդիի կողմը ավելի զորավոր է։

− Վա՜յ, կվախնամ, որ կռիվ մը ըլլա։

− Քեզի՞ ինչ, կուզեն նե թող իրարու գլուխ պատռեն։

− Հապա էրի՞կս, ես անիկա կմտածեմ կոր։

− Անիկա խոհեմ է, ծեծին ատենը գալուն պես՝ կծիկը կդնե,– պատասխանեց Մարգար էֆ. խնդալով։

Տիկին Նվարդ կես ժամե ի վեր հոն էր, երբ Միհրանիկ էֆենտի եկավ։ Առաջին ակնարկով Մարգար էֆենտի նշմարեց, որ իր բարեկամը հաղթական երեույթ մը չուներ։

− Ի՞նչ լուր,− հարցուց սրտատրոփ անձկությամբ մը, մինչև երկու կիներն ալ նորեկին շուրթերեն կախված էին։ − Ի՜նչ պիտի ըլլա, խաղքություն, էֆենտիմ, խաղքություն,– գոչեց Միհրանիկ բարկացած շեշտով մը։

− Պատմե՛ տեսնենք։

− Թաղին մեջ որչափ դատարկապորտ սրիկաներ կան նե՝ ժողվեր բերեր են… դեռ երեկվան լակոտը ելեր գործի կխառնվի… մեկ քանիին աղեկ փայերնին տվի յա…

Բոլոր այս կցկտուր խոսքերը որոշ բան մը չէին հայտներ, բայց ցույց կուտային, թե դեպքերը Միհրանիկ էֆ-ին հաճելի կերպով մը չէին տեղի ունեցած։

− Շենք շնորհք պատմե տեսնենք եղածը,− ըսավ տիկին Սաթեն։

− Էֆենտիմ,− շարունակեց Միհրանիկ,− բակը բազմությունը լեցված էր, երբ ընկեր Կայծունի աթոռի մը վրա ելլելով սկսավ խոսիլ։ Հոն գտնվողները շուրջը հավաքվեցան։

− Դուն շատ չմոտենայիր,− միջամտեց տիկին Նվարդ։

− Չէ՛, ես հեռուեն մտիկ կընեի կոր։ Մարդը շատ աղեկ, շատ շնորհքով կերպով կխոսեր կոր, խրատներ կուտար կոր, երբ մեյ մըն ալ քանի մը հատ գլխուն զարկին, իրարանցում մըն էր փրթավ բակին մեջ…

− Դուն դուրս ելլայիր,− միջամտեց տիկին Նվարդ։

Ճանը՛մ, ես հեռուն կեցած էի։

− Ծեծողները որո՞նք էին,− հարցուց Մարգար էֆենտի։

− Որոնք պիտի ըլլան, «Շանթ Ակումբին» խլեզները, ուրիշ կարգ մը անճանաչ մարդիկ… էտեպսիզ ալայի։

− Էյ, ասդիի կողմեն մարդ չի՞ կար։

− Կար, բայց անոնք շատվոր էին… ասդինները կամաց մը կծիկը դրին։

Բոլոր այս հարց ու փորձերուն միջոցին տիկին Սաթեն շանթահարիչ նայվածքներ կուղղեր իր էրկան, որ սարսափահար կջանար չնայիլ իր կնոջ երեսը։

− Հետո,− շարունակեց Միհրանիկ,− Սուսերյանց աթոռի մը վրա ելավ ափեղցփեղ բաներ մը խոսեցավ ու ետքը թուղթ մը ստորագրել տվավ ներկաներուն ու այդ թուղթը առավ տարավ Խորհրդարան՝ Թաղ. Խորհրդին հանձնելու համար։

− Հասկցա՞ր ինչ է եղեր այդ թուղթը։

− Էֆենտիմ, հանուն թաղեցիներուն կպահանջեին կոր ժամկոչ Վարդան իր պաշտոնին վրա մնա և միևնույն ատեն իրենց շնորհակալությունը կհայտնեին Պողոս էֆենտիին այս խնդրին մեջ բռնած ընթացքին համար…

− Այդ թուղթը կարևորություն չունի ալ,− ըսավ Մարգար էֆենտի,− իրենք ո՞վ են, որ հանուն թաղեցիներուն կխոսին կոր… բուն թաղեցին իրեն կամքը հանրագրությամբ մը պիտի հայտնե։

− Չեմ գիտեր, ես եղածը կպատմեմ։

− Է՛յ, թաղականները ի՞նչ ըրին։

− Անոնք ներսը ժողով կընեն կոր մինչև հիմա, լսեցի, որ բավական վեճ ունեցեր են, բայց որոշ բան մը չիմացա։

− Հիմա Մանուկ աղան կուգա, անկե կիմանանք, ատանկ տղայական ցույցերը կարևորություն չունին, Թաղ. Խորհրդի մեծամասնությունը ինչ որոշե, ան կըլլա։

Վերջին փրկության տախտակն էր այս, որուն կկառչեր Մարգար էֆենտի իր կնոջ նայվածքներուն դիմադրելու համար։

Միհրանիկ աղա իր պատմությունը շատ մեղմացնելով պատմած էր։ Իրողությունը ավելի ծանր էր։ Ժողովուրդը հայտնապես Պողոս էֆենտիի կողմը բռնած էր և նույնիսկ ցույցեր ըրած էր Մարգար էֆենտիի դեմ։

− Անկցի՛ Մարգար էֆենտին, անկցին կամայականության պաշտպանները, և այլն,− պոռացած էին և եթե վաճառականը խոհեմաբար տունը մնացած չըլլար ու եկեղեցիին մոտերը երևնար, հավանորեն ծեծ մըն ալ պիտի ուտեր։ Ցերեկվան մոտ Մանուկ աղան ալ եկավ տխուր, ընկճված դեմքով։

− Լուրը Մանուկ աղային քովն է,− գոչեց վաճառականը,− հրամմե, նստե՛ ու պատմե՛ տեսնենք։

− Լսեցի՞ք եղած խաղքությանը,− գոչեց թաղականը սրտմտած դեմքով մը։

− Սա բակին միջի ցո՞ւյցը,− հարցուց Մարգար էֆենտի։

− Այո…

− Մեր Միհրանիկ աղան հոն է եղեր, պատմեց,− ըսավ վաճառականը,− բայց հիմա թողանք ատիկա… ատոնք կարևորություն չունին, դուք ի՞նչ ըրիք տեսնենք, ի՞նչ որոշում տվիք։

− Ես հրաժարականս տվի, ելա մեջեն,− գոչեց Մանուկ աղա,− ուրիջ ճար չկա։

− Է՛յ, մյուս թաղականները։

− Ինչ կուզեն թող ընեն…

− Ռափիկ աղան ի՞նչ ըրավ։ − Անիկա եկած չէր, տունը լուր ղրկեցի, ըսեր էին, որ հիվանդ է եղեր… կերևա, որ դիտմամբ չէր եկած։

− Գարեգինը ի՞նչ դիրք բռնեց,− հարցուց Մարգար էֆենտի։

− Ան էր արդեն գործը ավրողը,− գոչեց Մանուկ,− եթե ան չըլլար՝ Պողոս էֆենտիին պիտի համոզեինք թերևս, բայց ինք այնքան համառորեն պաշտպանեց ժամկոչը, որ կարելի չեղավ բան մը ընել։

− Վա՞յ, այսպես հա՞,− ըսավ վաճառականը,− Գարեգինը ժամկոչ Վարդանի կո՞ղմը բռնեց։

− Եվ անանկ եռանդով մը, որ շիտակը զարմացա։ Երբեք այսչափ բուռն ընդդիմություն մը չէի սպասեր իր կողմե, թեև գիտեի, որ նախապես Պողոս էֆ-ին կուսակից էր ալդ խնդրին մեջ։

− Իսկ մյո՞ւս թաղականը, որ քեզի հետ էր…

− Սեղբո՞ս էֆենտին։

− Այո։

− Ան խեղճ մարդը միշտ ինծի հետ է, բայց ի՞նչ կրնա ընել։

− Բայց, վերջապես, ի՞նչ որոշում տվիք տեսնենք։

− Ոչի՛նչ, բացարձակապես ոչի՛նչ։

− Ըսել է Վարդանը պիտի մնա,− ըսավ տիկին Սաթեն, կատաղութենե թրթռուն ձայնով մը։

− Անանկ կերևա…

Մարգար էֆենտի, ոտքի ելած, սենյակին մեջ վեր-վար կքալեր, անընդհատ սիկարեթ ծխելով։ Հայտնի էր, որ վրեժխնդրական ծրագիրներ կորոճար իր մտքին մեջ։ Այս նոր ու անակնկալ պարտությունը սարսափելի կերպով ազդած էր իր վրա ու ալ կարողություն չուներ պաղարյունությունը պահելու։

Տիկին Սաթեն նույնպես սաստիկ հուզված էր. կատաղի նայվածքներ կարձակեր աջ ու ձախ և չէր կրնար խոսք մը գտնել ըսելու։ Տիկին Նվարդ նշմարեց իր բարեկամուհիին վիճակը և քովը երթալով՝ ըսավ.

− Եկուր քիչ մը վերը սենյակդ երթանք հանգստանաս, շատ անհանգիստ կերևաս կոր, ջիղերգ ոտքի ելած են։

− Դուն իմ տեղս ըլլայիր չպիտի՞ հուզվեիր,− գոչեց տիկին Սաթեն ոտքի ելնելով ու իր բարեկամուհիին հետևելով,− այս ի՜նչ խաղքություն, ի՜նչ նախատինք, ի՜նչ ամոթ… այս գեղը ձգել փախչելու է, ուրիշ ճար չի կա։

Երբ երկու կիները մեկնեցան, Մարգար էֆենտի, որ ինչպես ըսինք, անընդհատ ժուռ կուպար սենյակին մեջ, կեցավ ու երկու մարդոց դառնալով՝ ըսավ.

− Այս խնդիրը ասանկ չկրնար լմննալ…

− Ինծի ալ անանկ կուգա,− պատասխանեց Մանուկ աղա։

− Պարզապես ամենքն ալ մեզի խաբեցին ու այսպես մեջտեղ ձգեցին… Ռափիկ աղային ըրածը կվայեյե՞… ասանկ սուտ հիվանդ ըլլալ։

− Ո՞վ գիտե, թերևս իրավցնե հիվանդ է,– պատասխանեց Մանուկ աղա, ուզելով ոսկերիչը պաշտպանել։

− Հապա այդ «Պայքար Լսարանին» մարդիկը… իբր թե թաղին բոլոր երիտասարդությունը իրենց ձեռքին մեջն էր…

− Պարապ խոսք, էֆենտի, պարապ խոսք, քանի մը հոգի էին, անոնք ալ ձգեցին փախան։

Եվ այսպես երեք անձերը դեմ դիմաց անցած իրենց պարտության վրա կողբային, գանգատելով ամենեն։

Նույն միջոցին, ընդհակառակը, Պողոս էֆենաիի տան մեջ ցնծությամբ կտոնվեր մեծ հաղթանակը։

Զ

− Քա՜, Նարդիկը ո՜ւր է, առտըվնե ի վեր մեջտեղ չի կա, սա ելեկիս կոճակը բրդեր է, կարել պիտի տայի։

Հիսուն տարեկանի մոտ գեր ու կարճահասակ մարդ մըն էր, որ այս խոսքերը կուղղեր իր կնոջ, կիրակի առտու մը։

− Տուր ես կարեմ,− պատասխանեց կինը,− այսօր Նարդիկե խեր չկա

− Ինչո՞ւ համար։

− Ճանը՛մ, չե՞ս գիտեր, կիրակի է, նշանածը պիաի գա, հագվելու վրա է։

− Այս մեկ հագվիլը քանի՞ ժամ կտևե։

Գատը-գյուղը, Մեոհյուրտարի կողմերը, փոքրիկ փայտաշեն տան մը մեջ կբնակեր ոսկերիչ Սահակ աղան իր կնոջ՝ Փեմպե հանըմին և աղջկանը՝ Նարդիկին հետ։ Այս վերջինը հազիվ քսան տարեկան, սև աչքերով, նրբակազմ, թուխ ու գեղանի աղջիկ մըն էր։ Արամյան վարժարանի մեջ իր շրջանը ավարտելե ետքը երկու տարիի չափ հաճախած էր նաև մայրապետներու դպրոցը, ֆրանսերեն և դաշնակը կատարելագործելու համար։ Ոսկերիչը, թեև համեստ վիճակի տեր, չէր ուզած իր մի հատիկ աղջկան կրթության համար բան մը խնայել, մանավանդ, որ Նարդիկ շատ ընդունակություն ուներ և միշտ աոաջինը կհանդիսանար իր ընկերուհիներուն մեջ։

Այր ու կին հոգի կուտային իրենց աղջկա վրա, և անոր գեղեցկությամբն ու խելքովը կփառավորվեին։

Նարդիկ արդարև շնորհալի աղջիկ մըն էր, ոչ թե միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես։ Անստգյուտ վարք ու բարք մը ուներ և հակառակ իր մանկատի տարիքին՝ կատարյալ տանտիկին մըն էր։

Իր այս հատկությունները ծանոթ էին զինքը ճանչցողներուն և հազիվ դպրոցեն ելած, շատ երիտասարդներ իր ձեռքը խնդրած էին։

Սակայն Սահակ աղա և իր կինը քիչ մը դժվարահաճ էին։ Կուզեին, որ իրենց ըրած զոհողություններուն փոխարեն՝ գոնե քիչ մը փայլուն դիրք մը ապահովեն իրենց աղջկան։ Անշուշտ մեծ հավակնություններ չունեին, բայց վերջապես կփափաքեին, որ Նարդիկ ընկերական սանդուխքին վրա իրենցմե աստիճան մը վեր տեղ մը գրավեր։

Քանի մը ամիսներե ի վեր իրենց այս փափաքը գրեթե իրագործված էր։ Աղջիկնին նշնած էին շնորհքով երիտասարդի մը՝ Գարեգինին՝ որ մեծ վաճառականի մը քով փայլուն դիրք մը ուներ և որ տակավին կրնար առաջ երթալ։

Նարդիկ ալ իր ծնողքին չափ գոհ ու երջանիկ էր այս միութենեն։

Գարեգին ոչ միայն վայելուչ ու գեղադեմ երիտասարդ մըն էր, այլ նաև զարգացած մտքի տեր, խելացի մարդ մը։ Իր խրոխտ ու անկեղծ նկարագիրը մանավանդ հմայած էր մանկատի աղջիկը։

Նարդիկ ճշմարիտ հպարտություն մը կզգար, երթ կիրակի իրիկունները իր նշանածին թևը մտած կերթար պտտելու Մոտայի ծովեզերքը։

Գարեգին սովորություն ուներ ամեն կիրակի այցելության գալու և գիշերը Սահակ աղային մնալու։

Միայն թե հաճախ կեսօրեն ետքը կուգար, որովհետև առտուն ստիպված կըլլար Թաղական Խորհուրդի նիստերուն ներկա գտնվելու։

Վերջին անգամ սակայն Նարդիկ ստիպած էր զինքը, որ հաջորդ կիրակիին կանուխ գա, զոհելով Թաղ․ Խորհրդի նիստը. Գարեգին խոստացած էր և մանկամարդ աղջիկը վստահ էր, որ իր խոսքը պիտի հարգեր։

Արդարև առտվան ժամը տասն էր, երբ տան դուռը զարնվեցավ և Գարեգին ներս մտավ։

Սահակ աղա դիմավորեց իր փեսացուն։

Երիտասարդը լուրջ ու մտածկոտ կերպարանք մը ուներ, որ անուշադիր չանցավ ոսկերիչին աչքերեն։

− Անհանգի՞ստ ես,− հարցուց,− վրադ սանկ նեղություն մը կա։

− Քիչ մը գլուխս կցավի կոր,− պատասխանեց Գարեգին։

− Ան է նե՝ բան մը չէ,− ըսավ Սահակ աղա,− կերևա, որ գիշերը աղեկ չես քնացեր։

− Անանկ կերևա։

Քանի մը կարևոր խոսքեր փոխանակելե ետքը Նարդիկ ներս մտավ և ինքն ալ շուտով նշմարեց նշանածին մտածկոտ կերպարանքը և սկսավ հարցուփորձել, բայց երիտասարդը խուսափողական պատասխաններ տվավ։

Մանկամարդ աղջիկը մտատանջության մատնված էր, չէր ուզեր իր հարցումներով նեղացնել նշանածը, բայց և այնպես անսովոր կգտներ անոր այս կերպարանքը։

Գարեգին միշտ ուրախ և զվարթ կըլլար, երբ նշանածին կայցելեր և այսօր առաջին անգամն էր, որ իր սովորական զվարթությունը կորսնցուցած էր։

Ծաղկատի աղջկան մտատանջությունը ավելի սաստկացավ երբ Գարեգին Սահակ աղային դառնալով՝ ըսավ.

− Քեզի հետ քիչ մը աքանձին խոսիլ կուզեմ։

− Շատ աղեկ,− պատասխանեց ոսկերիչը։

− Եթե կուզես սանկ Մեոհյուրտաբի պարտեզը երթանք, թե՛ օդ կառնենք, և թե՛ կխոսակցինք։

− Աղեկ կըլլա։

− Հապա ե՞ս,− ըսավ Նարդիկ դժգոհ կերպարանքով մը։

− Դուն ալ կես ժամեն եկուր մեզի հոն գտիր,− պատասխանեց Գարեգին,− մինչև այն ատեն խոսքերնիս լմնցուցած կըլլանք։

Երբ Գարեգին Սահակ աղային հետ տանեն դուրս ելավ ու քիչ մը հեռացավ, ըսավ.

− Քեզի ծանրակշիռ բան մը պիտի ըսեմ։

– Խոսե տեսնենք,− ըսավ ոսկերիչը մտատանջ դեմքով մը։ − Կարծես գործս ձգելու պիտի ստիպվիմ․․․

− Հե՞,− ըսավ Սահակ աղան շփոթած։

− Այո՛, Հաճի Հակոբ աղային քով ունեցած պաշտոնս պիտի թողում,− շարունակեց Գարեգին ամենայն հանդարտությամբ։

− Լավագույն գո՞րծ մը գտար։

− Չէ՞,− պատասխանեց Գարեգին,− միայն թե խնդիրը այն է, որ ալ չպիտի կրնամ այդ մարդուն քով պաշտոն վարել։

− Հետը խնդի՞ր մը ունեցար,− հարցուց Սահակ աղա։

− Այո՛, բավական ծանրկեկ խնդիր մը։

Եվ Գարեգին պատմեց իրողությունը։

Իր մեծավորը առջի օր զինքը կանչեր և պարզապես հանդիմաներ էր Մարգար էֆենտիի հանդեպ բռնած ընթացքին համար, երիտասարդ գրագիրը չկրնալով հանդուրժել իրեն եղած խոսքերուն՝ ինքն ալ քիչ մը ձայնը բարձրացուցեր ու մեկ քանի անախորժ խոսքեր ըսեր էր։

Ի վերջո գրեթե սրդողած ձգեր հեռացեր էր սենյակեն։

Ոսկերիչը մտիկ ըրավ այս պատմության։ Արդեն ուրիշ անգամ մըն ալ Գարեգին խոսած էր իրենց թաղին մեջ ծագած խնդրին վրա և ըսած էր, թե ինք, իբրև թաղական՝ պայքար կմղեր Մարգար էֆենտիի դեմ, հակառակ իր մեծավորին կամքին։

− Ատանկ մարդոց հետ իյնալը աղեկ բան չէ, ըսած էր, հարստություն ունին, ազդեցություն ունին, ամեն բան կրնան ընել։

Հիմա իր փեսացուին պատմությունը լսելե ետքը, կրկին նույն խոսքերը կրկնեց.

− Զավակս, ատանկ մարդոց հետ իյնալը աղեկ բան չէ…

− Ես արժանապատվություն ունիմ,− պատասխանեց Գարեգին,− չեմ կրնար հանդուրժել, որ խղճիս վրա բռնանան։

− Իրավունք ունիս, բայց ի՞նչ օգուտ, որ այդ մարդոց կապված ենք ապրելու համար։

− Ճիշտ այդ բանն է ահա, որ զիս կկատղեցնե։

Հասան Մեոհյուրտարի պարտեզը, և խոշոր ծառի մը հովանիի ներքև նստեցան։

− Է՛յ, հիմա ի՞նչ պիտի ընես,− հարցուց ոսկերիչը,− վաղը առտու գործիդ չպիտի՞ երթաս։

− Շվարեր մնացեք եմ,− պատասխանեց Գարեգին,− երեկվան պատահածեն ետքը քիչ մը դժվար պիտի ըլլա երթալ, իբրև թե բան մը չեղածի պես, երթալ գործս շարունակել։ − Հաճի Հակոբ աղան քեզ ճամփու դնելու խո՞սք ըրավ։

− Չէ՛, բնավ երբեք, միայն իր դժգոհությունը հայտնեց բուռն բառերով, բան մը, որ տասը տարիե ի վեր երբեք չէր ըրած։

− Ճանըմ, հորդ տեղ մարդ է,– պատասխանեց Սահակ աղա,− անոր ծանր խոսքերեն պետք չէ, որ վիրավորվիս, անանկ մարդիկ վայրկենապես կբարկանան և ըսածնին չեն գիտեր, հետո բարկությունը անցնելե ետքը իրենք ալ կզղջան։

− Եթե իմ պաշտոնիս մեջ գործած մեկ պակասությանս համար այդ խոսքերը ըսած ըլլար, չպիտի բարկանայի և խիստ կերպով չպիտի պատասխանեի,− դիտել տվավ Գարեգին։

− Ես եթե քու տեղդ ըլլամ՝ վաղը կերթամ գործիս գլուխը կանցնիմ, տեսնենք ի՞նչ դիրք պիտի բռնե։

− Ատիկա անկարելի է,− պատասխանեց Գարեգին։

− Ուրեմն ի՞նչ ընելու միտք ունիս։

− Հրաժարական տալու։

− Հրաժարակա՞ն տալու, երբ քեզի գնա ըսող չկա,− գոչեց Սահակ աղա,− պարզապես տղայություն է ատիկա։

− Ես ուրիշ միջոց չեմ տեսնար կոր։ Հիմա կուզեմ բան մը հասկնալ, և ճիշտ անոր համար է, որ այդ խոսքերը բացի քեզի, այն պարագային, որ Սամիկյան Հակոբ աղայի մոտ ունեցած պաշտոնես հրաժարիմ, դուն ի՞նչ պիտի ընես։

Սահակ աղա խորհուրդ տված էր հրաժարելու անհաշտ ընթացքե մը, որ կրնար ի վերջո ծանր հետևանքներ ունենալ։

− Ես ի՞նչ կուզես, որ ընեմ,− գոչեց ոսկերիչը զարմացած։

− Այսինքն՝ ըսել կուզեմ, որ աղջիկդ դարձյալ ինծի պիտի տա՞ս։

Այս հարցումը անակնկալորեն մեջտեղ նետված՝ շվարեցուց Սահակ աղան։

− Իրավ որ,− կմկմաց,− չեմ գիտեր ինչ պատասխանեմ, բայց կկրկնեմ՝ տղայություն պիտի ըլլա, եթե այդպիսի բան մը ընես։ Հետո ի՞նչ պիտի ընես հրաժարական տալե ետքը։

− Աստված ողորմած է, ինծի պես մեկը պարապ չմնար։

− Այո՛, բայց տարիներ պետք են, որ կարենաս այս օրվան դիրքդ ձեռք բերել։

− Ատոնք երկրորդական խնդիրներ են, այժմ դուն իմ հարցումիս ուղղակի պատասխան մը տուր։

− Բայց դու չես հրաժարած,− դիտել տվավ ոսկերիչը։ − Հրաժարականը գրված՝ գրպանս է, վաղը պիտի տամ, ասոր կրնաս վստահ ըլլալ։

− Մինչև վաղը առտու կրնաս միտքդ փոխել։

− Կերևա, որ տակավին զիս լավ չես ճանչցած,− պատասխանեց երիտասարդը,− ես երբոր որոշում մը տամ, ալ անիկա չեմ փոխեր։

− Քեզի ուրիշ բան մը ըսեմ,− ըսավ ոսկերիչը, որ կջանար խուսափիլ երիտասարդին հարցումին պատասխանելե։

− Ի՞նչ պիտի ըսես։

− Կուզե՞ս, որ վաղը առտու երթամ Հաճի Հակոբ աղան տեսնեմ ու մեյ մը հետը խոսիմ։ Կարելի է անուշությամբ խնդիրը կկարգադրենք։

− Երբեք,– գոչեց երիտասարդը,− չըլլա, որ ատանկ բան մտքե անցունես։

− Լավ, լավ մի՛ բարկանար,− ըսավ Սահակ աղա երիտասարդին հուզումը տեսնելով,− ես անանկ բան մըն էր ըսի։

− Այսպես ուրեմն, ենթադրե, որ հրաժարականը տված եմ և անոր համեմատ հարցումիս պատասխանե։

Ոսկերիչը տեսավ, որ ալ փախուստի ճամփա չի կա, ուստի պահ մը մտածեց և ըսավ.

− Ես առանձին բան մը չեմ կրնար ըսել, պետք է Փեմպե հանըմին ու աղջկանս կարծիքն ալ առնեմ։

− Իրավունք ունիս, միայն կխնդրեմ, որ իմ մեկնելես ետքը իրենց խոսք բանաս ու պատասխանը վաղը հաղորդես ինծի։

− Անանկ կընենք։

Սահակ աղա չափազանց հուզված էր բոլոր այս խոսակցութենեն։ Իրեն համար աղետ մը պիտի ըլլար ետ ընել, որովհետև դժվար էր Գարեգինի պես փեսա մը գտնել։ Ասկե զատ, գիտեր, որ աղջիկը սրտանց կսիրեր երիտասարդը և այսպիսի խզում մը սոսկալի հարված մը պիտի ըլլար անոր համար։

Բայց եթե երիտասարդը կորսնցներ իր պաշտոնը, ի՞նչ պիտի ըլլար իր վիճակը։ Անշուշտ պիտի հաջողեր գործ մը գտնել, բայց ի՞նչ պիտի ըլլար այդ գործը։ Ինք դժբախտաբար շատ համեստ ապրուստ մը ուներ և երբեք չէր կրնար օգնության հասնիլ իր փեսային։

Բոլոր այս մտահոգությունները ցցվեցան խեղճ ոսկերիչին աչքին։ − Ի՜նչ հիմարություն,− կմտածեր ինքնին,− արժանապատվության համար փայլուն, նախանձելի դիրք մը զոհել։ Իրեն համար ավելի շահավոր չպիտի՞ ըլլար Մարգար էֆենտիի կողմը բռնել, նույնիսկ եթե այդ վերջինը անիրավ ալ ըլլար։ Հարուստ, ազդեցիկ մարդ էր, միշտ կարելի էր օգտվիլ անոր բարեկամութենեն։ Իսկ թշնամությունը ամեն ատեն կրնար վնասարար ըլլալ։

− Եկուր վազ անցիր սա հրաժարականեդ և քու ու մեր գլխուն փորձանք մի բանար,− աղաչեց, խոսքը երիտասարդին ուղղելով։

Բայց Գարեգին համառորեն գլուխը շարժեց և ըսավ․

− Որոշումս տրված է։

− Ահա Նարդիկը կուգա կոր,− ըսավ Սահակ ձեռքով ցույց տալով։

Երիտասարդը գլուխը դարձուց և տեսավ իր նշանածը, որ հեռվեն կուգար։

− Աման, այս խոսքը գոցենք,− ըսավ ոսկերիչին ու ոտքի ելավ, ուրախ դեմքով մը գնաց մանկամարդ աղջիկը դիմավորելու։

Նարդիկ, որ իր նշանածին մտահոգ կերպարանքեն ազդված էր, այս անգամ խաբվեցավ Գարեգինի կեղծ զվարթութենեն և այնպես ենթադրեց, որ եղածը անցողիկ բան մըն էր առանց կարևորության և ինքն ալ զվարթորեն սկսավ տեսակցիլ նշանածին հետ։

Սակայն՝ Սահակ աղան չէր կրնար անտարբեր մնալ իրեն եղած հայտնություններեն ետքը։ Պատրվակ մը գտնելով երկու երիտասարդները թողաց և ինք տուն վերադարձավ, ուր կացությունը պարզեց իր կնոջ՝ Փեմպե հանըմին։

Խեղճ կինը իր ամուսնույն չափ այլայլեցավ։

− Ատանկ գործ մը մարդ կթողո՞ւ կեցած տեղը, խե՞նթ է, ի՞նչ է այդ երիտասարդը,− կկրկներ չհավատալով իր լսածներուն։

− Ես ալ անանկ ըսի, շատ բան խոսեցա, բայց օգուտ չըրավ։ Գարեգինը շատ աղեկ տղա է, բայց պակասություն մը ունի, համառ է և անգամ մը միտքը բան մը դնե՝ ալ անկարելի է զինքը ետ կեցնել։

Բայց իր ձեռքով իր տունը կքանդե կոր…

− Բայց հիմա մենք ի՞նչ պիտի ընենք, ան որոշենք,− ըսավ ոսկերիչը,− ինչպես քեզի ըսի, վաղը որոշ պատասխան մը կուզեր մենե։

− Նարդիկին չհարցուցած, բան մը չենք կրնար ընելլ։ − Ուրեմն այս իրիկուն երեքս գլուխ գլխի տանք և ընելիքներս որոշենք։

Մինչև իրիկուն երկու նշանածները հաճելի ժամանակ մը անցուցին։

Գարեգին բոլորովին մոռցած կթվեր իր ունեցած վեճը վաճառականին հետ, կամ գոնե առժամապես չէր մտածեր անոր վրա։

Ընդհանրապես, երբ կիրակի օրերը այցելության գար, գիշերը հոն կմնար, բայց այս անգամ ստիպողական գործ մը պատրվակելով չուզեց մնալ, հակառակ Նարդիկի և իր մոր ստիպումներուն։

Գարեգին անգամ մը որ բաժնվեցավ նշանածեն ու նավամատույցի ճամփան ձեռք առավ, կորսնցուց իր զվարթությունը և կրկին ինկավ մտահոգության մեջ։ Իր տված որոշումին ծանր հետևանքները հետզհետե կցցվեին իր աչքի առջև։ Ինքնավստահությունը կամաց-կամաց խույս կուտար իրմե և ապագայի անորոշությունը զինքը կտագնապեցներ։

Հետո, եթե Սահակ աղա և իր կինը չուզեին իրեն աղջիկ տալ ու խզեին նշանը, ի՞նչ պիտի ըլլար իր ու Նարդիկին վիճակը, որովհետև Գարեգին գիտեր, որ մանկամարդ աղջիկը բուռն ու անկեղծ սիրով կապված էր իրեն։

Ցերեկը, երբ առանձին մնացեր էին, մեկ քանի անգամներ մտքեն անցուցած էր իրողությունը պարզել նշանածին, բայց չէր համարձակած, չէր ուզած Նարդիկին զվարթությունը տխրության փոխելու։

− Եթե խոսք բանայի, կմտածեր հիմա՝ շոգենավին վերնահարկը նստած, վստահ եմ, որ Նարդիկ ինչ որ ալ ըլլար իմ նյութական վիճակս, չպիտի ուզեր նշանը խզել։ Սխալ մը գործեցի իրողությունը իրեն չպարզելով։ Պետք էր ամեն բան ըսել ու միևնույն ատեն հուսադրել զինքը։ Հիմա որ հորմե պիտի իմանա ամեն բան և թերևս իր ծնողքին ճնշումին ներքև տեղի տա և վաղը Սահակ աղա խոսք-կապի մատնին ինձ վերադարձնե…

Այս հավանականությունն ալ ավելի սաստկացուց երիտասարդին հոգեկան տագնապը։

Ինքնաբերաբար ձեռքը տարավ այն գրպանը, ուր կգտնվեր հրաժարականը, պահարանի մը մեջ դրած, կազմ ու պատրաստ, զոր հետևյալ առտու կանուխ պիտի տաներ հանձներ վաճառականին։ Պահարանը առավ, նամակը հանեց ու կարդաց, թեև անոր պարունակությունը գոց գիտեր արդեն։

Այդ թուղթն էր իր մտահոգություններուն միակ պատճառը։ Եվ այդ թուղթը ինքն իր ձեռքով, իր հոժար կամքով գրած, պատրաստած էր։ Կրնար պատռել, նետել ու այսպիսով վերջ դնել զինքը հուզող տագնապին։

Իրեն այնպես թվեցավ, որ անուշ ու սիրական պատկեր մը, Նարդիկի հրեշտակային դեմքը, աղաչավոր ու արտասվալից՝ այդ զոհողությունը կաղերսեր իրմե։

Վարանումը տիրեց անոր վրա։

− Պատռեմ լմննա, Սահակ աղան իրավունք ունի, խենթություն է ըրածս, արժանապատվության վիրավորանքի մը համար չարժեր ամբողջ երջանկություն մը խորտակել, և մանավանդ ինձի հետ ուրիշ մըն ալ դժբախտ ընել, ուրիշ մը, որ բոլորովին անմեղ է…

Բայց այդ վարանումը երկար չտևեց։ Վիրավորված արժանապատվության ձայնը ավելի բարձր և զորավոր հնչեց սրտի մեջ և լռեցուց մյուս զգացումները. նամակը կրկին գրպանը դրավ ու ոտքի ելավ։

− Չէ, մտածեց, պետք չէ տկարանալ, որոշումս որոշում է․․․

Է

Ք. թաղին մեջ հուզումը հետզհետե կսաստկանար։ Ժամկոչի խնդիրը հիմա բոլորովին մոռցված էր, ալ ոչ ոք կզբաղեր անով։

Մարգար էֆենտի իր կուսակիցներով հիմա ուղղակի պայքար կմղեր Թաղ. Խորհուրդի դեմ։

Պողոս էֆենտիի ամենափոքր արարքները իսկ կատաղի քննադատության տեղի կուտային, թերթերու մեջ կձաղկվեին։

Ամենածանր ամբաստանություններ մեջտեղ նետված էին։

− Գանձարանը բան չէ ձգեր, ամենքն ալ ծախսեր է…

− Հաշիվներուն մեջ սարսափելի զեղծումներ կան։

− Եկեղեցիին հասույթները ո՞ւր կերթան կոր…

− Ամսական քսան ոսկի բաց կա, եթե այսպես շարունակվի, դպրոցն ալ, եկեղեցին ալ աճուրդի պիտի հանեն։

− Ավազակներու ձեռք մնացեր է Թաղական Խորհուրդը։ − Քանի մը հոգի ուզածնուն պես կդարձնեն կոր, հարցնող փնտռող չի կա։

− Օձիքնեն բռնելու դուրս նետելու է։

− Վարդապետը ինչո՞ւ կարգադրություն մը չըներ կոր։

Ահա այս տեսակ խոսքեր կլսվեին ամեն կողմ։

Մանուկ աղային հրաժարականը, որուն հաջորդած էր նաև Ռափիկ աղայինը, որ ի վերջո չէր կրցած իր չեզոքությունը պահել, խախտած էր Պողոս էֆ-ի դիրքը։

− Տեսեք, պարկեշտ մարդիկ,− կըսեին Մարգար էֆ-ի կուսակիցները Մանուկ և Ռափիկ աղաներու հրաժարականին ակնարկելով,− տեղի ունեցած խաղքությունները տեսան՝ քաշվեցան մեկ կողմ։

− Մարդ էին նե՝ թող կենային՝ զեղծումները երևան հանեին,− կպատասխանեին Պողոսյաններն ալ։

Հիմա Թաղ. Խորհրդին մեջ մնացած էին Պողոս էֆ․, Գարեգին և Մկրտիչ աղան։ Այս վերջինը լուռ ու համակերպող մարդ մըն էր, որ միշտ իր պաշտոնակիցներուն ազդեցության կենթարկվեր։ Այնքան ատեն որ Մանուկ թաղական էր, Մկրտիչ անոր համակարծիք գտնված էր, իսկ երբ Մանուկ աղա քաշված էր թաղականութենե՝ ինքն ալ կարծիքը փոխած ու Պողոս էֆենտիի միացած էր, այնպես որ այժմ թաղական Խորհրդի մեջ երկպառակություն չկար։

Բայց ամբողջ թաղը, ինչպես ըսինք, երկու թշնամի բանակներու փոխված էր։ Նույնիսկ կռիվներ տեղի կունենային հաճախ, որոնք երբեմն ալ ծեծով կվերջանային։

«»Պայքար Լսարանի» անդամները մանավանդ կատղած էին իրենց պարտութենեն ի վեր և առիթ կփնտռեին վրեժ լուծելու։ Ընկեր Կայծունի հուր ու բոց կտեղար օրն ի բուն և կջանար շարքերը ամրացնել վճռական պատերազմի մը համար։

Կիներու մեջ ալ պայքարն ու հակառակությունը ոչ նվազ բուռն էր։ Տիկին Սաթեն իր բարեկամուհիներով հալածանք մը սկսած էր տիկին Շազիկի դեմ, որուն վրա ամենեն անլուր ամբաստանությունները կտեղային։ Տիկին Շազիկ ալ ձեռքերը ծալած չէր նստեր և ինքն ալ իր կուսակիցներով բամբասանքներ կտեղար Մարգար էֆենտիի կնոջ գլխուն։

Մարգար էֆենտիի կուսակիցները պոյքոթ հռչակած էին եկեղեցիին ու դպրոցին դեմ և ասկե բավական կտուժեր Թաղ. ԽորհոՒրդԸ, որոՒն հասույթները զգալապես կպակսեին։ Վարժարանի ուսուցիչը՝ պարոն Թորգոմ այս պոյքոթեն թե՛ նյութապես և թե՛ բարոյապես կտուժեր և այս պատճառով ավելի բուռն հակամարգարյան եղած էր։

Սրճարանները, տուներու մեջ, վարժարանը, վերջապես՝ ամեն կողմ կքննադատեր, կդատափետեր Մարգար էֆենտին՝ ամենակծու բառերով։ Վաճառականը ի վերջո չկրցավ համբերել։

− Սա նայեցեք, այդ խըմպըլ վարժապետն ալ ինծի դեմ ելեր է,− գոչեց մտերիմներուն,− ինչի՞ն կյուվենմիշ կըլլա կոր ինծի պես մեկուն դեմ խոսելու համար․․․

− Եվ ի՜նչ խոսքեր, ի՜նչ անվայել ակնարկություններ, ի՜նչ զրպարտություններ,− դիտել տվավ Մանուկ աղա։

− Ի՞նչ կըսե կոր նայիմ…

− Բերան առնվելիք բաներ չեն։

− Դուն ականջովդ լսեցի՞ր։

− Հապա, երեկ իրիկուն սրճարանը, բազմության մեջ, ճառ խոսելու պես կպոռար կոր։

− Ճանըմ, ըսե նայինք ի՞նչ ըսավ։

− Էֆենտիս, ի՞նչ ըսավ որ․․․ պատիվի դիպչելու խոսքեր։

− Էյ, դուն ալ բերնին չափը չտվի՞ր։

− Քանի մը խոսք ըսի, պապանձվեցավ։

− Ես ալ անցած օր բերնին չափը տվի,− միջամտեց Միհրանիկ էֆենտի,− անամոթը ելեր ձեր ընտանեկան պատվին հետ կխաղար կոր։

− Ընտանեկան պատվիս հե՜տ,− գոչեց Մարգար էֆ. դողահար ձայնով մը։

− Այո՛,− շարունակեց Միհրանիկ,− տիկին Սաթենի մասին կարգ մը անճոռնի խոսքեր կրներ կոր, իբր թե Պողոս էֆենտիի կնոջմե լսեր է։

− Ի՞նչ խոսք,− հարցուց Մարգար էֆ, հուզված։

− Չըսվելիք բաներ։

Հելե՛, հելե՛,− պնդեց վաճառականը։

− Ճանըմ, խենթ խոսքեր… իբր թե տիկին Սաթենը անհավատարիմ է եղեր, և այլն, և այլն։

− Ականջովդ լսեցի՞ր այդ խոսքերը,− գոչեց վաճառականը, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Հապա՛, լսեցի՛,− հաստատեց Միհրանիկ։

− Հուզվելիք բան չկա,− միջամտեց Մանուկ աղա,− ամենքս ալ գիտենք, որ ատոնք սուտ, թշնամական խոսքեր են… սրճարանին մեջ ալ ճիշտ այդ բաները կըսեր կոր։

− Սրճարանին մեջ կնկանս համար անհավատարի՞մ է ըսեր,– պոռաց Մարգար էֆենտի։

− Ամեն տեղ կըսե կոր խայտառակը։

− Եվ մանրամասնություններով,– դիտել տվավ Միհրանիկ։

− Ի՞նչ մանրամասնություն։

− Իբր թե Բերա, օթելի մը մեջ ճանչցվեր է, թե դրամ տվեր է, որ գործը մեջտեղ չելլա և թե բուն տեսնողեն իմացեր է եղեր տիկին Շազիկը և պատմեր է իրեն։

Բոլոր այս բացատրությունները ծայրագույն աստիճանի հասցուցին վաճառականի զայրույթը։

Եթե իրեն աստիճանը ունեցող հարուստ, դիրքի տեր մեկը այդպիսի զրպարտություն մը ըրած ըլլար՝ Մարգար էֆ. թերևս այդքան չպիտի բարկանար, բայց վարժապետ մը, երեք հարյուր ղուռուշ ամսականով չնչին մարդ մը, որ կհամարձակեր իր պատվույն հետ խաղալ, ահա այդ հանդգնությունն էր, որ չէր կրնար ըմբռնել։

Եվ երկու բարեկամները ջանացին զինքը հանդարտեցնել, ըսելով, որ չէր արժեր վարժապետի խոսքերուն կարևորություն տալ։

− Արդեն այդ Թորգոմ ըսվածը փախուկին մեկն է,− դիտել տվավ Միհրանիկ։

− Ապուշ ավանակ մըն է,− ավելցուց Մանուկ։

− Թող առնելիքը ըլլա,− գոչեց Մարգար էֆ. սպառնական շեշտով մը։

Վարժապետին այդ միջադեպը ավելի հրահրեց Մարգար էֆենտիի մարտական եռանդը։ Հետևյալ օրն իսկ Թաղ. Խորհուրդին դեմ ծանր ամբաստանություններով հանրագրություն մը պատրաստել տվավ և Մանուկ աղային հանձնեց, որ թաղեցիներուն ստորագրել տա, որպեսզի վարչության մատուցվի։

− Աղե՛կ, բայց տեսնենք ամենքն ալ պիտի ուզե՞ն ստորագրել,− դիտել տվավ Մանուկ աղա։

− Ամենքը թող չստորագրեն, բավ է, որ քանի մը հարյուր ստորագրություն հավաքենք։

− Ատոք ալ կկասկածիմ, մեր թաղեցիները զարմանալի մարդիկ են, սրճարաններու մեջ կպոռան, կկանչեն, բայց երբ կարգը գա գործելու, մեկ կողմ կքաշվին։ − Քիչ մը սանկ դրամ խաղցնենք նե՝ օգուտ չընե՞ր,− հարցուց վաճառականը։

− Ատ տարբեր բան,− պատասխանեց Մանուկ,− ատոր ըսելիք չունիմ, դրամով ամեն բան կարելի է։

Վաճառականը գրպանը խառնեց, երկու հատ հինգ ոսկինոց պանքնոտ հանեց Մանուկ աղային տվավ և ըսավ.

− Հիմակուհիմա սըվոնք առ, թող քովդ գտնվին, պետք եղած տեղը գործածե, հետո եթե հարկ ըլլա, նորեն բան մը կընենք։

Նախկին թաղականը պանքնոթները գրպանեց հանրագրությունը խնամքով թերթի մը մեջ ծրարեց ու մեկնեցավ, խոստանալով իսկույն գործի սկսիլ։

− Քանի՞ օրեն կվերադարձնես,− հարցուց Մարգար էֆենտի։

− Էհ, առնվազն երեք չորս օր պետք է,– պատասխանեց Մանուկ։

− Քեզ տեսնեմ, սա գործը հաջողությամբ գլուխ հանե։

− Ձեռքես եկածը պիտի ընեմ, այդ մասին կատարելապես ապահով եղիր,− պատասխանեց Մանուկ։

Եվ արդարև եռանդով գործի սկսավ։ Բայց իր երկյուղը հիմնավոր էր։ Թաղեցիներեն շատերը բացարձակ չեզոքություն պահել կուզեին։

− Սըտեղ ստորագրություն մը նետե,− կառաջարկեր Մանուկ աղա թաղեցիի մը՝ հանրագրությունը երկարելով։

− Ի՞նչ է սա, Մանուկ աղա։

− Ճանըմ, մեր Թաղ. Խորհրդին դեմ բողոք մըն է, ալ համը փախցուցին, ասանկ թողուլ չըլլար, կարդա՛, նայե՛, խնդիրը շատ աղեկ կերպով բացատրված է։

− Ինծի ինչ, ես ատանկ բաներով չեմ զբաղիր։

Թոհաֆ բան, դուն թաղեցի չե՞ս։

− Թաղեցի եմ, բայց չեզոք մնալ կուզեմ։

− Ատանկ անտարբերություն կըլլա՞… ատ Պողոս էֆենտին պարզապես եկեղեցին կթալնե կոր, զինքը դուրս նետելու է և շնորհքով մարդիկ նստեցնելու է։

− Շնորհքով մարդ ո՞ւր է։

− Ի՞նչ ըսել է, զարմանալի բան, թաղին մեջ շնորհքով մարդ չկա՞․․․ Մարգար էֆենտին կբերենք ատենապետ կընենք, ազգասեր, հարուստ, պատվավոր մարդ, Պողոս էֆենտիին չնմանիր։ − Պողոս էֆենտիին ալ, Մարգար էֆենտիին ալ խերն անիծեմ… հացի փարա հանելու նայինք։

Մանուկ աղա այս տեսակ ընդդիմություններե չէր հուսահատեր. մարդը կառներ, սրճարան մը կտաներ, քանի մը շիշ օղի կհրամցներ, ժամերով կխոսեր և երբեմն կհաջողեր ստորագրություն մը կորզել։

Ուրիշ կարգ մը դատարկապորտներ 10 կամ 20 ղուռուշի փոխարեն իրենց ստորագրությունը կդնեին հանրագրության ներքև։

Մեկ քանիները, ավելի խստապահանջ−ոսկի մը կպահանջեին և Մանուկ աղա իրենց ստորագրության համեմատ սակարկության կմտներ հետերնին։

Բայց տասը ոսկին շուտով ավարտեցավ, մինչ հանրագրության ներքև հազիվ 40-45 ստորագրություններ հավաքված էին։

Մանուկ աղա երկու օր ետքը ափ առավ Մարգար էֆենտիի տան դուռը։

− Ի՞նչ լուր,− հարցուց վաճառականը։

− Բավական ստորագրության հավաքեցի։

− Ո՞րչափ…

− Հիսունի չափ։

− Չօգտեր, էֆենտիմ, չօգտեր։

− Ես ալ գիտեմ, որ չօգտեր,− պատասխանեց Մանուկ աղա,− բայց ի՞նչ ընենք, կամաց-կամաց… ասկե զատ՝ դրամն ալ սպառեցավ և դրամը այս տեսակ պայքարներու ջիղն է։

− Ճանըմ, դուն ալ պոլ-պոլ չբաժնեիր։

Թոհաֆ ես, Մարգար էֆենտի, տասը ոսկիեն ի՞նչ կելլա,− պատասխանեց Մանուկ աղա սրտմտած դեմքով մը,− հիսուն հոգիի մեջ տասը բաժնես նե՝ ամեն մեկուն ի՞նչ կիյնա, վրայե վրա մեյ մեկ մեճիտիե։ Հաշիվը մեջտեղն է։

− Ասոնք ամենքն ալ դրամո՞վ ստորագրեցին…

− Չէ, բայց մարդ կա, որուն ստորագրությունը առնելու համար հարկ եղավ ոսկի մը տալ, ուրիշի մը քսան ղուռուշի պիտի խմցնեի, ուրիշի մը մեխանեճիի ունեցած պարտքը մաքրեի և այլն, և այլն։

Մանուկ աղայի հաշվետվությունը թերևս կետ առ կետ ճիշտ չէր և հավանական է, որ նախկին թաղականը 3-4 ոսկիի չափ ինք գրպանած էր։ Վաճառականը կռահեց այս բանը, բայց ձայն չհանեց։ − Իրավունք ունիս,− ըսավ քթին տակեն ու տասը ոսկի ևս հանձնեց, խնդրելով, որ այդ գումարով ալ գործը լմնցնե։

− Կհուսամ, որ ասիկա կբավե,− պատասխանեց Մանուկ աղա։

Արդարև երկու օր ետքը հանրագրությունը երկու հարյուրե ավելի ստորագրություններով ծածկված էր, շնորհիվ «Պայքար Լսարանի» անդամներուն օժանդակության, որոնք ոգի ի բռին օգնեցին Մանուկ աղային։

Սուսերյանց թեև փորձած էր հանրագրությունը ձեռք անցնել ու պատռել, սակայն չէր հաջողած։ Այս ձախողանքեն կատղած ինքն ալ ուրիշ հանրագրություն պատրաստած էր ի նպաստ Պողոս էֆենտիի, որուն Թաղական Խորհուրդի ատենապետ մնալուն անհրաժեշտության վրա կշեշտեր, զգացնել տալով, որ հակառակ պարագային «խիստ ցավալի ու ծանրակշիռ դեպքեր կրնային պատահիլ, որոնց պատասխանատվությունը իրենց վրա չէին ուզեր առնել սույն հանրագրությունը ստորագրողները, որոնք կներկայացնեին թաղին մտավորական և գիտակից ստվար մեծամասնությունը»։

Այս հանրագրությունն ալ քանի մը օրվան մեջ երկու հարյուրե ավելի ստորագրություններով ծածկվեցավ։

Շատ մը թաղեցիներ, հիանալի անկողմնապահությամբ, երկու հանրագրություններն ալ ստորագրած էին միևնույն ատեն։

Այն թաղեցիները, բնականաբար, միակողմանի անձերու կողմե քննադատության առարկա կըլլային։

− Միրիճան աղա, ասանկ բան կըլլա՞, երկուքին տակն ալ ստորագրեր ես։

− Ի՞նչ ընեմ, ես Պողոս էֆենտին կսիրեմ ու կհարգեմ, ես ադ մարդուն վրա վստահություն ունիմ։

− Ուրեմն թող մյուս հանրագրությունը չստորագրեիր․․․

Ճանը՛մ, Մանուկ աղան բերավ, ստիպեց, հիմա իրեն խոսքը կոտրեի՞, ամեն օր միասին կտեսնվինք, կնստինք, կելլենք։

Ուրիշ մը ինքզինքը արդարացնելու համար կըսեր.

− Ես ուրիշի խաթրը կոտրել չեմ ուզեր, ան ալ կստորագրեմ, եթե կուզես, դուն ալ բան մը գրե, բե՛ր, ատ ալ ստորագրեմ։

Երրորդ մը ինքզինքը կմեղմացներ սա կերպով․

Ճանը՛մ, թավլուին գլուխը նստեր Սերոբե աղային հետ թավլու կխաղայի կոր, մեր մյուսյու Թորգոմը թուղթ մը բեըավ «սըվիկա կարդա և ստորագրե» ակնոցս քովս չէր, ես ալ «թավլուի» զբաղած՝ «ի՞նչ է» հարցուցի. «գեշ բան չէ» պատասխանեց, ստորագրեցի, որ իր ձեռքեն ազատիմ։ Քիչ մը ետքը ընկեր Կայծունին եկավ, ան ալ թուղթ մը հանեց «ստորագրե»՝ ըսավ․− «ես մեյ մը ստորագրած եմ» ըսի.− Մեյ մըն ալ ստորագրե՛, պատասխանեց։ Նայեցա, որ խոսքը պիտի երկարի, ստորագրություն մըն ալ հոն դրի… փարայով չէ ա՜, զարմանալի բան, թեև հետո իմացա, որ ուրիշներ փարա առեր ու անանկ ստորագրեր են, մենք ապուշ գտնվեցանք։

Պատգամավորություն մը հակապողոսյան հանրագրությունը տարավ Վարչության ներկայացուց ուրբաթ օր մը։ Ժամ մը ետքը ուրիշ պատգամավորություն մը ի նպաստ Պողոս էֆենտիի հանրագրություն կտաներ Վարչություն։

Քանի մը օր ետքը թերթերը կծանուցանեին.

«Ինչպես գրած էինք, Ք. թաղեն երկու հանրագրություններ ներկայացված են Վարչության, մին՝ ներկա Թաղ. Խորհրդի լուծումը և նորի մը ընտրությունը պահանջող, մյուսը՝ Թաղական Խորհրդի պաշտոնի վրա մնալը խնդրող։

«Քաղաքական ժողովը իր երեկի նիստին մեջ նկատի առավ այս երկու հանրագրությունները և չկրնալով եզրակացության մը հանգիլ, որոշեց իր անդամներեն երկուքին պաշտոն հանձնել երթալ տեղվույն վրա քննություն մը կատարելու և հաղորդելու պատկառելի Վարչության, որպեսզի պարտ ու պատշաճ տնօրինություն մը ըլլա։ Վարչության կողմե ընտրված պատգամավորներն են Սափորյան և Ծրարյան էֆենտիները, որոնք վաղն իսկ, կիրակի, հիշյալ թաղն երթալով, իրենց պաշտոնին պիտի ձեռնարկեն»։

Երբ Վարչության այս որոշումը կարդաց՝ Մարգար էֆենտի ուրախությամբ ձեռքերը շփեց։

− Եթե գործը Սափորյան էֆ-ին հանձնվեր է,− մտածեց,− ամեն բան հաջող է։

Արդարև փաստաբան Սափորյան էֆենտի վաճառականին հին ծանոթներեն էր և հաճախ անոր դատերը վարած։

Մարգար էֆ. որոշեց հետևյալ ցերեկ ճաշի հրավիրել Վարչության երկու անդամները։

− Թեև Ծրարյան էֆենտին չեմ ճանչնար,− ըսավ իր կնոջ, բայց վնաս չունի, Սափորյան էֆենտին մեր հին լավագույն բարեկամներեն է, և անոր միջոցավ Ծրարյանի հետ ալ կծանոթանանք։

Թերթերուն տված լուրը ոչ նվազ ուրախացուց Պողոս էֆենտին։ − Եթե քննությունը տոքթ. Ծրարյանին հանձնված է, այժմեն կրնամ ապահով ըլլալ, որ վճիռը ի նպաստ ինծի պիտի տրվի։

Պողոս էֆ-ի այս վստահությունը կհենվեր սա պարագային վրա, թե՝ տոքթորը իր կնոջ մեկ հիվանդությունը խնամած էր երկար ատեն և այս առթիվ մտերմական հարաբերություններ մշակած էին իրարու հետ։

− Վաղը ցերեկ պետք է, որ անպատճառ զինքը կերակուրի հրավիրենք,− ըսավ իր կնոջ։

− Առանձին չենք կրնար հրավիրել, պաղ կփախչի, Սափորյան էֆ-ն ալ հրավիրելու է։

− Անանկ ընենք։

Վարչական երկու պատվիրակներու գալուստը բնականաբար նոր ոգևորություն մը առաջ բերավ ամբողջ թաղին մեջ։ Ամեն մարդ անհամբեր կսպասեր կիրակի օրվան։

− Վճռական ժամը վերջապես հնչեց, անմիջական արդարությունը իր ձայնը պիտի լսեցնե,− կըսեր մյուսյու Թորգոմ, վարժարանի ուսուցիչը, որ կզգար, թե իր պաշտոնի վրա մնալ կամ չմնալը այս պայքարի լուծումեն կախում ուներ։

− Սեղմենք մեր շարքերը և ամեն պատահականության հանդեպ պատրաստ գտնվինք,− կխրատեր ընկեր Կայծունին «Պայքար Լսարանի» անդամներուն։

− Վառոդնիս չոր պահենք կիրակի օրվան համար,−կհրամայեր ընկեր Սուսերյանց «Շանթ Ակումբի» անդամներուն։

Կարծես մեծ ճակատամարտի նախընդօրին մեջ կապրեին ամբողջ թաղեցիները։

Հասավ վերջապես կիրակի օրը։ Առտուն կանուխ եկեղեցին խռնված էր հետաքրքիրներու բազմությամբ։

Ամեն մարդ կուզեր տեսնել երկու Վարչական պատվիրակները, և եթե կարելի է, ազդել անոնց վրա։

Պողոս էֆենտի, Գարեգին և Մկրտիչ աղա սովորականեն ավելի կանուխ բազմած էին Խորհրդարանը։

Կեսօրին մոտ շշնկոց մը լսվեցավ։ «Կուգան կոր, եկան»։ Արդարև Վարչական պատվիրակներն էին, Սափորյան և Ծրարյան էֆենտիները. առաջինը նիհար, երկայնահասակ, լուրջ դեմքով մարդ մը, որ կարծես օրենքը կխորհրդանշեր իր բովանդակ խստության մեջ, երկրորդը, ընդհակառակը, կարճահասակ, կսկլոր մարդ մըն էր՝ ժպտուն դեմքով։ Արագ քայլով մը մտան եկեղեցիին բակը և ուղղվեցան դեպի Խորհրդարան։

− Կեցցե՛ Թաղ․ Խորհուրդը,− գոչեցին քանի մը ձայներ, որոնց անմիջապես ուրիշ ձայներ պատասխանեցին։

− Կեցցե՛ն Վարչության պատվիրակները, կեցցե՛ արդարությունը,− գոչեցին մեկ քանիներ ալ։

Երկու պատվիրակները առանց մեծ կարևորություն մը ընծայելու այդ ցույցերուն՝ մտան Խորհրդարան։

Հոն ժամու մը չափ մնացին և այդ միջոցին հետզհետե լսեցին ժամկոչ Վարդանը, ընկեր Կայծունին, ընկեր Սուսերյանցը, Մանուկ աղա, վերջապես բոլոր անոնք, որոնք հեռվեն կամ մոտեն մասնակից էին տեղի ունեցած պայքարին։

Ժամը մեկին կմոտենար և տակավին ուրիշ վկաներ ալ կային լսելիք, որովհետև ամեն թաղեցի կուզեր իր տեսակետը պարզել։

− Ասիկա շուտով լմննալիք գործ մը չէ,− ըսավ Պողոս էֆենտի երկու պատվիրակներուն,− եթե կուզեք՝ քննությունը դադարեցուցեք և երկու ժամ ետքը կրկին շարունակեցեք․․․ թող երթա ամեն մարդ իր ճաշը ընե։

− Էֆենտին իրավունք ունի, դադար մը ընելու է,− վճռեց Սափորյան էֆենտի։

− Մանավանդ, որ մեր ալ փորը անոթեցավ։

− Այս տեղվանքը ճաշարան մը կրնա՞ք գտնել,− հարցուց Սափորյան։

− ի՞նչ ընելու համար,− ըսավ Պողոս էֆենտի։

− Զարմանալի բան, ճաշելու համար։

− Այդ ի՞նչ խոսք է, կվայելե՞, որ երթաք ճաշարանը կերակուր ուտեք, մեզի պիտի հրամմեք։ Տոքթ․ Ծրարյան կֆենտին մեր հին ու պատվական բարեկամն է, անանկ չէ՞ տոքթո՞ր։

− Այնպես է,− պատասխանեց Ծրարյան։

− Ուրեմն թող տոքթորը ձեզի գա, ես ալ կերթամ տեղ մը փորս կկշտացնեմ։

− Անանկ բան չըլլար,− պնդեց Պողոս էֆենտի,− երկուքդ ալ իմ հյուրս եք, արդեն ամեն պատրաստություն տեսնված է։

− Մեկտեղ Պողոս էֆենտիին կերթանք,− ըսավ Ծրարյան իր պաշտոնակցին դառնալով,− եթե ոչ ես ալ ճաշարան կուգամ։

− Ատիկա միտքերնեդ հանեցեք,− գոչեց Պողոս էֆենտի։

− Լա՛վ, լա՛վ, ձեզի կերթանք,− վճռեց Սափորյան։ Նույն միջոցին դուռը բացվեցավ, Միհրանիկ էֆենտին ներս մտնելով Սափորյանի ականջին բաներ մը փսփսաց, որուն վրա փաստաբանը ոտքի ելավ և՝

− Վայրկյան մը սպասեցեք, ես հիմա կուգամ ըսելով՝ Միհրանիկի հետ դուրս ելավ։

Արդարև քիչ մը ետքը վերադարձավ ըսավ.

− Պողոս էֆենտի, կներե՛ք, ես չպիտի կրնամ գալ…

− Ինչո՞ւ համար,− գոչեց Պողոս էֆենտի, որ ամեն բան գուշակած էր։

− Որովհետև Մարգար էֆենտին եկած է զիս տուն տանելու համար, դուրսը կսպասե կոր։

− Անկարելի է, ինծի խոսք տվիր,− գոչեց Պողոս էֆ. որ այլայլած էր տեսնելով, որ որսը ձեռքեն կհափշտակեն։

− Կներեք, ես խոսք չտվի,− պատասխանեց Սափորյան էֆենտի,− այլ պարզապես ձեր որոշումներուն վրա համակերպվեցա, բայց հիմա, որ Մարգար էֆենտին հատկապես եկած է զիս հրավիրելու, չեմ կրնար իր հրավերը մերժել։ Ինչպես որ տոքթ. Ծրարյան ձեր վաղեմի բարեկամն է, նույնպես Մարգար էֆենտին ալ իմ վաղեմի բարեկամն է։ Ուրեմն ցտեսություն, ժամը երեքին կրկին այստեղ կգտնվինք ու մեր քննությունը կշարունակենք։

Եվ փաստաբանը բարևելով դուրս եկավ։

− Տեսա՞ր սա անպիտանին խաղացած խաղը,− գոչեց Պողոս էֆենտի Ծրարյանին դառնալով։

− Ասանկ ավելի աղեկ եղավ,− պատասխանեց մյուսը,− եթե երկուքս ալ ձեր տունը գայինք ճաշելու, կրնար այլընդայլոց մեկնություններու տեղի տալ։

− Էֆենտին իրավունք ունի,− միջամտեց Գարեգին,− լավ է, որ պատվիրակները կատարյալ անաչառությամբ գործեն։

Եվ սակայն Պողոս էֆ. դժգոհ էր։

Ինք կհուսար մեծամեծ օգուտներ քաղել իր պատրաստած սեղանեն, որուն հրավիրած էր ոչ միայն իր երկու պաշտոնակիցները, Գարեգինն ու Մկրտիչը, այլ նաև իրենց կուսակից մեկ քանի թաղեցիներ, որոնք իբրև թե բոլորովին չեզոք՝ իր դատը պիտի պաշտպանեին։

Չմոռնանք ըսել, որ Մարգար էֆենտին ալ, բացի պատվիրակներեն, ուրիշ 5-6 թաղեցիներ ալ հրավիրած էր նույն նպատակով։ Սափորյան էֆենտի, Մարգար և Միհրանիկ էֆենտիներեն շրջապատված, առաջնորդվեցավ տուն, մինչ Մանուկ աղա քանի մը վայրկյան ետքը եկավ միացավ իրենց։

Մի քանի քաղաքավարական բանաձևերե ետքը, բնականաբար խոսք բացվեցավ օրվան հրատապ խնդրին վրա։

− Ձեր քննության արդյունքը ի՞նչ եղավ, գաղափար մը կազմեցիք խնդրին վրա,− հարցուց Մարգար էֆենտին փաստաբանին։

− Դեռ բոլոր վկաները չլսեցինք։

− Բայց գլխավորները մտիկ ըրիք։

− Այո՛, մեկ քանի հոգի հարցուփորձեցինք,− պատասխանեց փաստաբանը, որ խուսափիլ կուզեր կարծիք հայտնելե։

− Է՛յ, վեր ի վերո ի՞նչ եղավ ձեր տպավորությունը։

− Էֆենտիմ, կնճռոտ է խնդիրը, շատ կնճռոտ, լուսաբանության կարոտ է․․․

− Ամեն պարագայի հարկավ ալ համոզվեցաք, որ Պողոս էֆենտին Թաղ. Խորհրդի գլուխ չկրնար կենալ…

− Այսինքն՝ ինչպես ըսի՝ դեռ եզրակացության մը չենք հա¬րած։

− Տոքթ. Ծրարյան էֆ-ն ի՞նչ կըսեր կոր։

− Կարծիքի փոխանակություն չունեցանք։

Եվ այսպես փաստաբանը խույս կուտար Մարգար էֆ-ի հետապնդումներեն։

Մանուկ աղա միջամտեց խոսակցության։

− Էֆենտիմ,− ըսավ,− այս խնդրին մեջ չորս գլխավոր կետ կա…

Հետո այդ ամեն մի գլխավոր կետերն ալ շատ մը երկրորդական կետերու բաժնեց և ճաշի ամբողջ տևողության միջոցին խոսեցավ առանց կարենալ բան մը հերքելու կամ հաստատելու։ Ապա հարկ տեսավ խնդրին պատմականը ընելու։

− Պողոս պատրիարքին օրով, դեռ սահմանադրությունը չհաստատված, այս մեր թաղը․․․

Ք. թաղի ազգային կեսդարյան պատմությունն էր, որ կպատմեր և որ հանգեցավ մինչև ժամկոչ Վարդանի միջադեպը։

Տիկին Սաթեն բնականաբար ինքն ալ խոսքի խառնվեցավ և չկրնալով իր պաղարյունությունը զսպել՝ քանի մը ծանր ակնարկություններ ըրավ տիկին Շազիկի հասցեին։

− Ան չըլթիկը, ան անամոթը… ինք պատճառ եղավ, որ բոլոր թաղը տակնուվրա ըլլա… բայց ուրիշ բան մը չէր սպասվեր արդեն այդպիսի վարնոց կնիկե մը, որուն մայրը ժամանակին խոսված է եղեր, որուն մորաքույրը երեք անգամ ամուսնացած է, որուն մեկ եղբայրը հույն աղջիկ մը փախուցեր է, և այլն, և այլն։

Իզուր փաստաբանը զայն հանգստացնելու համար կկրկներ.

− Բայց, տիկին, այդ բաները կապ չունին մեզ զբաղեցնող խնդրին հետ, ատոնք ընտանեկան ներքին խնդիրներ են, որոնցով հետաքրքրվելու պետք չունինք։

− Ի՛նչ ըսել է, անիկա ինծի համար այնքան խոսքեր կըսե կոր, ես իրեն համար չպիտի՞ ըսեմ։

− Ըսե՛ք, տիկին, ինչ որ կուզեք, միայն թե Թաղական Խորհրդի խնդրույն հետ կապակցություն չունին։

Տիկին Սաթեն գերագրգռված գոչեց.

− Սափորյան էֆենտի, աֆ կընես ամա կարծեմ անպատճառ Շազիկը պաշտպանել կուզես կոր… կերևա, որ աչքդ խածեր է… խերը տեսնես։

Փաստաբանը չպատասխանեց, բայց հայտնի կտեսնվեր, որ դժգոհ մնացած էր տանտիրուհիին այդ ակնարկաթյուններեն։

Վաճառականը զգաց, որ կնոջ այս հարձակողական ընթացքը կրնար վնասակար հետևանքներ ունենալ իր դատին համար և ստիպեց կինը, որ լռե։

− Պարապ խոսքեր են ատոնք,− գոչեց,− և նույնիսկ անվայել, խնդիրը Շազիկին վրա չէ բնավ, գործը պետք չէ, որ պզտիկցնենք ու անձնականի տանինք…

Հետո խոսակցության նյութը փոխեց, առևտրական և դատական խոսքեր բացավ և միջոց մը ըսավ Սափորյան էֆենտիի։

− Աղեկ միտքս ինկավ, ձեզի հետ առանձին տեսնվել կուզեի․․․

− Այս թաղականի՞ն խնդրույն համար,− հարցուց փաստաբանը։

− Չէ՞, ճանըմ, անձնական գործի մը համար, վաղը արդեն ձեզի լուր պիտի ղրկեի կամ ես անձամբ գրասենյակ պիտի գայի, բայց քանի որ հիմա եկած եք և ժամանակ ունինք, կրնանք խոսիլ։

− Շատ աղե՛կ,− պատասխանեց մյուսը։

Եվ երկուքը միասին առանձնացան մեծ սալոնին քով գտնված փոքրիկ խուցը, մյուս հյուրերը պահ մը առանձին ձգելով։

Հոն վաճառականը բացատրեց խնդիրը։ Բավական կարևոր դատ մը ուներ ընկերովի ծախու առնված ընդարձակ հողի մը առթիվ, որովհետև ընկերը դժվարություններ կհարուցաներ և կուզեր հողին լավագույն մասերը իրեն սեփականել։

− Անուշությամբ գործը լմնցնել կուզեի, բայց անկարելի եղավ,− հայտարարեց Մարգար էֆենտի,− մանավանդ, որ 8-10 ոսկիի գործ մըն է։ Կուզեմ այս գործը ձեզի հանձնել, քանի որ ամեն անգամ գործ ունեցած ատենս ձեզի դիմած և գոհ մնացած եմ։

− Շնորհակալ եմ ձեր այդ խոսքերուն համար,− ըսավ փաստաբանը։

− Ես ճշմարտությունը կխոսիմ և ձեր երեսին ալ կըսեմ, որ փաստարաններուն մեջ ձեզի չափ անկեղծ, պարկեշտ, արդարասեր մարդ քիչ տեսած եմ… ես շողոքորթություն չեմ սիրեր, բայց ճշմարտությունն ալ չեմ ուզեր ծածկել։

− Գործին վերաբերյալ թուղթերը հո՞ս են,− հարցուց փաստաբանը առանց չափազանց կարևորություն տալու իրեն շռայլած գովեստներուն և ուղղակի կենսականին դիմելով։

− Չէ՛, գրասենյակս են,− պատասխանեց վաճառականը, վաղը առտու եկեք, ամենքն ալ ձեզի հանձնեմ։

− Շատ աղեկ։

Եվ Սափորյան էֆենտի ժամացույցը նայեցավ, ոտքի ելավ և ըսավ.

− Է՛, ատենը հասեր է, երթանք սա քննությունը ավարտենք, տոքթորը թերևս ինծի կսպասե։

− Դուն իմ վրաս վստահություն ունի՞ս, ինչպես որ ես քու վրադ ունիմ,− հարցուց Մարգար էֆենտի։

− Ի՞նչ ըսել է, բնականաբար,− փութաց պատասխանել փաստաբանը։

− Զիս իբրև պարկեշտ, անկողմնակալ, ուղղամիտ և խելացի մարդ կընդունի՞ս։

− Հարկավ…

− Լավ ուրեմն գիտցած եղիր, որ թաղականի այս խնդրին մեջ երկու գլխավոր հանցավորներ կան, մեյ մը Պողոս էֆենտին, մեյ մըն ալ ան զյուպպե մյուսյու Գարեգինը, ես մոտեն քննած, ուսումնասիրած եմ ամեն բան և անաչառորեն կխոսիմ, որովհետև ես չեզոք եմ։ − Ինծի ալ քիչ մը անանկ կերևա կոր,− պատասխանեց փաստաբանը, հողային դատին վրա մտածելով։

− Արդեն այդ համոզումը գոյացուցի՞ր,− գոչեց վաճառականը ուրախությամբ։

− Այսինքն՝ տպավորությունս այն է, որ Պողոս էֆ. պետք է քաշվի, որպեսզի թաղը հանդարտի։

− Պրավո՛, շատ աղվոր դատեր ես կացությունը, եթե այդ մարդը պաշտոնի վրա մնա, հավատացե՛ք արյուն պիտի թափի։

− Ի՞նչ կըսեք, Մարգար էֆենտի, խնդիրը այդքան ալ մի չափազանցեք։

− Արդեն քանի մը անգամ կռիվ ու ծեծկվուքներ եղան թաղին մեջ և պայքարը հետզհետե սուր հանգամանք մը կառնե կոր։

− Ուրեմն ժամ առաջ վերջ տալու է խնդրին,− պատասխանեց փաստաբանը։

− Ատիկա ձեր ձեռքն է, ամեն բան ձեր տալիք տեղեկագրեն կախում ունի։

− Այնպես է, բայց տեղեկագիրը ես առանձին չպիտի պատրաստեմ, ընկեր ունիմ հետս։

− Այո՛, գիտեմ, տոքթ. Ծրարյանը, որ փոխանակ մեզի գալու, դժբախտաբար Պողոս էֆենտիին տունը ճաշի գնաց… ո՞վ գիտե ինչ սուտերով գլուխը լեցուցած են։

− Ես ալ ճիշտ այդ վախը ունիմ։

− Բայց վերջապես ճշմարտությունը կարելի չէ ծածկել․․․ այդ տոքթորը ես չեմ ճանչնար, ինչպե՞ս է արհեստի մեջ։

− Շատ փորձառություն ունի կըսեն։

− Մեր տիկինը քիչ մը ջղային է և լուրջ խնամքի պետք ունի, արդյոք մեյ մը անոր ցույց տա՞նք, ի՞նչ կըսես։

− Աղեկ կըլլա։

− Ինչ որ է, վաղը երբոր տեսնվինք, այս մասին ալ կխորհրդակցինք… դուն իր տրամադրությունները իմացիր և ինծի հաղորդե։

Մարգար էֆենտի և իր հյուրը վերադարձան սալոն ու Վարչության պատվիրակը իր հարգանքները մատուցանելե ետքը տիկին Սաթեն մեկնեցավ դեպի եկեղեցի՝ քննությունները առաջ տանելու համար։

Տոքթ․ Ծրարյան և Պողոս էֆենտի, ինչպես նաև մյուսյու Գարեգին հոն արդեն իրեն կսպասեին։ Թաղեցիներ ու խուռն բազմություն մը լեցված էր բակը։

Ամեն մարդ կուզեր, որ լսվի իր կարծիքը և իր տեսությունները պարզե։ Եթե այդ պահանջին գոհացում տալ ուզեին երկու վարչական պատվիրակները, հարկ էր, որ առնվազն ամիս մը քննություն տային։

Մեկ քանի անհրաժեշտ վկաներ լսելե ետքը, որոշեցին քննությունը փակված հայտարարել և մեկնիլ։

Բայց ահա այդ որոշումը դուրսը իմացվեցավ և բուռն իրարանցում առաջ բերավ։

− Ժողովուրդն ալ լսեցե՛ք,− կպոռային բակեն,− միակողմանի քննություն չըլլար։

− Կբողոքենք, ժողովրդի ձայնը խեղդել կուզեք։

− Մեզի ալ պիտի լսե՛ք, մենք ալ ըսելիք ունինք։

Այս տեսակ աղաղակներ կբարձրանային ամեն կողմե։

Երկու պատվիրակներ տեսան, որ կարելի չէր այդ ամբոխին ձեռքեն ազատիլ։ Սափորյան էֆենտի որոշեց դուրս ելլել ու խոսիլ բազմության։

− Պարոններ,− ըսավ, − Վարչության պատվիրակները ամենայն անկողմնապահությամբ լսեցին պետք եղած բոլոր վկաները և իրենց կարծիքը շինեցին, զոր տեղեկագրով մը պիտի մատուցանեն Վարչության, և վստահ եղեք, որ ազգային իշխանությունը արդարությամբ պիտի կարգադրե խնդիրը, ուստի հանուն Վարչության կխնդրենք, որ հանդարտությամբ ձեր տեղերը վերադառնաք և սպասեք մեր որոշումին։

− Մեզի ալ պետք է, որ լսեք, ժողովրդին ձայնը չեք կրնար ոտնակոխ ընել,− գոչեցին քանի մը ձայներ։

− Բայց անկարելի է, որ մեկիկ-մեկիկ կրնանք ձեզի մտիկ ընել։

− Պետք է, որ ընեք, եթե ոչ, թող չենք տար, որ դուրս ելլեք։

Եվ իրենցմե տաքգլուխ մը դռան քով կեցողներուն դառնալով՝ գոչեց.

− Տղա՛ք, եկեղեցիին դուռը գոցեցե՛ք։

Հրամանը իսկույն գործադրվեցավ։

− Բայց ասիկա պարզապես ճնշում բանեցնել ըսել է ազգային իշխանության վրա,− գոչեց փաստաբանը բարկությամբ։

− Ժողովուրդը ազգային իշխանութենեն բարձր է,− պատասխանեց «Պայքար Լսարանի» անդամներեն մեկը։ Սափորյան էֆենտի տեսավ, որ ճար չի կար, հարկ էր հաշտարար միջոց մը գտնել։

− Պարոննե՛ր,− ըսավ,− շատ լավ, ձեզ մտիկ կընենք, բայց ոչ ամենքդ ալ մեկիկ-մեկիկ, որովհետև նյութապես անկարելի է այդ բանը։

− Ի՞նչպես ուրեմն,− գոչեցին մի քանի դժգոհ ձայներ։

− Ձեր մեջեն երկու հոգի ընտրեցեք, որոնք թող գան և հանուն ձեզի հայտնեն ըսելիքնին։

Մեկ քանիներ այս առաջարկը ընդունեցին, ուրիշներ բողոքեցին։

− Երկու հոգի քիչ է,− կպոռային շատերը։

Վերջապես կարելի եղավ համաձայնություն գոյացնել։ Բազմության մեջեն հինգ հոգի պիտի ներկայանային և իրենց բողոքները կամ դիտողությունները պիտի պարզեին պատվիրակներուն։

Սափորյան և Ծրարյան էֆենտիները համբերությամբ լսեցին նաև ժողովրդի հինգ ներկայացուցիչները, թեև ասով ավելի չլուսաբանվեցան։

Հետո, հրաժեշտ առնելով, մեկնեցան, անորոշ տպավորություն մը թողելով թաղեցիներուն վրա։

Ը

Ընթերցողները կհիշեն անշուշտ, որ Սամիկյան Հաճի Հակոբ աղայի գրագիրը՝ պարոն Գարեգին կիրակի օր մը թողացինք Գատը-գյուղի շոգենավին մեջ, հոգեկան խռովյալ վիճակի մը մեջ։

Այժմ թողլով Վարչության երկու պատվիրակները, որ իրենց տեղեկագիրը պատրաստեն հանդարտ մտքով, դառնանք մեր երիտասարդին և տեսնենք, թե ինչ եղավ իր կացությունը։

Գարեգին հետևյալ օրը, երկուշաբթի, առտուն կանուխ գնաց իր գրասենյակը։

Տակավին ո՛չ մեծավորը եկած էր և ո՛չ մյուս պաշտոնյաները։

Գրասենյակի սպասավորը կար միայն, որ սենյակը կմաքրեր։

− Այս ատեն ի՞նչ բան ունիք, մյուսյու Գարեգին,− հարցուց սպասավորը՝ երիտասարդը տեսնելով։

− Այսօր անակնկալ գործ մը պատահեցավ, պիտի սաիպվիմ բացակա ըլլալ, անոր համար եկա, որ իմաց տամ։

− Խեր է, ինշալլահ,− հարցուց սպասավորը։ Գարեգին առանց այս հարցումին պատասխանելու, գրպանը խառնեց և նամակ մը հանելով տվավ սպասավորին և ըսավ.

− Այս նամակը էֆենտիին գալուն պես իրեն հանձնե։

− Շատ աղեկ,− պատասխանեց մյուսը,− ըսե՞մ որ այսօր չպիտի կրնաս գալ։

− Պետք չկա ըսելու, արդեն նամակիս մեջ գրած եմ։

− Լա՛վ, գալուն պես կուտամ։

Գարեգին մեկնեցավ, մինչ սպասավորը ինքնին կըսեր.

− Ի՞նչ ունի մյուսյու Գարեգինը, իրարանցումի մեջ կերևա…

Արդարև երիտասարդը, հակառակ իր ջանքերուն, չէր կրնար պաղարյունությունը պահել։

Հազիվ կեսօրին գրասենյակ եկավ Հակոբ էֆենտին և իսկույն սպասավորին ըսավ.

− Մյուսյու Գարեգինին ըսե, որ գա։

− Մյուսյու Գարեգին այսօր հոս չէ,− պատասխանեց սպասավորը։

− Ի՞նչպես,− գոչեց վաճառականը զարմացած։

− Առտուն կանուխ եկավ և ըսավ, որ անակնկալ գործի մը պատճառով այսօր բացակա պիտի ըլլա և այս նամակը տվավ, որ ձեզի հանձնեմ։

Այս ըսելով սպասավորը սեղանին վրա դրավ երիտասարդին տված նամակը և դուրս ելավ սենյակեն։

Վաճառականը դժգոհ կերպարանքով մը նամակը առավ, պահարանը պատռեց և թուղթը բանալով հետևյալը կարդաց.


«Ազն. Հակոբ էֆ. Սամիկյան,

«Մեր շաբաթ օրվան տեսակցութենեն ետքը, դժբախտաբար այլևս անկարելի պիտի ըլլա ինծի համար ձեր քով պաշտոնավարել։

«Ձեր հավակնությունը՝ որով կուզեք իմ ձեր մոտ ունեցած պաշտոնես դուրս միջամտել իմ անհատական համոզումներուս և հանրային գործունեությանս վրա, անընդունելի է ու չեմ կարող այսպիսի քմահաճույքի մը գլուխ ծռել, որովհետև միշտ անձնական արժանապատվությունս ավելի բարձր նկատած եմ, քան հացի խնդիրը։

«Պետք չունիմ ըսելու, թե որքան հարգած եմ ձեզ մինչև ետքը։

Իմ տասնամյա հավատարիմ ծառայությունս մեծագույն և անժխտելի ապացույցն է, բայց և այնպես չեմ կրնար հանգուրժել այն անիրավ կշտամբանքներուն, որոնք ուղղեցիք ինձ շաբաթ օրը։

«Գիտեմ թե ինչ դրդումներու հպատակելով վարվեցաք այդպես, բայց ասիկա, ոչ թե արդարացում մըն է ձեզի համար, այլ ընդհակառակը ալ ավելի կդատապարտե ձեր ընթացքը,

Հաճեցեք ընդունիլ խորին հարգանքներս։

Գարեգին»

− Խե՞նթ է, ինչ է այս տղան,− մռլտաց Հակոբ էֆենտին, երբ նամակին ընթերցումը ավարտեց,− ասանկ պարապ բանի համար մարդ տասը տարվան պաշտոնը կթողու և կառնե կքալե՞։

Երիտասարդին այս հանկարծական մեկնումը շատ նեղացուց վաճառականը։ Ինչ պիտի ըներ հիմա, մեկ օրեն մյուսը կարելի չէր անոր պես մեկը գտնել։ Ու հետո տասը տարիե ի վեր Գարեգին մեծ փորձառություն ստացած էր վաճառատան մեջ, տեղյակ էր ամեն գործառնությանը և գրեթե ինքն էր, որ կվարեր ամեն բան, այնպես որ վաճառականը կրնար հաճախ բացակայիլ իր վաճառատունեն՝ վստահ ըլլալով, որ ամեն բան կանոնավորապես պիտի ընթանար։ Եվ ահա հիմա ամեն բան վեր ի վայր կշրջեր։

− Թերևս բարկության վայրկյանին բան մը ըրեր է,− մտածեց,− ինքն ալ պիտի զղջա հարկավ և պիտի ելլե գա… մեկ-երկու օր համբերենք։

Այս մտածումներուն մեջ էր, երբ սպասավորը եկավ և ըսավ թե Մարգար էֆենտին զինքը տեսնել կուզեր։

− Թող ներս հրամմե,− ըսավ Հակոբ էֆենտի։

Վաճառականը ներս մտավ ժպտուն դեմքով մը, թեև այս ժպիտին տակ ներքին մտահոգություն մը ծածկված էր։

− Հրամմեցե՛ք, բարի եկաք,− ըսավ Հակոբ էֆենտի ոտքի ելլելով ու իր հյուրին թիկնաթոռ մը ցույց տալով։

Հետո ավելցուց.

− Առտուն կանուխ, այսպես, խեր է ինշալլահ։

− Հոսկե կանցնեի կոր մեյ մը հանդիպիմ, ըսի,− պատասխանեց Մարգար էֆենտի,− շատ հույս չունեի ձեզ այս ժամուս հոս գտնելու։

− Մեկ քանի կարևոր գործեր ունեի՝ անոր համար այսօր սովորականեն կանուխ եկա։ − Թող գործ ըլլա տե, վնաս չունի կանուխ գալը։

Երկու վաճառականները սկսան հրապարակի կացության մասին խոսիլ։ դժդոհություն հայտնելով գործերու վիճակեն։

Սակայն Մարգար էֆենտի առևտրական տեսության մը ընելու կամ լսելու համար չէր եկած մինչև հոն։

Իր նպատակն էր հասկնալ, թե ի՞նչ եղած է Գարեգինի խնդիրը. թե բարեկամը վերջապես գոհացում տվա՞ծ է իրեն երիտասարդը ճամփելով։

Միայն թե չէր ուզեր այս մասին առաջին անգամ խոսք բանալ, որպեսզի խնդրույն շատ կարևորություն ընծայած չըլլա։ Իսկ ծերունի վաճառականն ալ լավ կռահած էր Մարգար էֆենտիի այս այցելության շարժառիթը և դիտմամբ կզգուշանար իր պաշտոնյային խոսքը ընելու։

Այս կերպով խոսակցությունը կսպառնար անվերջանալի դառնալ, երբ Մարգար էֆենտի ստիպվեցավ խոսքը փոխել և անուղղակի ճամփով մը իր նպատակին հասնիլ։

− Իմացա՞ք, Վարչությունը երկու քննիչ ղրկեց մեր թաղը,− ըսավ։

− Ի՞նչ բանի համար։

Ճանըմ, Թաղ. Խորհրդին զեղծումները քննելու համար… ալ չափը անցուցին։

− Լուր չունիմ։

− Զարմանալի բան, բոլոր թերթերը գրած էին։

− Աչքիս չէ հանդիպեր։

− Կերևա որ քուկինդ ալ գործին մեջ մատ ունի։

− Իմի՞նս ով է։

− Գրագիրդ՝ Գարեգինը, անխելք տղան, եթե ժամանակին հրաժարվեր, այս փորձանքները չէր ի գար գլխուն և ինքն ալ Պողոս էֆենտիի չէր զոհվեր։

− Պողոս էֆենտի՞ն է զեղծում գործողը։

− Չեմ գիտեր, անանկ կըսեն կոր, քննիչները դեռ իրենց տեղեկագիրը չեն տված։

− Ես այդ մարդեն չեմ հուսար ատանկ բան մը… մեջտեղը ապացույցներ կա՞ն։

− Շիտակը ես մոտեն տեղեկություն չունիմ… կա՛ն, կըսեն կոր, թաղիս մեջ անանկ բաներ կպատմեն կոր որ…

− Ամեն պարագային Գարեգինը այդ զեղծումներուն մեջ բաժին ունենալու չէ,− ըսավ ծերունի վաճառականը,− անոր պարկեշտությանը ես երաշխավոր եմ, տասը տարիե ի վեր փորձած եմ զինքը։

− Քեզի չըներ՝ ուրիշին կընե. քանի որ այդ թաղականի պաշտոնին թութխալի պես փակեր է, ըսել է շահ մը ունի։

− Ուրիշները չեմ գիտեր, բայց Գարեգին անանկ տղա չէ։

− Դուն ալ զարմանալի ես,− գոչեց Մարգար էֆենտի սրտնեղած,− քու պաշտոնյադ ըլլալուն համար անպատճառ պետք է, որ զինքը պաշտպանես։

− Ես ճշմարտությունը կըսեմ․․․ ասկե զատ Գարեգինը ալ իմ պաշտոնյաս չէ։

− Ինչպե՞ս, ճամփեցի՞ր զինքը,− գոչեց վաճառականը ուրախությամբ։

− Չէ՛, ինքը հրաժարական տվեր է։ Ա՛ռ կարդա։ Ու ծերունին գրասեղանին վրայեն Գարեգինի նամակը առնելով Մարգար էֆենտիի երկարեց։

Վաճառականը ուշի ուշով կարդաց զայն, վերադարձուց և ըսավ․

− Ապերախտը ասանկ նամակ կգրե՞․․․ մարդկություն չունի եղեր բնավ, պարզապես ծայրե ի ծայր նախատինք․․․ ուրիշին մի ցուցներ, պատռե՛, նետե՛․․․

− Ասոնց բոլոր պատճառը դուն ես,− պատասխանեց մյուսը։

− Ե՞ս, ես ի՞նչ բան ունիմ ասոնց մեջ, դուն պաշտոնյայիդ դիտողություն ես ըրեր, ան ալ բարկացեր հրաժարեր է․․․ հիմակվան երիտասարդները անանկ են, քիչ մը երես տալուդ պես գլխուդ վրա էլլել նստիլ կուզեն, փոքր դիտողություն անգամ չեն կրնար մարսել։

− Եղբա՛յր, դուն չէի՞ր, որ եկար ըսիր որ կամ թաղականութենե թող հրաժարի կամ զինքը ճամփու դիր։

− Ճանըմ, իբրև մտերիմ բարեկամ, քեզի խորհուրդ մը տվի, միմիայն իր աղեկության համար, եթե ոչ ինծի ի՜նչ թաղական եղեր է կամ ոչ… ես իմ արժանապատվությանս չեմ թողուր ատանկ չնչին մարդոց հետ զբաղվիլ։

− Ինչ որ է, եղածը եղած է, ես ան գիտեմ, որ դժվարավ իրեն պես մեկը պիտի կրնամ գտնել։

− Պարապ խոսք, եթե կուզես տասը հատ գտնեմ քեզի, և Գարեգինեն շատ ավելի կարող, եփուն, գործունյա մարդիկ, որոնք անոր մեծամտությունն ալ չունին… սա գրած նամակը նայե մեյ մը… անամոթը… եթե իր երեսեն հարյուր հազար ոսկի վաստկելս գիտնամ նե՝ ոտքը վաճառատանս սեմեն ներս չեմ մտցներ… ինչ որ է, առայժմ մնաք բարով, նորեն կտեսնվինք… կուզե՞ս որ մեկ քանի պարկեշտ երիտասարդ ղրկեմ, որպեսզի հարմարագույնը ընտրես, Գարեգինի տեղը։

− Առայժմ մեկ-երկու օր թող անցնի։

− Վա՛յ անպիտան, ասանկ նամակ կգրվի՜… որչափ բարկանաս իրավունք ունիս… եթե այս նամակը ինծի գրած ըլլար՝ դատ կբանայի իրեն դեմ… սա խլեզը նայե, Հակոբ էֆենտիի պես պատկառելի անձնավորության մը ասանկ բաներ գրե…

Եվ Մարգար էֆենտի ծերունիի մոտեն հեռացավ գայթակղած դեմքով մը։

Փողոցը ճամփան շարունակեց զվարթ տրամադրության մը ներքև։

− Վերջապես,− մտածեց գոհունակությամբ,− այդ սրիկան վռնտել տվի, թող հիմա անգործ պտտի ու հասկնա, թե ինչ ըսել է Մարգար էֆենտիին դեմ գործել… թող աշխատի՜ ուրիշ վաճառականի մը քով գործ գտնելու։

Եվ վաճառականը ինքնիրեն որոշեց ամեն միջոց ձեռք առնելու, որպեսզի երիտասարդը ուրիշ տեղ մը չկրնա տեղավորվիլ։

− Ասանկները անոթի ձգելու է, որ մարդ ըլլան,− կմտածեր։

Վրեժխնդրական այս տրամադրություններով առաջ կերթար և էմինեոնյուի հրապարակը հասած էր, երբ ետևեն ձայն մը հնչեց։

− Բարև՜, Մարգա՛ր էֆենտի, ո՞ւր այսպես։

Վաճառականը ետին դարձավ։ Փաստաբան Սափորյան էֆենտին էր, սև, խոշոր պարութա մը թևին ներքև։

− Տեղ մը գացեր էի տե՝ հիմա գրասենյակ կդառնամ կոր,– պատասխանեց վաճառականը։

− Աղեկ հանդիպեցանք, ես ալ ձեզի տեսնել կուզեի,− ըսավ փաստաբանը։

− Ի՞նչ բանի համար։

− Տեղեկագիրը տվի Վարչության։

− Իրա՞վ կըսես, ի՞նչ շուտ։

− Ես անանկ եմ, ինծի հանձնված գործը շուտ մը կտեսնեմ… բնությունս այսպես է։

− Ե՞րբ տվիր։ − Հիմա, այս առտու, գրագրիս հետ ղրկեցի․․․ աղվոր բան մը եղավ, շատ պիտի հավնիս։

− Իրա՞վ կըսես։

− Թաղ. Խորհրդին խերը անիծեցի։

− Մեյ մը չե՞մ կրնար տեսնել, գոնե օրինակը։

− Դժբախտաբար օրինակը չպահեցի քովս, ասկե զատ, Մարգար էֆենտի, սովորություն չէ այս տեսակ թուղթերը նախապես ուրիշներու ցույց տալ, հետո ծանր պատասխանատվաթյուն կուգա վրաս։

− Իրավունք ունիս։

− Բայց կկրկնեմ․ ուզածեդ ավելին է։

Վաճառականը մեծ ուրախությամբ լսեց այս ավետիսը, միայն թե կփափաքեր տեղեկագրին մանրամասնությունները իմանալ։

− Եթե ժամանակ ունիք՝ քիչ մը մեր գրասենյակը հանդիպինք,− առաջարկեց փաստաբանին։

Այս վերջինը ժամացույցը նայեցավ, պահ մը մտածեց, գրպանեն փոքրիկ տետրակ մը հանեց, թղթատեց և ի վերջո ըսավ․

− Երեսունըհինգ վայրկյանի չափ կրնամ տրամադրել ձեզի։

Միասին ուղղվեցան Մարգար էֆենտիի գրասենյակը, ուր փաստաբանը կարգ մը մանվածապատ խոսքերե ետքը հայտնեց, թե քանի մը օրվան համար տասը ոսկիի անհրաժեշտ պետք ուներ։ Վաճառականը փութաց այդ փոխառությունը կնքելու։

− Մինչև հինգ օր անպատճառ կվերադարձնեմ,− ըսավ Սափորյան էֆենտի, ոսկիները գրպանելով։

Եվ փոխարինելու համար վաճառականին ցույց տված հաճոյակատարաթյունը՝ մանրամասն պատմեց տեղեկագրին իմաստը։

− Ի նպաստ Պողոս էֆենտիի եղած վկայությունները ամենքն ալ կասկածելի ցույց տրված են,− ըսավ,− իսկ ընդհակառակը՝ ընդդեմ վկայություններուն մեծ կարևորություն ընծայված է։

− Արդեն ճշմարտությունն ալ այդ է,− հաստատեց վաճառականը։

− Թաղին մեջ տիրող հուզումը պատմված է և անոր ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցված է Թաղ. Խորհրդին վրա։

− Բուն իրողությունն է։

− Ժամկոչ Վարդանին խնդիրն ալ շոշափած եմ ու եկեղեցիին մեջ էղած աթոռի դեպքը որակած եմ «իշխանության չարաչար զեղծում»։ − Ճիշտ բառը գտեր եք։

− Տեղեկագիրը խստորեն կպահանջե ժամկոչին անմիջական հեռացումը։

− Թաղը խաղաղցնելու համար ուրիշ ճար չկա։

− Թաղ. Խորհրդի հրաժարեցումը…

− Ատ արդեն ամենեն կենսականն է։

− Եվ առժամյա Թաղ. Խորհրդի մը կազմությունը, մինչև որ միտքերը հանդարտին և հնարավոր ըլլա կանոնավոր ընտրթյուն կատարել։

− Կեցցե՛ք, շատ անկողմնակալ կերպով ներկայացուցեր եք ամեն բան։

− Ես արդեն անկողմնակալ և անաչառ մարդ մըն եմ, հայրս կամ եղբայրս հանցավոր ըլլան՝ չեմ քաշվիր ըսելու․․․ բնությունս, նկարագիրս այսպես է ու այս նկարագրիս երեսեն շատ անգամ վնասած եմ, բայց ինչ ընեմ, ձեռքս չէ։

Վաճառականը չափազանց գոհ էր իր ստացած տեղեկություններեն։ Կխորհեր, որ այս տեղեկագրին վրա Վարչությունը ուրիշ բան չէր կրնար ընել, այլ եթե անոր մեջ ներկայացված պահանջները գործադրել։ Վերջապես հաղթության ժամը կհնչեր։

Ժամեն ավելի էր, որ փաստաբանը վաճառականին գրասենյակը կգտնվեր, երբ ոտքի ելավ մեկնելու համար։

− Սափորյան էֆենտի, ճաշի ժամը կմոտենա կոր, երթանք միասին ճաշենք,− աոաջարկեց վաճառականը։

− Կըլլա՞ մի յա…

− Ինչո՜ւ չէ։

Փաստաբանը ժամացույցը նայեցավ, փոքրիկ տետրակը կրկին հանեց գրպանեն ու քննեց և ըսավ.

− Լավ, կրնամ ժամ մը տրամադրել ձեզի։

− Ճաշելու համար բավական է արդեն։

Երկու բարեկամները գնացին լավագույն ճաշարանը, ուր փաստաբանը անսովոր պերճախոսությամբ ախորժակ մը ցույց տվավ։

Ճաշեն հետո բաժնվեցան իրարմե։

Վաճառականը այդ իրիկուն հաղթականորեն դարձավ իր թաղը։

− Տեղեկագիրը գացեր է Վարչության, հիմա պոյերնին պիտի տեսնան,− կըսեր դեմը ելլողին։ Մեծ ավետիսը հաղորդեց նաև իր կնոջ՝ Սաթեն հանըմին։

− Օ՜խ,− գոչեց այս վերջինը,− թող աղվոր մը խաղք ըլլան, որ երթան սորվին։

− Շատ շնորհքով մարդ կերևա կոր Սափորյան էֆենտին,– դիտել տվավ Մարգար էֆենտի։

− Անգամ մը զինքը դարձյալ ճաշի հրավիրենք,− ըսավ տիկին Սաթեն։

− Աղեկ կըլլա՛։

Վաճառականը մարդ ղրկեց ու իր տունը հրավիրեց Մանուկ աղան և ընկեր Կայծունին, որոնց հաղորդեց ուրախալի լուրը, մանրամասն պատմելով տեղեկագրին պարունակությունը։

− Պողոս էֆենտին երբ որ իմանա, տամլա պիտի իջեցնե,− ըսավ Մանուկ աղա ձեռքերը շփշփելով։

− Թերևս իմացած է արդեն։

− Չեմ կարծեր, այս իրիկուն իրեն հանդիպեցա, ուրախ զվարթ կխոսեր կոր պարոն Գարեգինին հետ։

− Գիտե՞ս որ այդ սրիկան վռնտեր են իր պաշտոնեն,− ըսավ վաճառականը։

− Իրա՞վ կըսես, ինչո՞ւ համար։

− Ո՞վ գիտե, զեղծում ըրած է, ատանկ մարդիկներեն ամեն բան կհուսացվի։

Ընկեր Կայծունի նույնպես չափազանց ուրախ էր։ Ըստ իրեն ասիկա փայլուն հաղթանակ մը պիտի ըլլա «Պայքար Լսարան»–ին համար և անոր ազդեցությունը պիտի կրկնապատկեր։

− Ժողովրդային մասսայի բնորոշ հաղթությունն է այս օլիգարխիայի ճնշող զորության դեմ,− հայտարարեց։

− Հիմա աշխատելու ենք, որ առժամյա Թաղ․ Խորհուրդը մեր մարդոցմեն կազմվի,− ըսավ վաճառականը։

− Ժողովրդի քվեն պիտի որոշե ամեն բան,− վճռեց Կայծունի։

Բայց Մարգար էֆենտի բացատրեց, թե՝ առժամյա Թաղ. Խորհուրդը քվեարկությամբ չընտրվիր, այլ Վարչությունը իր հարմար տեսած անձերեն կկազմե զայն։

− Միայն թե,– ըսավ,− Վարչության մեջ բարեկամներ աունիմ, կրնանք անոնց վրա ազդել։

− «Պայքար Լսարանը» պետք է իր ներկայացուցիչը ունենա Թաղական Խորհուրդին մեջ,− պատգամեց ընկեր Կայծունին։

− Քեզ կդնենք,− ըսավ վաճառականը։ − Ես կամ ուրիշ ընկեր մը՝ կարևորություն չունի։ Անձի խնդիր չկա մեզի համար, այլ լոկ սկզբունքային խնդիր, հասարակական շահերու տեսակետ…

Վաճառականը իր երկու ընկերներուն հետ, ափհափո ցանկ մը պատրաստեց ու գրպանը դրավ, որպեսզի հետևյալ օրը Վարչության անդամ Քերովբե էֆենտիին ներկայացնե։

Ընկեր Կայծունի և Մանուկ աղա, բնականաբար այս ցանկին մեջ կերևային։

Հետևյալ օրը Մարգար էֆենտի գնաց իր բարեկամ Վարչության անդամին գրասենյակը և հոսկե, հոնկե քիչ մը խոսակցելե ետքը ըսավ․

− Իմացաք որ քննիչները իրենց տեղեկագիրը տվեր են Վարչության։

− Այո՛, տվին,− պատասխանեց Քերովբե էֆ.։

− Էյ, ի՞նչ որոշում տվիք։

− Դեռ բան մը չորոշեցինք։

− Ինչո՞ւ համար․․․ լսածիս համաձայն տեղեկագիրը բացարձակապես կգատապարտե կոր եղեր Թաղ. Խորհուրդը շատ մը փաստացի ապացույցներով։

− Այո՛, մեկ հատը այնպես է։

− Ինչպես մեկ հատը,− գոչեց վաճառականը։

− Երկու տեղեկագիր ղրկված է Վարչության,− պատասխանեց Քերովբե էֆենտի հանդարտությամբ։

− Այդպես բան կըլլա՞։

− Էֆենտիմ, երկու քննիչներ իրարու մեջ չեն կրցած համաձայնիլ, Սափորյան էֆենտիի պատրաստած տեղեկագրին ներքև տոքթ․ Ծրարյան էֆենտին չէր ուզած ստորագրել և ինքն ալ իր կարգին ուրիշ տեղեկագիր մը պատրաստած է։

− Ծրարյան էֆենտին ի՞նչ կըսե կոր իր տեղեկագրին մեջ․․․

− Սափորյան էֆենտիին ըսածներուն բոլորովին հակառակը… այսինքն Թաղ. Խորհուրդը բացարձակապես կարդարացնե կոր։

− Էյ, հիմա՞…

Քերովբե էֆենտի իբրև պատասխան, երկու ձեռքը բացավ, գլխու տարտամ շարժումով մը, ինչ որ թերևս կնշանակեր։

− «Եկուր տե՝ գործին մեջեն ելիր»։

− Սա ի՞նչ խաղքություն է,− գոչեց Մարգար էֆենտի զայրացած, այդ տոքթ․ Ծրարյան ի՞նչ իրավունք ունի չստորագրելու իր պաշտոնակցին տեղեկագրին ներքև․․․ պարզապես կերևա որ կաշառված է։

− Չեմ կարծեր,− պատասխանեց Վարչության անդամը հանդարտությամբ,− տոքթ․ Ծրարյան անանկ մարդ չէ․․․

− Ան ատեն զինքը խաբած են։

− Միևնույն վկայությունները լսած են երկուքն ալ, միայն թե բոլորովին տարբեր եզրակացություններու հասած։

− Արդեն գիտեի, որ այդպես պիտի ըլլա, երբ Պողոս էֆ-ն բռնի իր տունը կերակուրի տարավ Ծրարյան էֆ-ն։

− Չեմ գիտեր ինչ անցած դարձած է,− պատասխանեց Քերովբե էֆենտի,− միայն սա գիտեմ, որ այս խնդրույն մասեն Վարչության սեղանին վրա երկու տեղեկագիրներ կան, որոնք զիրար կհակասեն։

− Լավ, բայց վերջապես դուք ի՞նչ պիտի ընեք։

− Նախ պիտի աշխատինք, որ երկու քննիչները իրարու հետ համաձայնին և եթե ասիկա կարելի չըլլա՝ այն ատեն նոր քննիչ մը պիտի կարգենք, լիազոր իշխանությամբ, որպեսզի առանձին քննություն մը կատարե և տեղեկագիր մը պատրաստե։

− Ատ քու ըսածդ ամիսներ կտևե։

− Իրավ է, բայց ուրիշ ճար չկա։ Չենք կրնար տեղեկագիրներեն մեն մյուսեն գերադաս համարել․․․

− Եվ թող պիտի տաք, որ թաղին մեջ երկպառակությունը այսպես շարունակվի՞…

− Ի՞նչ կուզեք, որ ընենք։

− Թաղեցիները իրարու գլո՞ւխ պատռեն, արյո՞ւն թափի…

− Համբերություն, Մարգար էֆենտի, համբերությո՛ւն, ազգային գործերը անանկ դյուրավ չեն կարգադրվիր, կարգ, կանոն կա, օրենք կա, անոնց համեմատ պետք է վարվինք։

Վաճառականը սրտնեղած սկսավ քննադատել Վարչաթյունը, որ խնդիրները կձգձգեր առանց վերջնական որոշում մը տալու, որ անձերուն արժեքն ու տարբերությունը ըմբռնելու անկարող էր, որ ժամկոչ մը կամ վարժապետ մը հավասար կբռներ վաճառականի մը և այլն, և այլն։

Քերովբե էֆ. թույլ տվավ իր բարեկամին, որ ուզածը ըսե, հետո պատասխանեց։

− Արդեն մեր շրջանը կլրանա կոր, քանի մը ամիսեն պիտի քաշվինք երթանք, ինշալլահ մենե կարողները կուգան և ավելի աղեկ կգործեն։

− Ճանըմ, ես քեղի համար չեմ ըսեր, ընդհանուր առմամբ կխոսիմ,− դիտել տվավ վաճառականը, որ չէր ուզեր վշտացնել Վարչության անդամը․− իցիվ թե Վարչության բոլոր անդամները քու կարողությունդ ու ուղղամտությունդ ունենային։

− Քավ լիցի,− պատասխանեց մյուսը։

Վաճառականը մեկնեցավ Քերովբե էֆ-ի գրասենյակեն չափազանց սրտմտած։

Անգամ մըն ալ իր հույսը ի դերև կելլեր վերքին վայրկյանին։

Հանկարծ հիշեց փաստաբան Սափորյան էֆենտին։

− Վա՛յ շունշանորդի,− մտածեց,− այսպես ուրեմն երեկ քթիս խնդաց, ամեն բան եղած լմնցած ցույց տալով ու տասը ոսկի ալ առավ, կերակուրս կերավ, ես ալ ապուշի պես խաբվեցա իրմե… երթամ մեյ մը աչքին երևամ… թող զիս տխմար, ապուշի տեղ չդնե։

Եվ ուղղակի դիմեց Սափորյան էֆ-ի գրասենյակը․ փաստաբանն իր գրասեղանին առջև բազմած՝ թրքերեն թուղթ մը գրելու զբաղած էր։

− Վա՜յ, հրամմեցե՛ք, Մարգար էֆենտի,− գոչեց, վաճառականը տեսնելուն պես ոտքի ելավ, սա ո՞ր հովը փչեց, նստնցեք տեսնենք, սուրճ մը կառնես հարկավ։

Վաճառականը պաղ կերպով ձեռքովը բարևեց, թիկնաթոռի մը վրա նստավ և առանց աոաջաբանի ըսավ.

− Աս իրիկուն ըսածներդ ի՞նչ էին։

− Ի՞նչ բանի մասին,− հարցուց փաստաբանը միամտորեն։

− Տեղեկագրին մասին…

− Էյ, ի՞նչ է եղեր… իրողությունը ըսի պարզապես։

− Երկու տեղեկագիր տրվեր է։

− Ես իմ տեղեկագիրս տվի, որան պարունակությունն ալ ձեզ ըսի և դուք ալ չափազանց գոհ մնացիք։

− Այո՛, բայց տոքթ. Ծրարյանը չէր ստորագրեր այդ տեղեկագիրը։

− Չէի կրնար ստիպել, որ անպայման ստորագրե։

− Եվ ինքն ալ իր կողմե ուրիշ տեղեկագիր մը տվեր է։

− Ինքն ալ իրավունք ուներ տեղեկագիր մը տալու, որքան ես, քանի որ համահավասար քննիչներ էինք։ − Այո՛, բայց քու տեղեկագրիդ բոլորովին հակառակ է եղեր իր գրածը։

− Կարծիքները ազատ են… ես ոևէ իրավունք չունեի իր խորհելակերպին վրա ճնշում բանեցնելու։

− Որով քու տեղեկագիրդ իր արժեքը կորսնցուցեր է բոլորովին։

− Նույն բանը կարելի է ըսել նաև տոքթ. Ծրարյանի տեղեկագրի համար։

− Էյ, ի՞նչ հասկցաք ասկեց։

− Վարչությունը զիս քննիչ կարգեց, ընղաների պաշտոնը, գնացի, քննություն կատարեցի և տեղեկագիրս տվի, որով իմ պարտականությունս լիովին կատարած եղա, խիղճս հանդարտ է, ալ գործը ինե ելած է։ Բայց նորեն կկրկնեմ, ամեն բան կարգին է, միայն թե պետք է համբերել։

− Կարելի չէ՞, որ Ծրարյանին հետ համաձայնության մը գալ… ես Վարչության մեկ անգամը տեսա, ըսավ, որ նոր քննություն մը կատարելե առաջ պիտի ջանան, որ երկու տեղեկագիրերը իրարու հետ համաձայնեցնեն։

− Ատ անկարելի է,− պատասխանեց փաստաբանը,− տոքթ. Ծրարյանը լավ կճանչնամ, սարսափելի համառ մարդ մըն է… ես արդեն շատ աշխատեցա զինքը համոզելու, բայց իզուր…

− Ան ատեն ես ալ ուրիշ միջոցի կդիմեմ,− ըսավ վաճառականը ոտքի ելլելով։

Այս խոսքերուն ներքև թեև սպառնալիք մը պահած էր, բայց փաստաբանը չհասկնալու զարկավ։

Վաճառականը մնաս բարով ըսելով հեռացավ Սափորյանի քովեն։

Սրտմտությունը չէր անցած՝ այլ ընդհակառակը հետզհետե կբորբոքեր։

− Երթամ Պատրիարքը տեսնեմ,− մտածեց ինքն իրեն,− և անոր ձեռքով գործը հաջողցնեմ։

Պատրիարքին հետ մտերմություն չուներ թեև, բայց ծանոթ էր։ Ասկե զատ վստահ էր, որ ինք իբրև ջոջ վաճառական մը, սիրալիր ընդունելություն մը պիտի գտներ։

Իսկույն ուղղվեցավ Սիրքեճիի կայարանը և կառախումբով գնաց Գում-Գաբու։ Մարգար էֆ. շատ քիչ անգամ առիթ ունեցած էր Պատրիարքարան երթալու, ուստի իր ներկայությունը բավական զարմանք պատճառեց բարապաններուն, որոնք փութացին իր հովանոցը և բարտըսյուն առնել ու ակնածանքով զանոնք պահել։

− Սրբազանը հո՞ս է,– հարցուց վաճառականը։

− Այո՛, հոս է,– պատասխանեց թավ պեխերով բարապան մը,− հրամմեցե՛ք։

Վաճառականը վեր ելավ և ուղղակի Պատրիարքին սենյակը դիմեց, որուն դռան քով ուրիշ բարապան մը կեցած էր։ Այս վերջինը՝ հավանորեն նորեկ մը, չճանչցավ զինք։

− Սրբազանը առանձի՞ն է,− հարցուց Մարգար էֆենտին։

− Այո՜,− պատասխանեց բարապանը։

Այս պատասխանին վրա վաճառականը ուզեց դուռը բանալ և ներս մտնել, բայց մյուսը կեցուց զինքը։

− Սպասե որ իմաց տամ,− ըսավ։

− Հարկ չկա,− գոչեց Մարգար էֆ.։

− Ի՞նչպես հարկ չկա, կանոնը ասանկ է։

− Այդ կանոնը ինձի համար չէ։

− Կանոնը ամենուն համար է։ Ձեր անունը տվեք, որ Սրբազանին հաղորդեմ։

− Զիս չե՞ս ճանչնար կոր,– գոչեց վաճառականը զարմացած ու բարկացած։

− Չէ՛։

− Կերևա որ նոր եկեր ես այստեղ։

− Այո՛, նոր եկած եմ։

− Լավ ուրեմն, ըսե Սրբազանին, որ Սասանյան Մարգար էֆենտին զինքը տեսնել կուզե… հասկցա՞ր։

− Շատ աղեկ, սպասե քիչ մը այստեղ։

Եվ բարապանը ներս մտավ։

− Այս ավանակը ուրկե դեմս ելավ,− մտածեց ինքնին Մարգար էֆենտի։ Բարապանը իսկույն վերադարձավ և այս անգամ խիստ քաղաքավարի ձևով մը ըսավ.

− Սասանյան էֆենտի, հաճեցեք ներս հրամմել։

Վաճառականը ներս մտավ և մոտեցավ Պատրիարքին, որ ոտքի ելավ զայն ընդունելու համար։

− Բարի եկաք, Մարգար էֆենտի, ինչպե՞ս եք, աղե՞կ եք։

− Շնորհակալ եմ, Սրբազան։

− Տիկինը ի՞նչպես է։

− Ձեռքերնիդ կհամբուրե։ − Ողջ ըլլա։

Այս պայմանագրական հառաջաբանեն ետքը, Մարգար էֆենտի անհամբեր՝ իսկույն ուզեց իր այցելության շարժառիթին գալ։

− Ձեր գլուխը քիչ մը ցավցնելու եկած եմ, Սրբազա՛ն,− ըսավ։

− Քավ լիցի, խե՞ր է։

− Մեր թաղին խնդիրներուն վրա կուզեմ խոսիլ։

− Ձեր թաղին մեջ խնդի՞ր ունիք,− հարցուց Պատրիարքը անտարբեր դեմքով մը։

− Ճանըմ, Սրբազան, չե՞ք գիտեր։ Ամիսներե ի վեր Թաղական Խորհրդին պատճառավ թաղը տակնուվրա կըլլա կոր…

− Դուք ո՞ր թաղը կբնակիք։

− Ք. Թաղը չե՞մ, Սրբազան։

− Հա, հո՞ն եք, չէի գիտեր։

Վաճառականը դժգոհության աննշմարելի շարժում մը ըրավ։ Պատրիարքին՝ իր նստած տեղը չգիտնալը տեսակ մը արժանապատվության վիրավորանք էր իրեն համար։

− Էյ, ի՞նչ է այդ թաղականի խնդիր ըսածդ,− հարցուց վաճառականին։

− Խնդիրը Վարչության սեղանին վրա դրված է, անշուշտ գիտնալու եք,− ըսավ Մարգար էֆ. որ հետզհետե կբորբոքեր տեսնելով իր խոսակցին պաղարյուն անտարբերությունը։

− Վարչության սեղանին վրա այնքան խնդիրներ կան որ կրնա՞մ ամենքն ալ մի առ մի հիշեր․․․ փառք աստծո, ամեն թաղ իր խնդիրը ունի… ձերինը քանի՞ տարվան բան է։

− Սրբազան, մեկ երկու ամսվան խնդիր է։

− Հա՞, դեռ շատ նոր է եղեր,− գոչեց Պատրիարքը թեթև ծիծաղով մը, մենք Վարչության սեղանին վրա թաղային անանկ խնդիրներ ունինք, որ տարիներե ի վեր կծեծվին ու տակավին լուծում չեն ստացած։

− Բայց, Սրբազան, մեր խնդիրը անպատճառ հիշելու եք, որովհետև Վարչությունը քանիցս զբաղեցավ անով։

− Իրա՞վ կըսես։

− Որովհետև մեր թաղեցիներեն բազմաթիվ ստորագրությամբ հանրագրություն մը մատուցվեցավ Վարչության՝ Թաղական Խորհրդի կարգ մը արարքներուն դեմ բողոք։

− Բողոքի այդ հանրագրություններն ալ շատ են… ամեն թաղեն կուգան։ − Այս հանրագրությունը սակայն Վարչությունը նկատի առավ և երկու քննիչ ղրկեց, որպեսզի խնդիրը ուսումնասիրեն և տեղեկագիր մը պատրաստեն։

− Հիմա հիշեցի,– ըսավ Պատրիարքը,– Սափորյան էֆ-ն, տոքթ. Ծրարյանը ղրկեցինք։

− Վերջապես,– գոչեց Մարգար էֆենտի գոհունակությամբ,– միտքերնիդ եկավ։

− Այդ քննիչները իրենց պաշտոնը ավարտած և տեղեկագիրներն ալ ղրկած են, ուրեմն ալ ի՞նչ կուզեք։

− Բայց Սրբազան, կերևա, որ տոքթ․ Ծրարյանը ինչ-ինչ թաքուն նպատակներով, չէ ուզեր ստորագրել Սափորյան էֆենտիի տեղեկագիրը և ինք ուրիշ մը գրեր է։

− Խնդրին մեջ թաքուն նպատակ չի կա, տոքթ. Ծրարյան իմ բարեկամս է ու մոտեն կճանչնամ, պարկեշտ, պարտաճանաչ մարդ մըն է, որ ամեն գործի մեջ ուղղամտությամբ կվարվի։ Խղճին համեմատ քննություն մը կատարեր ու արդյունքը ղրկեր է։

− Կարծես Սափորյան էֆ-ն ալ նույնքան պարկեշտ և ուղղամիտ անձ մըն է,− ըսավ վաճառականը։

− Կրնա ըլլալ, զինքը մոտեն չեմ ճանչընար։

− Բայց և այնպես իր տեղեկագիրը բոլորովին հակառակ է եղեր տոքթ. Ծրարյանի տեղեկագրին եզրակացության։

− Այո՛, Վարչությունը նկատողության առավ այդ կետը։

− Եվ ի՞նչ որոշեց։

− Դեռ կարծեմ վերջնական որոշում մը չտվավ, սեղանին վրա այնքան խնդիրներ կան, որ…

− Բայց մեր խնդիրը կարևոր է…

− Անկեց շատ ավելի կարևոր ու կենսական խնդիրներ ունինք․․․ ձեր խնդիրս թերևս ձեզի համար կարևոր է միայն։

− Թաղը տակնուվրա եղած է…

− Բայց մենք ի՞նչ կուզեք, որ ընենք, բողոքագիր տվիք, նկատողության առինք և քննիչներ ղրկեցինք, քննիչները իրենց պաշտոնը կատարեցին ու տեղեկագիր տվին, ալ ի՞նչ կուզեք… քննիչները իրար հետ չեն կրցեր համաձայնիլ, միթե հանցանքը մե՞րն է։ Եթե ուրիշ միջոց մը գիտեք խնդիրը կարգադրելու, ըսեք, ընենք։

− Այո՛, գիտեմ,− պատասխանեց Մարգար էֆ․։

− Ո՞րն է․․․ − Անմիջապես պաշաոնե դադարեցնել ներկա Թաղ․ Խորհուրդը։

− Ի՞նչ հիման վրա… Թաղական Խորհրդի դեմ որոշ ամբաստանություններ չկան։

− Սափորյան էֆ-ի տեղեկագիրը։

− Տոքթ. Ծրարյան բոլորովին հակառակը կըսե։

− Սրբազան,− գոչեց վաճառականը համբերությունը սպառած,− ատ Պողոս էֆենտին պետք է քաշվի Թաղ. Խորհուրդեն, ես աս գիտեմ։

− Կերևա, որ ան ալ իր կուսակիցները ունի։

− Կարգ մը սրիկաներ…

− Եվ սակայն…

− Սրբազան, եթե դուք անմիջապես կարգադրություն մը չընեք՝ խնդիրը տարբեր հանգամանք պիաի առնե։

− Ի՞նչ ըսել կուզեք։

− Թաղեցին բռնի դուրս պիտի նետե այդ մարդիկը։

− Իրավունք չունի։

− Ունի թե չունի, սա ասանկ է։ Գիտցած եղեք, որ ցավալի դեպքեր տեղի պիտի ունենան և անոնց պատասխանատվությունն ալ Ձեր Սրբազանության վրա պիտի ծանրանա։

Մարգար էֆենտիի այս սպառնական խոսքերը իրենց ազդեցությունը ըրին։ Պատրիարքը պահ մը խորհեցավ, հետո ըսավ․

− Մեկ միջոց մը կա, թերևս հաջողինք այդ կերպով խաղաղորեն խնդիրը լուծել։

− Ի՞նչպես։

− Պողոս էֆենտին կանչել տամ և հորդորեմ, որ ինքնաբերաբար հրաժարի։

− Այդ մարդը ինքնաբերաբար չհրաժարիր։

− Ես զինքը կհամոզեմ։

− Լա՛վ, փորձեցեք ուրեմն։ Միայն թե շուտով պետք է ըլլա ամեն բան։

− Վաղն իսկ զինքը Ղալաթիո Խորհրդարանը կհրավիրեմ, ուր ժողով ունինք և իրեն հետ կտեսնվիմ։

Այս ըսելով Պատրիարքը գրասեղանին վրա դրած զանգը հնչեցուց։

Բարապանը երևցավ։

− Մուշտակյան էֆ-ն կանչե,− հրամայեց Սրբազանը։ Մուշտակյանը իսկույն փութաց Պատրիարքին։

− Անմիջապես իմ կողմես նամակ մը գրե,− հրամայեց Պատրիարքը,− Ք. Գյուղի Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտիին և ըսե, թե կարևոր խնդրի մը մասին իրեն հետ տեսակցիլ կուզեմ վաղը Ղալաթիո Խորհրդարանը։

− Շատ աղեկ, Սրբազան։

Եվ քարտուղարը աներևույթ եղավ։

− Դուն հոգ մի ըներ, ես անիկա կհամոզեմ,− ըսավ Սրբազանը Մարգար էֆենտիին,− և հրաժարական մը գրել կուտամ։

− Հոգ ընելու բան մը չի կա,− պատասխանեց վաճառականը,− իմ փափաքս այն է, որ պարապ տեղը խռովություն չըլլա… եթե ոչ, ես ատանկ բաներու չեմ խառնվիր… ոչ իմ դիրքս, ոչ իմ ազդեցությունս և ոչ ալ արժանապատվությունս կներեն, որ Պողոս էֆենտիի պես մարդոց հետ զբաղվիմ… Ուրեմն, Սրբազան Հայր, մնաք բարով։

− Երթաք բարով, Մարգար էֆենտի։

Վաճառականը սենյակեն դուրս եկավ։ Բարապանը այս անգամ ակնածանքով բարևի կեցած էր։ Մարգար էֆ. գրպանեն մեճիտիե մը հանեց, անոր տվավ և,

− Ծո՛, ավանա՛կ,− ըսավ,− ասկե ետքը նայե, որ Պատրիարքին քով եկող գացողները ճանչնաս և ինծի պես անձնավորության մը հետ վարվելու կերպը սորվիս։

− Կներեք, էֆենտի,− կմկմաց մյուսը,− չէի գիտեր… դեռ նոր եկած եմ։

Թ

− Վայ, Մյուսյու Թորգոմ, բարի եկաք, հրամմեցե՛ք, դուք ալ ընկեր Սուսերյանց, ներս հրամմեցեք։

Թաղականին կնիկը՝ տիկին Շազիկն էր, որ իր հյուրերը կպատվասիրեր, որոնք իր անվան տոնախմբությունը շնորհավորելու եկած էին։

Մատարյան, Տոսախյան, Միհրանիկ ու իր կին Նվարդ, խմբագիր պարոն Նշանիկ իր մորը հետ, թաղական Մկրտիչ աղա ու իր կինը, տիկին Շազիկի մեկ քանի ազգականուհիներն ու ազգականները, որոնք հեռավոր թաղերե եկած էին, և այլն։ Հոն էր նաև մանկապարտեզի վարժուհին, օրիորդ Շուշանիկ, զոր հատկապես հրավիրած էին որպեսզի դաշնակ զարնե: Պողոս էֆենտի ժամկոչ Վարդանն ու վարժարանին տնտեսն ու տնտեսուհին ալ բերել տված էր։ Առաջինը վարը դռան քով կեցուցած էին իբրև դռնապան, իսկ մյուս երկուքը սպասուհիին օգնելու համար կանչված էին։

Տիկին Շազիկ ճոխ արդուզարդով մը կճառագայթեր։ Շատ ուրախ կերևար ու հաղթական կերպարանք մը ուներ։

Պողոս էֆենտի, իր բարեկամներեն շրջապատված՝ առևտրական կացության վրա կճառեր, երբ պարոն Թորգոմ և ընկեր Սուսերյանց ներս մտան և եկան բարևելու զինքը։

Հազիվ թե Պողոս էֆենտիի հրավերին վրա ուսուցիչը ե «Շանթ Ակումբի» անդամը բազմած էին մեյ մեկ աթոռի վրա, պարոն Թորգոմ ըսավ.

− Պողոս էֆենտի, իրա՞վ է, որ երկու վարչական քննիչներու տեղեկագիրը Թաղական Խորհրդին համար աննպաստ է եղեր…

− Ո՞վ ըսավ,− հարցուց Պողոս էֆենտի։

− Ամենուն բերանն է…

− Ատանկ բան չի կա․․․ նախ քննիչները իրար հետ չեն համաձայներ ու զատ-զատ տեղեկագիր տվել են։

− Բայց ես հավաստի տեղե իմացա,− պնդեց ուսուցիչը,− ճշմարիտը շատ զարմանք զգացի։ Ինծի ըսողը Մարգար էֆենտիեն իմացեր է և տեղեկագիրը կարդացած է եղեր։

− Ատիկա կերևա որ Սափորյան էֆենտիի տեղեկագիրը կարդացեր է, թող մեյ մըն ալ տոքթ․ Ծրարյանինը կարդա, այն ատեն կհասկնա։ Բայց խնդիրն այդ չէ, տեղեկագիրները կարևորություն չունին և նոր քննություն պիտի ըլլա։ Բուն նորությունը չեք գիտեր դուք։

− Ի՞նչ կա որ,− հետաքրքրվեցավ Սուսերյանց։

− Պատրիարքը այսօր զիս հրավիրած էր Ղալաթիո Խորհրդարանը։

− Ի՞նչ բանի համար։

− Այս Թաղական Խորհրդի խնդրույն համար խոսելու։

− Չպետք է երթալ,− վճռեց Սուսերյանց։

− Գացի՞ք,− հարցուց ուսուցիչը։

− Բնականաբար գացի։

− Չպետք է տեղի տալ,− պնդեց ընկեր Սուսերյանց։

− Պատրիարքը շատ լավ ընդունելություն մը ըրավ ինծի,− շարունակեց Պողոս էֆենտի,− և խնդիրը մանրամասն պատմել տալե ետքը՝ ինձ խորհուրդ տվավ հրաժարելու։

− Չպետք է հրաժարիլ,− գոչեց Սուսերյանց,− դա կլինի դավաճանություն հասարակական շահերի դեմ։

− Եվ դասալքություն,− ավելցուց պարոն Թորգոմ։

− Արդեն ես ալ չհրաժարեցա ու մերժեցի իր առաջարկը։

− Շատ աղեկ ըրեր եք։

− Եվ նոր քննություն պահանջեցի։

− Այո՛, պետք է նոր քննություն կատարել, ատիկա անհրաժեշտ է,− դիտել տվավ ուսուցիչը։

− Եվ ժողովրդին ուղղակի հսկողության ներքև պետք է կատարվի քննությունը,− ավելցուց Սուսերյանց։

− Բայց ինչպե՞ս կարելի է ատիկա,− դիտել տվավ ներկաներեն մին։

− Քննիչին քով ներկայացուցիչներ կարգելով ժողովրդին կողմե։

− Դժվար բան է այդ․․․

Թողունք, որ պարոն Թորգոմ, ընկեր Սուսերյանց և Պողոս էֆենտին հարթեն այդ դժվարությունները իրենց ըմբռնած ձևով և մենք քիչ մը երթանք տիկիններու կողմը, որոնք, ըստ արևելյան սովորության, էրիկ մարդերեն անջատված, խումբ մը կազմեր և ոգևորությամբ կխոսակցեին։

− Կերդնում, որ ճիշտ է ըսածս,− կըսեր տիկին Շազիկ,− ես ալ չուզեցի հավատալ, բայց ի վերջո հավատացի։

− Ո՞վ ըսավ։

− Բուն իսկ աչքովը տեսնողը պատմեց։

− Ես եթե աչքովս ալ տեսնեմ, չեմ հավատար,− հայտարարեց տիկին Նվարդ։

− Այդ տարբեր բան, տիկին Սաթենը քու բարեկամուհիդ է, քեզի այդպես ըսել կիյնա,− պատասխանեց Շազիկ,− բայց ես իմ ըսածիս վրա կպնդեմ։

− Բարեկամուհիս է, այո՛, և գիտեմ, որ շատ պարկեշտ կին մըն է։

− Ան պարկեշտ երևացողներեն վախնալու է ամենեն ավելի։

− Առանց ապացույցի, ամուսնացած կնոջ մը մասին այդ տեսակ խոսքեր ընելը պարզապես մեղք է։ − Ապացո՞ւյց, դեռ ի՞նչ ապացույց կուզես,− գոչեց տիկին Շազիկ,− աչքովը տեսնողը պատմեց կըսեմ կոր․․․

− Չեմ հավատար։

Տիկին Նվարդի այս խոսքերուն վրա Շազիկ իր մոտը կանչեց տասը տարեկան աղջկան մը, որ աչքերը խոշոր բացած ու ականջները սրած՝ մտիկ կըներ այս կանացի խոսակցության։

− Աղջիկս,− ըսավ անոր,− սա մյուսյու Նշանիկը քիչ մը հոս կանչե։

Փոքրիկը վազելով հեռացավ։

− Մյուսյու Նշանի՞կն է ականատես վկան,− հարցուց Նվարդ թերահավատ դեմքով մը։

− Հրամմեր ես, կարծեմ անիկա ալ ինծի պես մասնավոր հակառակություն մը չունի տիկին Սաթենի հետ։

− Չեմ գիտեր, բայց ամեն պարագային կուզեմ տեսնել, թե ի՞նչ պիտի պատմե…

Նույն միջոցին երիտասարդ խմբագիրը ներս մտավ և գլխովը ողջունեց ներկա տիկինները։

− Հոս մոտս եկուր,− ըսավ Շազիկ նորեկին,− սանկ, նստե, քեզ հարցնելիք ունիմ։

− Շատ աղեկ, տիկին,− պատասխանեց Նշանիկը չափազանց գոհ մնալով իրեն ընծայած կարևորութենեն։

Եվ բազմեցավ թաղականին կնոջ քով։

− Բայց նախ խոսք տուր որ բան մը չպիտի ծածկես,− ըսավ Շազիկ։

− Ըսեք թե ի՞նչ է խնդիրը։

− Առաջ խոսք տուր։

− Շատ աղեկ, կխոստանամ,− կմկմաց խմբագիրը։

− Լավ, հիմա մեկիկ-մեկիկ, ըսե ինչ որ ինծի պատմեցիր տիկին Սաթենի մասին։

Նշանիկ վարանեցավ։ Զգաց, որ անախորժ դիրքի մը մեջ կդնեին զինքը և զղջաց անգիտակցաբար խոսք տված ըլլալուն համար, սակայն ուշ էր։

− Բայց կարծեմ կարևոր բան մը չըսի,− պատասխանեց։

− Կրկնե, ինչ որ պատմեցիր,− պնդեց Շազիկ։

− Նշանակություն ունեցող բան մը չէ։

− Ինծի համար մեծ նշանակություն ունի, քանի որ հոս չհավատացողներ ու զիս խաբեբա ստախոսի մը տեղ դնողներ կան։ − Ես ատանկ բան չըսի,− բողոքեց տիկին Նվարդ։

− Չըսիր, բայց ատիկա հասկցնել կուզեիր… ինչ որ է, պատմե տեսնենք, ո՞ւր հանդիպեցար անցած շաբաթ, կեսօրեն ետքը տիկին Սաթենի։

− Բերա Շիտակ ճամփուն վրա… սակայն ի՞նչ նշանակություն ունի։

− Առանձի՞ն էր։

− Այո՛, առանձին էր։

− Շիտակ ճամփուն ո՞ւր տեղը տեսար։

− Բայց, տիկին, զիս պարզապես հարցաքննիչ դատավորի մը պես կհարցուփորձեք կոր,− պատասխանեց խմբագիրը խնդալով ու ջանալով խնդիրը կատակի դարձնել։

− Կաղաչեմ, լրջորեն պատասխանե, այս տիկինները բոլորն ալ քեզ մտիկ կընեն անհամբեր։

− Շնորհակալ եմ ինծի եղած այս պատվին համար, բայց արժանի չեմ ատոր, որովհետև արտաքո կարգի բան մը չունիմ պատմելիք։

− Լավ կհիշեմ, որ ըսիր թե՝ Պոն Մարշեի կողմերը հանդիպեր ես իրեն,− ըսավ Շազիկ,− հիմա կուրանա՞ս։

− Քավ լիցի, ինչո՞ւ պիտի ուրանամ, այո, այդ տեղվանքը տեսա տիկին Սաթենը։

− Հետո՞…

− Շարունակությունը վաղվան թվով,− պատասխանեց խմբագիրը,− որ միշտ կաշխատեր լուրջ գույն մը չի տալ իր խոսքերուն։

− Կաղաչեմ կատակ մի ըներ, մյուսյու Նշանիկ, հետո տիկին Սաթեն ո՞ւր մտավ։

− Պոն Մարշեի դեմ գտնված շաքարավաճառի խանութ մը։

− Ւ՞նչ է խանութին անունը։

− Անունը կարևորություն չունի։

− Ընդհակառակը շատ կարևոր է։

− Բայց, տիկին, ինչո՞ւ կստիպեք զիս, որ ձրի րեքլամ մը ընեմ օտար շաքարավաճառի մը։ Մենք խմբագիրներս, այդ տեսակ րեքլամներու համար մասնավոր սակագին ունինք։

− Ուրեմն ես ըսեմ անունը,– գոչեց Շազիկ,– Թուլամիեյի Փաթիսըռին մտեր է։ Ըսե՛, այնպես չէ՞, Նշան էֆ.։

Խմբագիրը տեսավ որ հանկարծ պարոն Նշանիկը Նշան էֆենտիի փոխվեցավ և այս փոփոխությունը հաճո թվեցավ իրեն ու գլխու հաստատակամ շարժումով մը ըսավ.

− Այո՛, հոն մտավ։

− Տեսա՞ք հիմա,− գոչեց տիկին Շազիկ հաղթականորեն նայվածքը ուղղելով Նվարդին։

− Սակայն ի՞նչ կելլա ատկե,− պատասխանեց մյուսը։

− Կերևա, որ դու չես գիտեր Թուլամիեյին ինչպես տեղ ըլլալը։

− Կխոստովանիմ, որ չեմ գիտեր։

− Պարզապես ժամադրավայր մըն է։

− Կրնա ըլլալ, բայց ատիկա բան մը չապացուցաներ։

− Դեռ պատմության շարունակությունը մտիկ ըրե,− պատասխանեց Շազիկ,− շարունակե՛, Նշան էֆենտի։

− Կարծեմ լմնցավ,− պատասխանեց երիտասարդը, որ այժմ կսկսեր հայտնապես նեղվիլ այս հարցաքննութենեն։

− Տիկին Սաթենին ետևեն ո՞վ մտավ խանութ։

− Երիտասարդ մը․․․

− Ինչպե՞ս էր այդ երիտասարդը։

− Բայց… ամեն մի երիտասարդի պես։

− Առաջին անգամ պատմած ատենդ ըսիր որ շիք երիտասարդ մըն էր։

− Այո՛, շիք երիտասարդ մը,− հաստատեց խմբագիրը։

− Որո՞ւ կնմաներ…

− Հավանականաբար կամ հորը, կամ մորը և կամ կնքահորը,− պատասխանեց խմբագիրը խնդալով, ես արդեն փողոցին մյուս կողմն էի և մոտեն չտեսա զինքը։

− Ըսիր, որ մեկուն նմանցուցեր ես։

− Այսինքն․․․ այո… անորոշաբար… ասանկ մեկու մը նմանցուցի, բայց վստահ չեմ… եթե գիտնայի, որ այսպես խիստ հարցաքննության մը պիտի ենթարկվեի, թերևս ավելի ուշադրությամբ կդիտեի ամեն բան։

− Որո՞ւն նմանցուցիր,− պնդեց տիկին Շազիկ։

− Հեռվեն ինծի անանկ երևցավ, որ Խոսրով էֆենտին էր․․․ Քանասարյան Խոսրով էֆենտին,− պատասխանեց խմբագիրը։

− Չեմ ճանչնար այդ Խոսրով էֆենտին,− ըսավ տիկին Նվարդ,− ո՞վ է որ․․․ − Վարչության մը մեջ բարձր պաշտոն մը ունի, շատ շնորհքով մարդ մըն է, Բերա կնստի,− բացատրեց պարոն Նշանիկ։

− Ամուսնացած, չոլուխ չոճուխ-ի տեր մարդ է,− գոչեց Շազիկ,– կվայելե՞ իրեն…

− Փաստա՞ ուտել,− հարցուց խմբագիրը խնդալով։

− Ալ չեմ գիտեր ինչ ուտելը։

− Թուլամիեյին գացողը ընդհանրապես կամ փաստա կուտե կամ շոքոլա ու թեյ կխմե,− պատասխանեց Նշանիկ։

− Եվ կամ սիրային ժամադրություններ կկարգադրե,− ավելցուց տիկին Շազիկ։

− Ալ կարծեմ հարցաքննությունս վերջացավ,− ըսավ երիտասարդը ոտքի ելլելով։

− Դեռ վերջը չբերիր…

− Ուրիշ ի՞նչ մնաց որ…

− Ըսիր թե, քիչ մը ետքն էր նորեն նույն տեղեն կանցնեիր, տեսար, որ Խոսրով էֆենտին դուրս կելլեր…

− Ճիշտ է։

Ու վայրկյան մը ետքը տիկին Սաթենն ալ դուրս կելլեր։

− Այդ ալ ճիշտ է։

− Երկուքն ալ միևնույն կո՞ղմն ուղղվեցան,− հարցուց տիկին Նվարդ ծաղրական խնդվածքով մը։

− Չէ՛,− պատասխանեց խմբագիրը,− Խոսրով էֆենտի աջ կողմեն գնաց, իսկ տիկին Սաթեն ձախ կողմեն։

− Ասոր ի՞նչ բացատրություն կուտաս,− հարցուց տիկին Նվարդ թաղականին կնոջ դառնալով։

− Ատոր բացատրությունը շատ պարզ է․․․ այնչափ հիմար չեն, որ փողոցն ալ իրարու քով քալեն ու նշմարվին։

− Պատմությունը հոս կվերջանա՞…

− Մնացածը դուն ալ կրնաս երևակայել,− պատասխանեց Շազիկ։

− Ես այս ամենուն մեջ բնավ բան մը չեմ տեսնար կոր, որ կարենա իբրև ամբաստանություն ծառայել տիկին Սասանյանի դեմ,− պատասխանեց Նվարդ։− Սաթենը Բերա ելեր է, շաքարավաճառի մը խանութին աոջևեն անցած ատենը ներս մտեր, հավանորեն քիչ մը շաքար առեր կամ շոքոլա մը կերեր ու դուրս եկեր գացեր է, ի՞նչ կըլլա եղեր… − Ամբողջ Բերայի Շիտակին վրա միայն այդ Թուլամիյե՞ն շաքար կծախե,− ըսավ թաղականին կնիկը։

− Ճանըմ, անկե անցած ատենը դիպվածով ներս մտեր է,− ճիշտ այդ միջոցին Խոսրով էֆենտին ալ դիպվածով ներս մտեր է, հա՞,− հարցուց Շազիկ քմծիծաղով մը։

− Չըլլալիք բան չէ․․․

− Դիպվածով իրարու հետ խոսեր են, դիպվածով դուրս եկեր և դիպվածով իրարմե բաժնվեր են… շիտակը գեշ չէ, դիպվածով ասանկ ամեն բան կբացատրվի։

Խմբագիրն իր պաշտոնը ավարտած համարելով կամաց մը հեռացավ տիկիններու քովեն, վախնալով, որ կստիպվի խոսակցության խառնվիլ և ակամա մասնակից ըլլալ կանացի բամբասանքներուն։

Եվ սակայն տիկինները շարունակեցին իրենց խոսակցությունը։ Ի զուր Նվարդ կջանար պաշտպանել իր բարեկամուհին, ցույց տալ թե պատմված իրողությունը ոևէ կերպով չէր կրնար արատավորել տիկին Սասանյանը, թե աննշան դեպք մը մատը փաթթելով պետք չէր ծանր ամբաստանություններ ընել ամուսնացած պարկեշտ կնոջ մը դեմ։ Այդ պաշտպանողականը ավելի կկատղեցներ թաղականին կինը, որ նորանոր ենթադրություններ կըստեղծեր իր հակառակորդը վարկաբեկելու համար։ Ըստ իրեն, տիկին Սաթեն արդեն իսկ իր աղջկութենեն «խոսված էր», թե դեմը ելլող երիտասարդին հետ սիրահարություն կըներ, թե «անանկ բաներս կպատմվեին իր մասին, որ կարելի չէ բերան առնել։ Իսկ գալով վերջին իրողության, անոր մասին տարակույս չի կար։ Սաթեն գլխե հանած էր ամուսնացած, զավակներու տեր, պարկեշտ մարդ մը, այդ Խոսրով էֆենտին, որու մասին մինչև այդ օրը աղեկ կխոսվիր։ Այսպես Սաթեն իր շռայլ ու մոլի ընթացքով ամբողջ ընտանիք մը կկործաներ, անմեղ կնոջ մը դժբախտության պատճառ կդաոնար։

Մյուս տիկինները ընդհանրապես Շազիկի կողմը կբռնեին, կհամոզվեին անոր խոսքերուն, փաստացի կհամարեին շաքարավաճառին իրողությունը։

Հանկարծ շիք երիտասարդ մը ներս մտավ և խոսքը տիկիններուն ու օրիորդներուն ուղղելով գոչեց․

− Ի՞նչ է սա․․․ խոսակցելո՞վ պիտի լուսացնենք, կտեսնամ, որ օրիորդները հայտնապես կնեղանան և պարել կուզեն կոր․․․ ո՞ւր է տեսնենք օրիորդ Շուշանիկը։

− Հոս եմ, մյուսյու Արամ,− ըսավ նրբակազմ աղջիկ մը, ի՞նչ կփափաքիք։

− Պի տի խնդրեի, որ դաշնակին գլուխը անցնիք։

− Ամենայն սիրով։

− Ու վալս մը նվագեք։

− Շատ աղեկ, անմիջապես։

Արամ իսկույն դաշնակը բացավ, աթոռ մը բերավ, դրավ առաջին, մոմերը վառեց, նոթաներու մեջեն վալսի եղանակ մը ընտրեց, հետո գնաց քավալիեներ ճարելու։

Շնորհիվ իր փութկոտ գործողության պարերը սկսան, որոնց մասնակցեցավ նաև տիկին Շազիկ ու այս կերպով խփեց իր բերանը առժամապես։

Տիկին Նվարդ չուզեց պարել, հակառակ եղած ստիպումներուն։ Եղած խոսակցութենեն ջղագրգռված էր և ինքզինքը անհանգիստ կզգար։ Հիմա զղջացած էր այս տոնախմբության գալուն՝ մանավանդ որ մտերիմ հարաբերություն չուներ Պողոս էֆենտիենց հետ, բայց մասնավորաբար եկած էր այս երեկույթին տիկին Սաթենի դրդումով։

− Գնա նայինք իրենց տունը ինչ կխոսվի կոր, մեզի լուր կբերես,− ըսած էր Մարգար էֆենտիի կինը։

Ու այսպես տիկին Նվարդ թշնամիին դիրքը հետազոտելու պաշտոն ունեցող լրտեսի մը պես եկած էր երեկույթին։ Ինք, տիկին Սաթենի խոսքերեն անանկ կենթադրեր, որ տկարացած թշնամի մը պիտի տեսներ, մինչդեռ իր դիրքերուն վրա զորեղապես ամրացած կգտներ տիկին Շազիկը։

Ամուսինը նշմարելով իր կնոջ տխուր կերպարանքը, մոտեցավ անոր։

− Ի՞նչ ունիս, Նվա՛րդ,− հարցուց։

− Ոչի՛նչ, քիչ մը գլուխս կցավի կոր։

− Տխուր կերպարանք մը առեր ես։

− Գլխուս ցավեն է… ասկե զատ սենյակը շատ տաք է, կնեղվիմ կոր։

− Եթե կուզես տուն դառնանք։

− Աղեկ կըլլա… Քիչ մը ետքը արդարև Միհրանիկ ու իր կինը կմեկնեին հակառակ տիկին Շազիկի առերևույթ սաիպումներուն։

− Գլխու ցավը սուտ է, բան մըն ալ չուներ,− կըսեր թաղականին կինը անոնց երթալեն ետքը,− միայն թե ամոթեն չկրցավ կենալ երբոր իր սիրական Սաթենին խաղքությունները իմացավ․․․ չամչցածը, տեսա՞ք ինտոր… ինե աղեկ գիտե ամեն բան, բայց գործին չի գար խոստովանիլ։

Երբ իրենց ննջասենյակը առանձնացան՝ Նվարդ իր էրկունը պատմեց մի առ մի Շազիկի ըսածները Սաթենի մասին։

Հետևյալ օր Միհրանիկ, Ղալաթիո կողմը ճաշարանի մը մեջ հանդիպեցավ Մարգար էֆենտիին, որ սեղանի մը առջև նստած, աոանձին կճաշեր։ Ինք ալ գնաց անոր քով տեղավորվեցավ։

− Երեկ գիշեր Պողոս էֆենտիե՞նց եք եղեր,− հարցուց վաճառականը։

− Այո՛, ո՞վ ըսավ,− հարցուց Միհրանիկ։

− Մկրտիչ աղան այս առտու ըսավ, ինքն ալ հոն է եղեր։

− Գացինք, բայց շատ չնստեցանք, կանուխ դարձանք, Նվարդին գլխուն ցավը բռնեց… բարով խերով չէրթայինք։

− Ի՞նչ եղավ որ…

− Կինս պարապ տեղը հուզվեցավ, անհանգիստ եղավ։

− Բան մը պատահեցա՞վ…

− Ճանըմ, կարևորություն տալիք բան չէ… արդեն Նվարդին ալ ըսի, որ տիկին Սաթենին բան մը չըսե, պարապ տեղը ան ալ չբարկանա…

− Բայց եղածը ըսե նաիմ,− պնդեց վաճառականը, որ զգաց թե խնդիրը իրենց շուրջը կդառնար։

− Տիկին Շազիկին էտեպսիզությունը, ինչ պիտի ըլլա…

Հելե, հելե, պատմե տեսնենք։

− Իրավ որ խենթ բան է եղածը, չարժեր խոսիլ… ատանկ մարդոց խոսքին կարևորություն տալու չէ… արդեն գիտենք, թե ինչու համար ասանկ թշնամացած են ձեզի հետ։

− Արդեն ո՞վ կարևորություն կուտա… բայց պատմե նայինք, ժամանակ կանցնի։

− Միայն թե խնդրեմ, որ տիկնոջդ բան մը չըսես, որովհետև մենք որչափ ըլլա էրիկ մարդ ենք, ամեն բան պաղարյունով կլսենք, բայց կնիկները անանկ չեն, պզտիկ բանե մը խնդիր կհանեն, կմեծցնեն, կհուզվին… տես իմ կինս, խնդիրը իր վրա չըլլալով, հանդերձ, այնքան հուզվեր էր, որ գիշերը քունը չտարավ:

Ճանըմ, ես Սաթենին բան մը չեմ ըսեր, դուն պատմե,− պնդեց Մարգար էֆենտի, որ հետզհետե կհետաքրքրվեր։

− Իբր թե,− սկսավ Միհրանիկ,− անցած շաբաթ օր տիկին Սաթենը Բերա կերթա…

− Ճի՛շտ է, գնաց,− ընդմիջեց վաճառականը։

− Հոն Շիտակ ճամփուն վրա Թուլամիյե Փաթիսըրին կմըտնա…

− Այո՛, գացել էր ու քանի մը կաթո առեր էր… է՛յ, ի՞նչ կելլա ատկե։

− Ոչինչ, իբր թե այդ խանութը լավ համբավ չունի եղեր, իբր թե ժամադրության տեղ է եղեր և այլն։

− Ատ ալ կրնա շիտակ ըլլալ՝ բայց նորեն կարծեմ անպատեհություն մը չկա հոն մտնել, քանի մը կաթո առնել և դուրս ելլելուն մեջ, ոչ ալ նստել թեյ խմելու համար… որովհետև կհիշեմ, որ Սաթենը ըսավ թե՝ թեյ մը խմած էր այդ խանութը։

− Իբր թե,− շարունակեց Միհրանիկ,− իր ետևեն անմիջապես մարդ մը մտեր է այդ խանութը։

− Ի՞նչ մարդ։

Ճանըմ, պատվավոր, շնորհքով, ծանոթ մարդ մը… կասկածելի բան մը չի կա գործին մեջ։

− Այս մարդուն անունը ավե՞ր է Շազիկը։

− Այո՜…

− Ո՞վ է եղեր…

− Խոսրով էֆենտի Քանասարյանը։

Հազիվ թե Միհրանիկ այս անունը արտասանեց՝ վաճառականին դեմքը այլայլեցավ, ձեռքը թեթև մը դողաց ու պատառաքաղը հետին ձգեց, բայց իսկույն ինքզինքը ժողվեց հուզումը ցույց չի տալու համար, թեև Միհրանիկ արդեն բան մը նշմարած չէր։

− Էյ, հետո՞,− հարցուց իր սեղանակցին։

− Հետո, իբր թե բավական հոն մնալե ետքը դուրս են եկեր։

− Միասի՞ն…

− Չէ, ճանըմ, զատ-զատ։

Վաճառականը այնքան հուզված էր, որ պահ մը լուռ մնաց ինքզինքը չմատնելու համար։

− Ահա՝ այս խենթ ու խելառ, մանավանդ անիմաստ պատմությունն է, որ մեր Նվարդը բարկացուցած էր: − Շազիկը անկեց ի՞նչ հետևցուցեր է։

− Իբր թե ժամադրություն մը տալու համար հոն մտեր են եղեր,− պատասխանեց Միհրանիկ խնդալով։

− Վա՜յ, անամոթ,− ըսավ վաճառականը ակռաներուն մեջեն։

− Սուտ մը պիտի շինեին նե՝ գոնե քիչ մը հարմարեցնեին, անանկ մեկու մը համար ըսեին, որ բարեկամ կամ ծանոթ ըլլար, մինչդեռ կարծեմ Խոսրով էֆենտիին հետ ոևէ հարաբերություն չունիք և թերևս ձեր տիկինը անունն անգամ լսած չէ։

− Այնպե՛ս է, − պատասխանեց վաճառականը,− Շազիկը ինք աչքով տեսե՞ր է այդ ամենը։

− Չէ՛, ճանըմ, իրեն ալ պատմեր են, պատմողն ալ ո՞վ է գիտես, սանկ երիտասարդ մը կա, թերթերուն լուր կուտա․․․ դուն ալ կճանչնաս, խմբագիր է։

− Նշանի՞կը։

− Հա՛, Նշանիկը։

− Շունշանորդին մեր ազգականն ալ չըլլա պարեմ,− գոչեց վաճառականը։

− Վա՜յ, ձեզի ազգակա՞ն է։

− Հեռուեն հեռու։

− Բայց կերևա, որ անիկա հանցանք չունի, միամտաբար բան մը պատմեր է առանց մտքեն գեշություն անցնելու․․․ Շազիկն է, որ այդ պատմութենեն արտառոց մեկնություններ հաներ է․․․

Մարգար էֆենտի ա՛լ չէր հետաքրքրվեր իր բարեկամին խոսքերեն, կարծես ուրիշ բանի վրա կմտածեր։ Միհրանիկ նշմարեց ասիկա և ըսավ․

− Կտեսնե՞ս, որ կարևորություն տալիք բան մը չէ։ Հիմարական բամբասանքներ ամենքն ալ։

− Ճի՛շտ է… հիմար խոսքեր։

Ճաշեն հետո վաճառականը կարևոր գործ մը պատրվակելով իսկույն հեռացավ և գնաց իր գրասենյակը, ուր ետևե ետև մի քանի սիկարեթ ծխեց, սենյակին մեջ ժուռ գալով ու խոր մտածումի մը մեջ ընկղմած։

Հետո հանկարծ իր գրագիրներեն մին կանչեց և ըսավ․

− Սա մեր խմբագիր Նշանիկը ո՞ւր կարելի է գտնել հիմա։

− Եթե Վալաթիո Խորհրդարանը ժողով կա, հոն ըլլալու է։

Մեյ մը գնա հանդիպե և եթե հոն է՝ ըսե որ գա անպատճառ զիս տեսնե։ Գրագիրը հեռացավ ինքնիրեն հարցնելով թե իր մեծավորը ինչո՞ւ այսքան մտածկոտ կերպարանք մը ուներ։

− Ի՜նչ զարմանալի մարդիկ են այս մարդիկը,− կըսեր մտովի,− դրամ ունին, աղվոր կնիկ ունին, առողջություն ունին և դեռ մտմտուքեն չեն ազատիր․․․

Արդարև Նշանիկ, ուրիշ մեկ քանի լրաբերներու հետ, Ազգային Ժողովի սրահը կսպասեր, որ Խառն Ժողովը իր նիստը ավարտե ու տեղեկություններ հաղորդե։

− Մարգար էֆենտին քեզ տեսնել կուզե անպատճառ,− ըսավ գրագիրը խմբագրին մոտենալով։

− Ի՞նչ կա, խե՞ր է,− հարցուց այս վերջինը։

− Իրավ որ չեմ գիտեր, միայն թե ըսավ, որ անպատճառ գրասենյակ գաս զինքը տեսնելու։

− Բայց, եղբայր, ես այս միջոցիս գործ ունիմ, − պատասխանեց Նշանիկ, ինքզինքը ծանրեն ծախելով։

− Ե՞րբ կավարտես գործդ։

− Երբոր Խառն Ժողովը լմննա․․․

− Կարծեմ լմննալու մոտ է,− ըսավ մոտը կեցող բարապան մը,− Սրբազանը արդեն մեկնեցավ…

− Այն ատեն թերևս ժամե մը կրնամ գալ,− պատասխանեց խմբագիրը։

− Լա՜վ, բայց Մարգար էֆենտին չսպասեցնես…

− Թող սպասե, էֆենտիմ, ես իրեն պետք չունիմ, ինք ինծի պետք ունի եղեր․․․

Գրագիրը մեկնեցավ։

− Նորեն գործդ եղավ,− ըսավ ուրիշ լրաբեր մը Նշանիկին դառնալով։

− Ի՞նչ գործ… այդ մարդեն խեր չի կա… ո՜վ գիտե ինչ գլխու ցավ է։

− Գլխու ցավեր կան, որոնք հասութաբեր են ու ատով կդադրին գլխու ցավ ըլլալե… ես վստահ եմ, որ Մարգար էֆենտին նորեն Թաղ. Խորհրդին դեմ գրելիք մը ունի ու ասոր համար քեզի կկանչե կոր… նայե, որ մեծկակ բան մը բրցնես։

− Չեմ կարծեր, որ ատոր համար կանչած ըլլա,− պատասխանեց Նշանիկ, թեև առաջին վայրկյանեն նույն բանը խորհած էր ինքն ալ և արդեն իսկ կմտածեր թե ինչ միջոցավ կարելի է ավելի բան մը բրցնել իր հարուստ ազգականեն։ Երիտասարդը բնավ մտքեն չանցուց, որ բոլորովին տարբեր բանի մը համար կկանչվեր վաճառականին գրասենյակը։ Նախորդ գիշերվան պատմությունը մոռցած էր և կամ չէր կարծեր, որ արձագանքը հասած կըլլա արդեն Մարգար էֆենտիի ականջը։

Խառն Ժողովի տեղեկատվությունը երկար չէր. «Ժողովը հարաբերական ինչ–ինչ խնդիրներու մասին խորհրդակցած և պարտ ու պատշաճ տնօրինած էր»։ Պարոն Նշանիկ երեք ժամ սպասելե ետքը այդ երկու տող ազգային լուրը գրպանեց ու թեթև քայլով մը ուղղվեցավ վաճառականին գրասենյակը։

Մարգար էֆենտի, միշտ գրգռված վիճակի մը մեջ գրասեղանին առջև նստած կջանար ընթացիկ գործերով զբաղիլ ու չէր հաջողիր։ Երբ խմբագիրը տեսավ, ուրախության ճիչ մը արձակեց։

− Հա, եկա՞ր,− գոչեց։

Ավելի շուտ կուզեի գալ, բայց Խառն Ժողովին նիստը երկար տևեց, ստիպվեցա սպասել… կկարծեինք որ այսօր Ք. գյուղի թաղական Խորհրդի խնդրով ալ պիտի զբաղեր ժողովը, սակայն չզբաղեցավ, որովհետև հարաբերական խիստ կարևոր խնդիրներ կան եղեր սեղանին վրա։ Այսուհանդերձ իմացա, որ հաջորդ նիստին խնդիրը անպատճառ ձեռք պիտի առնվի…

Բան մըն ալ իմացած չէր թեև, բայց թաղականին խնդիրը մեջտեղ նետելով կուզեր անմիջապես Մարգար էֆենտիի դիմումին շարժառիթը իմանալ, մեծ եղավ զարմանքը, երբ վաճառականը պատասխանեց սրտնեղությամբ.

− Տեֆ ըրե հիմա սա թաղականին խնդիրը, աստված պելան տա ամենուն ալ…

− Կկարծեի, որ այս խնդրով կշահագրգռվեիք… սա տոքթ․ Ծրարյանին ըրածը կվայելե՞… այդ մարդուն վրա շատ գրելիք կա, բայց…

− Ճանըմ, գոցե՛ սա խոսքը,− գոչեց Մարգար էֆենտին անհամբերությամբ։

− Ենթադրեցի, որ զիս անոր համար կանչած էիք… թերևս թերթին մեջ բան մը գրելիք ունիք…

− Ես քեզի ուրիշ բանի համար կանչեցի,− ըսավ Մարգար էֆենտի։

− Հրամա՞ն ունիք արդյոք։

− Քա՛վ լիցի, միայն թե կուզեի բան մը հարցնել։

− Ձեզ մտիկ կընեմ։ − Բայց նախ և առաջ երդում ըրե, որ բացարձակ ճշմարտությունը պիտի խոսիս…

Հազիվ այս բառերը արտասանված՝ խմբագիրը ըմբռնեց թե ինչ բանի շուրջ կդառնար խնդիրը։

− Չեմ գիտեր, թե ինչ է ձեր հարցունելիքը,− պատասխանեց,– այսուհանդերձ կխոստանամ ճշմարտությունը ըսել։

− Խոստանալը բավական չէ, երդում ըրե։

− Լա՛վ, կերդնում, որ ճշմարտությունը պիտի ըսեմ։

− Երեկ պիշեր Պողոս էֆենտիին տունը բաներ մը ըսեր ես մեր տիկինին մասին…

Ճանըմ, Մարգար էֆենտի, կարևորություն տալիք բան չէ,– գոչեց երիտասարդը,– հազար անգամ զղջացի արդեն բերնես խոսք մը հանելուս, կխնդրեմ նորեն նոր խնդիր մի հանեք…

− Ես ալ արդեն կարևորություն տված չունիմ, բայց ինչպե՞ս կըլլա, որ կեցած տեղդ կելլաս երկար բարակ այդ բաները կպատմես ու լսողներն ալ կկարծեն, թե գործին մեջ ուրիշ բան մը կա։

− Ես բան մըն ալ չպատմեցի,− հայտարարեց խմբագիրը,− ահա թե ինչպես եղավ։ Պողոս էֆենտիենց գացած էի, երբ տիկին Շազիկ հարցուց, թե տիկին Սաթենը տեսած ունի՞մ։ «Բավական ժամանակ է չեմ գացած իրենց» պատասխանեցի.− «Իմացա, որ հիվանդ է եղեր» ըսավ.− «Չեմ կարծեր, շաբաթ օր, Շիտակ ճամփուն վրա իրեն հանդիպեցա» պատասխանեցի։ Ասիկա բավ եղավ որպեսզի խիստ հարցաքննության մը ենթարկվիմ։ Ո՞ւր հանդիպեցար, ե՞րբ հանդիպեցար, ի՞նչ կըներ կոր ճամփան և այլն, և այլն։ Ես ալ տեսածս պատմեցի։ Քանի որ ոևէ անպատեհաթյուն մը չիկար ատոր մեջ։ Բայց այդ տիկին Շազիկը զանազան ենթադրություններ հաներ է իմ պատմածներես… ես ի՞նչ հանցանք ունիմ…

− Հանցանքի խնդիր չի կա,− ըսավ վաճառականը, − և ես ալ քեզ չեմ դատապարտեր ըսածներուդ համար, միայն կետ մը կուզեմ ճշտել․․․ իրա՞վ է, որ Խոսրով էֆենտին ալ նույն խանութը մտեր է տիկին Սաթենին ետևեն։

− Այսինքն քիչ մը ետքը․․․

− Եվ հոն իրարու հետ տեսնվեր են։

− Ես անանկ բան չըսի… դիմացի կողմը կեցեր էի ու չէի կրնար խանութին մեջ անցած դարձածը տեսնիլ։

− Դուրս ելլելնին տեսեր ես սակայն։ − Այո՛, մինչև Կալաթա Սերայ գացի ու վերադարձա և այդ միջոցին տեսա, որ տիկին Սաթենը դուրս կելլե խանութեն։

− Առանձի՞ն…

− Այո՛, առանձին։ Քիչ մը ետքն ալ Խոսրով էֆենտին դուրս ելավ, տիկինը դեպի Թյունել ուղղվեցավ, իսկ Խոսրով էֆենտին դեպի Կալաթա Սերայ… ահա եղելությունը։

Վաճառականը հասկցավ, որ երիտասարդը իր ամբողջ գիտցածը պատմած էր և թե ավելի բան մը կարելի չէր քաղել անկե։ Խոսքը փոխեց, քանի մը անկարևոր հարցումներ ըրավ, հետո ճամփու դրավ զայն։

Նշանիկ երբ ինքզինքը փողոցը գտավ՝ մեծ շունչ մը առավ։

− Էո՛ֆ,− գոչեց,− այս անգամ կարծեմ ազատեցա այս փորձանքեն… ասկե ետքը կիներու հետ խոսած ատենս աչքս պիտի բանամ և մանավանդ բերանս պիտի գոցեմ…

Ժ

Խմբագիրը մեկնելե ետքը Մարգար էֆենտի կրկին ինկավ խոր մտածմունքի մեջ։

Հին հիշատակ մըն էր, որ այսպես կխռովեր վաճառականը և կասկածի թույնով կթունավորեր անոր երևակայությունը։

Երբ տարիներ առաջ Սաթենի հանդիպելով հրապուրված էր անոր գեղեցկութենեն ու միտքը դրած հետը ամուսնանալ, իրեն ըսած էին, որ մանկամարդ աղջիկը արդեն իսկ նշանվելու վրա էր երիտասարդի մը հետ։ Այդ երիտասարդն էր Խոսրով Քանասարյան, այն ատեն համեստ ամսականով պաշտոնյա մը, որուն համար կըսեին սակայն, թե փայլուն ապագա ունի։ Ինք, Մարգար էֆենտի, արդեն իսկ կլորիկ հարստության մը տեր էր ու հրապարակին վրա դիրք գրաված։

Երբ Սաթենի ձեռքը խնդրեց, այս վերջնույն ծնողքը բնավ չվարանեցան Խոսրովը զոհելու վաճառականին, իրենց աղջկան համար բախտ մը կհամարեին Մարգար էֆենտիի պես ամուսին մը։ Մանկամարդ աղջիկը սակայն շատ դյուրավ տեղի չտվավ. Խոսրով ու Սաթեն փոխադարձ անկեղծ սիրով մը կապված էին իրարու և նյութական նկատումները չէին կրնար ազդել Սաթենի վրա։ Վաճառականը աղջկան հորն ու մորը հետ դաշնակցած, ստիպվեցավ բավական մաքառել մինչև որ հաջողեցավ Սաթենի հետ ամուսնանալ։

Բնականաբար ալ անկե ետքը Խոսրովի ա Սաթենի հարաբերությունները դադրեցան, թեև վաճառականը առաջին ամիսները կասկածե ու նախանձե դրդված, խիստ հսկողություն մը կկատարեր իր կնոջ շուրջը։ Տարի մը վերջը Խոսրով ալ իր կարգին կամուսնանար։ Այս պարագան բոլորովին հանդարտեցուց վաճառականը, որ ալ չմտածեց իր նախկին հակառակորդի վրա։ Տարիներե ի վեր անոր գոյությունն իսկ մոռցած էր, քանի որ հետը տեսակցելու առիթը չէր ունեցած։

Եվ ահա հիմա հանկարծ Խոսրով էֆենտի իր դեմը կցցվեր, իր հանգիստը խռովելու համար։

Անշուշտ, դեռ ոչ մի փաստացի ապացույց ուներ իր կնոջ դեմ։ Կրնար ըլլալ, որ շաքարավաճառի խանութին մեջ այդ հանդիպումը բոլորովին դիպվածական էր, բայց հակառակն ալ հավանական էր, որ թերևս Շազիկի ենթադրությունները ճիշտ էին… Այս մտածումը ահա ժամերե ի վեր կտանջեր Մարգար էֆենտին։ Ինչպե՞ս կարելի էր հասկնալ ճշմարտությունը․․․

Մինչև իրիկուն վաճառականը այս մտատանջություններուն մեջ տապլտկեցավ։ Փոքրիկ անհանգստություն մը պատրվակելով սովորականեն ալ կանուխ մեկնեցավ գրասենյակեն և ուղղակի տուն գնաց։ Կինը դուրս ելած էր։ Այս պարագան ավելի սաստկացուց իր դժկամությունը։ Սպասուհին հարցուփորձեց հասկնալու համար թե ո՞ւր կրնար գացած ըլլալ։

− Չեմ գիտեր, հանըմս բան մը չըսավ,– պատասխանեց այո վերջինը։

− Ամեն բան գիտե, բայց պատվեր ստացած է բան մը չըսելու,− մտածեց Մարգար էֆենտի։

Ժամ մը ետքը տիկին Սաթեն եկավ։

− Ո՞ւր էիր մինչև հիմա,− գոչեց ամուսինը։

− Մեկ երկու այցելություն ըրի։

− Որո՞նց…

− Տիկին Նվարդին, տիկին Մաքրուհիին… ի՞նչ կա որ․․․ դուն ինչո՞ւ կանուխ եկեր ես։

− Զարմանալի բան, իրավունք չունի՞մ ուզած ատենս տուն գալու,− գոչեց վաճառականը բարկությամբ։ − Այդ ըսել չուզեցի, միայն թե սովորականեն կանուխ գալուդ համար հարցուցի… անհանգի՞ստ ես։

− Բան մըն ալ չունիմ,− պատասխանեց վաճառականը։

Տիկին Սաթեն տեսավ, որ ամուսինը սրտնեղած կերպարանք մը ուներ ու այդ բանը վերագրեց անհաջող գործառնության մը և խոսքը կարճ կապեց։

Մարգար էֆենտի միշտ գրգռված դրության մեջ ժուռ կուգար սենյակը, մինչ կինը գացած էր իր հագուստը փոխելու։

Ժամ մը այսպես առանձին մնաց, անդադար ծխելով ու հազար տեսակ ծրագիրներ կազմելով իր մտքին մեջ։

Կասկածը հետզհետե կսաստկանար ու կկրծեր իր բովանդակ էությունը։

Իր մտքին մեջ անդադար կվերլուծեր իրողությունն ու չէր կրնար որոշ եզրակացության մը հանգիլ։ Եթե փոխանակ Խոսրով էֆենտիի ուրիշ անուն մը տված ըլլային՝ վաճառականը բնավ կարևորություն չպիտի ընծայեր, բայց այդ անունը զինքը կխռովեր։ Իր կնոջ թեկնածուն եղած էր այս մարդը և գիտեր, որ կինը սիրած էր զայն…

Տիկին Սաթեն ներս մտավ և իրեն այնպես թվաց, որ ամուսնույն սրտմտությունը անցած էր, վաճառականն ալ արդեն կջանար իր ներքին խռովությունը ծածկելու։

− Շազիկենց երեկույթը շատ խայտառակ բան է եղեր,– ըսավ Սաթեն՝ խոսակցություն մը բանալու համար իր ամուսնույն հետ։

− Ո՞վ ըսավ,− հարցուց վաճառականը։

− Նվարդը գացեր էր, ան պատմեց, այնքան նեղացեր է, որ մինչև ետքը չէ մնացեր, կանուխ մը վերադարձեր է գլխու ցավ մը պատրվակելով։

− Ի՞նչ խոսակցություն անցեր է մեջերնին։

− Այդ մասին բան մը չըսավ։

− Նորեն մեզի չե՞ն բամբասեր։

− Չեմ կարծեր… եթե մեր վրա խոսք անցներ, Նվարդը կըսեր։

− Թերևս անանկ բաներ ըսած են, որ չէ համարձակած քեզի կրկնելու։

− Ի՞նչ կրնան ըսած ըլլալ։

− Ես ի՞նչ գիտնամ, քի՞չ խոսքեր ըսին մինչև հիմա։ − Այդ չըլթիկին ըսոծներուն ո՞վ կարևորություն կուտա, թող ուզածին չափ հաչե ետևես։

− Դուն կարևորություն չես տար թերևս, բայց ուրիշները կուտան և նույնիսկ հավատք ալ կընծայեն։

− Ամեն մարդ գիտե անոր ով ըլլալը։

– Ինչ որ ալ ըլլա քիչ մը ուշադրություն ընելու է և տեղի տալու չէ բամբասանքի։

− Ինչ զարմանալի խոսքեր կընես, ես ե՞րբ տեղի տվեր եմ բամբասանքի։

− Ես իմ ըսածս գիտեմ։

− Չեմ հասկնար կոր միտքդ, քիչ մը բաց խոսե տեսնենք… այսօր տարօրինակ բան մը եղեր ես։

− Տունը մնացած չունիս, մինչև ետքը դուրսերն ես, չգիտցողն ալ բնականաբար բան մը կկարծե ու կսկսի բամբասել։

− Ուրիշներուն անհիմն բամբասանքներուն համար տունը բանտարկվելու չեմ։

− Ինչ որ կուզես, ա՛ն ըրե,− պատասխանեց վաճառականը սրտնեղած։

Պահ մը լռություն տիրեց։

Ամուսինը գրպանեն թուղթ մը հանեց ու սկսավ կարդալ։

− Ինծի քիչ մը դրամ պիտի տաս,− ըսավ տիկինը։

− Ի՞նչ բանի համար,− հարցուց Մարգար էֆենտի ընթերցումը ընդհատելով։

− Վաղը Բերա պիտի ելլեմ, մեկ քանի այցելություններ ունիմ տալիք, հետո կոշիկ մը ապսպրած եմ, անոր դրամը պիտի վճարեմ, մեկ քանի մանր մունր բաներ պիտի առնեմ…

− Բերա՞ պիտի ելլաս,− գոչեց վաճառականը։

− Այո, ի՞նչ կա որ…

− Դեռ շաբաթ օրը գացիր։

− Անկեց ի վեր տասը օր անցավ։

− Վազ անցիր վաղը Բերա երթալեն։

− Չըլլար, անպատճառ պիտի երթամ…

− Անպատճառ,− գոչեց վաճառականը, թերթը մեկ կողմ դնելով,− անպատճառ, ի՞նչ կնշանակե անպատճառ պիտի երթամ… չերթաս նե ի՞նչ կըլլա եղեր։

−Էլ, երթամ նե՝ ի՞նչ կըլլա,− պոռաց Սաթեն, որուն համբերությունը սպառած էր ամուսնույն այս նորօրինակ ընթացքեն։ –Մի երթար կըսեմ կոր, պետք չէ որ երթաս…

− Պատճա՞ռը…

− Պատճառ չի կա։

− Խոսք տված եմ, պետք է երթամ։

− Որո՞ւ խոսք տվիր,− գոչեց Մարգար էֆենտի։

− Գոհարիկ հանըմին, ինծի պիտի սպասե, միասին Մաննիկենց պիտի երթանք…

− Ուրիշ մը օր կերթաս։

− Վաղվան համար խոսք ըրած ենք։ Բայց ինչո՞ւ չես ուզեր կոր, որ երթամ, անիկա բացատրե…

− Քիչ մը առաջ ըսի պատճառը, պարապ տեղը ասոր անոր բերնին ծամոց կըլլանք կոր։

− Բերա երթալո՞վս։

− Հրամմեր ես, Բերա երթալովդ։

− Դուն այսօր տարօրինակ բան մը եղեր ես, խելքս չհասնիր կոր։

Եվ տիկին Սաթեն բարկությամբ ոտքի ելավ ու հեռացավ սենյակեն։

Վաճառականը թերթը ձեռքը առավ, բայց չկրցավ ընթերցումը շարունակել։

− Արդյոք ժամադրությո՞ւն մը ունի Խոսրով էֆ-ին հետ,− կմտածեր,− որ այսքան կպնդե Բերա երթալու։

Այս կասկածը իր մտատանջությունը կավելցներ։

− Սխալ ըրի,− մտածեց,− այսպես վարվելով, լավագույնն էր ձայն չհանել ու թույլ տալ, որ երթա, հետո ծածկաբար զինքը հետապնդել, այս կերպով միայն կարելի է ճշմարտությունը հասկընալ։ Այո՛, ջանանք խնդիրը անուշ տեղը կապելու… ասանկ բաներու մեջ վարպետությամբ պետք է գործել։

Վաճառականը այս խորհրդակցությունները ընելե ետքը, սպասեց, որ կինը գա, որպեսզի իր սխալը դարմանե։

Բայց տիկին Սաթեն չերևցավ և Մարգար էֆ. զայն ճաշի ատեն միայն տեսավ։

Ճաշեն հետո, երբ սենյակը առանձնացան, վաճառականը գրպանեն երեք ոսկի հանելով՝ կնոջը տվավ և ըսավ.

− Կբավե՞։

− Բավական է,− պատասխանեց կինը պաղ կերպով մը։

− Առտո՞ւն պիտի երթաս Բերա, թե կեսօրեն ետքը։ − Ճաշեն հետո։

Մարգար էֆենտի այս կերպով միջադեպը փակված նկատեց ու սիկարեթ մը վառելով՝ սկսավ թերթը կարդալ։

Բայց տիկին Սաթեն գոհ չէր եղած հաշտության այս ձևեն։ Կուզեր բացատրություն մը ունենալ էրկանը հետ քաջալերված մանավանդ անոր հաշտարար ընթացքեն։

− Քիչ մը առաջ ի՞նչ էր այդ դիտողություններդ վաղը Բերա երթալուս մասին,− հարցուց հարձակողական շեշտով մը։

− Կներես,− պատասխանեց վաճառականը,− ուրիշ բանի մը բարկացած էի ու այդ պատճառով գրգռված…

− Ի՞նչ բանի։

Ճանըմ գործի մասին․․․

− Գեշ չէ… դուրսը բարկանաս՝ տունդ գաս կնկանդ հետտ անիրավ տեղը կռիվ փնտռես։

− Կներես ըսինք ա․․․

− Ըրե, եղիր, անկեց վերջն ալ կներես… առաջին անգամը չէ, որ ասանկ վարմունք մը կունենաս, մանավանդ այս վերջին ատեներս․․․

− Էյ, ի՞նչ ընենք, բնավ դիտողություն չընե՞նք։

− Արդարացի դիտողություն մը ունիս նե՝ ըրե, ո՞վ բան կըսե։

− Դուն արդարացի դիտողությունն ալ չես ընդունիր։

− Ո՞վ է ըսեր․․․

− Անցած օր դիտողություն մը պիտի ընեի և շատ ալ արդարացի, բայց բերանս չբացի, որովհետև բնությունդ գիտեմ։

− Ի՞նչ դիտողություն, ըսե տեսնենք,− գոչեց տիկին Սաթեն։

− Տեսա՞ր, դեռ չլսած արդեն կբորբոքիս կոր…

− Պարապ խոսքեր չեմ ուզեր, սա դիտողությունդ ըսե նայինք։

− Ըսելիքս այն է, որ ուրիշ անգամ եթե թեյ խմել կամ կաթո ու շաքար առնել ուզես՝ Թուլամիեն չերթաս։

− Ինչո՞ւ համար…

− Որովհետև աղեկ անուն չունի այդ խանութը։

− Աոաջին անգամ է, որ կլսեմ կոր ատիկա։

− Կրնա ըլլալ, բայց աս ասանկ է… այդտեղ ժամադրավայր է եղեր անհավատարիմ ամուսիններու…

− Ի՜նչ խենթ խոսք։

− Ամեն տեսակ կիներ կերթան այդ խանութը։ − Տիկին Գոհարիկին հետ առաջին անգամ գացի այդ խանութը և շատ գոհ մնացի։

Ճանըմ, Բերայի մեջ ուրիշ խանութ չի կա չէ յա, զարմանալի բան, ուրիշ տեղ մը գնա թեյ խմե։

− Անցած շաբաթ օր գացի նե՝ շատ շնորհքով կնիկներ ու մարդիկ նստած էին։

− Ճանչվոր մեկը տեսա՞ր,− հարցուց ամուսինը։

− Հապա, Խոս…

Տիկին Սաթեն հանկարծ կեցավ ու խոսքը չավարտեց, զգաց, որ Խոսրով էֆենտիի հիշատակությունը փոխանակ արդարացում մը ըլլալու, ավելի պիտի կնճռոտե խնդիրը։ Մարգար էֆենտի տեսավ կնոջ վարանումը և ըսավ.

− Ո՞վ տեսար, ըսիր…

Ճանըմ, մեյ մըն ալ ոտքս չեմ կոխեր այդ խանութը, լմնցավ, գնաց, ատոր համար խոսիլ չարժեր,− պատասխանեց տիկին Սաթեն, այս կերպով խույս տալով ուղղակի էրկանը հարցումին պատասխանելու փորձութենեն։

Բայց վաճառականը չգոհացավ այս պատասխանով։

− Ծանոթներ կային ըսիր, ո՞րոնք էին,− պնդեց։

− Ես ատանկ բան չըսի… մեյ մըն ալ չեմ երթար ըսի, արդեն անցած օր ալ դիպվածով հոն մտա… ես միտքս դրել էի Թոքաթլյանին երթալու, տալմիշ եղեր անցեր էի․ չուզեցի վերադառնալ մինչև հոն… Ալ գոցե՛ սա խոսքերը, սընըրիս կդպչի կոր… թերթին մեջ բան մը կա՞։

− Բան չի կա, − պատասխանեց Մարգար էֆենտի, որ տեսավ, թե չպիտի կրնար կինը իր ուզած կերպովը խոսեցունել։

Բայց Սաթենի վարանումը ճիշտ այն րոպեին, ուր անուն մը պիտի արտասաներ, ալ ավելի սաստկացուց իր կասկածները։ Իր ներքին հուզումը ծածկելու համար կրկին առավ թերթը և կարդալ կեղծեց։

Ժամեն ավելի մնաց այսպես թերթը ձեռքին մեջ, մինչև որ կինը «գիշեր բարի» ըսավ ու ննջասենյակ քաշվեցավ։

Վաճառականը երկար ատեն ժուռ եկավ սենյակին մեջ, անընդհատ ծխելով։ Անհամբեր կսպասեր հետևյալ օրվան, որպեսզի իր կինը հետապնդեր։ Միջոցներ խորհեցավ այդ հետապնդումը աննշմար կերպով ու հաջող պայմաններու մեջ կատարելու համար ու վերջապես, կեսգիշերեն ետքը, գնաց հանգստանալու։ Հետևյալ առտու կանուխ վաճառականը եկավ գրասենյակ, ընթացիկ գործերը կարգի դրավ, պետք եղած հրահանգները տվավ գրագրին, ըսավ, որ թերևս մինչև իրիկուն բացակա պիտի մնար ու ժամը տասնմեկին միջոցները ելավ Բերա։

Գիտեր, որ կինը Թյունելով Բերա պիտի ելլեր և ըստ այնմ պատրաստած էր իր հետապնդումին ծրագիրը։

Գործը հաջողությամբ գլուխ հանելու համար Մարգար էֆենտի որոշած էր օգնական մը առնել հետը։

Այդ փափուկ պաշտոնին անձը արդեն մտովի ընտրած էր ու հիմա կերթար զայն գտնելու։

Այս օգնականը իր երախտավորյալն էր, գավառեն եկած հեռավոր ազգական մը, զոր Մարգար էֆ․ նախնական դպրոց մը դրած էր ու հետո բարեկամ վաճառականի մը քով տեղավորած, համեստ ամսականով մը։ Հազիվ 20-22 տարեկան, ուշիմ, սմսեղուկ ու վարպետորդի երիտասարդ մըն էր այդ գավառացին։

Պաշտամունքի մոտեցող խորին հարգանք մը ուներ Մարգար էֆենտիի հանդեպ, զոր իր պաշտպան սուրբը կնկատեր։

Մարգար էֆենտի առտվան գացած էր այն վաճառատունը, ուր Աբգար− այս էր երիտասարդին անունը− կպաշտոնավարեր։

Իրեն ըսեր էին, որ Աբգար մեկ քանի գանձումներ ընելու համար Բերա ելած էր և թե հայտնի չէր, որ ե՞րբ պիտի վերադառնա։

− Կուզեի անպատճառ զինքը տեսնել կեսօրեն առաջ,− ըսած էր վաճառականը։

− Տասնըմեկին միջոցները Քրետի Լիոնեյի մասնաճյուղին պիտի հանդիպի, թերևս հոն գտնեք զինք,− պատասխանած էին։

Մարգար էֆենտի Բերա ելնելուն պես ուղղվեցավ իրեն տրված հասցեին և արդարև Աբգարը գտավ կիշեի մը առջև զբաղած։

− Քեզի հետ քիչ մը տեսնվիլ կուզեմ,– ըսավ վաճառականը իր պաշտպանյալին։

− Վայրկյանն մը ձեր տրամադրության ներքև եմ,− պատասխանեց երիտասարդը։

− Դուն գործդ նայե, ես դռան առջև կսպասեմ։

Երիտասարդը արդարև անմիջապես եկավ իր պաշտպանը գտնելու։

− Եկո՜ր, երթանք հոս մոտերը տեղ մը նստինք քեզ հետ,− ըսավ վաճառականը։ Գարեջրատուն մը մտան, ուր Մարգար էֆ․ երկու գավաթ գարեջուր ապսպրեց։

Աբգար, շվարած, շփոթած, չէր գիտեր ի՞նչ դիրք բռնել իր պաշտպանին դիմաց։ Առաջին անգամն էր, որ վաճառականը այսպիօի մտերմություն մը ցույց կուտար իրեն։ Երկար ատենե ի վեր, տարիեն ավելի էր, որ երբեք առիթ ունեցած չէր Մարգար էֆենտիին հետ խոսելու։ Վաճառականը զայն տեղավորելե ետքը ալ չէր զբաղած անով, նույնիսկ կարծես ջանացած էր հեռու մնալ անկե և երիտասարդն ալ չէր համարձակած երբեք, ոևէ պատրվակով մոտենալ անոր։ Նույնիսկ Ծնունդի ու Զատկի առթիվ այցելած չէր և գոհացած էր նամակով իր շնորհակալությունները մատուցանելու և հավիտենական երախտագիտությունը հայտնելու։

− Դեռ շատ գործ ունի՞ս,− հարցուց վաճառականը։

− Տակավին գանձումն ալ ունիմ ընելիք։

− Գնա՛, լմնցո՜ւր ուրեմն։

− Անգամ մը գացի՝ կեսօրեն ետքը եկո՛ւր, ըսին։

− Վաղը երթաս նե չըլլա՞ր։

− Ինչո՞ւ չէ, կըլլա։

− Որովհետև կեսօրեն ետքը մինչև իրիկուն քեզի պետք ունիմ։

− Ձեր տրամադրության ներքև եմ։

Վաճառականը պահ մը լռեց։ Դժնդակ բացատրություններու վայրկյանը հասեր էր ու չէր գիտեր ինչպես խոսք բանար։

− Աբգար,− ըսավ մեղմ ու մտերիմ շեշտով մը,− գիտես որ ես քեզ մարդ ըրած եմ ու այսօրվան դիրքդ ինծի պարտական ես։

− Երբեք չեմ կրնար մոռնալ ատիկա և հավիտյան երախտապարտ եմ ձեր մեծության,− պատասխանեց երիտասարդը։

− Տարիներով հոգացած եմ քու ապրուստդ ու դպրոցական ծախքերդ։

− Այնպես է, իմ միակ պաշտպան բարերարս եք։

− Եթե հաշիվ ընեմ, կարելի է, 2-300 ոսկի ծախք ըրած եմ քեզի համար։

− Թերևս ավելի, Մարգար էֆ.։

− Այդ նյութական զոհողություններեն ետքը, քեզի գործ ալ գտած եմ։

− Ամենաստորին վատ մը կըլլամ, եթե ուրանամ այս ամենքը։ − Գաբրիել էֆենտիին քով եթե մինչև այսօր կպաշտոնավարես ու անոր վստահությունը կվայելես, պատճառն այն է, որ ես քեզի համար երաշխավոր եղած եմ։

− Գիտեմ այդպես ըլլալը։

− Եթե ոչ, այդ մարդը քեզի պես անծանոթ գավառացիի մը կհանձնե՞ր իր գանձումները։

− Երբեք,– պատասխանեց երիտասարդը, որ տակավին չէր կարող գուշակել թե վաճառականը ո՞ւր կապել կուզե խոսքը։

− Ես այս ամենքը ըըած եմ,− շարունակեց Մարգար էֆ.,− առանց ոևէ ակնկալության։

− Այո՛։

− Հիմա իս մտիկ ըրե, այսօր ատենը եկած է, որ իմ ըրած բարիքներուս փոխարեն հատուցանես ինծի։

− Եթե կարելի ըլլար ատիկա, աշխարհի ամենեն երջանիկ մարդը պիտի համարեի ինքզինքս։

− Շատ կարելի է։

− Ի՞նչ կերպով, Մարգար էֆենտի։

− Ինծի ծառայություն մը մատուցանելով։

− Հրամայեցե՛ք, և ամեն բան ընելու պատրաստ եմ, բավ է, որ կարողությանս սահմաններուն մեջ ըլլա։

− Շատ դյուրին բան է առաջարկելիքս։

− Հրաման ըրեք ուրեմն։

− Կինս կճանչնա՞ս։

− Այո՜, մեկ քանի անգամ տեսած եմ,− կմկմաց երիտասարդը այս անակնկալ հարցումեն բոլորովին շփոթած։

− Իսկ ինք քեզի կճանչնա՞…

− Չեմ կարծեր, երբեք հետը խոսելու պատիվը չեմ ունեցած։

− Այն ատեն գործը կարգին է ուրեմն։ Խմե՛ տեսնենք սա գարեջուրը և ուրիշ մը ապսպրենք։− Աբգար երկյուղածությամբ գավաթը շրթունքին տարավ, խմեց ու բերանը թաշկինակով սրբեց։

− Այսօր կինս Բերա պիտի գա, և մեկ քանի այցելությաններ պիտի տա։ Կուզեմ, որ առանց նշմարվելու իր ետևեն երթաս…

− Այսինքն զինքը լրտեսե՞մ,− հարցուց երիտասարդը։

Պահ մը լռություն տիրեց։ Թե՛ վաճառականը և թե՛ երիտասարդը ինքզինքնին նեղված կզգային։

− Կըլլա՞,− հարցուց վաճառականը վերջապես։ − Քանի որ կհրամայեք, պատրաստ եմ ձեր կամքը կատարելու…

− Որ տունը որ մտնե, որ խանութը որ մտնե, մանրամասնորեն կգրես թուղթի մը վրա, անկե զատ եթե մեկու մը հետ խոսի, ան ալ կնշանակես։

− Բայց եթե այդ անձը անծանոթ ըլլա ինծի՞։

− Դեմքը, հագուստը, հասակը և այլն կնշանակես։

− Լա՛վ, այդ կերպով գործը կդյուրանա։

− Բայց կետ առ կետ պիտի կատարես ըսածս։

− Վստահ եղիր այդ մասին։

− Սա ալ ըսեմ, որ մեկ անգամեն չպիտի լմննա այս գործը։ Թերևս շաբաթե մը կամ երկու շաբաթեն կրկին հարկ ըլլա նույնը ընել։

− Երբ որ հրամայեք՝ պատրաստ եմ։

− Ասով ինծի անանկ ծառայություն մը մատուցած պիտի ըլլաս, որ քեզի ըրած բարիքներս փոխարինած պիտի ըլլաս։

− Երբեք չեմ կրնար փոխարինել ձեր բարիքները։

− Եվ ես քեզ երախտապարտ պիտի ըլլամ։

− Հավ լիցի, Մարգար էֆենտի, ի՞նչ կըսեք։

− Ընտանեկան պատիվս քեզի կվստահիմ կոր։

− Երախտապարտ եմ ձեր ցույց տված վստահության համար։

− Պետք չունիմ ըսելու, որ ոչ ոք պիտի իմանա այս բանը։

− Բնականաբար… այդ մասին ապահով եղեք։

Վաճառականը ժամացույցը նայեցավ։ Կեսօր եղած էր արդեն։

− Քեզի հետ մեկ ճաշ մը ընենք այստեղ,− ըսավ երիտասարդին։

− Ինչպես որ կհաճիք։

Ճաշի միջոցին վաճառականը նոր խոսակցություններու մեջ մտավ։ Ըսավ, թե իր կնոջ հավատարմության մասին թեև կասկած չուներ, բայց հեռուեն հեռու բաներ մը լսած էր և կուզեր ատոնց որ աստիճան հիմնավոր ըլլալը ստուգել։ Երիտասարդը իր պաշտպանին ընտանեկան այդ գաղտնիքները լսեց նախ զարմանքով, հետո հաճույքով ու գոհունակությամբ։

Կզգար թե իր կատարելիք գործը շատ պատվավոր բան մը չէր, բայց անհունորեն շահաբեր պիտի ըլլար իրեն համար։ Մարգար էֆ-ի պես մեկու մը մտերիմ խորհրդականը, անոր գաղտնեկիցը դառնալ երազ մըն էր, որ երբեք չէր կրնար անցնիլ երիտասարդին մտքեն։

Ժամը մեկն էր, երբ վաճառականն ու երիտասարդը դուրս ելան գարեջրատունեն ու ուղղվեցան դեպի Թյունել։

Ճամփան Մարգար էֆենտի մեկ քանի նոր հրահանգներ տվավ և միևնույն ատեն երիտասարդին զգացուց, որ իր մատուցանելիք ծառայությունը առանց վարձատրության չպիտի թողվեր, միայն թե հարկ էր, որ հավատարմությամբ ու գաղտնապահությամբ գործեր։

− Հիմա ի՞նչ ամսական կառնես կոր Գաբրիել էֆենտիին քով,− հարցուց։

− Վեց ոսկի (ոսկեդրամ),− պատասխանեց Աբգար։

− Եվ բոլոր գանձումները դո՞ւն կկատարես։

− Գրեթե։

− Քիչ կուտա կոր եղեր․․․ ես կկարծեի, որ գոնե ութը ոսկի կառնես։

− Անցած տարի ամսականս ոսկի մը ավելցուց, անկե ի վեր հավելում չունեցա։

− Բայց քենե շատ գոհ է կարծեմ։

− Այո՛, դմգոհության տեղի չեմ տված բնավ։

− Այս օրերս իրեն կխոսիմ տե՝ թող ամսականդ քիչ մը ավելցնե. անիկա իմ խոսքս չի կոտրեր։

− Շատ շնորհակալ եմ, Մարգար էֆենտի, աստված երկար կյանք շնորհե ձեզի․․․

− Ես քեզի շատ կսիրեմ, տղաս, գիտեմ որ խելացի, շարկեշտ, գործունյա մեկն ես։ Միայն թե սա քեզի հանձնարարած գործս ուշադրությամբ կատարե, խնդիրը ընտանեկան պատվիս վրա է… իմ պատիվս քու ալ պատիվդ է, քանի որ ազգական կհամարվինք։

− Ձեռքես եկածը պիտի ընեմ, Մարգար էֆ․։

Հասած էին Թյունելին առջև, Մարգար էֆ․ ուղղվեցավ դիմացի Բասաժին մեջ և հոն երիտասարդին հետ դարանակալ սպասեց։

Կես ժամեն ավելի էր, որ հոն եկած՝ Թյունելեն ելլողները կդիտեին՝ երբ Մարգար էֆենտի հանկարծ գոչեց․

− Ահա՛ կինս։

− Տեսա,− պատասխանեց Աբգար։ − Քովինը տիկին Նվարդն է, իր բարեկամուհին,− ավելցուց վաճառականը,− շուտ ետևեն գնա ու հետքերնին մի կորսնցներ․․․ Պատվերներս չմոռնաս… իրիկունը գրասենյակը քեզի կսպասեմ։

− Բնավ հոգ մի ըներ, ամեն բան տեղն ի տեղոք պիտի կատարեմ,− ըսավ երիտասարդը և հեռացավ։

Երբ Սաթեն, Նվարդ և Աբգար աներևույթ եղան՝ վաճառականը Թյունել ուղղվեցավ ու Ղալաթիա իջնելով՝ իր գրասենյակը գնաց։

− Սա Աբգարը աղեկ միտքս եկավ,− կմտածեր,− իրմե զատ մեկու մը չէի կրնար բացվիլ, այս տղան շան պես հավատարիմ է ինծի, ասկե զատ աչքը բաց ու ճարպիկ ալ է։

Հակառակ իր այս գյուտին՝ վաճառականը իր հանգիստը չէր գտած և մինչև իրիկուն ջղագրգիռ վիճակի մը մատնված էր։

Ի՞նչ պիտի իմանար արդյոք, երբոր Աբգարը իր տեղեկատվությունը ըներ։ Սաթենի անհավատարմությունը պիտի ապացուցվե՞ր, թե անմեղությունը երևան պիտի գար։

− Բայց եթե նույնիսկ այսօր Աբգար կասկածելի բան մը չտեսնե, նորեն ապահով չեմ կրնար ըլլալ,− կմտածեր վաճառականը, որովհետև կրնա ըլլալ, որ ժամադրությունը,− եթե երբեք ժամադրություն մը կա Խոսրով էֆ.-ի հետ − ուրիշ օրվան համար է․․․ այն ատեն հսկողությունը պետք է վերսկսիլ, հետապնդումը շարունակել, բայց մինչև ե՞րբ։

Այս անորոշությունը զինքը կխռովեր ամենեն ավելի։

ԺԱ

− Ինչպե՞ս ժամանակ անցուցիր տեսնենք Բերա,− հարցուց Մարգար էֆենտի իր կնոջը, երբ իրիկվան կերակուրեն ետք, վերի սենյակը սուրճ կխմեին։

− Աղեկ… քանի մը այցելություն տվի, հետո կոշկակարիս գացի, մեկ երկու մանր գնումներ ըրի ու արդեն իրիկուն եղավ։

− Գոհարիկ հանըմին գացի՞ր…

− Այո՛, հետո միասին տիկին Մաննիկին գացինք…

− Ինչպե՞ս է, աղե՞կ է տիկին Մաննիկը։

− Շատ աղեկ է…

− Անկե՞ ետքը կոշկակարիդ գացիր։

− Այո՛, կրնա՞մ այս հարցաքննության պատճառը հարցնել։ − Հարցաքննության բան չկա․․․ խոսք է կընենք կոր, ժամանակ անցնելու համար։

− Այդ տարբեր…

− Ըսել է, որ Գոհարիկ հանըմը Մաննիկենց մնաց և դուն առանձին դուրս եկար։

− Այո՛…

− Ի՞նչ աղվոր բաներ գնեցիր տեսնենք։

− Ոչինչ… մանր–մունր բաներ։

− Պոն-Մառշեե՞ն։

− Հոն ալ հանդիպեցի, այո… բայց ինչո՞ւ այդքան կհետաքրքրվիս կոր։

− Թուլամիեին ալ հանդիպեցա՞ր։

− Չէ՛, քանի որ կասկածելի է եղեր այդ տեղը, ալ ոտքս չեմ կոխեր։

Մարգար էֆ. պահ մը լռեց։ Խոսակցությունը իր փափաքած ձևով առաջ չէր էրթար և կվախնար, որ եթե այսպես շարունակվեր, կինը ի վերջո պիտի բարկանար և անախորժ միջադեպեր պիտի պատահեր։

Իր պաշտպանյալը՝ Աբգար, շատ մանրակրկիտ կերպով կատարած էր իրեն հանձնարարված փափուկ պաշտոնը և իրիկունը մանրամասնորեն տեղեկություններ բերած էր տիկին Սաթենի բոլոր շարժումներու մասին, այնպես, որ վաճառականը վայրկյանը վայրկյանին գիտեր թե ինչպե՞ս ժամանակ անցուցած էր իր կինը Թյունելեն ելլելեն մինչև տուն վերադառնալը։

Այդ տեղեկությունները մտատանջություն պատճառող բան մը չէին, միայն կետ մը կար, զոր վաճառականը կուզեր լուսաբանել։

Տիկին Սաթեն պահ մը մտած էր կանացի նորություններու մեծ վաճառատուն մը «Հոֆման» անուն, որուն վերնահարկը իբրև թեյարան կծառայե, հոն թեյ խմած ու հետո դուրս ելած միջոցին վայրկյան մը տեսնված էր մեկու մը հետ, որ ներս կմտներ։ Աբգարի նկարագրության նայելով այդ անձը կնմաներ Խոսրով էֆենտիի։ Երիտասարդը չէր կրցած լսել փոխանակված խոսքերը, միայն թե գիտցած էր, որ մարդը շատ սիրալիր կերպով կխոսակցեր։

Ո՞վ էր այդ անձը, ահա խնդիրը, զոր այժմ կաշխատեր լուծել Մարգար էֆենտի։ Սիկարեթ մը վառելե, մեկ քանի անգամ քաշելե ետքը ըսավ.

− Ի՞նչ հիանալի գործ կընե կոր սա Հոֆման վաճառատունը, առտուն Բերա ելած էի, այդ ժամուն իսկ լեցուն հաճախորդ կար։

− Այնպես է,− պատասխանեց տիկին Սաթեն։

− Կերևա որ ապրանքները թե աժան են և թե լավ տեսակեն։ Դուն ընդհանրապես հոնկե՞ առուտուր կընես։

− Քիչ անգամ…

− Այսօր գացի՞ր։

− Գացի, բայց բան մը չգնեցի…

− Վերի հարկն ալ շնորհքով թեյարան մը ունի։

− Այո՛ միայն թեյարան չէ… անուշեղեններ, նվագ ալ կա եղեր։ Ես ալ թեյ մը խմեցի այսօր…

− Բազմություն կա՞ր։

− Չէ՛, այդ ժամուն բազմություն չըլլար, ընդհանրապես ժամը հինգեն ետքը կուգան եղեր։

− Ըսել է ծանոթի չհանդիպեցար։

− Չէ՛,– պատասխանեց տիկին Սաթեն։

− Բնավ մեկու մը հետ չխոսեցա՞ր։

− Որո՞ւ հետ կուզես որ խոսիմ։

− Կրնա ըլլալ, որ ներս մտած կամ դուրս ելած ատենդ ծանոթի մը հանդիպած ըլլաս…

− Զարմանալի խոսքեր։

− Զարմանալի խոսքե՞ր կերևան կոր քեզի,− գոչեց վաճառականը հանկարծ իր շեշտը փոխելով։

− Բայց միտքդ ի՞նչ է, բացե ի բաց խոսե,− ըսավ տիկին Սաթեն, ինքն ալ ձայնը բարձրացնելով։

− Ոևէ միտք չունիմ, միայն սա գիտեմ, որ սուտ կխոսիս կոր…

− Ի՞նչ ըսիր։

− Սուտ կխոսիս կոր,– կրկնեց վաճառականը բարկութենեն դողդողացող ձայնով մը։

Տիկին Սաթեն հանկարծ շառագունեցավ։ Զգաց, թե փոթորիկը պիտի պայթեր, բայց տակավին որոշապես չէր գիտեր անոր պատճառը, միայն տարտամ կասկած մը ծայր կուտար մտքին մեջ։

− Կաղաչեմ, որ բացե ի բաց խոսիս և բացատրես, թե ինչ բանի մեջ սուտ խոսած եմ,– ըսավ զսպված բարկությամբ մը։

Մարգար էֆենտի ինքն ալ հուզված ոտքի ելավ։ − Երկու անգամ սուտ խոսեցար,− գոչեց,− մեյ մը այսօր և մեյ մըն ալ անցած օր։

− Չեմ հասկնար, թե ի՞նչ ըսել կուզես, ավելի որոշ խոսե տեսնենք։

− Հիմա ամեն բան պիտի բացատրեմ… որովհետև այս վիճակը չկրնար տևել… ամենուն քով խաղք չեմ կրնար ըլլալ։ Պարապ խոսքեր,− գոչեց վաճառականը, հետզհետե բորբոքելով,− պարապ խոսքեր․․․ ամբողջ թաղին մեջ բերնի ծամոն եղած ենք։

− Նորեն այդ չլթիկին ըսածներն է… մեղք, որ գիտնալով հանդերձ, թե բոլորն ալ սուտ զրպարտություններ են՝ դարձյալ կարևորություն կուտաս։

− Դժբախտաբար կտեսնեմ, որ զրպարտություն չէ եղեր…

− Վա՜յ,− գոչեց տիկին Սաթեն հեգնական ձայնով մը,− կերևա, որ վավերական տեղեկություններ ստացած ես Շազիկեն՝ իմ անհավատարմություններուս մասին։

− Կխնդրեմ, խնդրին մեջ Շազիկ չի կա, կատակը մեկդի, լրջորեն խոսինք։

− Իմ ալ փափաքս այդ է, միայն թե օդային խոսքերե զատ ուրիշ բան չլսեցի մինչև հիմա։

− Ըսի որ երկու անգամ սուտ խոսեցար, հիմա ատոր ապացույցը պիտի տամ։

− Անհամբեր կսպասեմ կոր։

− Առաջին անգամ անցած շաբթու, երբոր քեզ հարցուփորձեցի, ըսիր, որ Թուլամիեի խանութին մեջ ոևէ ծանոթի չես հանդիպած… ասանկ չըսի՞ր…

− Այո՞, թերևս… էյ, ի՞նչ կհետևի ատկե։

− Սա կհետևի, որ սուտ խոսեցար, որովհետե քու ետևեդ այդ խանութը մտած է մարդ մը, որ շատ ծանոթ է քեզի…

− Անունը տուր տեսնենք։

− Քանասարյան Խոսքով էֆենտին,− գոչեց վաճառականը շեշտակի նայելով իր կնոջ երեսին։

Սակայն Սաթենի դեմքին վրա ոևէ այլայլություն չնշմարվեցավ։

− Ճի՛շտ է.− ըսավ հանդարտ ձայնով մը,− հետո՞։

− Ոչինչ…

− Ինչպե՞ս։ − Ինչպե՞ս ոչինչ,− գոչեց Մարգար էֆենտի,− դարձյալ կփորձես ստել։

− Եվ ոչ իսկ բառ մը փոխանակեցինք իրարու հետ,− շարունակեց Սաթեն ամենայն հանդարտությամբ։ Գլխով բարև մը, այսչափ․․․ արդեն ան ներս մտնելեն անմիջապես ետքը ես դուրս ելա։

− Ան ալ ետևեդ…

− Տեղեկություն չունիմ, կրնա ըլլալ…

− Ի՞նչ խոսեցաք խանութին մեջ,− գոչեց Մարգար էֆ․ այլայլված ձայնով մը։

− Բառ մը չփոխանակեցինք,− կրկնեց կինը։

− Ընդհակառակը այսօրվան համար իրարու ժամադիր եղաք Հոֆմանի վաճառատան վերնահարկը,− ըսավ վաճառականը։

Տիկին Սաթեն իբրև պատասխան, քահ-քահ խնդաց։

Այս հեգնական ձևը ալ ավելի կատղեցուց վաճառականը, որ սպառնական ձայնով մը պոռաց․

− Ըսածներուս խնդալով պատասխան չտրվիր։

− Ընդհակառակը ուրիշ պատասխան չի կա տալիք… կկրկնեմ, բառ մը անգամ չփոխանակեցինք իրարու հետ… քանի որ, ինչպես կերևա, լրտեսներ դրած ես ետևես, որոնք ամեն շարժումներուս կհետևին և քեզի լուր կբերեն, գիտցած ըլլալու ես նաև, որ Թուլամիեին խանութին մեջ խոսք չփոխանակեցի Խոսրով էֆենտիի հետ, եթե ասոր հակառակը ըսող կա, թող դեմս ելլե…

Վաճառականը իսկույն չպատասխանեց։ Արդարև ապացույց մը չուներ, թե իր կինը շաքարավաճառին խանութին մեջ խոսած էր Խոսրով էֆենտիին հետ։ Պարզ ենթադրության՝ կասկածի վրա հիմնված էր ամեն բան։ Կրնար ըլլալ, որ Սաթեն ճշմարտությունը կխոսեր և այն ատեն իր բոլոր այս իրարանցումները ծիծաղելի կդառնային։ Կնոջ ընթացքը այս հրատապ խոսակցության սկիզբեն ի վեր, իր պահած անայլայլ պաղարյունությունը, ինքնավստահությունը և հեգնական շեշտը, որով իր էրկան բարկաճայթ խոսքերուն կպատասխաներ, և նպաստ իրեն փաստեր էին։

Տիկին Սաթեն տեսավ ամուսնույն վարանոտ կերպարանքը և հասկցավ, որ հաղթական դուրս պիտի գար այս պայքարեն։

− Կպահանջեմ, որ լրտեսդ երևան հանես ու միասին երեսվինք,– ըսավ,− չեմ ուզեր որ այս տեսակ սուտ զրպարտություններ հորինվին շուրջս… − Լրտես չի կա գործին մեջ,− փութաց պատասխանելու վաճառականը։

− Ուրեմն ո՞վ պատմեց այդ սուտերը քեզի, ո՞վ ըսավ, թե Խոսրով էֆենտիին հետ խոսեր, այսօրվան համար ժամադիր եղեր եմ, անշուշտ այդ ամենքը քու երևակայությանդ մեջ չի ծնավ։

− Ճանըմ, Թուլամիեին խանութը մտնելդ ու դուրս ելլելդ ինչպես նաև Խոսրով էֆենտիին հոն գալը մեր Նշանիկը տեսեր ու պատմեր է։

− Սա խմբագիր ազգական մը ունիս նե, անիկա՞,− ըսավ Սաթեն արհամարհական ձևով մը։

− Հեռուեն հեռու ազգական,− ճշտեց իսկույն վաճառականը։

− Չամչնա՞ր կոր այդ տեսակ խոսքեր ըսելու։

− Ճանըմ, անիկա գեշ մտքով չէ ըսեր, միամտորեն պատմեր է։ Միայն թե գեշը ան է, որ պետք չեղած տեղ մը պատմեր է։

− Ո՞ւր,− հարցուց տիկին Սաթեն։

− Շազիկին անունին գիշերը հոն եղեր, այնտեղ պատմեր է…

− Զարմանալի բան, Նվարդը բան մը չըսավ։

− Կերևա որ այդ միջոցին հոն չէ եղեր, կամ չի ուզեր քեզի ըսել, որպեսզի չբարկանաս…

− Ամբողջ այս խնդիրները այդ լակոտին պատմության վրա հիմնված են… ամո՛թ քեզի, ավելի խելահաս և լուրջ մեկը կկարծեի… է՜յ, այդ Նշանիկը ըսավ, որ Խոսրով էֆենտիին հետ խոսեր ու ժամադի՞ր եղեր եմ…

− Չէ՛, տղան խանութ չի մտեր, միայն թե փողոցի կողմեն տեսեր է քո հոն մտնելդ։

− Եվ վազեր Շազիկին պատմեր է… դուն ալ այդ խայտառակներուն խոսքին կարևորություն տալով՝ կելլես զիս ժամերով կհարցուփորձես։ Վարպետությամբ բերնես բան իմանալ կուզես, շիտակը ծիծաղելի բան… Նվարդին պատմեմ նե՝ շատ պիտի խնդա վրադ։

− Բայց դեռ ամեն բան չլմնցավ,− գոչեց վաճառականը, որ կտեսներ թե կինը պաշտպանողականեն հարձակողականի կսկսեր։

− Ուրիշ ի՞նչ կա տեսնենք…

− Այսօրվանը… Հոֆմանի վերնահարկը, թեյ խմելեդ հետո…

− Է՜յ, շարունակե՛։

− Դուրս ելած միջոցիդ մեկու մը հետ խոսեր ես։ − Ճիշտ է… դարձյալ Նշանի՞կն է տեսնողը։

− Ան կամ ուրիշը, ատիկա կարևորություն չունի… ո՞վ է այդ մարդը։

− Խոսրով էֆենտի Քանասարյանր,− պատասխանեց տիկին Սաթեն ամենայն հանդարտությամբ։

Վաճառականը հանկարծ տժդունեցավ։ Հազիվ թե իր հանդարտությունը գտնել կսկսեր և ահա այդ մեջտեղ նետված անունը ամեն բան տակնուվրա կդարձներ։

− Վերջապես կխոստովանիս,− գոչեց այլայլված ձայնով մը։

− Ի՞նչ բան…

− Այդ մարդուն հետ ունեցած հարաբերությունդ…

− Խենթեցա՞ր… ի՞նչ հարաբերություն։ Պատահմամբ հանկարծ դեմս ելավ, բարև մը տալով պիտի անցնեի երթայի, երբոր ինք որպիսությունս հարցուց, ստիպվեցա քաղաքավարական խոսք մը ընել… ոճի՞ր գործեցի։

− Չէ՛, բայց…

− Բայց ի՞նչ։

− Ուրիշ ոևէ անձի հետ բնական է խնդիրը կարևորություն չուներ, բայց Խոսրով էֆենտիին հետ… քու նախկին…

Վաճառականը խոսքը չավարտեց։

− Հետո ես ի՞նչ հանցանք ունիմ, ինք հետս խոսեցավ, ստիպված էի պատասխանել, զարմանալի բան։

− Ուրիշ ավելի զարմանալի բան մը սակայն…

− Ո՞րն է տեսնենք։

− Թուլամիեին կերթաս ու Խոսրով էֆենտին հոն կուգա դիպվածով, Հոֆմանին կերթաս և դարձյալ Խոսրով էֆենտին հոն կուգա։

− Ինչ կրնանք հետևցնել ասկե։

− Հետևությունը դուն հանե։

− Ես ատոր մեջ զարմանալի բան մը չեմ տեսնար կոր…

− Իսկ ես առնվազն սա կտեսնեմ, որ այդ մարդը քեզի կհետապնդե, եթե դուն զինքը չես հետապնդեր։

− Պարապ խոսք… արդեն ինք բացատրեց թե ինչու Հոֆմանին վաճառատունը կգտնվեր։

− Ինչո՞ւ համար…

− Կնոջը հետ եկեր է և կինը վարը գնումներու զբաղած ըլլալով, ինք վեր ելեր է անոր սպասելու համար։ − Դուն ալ հավատացի՞ր այդ ըսածին։

− Անշուշտ հավատացի… մանավանդ որ վար իջնելուս արդարև տեսա իր կինը։

Սաթենի տված այս բացատրությունն ալ շատ ճշմարտանման էր։ Վաճառականը այլևս նոր զենք մը չուներ գործածելիք, միայն թե տակավին կկասկածեր կնոջը անկեղծության մասին։

− Ենթադրենք, որ բոլոր ըսածներդ ճշմարիտ են,− ըսավ, − այն ատեն ինչո՞ւ համար քիչ մը առաջ իրողությունը ծածկեցիր և ըսիր, թե Հոֆմանի վաճառատան մեջ ոչ մեկ ծանոթի հանդիպած էիր…

− Ատոր բացատրությունն ալ շատ պարզ է,− պատասխանեց կինը, եթե Խոսրով էֆենտիի տեղ ուրիշ անձ մը ըլլար՝ անմիջապես պիտի ըսեի, բայց գիտեի, որ այդ անունը տալով անտեղի կասկածներ պիտի հարուցանեի մտքիդ մեջ, անոր համար զգուշացա․․․ բայց հետո խորհեցա, որ լավագույն էր ամեն բան անկեղծորեն ըսել, քանի որ դատապարտելի ոչ մեկ բան ըրած չէի։

− Ուրիշ անգամ չեմ ուզեր, որ այդ մարդուն հետ խոսք փոխանակես,− գոչեց վաճառականը։

− Արդեն զինքը տեսնելու առիթ չեմ ունենար երբեք։

− Երկու շաբթուն մեջ երկու անգամ տեսեր ես սակայն։

− Դիպվածը անանկ բերավ։

− Այդ դիպվածին իմ խելքս չի հասնիր կոր․․․

− Ի՞նչ, տակավին կկասկածի՞ս խոսքերոլս ճշմարտությանը վրա,− գոչեց կինը ինքն ալ այս անգամ բարկանալով,− կկարծե՞ս որ քեզ կխաբեմ կոր… մեղապարտ հարաբերություննե՞ր ունիմ Խոսրով էֆ-ի հետ… ըսե, այդ կասկածը ունի՞ս։

− Ես ատանկ բան չըսի։

− Ուրեմն ի՞նչ ըսել կուզես։

− Իմ փափաքս և ուզածս այն է, որ ուրիշներուն բերանը չիյնանք, ահա․․․

− Ոչ մեկուն բերանը ինկած ենք, ատ քու ենթադրությունդ է։

− Մեյ մը Շազիկին խոսքերը մտիկ ըրե։

− Այդ չլթիկին խոսքերո՞վը պիտի շարժինք։

Էրիկ կնիկ դեռ բավական շարունակեցին իրենց վեճը, միայն թե ոչ նույն սաստկությամբ։ Վաճառականը կտեսներ, որ իր ձեռքը եղած փաստերը շատ աննշան էին և անոնցմով կարելի չէր լրջորեն դատապարտել իր կինը։ Միայն թե կասկածը չէր փարատած։ − Պետք է հսկողությունը շարունակեմ,− կխորհեր,− մինչև որ բոլորովին համոզվիմ կնոջս անմեղության մասին, միայն թե հիմա որ կասկածներս իրեն հայտնեցի, շատ ավելի դժվար պիտի ըլլա այդ հսկողությունը, որովհետև իր զգուշությունները պիտի կրկնապատկե… իցիվ թե բան մը ըսած չըլլայի և սպասեի լավագույն առիթի մը։

Իսկ տիկին Սաթեն, իր կողմե, վրեժխնդրական ծրագիրներ կպատրաստեր Շազիկի դեմ, որ այլևս իր մահացու թշնամին դարձած էր։

− Իրեն պետք է հասկցնեմ, թե ի՞նչ ըսել է պատվավոր կնոջ մը պատվին հետ խաղալ,− կմտածեր։

Ամբողջ գիշերը երկու ամուսինները գրեթե անքուն անցուցին, այնքան ազդված էին փոխանակված խոսքերեն։

Տիկին Սաթեն օրերով տանեն դուրս չելավ, կրկնելով, որ չուզեր անհիմն կասկածներու տեղի տալ։

Ի վերջո ամուսինը ինք ստիպեց կնոջը, որ վերջ մը դնե այդ արգելափակ կյանքին, որ կրնար վնասել իր առողջության։

ԺԲ

Հինգշաբթի օր մը, կեսօրին, երբ Պողոս էֆենտի իր գրասենյակեն դուրս կելլեր ճաշի երթալու համար, խանին խահվեճին իրեն հանձնեց նամակ մը, ըսելով.

− Էֆենտի, հիմա բերին այս նամակը։

− Ո՞վ էր բերողը,− հարցուց Պողոս էֆենտին անտարբեր ձևով մը։

− Տղա մըն էր… ձգեց գնաց, պատվիրելով, որ ձեզի տամ անմիջապես, վեր պիտի բերեի, երբ դուք վար իջաք։

Պողոս էֆենտի նամակը առանց բանալու գրպանը դրավ։

− Ճաշարանը կկարդամ,− ըսելով մտովի։

Սակայն ճաշարանը մեկ քանի բարեկամներու հանդիպեցավ, որոնց սեղանակից եղավ ու հետերնին խոսակցության բռնվեցավ։

Երբ անոնք կերակուրը ավարտելով մեկնեցան ու ինք առանձին մնաց, հիշեց իրեն հանձնված նամակը, զայն գրպանեն հանեց, անփութորեն պահարանը պատռեց և սկսավ կարդալ։ Առաջին տողերեն իսկ խորին հուզում մը նկարվեցավ դեմքին վրա, գույնը նետեց ու ձեռքը թեթևորեն դողալ սկսավ։ Քանի ընթերցումը առաջ տարավ, հուզումը այնքան սաստկացավ։ Բարեբախտաբար շուրջի սեղաններուն քով ճաշողները մեկնած էին և ոչ ոք նշմարեց իր այս ներքին խռովքը։ Ընթերցումը ավարտելե ետքը, բարկությամբ նամակը ծալեց ու գրպանը դրավ, ձեռագիրը պահ մը քննելե ետքը։

Ահավասիկ նամակին պարունակությունը։

«Ազնվաշուք Պողոս էֆենտի,

«Իբրև անկեղծ բարեկամ և ձեր ընտանեկան պատիվին նախանձախնդիր անձ մը, հարկ կզգամ ձեզ իմացնելու, որ ձեր կինը անհավատարմության ճամփուն մեջ է։ Երբեք չպիտի ուզեի պարզ կասկածի մը վրա այսպիսի ամբաստանություն մը ընել. բայց ափսո՜ս, իրողությունը բացարձակ ճշմարտություն է և կրնամ ըսել, թե ես աչքովս իսկ տեսած եմ զայն։ Եթե դուք ալ կուզեք ականատես ըլլալ ձեր կնոջ անհավատարմական ընթացքին՝ այսօր, հինգշաբթի, ժամը երկուքին, գացեք Բերա Ասմալը Մեսճիտ փողոցը գտնվող Բ. Բասաժը և հոն 5 թիվ դուռը զարկեք և պարոն Աբգարը հարցուցեք։

«Վստահ եղեք, որ այս կերպով ամեն բան պիտի իմանաք և միևնույն ատեն թերևս միջոց մը պիտի գտնեք ձեր ընտանեկան պատիվը փրկելու։

«Չմոռնամ ըսելու, որ տակավին ոչ ոք գիտե ձեր գլխուն եկած փորձանքը, սակայն եթե այսպես շարունակվի՝ օր մը անշուշտ ամեն բան երևան պիտի ելլե և այն ատեն ձեր պատիվը բոլորովին արատավորվի։

«Ձեզ սիրող և հարգող բարեկամ մը, որ ստիպված է իր անունը առայժմ ծածկել, այդ դառն իրողությունը պետք տեսած է հաղորդել ձեզի»։

Նամակը ոևէ ստորագրություն չէր կրեր և ոչ իսկ կեղծ անուն մը։ Պողոս էֆենտի իզուր նամակը կրկին գրպանեն հանեց և մանրակրկիտ կերպով գիրը զննեց, չկրցավ բան մը հասկնալ։

− Խա՞ղ մըն էր արդյոք,− մտածեց,− թշնամական բա՞ն մը, առանց ոևէ հիման, պարզապես զիս գրգռելու համար…

Այս մտածումը զինքը պահ մը հանդարտեցուց։ Պողոս էֆենտի, մինչև այդ օր պատճառ չէր ունեցած կասկածելու իր կնոջ անհավատարմության մասին։ Բայց իր հանդարտությունը երկար չտևեց։

− Նամակը շատ որոշ գրված էր,− մտածեց,− նույնիսկ ցույց տված էր տեղ մը, ուրկե պիտի կրնամ ամեն բան իմանալ․․․ բայց ո՞վ է այս պարոն Աբգարը, որուն խոսքը կա նամակին մեջ։

− Այս ամենուն մեջ մեքենայություն մը կա,− մտածեց,− զոր պետք է երևան հանել… բայց ի՞նչ կերպով։

Երրորդ անգամը ըլլալով նամակը կարդաց։

− Այո՛, շատ որոշ գրված է,− խորհեցավ,− գուցե իրավցնե անկեղծ բարեկամ մըն է, որ ուզած է աչքս բանալ…

Լավագույն միջոցն է ցույց տրված տեղը երթալ։

Ժամացույցը նայեցավ։ Արդեն մեկ ու կեսն էր։

− Մինչև որ երթամ՝ ժամը երկուք կհասնի,− մտածեց։

Եվ ուղղվեցավ դեպի Թյունել։ Այս անակնկալ նամակը վրդոված էր իր ամբողջ էությունը և հետզհետե կարծես հուզումը կավելնար։

− Արդյոք իրա՞վ է,− կխորհեր,− Շազիկը ասանկ պատվի՞ս հետ կխաղա և ես ալ ապուշի պես բանե մը տեղեկության չունիմ․․․

Մտքին մեջ սկսավ փնտռել թե ո՞վ կրնար ըլլալ իր կնոջ սիրահարը։ Իր ծանոթներուն ոչ մեկուն վրա կասկած ուներ, մանավանդ որ Շազիկ իր ընթացքովը ամենափոքր կասկածանքի մը տեղի չէր տված։

− Եթե հակառակորդներս իմանան՝ ի՞նչ պիտի ըլլա վիճակս…

Ամենեն ավելի այս գաղափարը իր միտքը կչարչարեր։

− Նամակը թեև կհաստատե, որ տակավին մարդ չգիտեր, բայց տեսնենք ճի՞շտ է,− մտածեց։

Վերջապես՝ բոլոր այս մտատանջություններով տոգորված Պողոս էֆենտի հասավ նամակին ցույց տված հասցեին։ Տան դուռը բախելե առաջ ժամացույցը նայեցավ։

− Երկուքը տասն անցեր է,− ըսավ,− արդյոք ո՞ւշ մնացի։

Եվ զարկավ զանգակը։ Դուռը իսկույն բացվեցավ։

− Ո՞վ կուզեք,− հարցուց հույն կինը իր մայրենի լեզվով։

− Մյուսյու Աբգարը,− պատասխանեց Պողոս էֆենտի դողահար ձայնով մը։

− Առաջին հարկը, սանդուխին ձախ կողմի սենյակը կբնակի։

− Հիմա վե՞րն է։

− Այո՛, վերը սենյակն է։

Պողոս էֆենտի կամաց-կամաց վեր ելավ սանդուխեն։ Քանի կմոտենար իր նպատակին՝ այնքան հուզումը կսաստկանար։ Սենյակին դռան առջև հասնելով, թեթև մի հարվածեց։

− Մտեք,− ըսավ ներսեն ձայն մը։

Պողոս էֆենտի դուռը բացավ և ներս մտավ։ Աբգար ոտքի վրա կեցած էր։

− Հրամմեցե՛ք, Պողոս էֆենտի,− ըսավ վաճառականին։

Այս վերջինս ուշադիր զննեց երիտասարդը, հետո վարանոտ շեշտով մը ըսավ.

− Ներեցեք, ձեզ չեմ ճանչնար…

− Պարոն Աբգարն եմ,− պատասխանեց երիտասարդը։

− Այսինքն…

− Նամակի մեջ հիշված անձը։

− Նամակը դո՞ւք գրած եք։

− Ո՛չ, բայց այդ խնդիրը կարևորություն չունի,− փութաց պատասխանելու երիտասարդը,− ավելի կարևորը նայինք և մանավանդ ժամանակ չկորսնցունենք։

− Ի՞նչ ըսել կուզեք,− հարցուց Պողոս էֆենտի։

− Ձեր տիկինը այս ժամուս հոս է․․․

− Հո՞ս է մի,− գոչեց Պողոս էֆենտի բարկութենեն դողացող բարձր ձայնով մը։

− Կաղաչեմ, մի պոռաք, կրնան ձեր ձայնը լսել․․․

− Ո՞վ պիտի լսե,− հարցուց Պողոս էֆենտի ձայնը քիչ մը ցածցնելով։

− Նախ տիկին Շազիկ և հետո մյուսը… Այսինքն… իր բարեկամը, ձեր…

− Ո՞ւր են, ըսե՛ տեսնեմ, շուտ․․․

− Կաղաչեմ, հանդարտեցեք,− ըսավ երիտասարդը,− ասանկ ծանր պարագաներու մեջ պաղարյունությունը կորսնցնելու չէ։

− Բայց գիտես որ ինչ սարսափելի բան մըն է ըրածդ։

− Ափսո՜ս, գիտեմ,− պատասխանեց երիտասարդը, բայց․․․

− Եվ եթե սուտ կամ սխալ ըլլա ըսածներդ, ինչպե՞ս պիտի ազատիս ձեռքես։

− Այդ մասին տարակույս չունիմ… զուտ ճշմարտությունն է խոսածս,− պատասխանեց երիտասարդը ամենայն հանդարտությամբ։

− Ի՞նչ,− գոչեց Պողոս էֆենտի,− տակավին կհամարձակի՞ս ըսել, թե կինս կգտնվի իր սիրահարին հետը: Սուտ կխոսիս․․

− Բացարձակապես ճիշտ է ըսածս։ Պողոս էֆենտի բարկութենեն դողահար, դեպի դուռը վազեց, բացավ, դուրս սլացավ և գնաց դիմացի սենյակին դռան առջև և սկսեց ուժգնապես հարվածել զայն, մինչ Աբգար իր սենյակին դուռը կիսաբաց թողած՝ կդիտեր այս եղերական տեսարանը։

− Ո՞վ է ան,− լսվեցավ ներսեն առնական ձայն մը։

Պողոս էֆենտի ամբողջ մարմնով սարսռաց, ճանչցած էր ձայնը։

− Տիրա՛նն է,− ըսավ մտովի։− Տիրանը՝ իմ գրագիրս․․․

Հետո պոռաց.

− Բացեք դուռը…

− Ո՞վ է դուռը զարկողը,− կրկնեց ձայնը ներսեն։

− Բացեք։

Ոչ ոք մոտեցավ դռան։ Այն ատեն Պողոս էֆ. կատղած, բորբոքած, ուսովը սոսկալի հարված մը տվավ դռան և դուռը ճարճատմամբ բացվեցավ։

Տեսարանը, որ հանկարծ բացվեցավ խաբված ամուսնույն առջև՝ այնքան տպավորիչ էր, որ խեղճ մարդը ափիբերան մնաց։

Իր կինը, Շազիկը, կիսամերկ, բազմոցի մը վրա շփոթված ու շվարած վիճակի մը մեջ, տենդահար ձեռքով մը իր գուլպաները կհագներ, մինչ պարոն Տիրան, նույնպես հագուստները հանած, կշտապեր բանթալոնը հագնելու։

Պողոս էֆենտի այս տեսարանին հանդեպ րոպե մը լուռ մնաց, առանց կարենալ բառ մը արտասանելու։ Հետո խեղդուկ ձայնով մը պոռաց.

− Ի՞նչ է այս խաղքությունը…

Տիրան ու Շազիկ, առանց պատասխանելու, կշարունակեին հագնվիլ։

Պողոս էֆենտին, որ դուռը գոցած էր ու քայլ մը հառաջացած սենյակին մեջ՝

− Անամոթնե՛ր, խայտառակնե՛ր, պատիվս փարայի մը ըրիր,− կոռնար սպառնական ձևով ձեռքը բարձրացուցած։

Տիրան արդեն իսկ բանթալոնը հագած՝ վզնոցը կկապեր, հայելիին դիմաց անցած, իսկ Շազիկ կոշիկին կոճակները դնելու զբաղած էր։

− Քա՛, հիմա ի՞նչ երեսով մարդու երես պիտի նայինք,− գոչեց Պողոս էֆենտին, քայլ մըն ալ առաջ երթալով դեպի Շազիկի նստած բազմոցը։ Կինը առանց պատասխանելու այս նեղացուցիչ հարցումին՝ ոտքի ելավ և դիմեց դեպի աթոռ մը, որուն վրա դրված էր շրջազգեստը։

− Խո՞ւլ ես, քեզի կխոսիմ կոր,− պոռաց ամուսինը դողահար ձայնով մը։

− Ատանկ մի պոռար, հիմա տունինները ոտքի կելլան,− պատասխանեց կինը տարօրինակ հանդարտությամբ մը։

− Խերն անիծեմ տունիններուն…

− Ես քու պատվիդ համար կըսեմ կոր,− պատասխանեց Շազիկ,− ուզածիդ չափ պոռա, դուն խաղք կըլլաս…

Այս խոսքերը, զարմանալի բան, իրենց ազդեցությունը ունեցան։ Պողոս էֆենտի ձայնը ցածցուց և ավելի մեղմորեն ըսավ.

− Քա՛, սա ի՞նչ փորձանք էր գլխուս բերիր, սա ի՞նչ ի աղքաթյուն է… հիմա լսողները ի՞նչ պիտի ըսեն… քառասուն տարվան պատիվս մեկ փարայի ըրիր…

Հանկարծ նշմարեց Տիրանը, որ տենդային աճապարանքով մր իր ժաքեթը կհագներ։

− Ծո՛, ապերախտ,− գոչեց,– ասա՞նկ պիտի ընեիր ինծի…

− Էֆենտի, ի՞նչ ըրի որ,− կմկմաց Տիրանը։

Տահա ի՞նչ պիտի ընեիր, խայտառա՛կ, սրիկա՛… կորսվե՛ աչքիս աոջևեն, մեյ մըն ալ երեսդ չտեսնեմ…

Տիրան արդեն հագված էր։ Շուրջը նայեցավ ֆեսը գտնելու համար և զայն նշմարեց դարակի մի վրա։ Հանդարտաքայլ գնաց դեպի դարակը, ֆեսը առավ, վրայի փոշիները թոթվեց ձեռքով, գլուխը դրավ և դեպի դուռը ուղղվեցավ։

− Ո՞ւր կերթաս,− պոռաց Պողոս էֆենտի։

− Հրաման մը ունի՞ք,− կմկմաց մյուսը։

− Դո՛ւրս կորսվե…

Տիրան դուռը բացավ և աներևույթ եղավ։ Երբ այր ու կին առանձին մնացին, Շազիկ իր ամուսնույն դարձավ և հանդիմանական շեշտով մը ըսավ.

− Հավնեցա՞ր ըըածիդ։

− Հե՞,− գոչեց խեղճ մարդը շփոթած՝ իր կնոջ այս անակկալ հարցումեն։

− Հավնեցա՞ր ըրածիդ,− կրկնեց Շազիկ նույն շեշտով։

− Ի՞նչ ըրի որ…

− Դեռ ի՞նչ պիտի ընես, տունը տակնուվրա դարձուցիր։ − Ո՞ր տունը․․․

− Այս օտարականներուն մեջ կվայելե՞ր, որ գայիր պոռայիր, կանչեիր… ո՜վ գիտե ներս մտած ատենդ ալ ինչեր ըսիր…

− Բան մըն ալ չըսի,− պատասխանեց Պողոս էֆ.,− իմ ըսելուս պետք չէ մնացեր արդեն…

− Այստեղ ոչ ոք կճանչնա ինծի…

− Դուն անանկ գիտես,− պատասխանեց Պողոս էֆ., որ կամաց-կամաց իր հանդարտությունը գտնել վերսկսած էր։

− Ես իմ ըսածս գիտեմ…

− Մեյ մըն ալ դեմի սենյակը եղող մարդուն հարցուր տեսնենք…

− Դեմի սենյակը ո՞վ է որ…

− Չեմ գիտեր, երիտասարդ մը կար, ան ըսավ ինծի, որ դու ու Տիրան օլաճախը այս սենյակը կգտնվիք։

− Անունս տվա՞վ․․․

− Հրամմեր ես, անունդ տվավ, փոսթա՜լ,− գոչեց Պողոս էֆենտի հանկարծ կրկին բարկանալով։

Շազիկ դողահար ձեռքով մը իր արդուզարդը ավարտեց ու հայելիին դիմացը անցնելով գլխարկը դրավ։

− Քա հիմա սա եղածը մեր գեղին մեջ իմացվի նե, ի՞նչ պիտի ընենք․ գոնե ասիկա ալ չմտածեցի՞ր,− գոչեց Պողոս էֆենտի,− ինտոր պիտի ազատինք Սաթենին բերնեն։

− Դուն գործն ասանկ վելվելեի չի տաս նե՝ անիկա ո՞ւրկե պիտի իմանա եղածը․․․

Երկու ամուսիններուն միջև պահ մը լռություն տիրեց։ Կինը իր արդուզարդը ավարտած, ոտքի վրա կեցած էր, մինչ Պողոս էֆենտի խոշոր քայլերով սենյակը կչափչփեր խոր մտածումի մը մեջ թաղված։

Հայտնի էր, որ ծանր, վճռական որոշում մը տալու վրա էր։

Հանկարծ կեցավ ու շեշտակի կնոջը նայելով ըսավ.

− Հիմա ասկե պիտի ելլաս շիտակ մորդ տունը պիտի էրթաս…

− Ի՞նչ,– թոթովեց Շազիկ սարսափած։

− Մորդ տունը պիտի երթաս, մեյ մըն ալ ոտըդ իմ տուն չպիտի դնես․․․ հասկաա՞ր։

Եվ սպառնական կերպով ձեռը բարձրացուցած՝ ավելցուց․

− Շուտ կորսվե՛, եթե ոչ, ձեռքես գեշություն մը պիտի ելլա։ Եվ սակայն Շազիկ տեղեն չշարժվեցավ։ Հուզված, այլայլված սկսավ արտասվել։

− Կորսվե,− ոռնաց ամուսինը։

− Ներե՛,− գոչեց կինը, ծունկի գալով ու իր էրկան ոտքերուն փարվելով, բայց մյուսը բրտորեն ոտքի հարվածով մը զայն հեռուն հրեց։

Այն ատեն Շազիկ, գետնամած, սկսավ ավելի դառն հեծեծանք մը արձակել։

Պողոս էֆենտի նորեն սկսավ ման գալ սենյակին մեջ, առանց բառ մը արտասանելու։

Հետո կեցավ կնոջ դեմ և ակռաներուն մեջեն մռլտաց․

− Իմ ուշախի՞ս, Տիրանի հետ, անամո՜թ․․․ քա՛, այդ ապուրը պիտի ուտեիր նե՝ գոնե ինե մեծ, ինե հարուստ մեկու մը հետ ուտեիր…

Սկիզբեն ի վեր Պողոս էֆենտին տանջող մտածումը այս էր։ Եթե իր կինը գտնար «շնորհքով» մարդու մը հետ, հարուստ վաճառականի մը հետ, գուցե շատ շպիտի զգացվեր։

− Քա՛, ալ մարդ չգտար, այդ «յազըճիի» կտորի՞ն աչք տնկեցիր,− գոչեց բռունցքը բարձրացուցած,− քա՛, բնավ արժանապատվություն չունի՞ս դուն… լսողը ի՞նչ պիտի ըսե հիմա… Պողոս էֆենտիին կնիկը իրենց գրագիրը կսիրե եղեր… թո՛ւ անամո՛թ…

− Ներե՛, Պողոս էֆենտի,− կաղերսեր կինը, միշտ գետնամած։

− Ներելիք տեղ թողուցե՞ր ես… շուտ կորսվե, մորդ տունը դարձի՛ր… աչքս չտեսնա քեզի։

− Սըկե հունա չեմ երթար,− պատասխանեց Շազիկ հանկարծ ոտքի ելլելով ու իր պաղարյունությունը գտած։

− Ինչ հրամմեցի՞ր․․․

− Սըկե հուն ա չեմ երթար․․․

− Քու գլուխդ կջախջախեմ հիմա։

− Ինչ կուզես ըրե, ծեծե, մեռցուր, տեղ մըն ալ չեմ էրթար, ես իմ պատիվս ոտնակոխ չեմ ըներ։

− Սըվոր նայեցեք,− գոչեց Պողոս էֆ. սրտմտած,− դեռ պատվի խոսք կընե կոր…

− Հարկավ կընեմ, ես քեզի պես չեմ, որ իմ պատիվս ամենուն բերնին ծամոց ընել տամ…

– Քա ես ի՞նչ ըրած ունիմ, փոսթա՛լ…

− Տահա ի՞նչ պիտի ընես․․․ − Ամեն բան իմանալես ետքը ձայն չհանեի՞, տեղս նստեի՞։

− Թող ձայն հանեիր, բայց ոչ այս կերպով, պարապ տեղը խաղք եղար Տիրանին քովը… Աս եղածը մարդ չէր գիտեր՝ ամենուն իմացուցիր կամ կուզես կոր իմացնել։ Ըսենք որ խոսքդ մտիկ ըրե ու մորս քով դարձա, ամեն մարդ պիտի իմանա, որ քեզի կխաբեմ եղեր, Տիրանը կսիրեմ եղեր, և այլն, ի՞նչ պիտի շահիս ատկե․․․ ձայն չհանես նե՝ ամեն բան ծածուկ կմնա, քու պատիվդ ալ չվնասվիր․․․ ասանկ բաներ շատ ընտանիքներու մեջ կպատահին, բայց ձայնը դուրս չելլար… ատանկ փաթոտը հանելով գործ չտեսնվիր։

Պողոս էֆենտի առանց պատասխանելու մտիկ կըներ իր կնոջ պերճախոսության։ Կզգար, թե ճշմարտություններ կային ըրած դիտողություններուն մեջ և թերևս կարելի պիտի ըլլա ամեն բան ծածուկ պահել ու իր պատվին արատ մը չբերել։ Շազիկ տեսնելով իր ամուսինը լուռ կմնա՝ հասկցավ, որ խոսքերը ազդեցություն ընել կսկսեին ու ատկե քաջալերված՝ շարունակեց.

− Կխոստովանիմ, որ խալթ մըն էր ըրածս, հանցավոր եմ և թե անկեղծորեն ներում կխնդրեմ ու կխոստանամ մեյ մըն ալ ասանկ բան չընել… մյուս կողմե խիղճս հանդարտ է սակայն, որովհետև մինչև այսօր պատիվդ միշտ բարձր բռնած եմ…

− Տիրանին պես մեկու մը հետ։

− Որու հետ ըլլա՛, ըլլա՛, խնդիրը ան է, որ մարդ չէ իմացած։

− Չէ իմացած մի՜… չէ իմացած մի՜,− գոչեց Պողոս էֆ. դողահար ձայնով մը,− հապա ասիկա ի՞նչ է…

Ու գրպանեն անստորագիր նամակը առնելով նետեց իր կնոջը։

Շազիկ նամակը բացավ, կարդաց ու չկրնալով ուրիշ խոսք մը գտնել, քթին տակեն փսփսաց.

− Թշնամիի գործ է սա…

Հետո հանկարծ ավելցուց.

− Աբգարը ո՞վ է…

− Ես ի՞նչ գիտնամ, երիտասարդ մը… դիմացի սենյակը կնստի կոր ու ամեն բան տեղն ի տեղոք գիտե կոր… անոր բերանը ինչպե՞ս պիտի գոցենք։

− Նամակն ալ ան գրած ըլլալու է,− ըսավ Շազիկ,− հիմա ամեն բան կհասկցվի կոր… կերևա թե այդ երիտասարդը մեզ տեսեր ու ճանչցեր է ու ելեր քեզի իմաց տվեր է… − Կրնա ըլլալ,− պատասխանեց Պողոս էֆենտի,− բայց ի՞նչ հետևցնես ատկե։

− Պարզապես սա պիտի ըսեմ, որ պետք է երիտասարդին բերանը գոցել… այն ատեն խնդիրը կլմննա։

− Ինչպե՞ս…

− Չեմ գիտեր… թերևս դրամով։

Հիմա Պողոս էֆենտիին բարկությունը գրեթե բոլորովին անցած էր։ Կացությունը կդատեր չեզոք անձի մը պես, իբր թե խնդիրը իր վրա չդառնար։ Ամենեն շատ զինքը նեղացնող բանն էր հրապարակային գայթակղությունը, որ կրնար թե նյութապես և թե բարոյապես վնասել իրեն։ Եթե վստահ ըլլար, որ ամեն բան ծածուկ պիտի մնար, թերևս նույնիսկ ներեր իր կնոջը և մոռնար այդ դժնդակ իրողությունը։

− Վա՜յ, եթե Մարգար էֆենտիենց բերանը իյնանք,− ըսավ, դառնալով իր սևեռուն գաղափարին։

− Ուրկե՞ ուր պիտի իմանան,− պատասխանեց Շազիկ։

− Արդ, Տիրանը պիտի երթա ամեն բան պատմե։

− Երբեք, շատ ստորին արարած մը ըլլալու է, որ անանկ բան մը ընե։

− Զինքը վռնտելուս համար գուցե վրեժ լուծե։

− Բարկության միջոցին քիչ մը խիստ վարվեցար հետը, բայց վնաս չունի, անոր բերանը գոցելը դյուրին է, դուն ան գործը ինծի ձդե։

− Իսկ դեմի երիտասա՞րդը…

− Ահա՜ բուն խնդիրը։

− Արդյոք հիմա երթամ անմիջապես զինքը տեսնե՞մ…

− Կարծեմ լավագույն միջոցը այդ է։

Պողոս էֆենտի փոքրիկ վարանումե մը ետքը ըսավ իր կնոջը.

− Դուն մեյ մը ել տուն դարձիր տեսնեմ…

Շազիկ չափազանց գոհ՝ այսքան աժան ազատվելուն՝ անմիջապես սենյակեն դուրս ելավ և դեպի սանդուխը ուղղվեցավ։

Ամուսինը վայրկյան մը սպասեց, մինչև որ լսեց տան դռան բացվիլը և իր կնոջ հեռանալը, հետո սիկարեթ մը վառեց, քանի մը անգամ քաշեց և սենյակեն դուրս ելլելով գնաց Աբգարին սենյակին դուռը բախելու։

Բայց պատասխան չստացավ։ Կրկին բախեց, սակայն իզուր։ Դուռը բանալ փորձեց, կողպված էր։ − Մեկներ է, կերևա որ,− մտածեց։

Նույն միջոցին նշմարեց հույն կինը, որ զինքը աոաջին անգամ ընդունած էր։

− Մյուսյու Աբգարը իր սենյակը չէ՞,− հարցուց։

− Ո՛չ, դուրս ելավ,− պատասխանեց կինը։

− Շատո՞նց ի վեր է…

– Քառորդ ժամ մը կա։

Պողոս էֆ. ուզեց հարցուփորձել կինը, բայց նախ հարկ սեպեց ինքզինք ներկայացնելու։

− Գիտե՞ք ես ով եմ,− հարցուց։

− Չէ՛,− պատասխանեց մյուսը,− աոաջին անգամն է, որ ձեզ կտեսնեմ։

− Այս տեղեն դուրս ելլող կնոջ ամուսինն եմ։

− Գուշակեցի,− պատասխանեց կինը թեթև մը ժպտելով։

Հետո լուրջ կերպարանք մը առնելով, հարեց․

− Եթե գիտնայինք, որ գործերնիս ամուսնացած կնոջ հետ էր, երբեք սենյակը չէինք տրամադրեր իրեն, որովհետև այստեղ պատվավոր տուն մըն է և մեր տան տիրուհին չախորժիր, որ իր տանը մեջ անվայել բաներ պատահին։

− Այս սենյակը ո՞վ վարձած էր,− հարցուց Պողոս էֆ. հույն կնոջ հետ դառնալով այն սենյակը, ուր Շազիկ ու Տիրան գտնված էին։

− Ձեր տիկինը,− պատասխանեց մյուսը։

− Ի՞նք կվճարեր վարձքը։

− Այո,− կմկմաց կինը, որ կսկսեր նեղվիլ այս հարցաքննութենեն։

− Որչափ ատենե ի վեր սենյակը բռնած էր։

− Չեմ գիտեր․․․ ես ատանկ խնդիրներու մեջ խառնվիլ չեմ ուզեր։

Պողոս էֆենտի տեսավ կնոջ խոսելու մասին ցույց տված դժկամությունը և անոր լեզուն բանալու համար դիմեց ամենեն գործնական միջոցին։

− Առ սա ոսկին և տեղն ի տեղոք պատասխանե քեզի ընելիք հարցումներուս,− ըսավ՝ ոսկի մը սահեցնելով կնոջ ձեռքը, մի վախնար, ինչ որ ըսես իմ քովս պիտի մնա… միայն թե կուզեմ մի քանի տեղեկություններ ստանալ։

Ոսկին իր հրաշալի ազդեցությունը գործած էր արդեն։

− Իբրև ամուսին իրավունքնիդ է ամեն բան հասկնալ, եթե ուրիշ մեկը ըլլար՝ ոչ թե մեկ ոսկիով, այլ նույնիսկ տասը ոսկիով ալ բերանս չէի բանար, ու խոսք մը չէի ըսեր, բայց քանի որ դուք կնոջ ամուսինն եք, ձեր իրավունքն է ամեն բան գիտնալ… ես ամեն բանին շիտակը կխոսիմ։

− Շատ շնորհակալ եմ, նախ ըսե թե որչափ ատենե ի վեր սենյակը վարձած է կինս։

− Վեց յոթը ամիս կա,− պատասխանեց կինը մտովի հաշիվ մը ընելով։

− Շաբաթը քանի՞ անգամ կինս կուգար հոս։

− Մեկ անգամ… հինգշաբթի օրերը։

− Միշտ միևնո՞ւյն մարդուն հետ։

− Այո՛․․․

− Միասի՞ն կուգային։

− Չէ՛, ընդհանրապես ձեր կինը առաջ կուգար և քիչ ետքն ալ մյուսը… շիտակը ըսելու համար մեծ զգուշությամբ կվարվեին… երբեք միասին դուրս չէին ելլար… այլ զատ-զատ, կզարմանամ, որ հակառակ այս զգուշություններով դուք կրցեր եք ամեն բան իմանալ։

− Իսկ դիմացի սենյակը բնակող երիտասարդը ո՞վ է…

− Մյուսյու Աբգար է անունը։

− Գիտեմ, ի՞նչ գործ կընե։

− Կարծեմ վաճառականի քով գրագիր է․․․

− Ո՞ր վաճառականին քով։

− Չեմ գիտեր… արդեն դեռ նոր եկած է հոս, հազիվ ամիս մը կա։

− Ինք տեղեկություն ունե՞ր կնոջս ընթացքին մասին…

− Այո,−պատասխանեց կինը,− նույնիսկ անունով կճանչնար թե ձեր կինը և թե երիտասարդը և ինք մեզի ըսավ անոնց բուն անունը, անկե առաջ մենք տիկինը կճանչնայինք իբրև մատամ Մառի։ Չմոոնամ ըսելու, որ Աբգարը շատ կհետաքրքրվեր ձեր կնոջ և իր սիրահարին մասին… և ամեն հինգշաբթի ցերեկը իր սենյակը կմնար, անշուշտ զանոնք լրտեսելու համար… այդ երիտասարդը ինծի քիչ մը կասկածելի կերևա։

− Ինծի ալ այնպես,− պատասխանեց Պողոս էֆ․։

− Բայց դուք ի՞նչպես իմացաք ձեր կնոջ այս տան մեջ գտնվիլը։

− Անստորագիր նամակե մը… − Անպատճառ մյուսյո։ Աբգարը գրած ըլլալու է։

− Ատանկ կերևա… ասկե զատ ինք ընդունեց զիս սենյակը և ըսավ, թե կինս իր սիրահարին հետ դիմացի սենյակն է։

− Վա՛յ անպիտան… կվայելե՞ աս ըրածը։ Պարապ տեղ ձեր հանգիստը խռովեց այսպես։

− Կփափաքեի անգամ մը այդ երիտասարդին հետ տեսնվիլ։

− Չեմ կարծեր, որ կես-գիշերեն առաջ վերադառնա։

− Իսկ առտուները մինչև քանի՞ այստեղ է։

− Առտուները շատ կանուխ կմեկնի։ Եթե կուզեք, ձեր հասցեն ձգեցեք հոս, թող ինք գա ձեզ տեսնա։

Այս առաջարկը շատ լավ թվեցավ Պողոս էֆենտիին, որ թուղթի մը վրա իր հասցեն գրեց և հույն կնոջ հանձնեց։

Թաղական Խորհրդի ատենապետը այլևս գործ մը չուներ այս տան մեջ, ուստի մնաս բարով ըսելով մեկնեցավ և ուղղակի գնաց իր գրասենյակը։ Քանի մը ժամե ի վեր իր կրած հուզումները այնքան վրդոված էին զինքը, որ կարողություն չուներ գործերով զբաղելու։ Շազիկի արարքը միշտ կցցվեր իր երևակայության առջև՝ բոլոր անախորժ հետևանքներովը։

− Եթե գործը իմացվի՝ պատիվս փարայի մը պիտի ըլլա,– կմտածեր,− թաղին մեջ չպիտի կրնամ մնալ…

Այս պատահականությունն էր, որ ամենեն ավելի կխռովեր զինքը։

Եթե վստահ ըլլար, որ գործը բացարձակապես գաղտնի պիտի մնար՝ շատ հոգ չպիտի ըներ իր գլխուն եկած փորձանքին համար։

Պողոս էֆենտի, շատերու պես, անանկ համոզված էր, թե մարդուս պատիվը անարատ կմնա այնքան ատեն, որ հանրային կարծիքը առիթ չունենար զայն քննադատելու։

Ժամերով, գրասենյակին մեջ խորհեցավ գործը գաղտնի պահելու միջոցներուն վրա։

Շատ վախ չուներ հույն կնոջմե, որ իբրև օտարական անշուշտ չէր կրնար հետաքրքրվիլ իրմով և կամ պատմությունը տարածել հոս ու հոն։ Խնդիրը Աբգարն ու Տիրանը լռեցնելուն վրա էր։ Առաջինը թերևս կարենար դրամի ուժով իր կողմը շահիլ, իսկ Տիրա՞նը…

Ահավասիկ խնդիրը, իրավ է, որ Շազիկ հավատացած է, որ իր սիրահարը լուռ պիտի մնար, բայց այս հավաստումը կատարելապես չէր վստահեցներ Պողոս էֆ-ի։ Մեկ միջոց մը կա Տիրանին լեզուն բերանը գոցելու, կմտածեր, այն է՝ զինքը դարձյալ իր պաշտոնին մեջ պահել։

Այս բանը անշուշտ շատ ծանր կուգար իրեն, և նախ՝ իբրև անկարելի նկատեց, բայց հետո կամաց−կամաց ընտելացավ այս գաղափարին։

Եթե զինքը ճամփեմ, առանց իր գործին մեջ որոշ հանցանք մը ըլլալու, խորհեցավ, ամենուն և մանավանդ իմ մյուս պաշտոնյաներուս ուշադրությունը պիտի գրավե և ով գիտե ինչ մեկնություններ պիտի տան։

Մյուս կողմե Տիրան, որպեսզի իր հավատարմության մասին կասկածներ չըլլան, թերևս պիտի ուզե բուն իրողությունը ըսել, ցույց տալու համար, թե բոլորովին տարբեր պատճառով մը ճամփված է քովեն․․․

Այս մտածումներով տոգորված Պողոս էֆ. մեկնեցավ գրասենյակեն և դեպի տուն դիմեց։

Երբ հասավ իր բնակարանը, առաջին անգամ կինը հարցուց իր սպասուհիին։

− Հանըմս քիչ մը անհանգիստ էր, պառկեցավ,− պատասխանեց սպասուհին,– և ըսավ, որ կերակուր չպիտի ուտե։

− Ի՞նչ ունի,– հարցուց Պողոս էֆ.։

− Գլուխը կցավի կոր…

Արդարև Շազիկ իր կրած հուզումներեն քիչ մը հիվանդացած էր և տուն հասնելեն ետքը սենյակը քաշված ու անկողին մտած էր։

Պողոս էֆենտի գոհ եղավ կնոջը այս անհանգստութենեն։ Անոր հետ երես առ երես գտնվիլը շատ ախորժելի չպիտի ըլլար այս միջոցիս։ Մանավանդ որ կվախնար թե՝ իր պաղարյունությունը չպիտի կրնար պահել ու անախորժ տեսարաններ պիտի պատահեին տան մեջ։

Առանձին ճաշեց և հետո, իր սովորության համեմատ, սկսավ օրվա թերթը աչքե անցանել։

Այս ընթերցումի մեջ թաղված էր, երբ սենյակին դուռը բացվեցավ և ներս մտավ Մկրտիչ աղա, Թաղական Խորհրդի իր պաշտոնակիցը։ Պողոս էֆենտի թերթը մեկ կողմ դրավ իր բարեկամը ողջունելու համար։

− Բարի եկաք, հրամմեցե՛ք, նստեցե՛ք,– ըսավ թիկնաթոռ մը ցույց տալով։ Մկրտիչ աղա նստավ։ Չափազանց հուզված ու այլայլված դեմք մը ուներ, զոր վաճառականը չնշմարեց։

− Առանձի՞ն եք,− հարցուց։

− Այո,− պատասխանեց Պողոս էֆ․։

− Տիկինը հոս չէ՞։

− Հոս է, բայց քիչ մը անհանգիստ է…

Երկու բարեկամներուն միջև պահ մը լռություն տիրեց։ Մկրտիչ աղա նեղված կերպարանք մը ուներ և հետզհետե իր հուզումը կավելնար։ Պողոս էֆենտի նշմարեց ասիկա…

− Ի՞նչ կա,− հարցուց,− վրանիդ տարօրինակ վիճակ մը կտեսնեմ կոր…

− Այսինքն, այո՛, քիչ մը հուզված եմ,− կմկմաց։

− Ինչո՞ւ համար, մեկու մը հետ խնդի՞ր մը ունեցաք․․․

− Չէ՛, միայն թե… քիչ մը առաջ…

Եվ թաղականը լռեց, առանց խոսքը ամբողջացնելու։

− Ի՞նչ կա, խոսե՞ տեսնենք,− պնդեց Պողոս էֆենտի, որ չէր հասկնար իր բարեկամին վարանոտ ընթացքին պատճառը։

− Շիտակը, Պողոս էֆենտի, չեմ համարձակիր կոր․․․

− Ի՞նչ բանի վրա է խնդիրը։

− Խնդիրը ձեր անձին վրա է… թեև չէի ուզեր ասանկ գործերու խառնվիլ, բայց մյուս կողմեն լռելն ալ անկարելի է, մանավանդ որ խոսքը ամենուն բերանն է և կզարմանամ, որ դեռ ձեր ականջը չէ հասած։

− Աստծու սիրույն, ի՞նչ է աս, խոսե՛, մենք ալ հասկնանք։

Ճանըմ, պարզապես զրպարտություն մը, ով գիտե որ սրիկան մեջտեղ նետեր է… բայց անանկ մանրամասնություններով կպատմվի կոր…

Պողոս էֆենտի հանկարծ թեթև մը տժգունեցավ։ Զգաց թե խնդիրը ինչ բանի շուրջը կդառնա և դողահար ձայնով մը հարցուց.

− Իմ ընտանեկան պատիվի՞ս վերաբերյալ բան մըն է։

− Այո՛․․․ ճիշտ գուշակեցիք,− պատասխանեց մյուսը։

− Պատմե տեսնենք… դարձյալ Մարգար էֆենտիի փեշին տակեն ելած բան մը պիտի ըլլա։

− Ինծի ալ անանկ կուգա,− պատասխանեց Մկրտիչ աղա։

Պողոս էֆենտի սիկարեթ մր վառեց, հատ մըն ալ իր բարեկամին տվավ և իր պաղարյունությունը պահելու համար հզոր ճիգ մը ընելով հարեց.

− Պատմե նայինք սա լսածներդ։

− Պողոս էֆենտի, գիտցած ըլլաս, որ ես այդ ըսածներուն բնավ չհավատացի։

Ճանըմ, ես գիտեմ ատանկ ըլլալը… դուն պատմե տեսնենք։

− Այսօր ձեր տիկինը Բերա գնա՞ց,− հարցուց Մկրտիչ աղա։

− Այո՛, գնաց,− կմկմաց Պողոս էֆենտի,− էյ ատկե ի՞նչ կելլա։

− Իբրև թե տուն մըն է եղեր, դուք ալ վրա հասեր եք… հոն ձեր պաշտոնյան կա եղեր… անունն ալ ըսին, մյուսյու Տիրան…

Պողոս էֆենտի ամբողջ մարմնով սարսռաց։ Գերմարդկային ճիգ մը ըրավ իր պաղարյունությունը պահելու համար, հետո դողահար ձայնով մը հարցուց.

− Ուրիշ ի՞նչ լսեցիր։

Ճանըմ, կարգ մը մանրամասնություններ․․․ իբր թե դուն նամակ մը առեր ես եղեր, ատկե իմացեր ես, թե տիկինն այսինչ տունն է մյուսյու Տիրանին հետ, հոն գացեր ես, հոն երիտասարդ մը կա եղեր Աբգար անունով, անիկա քեզ ընդուներ է և ցույց տվեր է այն սենյակը՝ որտեղ․․․ տեսակ-տեսակ խոսքեր, էֆենտիմ, որ մեկը ըսեմ… նորեն կկրկնեմ, ես բնավ չհավատացի, բայց ուզեցի որ ձեզի ըսեմ, որպեսզի գիտնաք… թաղին մեջ ամենուն բերանն է։

− Բայց ո՞վ է այս բաները ըսողը։

− Ես ընկեր Կայծունիեն իմացա․․․ բայց ուրիշներն ալ նույն բանը պատմեր են… կերևա, որ խոսքը Մարգար էֆենտիին տունեն ելեր է… Այդ Աբգար ըսված երիտասարդը հոն եղեր է։

− Ո՞ւր է եղեր,− գոչեց Պողոս էֆենտի։

− Մարգար էֆենտիի տունը։ Դուն ատանկ երիտասարդ մը կճանչնա՞ս։

− Չէ՛, չեմ գիտեր կոր,− պատասխանեց Պողոս էֆենտի։

− Ես արդեն ըսի, որ ծայրե ի ծայր սուտ ըլլալու է։

− Այդ Աբգարը դուն տեսա՞ր։

− Չէ՛, բայց Կայծունին ըսավ, որ անկե լսեր է պատմությունը։ Այս աստիճան ալ սուտ կըլլա՞։

Պողոս էֆենտի ոտքի ելավ, սենյակին մեջ պահ մը շրջեցավ, սիկարեթ մը վառեց և հետո հարցուց. − Այդ Աբգարը ի՞նչ գործ ունի եղեր Մարգար էֆենտիին տունը։

− Կարծեմ իրեն մեկ հեռավոր ազգականն է եղեր։

− Հե՞,− գոչեց Պողոս էֆենտի, այս նոր հայտնութենեն սարսափած։

− Կայծունին այնպես ըսավ․․․ բայց տեսնենք իրա՞վ է, դուն ատանկ մարդ չես ճանչնար եղեր, ուրեմն բոլոր այս պատմությունը ոևէ հիմք չունի։

− Ա՜… չեմ ճանչնար,− պատասխանեց Պողոս էֆենտի,− բայց…

− Կտեսնեմ, որ պարապ տեղը ձեզի իրար անցուցի, եթե գիտնայի, որ այսքան պիտի հուզվիք՝ րնավ խոսք չէի բանար,− ըսավ Մկրտիչ աղա։

− Այդ Աբգարը անգամ մը չե՞նք կրնար տեսնել,− ըսավ Պողոս էֆենտի առանց իր բարեկամին խոսքերուն ուշադրություն դարձնելու։

− Իրով որ չեմ գիտեր, թե ինչպես կարելի է… բայց ի՞նչ օգուտ այդ երիտասարդը տեսնելեն։

− Այսինքն կուզեի հասկնալ, թե ի՞նչ նպատակի համար այս խոսքերը կտարածե կոր։

− Ատիկա շատ պարզ է, պարզապես թշնամության համար։

− Բայց ես այդ տղուն հետ բան մը չունիմ։

− Ըսի ձեզի, որ Մարգար էֆենտիի ազգականն է եղեր, ասիկա բավական է ամեն բան բացատրելու։

Պողոս էֆենտի չպատասխանեց։ Խորին մտածումի մեջ թաղված կթվեր։ Մկրտիչ աղա զղջացած էր գալուն և այդ խոսքերը բանալուն։ Ինք կենթադրեր, թե ըսվածները զրպարտություններ էին ե թե Պողոս էֆենտի պիտի կրնար զանոնք մեկ բառով հերքել, իսկ հիմա կտեսներ թե, ընդհակառակը, իր բարեկամը ոչ թե կարող չէր եղածը հերքելու, այլ նույնիսկ գրեթե պատմության ճշմարտությունը կհաստատեր իր հուզված ու շփոթված կերպարանքովը։

− Կերևա, որ բոլոր իմացածներս ճիշտ են,− խորհեցավ Մկրտիչ աղա և այս մտածումը զինքը խորապես վրդովեց։

Կամաց մը ոտքի ելավ և մեկնելու պատրաստվեցավ, սակայն Պողոս էֆենտի ձեռքի շարժումով մը կեցուց զինքը։

− Նստե՛, կաղաչեմ։

Թաղականը նստավ։ − Կներես, շատ հուզված եմ,− ըսավ Պողոս էֆենտի,− անոր համար թերևս էվել պակաս խոսքեր ըսեմ, ուստի կխնդրեմ, որ իբրև մտերիմ և ճշմարիտ բարեկամ մեր փոխանակած խոսքերը բոլորովին ծածուկ մնան։

− Այդ մասին կատարելապես վստահ կրնաս ըլլալ իմ մասին։

− Այս միջոցիս քեզ իբրև եղբայր նկատելով է, որ կխոսիմ։

− Շնորհակալ եմ ձեր ցույց տված վստահութենեն։

− Հիմա ինծի մտիկ ըրե,− ըսավ Պողոս էֆենտի դողահար ձայնով մը,− քիչ մը առաջ ինչ որ պատմեցիր, ամենքն ալ կետ առ կետ ճիշտ են…

− Ի՜նչ կըսեք, Պողոս էֆենտի,− գոչեց Մկրտիչ աղա այս հայտնութենեն այլայլած։

− Այո՛, բարեկամ, ճիշտ են… ի՞նչ հարկ կա ուրանալու, քանի որ ամեն բան երևան ելած է արդեն։

− Երբեք չէի կրնար հավատալ, որ տիկինը…

− Ես ալ այնպես, բայց իրողությունը այս է։ Հիմա կմնա դարման մը խորհիլ, գայթակղության առաջքը առնելու համար։ Իբրև անկեղծ բարեկամ ի՞նչ խորհուրդ կուտաս ինծի։

Մկրտիչ աղա անմիջապես չպատասխանեց, պահ մը խորհեցավ, հետո ըսավ.

− Խնդիրը այնքան ծանրակշիռ է, որ կարելի չէ թեթևորեն վճիռ մը տալ։

− Ես ալ նույն բանը կխորհիմ, բայց վերջապես այս վիճակին դարման մը պետք է գտնել։

− Դուք հարկավ դարման մը խորհեցաք… նախ ի՞նչ կարգադրություն պիտի ընեք ձեր կնոջ մասին։

− Մինչև հիմա այդ մասին բան մը չեմ որոշած,− պատասխանեց Պողոս էֆենտի միամտորեն։

− Արդարև դժվար կացություն,− ըսավ Մկրտիչ աղա, որ ինքն ալ կարող չէր ոևէ միջոց մը գտնել իր բարեկամը փրկելու համար այս փորձանքեն։

− Ես կուզեի խնդիրը ծածկել, բայց հիմա կտեսնամ, որ կարելի չէ այդ բանը… հազիվ քանի ժամ անցած արդեն ամեն բան իմացվեր է թաղին մեջ։

− Այո, և ասոր համար կարծեմ առաջուց կարգադրություն եղած է… ինձի անանկ կուգա, որ Աբգարը և Մարգար էֆենտին միասին պատրաստած են այս ամենը։ − Անա՞նկ կկարծես։

− Անոր տարակույս չունիմ։

− Այն ատեն անկարելի է գործը ծածկել։

− Քեզի սաչափը ըսեմ, որ Կայծունիին քով տեսա քեզի գրված նամակին օրինակը։

− Վա՜յ, շունշանորդի,− գոչեց Պողոս էֆ.,− վա՜յ, շունշանորդի, այս ի՞նչ ծուղակի մեջ ձգեցին ինծի։

− Ինծի անանկ կուգա, որ այս խնդիրը անուշ տեղը կապելու մեկ միջոց մը կա,− ըսավ Մկրտիչ աղա։

− Ո՞րն է…

− Սա Թաղական Խորհրդի պաշտոնեն ինքնաբերաբար քաշվելու ես։

− Ատիկա ի՞նչ հարաբերություն ունի այս խնդրին հետ։

− Ընդհակառակը, ամեն բան ասկե ծագում առած է,− պատասխանեց Մկրտիչ աղա, ես վստահ եմ, որ եթե այս թաղականի խնդիրը չըլլար՝ հիմա այս խոսքերը մեջտեղ չպիտի գային…

− Թերևս իրավունք ունիս,− ըսավ Պողոս էֆ.,− այս խնդրին համար Մարգար էֆ−ն ինծի թշնամի ըրի։

− Ու ասկե առաջ եկան բոլոր մյուս խնդիրները…

− Բայց եթե ես հիմա կեցած տեղս հրաժարական տամ՝ ամեն ըսվածները ընդունած պիտի ըլլամ, ատ ալ պատվիս արատ կբերե։

− Անանկ է, Պողոս էֆենտի։ Կրնաս պատրվակ մը գտնել և հրաժարիլ…

− Ինչպե՞ս։

− Օրինակի համար՝ ուրիշ թաղ մի կփոխադրվիս, այն ատեն, արդեն ըստ օրինի չես կրնար այս թաղին մեջ Թաղական Խորհրդի անդամ ըլլալ և բնականաբար կստիպվիս հրաժարական տալու։

− Ըսածդ շատ իրավացի է, բայց պետք է, որ դեռ մտածեմ այդ մասին,− պատասխանեց Պողոս էֆենտի։

Հետո երկու բարեկամները ընդ երկար խոսեցան տակավին խնդիրը կարելի եղածին չափ ի նպաստ իրենց կարգադրելու կարևորության մասին։ Կես գիշերին մոտ Մկրտիչ աղա հրաժեշտ տվավ և մեկնեցավ կրկին խոստանալով, որ կատարյալ գաղտնապահությամբ պիտի վարվի։

− Մկրտիչ աղա,− ըսավ Պողոս էֆենտի իր բարեկամը ճամփու դնելով, անձնական պատիվս է, որ ձեզի կվստահիմ կոր․․․ Այս տեսակ դժվարին պարագաներու մեջ է, որ ճշմարիտ բարեկամներ կճանչցվին։

− Անանկ է, Պողոս էֆենտի։

ԺԳ

Կարպիս Նիզակ էֆենտի իր տեղեկագիրը ավարտած և մատուցած էր Վարչության։ Ք. թաղի խնդիրը բավական հետաքրքրություն շարժած ըլլալով՝ թերթերու լրաբերները իրար անցած էին այդ կարևոր վավերաթուղթը ձեռք անցնելու և իրենց թերթերուն հաղորդելու համար։ Եվ սակայն տեղեկագիրը որոշված էր չհաղորդել թերթերուն մինչև «ցնոր տնօրինություն»։

Պարոն Նշանիկ, որ իմացած էր տեղեկագրին Վարչության մատուցվիլը, ուղղակի դիմեց նախ Խառն Ժողովի քարտուղարին։

− Ք. թաղի խնդրին մասին Կարպիս էֆ. Նիզակի տեղեկագիրը ընդունա՞ծ եք,− հարցուց։

− Այո՛, Վարչությունը ընդունած է,− պատասխանեց քարտուղարը։

− Մեկ օրինակը չպիտի՞ հաղորդեք մամուլին։

− Չէ՛, Ժողովը որոշեց թերթերուն չհաղորդել։

− Դուք տեղեկագիրը կարդացի՞ք։

− Բնականաբար… ես չկարդամ ո՞վ պիտի կարդա։

− Գոնե իմաստը ըսեք ինծի։

− Անկարելի է… բառ մը չեմ կրնար ըսել։

− Գոնե եզրակացությունը…

− Բառ մը չեմ կրնար ըսել։

− Երկու խոսքով բացատրեցեք, ցրելու համար չէ, միայն թե ես գիտնամ, պարզ հետաքրքրություն մը։

− Չըլլար, էֆենտիմ, չըլլար, բացարձակ գաղտնիք է,− պատասխանեց քարտուղարը, պարագային պահանջածեն ավելի լուրջ կերպարանք մը առնելով։

Նշանիկ հասկցավ, որ անկարելի էր ավելի պնդել, ուստի թողուց քարտուղարը և հեռացավ ժողովասրահեն։

Նրբանցքին մեջ հանդիպեցավ Գաբիկ Մուպաշիրյանի, որ բալթոյին գրպաններուն մեջ թղթերու ծրար մը լեցուցած կհառաջանար։ − Բարև, Գաբիկ էֆ.,− ըսավ պարոն Նշանիկ մոտենալով Ազգային ժողովի քարտուղարին,− ինչպե՞ս եք։

− Աղե՛կ,− պատասխանեց Գաբիկ փոքրիկ բարև մը տալով։

− Տերեկագիրը եկե՞ր է։

− Ի՞նչ տեղեկագիր,− հարցուց Մոլպաշիրյան, որ արդեն հասկցած էր թե խնդիրը ինչ բանի համար է։

Ճանըմ, Կարպիս էֆ. Նիզակի տեղեկագիրը, Ք. թաղի խնդրի վրա…

− Այ^ո՛, տեղեկագիրը եկած է Վարչության և Վարչությունը նկատողության առած է զայն։

− Գիտեմ, ամեն բան իմացա, միայն թե դժբախտաբար չուզեցի հանձնել մամուլին…

− Բնականաբար, սովորությունը այն է, որ այս տեղեկագիրները չեն հանձնվիր մինչև որ խնդրո առարկա եղող մարմիններուն չի հաղորդվի։

− Բայց ես արդեն իմացա տեղեկագրին եզրակացությունը։

− Կրնա ըլլալ…

− դուն ալ իմացած ես անշուշտ։

− Սանկ մեյ մը աչքե անցուցի։

− Կերևա, որ Թաղական Խորհուրդը հանցավոր կհանե կոր․․․

− Վա՞յ,− հարցուց Գաբիկ Մուպաշիրյան թեթև ժպիտով մը։

− Դուն ալ այնպես չդատեցի՞ր։

− Ես շիտակը հարևանցի կերպով կարդացի․․․ բայց դուն կերևա, որ ավելի ուշադրությամբ կարդացած ես,− պատասխանեց Ազգային Ժողովի քարտուղարը աննշմարելիորեն հեգնական շեշտով մը։

− Տեղեկագիրը չտեսա, միայն լսեցի, որ տրվեր է,− խոստովանեցավ խմբագիրը,− գոնե եզրակացությունը ըսե…

− Եզրակացությունը սա է, որ խնդիրը պարզապես թյուրիմացության մը արդյունք է։

− Ո՞ր կողմն է հանցավորը․․․

− Ուշադրությամբ չկարդացի,− պատասխանեց Մուպաշիրյան,− ես այդ տեսակ չնչին խնդիրներով չեմ հետաքրքրվիր․․․ քանի մը օր սպասե, անշուշտ տեղեկագիրը մամուլին պիտի հաղորդվի, այն ատեն ամեն բան կիմանաս… մնա՜ս բարով, Մազարյան էֆենտին զիս ուզեր է, հոն պիտի երթամ։ Եվ Ազզային Ժողովի քարտուղարը հեռացավ իր երկար հասակը մեկ կողմ ծռած, Բիզայի ծանոթ աշտարակին պես։

Նշանիկ քթին տակեն մռլտաց.

− Ամեն բան գիտե, բայց ըսել չուզեր, որպեսզի վաղը իրիկուն իր թերթին մեջ առաջին անգամ ինքը տա լուրը․․․

Արդարև Գաբիկ էֆենտի կաշխատակցեր երեկոյան թերթի մը, որուն ազգային լուրերը կխմբագրեր։

Այն մտածումը, թե տեղեկագրին պարունակությունը ուրիշ թերթ մը առաջին անգամ պիտի տար՝ ավելի կատղեցուց «Հանրային Կարծիք»-ի խմբագիրը։

− Այս աեղեկագիրը անպատճառ սլետք է ձեռք ձգեմ,− խորհեցավ։

Բայց ի՞նչպես… ահա խնդիրր։ Կրկին վերադարձավ Խորհրդարան։ Վարչության անդամները արդեն մեկնած կին, միայն քարտուղարր մնացած էր, որ թուղթերը կարգի կդներ ու մեկիկ-մեկիկ կտեղավորեր խոշոր պայուսակի մը մեջ։ Գողունի քայլերով կամաց մը մոտեցավ անոր առանց նշմարվելու։

Քարտուղարը՝ գետնին ծռած կջանար խոշոր տետրակ մը տեղավորելու պայուսակին մեջ։

Խմբագիրը, հանկարծ, սեղանին վրա նշմարեց Կարպիս էֆենտի Նիզակի տեղեկագիրը։

Սադայելական ժպիտ մը նկատվեցավ դեմքին վրա։ Շունչը կտրած և ոտքին մատերուն վրա կոխելով՝ քայլ մը առավ դեպի սեղանը և ձեռքը երկարելով տեղեկագիրը վերցուց և աճապարական ճարպիկությամբ մը սահեցուց գրպանին մեջ։ Հետո կամաց դեպի դուռ ուղղվեցավ և անհայտ եղավ։

Այս ամեն գործողությունները հազիվ երկու վայրկյան տևած էին։ Վարչության քարտուղարը բան մը չէր նկատած։

Նշանիկ հաղթականորեն անցավ նրբանցքեն, սանդուխներեն արագ-արագ վար սահեցավ և ինքզինքը եկեղեցիին բակը նետեց։

Վայրկյան մը ետքը արդեն թրամվայի ճամփան հասած էր և գրեթե վազելով կամուրջը կդիմեր։

Երբ խմբագրատուն հասավ, դեմքը կճառագայթեր ուրախությամբ։ Շիտակ գնաց իր տնօրենին մոտ, որ սեղանի մը առջև նստած՝ դրամ համրելու վրա էր։

− Նշանավոր բան մը ձեռք ձգեցի,− ըսավ թուրքերեն լեզվով։

− Ի՞նչ է, տեսնենք,− հարցուց մյուսը առանց իրար անցնելու։ − Տեղեկագիր մը, որ գաղտուկ կպահեին կոր և որու մասին չուզեցին բան մը հաղորդել մամուլին։

− Ի՞նչ տեղեկագիր է․․․

Ճանըմ, Ք. թաղի խնդրին վրա Կարպիս Նիզակ էֆ-ի տեղեկագիրը…

− Ատ է նե՝ բան մը չէ, ես ալ կարևոր բան մը կարծեցի,– պատասխանեց տնօրենը,− ինչ կարևորություն ունի Ք. թաղի խնդիրը։

− Էֆենտի, ի՞նչ կըսես, օրվան ազգային հարցն է, մյուս թերթերուն խմբագիրները այնչափ աշխատեցան ձեռք ձգելու համար, չհաջողեցան, բայց ես կամաց մը Վարչության սեղանին վրայեն գողցա․․․ քարտուղարին քթին տակ։

− Այդ տեսակ տեղեկագիրները փոր չեն կշտացներ,− պատասխանեց մյուսը, փարայա պագալըմ

− Վաղը մենք միայն լուրը պիտի տանք ամենեն առաջ։

− Կկարծե՞ս, որ թերթը ատոր համար հազար օրինակ ավելի պիտի ծախվի…

Նշանիկ տեսնելով, որ իր արարքը պետք եղածին չափ չգնահատվիր իր տնօրենին կողմե՝ դժգոհությամբ մեկնեցավ ու վեր խմբագիրներուն սենյակը գնաց։

− Տղա՛ք,− գոչեց,− Կարպիս Նիզակին տեղեկագիրը ձեռք անցուցի, վաղը առաջին անգամ մենք պիտի հաղորդենք անոր պարունակությունը։

Եվ մանրամասնորեն պատմեց, թե ինչպես հաջողած էր այդ ծածուկ սահմանված վավերաթուղթը ձեռք ձգել։

− Գաբիկ Մուպաշիրյանին գլխուն պաղ ջուր մը պիտի իջնա, երբոր վաղը առտու մեր թերթին մեջ կարդա Նիզակ էֆենտիի տեղեկագիրը։

− Ինչո՞ւ համար,− հարցուց խմբագիրներեն մին։

− Որովհետև ինք գիտեր կոր անոր պարունակությունը և չուզեց ինծի հայտնել, որպեսզի վտղը իրիկուն ինք հաղորդե ամենեն առաջ։

Եվ Նշանիկ զվարթորեն տեղեկագիրը բացավ և սկսավ ուշի ուշով կարդալ։

− Ծայրե ի ծայր հրատարակելու է ասիկա,− վճռեց,− շատ կարևոր է․․․ − Որչա՞փ տեղ կբռնե,− հարցուց գլխավոր խմբագիրը, որուն հանձնված էր թերթին պարունակության հսկելու պաշտոնը։

− Երեք սյունակի չափ կըլլա։

− Անկարելի է ուրեմն, մեկ տեղեկագրի համար այնքան տեղ չենք կրնար զոհել։

− Բայց շատ կարևոր է։

− Չըլլա՛ր,− վճռեց մյուսը, համառորեն,− միայն իմաստը գրե, ազգային լուրերու մեջ, քսան-քսանըհինգ տողով։

Նշանիկ պնդեց, որ տեղեկագիրը ամբողջովին հրատարակվի, բայց անկարելի եղավ մյուս խմբագիրը համոզել։

Թերթին մեծ մասը շարված էր արդեն և տակավին շատ մը կարևոր լուրեր կային, որոնք անպատճառ պետք է հրատարակվեին։

Խեղճ լրաբերը ստիպվեցավ տեղի տալ այս նյութական դժվարություններուն հանդեպ և գոհացավ համառոտելով իր թանկագին տեղկագիրը։

Հետևյալ առտու «Հանրային Կարծիք»-ի ագգայինն լուրերու գլուխը կկարդացվեր հետևյալը։

Ք. ԹԱՂԻՆ ԽՆԴԻՐԸ

«Ք․ թաղին ծանոթ խնդրին մասին Կարպիս Նիզակ էֆ-ի պատրաստած տեղեկագիրը երեկ մատուցվեցավ Վարչության։ Թեև կատարված քննության արդյունքը որոշված էր խիստ ծածուկ պահել մինչև խնդրին վերջնական կարգադրությունը և մամուլին ոևէ լուր չի հաղորդել Նիզակ էֆ-ի տեղեկագրին մասին՝ այսուհանդերձ մենք հաջողեցանք սույն գաղտնի տեղեկագիրը ձեռք անցնել, որով թերթերուն մեջ առաջինն ըլլալով կրնանք մեր ընթերցողներուն ծանոթություններ տալ Նիզակ էֆ-ի քննության արդյունքի նկատմամբ։

«Կարպիս Նիզակ էֆ․ նախ խնդրին պատմականը ընելով դատապարտելի կգտնե ժամկոչ Վարդանը, որ տիկին Շազիկի աթոռը բերած դրած էր եկեղեցիին մեջ, ճիշտ տիկին Սասանյանի կեցած տեղը՝ ինչ որ քաղաքավարության տարրական կանոններուն դեմ էր, այսուհանդերձ կարդարացնե ժամկոչը, քանի որ անիկա շարժած էր տիկին Շազիկի հրամանով և ոչ թե ինքնաբերաբար։ Հետո լիազոր քննիչը ձեռք կառնե այս միջադեպին հետևանքով թաղին մեջ ծագած և հետզհետե արծարծված հակառակությունները և սա եզրակացության կհասնի թե՝ Թաղական Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի իր պաշտոնի կիրառման մեջ ոևէ թերություն չունենալով հանդերձ, իր բռնած քիչ մը կամայական ընթացքովը դժգոհություններ հարուցած է թաղին մեջ, որոնց որ աստիճան արդարացի ըլլալը չքններ Նիզակ էֆենտի, այսպիսի քննություն մը իր իրավասության սահմանեն դուրս նկատելով։ Վկայությանց մասին Վարչության տեղեկաբերը կըսե թե ինչ-ինչ կետերու մեջ վկաները համաձայն են թեև՝ բայց ինչ-ինչ կետերու մեջ ալ իրարու կհակասեն, որով իրենց վկայութենեն բաղձալի լուսաբանություն մը կարելի չէ քաղել։ Մյուս կողմե երկու գլխավոր հոսանքները,− թաղականական և հակաթաղականական − այնքան լարված են իրարու դեմ, որ կարելի չէ ավելի երկար ատեն խնդիրը այս վիճակի մեջ թողուլ, որով Կարպիս Նիզակ էֆենտի կհրավիրե Վարչությանը, որ անհապաղ պարտ ու պատշաճը տնօրինե»։

Ք. թաղին մեջ երբ Կարպիս Նիզակ էֆենտիի տեղեկագրին այս վերլուծումը կարդացվեցավ, ընդհանուր գոհունակություն պատճառեց։ Ամեն մարդ իր ուզածին պես կմեկներ զայն և ի նպաստ իր դատին տրված վճիռ մը կնկատեր։

− Շատ արդարացի և անաչառ կերպով դատեր է ամեն բան,– ըսավ ուսուցիչ պարոն Թորգոմ, ընկեր Սուսերյանցի, թերթը ցույց տալով։

Այս վերջինը սակայն շատ գոհ չմնաց։

− Եզրակացությունը բացորոշ չէ,− առաջարկեց։

− Եղբայր, քիչ մը դիվանագիտական լեզվով գրված է, բայց երբոր ուշադրությամբ կարդաս՝ կտեսնես, որ բոլորովին մեր կողմը բռնած է։

− Ես կփափաքեի ջախջախիչ եզրակացություն մը…

Մյուս կողմե ընկեր Կայծունի, ինքն ալ թերթը ձեռքը բռնած՝ դեմ ելլողին կըսեր.

− Կարդացի՞ք Նիզակ էֆենտիի տեղեկագիրը։

− Այո՛, կարդացի։

− Թաղական խորհուրդին խերը անիծեր է։

− Այսինքն շատ բացահայտ չէ… սակայն այո՛, կարելի է ըսել, որ կդատապարտե կոր Պողոս էֆ-ն։

− Պաշտոնական անձ մը ուրիջ կերպ չէր կրնար գրել․․․ ստիպված է պաշտոնական լեզու գործածել։ Իրիկունը սրճարանին մեջ, ուր երկու կուսակցությանց անդամները կհավաքվեին, կրկին ընդհանուր խոսակցության առարկա եղավ Նիզակ էֆ-ի տեղեկագիրը։

Երկու կողմեն վիճաբանություններ տեղի ունեցան գրվածքին զանազան մութ կետերուն մասին։

− Եղբա՛յր, անանկ ըսել չուզեր կոր, ասանկ ըսել կուզեր կոր…

− Չէ՛, դուն սխալ կհասկնաս կոր, պարզապես ըսել կուզե կոր թե…

− Քիչ մը վարը կարդա, տես ի՞նչ կըսե կոր։

− Դուն վարինը ձգե, վերը կարդա…

− Ապուշ արարած, կարդացածդ հասկնալու կարողություն չունիս։

− Ապուշը դուն ես, ավանա՛կ, այնտեղ «ոչ թե ինքնաբերաբար» մը կա, որ շատ բան կհասկցնե կոր։

− «Իր պաշտոնին կիրառման մեջ թերություն չունի». կըսե կոր մարդը։

− Աղե՛կ, բայց «կամայական ընթացքով դժդոհություն հարուցած է» կըսե կոր…

Ու այսպես ժամերով վիճաբանությունը շարունակվեցավ։ Հանկարծ ներս մտավ պարոն Թորգոմը, շվարած՝ շփոթված կերպարանքով։ Հետազոտիչ ակնարկ մը պտտցուց շուրջը, գտավ իր փնտռածը, որ ընկեր Սուսերյանցն էր և խուժեց անոր վրա ու ականջին բաներ մը փսփսաց։

− Անկարելի բան,– գոչեց «Պայքար Ակումբի» վարիչը։

− Ճիշտ է ըսածս,− պնդեց ուսուցիչը։

− Սարսափելի բան,− ավելցուց մյուսը,– պետք չէ, որ ըլլա…

− Եվ սակայն եղածը լմնցած է…

− Պետք է առաջքը առնել։

− Ալ ատենն ուշ է։

− Պետք է անկարելին փորձել… գնա՛նք դուրս։

Երկուքը մեկեն դուրս ելան սրճարանեն։ Արդարև ծանրակշիռ լուր բերած էր ուսուցիչը։ Պողոս էֆենտի, Մկրտիչ աղա և Գարեգին իրենց հրաժարականը մատուցած էին թաղականի պաշտոնեն․ ասիկա կերևա, որ առնչություն չուներ Նիզակ էֆենտիի տեղեկագրին հետ, քանի որ առջի օրը ղրկած էին հրաժարականները։ − Բայց դավաճանություն է ասիկա,– կպոռար Սուսերյանց դողահար ձայնով մը,– միթե կարելի՞ է այս դասալքությունը…

− Ամբողջ պատճառը կարծեմ այդ կնոջ խնդիրն է…

− Մի ստոր զրպարտության համար միթե կարելի՞ է այսպես տեղի տալ։ Եվ հետո մյուսնե՞րը… անոնք ալ կնոջ խնդի՞ր ունին։

− Չէ՞, բայց երբ ատենապետը հրաժարի, բնական է, որ մյուս երկուքը այլևս չեն կրնար պաշտոնի վրա մնալ։

− Չպետք է հրաժարվել,– գոչեց Սուսերյանց բռունցքը շարժելով։

− Եղածը լմնցած է․․․

− Պետք է ետ առնել այդ հրաժարականը։

− Կարելի՞ բան է։

− Կարելի կամ անկարելի՝ պետք է ետ առնել… շուտ գնանք Պողոս էֆենտիի մոտ։

Երկու թաղականները ուղղվեցան թաղական Խորհրդի ատենապետին տունը և դուռը զարկին։

Ծառա մը եկավ բանալու։

− Հիմա անպատճառ պետք է Պողոս էֆենտին տեսնենք, գնա իմաց տուր։

− Անկարելի է,– պատասխանեց ծառան պաղարյունով։

− Ի՞նչպես անկարելի է…

− Էֆենտին հոս չէ։

− Ո՞ւր գնաց։

− Տիկինին հետ այս առտու գացին և ըսին, որ քանի մը օր չպիտի գան…

Շանթի հարված մը էր այս, որ կիջնար երկու բարեկամներու գլխուն։

− Չպետք է գացած ըլլան,– գոչեց Սուսերյանց։

− Զարմանալի բան. ձեզի սո՞ւտ պիտի խոսիմ,− պատասխանեց ծառան։

− Անպայման պետք է որ զինքը տեսնենք այս րոպեին…

Ծառան այլևս չպատասխանեց։

− Քանի որ հոս չէ, ճար չկա… երթանք,− դիտել տվավ ուսուցիչը։

− Պողոս էֆենտի հրաժարվե՞ր է թաղական Խորհուրդի պաշտոնեն,− հարցուց Սուսերյանց ծառային։ − Լուր չունիմ,− պատասխանեց այս վերջինը։

Սուսերյանց սրտմտած հեռացավ պարոն Թորգոմին հետ։

− Գնանք Մկրտիչ աղայի քով,− ըսավ։

Այս վերջինը բարեբախտաբար տունն էր և երկու բարեկամները ընդունեց սիրալիր կերպով։

− Հրաժարվե՞լ եք,− գոչեց Սուսերյանց հազիվ բազմոցին վրա տեղավորված։

− Այս՛, հրաժարեցանք, փորձանքեն ազատեցանք,− պատասխանեց նախկին թաղականը գոհունակ դեմքով մը։

− Չպիտի լինի այդ բանը։

− Եղավ լմնցավ արդեն, հրաժարականները հիմա Պատրիարքին ձեռքը հասած ըլլալու են, վաղը թերևս թերթերու մեջ կարդաք։

− Պետք է ետ առնել անմիջապես։

− Տղայական խոսքեր մի ընեք։

− Ինչպես տղայական խոսք,− գոչեց Սուսերյանց…

− Պողոս էֆենտի անդառնալիորեն հրաժարած է, հետևաբար մենք ալ պաշտոնի վրա չենք կրնար մնալ։

− Ի՞նչ է այս անակնկալ հրաժարականին պատճառը,− հարցուց ուսուցիչը։

− Չեմ գիտեր… կարծեմ թե Պողոս էֆենտի ուրիշ թաղ մը պիտի փոխադրվի, անանկ բան մը ըսավ երեկ առտու։

− Տիկին Շազիկի մասին եղած տարաձայնություններուն հետևանքն է։

− Տեղեկություն չունիմ… ինչ որ գիտեմ, սա է թե՝ Պողոս էֆենտիի հրաժարականը անդառնալի է… և որպեսզի Պատրիարքը զայն չմերժե, ինքը անձամբ իր հրաժարականը պիտի տաներ և ընդունել պիտի տար։

− Բայց դասալքություն է դա,− գոչեց Սուսերյանց։

− Կրնա ըլլալ, սակայն այս այսպես է։

− Կբողոքենք հանուն թաղեցիներով։

− Այդ ձեր գիտնալիք բանն է։

− Եվ կպահանջենք, որ հրաժարականը մերժվի։

− Չեմ կարծեր, որ այդ բանը կարելի ըլլա։

− Հանուն ժողովրդին կխոսիմ։

− Գիտեմ, սիրելիս, բայց անօգուտ է։

− Քանի օր Պողոս էֆենտի թաղին մեջ կուսակցության մը պետ հանդիսացավ, քանի որ մինչև հիմա պայքար մղեց՝ չի կրնար հրաժարիլ առանց նախապես մեր կամքը առնելու…

− Եվ սակայն հրաժարեցավ։

− Մենք չեղյալ կնկատենք թե անոր և թե ձեր հրաժարականը։

− Շնորհակալ եմ ձեր մեզ հանդեպ ցույց տված համակրութենեն, բայց…

− Հանուն ժողովրդին կպահանջենք, որ վաղն իսկ ձեր պաշտոնը շարունակեք։

− Ատիկա չըլլար․․․

− Հակառակ պարագային ձեզ բռնի պիտի տանինք Խորհրդարան…

− Կխնդրեմ, պարոն Սուսերյանց, տղայական խոսքեր մի ընեք։

− Ժողովրդին կամքը հարգեցեք…

− Մեր հրաժարականները անդառնալի են, ալ չխոսինք այդ մասին։

Հակառակ այս բացորոշ հայտարարության՝ ընկեր Սուսերյանց շարունակեց իր բողոքներն ու պահանջները հանուն ժողովրդին, հասարակական շահերուն, պրոլետարիատ դասակարգին, և այլն։ Մկրտիչ աղա անդրդվելի մնաց։

− Վաղը կտեսնվինք,− ըսավ վերջապես ընկեր Սուսերյանց ոտքի ելլելով։

Հետևյալ առտու «Հանրային Կարծիք»–ը սա լուրը կուտար․

«Առջի օր Ք. թաղի Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ս. Պատրիարք Հոր ներկայանալով անձամբ իր հրաժարականը մատույց ատենապետի պաշտոնին։ Խորհուրդի երկու մյուս անդամներն ալ իրենց գրավոր հրաժարականը ղրկած էին։

«Կլսենք թե սույն հրաժարականները պիտի ընդունվին և անմիջապես Նոր Թաղական Խորհուրդի ընտրության հրահանգ պիտի տրվի։ Այս կերպով կարելի պիտի ըլլա վերջ մը դնել Ք. թաղի խնդրին, որ բավական ժամանակե ի վեր կզբաղեցնե Վարչությունը»։

Այս անգամ Մարգար էֆ-ի հաղթանակը վճռական էր և իր կուսակիցներուն ուրախությունը չափ չուներ։ Ընկեր Կայծունի պահ մը խորհեցավ գիշերը լուսազարդել Շանթ լսարանը, բայց լսարանին նյութական անձկությանը չթույլատրեց այդպիսի շռայլություն մը։

Մյուս կողմե հակառակ կուսակցությունը զինաթափ չէր եղած, ընդհակառակը այս ձախողանքը նոր կրակով մը զինած էր զինքը։

− Նոր ընտրություն,− կգոչեր ընկեր Սուսերյանց,− թող կատարվի նոր ընտրությունը և պիտի տեսնենք թե ո՞ր կողմն է զորավորը… ջախջախիչ մեծամասնությամբ պիտի վերընտրենք Պողոս էֆենտին։

− Այս անգամ Մարգար էֆենտի ու իր մարդիկը պիտի ընտրենք,− կպատասխանեին հակառակ կողմեն, Պողոս էֆենտիին պես խաղք եղած մարդ մը թաղական չկրնար ըլլալ, ատիկա պատիվ չբերեր մեր թաղին։

Պարոն Թորգոմ թեև ինքն ալ կհոխորտար, բայց խեղճը սկսած էր մտմտալ։

Այս պայքարին մեջ շատ որոշ դիրք մը բռնած էր Պողոս էֆ-ի կողքին ու Մարգար էֆենտիի դեմ։ Եթե երբեք վաճառականը թաղական ընտրվեր՝ բանը բուրդ էր, որովհետև վստահ էր, որ Մարգար էֆ. երբեք չպիտի ներեր ու առաջին գործը պիտի ըլլար զինքը դուրս նետել դպրոցեն, ուր տարիներե ի վեր կպաշտոնավարեր։

ԺԴ

− Եղբա՛յր, Պողոս էֆենտիին անունը ձեր ցանկեն վերցուցեք,− պոռաց Մանուկ աղա ուսուցչին՝ երբ այս վերջինը տասներորդ անգամն ըլլալով եկած էր անոր թեկնածությունը պաշտպանելու։

− Ինչո՞ւ համար…

− Որովհետև ընտրելի չկրնար ըլլալ։

− Պատճառն ի՞նչ է։

− Մեր թաղեն հեռացած է՝ անոր համար։

− Անանկ բան չի կա. մարդը պարզապես օդափոխության գացած է, մեկ երկու ամիսեն պիտի վերադառնա…

− Տունը վարձու տվեր է,− դիտել տվավ Մանուկ աղա,− վերադառնալու միտք ունեցող մարդը իր անձնական տունը վարձու կուտա՞։

Այս անակնկալ հայտարարությունը շփոթեց Թորգոմը։

− Սխալ ըլլալու է,− կմկմաց։

− Այս առտու թելլալ Հակոբ աղայեն իմացա․․․ հինգ օրե ի վեր պայմանագրությունը կնքեր է արդեն… հույն վաճառական մըն է բռնողը։

Այս մանրամասնությունները ալ ավելի շփոթեցին խեղճ ուսուցիչը։

Եթե լուր տարածվեր, թաղին մեջ շատ գեշ ազդեցություն հառաջ պիտի բերեր։

Եվ ցավալին այն է, որ թելլալ Հակոբ աղա ընդդիմադիր կուսակցության կպատկաներ։

− Քանի որ այս թաղին մեջ տուն ունի՝ Պողոս էֆ․ միշտ թաղեցի կհամարվի և հետևաբար ընտրելի է,− առարկեց Թորգոմ։

− Անանկ չէ՛, էֆենտի,− պատասխանեց Մանուկ աղա,− մարդ զանազան թաղերու մեջ տուներ կրնա ունենալ, այդ ամեն թաղին թաղեցի՞ն կըլլա… բնականաբար ոչ. թաղեցի ըլլալու համար այդ թաղին մեջ բնակելու է… Սահմանադրությունը բացորոշ է այդ մասին։ Դուն տակավին երիտասարդ ես, այս բաներուն խելքդ չհասնիր, բայց ես այս գործերուն մեջ ծերացեր եմ, պարապ տեղը Պողոս էֆենտիին քվե մի տաք, նույնիսկ եթե ընտրվի՝ կարելի չէ որ թաղական ըլլա…

Ուսուցիչր մտածկոտ կերպարանքով մը հեռացավ և գնաց ընկեր Սուսերյանցը գտնելու։

Այս վերջինը, ուրիշ սրճարանի մը մեջ, ոտքի ելած կճառեր․

− Պարոննե՛ր,− կպոռար,− այս թաղային ընտրությունը սովորական ընտրություն մը չէ, այլ դասակարգային պայքար մը իշխող օլիկարխիայի և ժողովրդական մասսաներւ միջև․․․ կապիտալիզմի և սլրոլետարիատի միջև։ Մեկ կողմեն կտեսնենք Մարգար էֆենտի Սասանյանը ոսկիներու դեզին կռթնած՝ որ կփորձե ոտնակոխ ընել ժողովրդի իրավունքը, մյուս կողմե, Պողոսը, որ հակառակ իր բուրժուազիական կուսակցության, գիտակից երիտասարդության՝ ընչազուրկ դասակարգին շահերը կպաշտպանե։ Վարանում կարելի չէ, ամեն գիտակից թաղեցի պետք է իր քվեն տա մեր ցանկին, որուն մեջ գտնվող անունները կներկայացնեն բուն ժողովրդական տարրը…

− Քու անունդ ալ ցանկին մեջ է, անոր համար այդքան իրար անցեր ես,− պոռաց ներկաներեն մին։

− Մենք Թաղական Խորհուրդին մեջ կուսակցական մարդ չենք ուզեր,− գոչեց ուրիշ մը։ − Լռեցե՛ք, թողե՛ք ընկեր Սուսերյանցը խոսի,− ըսավ ուրիշ մը,− հետո եթե դիտողություն ունիս, կպատասխանես։

Այս ընդհանուր խառնաշփոթության մեջ ընկեր Սուսերյանց իր խոսքը առաջ տարավ, մերթ ընդմիջվելով, մերթ ծափահարվելով։

Հազիվ թե խոսքը ավարտած էր՝ պարոն Թորգոմ բազմությունը ճեղքելով մոտեցավ ճառախոսին քով և կամաց մը ըսավ ականջին։

− Դուրս ելնենք, կարևոր խոսք ունիմ։

− Ի՞նչ կա,− հարցուց մյուսը։

− Շատ կարևոր տեղեկություն մը․․․

Երկուսը միասին փողոց ելան։

− Դարձյալ ի՞նչ պատահեցավ,− հարցուց ընկեր Սուսերյանց ուսուցչին շփոթած կերպարանքը դիտելով։

− Սոսկալի բան մը…

− Ի՞նչ, խոսիր շուտ։

− Կարելի չէ Պողոս էֆենտիին քվե տալ։

− Ինչպե՞ս, − գոչեց Սուսերյանց աչքերը խոշոր−խոշոր բանալով,− ի՞նչ ըսիր…

− Կըսեմ թե անօգուտ է Պողոս էֆենտիին համար քվե հավաքել։

− Ի՞նչ պատճառավ, խնդրեմ․․․

− Որովհետև ընտրելի չկրնար ըլլար։

− Հիմարացա՞ր հանկարծ,− գոչեց Սուսերյանց իր բարեկամին երեսը նայելով,− կատա՞կ կընես․․․

− Շատ լուրջ կխոսիմ…

Եվ ուսուցիչը հևիհև, ընկերոջ հաղորդեց ինչ որ լսած էր Մանուկ աղայեն։

− Չպետք է լինի այդ բանը,− վճռեց Սուսերյանց ըստ իր սովորության։

− Ի՞նչ բան պետք չէ ըլլա,− հարցուց Թորգոմ զարմացած։

− Չպետք է որ Պողոս էֆենտին հեռանա թաղեն․․․

− Բայց վերջապես չենք կրնար ստիպել զինքը, որ անպատճառ այս թաղին մեջ բնակի։

− Ինչպե՞ս չենք կրնար ստիպել․․․ իհարկե կստիպենք և ինք պետք է որ հպատակի իր ընտրողներու պահանջմունքին։

− Քանի որ տունը ուրիշին վարձու տված է, այդ կնշանակե որ հաստատապես որոշած է հեռանալ մեր թաղեն։ − Դա անհնար բան է… գնանք լսարան, մեր ընկերներուն հետ խորհրդակցելու․․․

Մինչ ընկեր Սուսերյանց և պարոն Թորգոմ այս անակնկալ դժվարությունը հարթելու կաշխատեին, անդին Մարգար էֆենտիի կուսակիցները մեծ եռանդով կգործեին՝ իրենց ընտրելիներու հաջողության համար։

Վաճառականը բացեիբաց կաշխատեր իր թեկնածությունը հաջողեցնելու և ասոր համար նույնիսկ նյութական զոհողություններե խույս չէր տար։

Միայն թե պայման դրած էր, որ իր անունը բնավ չհիշվեր և ինքն ալ արտաքուստ այնպես ցույց կուտար՝ թե ինք միտքը դրած է թաղականի պաշտոն չընդունելու։

− Տղաքը շատ ետևես ինկած են, բայց ես չեմ ուզեր թաղական ըլլալ,− կըսեր իր ծանոթներուն։

− Ինչո՞ւ համար, Մարգար էֆենտի՛։

Ճանըմ, ես անձնական այնքան գործեր ունիմ, որ ատանկ բաներով չեմ կրնար զբաղիլ։

− Իբրև ազգ պետք չէ որ մերժես։

− Ես իմ պարտականությունս ուրիշ կերպով կկատարեմ կոր արդեն։

Այս խոսքերը սակայն ոչ ոք կարող էր համոզել։

− Մենք ատանկ բան մտիկ չենք ըներ, մենք մեր քվեները քեզի պիտի տանք,− կըսեին իր կուսակիցները։

− Շնորհակալ եմ, բայց…

− Բայց մայց չի կա, քեզի թե՛ թաղական, թե՛ ատենապետ, պիտի ընենք։

Մարգար էֆենտի միայն իր ընտրության չէր աշխատեր, այլ նաև ինք որոշած էր բոլոր թեկնածուները, որոնց մեջ էին նախ Միհրանիկ էֆ-ն, հետո Մանուկ աղան, պարոն Կայծունի և Մելիտոս էֆենտի։

Այս վերջինը ճարպարապետ մըն էր և մեկ քանի անգամ արդեն վարած էր թաղականի պաշտոնը։ Քիչ մը շահամոլ և անվստահելի մեկը կհամարվեր և թաղին մեջ լավ համբավ մը չուներ, բայց Մարգար էֆ. անպատճառ ուզած էր, որ անոր անունն ալ ցանկին մեջ գտնվի, որովհետև Մելիտոս էֆ․ մտերիմ բարեկամն էր վաճառականին ու անոր հանապազօրյա խնկարկուն։ Մարգար էֆ. հեռվեն կհսկեր պայքարին վրա և ուղղություն կուտար անոր։

Շաբաթը մեկ քանի գիշեր ընտրական պայքարին գլխավոր գործիչները իր բնակարանը կհավաքվեին և իրենք գործունեության արդյունքը իրարու կհաղորդեին։

Մինչև հիմա ձեռք բերված արդյունքեն այնպես կերևար, որ Մարգար էֆ․ ջախջախիչ մեծամասնությամբ մը պիտի ընտրվեր, թայց վերջին ժամու անակնկալե մը կվախեր, որովհետև հակառակորդ կուսակցությունն ալ իր հաջողության վրա բացարձակ ապահովություն ունենալ կթվեր։

Այս պատճառով ահա երբ Մանուկ աղա Պողոս էֆ−ին թաղեն հեռանալու լուրը բերավ Մարգար էֆ-ին՝ այս վերջնույն դեմքը ուրախությամբ ճառագայթեց։

− Այս լուրը շատ կարևոր է,− գոչեց։

− Ես ալ անանկ կկարծեմ,− ըսավ Մանուկ աղա։

− Պետք է ամեն կողմ տարածել։

− Ես արդեն դեմս ելլողին ըսի։

− Ատիկա բավական չէ, թռուցիկ մը հանելու և թաղին մեջ ցրվելու է,− դիտել տվավ Մարգար էֆենտի։

− Ատիկա շատ աղեկ խելք ըրիր,− գոչեց Մելիտոս էֆենտի։

− Անմիջապես պետք է որ ընենք ասիկա,− ըսավ վաճառականը։

− Ընդհակառակը,− պատասխանեց Մանուկ աղա,− թռուցիկները պատրաստելու՝ բայց անմիջապես մեջտեղ հանելու չէ, այլ ընտրութենեն մեկ երկու օր առաջ, որպեսզի մյուսները ժամանակ չունենան այդ անակնկալ արգելքին դեմ խորհելու․․․

− Բայց արդեն լուրը տարածվեր է։

− Այո՛, սակայն բերնեբերան խոսված է միայն, մինչդեռ եթե թռուցիկի ձևով տարածվի, ավելի կարևորություն կառնե։

Մանուկ աղա ազգային գործերու հմուտ՝ փորձառու մարդու համբավ մը ուներ, ուստի իր այս դիտողությունը լուրջ նկատողության առնվեցավ։

− Իրավունք ունիս, անանկ ընելու է,− հաստատեց Մարգար էֆենտի։

− Այո՛, այո՛, անանկ ընելու է,− կրկնեց Մելիտոս էֆ. ձայնակցած ըլլալու համար վաճառականին։ − Թերթերու մեջ եթե մեր թեկնածուներուն համար բան մը գրել տանք, լավ կըլլա,− ըսավ Մանուկ աղա։

− Ատիկա ինծի ձգեցեք, ես ընել կուտամ,− պատասխանեց վաճառականը։

Եվ արդարև հետևյալ օրը լուր ղրկելով իր գրասենյակը հրավիրեց պարոն Նշանիկը։ Երիտասարդ խմբագիրը արդեն անհամբեր կսպասեր այս հրավերին։ Գիտեր, որ Ք. թաղի ընտրական պայքարեն հաց պիտի ելլե իրեն։ Անմիջապես փութաց իր հարուստ ազգականին գրասենյակը, ուր Մարգար էֆ. սիրալիր ընունելություն մը ըրավ իրեն։

− Վա՜յ, Նշանիկ, եկուր նայինք, ինտո՞ր ես, աղե՞կ ես,– գոչեց իր մոտը աթոռ մը ցույց տալով,– նստե տեսնենք… ինչո՛՛ւ մեզի չես գար կոր․․․

− Մարգար էֆենտի, այս միջոցիս շատ զբաղած եմ, թերթին ամեն գործերը իմ վրաս մնացած են։

− Գիշերը գործ չունիս ա…

− Գիշերային աշխատանք ալ ունիմ։

− Ըսել է հիմա շատ դրամ կշահիս կոր… գոնե քիչ մը խնայողություն ըրե, վաստկածդ անմիջապես մի ծախսեր, եթե դուն չես կրնար պահել նե՝ ինծի բեր, ես կպահեմ։

− Էֆենտի, ի՞նչ կըսեք, մեր շահածը ի՞նչ է, որ ինչ պիտի ավելցնեմ, առածս հազիվհազ կբավե կոր ապրելու, ան ալ հազար դժվարությամբ․․․ եթե երբեմն բացեն շահ մը չընենք՝ բոլորովին անտանելի պիտի ըլլա վիճակնիս։

Այս հուսախաբութենեն ետքը վաճառականը ըսավ.

− Գիտե՞ս քեզ ինչու համար կանչել տվի։

− Չեմ գիտեր,– պատասխանեց խմբագիրը, թեև կատարելապես գուշակած էր խնդիրը։

− Մեկ քանի բարեկամներ կուզեն կոր որ սա մեր թաղին թաղական ընտրության վրա բաներ մը գրվի… ես ատանկ բաներու չեմ խառնվիր, բայց որովհետև գիտեն թե քեզ կճանչնամ՝ ատոր համար ինծի հանձնեցին այս գործը․․․

− Ի՞նչ է գրվելիքը։

Ճանըմ, կարգ մը ոչինչ մարդիկ իբրև ընտրելի մեջտեղ ելեր են, իրենց համար կուսակիցներ ալ գտեր են, պարապ տեղը թաղը տակնուվրա կդարձնեն կոր․․․ ես ատանկ բաներու չեմ խառնվիր, բայց նույն թաղին մեջ կգտնվիմ։ − Ասկե զատ կարծեմ դուք ալ ընտրելի եք…

− Այո՛, հակառակ կամքիս իմ անունս ալ գրեր են ցանկին մեջ, բայց այդ ցանկը տարբեր, մեր ցանկը շնորհքով է…

− Մյուս ցանկին մեջ որո՞նք կան…

− Պողոս էֆենտին բռներ դրեր են… նախորդ ատենապետը, մարդը գիտես ա, խայտառակությամբ ստիպվեցավ հրաժարելու…

− Գիտեմ, տիկին Շազիկին պատմության կակնարկեք։

− Արդեն չգիտցող չմնա՞ց… անանկ մարդը կրնա՞ նորեն թաղական ըլլալ թաղին մեջ… հետո բռներ ցանկին մեջ դրեր են նաև Գարեգինը, սա վռնտված գրագիրը…

− Գիտեմ, կճանչնամ,− ընդմիջեց խմբագիրը։

− Անկե ետքը Սուսերյանցը… եղբայր, Սուսերյանցին պես մարդը թաղական կրնա՞ ըլլալ, մարդը կատարյալ խենթ է… Թաղական Խորհուրդը հիմարանո՞ց է, ի՞նչ է…

− Իրավունք ունիք,– ըսավ խմբագիրը,− այդ տեսակ կուսակցականներ պետք չէ, որ Թաղական Խորհրդի անդամ ըլլան…

Ճանըմ, պարոն Կայծունին ալ կուսակցական է, բայց շնորհքով տղա է, մյուսին պես փախուկ չէ…

− Կարծեմ ձեր ցանկին մեջ կգտնվի։

− Այո՛, դրեր են, ես շատ համամիտ չէի, բայց ինչ որ է… ասկե զատ Կայծունին խելոք տղա է, օգտակար կրնա ըլլալ, աշխատող է, ուղղամիտ է, պարկեշտ է, աղեկ ալ ուսմունք ունի։ Հիմա խնդիրը անոր վրա չէ, սա մյուսներու մասին բան մը գրելու է…

− Ի՞նչ տեսակ բան,− հարցուց խմբագիրը։

− Իրենց ինչ տեսակ մարդ ըլլալնին հասկցնելու է և ըսելու է, որ բոլոր թաղեցիները դեմ են այդ մարդոց ընտրվելուն…

− Շատ աղեկ, բայց խնդիր մը կա,− կմկմաց խմբագիրը,− ձեզի հաճույք կամ ծառայություն մատուցանելու համար պատրաստ եմ գրելու ինչ որ ուզեք, միայն թե Պողոս էֆենտի մեր թերթին տիրոջ բարեկամ է, ատոր համար կվախնամ, որ դժվարություն հարուցանե… կամ թե բան մը պահանջե…

− Բնական է, որ բան մը պիտի վճարենք, ատիկա խնդիր չէ,– ընդմիջեց վաճառականը։

− Այն ատեն գործը կդուրանա։

− Հիմակ ու հիմա առ սա երկու ոսկին հետո եթե պետք ըլլա, կրկին կուտանք։ Պարոն Նշանիկ փութաց ոսկիները գրպանելու։

− Միայն թե չեմ ուզեր, որ ոչ ոք իմանա, թե ինե դրամ առած եք,– ըսավ Մարգար էֆենտի,– ատիկա բոլորովին ծածուկ մնալու է։

− Այդ մասին բացարձակապես ապահով եղեք, մարդ չիմանար։

− Վաղը առտուն ինշալլահ կկարդանք գրվածքը։

− Անշուշտ, հիմա խմբագրատուն երթալուս պես պիտի գրեմ։

− Աղվոր բան մը ըլլա․․․

− Ձեր փափաքածեն ավելի պիտի ըլլա։

− Զորավոր բան մը։

− Վաղը առտու պիտի տեսնաք։

− Հարվածներդ մի՛ խնայեր։

Եվ վաճառականը ճամփու դրավ խմբագիրը՝ ըսելով.

− Ատեն-ատեն հանդիպե՛ ինծի։

Պարոն Նշանիկ երբ գրասենյակեն դուրս ելավ, մատները բնազդաբար գրպանը տարավ և շոշափեց երկու ոսկիները, կարծես կվախնար, որ անհայտ եղած ըլլային։ Այդ ապահովիչ շոշափումը զվարթացուց իր դեմքն ու միանգամայն մտածումները։

Ահա գեղեցիկ օր մը, խորհեցավ, որ կխոստանա գեղեցիկ գիշերով մը ավարտելու։

Հետևյալ առտու վաճառականը երբ «Հանրային Կարծիք»-ը ձեռք առավ՝ անոր մեջ գոհունակությամբ կարդաց հետևյալը։

«Այս կիրակի Ք․ թաղին մեջ տեղի կունենա Թաղական Խորհրդի ընտրությունը։ Ընտրողներու ստվար մեծամասնությունը արդեն իսկ պատրաստած է իր ընտրելիներուն ցանկը, որուն գլուխը կգտնվի ծանոթ վաճառական և դրամատեր Մարգար էֆ. Սասանյան, որ թեև նախապես մերժած է այդպիսի թեկնածություն մը, բայց ի վերջո տեղի տված է թաղեցիներու թախանձագին ստիպումներուն վրա։ Մյուս ընտրելիներն են՝ Մանուկ էֆ. Ճելեպյան՝ նախորդ Թաղ. Խորհրդի անդամ, իր փորձառությամբը և պատվավորությամբը թաղեցիներուն համակրությունը գրաված, Տոսախյան Միհրանիկ էֆ.՝ առևտրական հրապարակին վրա ծանոթ, զարգացյալ երիտասարդ մը, ճարտարապետ Մելիտոս էֆենտի, ոսկերիչ Գարեգին էֆենտի Սոմալյան, ժողովրդական սիրված դեմք մը, «Պայքար Լսարանի» հիմնադիր պարոն Կայծունի, և նախորդ Թաղ. Խորհրդի անդամներեն Ռափիկ էֆ.։ Թաղին մեկ աննշան փոքրամասնությունն ալ ընտրելիներու ցանկ մը պատրաստած է, որուն հաջողության համար շատ ջանքեր կթափե։ Այս ցանկին մեջ գրված է նախորդ Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ծորակյանի անունը, մինչ հիշյալը, ինչպես հայտնի է, իր կամայական պաշտոնավարությամբ թաղը երկարատև հուզումներու մատնած է, և ի վերջո ստիպված է հրաժարիլ, կարգ մը ներքին ու անձնական պատճառներով, որոնց վրա չենք ուզեր ծանրանալ։ Բաց աստի, Պողոս էֆ․ այժմ իր բնակությունը հաստատած է ուրիշ թաղի մը մեջ, որով չկրնար ընտրելի ըլլալ թաղի Թաղ․ Խորհրդին։ Փոքրամասնության մյուս ընտրելիները թաղեցիներուն վստահություն և հարգանք ներշնչելե զուրկ են և հաջողության ոևէ հավանականություն չեն ներկայացներ»։

Կարելի՞ է երևակայել այս գրության առաջ բերած փոթորիկը Ք. թաղին մեջ։ Երբ պարոն Թորգոմ սարսափած, սասանած, մեկ քանի ընկերներու հետ «Շանթ Ակումբը» եկավ, այս վերջինը միակ խոսք մը արտասանեց.

− Պետք է շարժիլ…

Շեշտը, որով այս խոսքը ըսավ՝ ցույց կուտար, թե շատ մեծ էր անոր նշանակությունը։

− Տրամադրելի բոլոր ուժերը պետք է իրիկունը հավաքվին այստեղ,— հրամայեց իր շուրջիններուն։

Հետո դառնալով ուսուցչին՝ ավելցուց։

− Մենք գնանք Պողոս էֆ-ի մոտ․․․ մեր թշնամիների այս նոր փրովոքացիան չպետք է անպատիժ մնա։

Այս կարճ՝ բայց ազդու խոսքերը սրտապնդեցին ընկերներուն։ Ուսուցիչը հիացմունքով կդիտեր Սուսերյանցը, որ ամենեն դժնդակ պարագաներուն մեջ իսկ իր պաղարյունությունը կպահեր ու կորովը չէր կորսնցներ։

Սուսերյանց իսկույն գործադրության դրավ Պողոս էֆ-ին տեսնելու իր խորհուրդը և պարոն Թորգոմի հետ գնաց անոր գրասենյակը։

Վաճառականը զիրենք ընդունեց քաղաքավար, քայց պաղ կերպով։ Իր անունին շուրջ մղված պայքարը անհաճո դառնալ սկսած էր իրեն։

− Կարդացի՞ք այս օրվան «Հանրային Կարծիք»-ը,− հարցուց Սուսերյանց երբ աթոռին վրա տեղավորվեցավ։ − Այո՛, կարդացի,− պատասխանեց Պողոս էֆենտի չոր կերպով։

− Ի՞նչ կխորհիք այս մասին…

− Կխորհիմ, թե հանցանքը ձերինն է։

− Մերի՞նը,− գոչեց Սուսերյանց զարմացած։

− Բնականաբար, եթե դուք իմ անունս մեջտեղ չդնեիք, այս բանը չէր գրվեր․․․ ես թողացի հեռացա թաղեն, որպեսզի գլուխս հանգիստ ըլլա՝ դուք տակավին օձիքս թող չեք տար։

− Իբրև կուսակցության գլուխ՝ պետք է մնաք պատնեշին վրա․․․

− Ո՞ր պատնեշը, ի՞նչ պատնեշ,− գոչեց Պողոս էֆենտի անհամբեր։

− Ընտրական պայքարի պատնեշին վրա,− որոշեց Սուսերյանց։

Վաճառականը սրտմտած ոտքի ելավ ու պոռաց․

− Աղբար, չեմ ուզեր, ես թաղական չպիտի ըլլամ… աստծու սիրուն հանգիստ թողուցեք ինծի, ալ կօգտե ինչ որ քաշեցի… գիտցած եղեք, որ եթե ընտրվիմ՝ անմիջապես պիտի հրաժարիմ… ես ալ քաշվեցա այդ տեսակ գործերեն, Թաղական Խորհրդին ալ խերը անիծեմ, ազգին ալ… ես հայ չեմ… հասկցա՞ք… զարմանալի բան, պայքար պիտի մղեք՝ մղեցեք, բայց զիս մեջը մի խառնեք… Պողոսեն զատ թաղին մեջ ուրիշ մարդ չկա՞…

− Մեզի համար ձեր անձը բնավ նշանակություն չունի,− բացատրեց Սուսերյանց,− մենք անձնականությամբ չենք շահագրգռվիր, մեր պայքարը զուտ սկզբունքային, գաղափարական է։

− Ավելի լավ, ուրեմն օձիքս ձգեցե՛ք…

− Երբեք մենք ձեր օձիքը չենք բռնած։

− Հապա ի՞նչ է այս ըրածնիդ։

− Մենք սկզբունքային հողի վրա կկռվինք, և որովհետև պարագաներու բերումով ձեր անձը այդ սկզբունքը կներկայացնե, մենք պետք ունինք ձեր անձին− ոչ թե իբր Պողոս էֆենտի Ծորակյան, այլ իբրև սկզբունքային էություն, իբրև «անթիթե»…

− Անթիթե մանթիթե չեմ գիտեր, իմ խելքս ատանկ բաներու չհասնիր,− պոռաց վաճառականը,− իմ անունս մեջ մի խառնեք «վեհսելամ»… չեմ ուզեր, չեմ ուզեր, չեմ ուզեր…

− Կրնաք ուզել կամ չուզել, դա նշանակություն չունի, − պատասխանեց Սուսերյանց պաղարյունով,− ձեր մեջ մենք կտեսնանք երկու որոշ անձ, անհատական մարդը, որ մեզ բնավ չէ շահագրգռեր և հանրային հասարակական մարդը։ Անհատական մարդը կրնա իր որոշ հայացքը ունենալ, մենք կհարգենք կարծիքի ու գաղափարի ազատությունը, բայց հանրային մարդը իր կուսակցությանը կպատկանի, նա որպես հավաքական մարմնի մասնիկ չի կրնար իր կուսակցության հայեցակետը չունենալ…

− Ես կուսակցական չեմ, ատ ուրկե՞ հանեցիր… ի՞նչ կուսակցություն է ըսածդ…

− Ինչ որ է, Պողոս էֆենտի, մենք ձեզ կուսակցական կնկատենք և ասոր համար կուզենք ձեր պատիվը բարձր պահել։ Այս նպատակով ահա հոդված մը պատրաստած ենք, որ անպատճառ թերթի մեջ հրատարակել պիտի տանք։

− Ո՞ր թերթին մեջ պիտի տպեք ձեր պատասխանը,− հարցուց։

− Դեռ չենք որոշած,− պատասխանեց Սուսերյանց,− նախ պետք է որ թերթին տրվելիք գումարը ապահովենք։

− Ատիկա դյուրին է,− պատասխանեց Պողոս էֆենտի,− ես պետք եղածը կվճարեմ, պայմանավ, որ բնավ մեկը չիմանա… չեմ ուզեր, որ ասկե ետք իմ անունս խառնվի այդ թեսակ թաղական խնդիրներու… իսկ դրամը տալուս պատճառը այն է, որ այդ անամոթները չկարծեն, թե իրենց պատասխան տվող չկա…

Պողոս էֆենտի ժիլետին գրպանը խառնեց, երեք ոսկի հանեց, Սուսերյանցին տվավ և ըսավ.

− Կարծեմ ասիկա բավական է։

− Անպայման,− պատասխանեց մյուսը։

− Սանկ զորավոր բան մը գրել տվեք։

− Ջախջախիչ… միայն թե այսչափով խնդիրը չի լմննար, մենք ուրիշ «միսիա»–ով մը եկած ենք հոս…

− Ինչո՞վ եկած եք,– հարցուց Պողոս էֆ., չկրնալով հասկնալ Սուսերյանցի ըսածը։

− Այսինքն մասնավոր պաշտոնով մը,− թարգմանեց պարոն Թորգոմ։

− Ի՞նչ պաշտոն է այդ…

− Հանուն թաղեցիներուն եկած ենք պահանջելու, որ վերադառնաք ձեր թաղը,− ըսավ Սուսերյանց։

− Այդ անկարելի է…

− Անպայման պետք է վերադառնաք։ − Պարապ տեղը մի հոգնիք, երդում ըրած եմ այդ թաղը ոտը չկոխել։ Ասկե զատ բժիշկն ալ արգիլած է արդեն, Ք. թաղին օդը կնոջս կվնասե կոր։

− Չպետք է մերժեք մեր հրավերը։

− Բացարձակապես կմերժեմ։

− Մենք այստեղեն չենք հեռանար, մինչև որ ձեր համաձայնությունը չառնենք։

− Կաղաչեմ, մի ստիպեք, պարապ տեղը զիս կբարկացնեք, կոր, անկարելի է կըսեմ կոր, ա՞ պապամ, խոսք հասկցե՛ք։

Սուսերյանց տեսավ, որ կարելի չէ վաճառականը համոզեր ուստի ըսավ․

− Գոնե մեզի արտոնեցեք, որ ձեր անունով հայտարարենք թե վերջնականապես չեք հեռացած Ք․ թաղեն։

− Այդ ալ չեմ կրնար ընել։

− Բայց մենք ստիպված ենք այդպիսի հայտարարություն մը ընել։

− Ըրե՛ք, ինչ որ կուզեք, բայց ոչ իմ անունովս։

− Դո՛ւք, Պողոս էֆենտի, Ք․ թաղին ազատական հոսանքի ներկայացուցիչն եք և ամեն հոսանք մեյ մեկ կուսակցություն է…

− Պարապ խոսք, ես ալ բան մըն ալ չեմ։

− Մեզի համար այդպես չէ և մենք պիտի շարունակենք մեր պայքարը ձեր անունին շուրջը։

− Ինչ որ կուզեք ըրե՛ք, բայց զիս հանգիստ թողուցեք,− պոռաց Պողոս էֆենտի տեսնելով, որ անկարելի էր խոսք հասկցնել այդ մարդուն։

− Ձեր հանգիստը ո՛չ մի կերպ չի խռովիր, ապահով եղեք։

− Հապա սա գրվա՞ծները։

− Դա ոչինչ, ընտրական պայքարներու միջոցին այդպես հարձակումներ կըլլան իրարու դեմ, մենք ալ կարող ենք մի ուրիշ թերթի մեջ հարձակիլ մեր հակառակորդներուն վրա։

− Գոնե այդ բանը ըրեք։

− Իհարկե պիտի ընենք, միայն թե ատոր համար դրամ հարկավոր է, մեր հակառակորդները իրենց գլուխ ունին Մարգար էֆենտիի պես մարդ մը, որ դրամը չի խնայեր, մինչդեռ մենք մեր սեպհական ուժերով կկռվինք…

Պողոս էֆ. զգաց, թե խոսակցությունը ինչ ուղղության մեջ մտած էր և ուր պիտի հանգեր։ Ուզեց կարճ կապել և ճամփու դնել երկու այցելուներուն։ Բայց հանկարծ ուրիշ գաղափար մը հղացավ, վրեժխնդրական խորհուրդ մը։

«Հանրային Կարծիք»-ի գրածը ծանրապես վիրավորած էր իր անձնավորությունը, թերևս Սուսերյանցի ձեռքով կրնար դարմանել զայն, ի փոխարեն նյութական փոքրիկ զոհողության։

− Քանիո՞վ կգրվի այդ տեսակ հոդված մը,– հարցուց երկու այցելուներուն։

− Քանի մը ոսկիով կըլլա,− պատասխանեց Սուսերյանց։

− Առե՛ք ձեզի հինգ ոսկի։

Սուսերյանց կրկնել չտվավ։ Դրամը գրպանեց և ըսավ.

− Հիմա ամեն բան կարգադրվեցավ։

− Ուրեմն գացեք և ըրեք ինչ որ հարկավոր է։

Եվ հրաժեշտ առնելով՝ մեկնեցավ քովեն։

− Գնանք «Արշալույս»-ի խմբագրատունը,− ըսավ Սուսերյանց, երբ փողոց ելան։

− Երթանք,− պատասխանեց Թորգոմ։

Խմբագրատան մեջ համակրական ընդունելություն մը գտան, մանավանդ երբ հասկցուցին, թե վճարումի փոխարեն բան մը գրել տալու եկած են։

Երիտասարդ խմբագիրմը, որ Ք. թաղի իրադարձություններուն տեղյակ կթվեր, խոստացավ պետք եղածը գրել։

Սուսերյանց թեև ուզեց որ ինք իր ձեռքով շարադրե գրությունը, բայց այդ առաջարկը մերժվեցավ։

− Մենք հոդված չպիտի գրենք, այլ ազգային լուրերու մեջ փոքրիկ ծանոթություն մը միայն պիտի տանք,− դիտել տվավ խմբագիրը։

− Բայց կուզենք որ ջախջախիչ բան մը ըլլա։

− Ինչ որ բերանացի հայտնեցիք՝ ամենքն ալ պիտի գրենք։

− Բայց խիստ ոճով մը․․․

− Ապահով եղեք այդ մասին։

Խնբագիրը անկեղծորեն կխոսեր։ Արդարև հաջորդ օր «Արշալույս»-ի մեջ հետևյալ գրվածքը կերևար․

«Այս կիրակի Ք․ թաղին մեջ տեղի կունենա տեղվույն Թաղ․ Խորհրդի ընտրությունը։ Թաղեցիները ուրիշ անգամներեն ավելի ոգևորություն մը ցույց կուտան այս ընտրության առթիվ և երկու որոշ հոսանքներ կջանան իրենց թեկնածուներուն ընտրությունը հաջողեցնել։ Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ թաղեցիներուն մեծամասնությունը կփափաքի վերընտրել հրաժարյալ Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ծորակյանը, որ իր խիստ օգտակար պաշտոնավարությամբ ամբողջ թաղեցիներուն համակրանքը շահած է։ Հակառակորդ կողմը սույն ընտրությունը անհաջողության մատնելու համար լուր տարածած է թե՝ Պողոս էֆ․ հեռացած է Ք. թաղեն և իր բնակությունը ուրիշ տեղ հաստատած, բայց մենք հավաստի աղբյուրե իմացանք, որ Պողոս էֆ. պարզապես օդափոխության գացած է Վոսփորի գյոլղերեն մին և թե մոտերս պիտի վերադառնա իր թաղը։ Այս տեսակ մեքենայությունները անշուշտ անազդեցիկ պիտի մնան»։

«Արշալույս»−ի այս տողերը իրենց ազդեցությունը գործեցին։ Մարգար էֆենտի իսկույն իր մոտ կանչեց Նշանիկ և անուղղակի պատասխան մը գրել տվավ «Արշալույս»−ի գրածին։ Պողոս էֆենտի նույնպես անուղղակի պատասխան մը գրել տվավ «Արշալույս»-ի մեջ՝ Մարգար էֆենտիի գրել տվածին և այսպես շարունակվեցավ մինչև առտու, ընտրության օրը։

Այս ընդդիմամարտ գրվածները մեկ կողմե թաղին մեջ ոգևորությունը և եռուզեռը իր ծայրագույն աստիճանին հասցուցած էին։

Ընկեր Սուսերյանց շաբաթե մը ի վեր այնքան խոսած՝ այնքան պոռացած էր, որ կիրակի առտու ձայնը մարած էր և կոկորդը բորբոքած։

Հակառակ ասոր, առտուն շատ կանուխ գնաց «Շանթ Ակումբ»–ը, ուր ժամադիր եղած էր իր ընկերներով։ Դեռ ոչ ոք եկած էր։

− Ծույլերը,− մռլտաց քթին տակեն։

Ամենեն առաջ պարոն Թորգոմ երևցավ, չափազանց հուզված կերպարանքով։

− Տեսա՞ր այս խաղքությունը,− ըսավ թուղթ մը երկարելով Սուսերյանցին։

Այս վերջինը առավ թուղթը և կարդաց։

«Ձեր քվեները մի տաք Պողոս էֆենտի Ծորակյանի, որովհետև զուրկ է ընտրելիի հանգամանքեն։

«Ըստ սահմանադրության՝ թաղականները կընտրվին թաղին բնակիչներեն։

«Պողոս էֆենտի այլևս Ք. թաղի բնակիչ չէ։ Վերջնականապես մեկնած է մեր թաղեն և իր բնակարանն ալ վարձած է հույն վաճառական մը։

«Բաց աստի՝ Պողոս էֆենտի վարկաբեկ եղած է կարգ մը պատճառներով, որոնց մասին լռությամբ կանցնինք, չգայթակղեցնելու համար մեր պատվարժան թաղեցիները։

«Ձեր քվեները տվեք Մարգար էֆենտի Սասանյանի և անոր կուսակիցներուն, որոնք ամենքն ալ ծանոթ ու պատվավոր անձեր են»։

− Սրիկանե՛ր, անամոթնե՛ր,− գոչեց Սուսերյանց խեղդուկ ձայնով մը։

− Մենք ալ պետք է անմիջապես բան մը պատասխանենք,− դիտել տվավ ուսուցիչը։

− Ժամանակ չունինք,− ըսավ Սուսերյանց,− տես այս անպիտանները նախապես պատրաստեր, տպել տվեր են․․․

− Մենք ալ խմորատիպ հայտարարություն մը մեջտեղ կհանենք։

− Սքանչելի գաղափար,− գոչեց Սուսերյանց,− Ակումբը արդեն խմորատիպ մը ունի։

Հետզհետե հասան ուրիշ մեկ քանի ընկերներ և իսկույն գործի ձեռնարկեցին։

Խմորատիպ հայտարարությունը երկու ժամվա մեջ պատրաստվեցավ։ Այս հայտարարությունը սա ձևով խմբագրված կոչ մըն էր․

«Ընտրողնե՛ր,

«Մեր հակառակորդները՝ հուսահատության մատնված՝ ամեն տեսակ խաբեբայական միջոցներու կդիմեն ժողովրդին ձայնը խեղդելու և կղերա-հետադիմա-պահպանողական թեկնածուներու հաջողությունը ապահովելու համար։

«Իրենց ետին ժամու հնարքն էր այս առտվան տպյալ հայտարարությունը, որով կծանուցվի թե Պողոս էֆ. Ծորակյան հեռացած է մեր թաղեն և ուրիշ տեղ հաստատած է իր բնակությունը, որով կորսնցուցած է իր ընտրելիի իրավունքը։

«Ասիկա բացարձակ սուտ մըն է։ Պողոս էֆենտի պաշտոնապես հայտարարած է մեր Ակումբի ներկայացուցիչներուն՝ որ մոտ օրերս պիտի վերադառնա Ք. թաղը, հետևաբար կհրավիրենք ընտրողները, որ առանց կարևորություն տալու այդ սուտ զրույցներուն՝ իրենց քվեները կեդրոնացնեն մեր ցանկին վրա։ «Մեր թեկնածուները կներկայացնեն ժողովրդական-ազատական տարրը, որուն շնորհիվ միայն մեր թաղը պիտի կրնա վերածնվիլ և հառաջադիմել։

«Ընտրողնե՛ր, փութացեք սեղմ շարքերով, քվետուփին քով։

Շանթ Ակումբ»

Ակումբին անդամները քանի մը տասնյակ այս կոչերեն առնելով՝ գացին թաղին մեջ բաժնելու զանոնք։

Քվեահավաքությունը պիտի սկսեր ժամը 1-ին, եկեղեցիին մեջ, բայց արդեն կեսօրին եկեղեցիին բակը լեցված էր երկու ընդդիմադիր կուսակցություններու ներկայացուցիչներով։ Չեզոքներու փոքրաթիվ խումբ մըն ալ թեև գոյություն ուներ, բայց անոնց կարևորություն տվող չկար, որովհետև հաջողության ոևէ հույս չէին ներկայացներ։

«Շանթ Ակոլմբ»-ին կոչը բավական հուզում հառաջ բերած էր հակառակ կուսակցության մեջ։

− Չե՞ք ամչնար, ասանկ բաներ կգրեք,− պոռաց ընկեր Կայծունի պարոն Թորգոմին, որ իր մոտեն կանցներ։

− Ի՞նչ կա, ի՞նչ գրեր ենք։

− Այս խմորատիպ հայտարարությունը…

− Ձերինին պատասխանն է։

− Բայց մերինը իրականություն է, մինչդեռ ասիկա բացարձակ ստություն է։

− Ստախոսները դո՛ւք եք… Ի՞նչ իրավունք ունիք մարդուն ներքին կյանքին ակնարկություն ընելու։

− Սխա՞լ է ըսածներս․․․

− Իրավունք չունիք անձնական պատվին դիպչելու…

− Թող թաղականության քանտիտատ չըլլա։ Թաղական ըսածդ մաքուր անցյալ ունենալու է։

− Ձեր Մարգար էֆ-ն մաքո՞ւր է։

− Հրամմեր ես… քիչ մը ետքը պիտի տեսնես, երբ որ քվեարկության արդյունքը իմացվի։

− Ջախջախիչ մեծամասնություն ունինք։

− Վրաս գրե՛… թե հարյուր քվե հավաքեք, պեխերս կածիլեմ։

−Եթե դուք շահիք, եկեղեցիին դուռը, շաբաթ մը ավանակի պես կզռամ…

− Խայտառա՛կ, դուն ալ։ − Խայտառակը դո՛ւն ես, խոսքդ ետ ա՛ռ․․․

− Ինչո՞ւ պիտի ետ առնեմ՝ խայտառակ ես, խայտառակին ալ մեծը։

Ընկեր Կայծունի բարկացած, բորբոքած, բազուկ վերցուց զարնելու ձևով մը։

Ուսուցիչը ինքն ալ պատրաստվեցավ կռվիլ, բայց ներկաները միջամտեցին ու բաժնեցին երկու ոսոխները։

Նմանօրինակ տեսարաններ տեղի կունենային հոս ու հոն։ Հետզհետե գլուխները կտաքնային, գրգռությունները կավելնային։ Սուսերյանց պահ մը Թորգոմին մոտեցավ և ականջին փսփսաց.

− Մեր տղոց ըսե՝ մեյ մեկ գավազան ճարեն, պետք է պատրաստ ըլլանք ամեն պատահականության հանդեպ։

− Իրավունք ունիս,− պատասխանեց ուսուցիչը և փութաց հրամանատարին հրահանգը գործադրելու։

Հետզհետե հասան ընտրական ժողովի անդամները և ուղղվեցան եկեղեցի։ Հոն մեջտեղը դրած էր խոշոր սեղան մը, շուրջը աթոռներ շարած։

Սեղանին մեջտեղը կերևար տուփ մը՝ ժողովրդի իրավունքներուն խորհրդանշանը…

− Սկսի՞նք գործողության,− հարցուց ժողովի անդմներեն մին։

− Դեռ կանուխ է։

− Ժողովուրդը եկած է, կարող ենք սկսիլ։

− Բայց նախագահը մեջտեղ չի կա։

− Իր խուցը ըլլալու է, թող ժամկոչը երթա կանչե։

− Վարդան աղբա՛ր,− գոչեց ժողովականներեն մին։

Ժամկոչը, որ քիչ մը անդին կեցած էր, վեհերոտ, տատամսոտ քայլերով մոտեցավ։ Խեղճը առտվնե ի վեր սարսափելի տագնապներու մեջ կապրեր, կզգար, որ այս կիրակին վճռական դեր մը պիտի կատարեր իր կյանքին մեջ և այն մտածումը զինքը կտանջեր։

− Վարդան աղբա՛ր, գնա ավագերեցը կանչե,− հրամայեց նստողներեն մին։

− Գլխուս վրա,− պատասխանեց ժամկոչը խոնարհությամբ և բարևելով հեռացավ։

Քանի մը վայրկյան ետքը ավագերեցը մտավ եկեղեցի, իրեն կհետևեին բակը գտնվող բազմաթիվ անձեր, իրենց գլուխը ունենալով ընկեր Սուսերյանց ու Կայծունին։

− Ժողովուրդը դուրս հանեցեք, դեռ քվեարկությունը չէ սկսված,− պոռաց ժողովականներեն մին, որ հաղթանդամ ու հզոր ձայնով անձ մըն էր։

Հայտնի չէր, թե այս հրամանը որու կուղղվեր՝ քանի որ ընտրական ժողովի անդամներեն զատ ոչ ոք կար եկեղեցիին մեջ։

Ավագերեցը կհառաջանար իր ետևեն բերելով բազմությունը։

− Ժողովուրդը դուրս հանեցե՛ք,− պոռաց դարձյալ ժողովականը ոտքի ելած։

− Ժողովուրդը դուրս չելլար,− պատասխանեց ընկեր Կայծունի։

− Չպետք է դուրս ելլե,− ավելցուց Սուսերյանց խեղդուկ ձայնով մը։

− Քվեարկուները երկերկու ներս մտնան,− դիտել տվավ ուրիշ ժողովական մը։

− Ժողովրդական քոնթրոլ կպահանջենք,− հնչեց Կայծունիի ձայնը։

Ավագերեցը հասած էր սեղանին քով և բազմեց իր նախագահական աթոռին վրա։

− Տեր հա՛յր, դուն խոսք հասկցուր այս մարդոց,− ըսավ նախագահին քով նստած անձ մը ցած ձայնով։

− Կխնդրեմ, զավակներս, աղմուկ մի հանեք,− ըսավ ավագերեցը հաշտարար ձայնով մը,– թողե՛ք, որ կարգապահությամբ և հանդարտությամբ գործ տեսնենք…

− Քոնթրոլ կպահանջենք,− գոչեցին մեկ քանի ձայներ։

− Ի՞նչ քոնթրոլ,− պոռաց հաղթանդամ ժողովականը,− ընրողական ժողովը արդեն քոնթրոլի համար նստած է հոս․․․

− Մենք ժողովրդական քոնթրոլ կուզենք․․․ ժողովուրդը պետք է իր ներկայացուցիչները ունենա այստեղ։

− Մենք արդեն ժողովրդին ներկայացուցիչներն ենք…

− Չէ՛, անանկ բան չըլլար, մեր կողմեն մարդ գտնվելու է քվետուփին քով։

Ընտրական ժողովի անդամները այս անօգուտ բանավեճին վերջ տալու համար իրարու հետ խորհրդակցեցին և ըսին բազմության, որ իրենց մեջեն մեկը ընտրեն, որպեսզի գա, հսկե սեղանին քով։ − Հոս երկու որոշ հոսանք կա,− առարկեց Սուսերյանց,− պետք է որ երկու հոսանքներն ալ իրենց զատ զատ ներկայացուցիչներն ունենան։

− Անոր ալ բե՛ք աղեկ,− ըսավ ավագերեցը,− երկու հոգի ընտրեցեք, բայց նախ դուրս եկեք եկեղեցիեն։

− Թող անոնք ելլեն, մենք ալ կելլենք,− ըսավ Սուսերյանց, մատնանիշ ընելով հակառակորդ կողմը։

− Առաջ դուք ելեք,− պատասխանեց Կայծունի։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև առաջ դուք մտաք եկեղեցի։

− Տղերք, չպետք է տեղերնեդ շարժվիք,− հրամայեց Սուսերյանց իր մարդոց դառնալով։

− Ուրեմն մենք ալ հոս կմնանք…

Այս նոր միջադեպը կսպառնար հետզհետե մեծանալու։

Ավագերեցը կրկին միջամտեց և համաձայնության եզր մը գտավ։ Ընկեր Սուսերյանց և ընկեր Կայծունի քով քովի և միևնույն ժամանակ եկեղեցիին դռնեն դուրս պիտի ելլեին։ Այսպես փակվեցավ վեճը։

Քիչ ետքը երկու ներկայացուցիչները ընտրված էին։

«Պայքար Լսարանի» կողմե՝ պարոն Աշոտ, եռանդուն ու կռվազան երիտասարդ մը, իսկ «Շանթ Ակումբի» կողմե՝ պարոն Թորգոմ։

− Հիմա գործի կրնանք սկսիլ,− վճռեց նախագահը, երբ ժողովրդի ներկայացուցիչները իրենց տեղը գրավեցին։

Քվեարկուները խումբ−խումբ ներս հրավիրվեցան և գործողության առաջին մասը բավական հանդարտությամբ կատարվեցավ։

Հետո կարգը եկավ քվեները համրելու և կարդալու

Նախագահը հայտարարեց՝ 640 քվե բաժնված էր և 520 քվե բերված։

Այս թվերը ցույց կուտային, թե թաղը ինչ խանդավառությամբ մասնակցած էր Թաղական Խորհրդի ընտրության։

Ընտրական ժողովի հաղթանդամ ժողովականը, որ ինչպես ըսինք, զորավոր ձայն մը ուներ, սկսավ քվեները կարդալ։

Առաջին մեկ քանի քվեները Պողոս էֆ−ի և իր կուսակիցներուն անունները կպարունակեր։ Այս պարագան խնդությամբ լեցուց ուսուցչին սիրտը, որ սկսեց հաղթական ակնարկներ արձակել աջ ու ձախ։

Բայց իր ուրախությունը երկար չտևեց։ Հակառակորդ կուսակցության ցանկերը հետզհետե կբազմապատկվեին։

Պարոն Թորգոմ տենդահար ձեռքով մը, թուղթի մը վրա կնշանակեր քվեահամարի արդյունքը։ Դեռ տարբերությունը մեծ չէր Պողոս և Մարգար էֆենտիներու միջև։

Առաջինը 45 քվե ստացած էր, մինչդեռ երկրորդը՝ 56։

Բայց նոր քվեները ընդհանրապես Մարգար էֆ−ի անունը կկրեին։

Կես ժամ ետքը ուսուցիչը կրկին հաշվեկշիռ մը ըրավ։

Պողոս էֆ. 82 քվե շահած էր, մինչդեռ Մարգար էֆ. 112 քվե։ Անջրպետը կլայննար երկուքին միջև։

Պարոն Թորգոմ հարաճուն անձկությամբ կհետևեր գործողության։

Իրիկուն եղած էր արդեն, և շատերը մեկնած էին։ Հիմա միմիայն «Պայքար Լսարան»-ի և «Շանթ Ակումբի» անդամները մնացած էին իրենց դիրքերուն վրա։

Երրորդ անգամ, երբ պարոն Թորգոմ հաշիվը նայեցավ, սոսկաց. Պողոս էֆ. 112 ուներ միայն, իսկ Մարգար էֆ․՝ 218 քվե։

Ու հիմա գրեթե շարունակաբար, Մարգար էֆ. և իր կուսակիցներուն անունն էր, որ կհնչեր եկեղեցիին կամարներուն ներքև։

Ուսուցիչը անգամ մըն ալ իր ձեռքի թուղթին վրա նայեցավ, հապճեպով հաշիվ մը ըրավ և թողլով իր տեղը՝ դուրս սլացավ, դեմը ելլողին հարցնելով․

− Ո՞ւր է ընկեր Սուսերյանցը։

Այս վերջինը իր սպայակույտով շրջապատված ժուռ կուգար եկեղեցիի բակին մեջ։

− Պարտվեցանք,− գոչեց պարոն Թորգոմ իր ընկերոջ քով վազելով։

− Չպետք է պարտվիլ,− պատասխանեց մյուսը պաղարյունով։

− Եվ սակայն հաշիվը մեջտեղն է։

− Քվեհամարը վերջացա՞վ․․․

− Ոչ տակավին, բայց արդեն Մարգար էֆ. և իր կուսակիցները 264 ձայն շահած են, իսկ մենք միայն 131… եթե մնացած բոլոր քվեներն ալ Պողոս էֆ․ շահի, ինչ որ անկարելի է, դարձյալ մեծամասնությունը Մարգար էֆ-ի կողմն է, քանի որ 261 ձայնը բացարձակ մեծամասնություն կկազմե։

Թվաբանական այս պարզ ցուցմունքը խոր տպավորություն առաջ բերավ։

− Դավաճանեցին ուրեմն մեզի դեմ,− պոռաց «Շանթ Ակումբի» անդամներեն մին։

− Լռի՛ր,− հրամայեց Սուսերյանց։

Հետո ձեռքը ճակատին տարավ վճռական որոշում մը տալու ձևով և գոչեց.

− Տղե՛րք, առաջ անցե՛ք, պետք է բեկանել այս ընտրությունը։

Եվ գավազանը ճոճելով մտավ եկեղեցիեն ներս։ Մութը այժմ պատած էր ամեն կողմ և եկեղեցին լուսավորված էր մեջտեղի սեղանին վրա դրված մեկ քանի մոմերով։

Երբ մոտեցավ սեղանին քով՝ խեղդուկ ձայնով մը գոչեց.

− Դադրեցուցեք գործողությունը…

− Ինչո՞ւ համար,− հարցուց հաղթանդամ մարդը։

− Ապօրեն է այս ընտրությունը։

− Ի՞նչ պատճառավ…

− Այո՛, ապօրեն է, չենք ընդունիր,− գոչեցին շատ մը ձայներ։

− Ընդհակառակը, շատ օրինական կերպով կատարվեցավ ամեն բան,− դիտել տվավ ավագերեցը։

− Զեղծում կա, չըլլար, բեկանում,− գոչեցին մի քանի ձայներ։

− Ժողովրդի իրավունքները ոտնակոխ եղած են…

− Ժողովուրդի ձայնը խեղդված է…

− Շատ մը թաղեցիներու քվե չէ գացած…

− Բեկանում, բեկանում…

− Կորսնցուցիք, անոր համար խնդիր կհանեք,− պոռաց ընկեր Կայծունի,− քվեարկությունը պիտի շարունակվի։

− Ժողովուրդը այսպես կպահանջե, պարո՛ն, կարդացեք քվեները։

− Ժողովուրդը կպահանջե, որ ընտրությունը չեղյալ նկատվի։

− Դուք ժողովրդի անունով խոսելու իրավունք չունիք։

− Մենք ենք ժողովրդի հարազատ ներկայացուցիչները…

− Տղե՛րք, խորտակեցեք տուփը,− հրամայեց Սուսերյանց։ Քանի մը երիտասարդներ առաջ նետվեցան տուփը առնելու համար, բայց մյուս կողմեն ուրիշ երիտասարդներ զայն գրավեցին։

Այն ատեն «Շանթ»-ի անդամները հարձակեցան «Պայքար»-ի անդամներուն վրա և սարսափելի խառնիճաղանջ տիրեց եկեղեցիին մեջ։

− Ոստիկան, ոստիկան բերե՛ք,− պոռացին մեկ քանի ձայներ, բայց ոչ ոք ուշադրություն ըրավ։

Ավագերեցը խառնակության միջոցին քանի մը բռունցքի հարված ընդունեց և ճյուպպեն պատռվեցավ։ Ընտրական ժողովի անդամները կամաց մը կծիկը դրին:

Սուսերյանցի մեկ հրամանին վրա երիտասարդ մը սկսավ պատռել սեղանին վրա մոռցված քվեները և թուղթերը։

Բայց ամենեն կատաղի կռիվը կմղվեր քվեատուփին շուրջը: Վերջապես «Շանթի» անդամները կրցան զայն ձեռք անցնել և ոտքի հարվածով մը կոտրել և միջի քվեները ջնջել։ Հաղթանակը «Շանթ Ակումբ»-ին մնացած էր…

Երբ թաղին մեջ իմացվեցավ եկեղեցիին մեջ տեղի ունեցած դեպքերը, մեծ իրարանցում տեղի ունեցավ։ Մարգար էֆ-ի կուսակցությունը զայրացած՝ սպառնալիքներ սկսան տեղալ «Շանթ Ակումբ»-ին դեմ։

Չեզոքները, որ մինչև այդ օր հեռվեն դիտողներ եղած էին, իրենք ալ իրենց չեզոքութենեն ելլելով՝ միացան Մարգարյաններուն և բուռն կերպով բողոքեցին տեղի ունեցած բռնաբարության դեմ։

Հետևյալ օր, թերթերը երկարորեն կպատմեին Ք. թաղին մեջ տեղի ունեցած քվեարկությունը և այս առթիվ պատահած ցավալի դեպքերը և վարչության ուշադրությունը կհրավիրեին։

Մարգար էֆենտի երբ լսեց եղածները, ուրախացավ։

− Թող ինչ որ կրնան ընեն, որպեսզի աղվոր մը խաղք ըլլան,− ըսավ։

Երեք օր ետքը, չորեքշաբթի, Վարչությունը իր սովորական նիստը կգումարեր և կզբաղվեր Ք. թաղի ընտրության խնդրով։

Պատրիարքը, որ կնախագահեր ժողովին՝ սա կարծիքը հայտնեց։

− Էֆենտիմ, քանի որ թաղին մեջ երկու հակառակ կուսակցություններ կան պետք է երկուքին ալ գոհացում տալ, վեսսալամ։

− Այդ ի՞նչպես կըլլա, սրբազան,− հարցուց ժողովականներեն մին։

− Առժամյա Թաղ. Խորհուրդ մը կազմենք, մեջը երկու կուսակցություններեն ալ մարդիկ դնենք, լմնցավ գնաց։

− Սրբազան, այն ատեն խնդիրը ավելի կկնճռոտի։

− Ընդհակառակը, մեր մեջ խնդիրները այս կերպով կկարգադրվին։

− Ես կառաջարկեմ, որ նոր ընտրություն տեղի ունենա,− ըսավ ուրիշ ժողովական մը։

− Միտքերը շատ գրգռված են՝ նոր ընտրություն կատարել դժվար է,− դիտել տվավ ուրիշ մը։

− Իմ ըսածիս պես ըրե՛ք,− պնդեց Պատրիարքը,− խառն Թաղական խորհուրդ մը ընտրեք առժամյա հանգամանքով։

− Ըստ իս,− ըսավ Կարպիս Նիզակ էֆենտի,− պետք է նկատի առնել թաղին մեծամասնության կամքը, առանց զանց ընելու փոքրամասնությունն ալ, որովհետև ըստ Սահմանադրության փոքրամասնության ձայնն ալ իր կշիռը ունենալու է։

− Շատ իրավացի է,− հաստատեց ժողովական մը։

− Եզրակացուցե՛ք,− ըսավ ատենապետը։

− Ես կառաջարկեմ որ,− շարունակեց Կարպիս Նիզակ էֆենտին,− երկու կողմերուն ալ գոհացում տրվի, առանց օրինական տրամադրություններուն հակասելու։

− Աղեկ, օղլում, բայց ի՞նտոր,− հարցուց Պատրիարքը։

− Շրջահայեցաթյամբ գործելու է․․․

− Կտրուկ որոշում մը տանք, լմննա,− ըսավ ուրիշ ժողովական մը։

− «Ալ օն փարալըք տա պանտան»,− բացականչեց Պատրիարքը խնդալով։

− Սրբազան ի՞նչ ըսիք,− գոչեց ժողովականը բարկացած։

− Ճանըմ, շախա բան մը ըսի, դուն ալ ի՞նչ իրար կանցնիս,− պատասխանեց Պատրիարքը,− թոհաֆ բան, քիչ մը եյլենմիջ ըլլալը մե՞ղք է…

Այս կերպով փակվեցավ այդ փոքրիկ միջադեպը։

Ժողովը հետո շարունակեց իր խորհրդակցությունը Ք․ թաղին ընտրական խնդրույն մասին և ի վերջո որոշեց. առաջիկա նիստին մեջ լուրջ նկատողության առնել խնդիրը և պարտ ու պատշաճ տնօրինել։

ԺԵ

Պողոս էֆենտի և իր կինը հիմա բոլորովին քաշված կյանք մը կանցընեին։ Գրեթե մարդու հետ չէին տեսնվեր և տիկին Շազիկ տանեն դուրս չէր ելլեր։ Տանը մեջ ալ այր ու կին օտարականներու պես կվարվեին իրարու հետ և հազիվ անհրաժեշտ պարագաներու մեջ իրարու խոսք կուղղեին։

Պողոս էֆենտի աո երեսս ներած էր կնոջը և չէր ուզած որ գայթակղություն հարուցանե, բայց ներքնապես չէր մարսած եղածը։ Իրավ է, որ Տիրանը դարձյալ իր քով առած էր կասկածի տեղի չտալու համար, բայց միայն գործի մասին ատեն-ատեն խոսք կուղղեր անոր։

Իր այս հոգեկան կացության մեջ Պողոս էֆենտի մինակ մտածում մը ուներ, այն էր վրեժ լուծել Մարգար էֆենտիեն։

Մանրակրկիտ քննութենե մը ետք հասկցած էր, որ իր հակառակորդը լրտեսել տված էր իր կինը և այդ կերպով կրցած էր հասկնալ անոր հարաբերությունները Տիրանի հետ ու հետո նամակով մը խնդիրը իմացուցած էր իրեն։

Հիմա իր միակ մտածումն էր նույն խաղը խաղալ Մարգար էֆ-ին, լրտեսել իր կինը և զայն հանցանքին մեջ բռնել, բայց ասոր համար անձնվեր օգնականի մը պետք ուներ ու այդ օգնականն էր, որ կպակսեր իրեն։

− Ա՜խ,− կհառաչեր,− եթե սա շունշանորդի Աբգարին պես մեկը ունենայի ձեռքի տակ…

Իզուր միտքը կչարչարեր այս տեսակ անձնվեր մարդ մը ձեռք ձգելու համար։

Եվ հետո, ուրիշ կետ մըն ալ կար։

− Արդյոք տիկին Սաթեն սիրահար մը ունե՞ր…

Նախ հարկ էր այս կետը լուսաբանել։ Գիտեր, որ իր կինը ամբաստանած էր տիկին Սասանյանը իբրև անհավատարիմ, բայց այս ամբաստանությունը ոևէ որոշ ապացույցի վրա հիմնված չէր և ասոր համար ազդեցություն չէր գործած։

Պողոս էֆենտի խորհեցավ իր կնոջ հետ տեսակցություն մը ունենալ այս մասին և հասկնալ, թե ամբաստանությունները տիկին Սաթենի մասին որքա՜ն հիմնավոր էին։

Գիշեր մը, երբ ճաշեն հետո, այր ու կին առանձին նստած էին իրենց սենյակը, Պողոս էֆենտի հանկարծ ըսավ․

− Հիմա կհասկնամ կոր, թե ինչո՞ւ համար խեղճ տիկին Սաթենին վրա խենթ ռւ խելառ ամբաստանություններ ըրիր։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Շազիկ կռվարար շեշտով մը։

− Պարզապես քու խաղքություններդ ծածկելու համար․․․

− Վա՜յ, ատիկա ե՞րբ հասկցար․․․

− Ե՞րբ պիտի հասկնամ, հիմա հասկցա, երբոր մենք ասանկ ամենուն մոտ խաղք եղանք, մինչդեռ տիկին Սաթեն իր պատիվովը կապրի կոր։

− Սաթենը պատիվովը կապրի կոր,− գոչեց Շազիկ բարկությամբ,– վա՜յ գլխուս, բոզանոցին կիները անկե ավելի պատիվ ունին։

− Ատոնք պարապ խոսքեր են, փաստ պետք է, փաստ։

− Ո՞ր մեկը ըսեմ․․․ բերանս բանալ մի տար։

− Ընդհակառակը, եթե բան մը գիտես, ըսե՞ տեսնենք,− գոչեց Պողոս էֆենտի,− բայց ըսելիք մը չունիս որ․․․ ամենքն ալ պարապ խոսքեր են։

− Անանկ է, երբ խնդիրը քու կնոջդ վրա ըլլա՝ ճիշտ կըլլա ամեն բան, իսկ երբ ուրիշին համար է՝ սուտ է անպատճառ… մինակ ես հանցավոր եմ, մյուսները ամենքն ալ մեյ մեկ սուրբեր, Աստվածածիններ են…

− Քա՛, քու անհավատարմությունդ տեսա,− գոչեց Պողոս էֆ․ սրտմտած։

− Անոր ալ ետևեն իյնաս, լրտեսել տաս նե՝ անորն ալ աչքովդ կտեսնաս…

− Բան մը գիտես նե՝ լրջորեն ըսե՛, ատանկ անորոշ խոսքերե բան չըլլար։

− Ո՞ր մեկ գիտցածս ըսեմ․․․

− Մեկ հատը բավական է․․․ հիմա կըսես կոր թե՝ տիկին Սաթեն սիրո՞ղ ունի։

− Հարկավ կըսեմ, ինչո՞ւ չպիտի ըսեմ, որմե՞ պիտի վախնամ,− պոռաց Շազիկ բորբոքելով։

− Ո՞վ է, անունը ի՞նչ է տեսնանք։ − Ո՞ր մեկը ըսեմ… մեկ հատ, երկու հատ չէ որ… անամոթը… արդեն ամենուն բերանն է…

− Ես երբեք, քենե զատ, մեկե մը անոր մասին բան մը չեմ իմացած։

− Դուն արդեն անանկ ես, ուրիշներուն մասին խոսվածներուն խուլ կըլլաս, իմ վրաս բան մը ըլլա նե՝ ականջներդ կբացվին։

− Հիմա դուն Սաթենին սիրահարներեն մեկուն անունը կըրնա՞ս տալ, ան նայինք։

− Ինչո՞ւ չպիտի կրնամ տալ, հարկավ կուտամ․․․

− Ըսե՛ տեսնենք․․․

− Հեռուն երթալու պետք չի կա, մեկ հատը մեջտեղն է․․․

− Ո՞վ է տեսնենք։

− Ո՞վ պիտի ըլլա իշթե Միհրանիկը․․․ Նվարդին էրիկը։

− Տոսախյան Միհրանիկ է՞ֆ-ն,− հարցուց Պողոս էֆ․ հետաքրքրված։

− Հրամմե՛ր ես, Միհրանիկ էֆենտին…

− Առաջին անգամն է, որ ասանկ բան մը կլսեմ կոր։

− Ուրիշեն լսելու պետք չի կա, գործը մեջտեղն է․․․ Սաթենին փեշեն զատված չունի, ամեն օր տուներնին է։

− Ճանըմ, ատկե ի՞եչ կելլա, բարեկամ են, կտեսնվին։

− Ամեն բանին չափ կա․․․ առտու իրիկուն քիթ քիթի են, իրարմե բաժնված չունին։

− Այդ քու ըսածդ պարզ ենթադրություն մըն է։

− Ես ըսածս գիտեմ․․․ ձեռքս կրակը կդնեմ, որ ըսածիս պես է․․․

− Ես փաստ կուզեմ, փա՛ստ,− գոչեց Պողոս էֆենտի, տեսնելով, որ իր կնոջ խոսքերը ոևէ հաստատուն հիմն չունին։

− Փաստ կուզես նե՝ իրենց ծառաները խոսեցնել տուր մեյ մը։

− Դուն խոսեցնել տվե՞ր ես։

− Կըսեմ կոր նե՝ հարկավ բան մը գիտեմ․․․ մեյ մը Սուրբիկը խոսեցնել տուր տե կիմանաս։

− Ո՞ր Սուրբիկը, Սուրբիկը ով է,− հարցուց ամուսինը։

− Սասանյանենց սպասուհին, որ հիմա քովերնեն ելած է։

− Ինչո՞ւ ելեր է։

− Ես ի՞նչ գիտնամ, հանըմին գործին չէ եկեր ճամփեր է, կերևա, որ իր խաղերուն գործիք ըլլալ չէ ուզեր խեղճ աղջիկը։ − Էյ դուն ո՞ւր տեսար տե խոսեցուցիր այդ Սուրբիկը։

− Հիմա Փութուրյանենց քով մտած է՝ հոն տեսա։

Փութուրյանենք իրենց ծանոթ ընտանիք մըն էին, որոնք օդափոխության եկած էին վերին Վոսփորի այն գյուղը, ուր կգտնվեին այս միջոցիս։

− Սա ծաղկահար աղջիկ մը տեսանք նե անցած օր տուներնին՝ ա՞ն է,− հարցուց Պողոս էֆ.։

− Ճիշտ ան է, Մարգար էֆենտիենց տունն ալ տեսած ըլլալու ես։

− Չեմ հիշեր կոր։

Պողոս էֆենտի պահ մը լռեց և սկսավ մտածել։ Այդ Սուրբիկը իբրև Սասանյաններու ներքին կյանքեն մոտեն տեղյակ մեկը, թերևս կրնար օգտակար ըլլալ։ Իր կնոջ մինչև հիմա ըրած անորոշ ակնարկություններուն մեջ Սուրբիկ միակ լուրջ հենակետը կներկայացներ, միակ աղբյուրը, ուրկե կարելի էր որոշ բան մը քաղել։

Միայն թե Շազիկ ո՞ր աստիճան ճշմարիտ կխոսեր ճամփված սպասուհիին բերանը ամբաստանություններ դնելով։ Այս կետը հարկ էր լուսաբանել։

− Դուն Սուրբիկը երկար բարակ խոսեցուցի՞ր,− հարցուց կնոջը։

− Խոսեցնելու պետք չի կա, արդեն ինք կպատմե կոր,− պատասխանեց Շաղիկ,− խեղճին սիրտը այնքա՜ն էրեր է, որ…

− Անիկա՞ պատմեց Սաթենին Միհրանիկի հետ ունեցած հարաբերությունները։

− Ան ալ ըսավ, ուրիշ բան ալ ըսավ, որ մեկը միտքս պահեմ․․․ կուզես նե՝ օր մը հոս կանչենք, խոսեցնել տուր, ականջովդ լսե, քանի որ իմ խոսքիս չես ուզեր կոր հավատալ։

Այս առաջարկը ամենեն բանավորը թվեցավ Պողոս էֆենտիի։ Արդարև իր կնոջ անկեղծության վրա շատ վստահություն չուներ, կրնար իրողությունները խեղաթյուրել կամ չափազանցել։ Իր կողմե կատարված հարցուփորձ մը կրնար ավելի որոշ արդյունք մը տալ։

− Իրավունք ունիս, օր մը կանչել տուր տե՝ հետը մեյ մը տեսնվիմ, միայն թե հատկապես ատոր համար կանչվածի ձև չառնե…

− Վաղվընե թեզը չի կա, ես անիկա հոս բերել կուտամ։ − Բայց ինք կասկածի երթալու չէ, որ հատկապես զինք հարցուփորձել կուզենք։

− Անհոգ եղի՛ր, ես ամեն բան կկարգադրեմ… արդեն Սուրբիկը միամիտ աղջիկ մըն է, խուռնազություն չունի։

Այր ու կին այսպես համաձայնություն գոյացնելե ետքը տիկին Շազիկ հարցուց.

− Ան չէ ամմա՝ այս գործին ետևեն իյնալուդ նպատակը ի՞նչ է։

− Ինչ պիտի ըլլա, պատիվս վերահաստատել,− գոչեց Պողոս էֆենտի։

− Սաթենին սիրող ունենալ կամ չունենալը քու պատիվիդ հետ ի՞նչ հարաբերություն ունի։

− Ի՞նչ ըսել է, ինչպես անոնք իմ ետևես իյնալով զիս խաղք ըրին, ես ալ հիմա իրենց խաղքությունը մեջտեղ կհանեմ, կերթան կսորվին… թող ամեն մարդ ալ տեսնա, որ ինքն ալ մենե վար չի մնար… արժանապատվության խնդիր է այս։

− Իրավունք ունիս,− պատասխանեց կինը,– մեյ մը խաղք ըլլան նե՝ ալ անկե ետքը լեզունին իրենց կքաշեն։

− Դուն ադ Սուրբիկը վաղը բերել տուր։

− Իրիկունը գաս նե՝ հոս կգտնաս, ապահով եղիր։

Այս կարգադրութենեն ետքը այր ու կին առանձնացան իրենց խուցերը։

Տիկին Շազիկ ուրախ էր, որ առիթ մը ստեղծված էր իր ամուսնույն հետ հարաբերություններ մշակելու։ Գայթակղական ծանոթ դեպքեն ի վեր առաջին անգամն էր, որ Պողոս էֆ. այսքան երկար և գրեթե մտերմական տեսակցություն մը ունեցած էր հետ։ Ամուսնույն ունեցած վրեժխնդրական ծրագիրը իրեն ալ կժպտեր և անշուշտ իր ձեռքեն եկածը չպիտի խնայեր անոր հաջողությանը համար։ Միայն թե, ափսո՛ս, զորավոր զենք մը չուներ ձեռքը։ Սուրբիկի շատախոսությունները ճամփված սպասուհիի մը սրտմտութենեն ծնած բամբասանքներ էին պարզապես, առանց որոշ ու փաստացի իրողություններու։

− Թերևս ամեն բան չէ ըսած,– մտածեց Շազիկ,– վաղը առտու զինքը բերել տամ ու աղեկ մը խոստովանեցնեմ, և հետո էրկանս դեմ հանեմ։

Առտուն ամուսինը մեկնելե ետքը, Շազիկ սպասավորը ղրկեց ու Սուրբիկը բերել տվավ։ Երեսուն տարեկան, նիհար, ծաղկահար, տգեղ աղջիկ մըն էր Սուրբիկ, ծածկամիտ ու շատախոս բնավորությամբ։

Շազիկ չուզեց, որ անմիջապես հայտնե, թե ինչո՞ւ համար բերել տված էր Սուրբիկը, այլ ուզեց անզգայաբար խոսքը դարձնել տիկին Սաթենի վրա։

− Անցած օր ձեր տունը րեվանի մը կերա, շատ համով էր, տիկինին հարցուցի նե՝ ըսավ որ դուն եփած ես, անա՞նկ է,− հարցուց։

− Հրամմե՛ր եք,− պատասխանեց Սուրբիկ։

− Մեր Թագուկը կերակուր աղեկ կեփե, բայց անուշեղեն շատ աղեկ չիյտե շինել, չե՞ս կրնար անգամ մը իրեն սորվեցնել։

− Շատ աղեկ, երբ որ կուզեք, ի՞նչ պիտի եփենք։

− Առաջ մեյ մը րեվանին սորվեցուր։

− Արդեն մեծ բան մը չէ, թարիֆ ընեմ նե՝ ինքնիրեն կրնա շինել։

− Չէ՛, ես կուզեմ, որ դուն ձեռքովդ եփես անգամ մը, անանկ թարիֆով միտքը չմնար։

− Ինչպես հրաման կընեք նե՝ անանկ կընենք։

− Կերևա որ այդ տեսակ անուշեղենները տիկին Սաթենին տունը սորված ես,− ըսավ Շազիկ քմծիծաղով մը։

− Հոն չգացած արդեն գիտեի․․․

− Բայց տիկին Սաթենին համար կըսեն, որ շատ վարպետ է անուշեղեն շինելու համար։

− Չեմ գիտեր, ես բնավ անոր անուշ եփելը չեմ տեսած։

− Քանի անգամ որ տունը անուշ կերած ու հավնած եմ՝ «ես եփած եմ» ըսած է։

− Ատանկ սուտ պարծանքները կսիրե,− պատասխանեց Սուրբիկ,− նայինք հիչ ոտքը խոհանոց դրա՞ծ է…

− Կրնա՞ ըլլալ, որ տանտիկին մը ոտքը խոհանոց չդնե։

− Անանկ բաներու նայած չուներ…

− Ինչո՞ւ համար, ատեն չէ՞ր գտներ,− հարցուց Շազիկ ժպտալով։

− Ես ի՞նչ գիտնամ, անոր գործերուն իմ խելքս չհասնիր։

− Ան չէ ամմա, ինչո՞ւ քեզ ճամփեցին..

− Անոնք չճամփեցին՝ ես ելա,− պատասխանեց Սուրբիկ նեղացած դեմքով մը։

− Իրենք անանկ չեն ըսեր կոր։ − Ի՞նչ կըսեն կոր, նայինք։

− Ճանըմ տեսակ-տեսակ բաներ, իբր թե շատ ծույլ ես եղեր, աղտոտ ես եղեր, անկիրթ ես եղեր… տունեն բաներ պակսեր է, քենե կասկածեր են, ես ի՜նչ գիտնամ, ասանկ խոսքեր։

Տիկին Շազիկ անպատկառորեն կստեր։ Բնավ Սուրբիկի մասին բան մը չէր լսած, բայց իր նպատակն էր պարզապես սպասուհին գրգռել իր նախկին տերերուն դեմ ու անոր լեզուն բանալ։ Իր այս հնարքը հաջողեցավ։ Սպասուհին բարկաճայթ գոչեց։

− Վայ ստախոսներ, ամոթ չէ՞ իրենց, որ ասանկ մուր քսել կուզեն վրաս… եթե ես ալ իմ գիտցածներս ըսեմ, այն ատեն պոյերնին կտեսնան։

− Ինչ ունին, որ ինչ պիտի ըսես, ատոնք պարապ խոսքեր են։

− Ես իմ ըսածս գիտեմ, Շազիկ հանըմ։

− Տիկին Սաթենը ես ալ ճանչցած եմ, իր վրա երբեք պակասություն մը չեմ տեսած…

− Դուք ի՞նչ կրնաք տեսնել… դուրսեն հարկավ բան մը հայտնի չըլլար… մեյ մըն ալ ինծի հարցուր անոր ինչ կնիկ ըլլալը… բայց ինչուս պետք է, ես իրենց պես չեմ, լեզուս կքաշեմ կնստիմ, բամբասանքեն չեմ ախորժիր։

− Անցածները սակայն բաներ մը կպատմեիր կոր հանըմիդ մասին, միտքեդ ելա՞վ։

− Ի՞նչ բան,− հարցուց Սուրբիկ։

− Միհրանիկ էֆ-ին խոսք կընեիր կոր…

− Սուտ չէի խոսեր կոր ա, ամեն օր տուներնին էր։

− Ատկե ինչ կելլա, բարեկամ են, իրարու հետ կտեսնվին․․․

− Տեսնվիլ կա, տեսնվիլ ալ կա… ես կույր չեմ, ամեն բան կտեսնամ։

− Ասկե զատ Միհրանիկ էֆենտի միշտ իր կնկանը հետ կուգար հարկավ։

− Անանկ է, միասին կուգային,− հաստատեց Սուրբիկ։

− Էյ ուրեմն, ինչ կրնա ըլլալ։ Տեսա՞ր որ ըսածներդ ալ պարապ խոսքեր են եղեր։

− Հիմա կուզե՞ս որ ամեն բան ըսեմ,− գոչեց սպասուհին,– որուն համբերությունը կսկսեր սպառիլ Շազիկի բռնած ընթացքեն։

− Կրնա՞ս նայիմ ինծի համոզել, որ տիկին Սաթեն Միհրանիկ էֆենտիի հետ ծածուկ բան մը ուներ, այն ատեն կհամոզվիմ, որ ճշմարիտ կխոսիս կոր և անոնք են ստախոսները։

− Ես աս գիտեմ, Միհրանիկ էֆենտի անանկ պարզ բարեկամի պես չէր տեսնվեր տիկին Սաթենին հետ, մանավանդ որ մինակ մնային։

− Մինակ կմնայի՞ն,− հարցուց Շազիկ հետաքրքրությամբ։

− Թոհաֆ բան, Շազիկ հանըմ, չըլլա՞ր որ երբեմն մինակ ըլլան,− ըսավ Սուրբիկ։

− Բայց դուն ըսիր, որ միշտ Նվարդին հետ կուգար այցելության։

− Այո՛, բայց կպատահեր, որ տիկին Նվարդ Մարգար էֆենտիին հետ զբաղած կըլլար և տիկին Սաթենն ալ Միհրանիկ էֆ-ի հետ առանձին կմնային։

− Է՛յ, առանձին մնացած ատեննին ի՞նչ կընեին…

− Ալ բերանս բանալ մի տար։

− Հելե՛, հելե՛, ըսե նայինք։

− Չեմ գիտեր,− պատասխանեց Սուրբիկ, իբր թե ամոթահար՝ ձեռքով երեսը ծածկելով։

Տիկին Շազիկ հասկցավ, որ այդ ճամփուն մեջ ավելի բան մը չպիտի քաղեր, սպասուհիին ըսածները պարզ բամբասանքներ էին՝ առանց որոշ փաստերու։

− Էյ, Միհրանիկ էֆենտիեն զատ ուրիշնեբու հետ ալ ատանկ հարաբերություններ ունե՞ր տիկին Սաթեն,− հարցուց։

− Հարկավ, պատասխանեց սպասուհին հաստատ շեշտով մը։

− Որո՞ւ հետ տեսնենք… արդյոք իմ էրիկս ալ կա՞ անոնց մեջ,− և տիկին Շազիկ քահ-քահ խնդաց։

− Մեղա՜, ատ ի՞նչ խոսք է,− գոչեց Սուրբիկ,− Պողոս էֆենտին ատանկ մարդ չէ։

− Ես կատակ ըրի, էրկանս վրա կասկած չունիմ, միայն թե սա մյուսներու անունները տուր։

− Ո՞ր մեկը ըսեմ։

− Վայ, այդչափ շա՞տ են։ Ինչ որ է, մեկ հատին անունը տուր գոնե։

− Եթե ատանկ գործեր չունենա նե՝ ինչո՞ւ շաբաթը քանի մը անգամ պիտի ձգե Բերա երթա։

− Բերա երթալեն բան չըլլար, դուն ուրիշ բան գիտես նե՝ ըսե՛։ − Դեռ ի՞նչ ըսեմ, այս պատմածներս բավական չե՞ն,− գոչեց Սուրբիկ։

− Բան մը չըսիր որ… սա մյուս մարդոց անունը ըսե տեսնենք։

− Ես չեմ գիտեր, Սահակ աղբարը աղեկ գիտե,− պատասխանեց Սուրբիկ։

− Սահակ աղբարը ո՞վ է…

− Մարգար էֆենտիենց ծառան… Հիմա ան ալ ձգեց ելավ քովերնեն… անիկա կըսեր, որ հանըմը միշտ Բերա կվազե նե՝ ըսել է ատոր տակը բան մը կա։

− Դուն աչքովդ բան մը տեսա՞ծ ես,− գոչեց Շազիկ, որուն համբերությունը կսպառեր:

− ՉԷ՛,– պատասխանեց Սուրբիկ,− ես ի՞նչ կրնամ տեսնալ, մեկտեղ չէի երթար դուրս ելած ատեն։

− Էյ, Սահակը տեսա՞ծ է…

− Ան ալ աչքովը չէ տեսած… բայց…

− Բայց ի՞նչ:

− Ճանըմ, հանըմ, ինչո՞ւ ասանկ կըսես, մարդս անպատճառ աչքո՞վը տեսնալու է, որ հավատա, ես ձեռքս կրակը կդնեմ, որ անանկ ատեն-ատեն Բերա վազելուն մեջ անպատճառ բան մը կա… պատվավոր կնիկները տուներնին կնստին, կամ դուրս ալ ելլան նե՝ իրենց էրկանը, կամ եղբորը հետ կելլան։ Դուն ինչո՞ւ շաբաթը քանի մը անգամ Բերա չես երթար կոր։

− Ես ուրիշ,− պատասխանեց Շազիկ։

− Ես պատվավոր ընտանիքներ ալ տեսած եմ, անպատիվներ ալ,− շարունակեց Սուրբիկ,− ամիս մը տուն մը կենամ նե՝ ամենուն ալ ինչ ըլլալը կհասկնամ։

Բոլոր այս խոսքերը չէին կրնար գոհացնել Շազիկը, որ դրական ապացույցներու պետք ուներ։ Իզուր իր հարցուփորձը առաջ տարավ հաստատ հենակետ մը գտնելու հույսով։

Սուրբիկի ամբաստանությունները հետզհետե տարտամ ու անորոշ կդառնային։ Հայտնի կերևար, որ սպասուհին բան մը չէր տեսած, այլ ճամփու դրվելեն զգացած սրտմտութենեն էր, որ իրեն չարախոսությունները ընել կուտար:

Շազիկ հուսախաբ եղած էր։ Եվ սակայն չէր ուզեր անոր օձիքը թողուլ։ Անպատճառ պետք ուներ Սուրբիկի՝ իր ամուսնույն հետ հաշտվելու համար։

Սատանայական հնարք մը խորհեցավ։

Ձայնը ցածցուց և ըսավ Սուրբիկին.

− Կուզե՞ս դրամ շահիլ։

− Դրամ շահիլ ո՞վ չուզեր, հանըմ,− պատասխանեց սպասուհին, որուն աչքերը հույսի նշանով մը շողացին։

− Եթե խոսքս աղեկ մտիկ ընես և ըսածներս կետ առ կետ կատարես, քեզի աղվոր դրամ կշահեցնեմ։

− Ի՞նչ պիտի ընեմ, ձեռքես գալի՞ք բան է…

Տիկին Շազիկ պահ մը հեռացավ սենյակեն, հետո վերադարձավ և երեք մեճիտիե դնելով Սուրբիկի ձեռքը, ըսավ.

− Կարծեմ գեղը պզտիկ տղա մը ունիս։

− Այո՛, Շազիկ հանըմ, վեց տարեկան մանչ մը ունիմ։

− Այս դրամը ղրկե, թող իրեն հագուստ շինեն… կամ դուն աստեղեն առ, ղրկե։

− Շատ շնորհակալ եմ, աստված կյանք տա ձեզի,− գոչեց սպասուհին հուզված շեշտով մը,− աստված Պողոս էֆենտիին վաստակը ավելցնե…

− Եթե իմ խոսքս մտիկ ընես՝ դեռ ասոր պես շատ դրամներ ձեռքդ կանցնի,− ըսավ Շազիկ չարաճճի նայվածքով մը։

− Հրաման ըրե, հանըմս, ձեռքես ինչ որ գա՝ ընեմ,− պատասխանեց Սուրբիկ։

− Այս գիշեր գործդ լմնցնելե ետքը կրնա՞ս հոս գալ։

− Ինչո՞ւ չէ, կուգամ, էֆենտին ու հանըմը կերակուրը ուտելեն ետքը ալ ինծի գործ չմնար որ…

− Միայն թե առաջուց գործը կարգադրենք… հոս գաս նե՝ քեզ Պողոս էֆենտիին պիտի ներկայացնեմ և անոր պիտի պատմես քիչ մը առաջ ըսածներդ։

− Կպատմեմ, հանըմ, բայց ետքը գլուխս փորձանք մը չգա։

− Խե՞նթ ես, ի՞նչ փորձանք, մենե խոսք դուրս չելլեր, ասկե զատ ինչ ալ որ ըլլա, քու անունդ գաղտուկ կպահենք, անոր համար վստահ եղիր… մեր միտքը բոլորովին ուրիշ է։

− Կհասկնամ,− պատասխանեց Սուրբիկ նրբորեն։

Արդարև սպասուհին արդեն իսկ կռահած էր այս մանրակրկիտ հարցուփորձին շարժառիթը։ Գիտեր թե ինչեր խոսվեր էր տիկին Շազիկի մասին, գիտեր նաև, թե ո՞րոնք եղած էին պատճառը գայթակղության երևան ելլելուն։ Հիմա փոխադարձ վրեժխնդրությունն էր, որ կպատրաստվեր ու զինքն ալ կուզեին գործիք ընել։ Այս դերը խաղալու պատրաստակամությունը չէր, որ կպակսեր իր քով, քանի որ ինքն ալ իր պզտիկ վրեժը ուներ և կուզեր գոհացում տալ անոր, միայն թե հետևանքներեն կվախնար։ Այդ հարուստները կրնային ջրին երես ելլալ, մինչդեռ իրեն պես աղքատ սպասուհի մը անոնց դեմ պայքարելով, կրնար գլխին անակնկալ փորձանքներ բերել։

Տիկին Շազիկ նշմարեց Սուրբիկի վարանումները և սիրտ տալու համար անոր ըսավ․

− Դուն մեզի հետ եղիր՝ նայե՝ ինչ օգուտներ կքաղես, մենք քեզի պարապ չենք հաներ։

− Գիտե՛մ, հանըմ, գիտե՛մ, բայց եթե զիս ետքը օրթան ձգեք, ի՞նչ կըլլա վիճակս, Մարգար էֆենտի անանկ մարդ մըն է, որ ամեն գեշություն կրնա ընել…. ես անոր հետ գլուխ կրնա՞մ ելլել։

− Ճանըմ դուն ալ, խենթը, ի՞նչ կրնա ընել քեզի։

− Ես ի՞նչ գիտնամ, էֆենտիիս խոսք մը ընելուն պես, ես հացես կելլամ։

− Եթե անանկ բան մը ըլլա նե՝ հոս տեղդ պատրաստ է… կուզես նե ըլլալուն ալ մի սպասեր, այսօրվընե եկար…

Այս ապահովությունը արդարև սրտապնդեց սպասուհին։

− Դուք այսպես խոսք տալերնեդ ետքը, ալ սիրտս հանդարտ է,− հայտարարեց։

− Հիմա դառնանք մեր գործին,− ըսավ Շազիկ։− Այսպես բոլոր գիտցածներդ մեկիկ-մեկիկ պիտի պատմես մեր էֆենտիին։

− Ինչ որ քեզի ըսի՝ պատրաստ եմ անոր ալ կրկնելու, արդեն իմ խոսքերուս մեջ սուտ չի կա, ես ուրիշ սպասուհիներու պես չեմ։

− Գիտեմ այդպես ըլլալը, միայն թե ատիկա բավական չէ․․․

− Ուրիշ ի՞նչ կուզեք, որ ընեմ։

− Ինծի պատմածներուդ մեջ կարևոր բան մը չկա։ Ես կուզեմ, որ խնդիրը ուրիշ կերպով պատմես Պողոս էֆենտիին։

− Շազիկ հանըմ, միտքդ չեմ հասկնար կոր։

− Կեցիր բացատրեմ։ Միհրանիկ էֆենտիին ու Սաթենին հարաբերություններուն մասին որոշ բաներ ըսելու ես։

− Ի՞նչ բան…

− Օրինակի համար իբր թե, օր մը առանձին գտնված ատենին բան մը փնտռելու համար իրենց սենյակին դուռը կբանաս և կտեսնես, որ Միհրանիկ էֆ. հանըմիդ ճիտը կհամբուրեր կոր, ուրիշ որ մըն ալ վրա կհասնիս ճիշտ այն միջոցին, որ տիկին Սաթեն Միհրանիկի ծունկին վրա նստած էր…

− Բայց Շազիկ հանըմ, անանկ բան չէ եղած նե…

− Ճանըմ, զարմանալի բան, քիչ մըն ալ քովեդ կավելցնես:

− Սո՞ւտ խոսիմ:

− Սուտի ի՞նչ կա, ինչե՞ն գիտես, որ ատանկ բաներ չեն ըրած… ի՜նչ պարզամիտ աղջիկ ես, գյուղացի ըլլալդ հայտնի ըրիր, մարդ ամեն բան աչքովը չտեսնար, երբեմն ալ մտքով կգուշակե… կրնա՞ս երդում ընել, որ ըսածներս չեն ըրած:

− Չէ՛, ինչպես կրնամ չգիտցած բանիս համար երդում ընել։

− Անանկ է նե՝ երկար մի ըներ, ես ինչ կըսեմ կոր նե՝ մտիկ ըրե… հիմա աս ասանկ կպատմես Պողոս էֆենտիին։

− Սեպե, որ պատմեցինք, հետո՞…

− Հետո, ուրիշ սիրահարներու խոսքը ըրիր, Սահակ աղբորմե լսած ես եղեր։

− Այո՛, Սահակ աղբարը կըսեր, որ հանըմը անպատճառ բան մը ունենալու է, որ շաբաթը քանի մը անգամ Բերա կերթա:

− Ատանկ անորոշ խոսք չըլլար, դուն Պողոս էֆենտիին կըսես, որ Սահակ աղբարը օր մը դիպվածով տեսեր է, որ տիկին Սաթեն Խոսրով էֆենտիին հետ Պոն Մարշեի դեմը գտնվող փաստաճիին խանութը մտեր ու երկար ատեն հոն մնացեր են…

− Խոսրով էֆենտին ո՞վ է,− հարցուց Սուրբիկ զարմացած:

− Ճանըմ, ո՞վ պիտի ըլլա, Քանասարյան Խոսրով էֆ-ն, տիկին Սաթենին հին սիրահարը։

− Այդ անունը բնավ չէի լսած:

− Հարկավ լսած չպիտի ըլլաս, աղջիկնության սիրահարներեն է…

− Մեղա՜, ինչե՜ր կլսեմ կոր:

− Ինչ որ է, ըսածներս աղեկ միտք պահեցի՞ր, չելլես սխալ խոսք մը ընես։

− Այո՛, բայց Սահակ աղբարը ատանկ բաներ չէ ըսած ինծի:

− Ճանը՛մ, ով որի, երթալու Սահակ աղբարը փնտռելու, հարցաքննելու չեն ա, դուն քո գործդ նայե։

− Ախ հանըմ, կվախնամ, որ այդ գործեն պելա մը գա գլխուս: − Տղա մի ըլլար, քա՛ աղջիկ, պելայի մելայի բան չի կա… այս գործեն քեզի պոլ-պոլ փարա պիտի գա, ըլլալիք սա է: Աս իրիկուն եթե ըսածիս պես Պողոս էֆ-ին պատմես, ոսկի մի ինե գիտցիր, էֆ-են առնելիքդ ալ զատ։

Այս հեռապատկերը ցրեց սպասուհիին բոլոր վարանումները։

− Իրիկունը գործս լմնցնելուս պես կուգամ,− ըսավ։

− Ըսածներս աղեկ միտքդ պահե:

− Մեկիկ-մեկիկ միտքս են,– հաստատեց Սուրբիկ և կրկին խոստանալով հավատարմաբար կատարել ստացած հրահանգները, մեկնեցավ տիկին Շազիկի քովեն։

Պողոս էֆ. իրիկունը երբ վերադարձավ, առաջին գործը եղավ կնոջը հարցնել։

− Սուրբիկին լուր ղրկեցի՞ր։

− Ղրկեցի՞,− պատասխանեց Շազիկ,− գործը լմնցնելե ետքը պիտի գա եղեր։

− Դուն զինքը մեյ մը չտեսա՞ր։

− Չէ՜, ի՞նչ տեսնեմ, քանի որ իրիկունը պիտի գա… ես արդեն ատանկ սպասուհիները դեմս առնել խոսեցնելը չեմ սիրեր։

Պողոս էֆ. գոհ մնաց, որ կինը նախապես չէր տեսնված Սուրբիկին հետ, կկարծեր, որ թերևս անոր թելադրանքներ ըներ ու Սուրբիկ անոնց ազդեցության ներքև ճշմարտությունը խեղաթյուրեր։ Շազիկի ամուսինը առտըվնե մինչև իրիկուն իր վրեժխնդրական ծրագիրներուն վրա մտածած էր։ Եթե կարենար փաստացի ապացույց մը ձեռք բերել Սաթենի կամ Մարգար էֆ-ի դեմ, իր վրեժը լուծած պիտի ըլլար, և անոր հետ մեկտեղ իր անունին վրա բերած արատը մաքրած, գոնե ինքը այսպես կհավատար։ Եթե Մարգար էֆ. ճիշտ իր վիճակին ենթարկվեր՝ այլևս իրարմե տարբերություն չպիտի ունենային և ասոր մեջ կգտներ իր արժանապատվության գոհացումը։

Իր խոստման հավատարիմ՝ Սուրբիկ գիշերը եկավ։ Շազիկ միջոցը գտավ րոպե մը առանձին գտնվելու սպասուհիին հետ և անոր ականջին փսփսաց.

− Էրկանս մի ըսեր, որ ցերեկը մեյ մը եկար ու միասին տեսնվեցանք… ըսածներս չի մոռնաս։

Եվ միևնույն ատեն ոսկի մը սահեցուց Սուրբիկի ձեռքը։

Երբ սպասուհին ներկայացավ Պողոս էֆենտիին, այս վերջինս դժնդակ կացության մը մատնվեցավ։ Չէր գիտեր ինչպե՞ս հարցուփորձը սկսեր: Բացորոշաբար կզգար իր կատարելիք դերին պժգալի հանգամանքը և այս պատճառավ համարձակությունը կպակսեր:

− Գիտե՞ս քեզ ինչու համար հոս կանչեցի,− ըսավ Պողոս էֆենտի:

− Ի՞նչ գիտնամ, էֆենտի,− պատասխանեց Սուրբիկ սմսեղուկ դեմքով մը։

− Թող տիկինը բացատրե,− ըսավ Պողոս էֆենտի Շազիկը ցույց տալով։

− Ես ի՞նչ պիտի բացատրեմ, դուն ըսե ըսելիքդ,− պատասխանեց այս վերջինը։

− Դուն ավելի աղեկ գիտես ըսելիքդ, քանի որ արդեն խնդիրը բացեր ես ուրիշ անգամ…

Շազիկ ավելի հանդուգն, քան իր ամուսինը, Սուրբիկին դարձավ ու ըսավ.

− Աղջիկս, քեզի բերել տվինք, որպեսզի սա Մարգար էֆենտիին ու տիկին Սաթենին վրա գիտցածներդ ըսես։ Անցածները բաներ մը կպատմեիր կոր, աղեկ մը միտքս չմնաց, հիմա սանկ տեղն ի տեղոք պատմե տեսնանք։ Եթե ուզածիս պես պատմես՝ Պողոս էֆենտի քեզ աղվոր նվեր մը պիտի տա… անանկ չէ՞, Պողո՛ս էֆենտի:

− Արդեն պատրաստեր եմ,− պատասխանեց վաճառականը գրպանեն ոսկի մը հանելով ու քովը գտնված սեղանին վրա դնելով:

Սուրբիկի աչքերը շողշողացին, առտվընե ի վեր արդեն նվերներ ընդունած էր ու ահա հիմա երրորդ անգամ ըլլալով ոսկի մըն ալ պիտի առներ։

− Գիտցածս մեծ բան մը չէ, բայց պատմեմ,− ըսավ։

− Միայն թե ճիշտ ու ճիշտ պատմես ամեն բան, առանց քովեդ բաներ ավելցնելու,− դիտել տվավ Պողոս էֆենտի։

− Ավելի աղեկ կըլլա, որ ես հարցնեմ, դուն պատասխանես ու Պողոս էֆենտին ալ մտիկ ընե,− առաջարկեց Շազիկ։

Հարցուփորձը սկսավ և Սուրբիկ կետ առ կետ կրկնեց ինչ որ ցերեկը իրեն տոն տված էր Շազիկ։

Պողոս էֆենտի աչք ու ականջ կտրած կհետևեր Սուրբիկի խոսքերուն ու չէր կրնար իր ուրախությունը զսպել։ Վերջապես Սաթենի անհավատարմության ապացույցները կերևային որոշ, գրեթե անհերքելի։

Միայն թե գլխավոր վկան, Սահակ աղբարը մեջտեղ չկար:

− Ո՞ւր է հիմա այդ Սահակը,– հարցուց Պողոս էֆենտի, երբ Սուրբիկ իր խոստովանությունը ավարտեց։

− Իրավ է որ, էֆենտի, չեմ գիտեր, բայց ուրիշ տուն ծառայության մտած է:

− Ո՞ւր տեղացի է, գիտե՞ս…

− Վանեցի։ Եթե ուզեք, ես հասկնամ ուր ըլլալը և ձեզի իմաց տամ…

− Շատ շնորհակալ կըլլամ։

− Գլխուս վրա, էֆենտի՛:

− Միայն թե ատեն անցնելու չէ, այսօր վաղը հասկնալու է:

− Հոս վանեցի մեկ-երկու ծառաներ կան, անոնցմե կրնամ տեղեկություն առնել։

− Քեզ տեսնեմ, աղջիկս, առ հիմա սա ոսկին, երբ Սահակին ո՞ւր գտնվելուն մասին ալ ճիշտ տեղեկություն մը բերես, քեզի ոսկի մըն ալ պիտի տամ։

− Շատ ապրիք, էֆ., աստված երկար կյանք տա ձեզի։

Եվ Սուրբիկ հեռացավ իր գրպանը տեղացող այս նվերներեն գինովցած։

Երբ այր ու կին առանձին մնացին, Շազիկ հաղթականորեն ու անպատկառ շեշտով մը գոչեց.

− Տեսա՞ր հիմա…

Այս կարճ խոսքը շատ բան կպարունակեր իր մեջ։ Հանդիմանություն մըն էր իր ամուսնույն ուղղված՝ անոր անհարկի իրարանցումներուն, հուզումներուն, սրտմտության դեմ։ Շազիկ ըսել կուզեր, թե ինք միակ խաբված ամուսինը չէր, և թե ուրիշ կիներ ալ նույն բանը կընեն ավելի ընդարձակ սահմանի մը մեջ, թե իրավունք չուներ ատանկ սովորական բանի մը համար այնքան խնդիրներ հարուցանելու։

Պողոս էֆ. շատ լավ ըմբռնեց այդ «տեսա՞ր հիմա»−ին իմաստը և լռեց հանցավորի մը պես։

Շազիկ չգոհացավ այդ փոքրիկ հաղթանակով:

Ծանոթ գայթակղական դեպքեն ի վեր առաջին անգամ ըլլալով հարձակողականի անցավ։

− Հիմա համոզվեցա՞ր Սաթենին ինչ տեսակ կնիկ ըլլալուն,− շարունակեց,− հիմա տեսա՞ր Մարգար էֆենտիին պատիվը քանի փարա արժելը… և այդ խայտառակներուն պատճառավ զիս ոտքի տակ առիր, ամենուն քով խաղք ըրիր…

− Բայց,− կմկմաց Պողոս էֆենտի,− իրողություն մը կար մեջտեղ…

− Ճանըմ, դուն ալ, իրողություն կա եղեր․․․ ի՜նչ պարապ խոսքեր, գործը վելվելեի տվիր մեծցուցիր… բայց դուն հանցանք չունիս, հանցանքը ան Մարգար էֆենտիինն է, որ քեզի անստորագիր նամակով մը ծուղակը ձգեց և իր գործը հաջողցուց…

Շազիկի այս խոսքերը զայրացուցին Պողոս էֆենտիին, որ գոչեց.

− Դուն խելոք կեցած ըլլայիր նե՝ անստորագիր նամակը ի՞նչ ազդեցություն կրնար ունենալ։

− Ես նորեն ըսածս կըսեմ․․․ պարզապես խաղի եկար, ուրիշ կերպ կրնայիր վարվիլ․․․

− Ի՞նչ ընելու էի։

− Պարզապես ինե առանձին բացատրություն ուզելու էիր, փոխանակ հրապարակային գայթակղություն հարուցանելու և պատիվնիս փարայի մը ընելու… ամեն մարդու կնիկ ալ ատանկ բաներ կընե, բայց ամեն էրիկ քեզ պես չի վարվիր․․․

− Թերևս իրավունք ունիս,− ըսավ Պողոս էֆենտի, այս անհաճո վիճաբանության վերջ տալու համար։

Հետո ավելցուց.

− Հիմա ալ կարգը Մարգար էֆենտիին եկավ… Նայինք ան ինտո՞ր պիտի վարվի, երբ իր կնոջը ըրածները իմանա։

− Վստահ եմ, որ անիկա քենե ավելի խելացի կերպով պիտի վարվի,– պատասխանեց Շազիկ հարձակողական շեշտով մը։

Բոլոր այս վիճաբանությունը գերազանցորեն կնեղացներ Պողոս էֆենտին, որուն ամբողջ մտածումը այս միջոցին իր ապագա վրեժխնդրության կերթար։ Սուրբիկին տված տեղեկությունները կվերլուծեր մտքին մեջ և անոնցմե օգտվելու հնարքներ կխորհեր։ Կզգար, որ իր կնոջ օժանդակությունը անհրաժեշտ էր իրեն գործը հաջողությամբ գլուխ տանելու համար։ Վաճառականը միշտ գնահատած էր Շազիկի խելքն ու ճարտարամտությունը և ինթրիկներ սարքելու համար անոր ունեցած մասնավոր հարմարությունը, ուստի գործը անուշ տեղը կապելու, վերջացնելու համար ըսավ. − Հիմա անցած, գացած խնդիրները ձգենք և զուր տեղը կրակը չհրահրենք… միասին աշխատինք սա Մարգար էֆենտիին ու Սաթենին հախեն գալու, և այն օրը, երբ հաջողինք, կխոստանամ քու ըրածներդ ներելու։

Երկրորդ անգամ հաղթանակը կտաներ Շազիկ, բայց ասով ալ չգոհացավ։

− Ո՞վ որու պիտի ներե,− գոչեց,− դո՞ւն ինձի մի, ես քեզի․․․

− Ճանըմ, դուն ինծի ներե՝ ես քեզի ներեմ, լմնցունենք,– պոռաց Պողոս էֆենտի համբերությունը սպառած։

Շազիկ վերջապես տեղի տվավ։ Թողուց իր հարձակողական շեշտը և սկսավ ավելի մեղմ կերպով խոսակցիլ ամուսնույն հետ։

− Սուրբիկը թերևս ուրիշ բաներ ալ գիտե և չուզեց ըսել,− դիտել տվավ Պողոս էֆ.,− դուն նորեն աղեկ մը խոստովանցուր զինքը։

− Ես անիկա վաղը կկանչեմ, նորեն, խոսեցնել կուտամ, դուն բնավ հոգ մի ըներ։

Այդ իրիկունը «դեպք»-են ի վեր առաջին անգամ ըլլալով՝ այր ու կին գիշեր բարի ըսելով բաժնվեցան իրարմե։

ԺԶ

Մեր պատմության հերոսներեն մին՝ Պարոն Գարեգին Մարգարյան, բավական ատենե ի վեր աչքե հեռու թողուցինք։ Ընթերցողները կհիշեն անշուշտ, որ երիտասարդ գրագիրը ստիպված էր հեռանալ հաճի Հակոբ Սամիկյանի քովեն, Մարգար էֆենտիի հալածանքներուն հետևանքով, կհիշեն նաև, որ Գարեգին նշանված էր ոսկերիչ Սահակ աղայի աղջկան՝ Նարդիկի հետ։

Գարեգին պարկեշտ ու պատվախնդիր երիտասարդ էր, չէր ուզեր իր համոզումները զոհել Մարգար էֆենտիի քմահաճույքներուն և միշտ պայքարած էր անոր դեմ։ Իր այս ընթացքը բնականաբար զինքը դասել տված էր Պողոս էֆենտիի կուսակիցներու շարքին մեջ, թեև ներքնապես Գարեգին ջերմ պաշտպան մը չէր եղած Թաղական Խորհրդի նախկին ատենապետին։ Ք. թաղին մեջ, ուր երկու կուսակցություններ իրարու դեմ լարված էին, Գարեգին կշարունակեր ընդհանուր համակրանք վայելել, որովհետև իր հակառակորդներն ալ չէին կրնար ուրանալ անոր ուղղամտությունը։

Երբ «Շանթ Ակումբ»-ի անդամներուն ձեռքով ընտրական գործողությունը խանգարվեցավ և թաղային ընտրությունը ապարդյուն մնաց՝ թաղեցիներու չեզոք մասը, տեղի ունեցած արարքներեն գայթակղած, ուզեց միջամտել և վերջ տալ տիրող խառնակություններուն և ասոր համար դիմում ըրավ Գարեգինի, որ Մարգար էֆենտիի հակառակորդ մը ըլլալով հանդերձ՝ երբեք ապօրեն միջոցներու դիմած չէր իր մղած պայքարը հաջողցնելու համար։

Երիտասարդը չմերժեց իրմե խնդրված ծառայությունը և խոստացավ ձեռքեն եկածը ընել։

Քանի մը թաղեցիներ իրեն առաջնորդությամբ գացին ներկայացան Վարչության և կացությունը պարզեցին։

– Վարչությունը որոշած է հարգել տալ Սահմանադրությունը,− ըսավ ատենապետը։

− Ի՞նչ կերպով,− հարցուց Գարեգին։

− Կրկին քվեարկություն կատարել տալով։

− Բայց դարձյալ խռովություններ կրնան ծագիլ։

− Ազգային իշխանությունը պետք չէ որ ոտնակոխ ըլլա։

− Մենք ալ համամիտ ենք ատոր։

− Ըմբոստները խստորեն պիտի պատմժին,− շարունակեց ատենապետը։

− Միջոցներ ունի՞ք ատոր համար։

− Պետք եղած միջոցները պիտի խորհինք։

− Լավագույնն է միջին ճամփա մը գտնել,− աոաջարկեց Գարեգին։

Քվեարկությունը խանգարված ըլլալով հանդերձ ցույց տվավ թե թաղին մեծամասնությունը Մարգար էֆենտիի և իր կուսակիցներուն հետ է։

− Այդ մասին տարակույս չի կա,− հաստատեց Գարեգին ամենայն անկեղծությամբ։

− Ուրեմն փոքրամասնությունը պիտի տեղի տա։

− Մենք ալ նույն կարծիքը ունինք, բայց դժբախտաբար այդ փոքրամասնությունը չպիտի ուզե տեղի տալ, երբ ընտրության մը ձեռնարկվի և հավանորեն կրկին ծայրահեղ միջոցներու պիտի դիմե, ուստի մենք եկած ենք խնդրելու, որ առայժմ ընտրությունը հետաձգվի, մինչև որ միտքերը հանդարտին։

− Բայց թաղային գործերը ո՞վ պիտի վարե․․․

− Վարչությունը թող իր կողմե առժամյա Թաղ. Խորհուրդ մը ընտրե,− առաջարկեց Գարեգին։ − Էֆենտիիին ըսածը գործնական գաղափար է,− դիտել տվավ Կարպիս Նիզակ էֆ․։

− Բայց մեծամասնությունը պիտի բողոքե այդ ժամանակ։

− Մեծամասնությունը չբողոքեր, եթե առժամյային մեջ իր թեկնածուներեն մեկ քանին առնվին։

− Այն ատեն փոքրամասնությունն ալ պիտի բողոքե։

− Կարելի է փոքրամասնութենեն ալ մեկ-երկու հոգի առնել։

Ատենապետը Պատրիարքին դարձավ և հարցուց։

− Ի՞նչ կըսեք, սրբազան։

− Մեկ-երկու հոգի ալ չեզոքներեն կդնենք, աղվոր թարխանա չորպասի մը կըլլա,− պատասխանեց նորին սրբազնությունը։

Եվ քովը նստող ժողովականին ցած ձայնով հարցուց.

− Ան չէ ամմա, աղեկ թարխանա ո՞ւր կծախեն։

− Իրավ որ չեմ գիտեր,− պատասխանեց ժողովականը։

Գարեգին կրկին իր ընկերներով պնդեց առժամյա Թաղական Խորհրդի մը կազմության մասին և ի վերջո քաղաքական ժողովը խոստացավ առաջարկը նկատողության առնել։

− Կխնդրենք միայն, որ ձեր որոշումը շուտով տաք,− ըսավ Գարեգին։

− Ժողովս այսօր իսկ այդ մասին պիտի խորհրդակցի,− հաստատեց ատենապետը։

Թաղեցիները իրենց մուրատին հասած էին, ուստի շնորհակալություն հայտնելով մեկնեցան ժողովասրահեն։

Հետևյալ օր, թերթերը Խառն ժողովի որոշումներու շարքին մեջ կծանուցանեին հետևյալը․

«Ժողովը նկատի առավ Ք․ թաղի Թաղական Խորհրդի խնդիրը և լսելե հետո թաղեցիներու կողմե ներկայացած պատգամավորություն մը, հարմար չդատեց ներկա պարագաներուն մեջ նոր ընտրության մը հրահանգ տալ և որոշեց առժամյա Թաղական Խորհուրդ մը կազմել, վարելու համար ընթացիկ գործերը մինչև ցնոր տնօրինություն։

«Առժամյա Թաղական Խորհրդի անդամ նշանակվեցավ Մարգար էֆ․ Սասանյան, նախկին թաղական խորհրդի անդամներ Մանուկ և Գարեգին էֆենտիները, Միհրանիկ էֆ․ և Մելիտոս էֆ․»։

Այդ կարգադրությամբ Մարգար էֆենտիի կուսակցությունն էր, որ կհաղթանակեր, քանի որ հակառակ կուսակցութենեն միայն Գարեգին էֆենտին կար։ Ընկեր Սուսերյանց և պարոն Թորգոմ սրտմտությամբ կարդացին այս լուրը, մանավանդ ուսուցիչը հուսահատորեն գոչեց․

− Կործանեցա՜… հացես եղա։

Խեղճը իզուր օգնություն մը կսպասեր Սուսերյանցեն, այս ափսո՜ս, ոևէ հույս չէր ներշնչեր իրեն։

− Ինչ կուզես, որ ընենք։

− Պիտի ընդունի՞ք այս ապօրեն առժամյա խորհուրդը,− գոչեց Թորգոմ իր ընկերոջ։

− Պետք է պահանջել, որ օրինական ընտրությամբ սահմանադրական Թաղ. Խորհուրդ մը ընտրվի։

− Եվ եթե մեր պահանջքին գոհացում տա՞ն…

− Ընտրություն կկատարենք։

− Եվ դարձյալ մեծամասնությունը անոնք կշահին… վերջին քվեարկությունը ցույց տվավ, որ մենք փոքրամասնություն ենք, ե երբ երկրորդ անգամ քվեարկության ձեռնարկվի՝ վստահ եղիր, ալ ավելի քիչ քվե պիտի կրնանք ունենալ… լավագույն է թողուլ, որ այսպես ըլլա, գոնե մեր հակառակորդները չեն կրնար պարծենալ թե օրինավորապես հաղթեցին մեզի և մենք միշտ կրնանք առժամյա Թաղական Խորհրդի ընտրությունը քննադատել։

− Ուրեմն պայքարեն պիտի հրաժարի՞նք։

− Բնավ երբեք, ընդհակառակը, պիտի պատրաստվինք ապագա նոր պայքարին, պիտի աշխատինք մեր կուսակցությունը զորացնել, մեզի հող պատրաստել… ահագին գործ կա ընելիք, դուն անհոգ եղիր։

− Այո՛, բայց առժամյայի առաջին գործը պիտի ըլլա զիս վարժարանեն դուրս նետել։

− Դա ոչինչ…

− Ինչպե՞ս դա ոչինչ։

− Անհատական շահերը նկատի չեն առնվիր, երբ հասարակական շահեր կան մեջտեղ։

Ուսուցիչը հասկցավ, որ անօգուտ էր խոսակցությունը ավելի երկարել և հեռացավ Սուսերյանցի քովեն՝ տխուր տպավորության ներքև։

Ամբողջ գիշերը գրեթե անքուն անցուց։

Հիմա ճշմարտապես կզղջար այդ պայքարին մասնակցած ըլլալուն համար։

− Ինծի ի՞նչ, որ թաղական խնդիրներու մեջ մտա,− կմտածեր,− կուզե Մարգար էֆենտին թաղական ըլլա, կուզե Պողոս էֆենտին, երկուքին ալ խերն անիծեմ… ես իբրև ուսուցիչ իմ գործիս նայելու էի… ա՜խ, այդ «Շանթ Ակումբ»-ի անդամակցությունս է, որ զիս շվարեցուց և այսպես պայքարի մեջ մտցուց… Սուսերյանցի խոսքերը միտքս խանգարեցին։ Ես առաջ ատանկ բաներով չէի զբաղեր, միմիայն գործս կնայեի, թաղականը ով կուզե թող ան ալ ըլլար, բավ է, որ ամսականս կանոնավոր կվճարվեր…

Այս մտածումները հետզհետե կբորբոքեին զինքը։ Կամաց-կամաց սկսեց ատելություն մը զգալ իր երեկի գործակիցներուն հանդեպ։

− Մեյ մըն ալ ոտքս «Շանթ Ակումբ»-ը չպիտի դնեմ,− վճռեց։

Բայց այսչափով ալ չգոհացավ։

− Անդամակցութենե պիտի հրաժարիմ,− ըսավ ինքնին։

Այս որոշումը զինքը սփոփեց քիչ մը։

− Անմիջապես հրաժարականս գրեմ,− մտածեց և իսկույն թուղթ գրիչ առնելով, մտածումը գործադրեց։

Հետո հրաժարագիրը պահարանի մեջ դրավ, վրան Սուսերյանցի անունը գրեց, ու գրպանը դնելով դուրս ելավ։

− Ընկեր Սուսերյանց ինչ պիտի ընե արդյոք, երբ նամակը կարդա,− կմտածեր,− երկինքեն ընկածի պես պիտի ըլլա․․․

«Շանթ Ակումբ»-ը հասնելով նամակը հանձնեց հոն գտնվող մանչու մը և հեռացավ։

Երբ փողոց ելավ, բոլորովին թեթևացած զգաց ինքը։

Կարծես կապանքե մը ազատած էր։

− Հիմա ինքզինքս գտա․․․ հիմա անկախ մարդ մըն եմ, իմ գլխովս կրնամ մտածել,− խորհեցավ։

Կիրակի օր մըն էր և թաղը սովորականեն ավելի ոգևորյալ կերպարանք մը առած էր։ Սրճարանները լեցուն էին ու ամեն մարդ օրվան մեծ դեպքին՝ Առժամյա Թաղ. Խորհրդի կազմության վրա կխոսեր։

Հա՞րկ է ըսել, որ մեծամասնությունը գոհ մնացած էր Վարչության որոշումեն։

Ուսուցիչը սրճարան մը մտավ։ Իր մուտքը հեգնական ողջույններով ընդունվեցավ։

− Աչքդ լո՜ւյս,– գոլեց մեկը։

− Առի՞ք մի հիմա,− ըսավ ուրիշ մը։

− «Շանթ Ակումբ»-ը ի՞նչ ջուրի մեջ է,– հարցուց երրորդ մը։ Ուսուցիչը մոտեցավ իրեն խոսք նետողներուն։

− Ես «Շանթ Ակումբ»-ին հետ կապակցություն չունիմ,− ըսավ։

− Վա՞յ, երբեն ի վեր…

− Հրաժարականս տված եմ։

− Սուտ կըսես։

− Սուտ ինչո՞ւ պիտի ըսեմ, հրաժարեցա, ես ալ ատանկ խնդիրներու չպիտի խառնվիմ, պարապ տեղը ժամանակս չեմ ուզեր վատնել ու ասոր անոր ձեռքը գործիք ըլլալ։

− Հիմա՞ խելքդ գլուխդ եկավ։

− Ուսուցիչ ըսածդ պետք չէ որ թաղային գործերով զբաղի, կուսակցական ըլլա, ուսուցիչը այդ տեսակ պսյքարներե վեր մնալու է, անիկա բարձրեն նայելու է ամեն բանի վրա… ուսուցչին պաշտոնը վսեմ պաշտոն մըն է։

Ներկաները զարմանքով կլսեին պարոն Թորգոմի այս նոր դավանությունը, բայց ինք կշարունակեր պարզել իր տեսությանը ուսուցչի բարձր դերի մասին։

Հետո հեռացավ հոնկե և ուրիշ սրճարան մը մտավ ու դարձյալ ծանուց «Շանթ Ակումբ»-ին անդամակցութենե հրաժարիլը։

− Բայց քանի որ հեռացած ես անոնցմե՝ ինչո՞ւ Մարգար էֆ-ի չես մոտենար,− թելադրեց մեկը։

− Մոտենամ ի՞նչ բանի համար,− հարցուց Թորգոմ։

− Պաշտոնդ պահելու համար։

− Պարկեշտ և կարող ուսուցիչ մը միշտ գործ կրնա գտնել։

Պարոն Թորգոմ այս խոսքերը արտասանելե ետքը, խրոխտաբար հեռացավ, բայց քիչ ետքը հիշեց այդ խոսակցությունը և ինքնիրեն սա խորհրդակցությունն ըրավ.

− Մարդը թերևս իրավունք ունի, քանի որ հիմա հարաբերություններս խզած եմ մյուսներուն հետ, ի՞նչ արգելք կա, որ մոտենամ Մարգար էֆ․-ի․․․ իրարու հետ անձնական խնդիր մը չենք ունեցած բնավ, իմ մղած պայքարս լոկ գաղափարական էր։ Հիմա որ ամեն բան լմնցավ, ինչ պետք ունիմ թշնամական ընթացք մը բռնելու իրեն հանդեպ, Մարգար էֆ.-ն ալ շատ շնորհքով մարդ է, ան ալ այնքան իրավունք ունի Թաղ. Խորհրդի ատենապետ ըլլալու, որքան Պողոս էֆ․-ն․․․ գուցե անկեց ավելի իրավունք ունի։ Պողոս էֆենտին ո՞վ է որ… խելացությունը խնդիրը անուշ տեղը կապելն է. իմ պաշտոնս այնպես կպահանջե, որ վարժարանեն դուրս ուրիշ բանով չզբաղիմ։ Այս մտածումներով տոգորված էր, երբ փողոցը հանդիպեցավ Ռափիկ աղային, նախկին Թաղ. Խորհրդի անդամ։

− Բարև վարժապետ,− ըսավ այս վերջինը,− ո՞ւր այդպես։

− Կպտտիմ կոր,− պատասխանեց Թորգոմ։

− Վարչության որոշումին ի՞նչ ըսիր։

− Խնդիրը վերջացուցեր է, անկե աղեկը չի կա։

− Բայց ասիկա աղվոր հարված մըն է ձեզի համար։

− Մեզի ըսելով ի՞նչ կհասկնաս…

− Այսինքն ձեր կուսակցության… «Շանթ Ակումբ» է, ի՞նչ է…

− Ես անոնց հետ կապ չունիմ,− գոչեց ուսուցիչը։

− Թոհաֆ բան, դուն ի նոցանե չե՞ս…

− Չէ, եղբայր, ես հրաժարականս տված եմ։ Արդեն շատոնց միտքս դրած էի, բայց առիթի մը կսպասեի կոր․․․

− Ըսել է հիմա «Շանթ Ակումբ»-են չե՞ս։

− Բնավ երբեք։

− Անանկ է նե՝ եկո՛ւր միասին երթանք…

− Ո՞ւր…

− Շնորհավորության։

− Չեմ հասկնար կոր, ինչ ըսել կուզես,− ըսավ ուսուցիչը։

− Ես Մարգաբ էֆ-ին կերթամ կոր իր պաշտոնը շնորհավորելու, եկուր քեզ միասին տանիմ։

− Եղբա՛յր, կըլլա՞…

− Ինչո՞ւ չէ, թոհաֆ բան, դուն ալ թաղեցի չե՞ս… մանավանդ որ դպրոցին ալ տեսուչն ես, պարտականությունդ է երթալ նոր թաղականները շնորհավորել… հիմա քու յուլարդ անոնց ձեռքն է։

Այս նմանությունը թեև շատ հաճո չթվեցավ պարոն Թորգոմին, այնուամենայնիվ զգաց, թե Ռափիկ աղա իրավունք ուներ։

− Բայց ես մինչև հիմա իբրև Մարգար էֆ-ի հակառակորդը ճանաչված եմ,− առարկեց։

Ճանըմ, քանի որ «Շանթ Ակումբ»-են հրաժարեր ես, ըսել է որ ալ հակառակորդ չես, ասկե զատ Մարգար էֆ-ն անանկ մարդ չէ, մարդու դեմ ոխ չի պահեր… ներողամիտ մարդ է։ Քալե՛ երթանք։

Ուսուցիչը պահ մը վարանեցավ։ Ներքնապես թեև գոհ էր իրեն եղած այս աոաջարկութենեն, բայց մյուս կողմե հետևանքներեն կվախնար։ Եթե երբեք Սուսերյանց և իր ընկերները իմանային այս այցելությունը…

− Սուսերյանց զիս իբրև մատնիչ, դավաճան մը պիտի ամբաստանե,− կմտածեր։

Ռափիկ աղա նշմարեց ուսուցչին վարանումը և ըսավ․

− Քալե՛ աղբար, ես փորձառու մարդ եմ, իմ խոսքերուս մտիկ ընելու ես, հարուստ մարդուն բարեկամութենեն միշտ կօգտվիս․․․ ասկե զատ մարդը վաղը թաղական Խորհրդի ատենապետ պիտի ըլլա, դուն ալ վարժարանին տեսուչ ես․․․ դպրոցը հիմա գոց է, նոր տարեշրջանը պիտի սկսի, թաղական Խորհուրդը պիտի որոշե դասատուները, կհասկնա՞ս ինչ ըսել կուզեմ կոր, երկար մի ըներ, քալեր տեսնենք։

− Երթա՛նք,− ըսավ պարոն Թորգոմ, ինքն իր վրա ճիգ մը ընելով։ Բայց ճամփան կրկին Սուսերյանցի ուրվականը ցցվեց իր երևակայության առջև։

− Վատ, վատ, վատ,− կըսեր ուրվականը,− հացիդ համար սկզբունքդ ոտնակոխ կընես, գաղափարային պայքարը կծախես պնակ մը կերակուրի համար, ինչպես Եսավը իր անդրանկության իրավունքը ծախեց ոսպե ապուրի մը համար․․․ անարժան արարած։

Հասած էին արդեն Մարգար էֆենտիի տան դռան առջև։

− Ես չգամ, ավելի աղեկ կըլլա,− ըսավ Թորգոմ։

− Տղա մի ըլլար, ծո՛,− գոչեց Ռափիկ աղա։

− Ուրիշ օր մը կերթամ շնորհավորելու։

− Մինչև հոս գալեդ ետքը ե՞տ պիտի դառնաս։

− Եղբայր, թերևս Մարգար էֆենտին դժգոհ մնա այցելութենես։

− Ես հետդ եմ, մի՛ վախնար։

Տան դուռը բացված էր արդեն։ Այլևս հնար չէր ընկրկիլ։ Ուսուցիչը մտավ ներս և երկուքը միասին սանդուխեն վեր ելան, ընդունելության սենյակը երթալու համար։

Պարոն Թորգոմի սիրտը ուժգին կբաբախեր։

− Սուսերյանց եթե իմանա,− կմտածեր անդադար։

Եվ ինքզինքին ուժ տալու համար մտովի կկրկներ․

− Ի՞նչ իրավունք ունի բան մը ըսելու։ Ես հրաժարականս տված եմ, ալ «Շանթ Ակումբ»-ին անդամ չեմ, ազատ անկախ մարդ մըն եմ․․․ Հասան ընդունելության սրահին դռան աոջև։ Ներսեն խոսակցության ձայներ մը կլսվեին։ Կերևար թե արդեն ուրիշ թաղեցիներ փութացած էին իրենց շնորհավորությունները բերելու նոր Թաղական Խորհրդի ատենապետին։ Ուսուցիչը իր ժաքետը կոճկեց, ֆեսը շտկեց ու Ռափիկ աղային ետևեն մտավ սրահ։

Հանկարծ ափ ի բերան գամվեցավ դռան քով, աչքերը խոշոր, խոշոր բացած, գերագույն զարմացումով… ընկեր Սուսերյանց, ոտքի վրա կխոսեր Մարգար էֆ-ի հետ, որ բազմած էր թիկնաթոռի մը մեջ։

− Չպետք է թաղը իր նախկին անկերպարանք վիճակին մեջ թողուլ,− կըսեր «Շանթ Ակումբ»-ի հերոսը,−դուք որպես ֆինանսական և մտավորական ուժ, որպես գիտակից գաղափարի, պետք է հետաքրքրվեք կրթական հարցով… թաղին մեջ էվոլյուցիան պետք է սկսի վարժարանեն։

Երկու նորեկներուն մուտքը պահ մը ընդհատեց ընկեր Սուսերյանցի խոսքերը։

Վաճառականը նշմարած էր ներս մտնողները և նստած տեղեն ողջունեց զանոնք։

− Հրամմեցե՛ք Ռափիկ էֆենտի… եկո՞ւր նայինք, մյուսյու Թորգոմ։

Միհրանիկ էֆենտի, Մանուկ աղա, պր. Նշանիկ, Մելիտոս էֆ․ նույնպես ձեռքով բարևեցին երկու հյուրերը։

Ռափիկ աղա մոտեցավ վաճառականին, ձեռքը թոթվեց ու ըսավ։

− Մարգար էֆ. այսօր մեզ ամենուս համար ուրախության օր մըն է, սրտանց կշնորհավորեմ ձեր պաշտոնը։

− Նայինք, դեռ վերջնական բան մր չկա,− պատասխանեց Մարգար էֆենտի։

− Ինչպե՞ս,− գոչեց Ռափիկ աղա,− Վարչության որոշումը պաշտոնական էր․․․

− Այո՛, անոնք ընտրեր են, բայց տեսնենք ես պիտի ընդունի՞մ…

− Չպետք է մերժել,− գոչեց Սուսերյանց։

Պարոն Թորգոմ ալ ավելի ապշահար, նայեցավ այս խոսքերը արտասանողին երեսը։

− Արդյոք սխա՞լ կտեսնամ, սխա՞լ կլսեմ կոր,− մտածեց ինքն իրեն։ − Գոնե թաղեցիներուն խաթերը համար պետք չէ որ մերժեք,− ըսավ Ռափիկ աղա։

− Աղեկ− ամմա զբաղումներս չեն ներեր․․․ թաղականությունը պարապ մարդոց գործն է․․․ ես արդեն աոաջին օրեն ըսած էի, որ չեմ ուզեր թաղական ըլլալ․․․ Գոնե մինակ թաղական ըլլայի նե՝ ինչ որ է, բայց գիտեմ, որ զիս բռնի ատենապետ պիտի ընեն, ամեն գործ իմ վրաս պիտի մնա․․․

− Կարելի է քեզ ատենապետ չենք ըներ,− ըսավ Մանուկ աղա խնդալով։

− Եթե խոսք տաք, որ զիս ատենապետ չեք ըներ, այն ատեն կարելի է կընդունիմ։

− Չպետք է խոսք տալ,− գոչեց Սուսերյանց՝ Մանուկ աղայի դառնալով։

Ճանը՛մ, Մարգար էֆենտի՛, թաղականությունը այդչափ ծանր գործ մը չէ,− դիտել տվավ Ռափիկ աղա,– ամենքս ալ վարած ենք այդ պաշտոնը, շաբաթ օր մը, կիրակի օրերը, քանի մը ժամ զոհես նե՝ բավական է… արդեն առանձին ալ չպիտի ըլլաս, ընկերներ ունիս հետդ… ամենքն ալ գործունյա մարդիկ, փորձառու մարդիկ…

Պրն. Թորգոմ կամաց-կամաց մոտեցավ Մարգար էֆենտիի քով և կջանար ինքն ալ իր կարգին խոսք մը տեղավորել։

− Թաղեցիներուս փափաքն է,– ըսավ,– մեր թաղային մատակարարության ղեկը ձեր ձեռքերուն մեջ տեսնել։

− Իրա՞վ կըսես, մյուսյու,− հարցուց վաճառականը հեգնական շեշտով մը։

− Հանուն ազգային վարժարանի ուսուցչական մարմնույն և պաշտոնեության, այս փափաքը ներկայացնելու պաշտոն ունիմ ձեր ազնվության։

− Բայց դուն առաջ Պողոս էֆ.-ին կուսակիցներեն չէ՞իր,– ըսավ Մարգար էֆ. ժպտալով։

− Այսինքն,– ըսավ պրն. Թորգոմ թեթև շիկնելով,– խնդիրը տեսեք ինչ էր… այսինքն «Շանթ Ակումբ»-ը…

− Մեր պրն. Թորգոմը ալ «Շանթ Ակումբ»-ին մեջ չէ,– ընդմիջեց Ռափիկ աղա։

− Այսինքն այս առտու նամակս անոնց ձեռքը հասավ… բայց խնդիրը այն չէ, մեր բուն նպատակն էր թաղը օժտել կարող Թաղական Խորհրդով մը, որ իր մեջ միացներ բոլոր անհրաժեշտ տարրերը և միանգամայն կարենար կապ մը ըլլալ թաղեցիներուն և հանրային կարծիքին միջև… կրցա՞ միտքս բացատրել։

− «Պեն պու լաֆլարտանն պիր շեյ աղհամատըմ»,− ըսավ անդիեն Մելիտոս էֆենտին։

− Այսինքն՝ բացատրեմ…

− Վազ անցի՛ր, մյուսյու,− ընդմիջեց Մարգար էֆ.,− անցած գացած բաներու վրա չխոսինք։

− Կեցցե՜ս, Մարգար էֆ.,− քոչեց Ռափիկ աղա,− մարդս ներողամիտ ըլլալու է, վեհանձնությունը անանկ կպահանջե… մեր պրն. Թորգոմն ալ եթե պակասություններ գործեր է… աչք փակելու է կըսե Դավիթ Մարգարե։

− Խնդիրը ատոր վրա չէ,− պատասխանեց Մարգար էֆենտի,− կընդունիմ պայքար մղել, բայց ազնվությունը ձեռքե ձգելու չէ և հակառակորդին վնասելու համար ստորին զրպարտություններ մեջտեղ նետելու չէ։

− Անպայմա՛ն,− գոչեց Սուսերյանց,− ամեն պայքար պետք է ըլլա սկզբունքային և ոչ թե անձնական։

− Դժբախտաբար մեր մյուսյուն ափեղ ցփեղ խոսքեր ըրած է ասդին անդին, որոնք ոչ իրեն պատիվ կբերեն, ոչ ալ իր վարած պաշտոնին… ինծի համար կարևորություն չունին, բայց իրեն չեն վայելցներ…

− Մարգար էֆ., կարծեմ թյուրիմացություն մը կա…− կակազեց ուսուցիչը,− չեմ գիտեր թե ինչ բանի կակնարկեք կամ թերևս զրպարտության մը զոհ կըլլամ։

− Ընդհակառակը, շատ լավ գիտես, թե ինչ ըսել կուզեմ,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով մը։

− Հավատացեք որ…

− Հանցանքդ ճանչցիր, ասիկա բավական է։

− Կճանչնա, էֆենտիմ, կճանչնա,− միջամտեց Ռափիկ աղա,− պարոն Թորգոմը գեշ տղա մը չէ, միայն թե դյուրավ ուրիշներու խոսքին ույմիշ կըլլա…

− Անձնական դատողություն չունի մեր մյուսյուն, պակասը ատ է,− ավելցուց Մանուկ աղա։

Պուտուլա տըր, տեյինիգ շունա,− ըսավ Մելիտոս էֆենտի։

Խեղճ պարոն Թորգոմ հիմա զղջացած էր այցելությունը ընելուն՝ բայց կարելի չէր այլևս ընկրկիլ, հարկ էր դառնության բաժակը պարպել ցմրուր։ − Պարոն Թորգոմին տկար նկարագրին մի որոշ ապացույցն է,– մեջ մտավ Սուսերյանց,− իր այս առտըվան հրաժարականը «Շանթ Ակումբ»-ի անդամակցութենեն։

− Կներեք, պարոն,− բողոքեց ուսուցիչը,− ես շատոնց միտքս դրած էի քաշվիլ հանրային գործունեութենե, որովհետև համոզված եմ, որ ուսուցիչ մը պետք է միմիայն վարժարանով զբաղի։

− Այդ համոզումը երևի նոր ծնվեր է քո մեջ,– պատասխանեց Սուսերյանց հեգնաբար,− գոնե երեկ, մինչև ցերեկ մի այդպիսի համոզումի նշույլ չէր նշմարվեր քո վրա…

Սրահին դուռը բացվեցավ և ներս մտավ ոսկերիչ Սահակ աղան։

− Վա՜յ, Սահակ աղա, բարի եկաք,− գոչեցին մի քանի ձայներ։

− Բարի տեսանք,− պատասխանեց ոսկերիչը։

− Մարգար էֆ.-ն շնորհավորելո՞ւ եկար,− հարցուց Մանուկ աղա։

− Բնականաբար…

− Մենք ալ անոր համար եկած ենք…

Սահակ աղային գալուստը փրկեց ուսուցիչը իր նեղ կացութենեն։ Ամենքը իրենց ուշադրությունը նվիրեցին ոսկերիչին, որ վաճառականին մոտենալով ըսավ.

− Ւնշալլահ, Մարգար էֆ․ ձեր շնորհիվ թաղերնիս խաղաղության երես պիտի տեսնա, շիտակը, երեկ առտու, լրագրին մեջ Վարչության տված որոշումը կարդացի նե՝ շատ քեյֆս եկավ… էլ աշկ օլսուն ըսի, քեոբեկ օլտքլարնտան պերի պիր ավ թութտուլար

− Շնորհակալ եմ, Սահակ աղա,− պատասխանեց վաճառականը։

Հետզհետե նոր հյուրեր կհասնեին։

Ուսուցիչը կսպասեր Սուսերյանցի մեկնելուն, որպեսզի միասին դուրս ելլե ու հետը բանակցություն մը ունենա։ Անոր ներկայությունը վաճառականին տան մեջ անբացատրելի կմնար իրեն և կուզեր այդ մասին լուսաբանություն պահանջել։

− Ան ալ բնականաբար ինե բացատրություն պիտի պահանջե, բայց իմ պարագաս բոլորովին տարբեր է, ես Ակումբեն հրաժարած եմ, հետևաբար կրնամ առանց անպատեհության գալ հոս։

Ուրիշ բան մը կզարմացներ զինքը, այն է վաճառականին Սուսերյանցի հանդեպ ցույց տված սիրալիր վարմունքը, մինչդեռ հակառակը իրեն հետ խստորեն խոսած էր։

− Եթե ես հանցավոր եմ թաղային ընտրության մեջ բռնած ընթացքիս համար,− կխորհեր,− Սուսերյանց ալ ավելի հանցավոր է, քանի որ ինքն է պարագլուխը։

Ուսուցչին միտքը այս մտածումներով տոգորված էր, երբ տեսավ, որ Սուսերյանց ոտքի կելլեր և դեպի Մարգար էֆ.-ին կուղղվեր հրաժեշտ առնելու համար, ինքն ալ անոր օրինակին հետևեցավ։

− Մարգար էֆենտի, ինձ կթույլատրե՞ք գնալ…

− Չէ՛, ընկեր Սուսերյանց,− ըսավ վաճառականը,− ո՞ւր պիտի երթաս․․․ նստե, կերակուրը միասին պիտի ուտենք։

− Շատ շնորհակալ եմ, բայց․․․

− Նստե կըսեմ կոր, խոսելիք ունիմ քեզի։

− Շատ լավ ուրեմն,− ըոավ Սուսերյանց, իր տեղը վերադառնալով։

Ուսուցիչը ինքն ալ մոտեցած էր վաճառականին և կհուսար նույն պատվին արժանանալու։

− Մարգար էֆ., ամենախորին հարգանքներս կմատուցանեմ տիկնոջ,− ըսավ։

− Երթաս բարև, մյուսյու,− պատասխանեց վաճառականը։

Ուսուցիչը ընկճված, ջախջախված դուրս ելավ, պահ մը քայլամոլոր թափառեցավ փողոցին մեջ, առանց ընելիքը գիտնալու։

− Երթամ,− մտածեց,− դիմակազերծ ընեմ Սուսերյանցը իր ընկերներուն։

Երեք երիտասարդներ, Սեդրակ, Ատոմ, Արշակ նստած էին ընթերցման սրահը ու թերթերը աչքե կանցնեին։ Ուսուցիչը բարևեց զանոնք։

− Ի՞նչ կա, ի՞նչ չկա,− հարցուց։

− Օրվան մեծ եղելությունը կա,− ըսավ Ատոմ խնդալով։

− Ի՞նչ եղելություն…

− Զարմանայի բան, չես գիտեր… մանավանդ դուն ես հերոսն ալ։

− Չեմ հասկնար, թե ինչ ըսել կուզեք,− պատասխանեց ուսուցիչը նեղացած դեմքով մը։

− Օրվան մեծ եղելությունը, որ ամբողջ թաղը դղրդեց,− շարունակեց Ատոմ, այսինքն պարոն Թորգոմի հրաժարականը «Շանթ Ակումբ»-են…

− Ւ՞նչ կա ծաղրելու… ազատ չե՞մ հրաժարելու։

− Ո՞վ հակառակը կպնդե… բայց ճիշտ այս միջոցին այդ հրաժարականը շատ նշանակալից է։

− Կրնա ըլլալ,− գոչեց Թորգոմ,− բայց խնդիրը ատոր վրա չէ, խնդիրը ձեր Սուսերյանցի վրա է, որ այսպես ամենքդ ձեռքին մեջ առած քիթներուդ կխնդա։

− Ի՞նչ է ըրեր որ,− հարցուց Սեդրակ։

− Ի՞նչ պիտի ընե, պարզապես ձեզի դեմ կդավաճանե կոր…

− Օ՜, օ՜, շատ խոշոր բառ գործածեցիր,− գոչեց Ատոմ խնդալով։

− Բուն բառն է,− պատասխանեց ուսուցիչը։

− Նախ՝ այդ տեսակ խոսք մը ըսելու համար ապացույցներ ունենալու է մարդ։

− Հրամմեր եք, ապացույցներ ունիմ։

− Որո՞շ,− հարցուց Սեդրակ։

− Աչքովս ու ականջովս տեսա, լսեցի։

− Սուսերյանցի դավաճանությո՞ւնը…

− Այո՛, Սուսերյանցի դավաճանությունը,− շեշտեց ուսուցիչը։− Գիտեք որ այս միջոցին ո՞ւր է ընկեր Սոլսերյանցը. «Շանթ Ակումբ»-ի նախագահը…

− Ո՞ւր է,− հարցուց Ատոմ։

− Մարգար էֆ․-ի տունը և ճաշի ալ վար դրված է այնտեղ։

− Իրա՞վ կըսես,− հարցուց Ատոմ խնդալով։

− Աչքովս տեսա․․․

− Ուրեմն դո՞ւն ալ հոն էիր։

− Այո՛, ես ալ գացի։

− Եթե Մարգար էֆ․-ի տունը երթալը դավաճանություն մըն է՝ դուն ինչո՞ւ գացիր։

− Ես տարբեր, ես չեզոք մարդ մըն եմ, հրաժարած եմ Ակումբեն։

− Լավ ուրեմն, ընկեր Սուսերյանցն ալ առանց հրաժարելու գացած է․․․

− Հետևաբար դավաճանած է ձեզի դեմ,− եզրակացուց ուսուցիչը։ − Դավաճանած պիտի ըլլար, եթե չերթար,– պատասխանեց Ատոմ։

Պարոն Թորգոմ ափ ի բերան մնաց այս խոսքերը լսելով.

− Հե՞, ի՞նչ ըսիր,− կակազեց։

− Մենք պաշտոն հանձնեցինք պրն. Սուսերյանցի՝ Մարգար էֆ-ի տունը երթալու և մեր Ակումբին որոշմնագիրը իրեն հաղորդելու,– պատասխանեց Ատոմ։

− Ի՞նչ որոշմնագիր…

− Դուն թեև այլևս Ակումբի անդամ չես, բայց իբրև նախկին անդամ, կրնանք քեզի հաղորդել, մանավանդ որ ծածուկ բան մը չէ և թաղեցիներուն ալ պիտի ծանուցվի։

Այս ըսելով Ատոմ ոտքի ելավ, դարակի մը մոտեցավ, բացավ և Ակումբի արձանագրության տետրակը առնելով բերավ ուսուցչին և ըսավ.

− Կարդա՛, մեր վերջին, այսինքն երեկ գիշերվան նիստին արձանագրությունը։

Պարոն Թորգոմ դողահար ձեռքով տետրակը բացավ և հետևյալը կարդաց.

«Ժողովը իր այս գիշերվան նիստին մեջ նկատի առավ թաղային խնդիրը և Վարչության տված որոշումը՝ Առժամյա Թաղական Խորհրդի մը կազմության մասին։

«Ակումբի անդամները թեր ու դեմ վիճաբանութենե մը ետքը մեծամասնությամբ սա եզրակացության հանգեցան թե՝ թաղեցիները վերջին քվեարկության ատեն ջախջախիչ մեծամասնությամբ արտահայտված էին ի նպաստ Մարգար էֆենտիի և իր կուսակիցներուն, մյուս կողմե Պողոս էֆ. իսպառ հեռացած էր թաղեն, որով կորսնցուցած էր իր ընտրելիի հանգամանքը։ Այս պայմաններուն ներքև պայքարին շարունակությունը ամուլ և աննպատակ պիտի ըլլար և Ակումբին փրեստիժը կոտրելե ուրիշ բանի չպիտի ծառայեր։ Թաղը մշտատև հուզումի մեջ պահելով ուրիշ արդյունք առաջ չպիտի գար, եթե ոչ վնասել կուլտուրական գործին։ Ուստի «Շանթ Ակումբը» կորոշե բոլորվիլ նոր առժամյա Թաղական Խորհրդին շուրջը, օժանդակել անոր, ուժ տալու համար կուլտուրական գործին։ Միևնույն ատեն ժողովը պաշտոն կհանձնե իր նախագահին սույն որոշումը հաղորդելու առժամյա Թաղական Խորհրդի անդամներուն և հայտարարելու թե՝ «Շանթ Ակումբը» ոևէ կերպով խոչընդոտ չպիտի ըլլա իրենց գործունեության, պայմանավ, որ առժամյա Թաղ. Խորհուրդը լրջորեն ձեռնարկե կուլտուրական բարենորոգումներուն և Ազգային Վարժարանը հասցնե փափաքելի բարձրության մը, կարող ուսուցչախումբի մը կազմությամբ»։

«Շանթ Ակումբ»ին այն որոշմնագիրը, նախագահին, ատենապետին և ատենադպիրին ստորագրություններով վավերացված, խոր տպավորություն մը գործեց պրն․ Թորգոմին վրա։

Անակնկալ մըն էր, որուն չէր սպասեր բնավ։ Իր հուզումը կրցածին չափ զսպեց և քանի մը վայրկյան ևս մնալե հետո իր նախկին ընկերներու քով, մնաք բարով ըսավ և մեկնեցավ։

Մեծ պետք մը կզգար առանձին մնալու և ինքնիրեն խորհրդածելու համար։

Անգամ մը որ փողոց ելավ՝ անձնատուր եղավ իր մտածումներուն։

− Վա՛՛յ, շունշանորդի,− խորհեցավ,− այսպես մեկեն ի մեկ ուղղությունը կփոխեն ու փոխանակ Մարգար էֆ.-ի դեմ պայքարը շարունակելու՝ անոր կողմը կհակին․․․ ըսելիք չկա, շատ վարպետությամբ գործ տեսած են, միայն այս ամենքը իմ գլխուս փորձանք բերավ։ Եթե գիտնայի, որ այսպիսի որոշմնագիր պիտի արվի՝ ես կմնայի Ակումբին մեջ, փոխանակ հրաժարելու…

Այս մտածումը ամենեն ավելի կտառապեցներ, զինքը։

Ճիշտ այն միջոցին, ուր օգուտ պիտի քաղեի «Շանթ Ակումբ»-ի անդամակցութենեն՝ ձգեցի հեռացա, կմտածեր։

Տրտում տխուր իր տունը գնաց, ուր բավական ժամանակ անցուց մտատանջության մեջ։ Ի վերջո որոշե՛ց երթալ տեղեկանալ, թե ի՞նչ անցած դարձած էր Մարգար էֆ-ի տան մեջ, իր մեկնումեն ետքը։

Այս մասին իրեն որոշ տեղեկություններ կրնար տալ Ռափիկ աղան, որ առտուն այնքան բարյացակամ վերաբերմունք մը ունեցած էր իրեն հանդեպ։

Նախկին Թաղական Խորհրդի անդամը սիրալիր կերպով ընդունեց զինքը։

− Եկուր նայինք, մյուսյու Թորգոմ, ինչո՞ւ առտուն անանկ ձգեցիր փախար Մարգար էֆենտիի տունեն։

− Փախչելու բան չկար,− պատասխանեց ուսուցիչը,−միայն թե դուն ալ տեսար, որ ինչ պաղ ընդունելություն ըրավ ինծի։

− Ճանըմ, կենայիր նե՝ գործը անուշ տեղը կկապեինք։

− Ի՞նչ ընեի, Սուսերյանցի հետ ոտքի ելանք մեկնելու համար․․․ Մարգար էֆենտին անիկա ճաշի վրա դրավ, իսկ ինծի կես բերան «կեցի՛ր» չըսավ, ի՞նչ կրնայի ընել… բռնի կերակուրի՞ կենայի…

− Տեսա՞ր մի այդ Սուսերյանցը, ինչպես ջուրին երեսը ելավ… անոր չափ վարպետություն ալ չունիս եղեր…

− Ես պարկեշտ և ուղղամիտ մարդ մըն եմ… անանկ մեկ օրեն մյուսը դիմակ չեմ կրնար փոխել։

− Ճանըմ, ատոնք պարապ խոսքեր են… գործնական մարդու խոսքեր չեն, մարդս այս աշխարհիս մեջ ապրելու համար քիչ մը ամենուն հետ վարվիլ գիտնալու է։ Նայե՛, Սուսերյանցը ինտոր անմիջապես Մարգար էֆենտիին թաբթաբը մտավ… տեսնելու էիր, թե ինչ սիրով կխոսակցեին իրարու հետ։

Արդարև Ռափիկ աղա իրավունք ուներ, վաճառականը բացառիկ պատիվներ ընծայած էր Սուսերյանցի, երբ այս վերջինը իրեն հաղորդած էր «Շանթ Ակումբ»-ի որոշումը։ Մարգար էֆենտի որքան ալ սրտանց փափաքեր թաղական ըլլալու՝ միևնույն ատեն կերկնչեր «Շանթ Ակումբ»-են, որ թաղին մեջ միակ ընդդիմադիր տարրն էր և որուն անդամները իրենց ծայրահեղություններով, որոնց փորձերը տրված էին հաճախ, կրնային իրարանցումներ առաջ բերել և խոչընդոտ հանդիսանալ իրեն պաշտոնավարության։ Ահա ասոր համար անոնց օժանդակությունը մեծ զորավիգ մըն էր, Առժամյա նոր Թաղական Խորհրդին համար, և վաճառականը պարտավոր էր ձեոքեն եկած ամեն զոհողությունները ընելու, որպեսզի Սուսերյանց և իր ընկերները իրեն հյուր ըլլան։

− Դուն ալ ամմա ապուշ ես եղեր,− ըսավ Ռափիկ աղա,– ճիշտ այն միջոցին, ուր «Շանթ Ակումբ»-ին մեջ մնալու էիր՝ հրաժարական տվեր ես…

− Ի՞նչ ընեմ, դիպվածը այնպես բերավ, ես տեղեկություն չունեի թե Ակումբը իր քաղաքականությունը փոխած է։

− Ես ալ գիտեմ ատանկ ըլլալը, բայց ամեն մարդ այդպես չխորհիր… գիտե՞ս հիմա քեզի համար ի՞նչ կըսեն կոր։

− Ի՞նչ,− հարցուց ուսուցիչը դող ելած։

− Իբր թե դուն «Շանթ Ակումբ»-են հրաժարեր ես, որովհետն Ակումբը որոշել է աջակցել Մարգար էֆ.-ին, այնպես որ հիմա թաղին մեջ դուն առանձին միակ հակառակորդը կըլլաս կոր Առժամյա Թաղ. Խորհրդին։ − Սո՛ւտ է, սխա՛լ է,− գոչեց ուսուցիչը բորբոքված,− հրաժարականս տված ատենս տեղեկություն չունեի Ակումբին տրված որոշումեն… այսօր միայն իմացա։

− Ես ալ գիտեմ ատանկ ըլլալը, բայց ի՞նչ ընենք, չգիտցողը ատանկ կկարծե… երևույթները քեզի դեմ են։

− Բայց ո՞վ ըսավ ատիկա․․․

− Իրավ որ չեմ գիտեր, Մելիտոս էֆ.-ն էր, ով էր, ճաշին վրա խոսք բացվեցավ տե՝ մեկը անանկ ըսավ մյուսներն ալ իրավունք տվին։

− Գոնե մեկը չգտնվեցա՞վ, որ զիս պաշտպաներ,− հարցուց ուսուցիչը։

− Նորեն ես էի, որ պաշտպանեցի, մեր մյուսյու Թորգոմը աղեկ տղա է, ըսի, քիչ մը միամիտ է, ուրիշին խելքով կկառավարվի, բայց սիրտը մաքուր է՝ ըսի… դժբախտաբար քու թշնամիդ միայն Մարգար էֆ.-ն չէ… անիկա վեհանձն մարդ է, ներողամիտ է, անոր խոսք կրնանք հասկցնել, բայց…

− Ուրիշ ո՞վ կա որ ինծի թշնամի…

− Քու էն մեծ թշնամիդ տիկ. Սաթենն է,− ըսավ Ռափիկ աղա, ձայնը ցածցնելով, իբր թե վաճառականին կինը իրենց սենյակը գտնվեր այդ միջոցին։

− Տիկին Սաթենը ի՞նչ ունի ինծի դեմ,− հարցուց ուսուցիչը զարմացած դեմքով մը։

− Չե՞ս գիտեր և ինծի՞ կհարցնես կոր,− ըսավ Ռափիկ աղա հեգնական ժպիտով մը։

− Իրավ, որ չեմ հիշեր թե…

− Զարմանալի բան, դուն չէիր, որ հոս ու հոն կարգ մը խոսքեր կընեիր անոր համար… պատիվի դիպչելիք բաներ…

− Բայց ես ի՞նչ հանցանք ունիմ, Պողոս էֆենտիին տունը լսեցի այդ ըսածները և ես ալ դուրսը կրկնեցի…

− Աղեկ, ամմա հիմա Պողոս էֆենտին քաշվեցավ, գործին մեջեն ելավ, դուն մնացիր մեջտեղը։ Ինչո՞ւդ պետք քեզի չվերաբերած բաներուն մեջ քիթդ կխոթես․․․ ես ան ատենն ալ քեզի ըսի, բայց մտիկ չըրիր։

− Տիկին Սաթենը մասնավորապես բան մը ըսա՞վ ինծի համար։

− Ըսավ, հապա…

− Ի՞նչ ըսավ,– հարցուց Թորգոմ հուզված շեշտով մը։ − «Էն առաջ ան մարդը դպրոցեն դուրս նետելու է», և զարմանալին այն է, որ քու բարեկամդ պարոն Սուսերյանցը ոչ թե միայն քեզ չպաշտպանեց, այլ նույնիսկ տիկին Սաթենին գրեթե իրավունք տվավ։

− Իրավո՞ւնք տվավ մի,− գոչեց ուսուցիչը դողահար ձայնով մը։

− Այսինքն ըսավ, որ նկարագրե դուրս մարդ մըն ես․․․

− Վա՜յ թշվառական․․․

− Ինչ որ է, հիմա ատոր համար խնդիր մի՛ հաներ․․․

− Բայց ի՞նչ խորհուրդ կուտաս ինծի,− գոչեց Թորգոմ,– ի՞նչ ընթացք բռնելու եմ այսչափ թշնամիներուս մեջ։

− Քեզի բան մը ըսե՞մ խոհեմությունը ձեռքե մի թողուր, համբերե՛, խելոք կեցի՛ր, տեսնանք ի՞նչ կըլլա։

− Բայց դիտել տվավ ուսուցիչը,− Մարգար էֆենտի այնչափ շատ տրամադիր չէր արդեն իրեն առաջարկված պաշտոնը ընդունելու։

− Տղա՞ ես, ի՞նչ ես դուն, անոր խոսքերուն կհավատա՞ս, ան դիտմամբ անանկ բաներ կըսեր… «չեմ ուզեր գրպանս դիր»-ի դրությունն է ատիկա։

− Վստա՞հ ես, որ թաղականին պաշտոնը պիտի ընդունի։

− Ընդունեց լմնցավ,− պատասխանեց Ռափիկ աղա,− արդեն ինք մերժելու ալ ըլլա, կինը թող չտար։

Ուսուցիչը քիչ մըն ալ նստելեն ետքը մեկնեցավ Ռափիկ աղային տունեն՝ ընկճված վիճակի մեջ։

ԺԷ

Մեր վերի պատմած դեպքերուն վրայեն երկու շաբաթնել անցած էին։ Ս. Պատրիարքը պաշտոնագրով մը հրավիրած էր Առժամյա Թաղ. Խորհուրդը, որ իսկույն պաշտոնի ձեռնարկի, իր «ազգասիրական պարտականությունը» կատարելու համար։

Նոր թաղականները իրենց առաջին գումարումը ըրած էին վաճառականին տան մեջ և դիվանը կազմած։

Միաձայնությամբ ատենապետ ընտրված էր Մարգար էֆ․-ն, իսկ ատենադպիր՝ պարոն Գարեգինը։ Տոսախյան Միհրանիկ էֆենտիին հանձնված էր գանձապետի պաշտոնը։

Առժամյա Թաղ․ Խորհուրդը այսպես կազմվելե ետքը, կիրակի առտու մը հանդիսավորապես գացած էր եկեղեցի և խորհրդարանը բազմած։

Թաղեցիները ընդհանրապես համակիր ընդունելություն մը ըրած էին, մանավանդ ընդդիմադիր տարրը, «Շանթ Ակումբը», ինչպես տեսանք, դաշնակցած էր նորակազմ մարմնույն հետ։

− Մարգար էֆենտին խելոք մարդ է,− կըսեր Սուսերյանց իր բարեկամներուն,− ես մոտեն չէի ճանչնար զինքը, բայց հիմա առիթ ունեցա ուսումնասիրելու, լավ խմոր է, միայն թե պետք է առաջնորդել զինքը, ղեկավարվելու պետք ունի։

Սուսերյանց իր մտածումը բանաձևած էր հետևյալ կերպով. «Ղեկավարի ուժը միացնել կապիտալիստական զորության և այդ երկուքը ի նպաստ դնել կուլտուրական զարգացումին»։

Բոլոր իր տենդոտ գործունեությունը, Առժամյա Թաղ. Խորհուրդը կազմելե ի վեր, նվիրված էր այս բանաձևին տարածման։ «Շանթ Ակումբ»-ի անդամները իրենց դասը աղեկ սերտած աշակերտներու պես, իրենց դեմ ելնողներուն կկրկնեին.

- Եղբայր, Մարգար էֆենտին կներկայացնե կապիտալիստական զորություն, մինչդեռ մենք գիտակից երիտասարդներս, ղեկավարիչ ուժ ենք, եթե կրնանք այս երկու ուժերը իրարու միացնել, այն ատեն կուլտուրական գործը մեծ զարկ մը կստանա թաղին մեջ։

Այս բրոբականտը սակայն շատ գործին չէր գար «Պայքար Լսարան»-ին։ Այս վերջինը, ինչպես հայտնի է, թաղային պայքարի միջոցին կեցած էր Մարգար էֆենտիի և իր կուսակիցներու կողքին, և ճիշտ այն միջոցին, ուր կհուսար իր աշխատության վարձքը քաղել, ահա, «Շանթ Ակումբը» մեջտեղ նետված էր իր բանաձևով և ժողովին տված որոշումով, և կսպառնար ինք քաղել հաղթության դափնիները։

Ընկեր Կայծունի, թեև առաջին վայրկյանեն փութացած էր Մարգար էֆենտիի քով և շնորհավորած զայն իր տարած հաղթության համար, զգացնելով միանգամայն, որ վաճառականը իր հաջողության մեծ մասը կպարտեր «Պայքար Լսարան»-ի անձնվեր գործունեության, բայց Մարգար էֆենտի շատ խանդավառ ընդունելություն մը չէր ըրած զինակիցներուն, հակառակը, իր համակրանքը ուղղված էր դեպի Սուսերյանցը։

Այս բանը շատ վշտացուցած էր ընկեր Կայծունին, որ չէր կրցած ինքզինքը զսպել և դժգոհություն հայտնած էր Մանուկ աղային։

− Դուն ավետարան չե՞ս կարդացեր,− ըսավ Առժամյային նորընտիր անդամը։

− Կարդացեր եմ մանկությանս,− պատասխանեց ընկեր Կայծունի։

− Անառակ որդիին առակը չե՞ս գիտեր․․․ մարդը իր անառակ որդիին դարձը տոնելու համար լավագույն ոչխարը կկտրե․․․ ահա, ճիշտ անանկ ալ Մարգար էֆենտի, Սուսերյանցի դարձի գալուն շատ ավելի ուրախացած է, քան թե ձեր փորձված անձնվիրութենեն։

− Բայց այդ պարագային մենք խաբված կըլլանք կոր․․․

− Հետո,− շարունակեց Մանուկ աղա, որ կուզեր ցույց տալ իր ավետարանական հմտությունը,− կորսված ոչխարին առակր չե՞ս հիշեր։ Հովիվը իր 99 ոչխարը երեսի վրա ձգեր ու մեկ մոլորված ոչխարին ետևեն գացեր է, և երբ այդ մոլորվածը գտեր է, ուրախությամբ գրկեր և մյուս ոչխարներուն քով դարձեր է, ճիշտ Մարգար էֆենտին ալ այդպես ըրավ, Սուսերյանց «կորուսյալ էր և գտավ», ասոր համար ահա ամեն պատիվ կընծայե անոր։

Ավետարանական այս օրինակները շատ չմխիթարեցին ընկեր Կայծունին, որ մեկնեցավ Մանուկ աղային քովեն, առանց իր դժգոհությունը ծածկելու։

Բայց դառնանք մեր նորընտիր թաղականներուն։

Ինչպես ըսինք, կիրակի օր Մարգար էֆ․ ընկերներով եկավ եկեղեցի և անմիջապես ուղղվեցավ խորհրդարան՝ աջ ու ձախ բարևներ շռայլելով։

Բակը լեցված էր հետաքրքիր թաղեցիներով, որոնք համակրական ընդունելություն մը ըրին իրենց նոր թաղականներուն։

Մարգար էֆենտի ուրախութենեն կճառագայթեր։ Վերջապես հաջողած էր իր մղած պայքարին մեջ։

Վաճառականին ուրախությունը անխառն պիտի ըլլար, եթե Գարեգին մասնակցած չըլլար իրենց ժողովին։ Ընթերցողները գիտեն, թե Մարգար էֆենտին ինչ ատելությամբ լեցված էր երիտասարդ հաշվակալին դեմ, բայց և այնպես չուզեց խնդիր հարուցանել։

− Մեկի դեմ չորս հոգի ենք,– դիտել տված էր Մանուկ էֆենտի,− հետևաբար անոր ներկայությունը ոևէ նշանակություն չկըրնար ունենալ։

Հազիվ թե Մարգար էֆենտի բազմեցավ իր ատենապետի աթոռին վրա՝

− Սա ժամկոչը կանչեցեք,− գոչեց։

Վայրկյան մը ետքը Վարդան աղբար դողահար մահապարտի մը պես տժգույն ներս մտավ խորհրդարանեն։

− Դուն ա՛լ այստեղ գործ չունիս,− ըսավ վաճառականը քրջիդ ժողվե գնա․․․

Հետո խորհրդարանին գրագիրին դառնալով հարցուց․

− Սա մարդը հաշիվ ունի՞։

− Տոթանասունըհինգ ղուռուշ առնելիք մը ունի։

− Մելիտոս էֆենտի, հաշիվը անմիջապես մաքրե,− ըսավ Մարգար էֆ․՝ նորընտիր գանձապետին դառնալով։

Բոլոր այս խոսակցության միջոցին ժամկոչ Վարդանը բերանը չէր բացած։

− Ճի՞շտ է, 75 ղուռուշ առնելի՞ք ունիս,− հարցուց վաճառականը։

− Չեմ գիտեր,− պատասխանեց խեղճ մարդը։

− Ի՞նչպես, դուն քո հաշիվդ չե՞ս գիտեր։

− Տետրակին մեջ գրված է․․․

Հետո մոտեցավ նոր ատենապետին ու աղաչավոր ձայնով մը․

− Էֆենտի, ոտքդ պագնեմ,− կակազեց,− չոլուխ չոճուխի տեր եմ, անոնց ողորմեցե՛ք։

− Թաղական Խորհուրդը իր որոշումը տված է այլևս,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով։

− Աղանե՛ր, դուք բարեխոսեցե՛ք,− աղաչեց ժամկոչը մյուս թաղականներուն դառնալով։

Ժամկոչին վիճակը այնքան արգահատելի էր, որ թաղականներուն գութը շարժեց։

Գանձապահը զայն կամաց մը քովը կանչեց, 75 ղուռուշը տվավ, և ցած ձայնով մը ըսավ։

− Դուն դուրս ելիր, մենք քեզի համար պետք եղածը կխոսինք։

Վարդան իր աղաչավոր նայվածքովը շնորհակալություն հայտնելով Մելիտոս էֆենտիի, խորհրդարանեն դուրս սպրդեցավ։ Երբ բակեն կանցներ, հանկարծ կանգ առավ ու արձանացած մնաց։

Տիկին Սաթենը ներս կմտներ տիկին Նվարդի ընկերակցությամբ…

Աթոռի միջադեպեն ի վեր Մարգար էֆենտիի կինը ոտքը եկեղեցի չէր դրած, հիմա վճռական հաղթութենե ետքը կուգար աշխարհակալի մը պես։

Ժամկոչը սահմռկած կդիտեր Մարգար էֆենտիի կինը, շվարած ու չփոթված, առանց ընելիքը գիտնալու, կզգար, որ այդ կնոջ ձեռքն էր իր ճակատագիրը, թե անոր մեկ բառը բավական էր զինքը իր պաշտոնին մեջ պահելու համար, և սակայն այդ բառը արտասանել տալու միջոցը չէր կրնար գտնել։

Մտածեց հոն բակը Սաթենի ոտքերուն նետվիլ, և ներում հայցել, բայց այդ համարձակությունը պակսեցավ իրեն։

Արդեն երկու կիները անցած էին և պահարանի կողմը կդիմեին։

Վարդան մեկեն վազեց բանկալը, երկու աթոռ հափշտակեց, ու վազն ի վազ գնաց դեպի պահարանը։

Հաջողեցավ հասնիլ երկու կիներու ետևեն, ճիշտ այն միջցին, ուր անոնք պահարանի դռնեն դեպի դուրս կուղղվեին։

− Ճամփա բացե՛ք, մեկ կողմ քաշվեցե՛ք,− պոռաց Վարդան հոն խմբված կիներուն,− չե՞ք տեսնար ով կուգա կոր…

Կիները այդ ձայնին ազդեցութենեն մեքենաբար մեկ կողմ քաշվեցան՝ ճամփա բանալով։

Տիկին Սաթեն և տիկին Նվարդ կոկոզավիզ անցան հպարտ և ժպտուն։

− Նոր թաղականներուն ընտանիքներն են,− կփսփսային մյուս կիները իրարու։

Ժամկոչը ճիշտ խորանին դեմը, լավագույն տեղը զետեղեց աթոռները և հարգալից կերպարանքով մը կեցավ։

Տիկին Սաթեն աթոռի վրա բազմելե առաջ ետին դարձավ և ցած ու չոր ձայնով մը ըսավ Վարդանին.

− Հիմա խելքդ գլուխդ եկա՞վ…

Ժամկոչը անհասկանալի բաներ մը մրմնջաց ու ետ−ետ երթալով հեռացավ։

Խորհրդարանին մեջ նոր թաղականները թաղին «երևելի»-ներուն այցելությռւնը կընդունեին, որոնք կուգային իրենց շնորհավորությունները մատուցանելու։

Մարգար էֆենտի իր ատենապետի աթոռին մեջ բազմած, հյուրերը կընդուներ ժպտուն դեմքով մը։

− Էֆենտի,− ըսավ միջոց մը շուրջիններուն դառնալով,– շիտակը ես բնավ դիտավորություն չունեի այս պաշտոնը ընդունելու և միտքս դրած էի հրաժարիլ։ Բայց բարեկամներս այնքան ստիպեցին, այնքան վրաս ինկան, որ չկրցա հրաժարիլ։

− Շատ աղեկ ըրիք, Մարգար էֆենտի, մեր թաղին գլուխք ձեզի պես անձնավորություն մը պետք էր,− պատասխանեց ներկաներեն մին։

− Մեր թաղը եթե կարող մարդոց ձեռքով կառավարվի, շատ կհառաջադիմե,− դիտել տվավ ուրիշ մը։

− Շատ գործ կա ընելիք,− ըսավ երիտասարդ մը։

− Մեր գլխավոր ջանքը պիտի ըլլա,− բացատրեց Մարգար էֆ․ –նախ վարժարանը բարեկարգել, հետո եկեղեցիին հասույթները ավելցնել, մատակարարությունը կանոնավորել, կարելի եղածին չափ խնայողություններ ընել…

− Մեզի էն առաջ շնորհքով քարոզիչ մը պետք է,− ըսավ Սահակ աղա,− սա հիմակվան քարոզիչին ձայնը բնավ չի լսվիր կոր, ասկե զատ խոսածներուն մեջ ալ իմաստ մը չկա, ինծի պես պամպարակին մեկն է։

− Քարոզիչեն առաջ վարժարանը կարևոր է,− պատասխանեց ուրիշ մը։

Ընկեր Կայծունի, որ նույնպես եկած էր շնորհավորական այցելության, խոսակցության մեջ մտավ։

− Վարժարանի խնդիրը ամենեն կենսականն է, անոր վրա պետք է սևեռել ամբողջ մեր ուշադրությունը։ Մենք մտավորականներս այս պայքարը մղեցինք ու հաղթանակը տարինք, նկատի ունենալով միմիայն վարժարանը… մինչդեռ մեր թշնամիները լոկ անձնական նկատառումներով պայքար կմղեին։

Կայծունի կակնարկեր «Շանթ Ակումբ»-ին։

− Հիմա թշնամի չմնաց թաղին մեջ,− փութաց դիտել տալ Մարգար էֆենտի,− ամենքն ալ մեր շուրջը համախմբված են։

− Այո՛, առ երեսս այնպես է,− պատասխանեց Կայծունի՝ սրտմտած,− կարկանդակեն բաժին մը ձեռք բերելու համար…

Հետո հանկարծ ըսավ։ − Իրա՞վ է, Մարգա՛ր էֆենտի, որ Սուսերյանցը վարժարանի տեսուչ պիտի ընեք։

− Ո՞վ ըսավ,− գոչեց վաճառականը։

− Ամենուն բերանն է։

− Զարմանալի բան, դեռ այսօր գործի սկսանք, ու վարժարանով զբաղելու ժամանակ չունեցանք։

− Ես ալ երբ լսեցի, շատ զարմացա ու բնավ չհավատացի․․․ ալ թաղին մեջ մարդ չմնա՞ց, որ Սուսերյանցի պես խառնակիչ մը բերենք վարժարանի տեսուչ ընենք․․․ Ես արդեն ըսի, որ Մարգար էֆենտին երբեք այդպիսի հիմար բան չըներ…

− Երբոր վարժարանի խնդրով զբաղելու ատենը գա, այն ժամանակ կորոշենք, թե ինչ պետք է ընել,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով մը։

Բայց ընկեր Կայծունի այս պատասխանով չգոհացավ։

− Ինչ որոշում ալ տաք, կարելի չէ, որ Սոլսերյանցը վարժարանին մեջ պաշտոնավարե,− ըսավ։

− Ի՞նչ հրամմեցիր,− հարցուց Մարգար էֆենտի հեգնաբար։

− Այսինքն, ես անհատապես չեմ խոսիր այստեղ,− ըսավ Կայծունի քիչ մը շփոթված,− այլ հանրային կարծիքը կներկայացնեմ։

− Թաղական Խորհուրդը իր ընելիքը գիտե, պետք չունի ուրիշներու խրատին ու խորհրդին։

− Վարժարանը ամենուս կպատկանի։

− Կաղաչեմ, պարոն Կայծունի, չերկարեք այս վիճաբանությունը, հիմա ոչ ատենն է, և ոչ ալ տեղն է այս տեսակ խոսքերուն, իրար անցնելու պետք չունիք, ձեզի ըսինք, որ դեռ վարժարանի մասին ոևէ կարգադրություն չէ եղած… բայց հիմակվնե գիտցեք, որ ինչ որ հարմար գտնենք, այն պիտի ընենք… հասկցա՞ր մի, պարոն Կայծունի։

«Պայքար Լսարանի» նախագահը, տեսավ, որ եթե վիճաբանությունը շարունակեր՝ բոլորովին իրեն դեմ պիտի հաներ Մարգար էֆ.-ն, ինչ որ բնավ գործին չէր գար, իր դիտավորությունն էր միայն իրենց կորսնցուցած ազդեցությունը ձեռք բերել, և անով հակակշռել «Շանթ Ակումբ»-ին, որ կսկսեր գերակշիռ դիրք մը առնել։ Բայց դժբախտաբար չկրցավ հաջողիլ այդ դիտավորության մեջ, և ընդհակառակը վաճառականը իրենց դեմ գրգռեց։

Ներկաները, որոնք հետևած էին այս վիճաբանության, բնականաբար Մարգար էֆենտիին կողմը բռնեցին։ − Կերևա որ մյուսյուն քյուլահ մը խափմիշ ընել կուզե կոր, և ասոր համար վարժարանին խնդիրը մեջտեղ նետեց,− դիտել տվավ ոսկերիչ Սահակ աղա։

− Թաղերնիս հազիվ քիչ մը հանդարտեցավ, նորեն իրա՞ր անցնելու կաշխատիք կոր,− ըսավ Մանուկ աղա։

− Եղբայր, մեր միտքը սխալ հասկցվեցավ,− բողոքեց Կայծունի։

− Մենք ձեր միտքը շատ աղեկ կհասկնանք,− պատասխանեց Մելիտոս էֆենտի՝ նշանակալից կերպով գլուխը շարժելով։

Ընկեր Կայծունի ոտքի ելավ։

− Առայժմ անօգուտ է խոսիլ,− ըսավ,− ապագան պիտի պարզե ամեն բան, և այն ատեն պիտի համոզվիր, թե որքան իրավունք ունիմ եղեր…

Ու բարևելով դուրս եկավ։

Շնորհավորական այցելությունները կշարունակվեին և թաղականները նույն օրը չկրցան բնավ գործով զբաղելու։

Ժամերգությունը ավարտելե հետո, վաճառականը Միհրանիկ էֆենտիին հետ բակը ելավ, իրենց կիներուն սպասելու համար։

Բակին մեջն ալ շնորհավորություններ կըլլային ծանոթ և անծանոթ թաղեցիներու կողմե, որոնց ամենուն ալ վաճառականը կպատասխաներ ժպտուն դեմքով մը։

Տիկին Սաթեն երևցավ, միշտ տիկին Նվարդին ընկերակցությամբ։

− Գործերնիդ լմնցուցի՞ք,− հարցուց Սաթեն իր ամուսնույն մոտենալով։

− Այսօր գործ չտեսանք որ,− պատասխանեց Մարգար էֆենտի։

− Ինչո՞ւ համար․․․

− Մինչև ետքը հյուր ընդունեցինք, բոլոր թաղեցիները եկան շնորհավորելու․․․ մտքես չէր անցեր, որ այսչափ ժողովրդականություն ունիմ եղեր։ Եկեղեցին շատ բազմություն կա՞ր։

− Լեփլեցուն էր։

− Չնեղվեցա՞ք ա։

− Չէ՛, մեզի աղեկ տեղ մը տվին…

− Տեսա՞ր թաղականության օգուտները քաղել սկսաք,− ըսավ Միհրանիկ էֆ. խնդալով։ − Սա եկեղեցիին խսիրը փոխել տալու է, պատառ բզիկ եղեր է…

− Պիտի ընենք, տիկի՛ն, պիտի ընենք, շատ բաներ ընելու միտք ունինք։

− Մեյ մըն ալ քովի պզտիկ խորանին վարագույրը շատ հին երևցավ աչքիս։

− Ան ալ ինշալլահ կնորոգենք։

− Տիկին Նվարդին հետ որոշեցինք, որ մենք մեր քովեն նոր վարագույր մը շինել տանք։

− Շատ աղեկ կըլլա։

Այս խոսակցությունը, որ բարձրաձայն տեղի կունենար, կլսվեր բակը կեցող թաղեցիներու կողմե։

− Թաղական եղողը քիչ մըն ալ գրպանեն ծախսելու է,− պոռաց Մարգար էֆ,− անանկ «ես թաղական եմ», ըսել հրամայելը՝ փարա չըներ…

Նույն միջոցին ավագերեցն ալ մոտեցավ խումբին։

− Ողջույն, Մարգար էֆենտի, ըսավ, ձեզ եկեղեցին չտեսա, կերևա որ զբաղած էիք։ Աստված կարողություն շնորհեսցե․․․ ձեր վսեմության։

− Շնորհակալ եմ։

− Շիտակը մեծ երջանկություն զգացի, երբ իմացա, որ դուք անցեր եք Թաղ. Խորհրդին գլուխը և աստված ձեզի պես անձերը անպակաս արասցե։

− Շնորհակալ եմ, Տեր Հայր։

− Աստված հաջողություն և առողջություն պարգևեսցե։

− Ամենուս ալ։

-Մեր խոսքը չըլլար, Մարգար էֆ., մենք եղեր ենք, չենք եղեր, կարևորություն չունի, ձեզի պես անձնավորություններով է, որ ազգերնիս կշեննա, փառք ու պատիվ կստանա…

− Քավ լիցի, Տեր Հայր։

− Երթա՛նք,– ըսավ տիկին Սաթեն, տեսնելով որ ավագերեցին մաղթանքները վերջ չունին։

Բայց այս վերջինը թողեց Մարգար էֆենտին և տիկինին կառչեցավ։

− Շատ սիրտս հատավ, որ անհանգիստ եղաք եկեցեցիին մեջ,− ըսավ։

− Չէ՛, հանգիստ էինք։ − Մեր եկեղեցին պզտիկ է, բազմությունն ալ շատ, երերալու տեղ չկա։

–Մեր տեղը շատ աղեկ էր։

− Ասկե զատ մեր ժողովուրդը անկիրթ է,− շարունակեց ավագերեցը,– մեծը, պզտիկը չի զանազաներ… ձեր շուրջը կարգ մը կիներ կեցած էին, շիտակը սիրտս շատ նեղացավ, պիտի գայի քանի խոսք ընեի։

− Կարևորություն չունի, Տեր հայր, մենք ուշադրություն անգամ չըրինք։

− Դուք չըրիք, բայց ես ըրի, ի՞նչ ըսել է, որ պարզ խանութպանի մը կամ արհեստավորի մը կնիկը գա Մարգար էֆ-ին կնոջ քովը կենա… ամեն բանի մեջ պատշաճություն պետք է։ Եթե ես ձեր տեղը ըլլամ, Մարգար էֆ., եկեղեցին կարգ կարգի կբաժնեմ, ինչպես որ շոգենավերն ու շոգեկառքերը կընեն, Ա. կարգ, Բ․ կարգ, Գ․ կարգ։

− Եկեղեցիին մեջ այդպես բաժանումներ կըլլա՞ն մի լա,− ըսավ Միհրանիկ էֆ. խնդալով։

− Ինչո՞ւ չպիտի ըլլա,– գոչեց ավագերեցը,– երկնքին մեջ անգամ հրեշտակները զատ-զատ դասերու բաժնված են։

− Երթա՛նք, ուշ մնացինք, կերակուրի ատեն է,− դիտել տվավ վաճառականը։

Փոքրիկ խումբը պատրաստվեցավ մեկնելու։

− Բարի ախորժակ,− գոչեց ավագերեցը ետևեն,− աստված ձեր սեղանը միշտ ճոխ և առատ պահեսցե, տերն մեր հաջողություն պարգևեսցե։

− Տեր հայրը ճաշի հրավիրելու էիր,− դիտել տվավ տիկին Սաթեն իր էրկանը, երբ փողոց ելան։

− Այդ մարդոց շատ երես տալու չի գար,− պատասխանեց վաճառականը,− մեյ մը հրավիրենք նե՝ ալ ամեն օր կվազեն կոըգան։

Մարգար էֆենտիի և իր թաղականության աոաջին օրը այսպես անցավ։

ԺԸ

− Հրամմեցե՛ք, Գարեգին էֆենտի, բարի եկար… հրավերի՞ կսպասեիր կոր հոս գալու համար։ Այս խոսքերով ընդունեց Պողոս էֆենտի երիտասարդը, որուն լուր ղրկած էր իր գրասենյակը հանդիպելու։

Մյուսը քիչ մը շփոթված պատասխանեց.

− Իրավունք ունիք Պողոս էֆ., քիչ մը հանցավոր եմ այս մասին, բայց ի՞նչ ընեմ, դեպքերը այսպես բերին։

− Չէ նե մի հիմա մեծ մարդոց հետ հարաբերություն հաստատեցիր ու մեզի մոռցար։

− Այդ ի՞նչ խոսք է, Պողոս էֆենտի, մեծ մարդիկը ո՞վ են։

− Ազնվաշուք Մարգար էֆենտի Սասանյանը,− պատասխանեց Պողոս էֆենտի խնդալով,− ձեր Թաղ. Խորհրդի նոր ատենապետը։

− Դուք շատ լավ գիտեք, թե անոր հետ ի՞նչ եղած են մեր հարաբերությունները… ձեռքեն եկած գեշությունը ըրած է ինծի, ինչպե՞ս կրնամ հետը բարեկամ ըլլալ։

− Եվ սակայն միասին կպաշտոնավարեք կոր։

− Այդ տարբեր բան, Վարչությունը զիս անարժանաբար թաղական նշանակած էր, չուզեցի մերժել։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ… ես քեզ ուրիշ բանի համար հոս հրավիրեցի։ Կարծեմ թե Սամիկյան Հակոբ էֆենտիին քովեն ելլելեդ ի վեր գործ մը չունիս։

− Այսինքն հաստատ գործ մը չունիմ, բայց քանի մը տեղ իբրև այցելու համարակալ, պզտիկ գործեր գտած եմ…

− Ատոնց խոսքը չըլլար, ատոնք փոր չեն կշտացներ, այսօր կան − վաղը չկան։

− Ճշմարիտ է, բայց ի՞նչ ընենք, այս միջոցին հրապարակի վրա ինծի հարմար պաշտոն մը դժվար է գտնել։

− Ես քեզի պաշտոն մը պիտի առաջարկեմ և կարծեմ գոհ պիտի մնաս։

− Եթե հարմար գործ մըն է, շնորհակալությամբ կընդունիմ։

− Մեր Տիրանին պաշտոնը,− ըսավ Պողոս էֆ.։

− Տիրան էֆ.-ն ելա՞ծ է ձեր քովեն,− հարցուց Գարեգին։

− Այսինքն օտար հաստատության մը կողմե պաշտոն մը գտեր է, Պեյրութ պիտի երթա… կերևա, որ լավագույն կերպով կվարձատրեն կոր անոնք։ Ինչպե՞ս, գործիդ կուգա՞ այս առաջարկությունը։

− Ինչո՞ւ չէ, Պողոս էֆ., շնորհակալությամբ։

− Ուրեմն կրնաս անմիջապես գործի սկսիլ… Տիրանը այսօր կթողա կոր գործը, քիչ մը ետքը պիտի գա, հոս գտնվե, որպեսզի տետրակները քեզի հանձնե և միևնույն ատեն ընթացիկ գործերու վրա ալ ծանոթություն տա։

− Շատ աղեկ, հոս կսպասեմ։

− Պայմաններու վրա խոսելու պետք չկա, քու կարողությունդ և արժանիքդ գիտեմ, հետևաբար ըստ այնմ պիտի վարձատրվիս։

− Շնորհակալ եմ։

Այսպես գործը կարգադրելե ետքը, Պողոս էֆ. երկու սուրճ ապսպրեց, հետո սիկարեթ մը հրամցուց իր նոր պաշտոնյային, հատ մըն ալ ինքը վառեց և սկսավ․

− Էյ, ուրեմն ասանկ, հիմա Մարգեր էֆ-ն մուրատին հասավ. վերջապես հազար էնթրիկներով հաջողեցավ Թաղ. Խորհրդի ատենապետ ըլլալ, թեև ապօրեն ձևով մը և առանց թաղեցիներու քվեին։

− Այո՛, հիմակվանը առժամյա մարմին մըն է։

− Թաղեցիները գո՞հ են այդ կարգադրութենեն։

− Մեկ մասը գոհ է, մեկ մասն ալ դժգոհ, իսկ մեծամասնությունը անտարբեր։

− Միհրանիկ էֆենտին ալ թաղական է, հա՞…

− Այո՛, գանձապեան է։

− Օ՛խ, օ՛խ, շատ աղվոր, Մարգար էֆենտին ատենապետ, Միհրանիկ էֆենտի ալ գանձապետ, թամամ ընտանեկան Թաղ. Խորհուրդ մը։

− Միհրան էֆենտին ազգակա՞ն է Մարգար էֆենտիին,− հարցուց Գարեգինը, որ չէր ըմբռնած վաճառականին վերջին ակնարկությունը։

− Այսինքն անոր պես բան մը,− պատասխանեց Պողոս էֆենտի խնդալով։

− Չէի գիտեր,− պատասխանեց Գարեգին։

− Ես ալ չէի գիտեր, նոր իմացա,− շարունակեց վաճառականը,− մարդ քանի ապրի, նորանոր բաներ կիմանա, խելքե, միտքե չանցած բաներ…

− Ի՞նչ տեսակ բաներ․․․

− Չըսվելիք բաներ, ես ուրիշներուն պես անանկ բամբասանքներ, մեկուն մեկալին պատվուն հետ խաղալ չեմ սիրեր, ամեն մարդ բնություն մը ունի։ Ես մինչև որ բանի մը վրա ապահով չըլլամ, չեմ խոսիր։ − Իրավունք ունիք, չարախոսությունը գեշ բան է,− պատասխանեց Գարեգին։

− Այս չափն ալ ըսի նե՝ քեզի սիրելուս համար է, սրովհետև գիտեմ, որ դուն պարկեշտ ու պատվավոր երիտասարդ մըն ես, ու չես ուզեր անպատիվ մարդոց հետ հարաբերություն ունենալ։

− Շնորհակալ եմ ձեր գնահատութենեն, միայն թե ես ի՞նչ դեր ունիմ այս գործին մեջ։

− Չէ՞ մի որ Թաղական Խորհուրդին մեջ քով քովի կնստիս կոր Մարգար էֆենտիին ու Միհրանիկ էֆենտիին հետ։

− Ատո՞վ ինքզինքս անպատված կըլլամ կոր։

− Ճանըմ, հիմա ինչ որ ըսեմ՝ անօգուտ է… օր մը ամեն բան կիմանաս, դեռ ուրիշ շատ բաներ ալ։

− Շիտակը հետաքրքրությունս կշարժեք կոր,− ըսավ երիտասարդը,− կերևա, որ ծանրակշիռ բաներ իմացած եք Մարգար էֆ.-ի մասին։

− Շատ ծանրակշիռ․․․

− Ապահո՞վ աղբյուրե։

− Աչքովը տեսնողը պատմած է․․․ ասկե ապահովը կըլլա՞․․․ բայց գոցենք այս խոսքերը, դուն հիմա Մարգար էֆենտիին կուսակիցը կհամարվիս, թերևս չես ուզեր, որ աննպաստ բաներ ըսեն անոր համար։

− Կաղաչեմ, Պողոս էֆենտի, ինծի այդ տեսակ զգացումներ մի վերագրեք, կկրկնեմ, ես Մարգար էֆենտիի կուսակիցը չեմ կրնար ըլլալ, ես պարզապես անոր պաշտոնակիցն եմ Թաղ․ Խորհուրդին մեջ, ուրիշ ոչինչ։

− Ան չէ, ամմա բնավ Մարգար էֆենտիին տունը գացի՞ր։

− Անդամ մը միայն… դիվանը կազմելու համար նախնական գումարում մը ունեցանք իր տանը։

− Միհրանիկ էֆ.-ն ալ հո՞ն էր…

− Այո, հոն էր։

− Տիկին Սաթե՞նն ալ ներկա էր այդ գումարումին։

− Չէ, տիկին Աաթենր ներկա չէր։

− Բնավ զինքը չտեսա՞ք։

− Հետո, գործնրնիս լմնցնելե ետքը մեծ սալոնը գացինք թեյ խմելու, այն ատեն տեսանք տիկին Սասանյանը, որ տիկին Նվարդին հետ էր։

− Էյ, բան մը չնշմարեցի՞ր բնավ։ − Ի՞նչ կուզեիք, որ նշմարեի,– հարցուց Գարեգին, որ կսկսեր նեղություն զգալ հարցաքննութենեն։

− Միհրանիկին և տիկին Սաթենին միջև, սանկ չափազանց մտերմություն մը, թեքլիֆսզություն մը…

− Չէ՞, բնավ, ատանկ բան մը աչքիս չի զարկավ,− պատասխանեց երիտասարդը չոր կերպով մը։

− Հոշ ամենուն քով ընելու չեն ա,− ըսավ Պողոս էֆենտի․․․– պատահեցա՞վ, որ Միհրանիկ ու տիկին Սաթեն բացակա ըլլան սալոնեն։

− Ուշադրություն չըրի, բայց չեմ կարծեր․․․ Կրնա՞մ հարցնել, թե ի՞նչ է այս հարցուփորձի նպատակը։

− Ոչինչ, ատեն անցնելու խոսք մըն է կընենք կոր․․․ այդ տիկին Սաթենին համար անանկ բաներ լսեցինք որ․․․

− Ամեն լսածնուդ կարևորություն տալու չենք, մանավանդ երբ խնդիրը այդ տեսակ փափուկ բանի վրա է։

− Իրավունք ունիս, ես ալ շատ բծախնդիր եմ այդ մասին, և անանկ անհիմն խոսքերու, ըսի ըսավներու, կամ լսեցիներու ականջ չեմ կախեր, բայց երբ աչքովը տեսնողը կպատմե, այն ատեն խնդիրը կփոխվի, մարդ ուզե չուզե կստիպվի հավտալ։

− Նույնիսկ ենթադրելով որ այնպես ըլլա, դարձյալ ի՞նչ պետք ունիք այդ տեսակ խոսքերը տարածելու կամ հրապարակ հանելու։

− Այս որչսփ ջերմ պաշտպան դարձեր ես Մարգար էֆ.-ի պատվին,− գոչեց վաճառականը հեգնաբար։

− Խնդիրը Մարգար էֆ.-ին վրա չէ,− պատասխանեց Գարեգին սրտնեղությամբ,− խնդիրը ոևէ ընտանիքի մը ներքին կյանքին վրա է, և մենք իրավունք չունինք այդ տեսակ բաներու մեջ մտնելու․․․

− Բայց երբ ուրիշները կմտնեն, անոր ի՞նչ պիտի ըսես։

− Անոնք ալ հանցանք կգործեն։

− Ինչ որ է, քանի որ դուն անպատճառ Մարգար էֆ․-ին պաշտպանել կուզես, լավագույն է, որ այս խոսքը կարճ կապենք։

− Չէ՛, ընդհակառակը, կուզեմ որ խոսքը շարունակենք, և հասկնամ թե ինչո՞ւ համար իմ արժանապատվությունս վնաս պիտի կրե պաշտոնավարելով Մարգար էֆ․-ի հետ, Թաղ. Խորհուրդի մեջ։

− Ես անանկ բան մը չըսի,− բողոքեց Պողոս էֆ.։ − Ժամե մը ի վեր այդ բանը հասկցնել կուզեք…

− Ես այս ըսել կուզեմ որ՝ եթե քու տեղդ ըլլայի վայրկյան մը չէի կենար այդ Առժամյա Թաղական Խորհուրդին մեջ։

− Ի՞նչ պատճառավ։

− Որովհետև անպատիվ մարդու հետ պաշտոն վարող մարդը ինքն ալ անպատիվ կըլլա,− պատասխանեց Պողոս էֆենտի, շեշտելով իր արտասանած վերջին խոսքերու վրա։

− Բայց մինչև հիմա որոշապես չըսիք, թե ի՞նչ բանի մեջ կկայանա Մարգար էֆ․-ի անպատիվ ըլլալը։

− Վա՞յ, մինչև հիմա ըսածներես բան մը չկըրցա՞ր հասկնալ, շիտակը, շատ միամիտ ես եղեր, ես քեզի ավելի խելացի կկարծեի։

− Այսինքն իր կնոջ մասին ակնարկություններ ըրիք և անանկ մը ցույց տալ ուզեցիք որ՝ տիկին Սաթենը անհավատարիմ է իր ամուսնույն և թե մեղապարտ հարաբերություններ ունի Միհրանիկ էֆ․-ի հետ, գոնե ես ձեր ըսածներեն այսչափ մը կրցա հասկնալ։

− Ես ատանկ բան չըսի,− բողոքեց Պողոս էֆ․,− բայց եթե դուն ատանկ հասկցեր ես, ատիկա իմ հանցանքս չէ…

− Հապա ի՞նչ ըսիր,− հարցուց Գարեգին անհամբեր կերպով մը։

− Ես պարզապես իմ լսածներս պատմեցի։

− Ինչ որ է, հիմա եզրակացնենք… ի՞նչ է ձեր դիտավորությունը, զիս կդատապարտե՞ք, որովհետև Մարգար էֆենտիի հեա իբրև Թաղական Խորհուրդի անդամ կպաշտոնավարեմ։

− Քավ լիցի, ես ի՞նչ իրավունք ունիմ դատապարտելու քեզի, ես միմիայն իմ կարծիքս կհայտնեմ, դուն ազատ մարդ մըն ես, կրնաս ուզածդ ընել, մարդ իրավունք չունի քու գործիդ խառնվելու։

− Պողոս էֆենտի, այս միջոցիս ծանր ամբաստանություն մը կընես կոր կնոջ մը մասին, արդ, կրնա՞ս ըսածներդ ապացուցանել։

− Եվ եթե ապացուցանեմ…

− Այն ատեն պիտի խոստովանեմ, որ սուտ զրպարտիչ մը չես։

– Ըսել է մինչև հիմա կկասկածեի՞ր կոր այս մասին։

− Չէ՛, բայց վերջապես մինչև հիմա պարզ ենթադրություններու վրա էր ձեր խոսքը։ − Ենթադրությո՞ւն մի,− գոչեց Պողոս էֆենտի,− քեզ ըսի, որ տեսնողը պատմեց, տեսնողը… աչքովը տեսնողը։

− Ի՞նչ տեսած է,− հարցուց Գարեգին թեթև ժպիտով մը։

− Ճանըմ, հիմա ամեն բան տեղն ի տեղ պատմե՞լ պիտի տաս ինծի, ինչ որ կըսեն նե՝ ճիշտ է… բայց արդեն ես ասանկ բամբասանքներե չեմ ախորժիր…

− Այո՛, բայց քանի որ այսքանը խոսեցաք՝ կրնաք քիչ մը ավելին ալ պատմել։

− Է՜յ, շատ աղեկ, միայն թե խոսքը ինե ելած չըլլա․․․

− Այդ մասին վստահ եղեք, ինչ որ ըսեք ինծի պիտի մնա, մեկու մը բան չեմ ըսեր։

− Չէ՛, եթե կուզես, ըսե՛, հոգս անգամ չէ, սուտ չեմ խոսիր կոր ա, միայն թե իմ անունս թող չլսվի․․․ էֆենտիմ, Մարգար էֆ.-ին տունը ծառայող կնիկ մը մեզի էր եկեր դիպվածով, ինչպես կըլլա՝ խոսք կբացվի տիկին Սաթենի վրա, կըսե որ այդ կինը շատ անկանոն կյանք մը կվարե եղեր… նախ Միհրանիկ էֆ․-ին հետ սիրաբանությունը ինք աչքովը տեսեր է։

− Շիտակը ես ալ հավատք չեմ կրնար ընծայել ծառաներու խոսքերուն և ձեզի ալ խորհուրդ կուտամ, որ դուք ալ նույնպես կարևորություն չտաք ըսի ըսավներուն։

− Զարմանալի բան,− գոչեց Պողոս էֆ. սրտնեղած,− մասնավոր նպատակ մը ունիս կարծես Մարգար էֆենտիին պաշտպանելու…

− Երբեք․․․

− Առաջին վայրկյանեն նշմարեցի այդ բանը։

− Ուրեմն առաջին վայրկյանեն սխալած եք։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ, հիմա փակենք այդ խնդիրը և մեր գործին նայինք․․․ այսպես ուրեմն, այսօրվընե Տիրանին տեղը պիտի անցնիս մեր վաճառատան մեջ․․․ Գիտես որ Տիրանը բավական տարիներե ի վեր իմ պաշտոնյաս եղած էր և միշտ գոհ մնացած եմ իր պաշտոնավարութենեն, գրեթե բոլոր գործս իրեն հանձնած էի և անսահման վստահություն ունեի իր վրա… ուրիշ կերպով արդեն կարելի չէր, որ հոս մնար։ Իմ քովս աշխատողը պետք է, որ սրտով աշխատի, այդ կերպով միայն կարելի է, որ իրարու հարմարինք… արդ, հիմա կհուսամ, որ քեզի հետ ալ պիտի կրնանք վարվիլ։ − Պիտի ջանամ ձեզ ամեն մասով գոհացնել,– պատասխանեց Գարեգին։

− Այդ մասին տարակույս չունիմ, միայն մեկ կետ մը կա, որ զիս քիչ մը կվրդովե։

− Ի՞նչ կետ է այդ։

− Հիմա թերևս վրաս պիտի խնդաս, սակայն ես ամեն բան անկեղծորեն կխոսիմ… ես սիրտիս մեջ եղածը չեմ կրնար ծածկել։

− Ավելի լավ, անկեղծությունը միշտ գովելի է։

− Ուրեմն խոսք տուր, որ ըսելիքես չպիտի բարկանաս կամ վշտանաս։

− Նախ պետք է գիտնամ, թե ինչ է ձեր ըսելիքը։

− Եթե կուզես, որ իմ քովս պաշտոնավարես՝ պետք է հրաժարիս Ք․ թաղի Թաղ. Խորհուրդի անդամակցութենեն։

− Ինչո՞ւ համար,− գոչեց Գարեգին հուզված շեշտով մը։

− Որովհետև չեմ ուզեր, որ իմ պաշտոնյաս հարաբերություն ունենա Մարգար էֆենտիի պես մեկու մը հետ։

− Ես ձեր պաշտոնյան եմ՝ այնքան ատեն, որ ձեր գրասենյակը կգտնվիմ՝ բայց հոսկե դ՛ուրս ելլելես ետքը կարծեմ այլևս ոևէ իրավունք չունիք իմ գործերուս խառնվելու։

− Ես պաշտոնյայի մը պարտականությունը այնպես չեմ ըմբռներ,− պատասխանեց Պողոս էֆենտի,− ինծի համար պաշտոնյան իր բաթրոնին հետ նույնացած պետք է ըլլա ոչ թե միայն գործին մեջ, այլ նաև գործեն դուրս։

Նույն միջոցին դուռը բացվեցավ և Տիրան ներս մտավ։

Նորեկը սիրալիր բարև մը տվավ Գարեգինին և նստավ աթոռի մը վրա։

− Ի՞նչ լուր,− հարցուց Պողոս էֆենտի։

− Գործերս կարգադրեցի,− պատասխանեց Տիրան, վաղը ժամը չորսին շոգենավը պիտի մեկնի։

− Վա՞յ,− գոչեց վաճառականը,− ես կկարծեի թե տակավին շաբաթի մը չափ պիտի մնաս։

− Ես ալ անանկ գիտեի, բայց այս առտու, ըսին, որ վաղվան շոգենավով պիտի մեկնիմ եղիր, որովհետև գործերը շատ ստիպողական են եղել։

− Ինչ որ է, երբ որ ուզես, կրնաս մեկնիլ, մանավանդ որ քու հաջորդդ ալ գտանք։ − Եթե չեմ սխալիր Գարեգին էֆ.-ին է,− ըսավ Տիրան դեպի երիտասարդը դաոնալով։

− Այո՛,− ըսավ Պողոս էֆենտին,− մեր մյուսյու Գարեգինը պիտի հաջորդե քեզի։

− Ատկե լավագույն ընտրություն մը չէիք կրնար ընել։

− Հիմա քենե կխնդրեմ, որ տետրակները և թուղթերը իրեն հանձնես և միևնույն ատեն ընթացիկ գործերուն մասին պետք եղած տեղեկություններն ալ տաս։

− Գլխուս վրա,− պատասխանեց Տիրան։

Հետո դեպի Գարեգինը դառնալով՝ հարցուց․

− Եթե կհաճիք, քովի սենյակը երթանք և տետրակները հանձնեմ, արդեն դուք այնքան վարժ եք գործերուն, որ մեծ բան մը չունինք ընելիք, կես ժամեն կլմնցնենք։

− Ավելորդ է ձեր հանձնառնելիք հոգնությունը,− ըսավ Գարեգին, ոտքի ելնելով։

− Ւնչո՞ւ համար,− հարցուց Տիրան զարմացած։

− Որովհետև ես չպիտի կրնամ ընդունիլ Պողոս էֆ․-ի առաջարկած պաշտոնը։

− Բայց ընդունեցիր արդեն,− գոչեց վաճառականը։

− Իրավ է, որ քիչ մը առաջ չմերժեցի ձեր առաջարկությունը,– պատասխանեց Գարեգին,− բայց հիմա միտքս փոխեցի։

− Ի՞նչ պատճառով,− հարցուց Պողոս էֆ.։

− Քիչ մը առաջ ձեր ըրած դիտողություններուն համար։

− Մարգար էֆ․-ի մասին ըրածներո՞ւս կակնարկես,− հարցուց վաճառականը ժպտելով։

− Այո՛,− պատասխանեց Գարեգին,− խնդիրը սակայն Մարգար էֆենտիին վրա չէ, խնդիրը այն է, որ ինծի պաշտոն մը կառաջարկեք՝ պարզապես զիս գործիք ընելու համար ձեզի և այս բանն է, որ չեմ կրնար ընդունիլ։

− Կտեսնեմ, որ հակառակ համբավիդ, բնավ գործնական մարդ չես եղեր։

− Թերևս այնպես ըլլա։

− Ուրեմն կնախընտրես քու ապագադ զոհե՞լ Մարգար էֆ․-ի պես անպատիվ մարդու մը համար, փոխանակ ինծի հետ համաձայնելու։

− Մինչև այս ապրած եմ առանց իմ համոզումներս և խղճմտանքս վաճառելու, և ասկե ետքն ալ միտքս դրած եմ այնպես ընել…

Այս ըսելով երիտասարդը ոտքի ելավ, քաղաքավարիորեն բարևեց Պողոս էֆենտիին ու Տիրանին և հեռացավ գրասենյակեն:

Գարեգինի այս ընթացքը այնքան մեծ անակնկալ մը երևցավ Պողոս էֆենտիի համար, որ շվարած մնաց պահ մը՝ առանց կարենալ բառ մը արտասանելու։

Քանի մը րոպե անցնելեն ետքը միայն ըսավ ինքնիրեն խոսելու պես։

− Աս տղան խե՞նթ է, ի՞նչ է։

− Պարոն Գարեգին շատ պարկեշտ ու կարող երիտասարդ մըն է, բայց բնավորությունը քիչ մը տարօրինակ է,− պատասխանեց Տիրան:

− Աղբա՛ր, սա ըրածը վայելե՞ց… իրեն շենք շնորհք գործ մը կառաջարկենք կոր ու ոչինչ խնդիրի մը համար կմերժե կոր…

− Վնաս չունի Պողոս էֆենտի, ուրիշ մեկը կգտնես հարկավ:

− Խնդիրը ատոր վրա չէ, միայն թե խենթությանը վրա կզարմանամ:

Վաճառականը զարմանալե ավելի կցավեր այս եղածին վրա։ Գարեգինի մերժումով ջուր կիյնար ամբողջ հատակագիծ մը, որ խնամքով պատրաստած էր։ Պողոս էֆ. կհուսար երիտասարդը իր վաճառատան մեջ առնելով նախ փորձառու, պարկեշտ ու կարող պաշտոնյա մը ունենալ իր ձեռքին տակ և հետո Գարեգինի միջոցավ «թշնամիին բերդը ներսեն առնել», ինչպես ինքը կխորհեր:

Մարգար էֆ-ի թաղականությունը, անոր հաջող սկզբնավորությունը, հակառակորդ կուսակցության միացումը, վերջապես Ք. թաղին մեջ անցած բոլոր իրողությունները, որոնց մոտեն հետևած էր Պողոս էֆենտի ծածկաբար, զինքը չափազանց գրգռած էին: Մյուս կողմե, իր հակառակորդին ընտանեկան կյանքին նկատմամբ կատարած հետազոտությունները ոևէ դրական արդյունքի մը չէին հանգած։ Սպասուհի Սուրբիկը չէր կրցած գտնել այն խոհարարին հետքը, որմե լրացուցիչ տեղեկություններ կհուսար քաղել:

Այս անհաջողությունները նոր գժտություն մը հառաջ բերած էին Պողոս էֆ.-ի և Շազիկի արդեն իսկ ձգտյալ հարաբերության միջև։

Վաճառականը, Գարեգինին մեկնելեն ետքը բոլոր այս իրողությունները աչքի առաջ բերավ ու վերլուծեց կացությունը, ջանալով ուղղության նոր շավիղ մը գծել իրեն։ Այս մտային աշխատության մեջ էր, երբ Սափորյան էֆ. ներս մտավ և ողջունեց զինքը:

Տիրան փաստաբանին գալեն անմիջապես ետքը մեկնեցավ, խոստանալով քիչ ետքը վերադառնալ։

− Սափորյան էֆենտի, սա ի՞նչ հով փչեց,– գոչեց Պողոս էֆենտի։

− Հոսկե կանցնեի կոր, սանկ մեյ մը հանդիպիմ՝ ըսի։

− Շատ աղեկ ըրիք, սուրճ մը կառնեք հարկավ։

− Շնորհակալությամբ։ Ի՞նչ կա չկա տեսնենք, գործերը ի՞նչ վիճակի մեջ են… հրապարակը կարծեմ այս միջոցին քիչ մը կայուն է…

Այսպես մեկ քանի պայմանադրական խոսքեր ընելե ետքը, Սափորյան ըսավ.

− Վերջապես Մարգար էֆենտին ալ մուրատին հասավ։

− Ի՞նչ կերպով,− հարցուց Պողոս էֆենտի կեղծ անգիտությամբ։

− Թաղ. Խորհուրդի ատենապետ եղավ… ձեզ տապալեց և ձեր տեղը անցավ… խեղճ մարդը ատոր համար շատ աշխատեցավ շիտակը։

− Զիս տապալե՞ց մի,− գոչեց Պողոս էֆ.,− ատ ուրկե՞ հանեցիր…

− Այսինքն ձեզ ստիպեց հրաժարելու:

− Բնավ երբեք, ես իմ հոժար կամքովս հրաժարեցա, որովհետև գեղին օդը չէր իգար կոր մեզի և բժշկին խորհուրդովը ստիպված էինք հեռանալ անկե։

− Ինչ որ է նե, խնդիրը այն է, որ այսօր Մարգար էֆենտին բազմած է Թաղական Խորհուրդի ատենապետի աթոռին վրա։

− Ձեր շնորհիվ,− դիտել տվավ վաճառականը։

− Վարչությունը մանրակրկիտ քննութենե մը ետքը իր որոշումը տվավ. հետևաբար իրավունք չունիք մեզ դատապարտելու,− պատասխանեց վարչության անդամը։

− Շիտակը աղվոր որոշում… ճիշտ այն մարդը, որ թաղը իրար անցնելու պատճառ եղավ, բռնեցիք թաղական ըրիք:

− Բայց, Պողո՛ս էֆենտի, թաղեցիները շատ գոհ են մեր կարգադրութենե և այսօր թաղը բոլորովին հանդարտած է, նույնիսկ երեկվան հակառակորդները Մարգար էֆ.-ի շուրջը բոլորած են։ Ան մորուքով տաքգլուխ մարդ մը կա նե՝ կուսակցական է, ի՞նչ է, որ հակառակ էր Մարգար էֆենտիին…

− Սուսերյա՞նցը…

− Հա՛, աղեկ ըսիր, Սուսերյանցը, այսօր Մարգար էֆ.-ին ջերմ պաշտպանը դարձած է։

− Սկզբունք չունեցող խայտառակին մեկն է,− գոչեց Պողոս էֆ. բարկությամբ։

− Կրնա ըլլալ, բայց խնդիրը ասոր վրա չէ, խնդիրը այն է, որ այսօր Սուսերյանց Մարգար էֆ.-ի հարած է… և ո՛չ թե միայն ինք, այլ նաև իր ամբողջ խումբը։

− Է՜յ, հիմա այդ խոսքերեն ի՛նչ պիտի հետևցնես,− հարցուց վաճառականը անհամբերությամբ։

− Ի՞նչ կուզես, որ հետևցնեմ, խոսք է կընենք կոր… միայն թե Պողոս էֆենտի, ես շիտակը շատ կզարմանամ քու բռնած ընթացքիդ վրա:

− Ի՞նչ ընթացք:

− Իրավցնե փիլիսոփա ես եղեր, բայց այս աստիճան փիլիսոփայությունն ալ աղեկ չէ։

− Չեմ հասկնար, թե ի՞նչ ըսել կուզես:

− Ասոր ես փիլիսոփայություն չեմ ըսեր, անզգայություն կըսեմ՝ ավելի ծանր բառ մը չըսելու համար:

− Հավատա, որ դեռ բան մը չհասկցա այդ ամբողջ խոսքերեդ։

− Ճանըմ, ինտոր կըլլա, որ այս եղածները կկլլես, ձայնդ կքաշես, կնստիս:

− Ո՞ր եղածները,– հարցուց վաճառականը՝ քիչ մը հասկնալով փաստաբանին ակնարկություններուն իմաստը։

− Սա Թաղական Խորհուրդի խնդիրը, եղբայր, մի՞թե կարելի բան էր սա եղածներուն հանդուրժել… մարդս վերջապես արժանապատվության համար կապրի։

− Ի՞նչ նշանակություն ունի Ք. թաղին Թաղ. Խորհուրդը, ոչինչ, տղայական բաներ են ատոնք… Մարգար էֆենտիին ապուշներն են, որ կարևորության կուտան ատանկ գործերու։

− Չէ՛, Պողոս էֆ., այդպես մի ըսեր,− գոչեց Սափորյան լուրջ դեմք մը առնելով,− խնդիրը պաշտոնի կամ գործին կարևորության վրա չէ, խնդիրը պատվի, արժանապատվության վրա է: Ի՞նչ ըսել է, որ զիս թաղական Խորհուրդեն դուրս նետեն ու իմ տեղս անցնեն…

− Ատանկ բան չէ եղած,− դիտել տվավ Պողոս էֆենտին:

− Պարապ խոսք չեմ ուզեր, ես ըրածս գիտեմ,−պատասխանեց Սափորյան էֆ.,− իբրև Վարչության անդամ մոտեն հետևած եմ բոլոր իրադարձություններուն… գիտեմ թե ինչո՞ւ ստիպվեցար հրաժարիլ։

Իրեն հրաժարականին մասին այս անորոշ ակնարկությունները վրդովեցին վաճառականը։ Ինք այնպես կկարծեր, որ ընտանեկան գայթակղությունը, որուն զոհ գացած էր, միմիայն Ք. թաղի անձուկ շրջանակին մեջ ծանոթ էր ու ավելի հեռուները չէր տարածված։

− Անցած գացած բաներ են ատոնք, ալ չարժեր վրաները խոսիլ,− ըսավ,− մանավանդ որ շատ գոհ եմ այդ թաղական գործերեն քաշվելուս համար․․․ ժամանակե ու նյութական կորուստե ուրիշ բանի չծառայեր մեր մեջ աազգային գործերու խառնվիլը։ Բայց չմոռնամ սըվիկա հիշեցնելու ձեզի, թե դուք ալ իբրև Վարչության կողմե եկած քննիչ, այն ատեն Մարգար էֆենտիի կողմը բռնեցիք և պատճառ եղաք, որ խնդիրը ավելի կնճռոտի…

− Կսպասեի այդ դիտողության,− պատասխանեց Սափորյան։

− Խոսքին կարգը եկավ տե՝ անոր համար կըսեմ կոր, եթե ոչ ինծի համար խնդիրը բոլորովին փակված է ու ալ չեմ ուզեր ատով գբաղիլ։

− Քեզի շիտակը խոստովանի՞մ… հիմա շատ ցաված եմ այդպես վարվելուս։

− Ցավելու բան չկա, դուք այդպես վճռեր էիք և ըստ այնմ ալ ձեր տեղեկագիրը պատրաստած։

− Ետքեն համոզվեցա, որ հարևանցի կերպով ուսումնասիրած էի․․․ ատոր պատճառն ալ այն է, որ Մարգար էֆ․-ի խոսքերուն պետք եղածեն ավելի կարևորություն ընծայեցի։

− Գոհ եմ, որ հիմա ձեր սխալը զգացած եք,− պատասխանեց Պողոս էֆ. ժպտալով։

− Էֆենտիմ, մենք այն ատեն Մարգար էֆենտի Սասանյանը մարդ կարծեցինք… ահա անկե խաբվեցանք…

− Չեմ գիտեր, թե ի՞նչ ըսել կուզեք։

− Ճանըմ, պարզապես զիս շողոքրթեց, սուտ ու փուտ պատմություններ հնարեց, իրողությունը խեղաթյուրեց, դեպքերը չափազանցեց, վերջապես ամեն միջոց գործածեց… քեզի ավելի զարմանալին պատմեմ… ալ միամտաբար ընդունեցի, բնական է, որ իր մեկ քանի դատերը ինծի հանձնեց, ես փաստաբան եմ, երբոր գործ մը հանձնեն, չեմ կրնար մերժել։ Ազգային պաշտոնս տարբեր, անհատական գործս տարբեր, մեկը մյուսին չեմ կրնար զոհել։ Այսպես ուրեմն, մեկ կողմե Թաղ. Խորհուրդի խնդրին մեջ Մարգար էֆենտիի դատավորը եղա, մյուս կողմե իր անձնական գործերուն համար իր փաստաբանը… կացությունս քիչ մը փափուկ էր։

− Բնականաբար։

− Բայց ես նորեն ուղղամտությամբ շարժեցա։

− Ատոր ո՞վ կտարակուսի,– ըսավ Պողոս էֆ. հեգնական ծիծաղով մը, զոր փաստաբանը չնշմարել ձևացուց։

− Ես իմ տեղեկագիրս պատրաստեցի խղճի ձայնիս անսալով, առանց ուրիշի ոևէ նեղության։

− Այո՛,− ըսավ վաճառականը չոր ձայնով մը։

− Բայց ինք նույն ուղղությունը ցույց չտվավ ինծի հանդեպ։

− Ինչպե՞ս, ի՞նչ եղավ որ…

− Ի՜նչ պիտի ըլլա, թաղական ըլլալուն պես ինծի գործերը առավ և ուրիշ փաստաբանի հանձնեց, իր հին փաստաբանին։

Վա՜յ, սարսափելի՜,– գոչեց Պողոս էֆ․ այս պատմութենեն հաճույք զգալով։

− Այնպես որ,– շարունակեց փասաաբանը,– հիմա հայտնի եղավ, թե գործերը ինծի հանձնելը կարողությանս համար չէր, այլ պարզապես զիս կաշառելու փորձ մը։

− Ատոր բնավ տարակույս չկա։

− Ասանկ խաղքություն կըլլա՞

− Պատվով մարդ մը ատանկ բան չըներ։

− Իմ տեղս եթե դուք ըլլաք, ի՞նչ ընթացք կբռնեք հիմա։

− Իրավ որ չեմ գիտեր՝ բայց կենթադրեմ, որ սարսափելի կերպով կբարկանամ եղածին համար։ Ի՞նչ զարմանալի մարդ է եղեր այս Մարգար էֆենտին… թող գնե քիչ մը սպասեր երևույթները փրկելու համար։

− Ինծի պես փաստաբան մը աս ասանկ խաղի գա, ատանկ վաճառականե մը… չլսված բան…

− Արդարև մեծ պզտիկություն է ձեզի համար։ − Բայց թող առնելիք ըլլա, ես ալ հարկավ անոր գլխին խաղ մը կբանամ։

− Ինչ որ ընեք, իրավունք ունիք, բայց խնդիրը այն է, որ բան մը կրնա՞ք ընել։ Դատերը իրենն են՝ իրավունք ունի ուզած փաստաբանին հանձնելու, մյուս կողմե հիմա Կեդրոնական Վարչության որոշումով բազմած է Թաղ․ Խորհուրդի ատենապետի աթոռին վրա և ձենե ոևէ կախում չունի։ Լավագույն է, որ ձայներդ քաշեք նստիք։ Մարգար էֆենտին վարպետորդի մարդ է, հետը գլուխ չեք կրնար ելլել, անիկա ձեզի պես մեկ քանի փաստաբան մատին վրա կխաղցնե։

Պողոս էֆենտի դիտմամբ այս խոսքերը կըներ ավելի գրգռելու համար իր խոսակիցը։

− Ինծի Սափորյան կըսեն, գիտե՞ս,− գոչեց փաստաբանը բորբոքած։

− Անոր ալ Սասանյան կըսեն,− պատասխանեց Պողոս էֆենտի հանդարտությամբ։

− Անիկա թերևս կրնա քու աչքդ վախցնել, բայց իմին․․․

− Ես ինչո՞ւ պիտի վախնամ իրմե…

− Եթե չվախնայիր, այդպես տեղի չէիր տար և գյուղը ձգելով չէիր փախչիր…

Հիմա կարգը եկած էր փաստաբանին՝ վաճառականը գրգռելու։

Պողոս էֆենտի լռություն պահեց։ Բայց փաստաբանը շարունակեց։

− Ես եթե քու տեղդ ըլլայի՝ բոլորովին տարբեր ընթացք մը կբռնեի, ես պայքարի մարդ եմ… ասկե զատ իրավունքը քու կողմդ է։

− Ի՞նչ ընեի, քանի որ Վարչությունը ի վերջո Մարգար էֆենտիի կողմը բռնեց։

− Բողոքե՛, էֆենտի՛մ,− գոչեց Սափորյան,− քննություն պահանջե, սպառնացի՛ր, պոռա՛, կանչե՛․․․ իրավունքդ ուզե։

− Հիմա ալ բանը բանեն անցավ,− պատասխանեց Պողոս էֆենտի։

− Ընդհակառակը բուն ժամանակն է։

− Ի՞նչ ընելու համար։

− Մարգար էֆենտիին նետելու համար Թաղ. Խորհուրդին միջեն։ − Ես այդ թաղեն հեռացած եմ։

− Ատոնք պարապ խոսքեր են,– ըսավ փաստաբանը, և միշտ միևնույն բանը կրկնելով,– քու միտքդ ծածկել մի ջանար։ Ես գիտեմ, որ դուն միակ մտածում մը ունիս, այն է՝ վրեժ լուծել Մարգար էֆենտիեն, որ քեզի դեմ հաղթանակ տարավ և քեզի խաղք ըրավ քու թաղիդ մեջ։

− Թաղական Խորհուրդեն հոժար կամքով հրաժարիլը խաղք ըլլալ չնշանակեր։

− Ես ըսածս գիտեմ, Պողոս էֆենտի և մի ստիպիր զիս ավելի բաց խոսելու։

Փաստաբանը այս խոսքերը արտասանեց նշանակալի ակնարկ մը ուղղելով վաճառականին։ Այս վերջինը հասկցավ ակնարկը և լռություն պահեց։

− Հիմա, իբրև էրիկ մարդ, լրջորեն խոսինք,– շարունակեց Սափորյան։– Ինչպես ըսի, Մարգար էֆ. ինծի խաղի բերավ, զիս պարզապես իրեն գործիք ըրավ և իր նպատակին հասնելե ետքը կից մը տվավ ու զիս ճամփեց։

− Լավ, ի՞նչ պիտի եզրակացնես ատկե,– հարցուց Պողոս էֆենտի։

− Սա պիտի եզրակացնեմ, որ այս միջոցիս երկուքնուս ալ կացությունը միևնույնն է։

− Այսինքն․․․

− Այսինքն երկուքս ալ, ես ու դուն թշնամի ենք Մարգար էֆենտիի և անոր հետ հաշիվ մը ունինք կարգադրելիք։

− Կրնա ըլլալ։

− Այս պարագային մեր շահը կպահանջե, որ մեր գործերը միացնենք հասարակաց թշնամիին դեմ։

− Չեմ կրնար հասկնալ, թե ի՞նչ պիտի կրնանք ընել։

− Շատ բաներ… նախ պիտի կրնանք նետել զինքը Թաղ. Խորհուրդեն։

− Ի՞նչ միջոցով։

− Միջոցը դյուրին է։ Չմոռանանք, որ ես Վարչության անդամ եմ։ Բավական կարողություն ունիմ խոսքս քալեցնելու։

− Կհավատամ, որ այդպես ըլլա։

− Մյուս անգամներուն պես կրավորական դեր չեմ կատարեր Ժողովին մեջ… կըմբռնե՞ս, ինչ ըսել կուզեմ։ − Կհասկնամ,− պատասխանեց վաճառականը, որ կսկսեր շահագրգռվիլ փաստաբանին խոսքերեն։

− Քանի որ կհասկնաս՝ ուրեմն համաձայնեցանք։

− Բայց մի՛ աճապարեր,− գոչեց վաճառականը խնդալով։

− Ընդհակառակը, պետք է շուտով գործ տեսնենք և պարապ ժամանակ չանցունենք։

− Քանի որ այդքան մեծ ազդեցություն ունիս Վարչության մեջ, ալ ի՞նչ պետք կա աջակցությանս…

− Այո՛, Վարչության մեջ ազդեցությունս մեծ է, արդարև կրնամ պաշտոնակիցներս ուզած ուղղությամբս վարել, բայց ատով գործ չմննար։ Վարչության սեղանին վրա հիմա Ք. թաղի խնդիր մը չկա։ Պետք է նախ խնդիրը ստեղծել, և ասոր համար ահա պետք ունիմ քու աջակցությանդ։

− Ի՞նչ կերպով, բացատրե տեսնենք։

− Բայց նախ կուզեմ գիտնալ, թե զուր տեղը կոկորդս չպիտի մաշեցնեմ։

− Եթե ձեռքես բան մը գա, չեմ մերժեր։

− Ուրեմն այս անգամ համաձայնեցանք,− գոչեց փաստաբանը ուրախությամբ։

− Ենթադրենք, որ համաձայնեցանք,− պատասխանեց Պողոս էֆենտի։

− Ենթադրությամբ գործ չի տեսնվիր։

− Կուզե՞ս որ իրարու հետ պայմանագրվինք Մարգար էֆ․-ն տապալելու համար։

− Պայմանագրության պետք չկա, ես ձեր պատվավոր մարդու խոսքին կվստահիմ․․․կուզեմ, որ խոստանաս այս խնդրին մեջ ինձ աջակցիլ ամեն կարելի միջոցներով։

− Լավ, կխոստանամ,− պատասխանեց վաճառականը ճարահատ,− հիմա բացատրե տեսնենք, թե ի՞նչ ծառայություն կսպասես ինե։

− Ներկա Առժամյա Թաղ․ Խորհուրդը ապահովաբար թաղեցիներուն համակրանքը չվայելեր։

− Ես ալ այնպես կկարծեմ։

− Ես այդ մասին վստահ եմ։ Եթե Թաղ․ Խորհուրդը հինգ սուրբերե ալ կազմված ըլլա՝ դարձյալ իր հակառակորդները պիտի ունենար։

− Շաա ճիշտ է։ − Արդ, քու գործդ պիտի ըլլա հակառակորդները գտնել, ժողվել, քով քովի բերել, անոնց մարմին ու կյանք տալ և թաղին մեջ շարժում մը ստեղծել, որուն հետևանքը կըլլա գրավոր բողոք մը Վարչության ուղղված։ Մեյ մը որ խնդիրը հոն գա, դուն ալ գործը ինծի ձգե և ապահով եղիր հաջողության մասին։ Կտեսնես, որ քենե անկարելի ծառայություն չեմ պահանջեր, ոչ ալ նույնիսկ դժվար գործ մը։ Քիչ մը թերևս նյութական զոհողություն պետք ըլլա, այդ ալ անշուշտ չպիտի մերժես։

− Ատիկա դյուրին է, միայն թե…

− Ի՞նչ ուրեմն:

− Ես չեմ ուզեր բացե ի բաց այդ գործով զբաղիլ:

− Ծածկաբար գործե՛, էֆենտիմ։ Վստահելի մեկը գտիր թաղին մեջ, անոր հանձնե գործը վարել, և դուն գաղտնաբար հսկե: Բնական է, որ քեզի հավատարիմ կուսակիցներ ունիս, Թաղ. խորհուրդի նախկին պաշտոնակից և այլն, վերջապես կրնաս մեկը գտնել։

− Հարկավ, կուսակիցներ ունիմ,— գոչեց Պողոս էֆ. հպարտությամբ։

− Այն ատեն գործը շատ կդյուրանա։ Միայն թե ժամանակ մի կորսնցներ… քանի մը ամիսեն մեր պաշտոնավարության շրջանը կավարտի և ալ անկե ետքը բան մը չեմ կրնար ընել, մանավանդ որ Վարչության անդամները վերընտրելի չեն։

− Լավ, լավ, անմիջապես գործի կսկսինք։

− Ես ութը տասը օրեն մեյ մը կուգամ տեղեկություն առնելու համար։

− Հրամմեցե՛ք։

Փաստաբանը շարժում մը ըրավ, ոտքի ելլելու, վաճառականը կեցուց զայն։

− Ուրիշ բան մըն ալ կա,− ըսավ վարանոտ շեշտով մը։

− Ի՞նչ բան։

− Մարգար էֆենտիին դեմ գործածելիք զենք մը։

− Ի՞նչ տեսակ զենք է։

− Գայթակղական բան մը…

− Գայթակղական արա՞րք մը, որուն մասնակից է Մարգար էֆենտին,− գոչեց Սափորյան, որուն աչքերը շողալ սկսան։

− Այսինքն իր կնոջ արարքը, կամ արարքները… − Ապացուցված իրողություն մը կա՞ մեջտեղ, վկաներով, ականատեսներով հաստատված բան մը…

− Բնականաբար… եթե ոչ թեթևորեն ասանկ բան մը կսեի՞… ես ուրիշներու չեմ նմանիր, մեկուն մեկալին ընտանեկան պատվին հետ խաղալ չեմ ուզեր… աս ալ իմացա թե՝ դիպվածով, պատահաբար բան մըն էր, գրեթե իմ կամքիս հակառակ։

− Բայց, խոսե՛, պատմե՛, բացատրե՛,− գոչեց փաստաբանը խանդավառված,− ատանկ բան մը ունիս և մինչև հիմա չես ըսեր, ի՜նչ զարմանալի մարդ ես եղեր։

− Էս հակառակորդիս դեմ ատանկ զենքեր գործածել չեմ ուզեր,− պատասխանեց Պողոս էֆ.:

− Պարապ խղճահարություններ են ատոնք, հակառակորդ մը ջախջախելու համար ամեն զենք լավ է:

− Թերևս իրավունք ունիս, բայց իմ բնությունս ալ ատանկ է…

− Հիմա թոուղունք ատոնք և բուն խնդրին գանք, պատմե նայինք գիտցածներդ:

− Պայմանավ, որ մեր մեջ մնա։

− Ատոր ապահով եղիր,− պատասխանեց Սափորյան խնդալով, փաստաբանները տեսակ մը խոստովանահայրեր են, իրենցմե գաղտնիք դուրս չելլար։

Վաճառականը սկսավ պատմել ինչ որ մենք արդեն գիտենք տիկին Սաթենի մասին։ Փաստաբանը խորին ուշադրությամբ մտիկ ըրավ, զանազան հարցումներ ուղղեց և ի վերջո ըսավ.

− Աղվոր բան, շատ աղվոր բան… միայն թե ապացուցանելը դժվար, մանավանդ որ գլխավոր վկան՝ այդ խոհարարը, որ բաներ մը տեսեր է, մեջտեղ չի կա։

− Բայց Սուրբիկը մեջտեղն է,− դիտել տվավ Պողոս էֆենտի։

− Այո՛, բայց անոր տեսածները մեծ բան մը չեն ապացուցաներ. ասկե զատ, տեսնենք իրա՞վ են։ Ծառաները երբ տունե մը կճամփվին, ընդհանրապես զրպարտություններ կհորինեն իրենց նախկին տերերուն վրա։

− Սուրբիկը քանի մը անգամ խոսեցուցինք, միշտ նույն բաները կրկնեց։

− Եթե պետք ըլլա մեկ քանի հոգիի քով կկրկնե՞ ըսածները։ − Չեմ գիտեր, բայց կհուսամ․․․ թերևս վարձատրություն մը տալով։

− Ատիկա վտանգավոր միջոց մըն է և… ինչ որ է, այդ մասին կրկին կխորհենք, առայժմ այդ չենք կրնար ուղղակի կերպով շահագործել, բայց անուղղակի կերպով կրնանք շահագործել… դուն ջանա սա մյուս վկային հետքը գտնելու… անիկա թերևս շատ ավելի մանրամասն իրողություններ կարողանա հայտնել։

Վաճառականը պատասխանեց, թե արդեն կհետազոտե անոր հետքը և փաստաբանը մեկնեցավ՝ ըսելով․

− Դուն իմ հրահանգներս ջանա որ լավ մը գործադրես և այն ատեն ամեն բան կդյուրանա… բողոքագիր մը տալու է Վարչության, հասկցա՞, հոս է խնդիրը։

Վաճառականը երբ առանձին մնաց, գոհունակությամբ նոր սիկարեթ մը վառեց։ Այս անակնկալ աջակցությունը զինքը կսրտապնդեր, Սափորյանի պես մեկը արհամարհելի ուժ մը չէր և վարպետորդիի ճշմարիտ համբավ մը կվայելեր։

− Եթե Գարեգին ալ չհամառեր,− մտածեց,− գործերնիս շատ կդյուրանար, բայց այդ տղուն չափազանց պարկեշտությունը վնասաբեր կըլլա կոր։ Ես ալ թերևս շատ պահանջկոտ եղա, երբ առաջարկեցի, որ Թաղ. Խորհրդեն հրաժարական տա իմ քովս կարենալ պաշտոնավարելու համար։ Նույնիսկ սխալ մը էր ըրածս։ Մեղք, որ Սափորյանը Գարեգինեն առաջ չեկավ, այն ատեն խնդիրը բոլորովին տարբեր ձև մը կառներ։

ԺԹ

− Անիրավություն է, էֆենտիմ, այսչափ տարվան տեսուչը կճամփվի՞ վարժարանեն, հանցանքը ի՞նչ է խեղճին։

− Մեծագոյն հանցանքը իր անկարողությունն է։

− Պարապ խոսք, հիմա մեջտեղ ելավ անկարողությունը… շատ ալ աղեկ կկառավարեր կոր վարժարանը։

− Քու խելքդ չի հասնիր հա՞, վախնամ Քեմպրիճի համալսարանեն ելած ես։

− Ինչ որ ալ ըլլա, սա իրավ է, որ Սուսերյանցը շատ ավելի կարողության տեր մարդ է, քան պարոն Թորգոմը։ Մարդը մանկավարժությունը իրեն մասնագիտություն ըրած է։ − Ան ըսավ, դուն ալ հաստատեցիր… անոր մասնագիտությունը պոշպողազությունն է։

− Ասկե զատ պետք չէ որ վարժարանը կուսակցականի մը հանձնվեր։

− Ալ օն փարալըք տա բունտան

− Շատ իրավունք ունի յա, մեր տղաքն անկրո՞ն ընենք։

− Պարապ խոսք, էֆենտիմ, կուսակցականը անպատճառ անկրոնություն չքարոզեր։

− Ինչ որ ալ ըլլա՝ պարոն Թորգոմը ճամփելու չէին։

− Պարզապես խեղճը Մարգար էֆ․-ին զոհվեցավ։

− Անձնական հակառակություն կվայելե՞։

− Թաղ․ Խորհուրդը մեծամասնությամբ որոշում տված է։

− Թաղ. Խորհուրդը վարժարանին ի՞նչ կխառնվի… ատիկա հոգաբարձության գործն է։

− Հոգաբարձություն չունինք։

− Թող հոգաբարձություն մը ընտրեն, էֆենտիմ։

− Մարգար էֆենտիին գործին չգար, ինքնիշխան կառավարել կուզե ամեն բան։

− Ոչխարի պես թաղեցիները գտեր են, ուզած խաղերնին կխաղան կոր։

− Ի՞նչ նստեր ես, գնա՛, բողոքե՛, դուն ալ թաղեցի չե՞ս։

− Իմ ինչո՞ւս պետք։

− Ուրեմն մեծ-մեծ մի՛ ջարդեր այստեղ։

− Դիտողություն ընելու իրավունք չունի՞մ… զարմանալու բան։

Այսպես խոսակցություն տեղի կունենար Ք. թաղի սրճարաններեն մեկուն մեջ երկուշաբթի իրիկուն մը։

Արդարև նախորդ օր Թաղական Խորհուրդը ճամփու դրած էր պարոն Թորգոմը և անոր տեղ վարժարանին տեսուչ կարգած էր ընկեր Սորսերյանց։

Նախկին ուսուցիչը հակառակ իր թափած ջանքերուն, չէր կարողացած սպառնացող վտանգին առաջքը առնել։ Տիկին Սաթեն պահանջած էր Թորգոմը անպատճառ հեռացնել և վաճառականը չէր կրցած իր կնոջ պահանջումին գոհացում չտալ, մանավանդ որ ինքն ալ կուզեր կերպով մը վարձատրել «Շանթ Ակումբ»-ի վարիչ Սուսերյանցը, որ իր կողմ անցած էր իր ամբողջ խումբով։

Պարոն Թորգոմի համար մահացու հարված մը եղած էր, երբ Թաղական Խորհուրդը իրեն հայտարարած էր թե պաշտոնեն դադրած էր։

Թեև կսպասեր այդպիսի տնօրինության մը, բայը մյուս կողմե կհուսար, որ տեղի չպիտի ունենար։

− Պաշտոնիս մեջ երբեք թերացում մը չեմ գործած, ի՞նչպես կրնան զիս ճամփել,− կըսեր ինքնին։

Թաղ․ Խորհրդարանին մեջն ալ նույնը ըսավ։

− Կփափաքեի գիտնալ, թե ինչո՞ւ կդադարեցվիմ պաշտոնես, արդյոք անգիտակցաբար թերացո՞ւմ մը գործած եմ։

− Ո՛չ,– պատասխանեց Միհրանիկ էֆենտի,− թերացում չեք գործած։

− Ուրեմն ի՞նչ է ձեր որոշումին թաքուն շարժառիթը։

− Թաքուն շարժառիթ չկա, միայն թե խորհուրդս այնպես որոշեց։

− Եթե հանցանք մը գործած եմ, հայտնեցե՛ք։

− Ամեն տարի վարժարաններու մեջ դասատուներ և տնօրեններ կփոխվին՝ առանց հանցանք մը գործած ըլլալու, միմիայն վարչական պատճառներով։

− Կփափաքեի գիտնալ այդ պատճառները։

− Խորհուրդս ստիպված չէ որոշումներուն բացատրություն տալ։

− Բայց երբ այդ որոշումը մարդու մը ապագան կխորտակե, կարծեմ գոնե այդ մարդը իրավունք ունի բացատրություն ուզելու։

− Ապագա խորտակվելու խնդիր չկա։ Պոլսո մեջ շատ վարժարան, հոս չեղավ, ուրիշ տեղ գործ մը կգտնես։

− Այո՛, բայց երբ հրաժարվելուս պատճառը մութ մնա, ասիկա կրնա կասկածներ հարուցանել և զիս վարկաբեկել։ Երբ որ ինծի հարցնեն, թե ինչո՞ւ ճամփված եմ այս վարժարանեն, ի՞նչ պատասխան տամ։

Այս պնդումները սպառեցին Մարգար էֆենտիի համբերությունը, որ մինչև այն ատեն լուռ կեցած էր։

− Քեզի բան մը ըսե՞մ,− ըսավ,− հարկ դատեցինք քեզ հրաժարեցնել, որովհետև որոշած ենք վարժարանին ուսման մակարդակը բարձրացնել։

− Լավ, ատիկա ի՞նչ առնչություն ունի ինծի հետ։

− Սա առնչությունը ունի, որ այդ մակարդակին համար տեսուչի մը պետք ունինք։ − Միթե ես անկարո՞ղ եմ։

− Դուք ալ ձեր սահմանին մեջ կարող եք, բայց մեզի ավելի կարող մեկը պետք է։

− Վա՞յ, անկարո՞ղ եմ եղեր, հա՞,− գոչեց ուսուցիչը դողահար ձայնով մը։

− Մենք չուզեցինք ատանկ բան մը ըսել, բայց մեզ ստիպեցիր։

− Եվ ո՞ր կարող տեսուչն է, որ պիտի հաջորդե ինծի։

− Ատիկա մեր գիտնալիք բանն է,– պատասխանեց Մարգար էֆ․, չոր ձայնով մը։

− Պարոն Սուսերյանցը, այնպես չէ՞։

− Կրնա ըլլալ. մեր գիտնալիք բանն է։

− Երկերե՛ս, կեղծավո՛ր, խաբեբա՛,− մռլտաց ուսուցիչը իր ակռաներուն մեջեն։

− Բայց Սուսերյանցը կարծեմ ձեր սիրելի բարեկամն էր,− դիտել տվավ Մարգար էֆ․, ձեր գործակիցը և խորհրդատուն։

− Այո՛, զիս աղվոր խաբեց, հիմա կարգը ձեզի եկավ։

Մարգար էֆենտի հարկ չդատեց ավելի երկարելու այս վիճաբանությունը, ուստի Մանուկ աղային դառնալով՝ ըսավ.

− Գործերնուս նայինք, շատ ժամանակ չունինք։ Եկեղեցապատկան սրճարանին պայմանագրությունը պատրաստեցեք, հիմա նոր վարձակալը պիտի գա ստորագրե ու եռամսյան ալ պիտի վճարե։

− Այո՛, պատրաստ է,− պատասխանեց Մանուկ աղա։

− Թագուկ հանըմին համար հանձնարարական մը պիտի գրվեր Հոգաբարձության՝ որպեսզի հիվանդանոցին մեջ ընդունին զինքը․․․ գրվեցա՞վ։

− Ոչ տակավին։

− Ինչո՞ւ համար։

− Իր նյութական անկարողությունը հաստատող երկու վկաներ չկան… ասկե զատ լսեցինք, որ Թագուկ հանըմ տուն մը ունի եղեր, ուրկե ամսական 80 ղուռուշ վարձք կառնե։

− Ուրիշներ ալ ըսին, որ բացարձակ սուտ է ատիկա,− միջամտեց Մելիտոս էֆ.։

− Մոտեն գիտցող կա։

− Էյ, հիմա ի՞նչ պիտի ընենք,− հտրցուց Մարգար էֆենտի։

− Մանրակրկիտ քննություն մը պիտի կատարենք։ − Բայց այդ պառավը ծանր հիվանդ է եղեր ու քովը մեկը չունի զինքը խնամելու, հիմակուհիմա հանձնարարականը տանք, թո՛ղ երթա, քննությունն ալ ետքը կկատարենք։

− Ինչպես որ հարմար դատեք։

Այս խոսակցության միջոցին ուսուցիչը անշարժ նստած էր իր տեղը և մեկնելու դիտավորություն ցույց չէր տար։

Վաճառականը անհամբեր, դեպի անոր դարձավ և ըսավ․

− Կարող եք երթալ…

− Դեռ ըսելիքներ ունիմ… մեկ քանի դիտողութուններ,– կմկմաց պարոն Թորգոմ։

− Բայց մենք ձեր դիտողությունները լսելու համար ձեզ հոս չկանչեցինք, այլ մեր որոշումը հայտնելու համար,− պատասխանեց վաճառականը։

− Իրավունք ունիմ իմ բողոքս ներկայացնելու…

− Ոչ մեզի…

− Հապա որո՞ւ։

− Թերևս Ուսում. Խորհրդին,– ըսավ Մարգար էֆ. քմծիծաղով մը,− կարծես երբ ուսուցիչ մը ինքզինքը անիրավված զգա, անոր դիմում կընե։

− Ատիկա արդեն պիտի ընեմ,− գոչեց ուսուցիչը։

− Ուրեմն ավելորդ է մեզի այստեղ ժամավաճառ ընելը։

− Բայց կպահանջեմ, որ իմ բողոքս արձանագրվի հոս։

− Երկար ըրիր…

− Ձեր անձնական վրեժը լուծելու համար է, որ զիս կհրաժարեցնեք։

− Որոշումը միաձայնությամբ տրվեցավ Թաղ. Խորհուրդի կողմե, և որոշումն ալ անդառնալի է, ուստի պարապ տեղ շունչ մի հատցներ, երթաք բարով։

Այս անգամ պարոն Թորգոմ հասկցավ թե իրավցնե անօգուտ էր երկար մնալ Խորհրդարանը, մանավանդ որ Մարգար էֆ. կսկսեր զայրանալ և կրնար ծանր բառեր արտասանել, որոնց ինքն ալ պիտի ստիպվեր պատասխանելու, և անախորժ միջադեպերու տեղիք տալու։

Ուստի կաս−կարմիր կտրած դուրս ելավ «մնաք բարով» մը մռտալով քթին տակեն։

Ինչպես տեսանք՝ այս եղելությունը թաղին մեջ հետևյալ օր ընդհանուր խոսակցության նյութ դարձած էր։ Ուսուցիչը աբողջ օրը անցուցած էր իր բողոքագիրքը պատրաստելու, ուղղված Ոսում. Խորհրդին։

Երկուշաբթի «Հանրային Կարծիք»-ի ազգային լուրերու բաժնին մեջ կկարդացվեր հետևյալ հոդվածր պրն. Նշանիկի գրչեն ելած, Մարգար էֆենտիի թելադրությամբ։

«Վարչության կողմե նշանակված Ք. թաղի Առժամյա Թաղ. խորհուրդը շաբաթներե ի վեր գործի ձեռնարկած է և գովելի փութաջանություն մը ցույց կուտա։ Իր ուշադրությունը նախ դարձուցած է վարժարանին անկերպարան վիճակին վրա և հիմնական մաքրագործում մը ձեռնարկած։ Նախկին տեսուչը ճամփու դրված է իբրև անկարող և անոր տեղ նշանակված է համալսարանական մասնագետ մանկավարժ մը։ Խորհուրդը որոշած է թաղին մտավորական երիտասարդության ներկայացուցիչներեն հոգաբարձություն մը ընտրել և անոր հանձնել վարժարանը, որուն ուսմանց ծրագիրը արմատական փոփոխություններ պիտի կրե և պիտի պատշաճեցվի ժամանակիս ոգույն և պիտուից։ Բնականաբար հարկ պիտի ըլլա այս առթիվ վարժարանին պյուճեի վրա կարևոր հավելումներ ընել։ Խորհուրդը պիտի աշխատի բացառիկ հասույթներու աղբյուրներ ստեղծել չծանրաբեռնելու համար թաղային սնտուկը։ Թաղեցիները ուրախությամբ կտեսնեն իրենց նոր Թաղական Խորհրդին այս եռանդուն գործունեությունը, և մոռնալով իրենց հին ոխերն ու հակառակությունները միասիրտ բոլորված են անոր շուրջը»։

Պողոս էֆենտի կարդալով այս տողերը՝ ինքնիրեն ըսավ․

− Գտանք մեր փնտռած մարդը։

Ուսուցիչ պարոն Թորգոմին կակնարկեր։ Նույն օրն իսկ մեկը ղրկեց և հրավիրեց զայն, որ հետևյալ օրը գրասենյակը գա։ Այս հրավերը բավական զարմացուց ուսուցիչը։

− Ի՞նչ կուզե ինե, արդյոք պաշտո՞ն մը պիտի առաջարկե։

Եվ չորեքշաբթի կանուխ փութաց վաճառականի գրասենյակը։

Այս վերջինը դեռ նոր եկած էր ու մեկ քանի նամակներ կարդալու զբաղած։ Զվարթ դեմքով մը ընդունեց իր հյուրը։

– Անցած ըլլա, պարոն Թորգոմ,− գոչեց։

− Ի՞նչ բան, Պողոս էֆենտի,− հարցուց ուսուցիչը քիչ մը շփոթած։

− Երեկ թերթերուն մեջ կարդացի գլխուդ եկածը… արդեն կսպասեի կոր ատոր, Մարգար էֆ.-ին պես մարդ մը ամեն գեշություն ընելու կարող է… խեղճ պարոն Թորգոմ, դուն ալ ինծի զոհ գացիր։

– Այդ խոսքերը չեմ ընդունիր, ես իմ ազգային անհատի պարտականությունս կատարեցի միայն, իմ համոզումներուս հպատակելով։

− Գիտեմ, բայց քեզի թշնամիներ ստեղծեցիր։

− Այո՛, կխոստովանիմ։

− Թշնամիներ, որոնք այսօր քեզ նյութապես վնաս կհասցնեն։

− Այդ ալ իրավ է, բայց ես իմ բռնած ընթացքիս համար զղջում չեմ հայտներ, որովհետև համոզումով և ուղղությամբ վարված եմ։

− Ատիկա շատ գեղեցիկ զգացում մըն է, բայց բավական չէ։

− Ինչ ըսել կուզեք։

− Ըսել կուզեմ որ՝ պետք է դուն ալ աշխատիս, որ այդ մարդիկը անպատիժ կերպով այսպես քեզ անիրավաբար չի հարվածեն։

− Այդ մասին արդեն հարկ եղածը ըրած եմ։

− Ի՞նչ ըրիր,− հարցուց վաճառականը հետաքրքրությամբ։

− Անմիջապես բողոքագիր մը գրեցի․․․

− Կեցցե՛ս, և ղրկեցի՞ր։

− Ո՛չ տակավին։

− Ավելի աղեկ։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև այդ բողոքագրին հանրագրության մը ձև տալու է։

− Հանրագրությո՞ւն մի,− հարցուց ուսուցիչը զարմացած,– անձնական խնդիր մըն է աս, իմ և Թաղական Խորհուրդին միջև, որուն դատավորն է…

− Բնականաբար, Վարչությունը,− ընդմիջեց Պողոս էֆենտի։

− Չէ՛, Ուսում. Խորհուրդը, ան կխառնվի ուսուցիչներուն վեճերուն։

− Իրավունք ունիմ եղեր ըսելու, որ աղեկ ես ըրեր բողոքագիրդ չղրկելով… Ուսում. Խորհուրդը մեկ կողմ դիր, ուղղակի Վարչության դիմե՜։

− Վարչությունը բողոքագիրս ուղղակի Ուսում․ Խորհրդին պիտի հղե պարզապես ի նկատառություն։ − Տե՜ֆ ըրե մեյ մը սա բողոքագիր բառը,− գոչեց վաճառականը անհամբեր,− բողոքագիրը ինչ է, տղա՞ ես դուն․․․ շնորհքով մարդու պես գործ տեսիր․․․ անիրավ վճիռ մը տրված է քեզի դեմ, անոր համար իրավունքդ պահանջե։ Նույնիսկ քեզի ուրիշ խորհուրդ մը տամ, դուն քու ստորագրությամբդ մի գրեր, այլ թաղեցիներուն ստորագրել տուր։

− Ի՞նչ բան, էֆե՛նտի։

− Ճանըմ, թաղական Խորհուրդի եմ հանրագրությունը։

− Բայց հանրագրության խնդիր չկա,− գոչեց ուսուցիչը։

− Ընդհակառակը, ամբողջ խնդիրը այդ է,− պատասխանեց վաճառականը։− Ուսում. Խորհրդին դիմելով բնավ բան մը չես շահիր, գործը տարիներով կձգձգվի․․․ տես, Գատը֊Գյուղի ուսուցիչներուն խնդիրը մեջտեղն է։ Ուղղակի Վարչության դիմելու և կարգադրություն պահանջելու է։ Տես լրագրին մեջ ինչ են ըրեր, պատիվդ մեկ փարայի եղած է։ Ւը անկարողության համար ճամփված է, կըսե կոր, ալ ասկե ետքը ո՞ր դպրոցին մեջ քեզի պաշտոն կուտան։

− Արդեն այդ «Հանրային Կարծիք»-ին դեմ դատ պիտի բանամ։

− Այդ ալ պարապ բան։ Մինչև որ ասդիի կողմե խնդիրդ չկարգադրես, ի՞նչ օգուտ ունի դատ բանալդ։

− Բնական է, որ Ուսում. Խորհրդեն գոհացում ստանալես ետքը դատ պիտի բանամ։

− Այն ատեն առնվազն տասը տարի պետք է որ սպասես։ Հիմա պարապ խոսքերով ժամանակ չանցնենք, քեզի լուր ղրկեցի և հոս բերել տվի՝ ինչո՞ւ համար, գիտե՞ս։

− Չէ՞, Պողոս էֆենտի, և կսպասեմ, որ հաճիք բացատրել ձեր հրավերին շարժառիթը։

− Լավ ուրեմն, պարզապես քու օգուտիդ համար է։

− Շատ շնորհակալ եմ։

− Կուզեմ քեզի դեմ գործված անլուր անիրավութենեն քեզ փրկել, այսինքն քու պաշտպանությունդ ստանձնել։

− Շատ երախտապարտ եմ։

− Ասոր համար եթե պետք ըլլա, ձեռքես եկած զոհողությունները պիտի ընեմ։ Սա ևս ըսեմ, որ Վարչությունը ձեռքիս մեջն է, ուզածս ընել կարող եմ։

− Այն ատեն խնդիրը շատ կդյուրանա։ − Միայն թե դուն ալ պետք է որ գործես, քանի որ քեզի համար է մեր ընելիքը։

− Բնական է, որ ձեռքես եկածը պիտի ընեմ։

− Արդ, թաղին մեջ ներկա առժամյա և ապօրինի Թաղ․ Խորհուրդին դեմ եղող անձեր կա՞ն։

− Շատ,− գոչեց ուսուցիչը,− գրեթե մեծամասնությունը հակառակ է, մանավանդ իմ մասիս եղած անիրավությունեն ի վեր։

− Բայց մեզի պետք եղած ծանոթ անձեր են քիչ շատ,− դիտել տվավ Պողոս էֆենտի։

− Անշուշտ, աննշան մարդոց հետ հարաբերություն չունիմ արդեն։ Բայց չեմ կրնար կոր ըմբռնել թե՝ իմ զուտ անձնական պարագաս ի՞նչպես կրնա հանրագրության մը առարկա ըլլալ։

− Դուն այդ կետը ինծի ձգե, հանրագրությունը ես պատրաստել կուտամ, դուն միայն ջանա, որ զայն ստորագրել տաս․․․ հիսուն ստորագրություն մը կրնա՞ս հավաքել։

− 500, հազար ստորագրություն,− գոչեց Թորգոմ,− բոլոր թաղը ինծի հետ է։

− Այն ատեն հաջողեցանք։ Միայն պայման մը… թաղին մեջ ոչ ոք պետք է իմանա, որ ես այս գործերուն կխառնվիմ կոր․․․ ետքը ամեն բան կխանգարվի։

− Այդ մասին վստահ եղեք։

− Ուրեմն ամեն բան կարգին է։ Դուն վաղը առտու եկուր, ես հանրագրությունը պատրաստել տված կըլլամ և իսկույն գործի կսկսինք։

Ուսուցիչը մեկնեցավ ինքն իրեն խորհելով։

− Իրավցնե ազնիվ մարդ է եղեր Պողոս էֆենտին։ Գիտնալով, որ իր պատճառավը այս փորձանքը գլխուս եկավ, կաշխատի կոր դարմանելու․․․ Ես առանձին թերևս բան մը չկրնայի ընել, բայց երբ Պողոս էֆ.-ի պես օժանդակ մը ունիմ, կարող եմ հաջողիլ, մանավանդ որ Վարչությունն իր ձեռքին մեջն է եղեր․․․

Հազիվ թե պարոն Թորգոմ մեկնած էր, վաճառականը իր սպասավորը ղրկեց և կանչել տվավ փաստաբանը։ Այս վերջինը ուշադրությամբ լսեց ամեն բան և գոչեց.

− Հիմա գործերնիս եղավ։

− Բայց հանրագրությունը դուն պիտի պատրաստես։

− Բնականաբար… հիմա, անմիջապես։ Եվ գրասեղանին առջև անցնելով, Սափորյան էֆենտի, հետևյալ գլուխգործոցը արտադրեց.

«Ստորագրյալքս կուգան հանուն Ք․ թաղի ամբողջ հայ բնակչության ուժգնորեն բողոքել տեղվույս նորակազմ Առժամյա Թաղ. Խորհուրդին և մասնավորապես իր ատենապետին ինչ-ինչ արարքներուն դեմ, որոնք կսպառնան վրդովել և նորանոր հուզումներու մատնել ամբողջ թաղը և անախորժ ծայրահեղությանց մղել թաղեցիներուս, ծայրահեղություններ, որոնց ամբողջ պատասխանատվությունը այժմեն կթողնենք Թաղական Խորհուրդին և իր ատենապեաին վրա։

«Շատ երկար կըլլա մի առ մի թվել բոլոր այն հախուռն, ապօրեն, հակասահմանադրական, անհեռատես ու կամայական արարքները, որոնցմով նորակազմ Առժամյա Թաղ. Խորհուրդը և իր ատենապետը ցույց տվին իրենց գործունեության որակն ու քանակը, ժողովրդային զայրույթը հասցնելով իր գագաթնակետին, և քար գայթակղության ու խնձոր գժտության հանդիսանալով թաղիս մեջ։

«Այդ անլուր արարքներեն առայժմ կհիշենք միայն վերջինը, որ ժողովրդային ցասումը իր ծայր աստիճանին հասցուցած է։ Տեղվույս Ազգ. Վարժարանի բազմարդյուն, ժրաջան, անձնվեր ու գործունյա տեսուչը՝ պարոն Թորգոմ, որ թե՛ վարժարան հաճախող երկսեռ աշակերտներուն և թե՛ անոնց ծնողներուն հարգանքն ու համակրանքը կվայելեր, և որ համեմատապես կարճ ժամանակամիջոցի մը մեջ կրցած էր վարժարանը նախանձելի վիճակի մը հասցնել, հանկարծ կվտարվի իր պաշտոնեն նորակազմ Թաղ. Խորհրդի ատենապետին անձնական թշնամության և վրեժխնդրության զոհ երթալով և իր տեղ տեսուչ կնշանակվի կուսակցամոլ բախտախնդիր մը, զուրկ ոևէ արժանիքե և որուն տեսչության ներքև մեր վարժարանը կսպառնա հոգևոր սպանդանոց մը դառնալ, մեր երկսեռ մանուկներուն համար։ Այդ բախտախնդիր անձին տեսուչ նշանակելուն զրույցն իսկ բավ եղավ, որպեսզի շատ մը ծնողքներ որոշեն իրենց զավակները չղրկե Ազգ․ Վարժարան, և օտար հաստատություններու հանձնեն անոնց կրթությունը, զանոնք ուծացնելով մայր եկեզեցիեն և տոհմային նկարագրե, մեկ-մեկ աշխարհաքաղաքացի դարձնելով։ Այս ահեղ վտանգը արդեն բավ է վեր ի վայր շրջելու ամբողջ թաղս, և արդեն իսկ բողոք, տրտունջ, գայրույթ և բարկություն կտիրեն ամեն կողմ, և եթե պատկառելի վարչությունդ անմիջական տնօրինությունով մը չփութա մտքերը խաղաղեցնել, ապահով կրնա ըլլալ, թե մոտավոր ապագայի մը մեջ Ք. թաղը նորանոր խռովություններու պիտի մատնվի, որոնց հետևանքը չենք գիտեր թե ուր կրնա հասնիլ։

«Մեր թաղին կացության այս խիստ մեղմացուցիչ վիճակը ներկայացնելով Պատ. Ժողովիդ խորին ուշադրության, կխնդրենք, որ հաճիք պարտ ու պատշաճը տնօրինել, անմիջապես, առանց ժամանակ տալու, որ Առժամյա Թաղ. Խորհուրդը և ատենապետը նորանոր ու անդարմանելի սխալներ գործեն իրենց կործանարար ընթացքովը, և ճշմարիտ աղետք մը դառնան թաղիս մեջ»։

Սափորյան էֆենտի գրությունը վերջացնելով կարդաց զայն վաճառականին։

− Շատ մեղմ գացեր ես,– դիտել տվավ այս վերջինը։

− Հե՞,− գոչեց փաստաբանը,− դեռ ի՞նչ կարելի էր գրել։

− Կրնայիր Առժամյա Թաղային Խորհուրդին պաշտոնե դադարեցուցվիլը պահանջել։

− Ատիկա կարելի չէ, անօգուտ պոռոտախոսություն մը կըլլա… այս հանրագրությունը բավ է մեր նպատակին հասնելու համար։ Թող այս գրությունը Վարչության սեղանին վրա գա, ատիկա բավական է։

− Ի՞նչ կերպով,− հարցուց Պողոս էֆ.։

− Էֆենտիմ, այս բողոքը մատերնիս փաթթելով, Մարգար էֆենտին ու ատենապետը ժողովի կհրավիրենք, որպեսզի բացատրություն տան, և հոն այնպիսի լեզու մը գործածենք, որ իրենց արժանապատվությունը վիրավորվի, առնեն քալեն և հետևյալ օրը հրաժարական տան։

− Իրավունք ունիս,− գոչեց Պողոս էֆենտի…− ուրիշ բան մըն ալ կրնանք ընել։

− Ի՞նչ բան։

− Հանրագրության պատճենը հրատարակել տանք թերթի մը մեջ։

− Այդ ալ գեշ գաղափար չէ, միայն թե ստորագրվելե ու Վարչության մատուցվելե ետքը ընելու է։

− Բնականաբար։ Միայն թե դուն վստա՞հ ես քու պաշտոնակիցներուդ վրա… պիտի կրնա՞ս ամենքն ալ ձեռքիդ մեջ առնել։

− Եթե ոչ ամենքը, գոնե մեծամասնությունը և ատիկա բավական է արդեն։ Փաստաբանը մեկնեցավ և Պողոս էֆենտի հանրագրությունը խոշոր թուղթի մը վրա մաքուրի քաշել տվավ իր գրագիրին։

Հետևյալ առտու ուսուցիչը եկավ։

− Պատրա՞ստ է,− հարցուց, ներս մտնել ու բարևելե ետքը։

− Ահավասիկ, նստե՛, ու անգամ մը կարդա,− ըսավ վաճառականը դարակը բանալով, ու պըլլված թուղթ մը երկարելով ուսուցչին։

Պարոն Թորգոմ երկյուղածությամբ առավ թուղթը, բացավ, և սկսավ կարդալ։ Քանի ընթերցումը առաջ կտաներ դեմքը ուրախութենեն կշողշողար, երբ ավարտեց, խանդավառված էր։

– Սքանչելի՜, հիանալի՜, հրաշալի՜ է,– գոչեց,− ասկե ավելի գեղեցիկ կերպով կարելի չէր խնդիրը պարզել, հոյակապ կերպով գրված է…

Ինչ որ ամենեն ավելի կխանդավառեր ուսուցիչը, այս գրության մեջ իր մասին եղած գնահատությունն էր։

− Բայց ո՞վ գրեց ատիկա,− հարցուց շլացած,− խնդրին մոտեն տեղյակ, կացությունը ուսումնասիրած մեկը ըլլալու է, միանգամայն շատ խելացի ու գրիչ շարժել գիտցող մեկը… սովորական գրություն մը չէ այս։

− Եթե խոստանաս բացարձակապես գաղտնի պահել, կըսեմ թե ով է գրած։

− Պատվույս վրա կերդնում։

− Լավ ուրեմն, Վարչության մեկ անդամը գրեց այս հանրագրությունը…

− Վարչության մեկ անդա՞մը,− գոչեց ուսուցիչը շլմորած։

− Այո՛, որ միանգամայն փաստաբան է և որուն ձեռքին մեջ կգտնվի Քաղաքական ժողովի մեծամասնությունը։ Սափորյան էֆենտին գրեց։ Բայց պետք չէ որ մարդ իմանա։

Ուսուցիչը կատարյալ գաղտնապահություն խոստացավ։

− Հիմա այս հանրագրությունը կառնես ու անմիջապես ստորագրել կսկսիս։

− Ատիկա դյուրին է… քանի՞ ստորագրություն բավական է,− հարցուց Թորգոմ։

− Որչափ շատ ըլլա, այնչափ աղեկ է,− պատասխանեց Պողոս էֆենտի,− բայց առնվազն 50-60 հատ մը ըլլալու է… լավագույն կըլլա, որ աշակերտներու ծնողքները ստորագրեն։ − Ամենքն ալ կստորագրեն, քանի մը ժամվան մեջ կրնամ հավաքել։

− Քեզի շաբաթ մը պայմանաժամ,− ըսավ վաճառականը,- որպեսզի կրցածիդ չափ շատ ստորագրություն հավաքես։

− Շաբաթվան գործ չկա։

− Ինչ որ է, եթե ավելի առաջ լմնցնես, վնաս չունի, միայն թե շաբաթը չանցնի… երկաթը տաք-տաք պետք է ծեծել, Սուսերյանցի հետ արդեն պայմանավորվեցա՞ն։

− Չեմ գիտեր։

− Ատ ալ նշանակության չունի, մենք մեր գործը նայինք։ Պահանջք ունի՞ս Թաղ. Խորհրդեն։

− Չէ՛, հաշիվս մաքրեցին։

− Ուրեմն առայժմ դրամ կա քովդ։

− Այո,− պատասխանեց ուսուցիչը, այս հարցումեն քիչ մը նեղվելով,− քիչ մը ժամանակի համար ապրուստ ունիմ, և կհուսամ, որ վարժարաններու վերաբացումին պիտի կրնամ պաշտոն մը ձեռք ձգել, արդեն այս մասին դիմումներ ըրած եմ։

− Հիմա ուրիշ գործի ետևե մի՛ ըլլար, դուն պետք է քու հին պաշտոնիդ մեջ վերահաստատվիր, հոգ չէ, եթե քիչ մը ժամանակ անգործ մնաս։ Եթե երբեք դրամի պետք ունենաս, բան մը կընենք, անհոգ եղիր։

− Շնորհակալ եմ, բայց ես ուրիշի բեռ ըլլալ չեմ ուզեր, ես մինչև հիմա իմ ճակատի քրտինքովս ապրած եմ։

Վաճառականը կրկին հորդորեց ուսուցիչը, որ ուրիշ պաշտոն չփնտռե, որովհետև, ըսավ, այդ կերպով Թաղական Խորհուրդի վճիռը ընդունված կըլլա և իր բողոքելու իրավունքը կկորսնցնե։

Պարոն Թորգոմ մեկնեցավ հուսալից։ Իրեն այնպես կթվեր, թե ոչ մեկ թաղեցի պիտի մերժեր ստորագրել այս հանրագրությունը։ Չէ՞ մի որ ամենքն ալ իրենց ցավակցությունը հայտնած էին վարժարանեն հեռանալուն համար ու անիրավ գտած էին Թաղ. Խորհուրդի որոշումը։

Գյուղ հասնելով՝ մտածեց անմիջապես գործի սկսիր Աչքի առջև բերավ աշակերտներու ծնողքները և անոնց մեկ ցանկը պատրաստեց։

− Ամենքն ալ զիս կսիրեն,− կմտածեր,– և չեն կրնար մերժել խոսքս։

Առաջին անգամ գնաց Մարտիկ աղային, որ կերպասավաճառ էր և եկեղեցիին պատկանող խանութի մը վարձակալը։ Երեք զավակներու հայր էր և երեքն ալ վարժարան կերթային։ Պարոն Թորգոմ հաճախ ճաշի կերթար այդ տունը և իբրև մտերիմ բարեկամ կընդունվեր։

− Ամենեն առաջ Մարտիկ աղային ստորագրել տամ,− խորհեցավ,− գեղին սիրված ու պատվավոր անձերեն է ու իր ստորագրությունը ուրիշներուն վրա ալ ազդեցություն կընե։

Եվ դեպի կերպասավաճառի տունը ուղղվեցավ։

Դուռը տան աղջիկը բացավ։

− Զապել, հայրիկդ հո՞ս է,− հարցուց Թորգոմ։

− Այո՛, էֆենտի, հրամմեցեք,՝− պատասխանեց աղջիկը շիկնելով,− վերն է։

Մարտիկ աղա, ընտանիքի պատվական հայր մըն էր։ Խանութը գոցելուն պես, առանց սրճարան կամ գինետուն հանդիպելու, ուղղակի տուն կուգար, կհանվեր, գիշերազգեստը կհագներ, ձեռքով կշտկեր օղիի ափսեն, և իր կինը կամ բարեկամ մը իր դեմը առնելով՝ մեկ քանի հատ կճնկեր սիկարեթ ծխելով։ Օրվան խոնջենքին դեմ իր դարմանն էր այս, ու միանգամայն հաճույքը։

Երբ ուսուցիչը վեր ելլելով սենյակ մտավ, արդարև Մարտիկ աղան գտավ օղիի ափսեին քովը, և իր կնոջ՝ Հոռոփիկ հանըմի և դրացի ոսկերիչ Հաջի Ակոբճանի հետ։

− Բարեբախտություն մըն է այս,− մտածեց Թորգոմ,− Ակոբճանն ալ բարեկամ է, անոր ստորագրել կուտանք։

Իր մուտքը ուրախությամբ ողջունվեցավ։

− Վա՜յ, մյուսյու Թորգոմ, բարի եկաք,− գոչեց Մարտիկ աղա, ոտքի ելլելով ու բազմոցին վրա տեղ բանալով,− աս ո՞ւր մնացիր քանի օր է. շաբաթ մըն է երեսդ տեսած չունինք։

Հոռոփիկ և Հակոբիկ նույնպես սիրալիր ընդունելություն մը ըրին։

Ուսուցիչը բացատրեց, թե այս օրերս չափազանց զբաղած էր և անոր համար չէր կրցած այցելել իրենց։

− Հատ մը կխմես հարկավ,− ըսավ Մարտիկ աղա, գավաթը լցնելով։

− Շնորհակալությամբ,− պատասխանեց ուսուցիչը։

Րոպե մը լռություն տիրելե ետքը Հոռոփիկ ըսավ.

− Աս բաներ մը լսեցինք նե, իրա՞վ, ճանը՛մ։

− Ի՞նչ բան, տիկին։ − Իբր թե ձեզի վարժարանեն հաներ են, և ուրիշ տնօրեն մը պիտի բերեն եղեր։

− Իրավ է,− պատասխանեց Թորգոմ չոր ձայնով մը։

− Շիտակը երբ որ մեր տղաքը իմացան, շատ ցավեցան․ «Եթե մյուսյու Թորգոմը դպրոցեն ելլե, մենք դպրոց չենք երթար» կըսեն կոր։

− Շատ տեղերե նույն բանը իմացա։

− Քու տեղդ Սուսերյա՞նցը պիտի բերեն եղեր,− հարցուց Ակոբճան։

− Անանկ կըսեն կոր։

− Մարդ չգտան տե, այդ զյուպպե՞ն տնօրեն կընեն կոր։

− Քու վրադ ի՞նչ հանցանք բեռցուցին։

− Հանցանք չկա,− պատասխանեց ուսուցիչը,− պարզապես Մարգար էֆենտիին քեյֆը ատանկ ուզեր է։

− Ասանկ խաղքություն կըլլա՞, նե՞ քեփազելիք տիր պու, կեցած տեղը մարդը գործեն կհանե՞ն, երբ պակասություն մը չէ գործած…

− Ի՞նչ պիտի ընես, կընեն կոր, էֆենտիմ,− պատասխանեց ուսուցիչը գավաթը պարպելով։

− Գտեր են քեզի պես կակուղ մարդը, ուզածնին կընեն կոր,– գոչեց Մարտիկ աղա,− հելե դեմերնին զոռլը մեկը ըլլար, նայինք կրնայի՞ն ընել։

− Խաթրդ չմնա, ամմա, դուն ալ բեք պամպակ մարդ ես,− դիտել տվավ Ակոբճան աղա։

− Ի՞նչ ընեմ, բռնի՝ «պիտի մնա՞մ» ըսեմ։

− Բողոքե՛, էֆենտիմ, պոռա՛, կանչե՛, աղմուկ հանե՛… թաղեցիները բոլորը քու կողմդ են, ինչ բանե կվախնաս, ամենքն ալ դժգոհ են Թաղ. Խորհուրդի այս որոշումեն,− գոչեց Ակոբճան աղա։

− Ես քեզի խրատ տալու մարդ չեմ, բայց կարծեմ իրավունք ունիմ,− միջամտեց Հոռոփիկ, չլացող տղուն կաթ չեն տար, ատանկ սուսիկ-փուսիկ նստելով բան չըլլար, քանի որ հանցանք մը չես գործած, քանի որ ծնողները և աշակերտները գոհ են քենե, ի՞նչ պատճառավ քեզ դուրս կնետեն կոր վարժարանեն։

− Պարզապես Մարգար էֆենտին իր անձնական վրեժը կլուծե կոր,– պատասխանեց Թորգոմ։

− Ատ ի՞նչ խոսք է,– գոչեց Մարտիկ աղա բարկությամբ,− նայինք վարժարանը ի՞րն է, ի՞նք կուտա կոր ծախքերը, վարժարանը թաղեցիներունն է, անոնց տված փարայովը կապրի կոր, ինք վարժարանին համար տասը փարա տված ունի՞։ Է՜յ, մյուս թաղականնե՞րը… ատոնք ձայն չե՞ն կրնար կոր հանել, խաբո՜ւլ մանտալ են, ի՞նչ են այդտեղ։

− Մարգար էֆենտիեն կքաշվին, խոսքեն դուրս չեն ելլեր, որովհետև հարուստ է, ազդեցիկ է…

− Զարմանալի բան, հարուստ է նե իրեն համար է, հարուստ է տեյի ամեն անիրավություն գործելո՞ւ է։ Ես ըլլալու էի թաղական, որ անոր սորվեցնեի։

− Ես ալ շիտակը թաղական ըլլայի նե, սա անիրավության չէի կրնար համբերել,– ըսավ Ակոբճան աղա,− ամմա, նորեն կըսեմ հանցանքին մեծը քու քովդ է, ինքզինքդ չես կրնար կոր պաշտպանել։

− Գոնե քանի մը բարեկամներու խորհուրդ հարցուր,− խրատեց Մարտիկ աղա,− թաղին մեջ այս չափ պաշտպաններ ունենալե ետքը՝ ալ ի՞նչ ես կեցեր, պարզապես ապուշություն է ըրածդ։

− Սանքիմ վարժապետները քիչ մը տղայամիտ կըլան, կըսեն նե, իրավունք ունին,− ըսավ Ակոբճան աղա։

− Բայց ո՞վ ըսավ, որ ես հանդարտ կեցեր եմ ու ձայն չեմ հաներ կոր,− գոչեց ուսուցիչը, քիչ մը սրտմտած իրեն ուղղված խոսքերեն։

− Ի՞նչ ըրիր, նայինք,− հարցուց Մարտիկ աղա հեգնորեն։

− Ձեր բոլոր ըսածներն ալ ըրի։

− Ինչ ըրիր նե ան ըսե։

− Առժամյա Թաղ. Խորհուրդին ու Մարգար էֆ-ին դեմ հանրագրություն մը պատրաստել տվի, զոր վարչության պիտի մատուցանեմ։

− Կեցցե՛ս, աֆերիմ, տեսա՞ր մի,− գոչեց կերպասավաճառը։

− Հա, շեոյլե,− երկրորդեց ոսկերիչը։

− Սքանչելի բան մը եղավ, կարդամ տե մտիկ ըրեք։

− Կարդա յա, կարդա։

Ուսուցիչը թուղթը բացավ և սկսավ կարդալ։

Երկու բարեկամները և Հոռոփիկ հանըմ, գլխու շարժումներով հավանություն կհայտնեին։ Երբ պարոն Թորգոմ ընթերցումը ավարտեց, Մարտիկ աղա գոչեց. − Շատ աղվոր է, բայց շատ թեթև գացեր ես, ավելի զորավոր բան մը գրելու էիր։

Էոյլե յա, գաֆալարընա էիճե վուրմալը,− հաստատեց ոսկերիչը։

− Ես ալ այդ պիտի ըսեի, բայց քաշվեցա,− դիտել տվավ Հոռոփիկ հանըմ։

− Ասկե խիստը չգրվիր,− պատասխանեց ուսուցիչը։

− Ինչպե՞ս չգրվիր, անանկ էտեպսիզներուն,− գոչեց Մարտիկ աղա բորբոքած,− բեք ալ աղեկ կգրվի, ես ըլլալու էի քու տեղդ տե՝ անոնց կսորվեցնեի… է՜յ, երբ պիտի տաս թուղթդ․ ատեն մի անցներ։

− Պետը է, որ նախ ստորագրվի։

− Ո՞վ պիտի ստորագրե…

− Թաղեցիները։

Էոյլե յա,− հաստատեց Ակոբճան աղա,− նիզամ էոյլե տիր։

− Հիմա, ճիշտ ատոր համար եկած եմ հոս,− շարունակեց ուսուցիչը.− աղեկ, որ մեր բարեկամ Ակոբճան աղան ալ հոս գտնվեցավ։

− Ի՞նչ բանի համար,− հարցուց Մարտիկ աղա կասկածոտ դեմքով մը։

− Որպեսզի դուք ալ ստորագրեք։

− Ուրիշ ո՞վ ստորագրեց։

− Դեռ մեկը չէ ստորագրած, ամենեն առաջ ձեզի եկա։

Կերպասավաճառը անմիջապես չպատասխանեց, օղիի գավաթը լեցուց, և հետո ըսավ.

− Օղլում, ինե առաջ դեռ թաղին մեջ ինչ մարդիկներ կա՜ն… ես ամենեն վերջը կուգամ։

− Առաջինի վերջինի խնդիր չկա.− դիտել տվավ Թորգոմ, ամենուն ալ պիտի երթամ։

− Թո՛ղ մեյ մը ուրիշները ստորագրեն, ետքը բան մը կընենք։

− Ուրեմն առաջ դուք ստորագրեցեք, Ակոբճան աղա,− առաջարկեց ուսուցիչը՝ ոսկերիչին։

Պենիմ ագլըմ էոյլե շեյլերե եթիշմեզ,− պատասխանեց այս վերջինը։

− Ճանըմ, խելք չհասնելիք բան մը չկա, գրվածքին համամի՞տ եք․․․ – Համամիտ եմ։

− Ուրեմն ստորագրեցե՛ք։

− Համամիտ ըլլալովս անպատճառ ստորագրելո՞ւ եմ։

− Ինչո՞ւ չեք ուզեր ստորագրել։

− Ճանըմ, թող մեյ մը ուրիշները ստորագրեն… ինչո՞ւ համար ամենեն առաջ ես իմզա դնեմ ատոր տակը։

− Դուն ալ ծնողք չե՞ս, դուն ալ երկու զավակ չունի՞ս վարժարանը։

− Ունիմ ամմա, ես այդ տեսակ գործերու չեմ ուզեր խառնվիլ, պանա նե… հացին փարան հանելը նայինք։

− Բայց ի՞նչ նկատումով չեք ուզեր ստորագրել,− գոչեց Թորգոմ հուզված,− ասոր ներքև ստորագրություն դնելով ի՞նչ վնաս կկրեք։ Դուք կըսեք, որ եղածը անիրավություն է, թե պետք է որ բողոքեմ, թե թաղեցիները ինծի հետ են և այլն, և երբ ձեզի կդիմեմ, կռնակ կդարձնեք, Մարգար էֆ-են կվախնաք կոր․․․

Վախնալու այս ակնարկությունը բարկացուց երկու բարեկամները։

− Վախնալը ի՞նչ պիտի ըլլա,− պոռաց Ակոբճան աղա,− ինչո՞ւ պիտի վախնամ եղեր Մարգար էֆ.-են, ա՞ն է իս ապրեցնողը, տղաքս ա՞ն կնայի կոր… թոհաֆ բան, ասանկ ծանր խոսքեր կընես, մյուսյու, ես իմ քրտինքով ապրող մարդ մըն եմ, իմ վրաս մեկը չիշխեր, և ես ալ մեկե մը բան չեմ սպասեր…

− Ճիշտ այդպես ըլլալը գիտնալուս համար էր, որ ձեր հիմակվան ընթացքին կզարմանամ,− պատասխանեց ուսուցիչը։

− Մենք չենք ստորագրեր չըսինք,− դիտել տվավ Մարտիկ աղա,− մենք ըսինք, որ թող մեյ մը ուրիշները ստորագրեն, ետքը ուրիշ բան մը կընենք։

− Ուրեմն կխոստանա՞ք, որ մյուսները ստորագրելե ետքը դո՛ւք ալ պիտի ստորագրեք։

− Մեյ մը թող ուրիշները ստորագրեն…

− Էրիկս իրավունք ունի,− միջամտեց Հոռոփիկ,− նախ ուրիշներուն ստորագրել տուր, եթե Մարտիկ աղան ստորագրե ամենեն առաջ, աղեկ չփախչիր…

− Ի՞նչ կըլլա որ,− հարցուց ուսուցիչը։

− Բան մը չըլլար, բայց վերջապես բռնած խանութը ժամուն ախարեթն է… − Է՜յ, Ակորճան աղան ալ ժամուն կալվածքը վարձած չէ՞ յա՜− գոչեց Թորգոմ։

− Ես ալ ինծի համար հարկավ հաշիվ մը ունիմ,− պատասխանեց ոսկերիչը։

Ուսուցիչը տեսավ, որ անկարելի է համոզել այդ երկու մարդիկը․ թուղթը պլլեց, գրպանին մեջ տեղավորեց և ոտքի ելավ։

− Նստեցե՛ք, կերակուրը միասին ուտենք,− առաջարկեց տիկինը։

− Չէ՛, շնորհակալ եմ,− պատասխանեց ուսուցիչը սրտնեղությամբ,− ուրիշ երթալիք տեղեր ունիմ։

− Կարծեմ մեր մյուսյուն բարկացավ,− ըսավ տանտերը։

− Ի՞նչ իրավունք ունի նեղանալու,− ըսավ Ակոբճան աղան,− ասանկ բանը զոռով չըլլար։

− Բարկանալու բան չկա,− ըսավ Թորգոմը և ներկաները բարևելով դուրս ելավ։

Այս առաջին ձախողանքը թեև կատարյալ անակնկալ մըն էր, այսուհանդերձ չհուսահատեցուց ուսուցիչը։

Փողոց ելլելով ինքն իրեն ըսավ․

− Սիմոն աղային երթամ, անիկա առանց դիտողության կստորագրե։

Սիմ՛ոն աղա սարաֆ էր, և քիչ մըն ալ վաշխառու, ամուսնացած և չորս զավակներու տեր, որոնք թաղին վարժարանը կհաճախեին։ Բավական դրամ ուներ և այդ դրամը իրեն տեսակ մը հոխորտ ամբարտավանություն տված էր, ինք որ իր չքավորության օրերուն քծնող ու սողացող բնություն մը ուներ. իր սիրելագույն զբաղումն էր քննադատել ինչ որ ըլլար թաղին մեջ, միշտ ընդդիմադիր եղած էր օրվան Թաղ․ Խորհուրդին, բայց այդ ընդդիմադրությունը խոսքե անդին չէր անցներ և երբեք գործնական ճամփուն մեջ չէր մտներ։ Մասնավոր համակրանք մը ուներ պարոն Թորգոմին հանդեպ, զայն հովանավորելու ձև մը կառներ հաճախ։ Ասոր փոխարեն կպահանջեր ուսուցիչեն, որ մասնավոր հոգածության առարկա ընե իր զավակները։

Հաճախ ըսած էր պարոն Թորգոմին.

− Եթե բանի մը պետք ունենաս, մի քաշվիր, բացվե ինծի, ես քեզի շատ կսիրեմ, գիտես ա՜։

Ուսուցիչը վստահորեն զարկավ սարաֆին դուռը, կինը եկավ բանալու։ − Էֆենտին հո՞ս է,− հարցսւց Թորգոմ։

− Հրամմեցե՛ք, հոս է։

− Վայ դո՞ւ ես, մյուսյու Թորգոմ, աղեկ որ եկար, ես ալ քեզ տեսնել կուզեի,− գոչեց սանդուխին գլխեն Սիմոն աղան։

Հուսալից, Թորգոմ վեր ելավ։

− Աղբար, սա ի՞նչ խայտառակ մարդիկ են եղեր մեր թաղականները,− պոռաց սարաֆը իր հյուրը սենյակ առաջնորդելով, ալ ուրիշ բան չգտա՞ն ընելիք, էն առաջ քեզ ճամփեցին… վա՜յ, անպիտաններ… խաչ որ, երբ լսեցի, խաֆայիս թասը դարձավ, կարծես թե ուղղակի ինծի դեմ բան մը ըրած էին։ Ասիկա պարզապես Մարգար էֆենտիին կերած խալթն էր։

− Այնպես է,− հաստատեց ուսուցիչը։

− Որովհետև իրեն դեմ էիր, վրեժ կլուծե կոր։ Ասանկ խայտառակություն կըլլա՞։

− Կընեն կոր, ի՞նչ պիտի ընես։

− Ինչ պիտի ընեսը ի՞նչ է, անոնց հախեն գալու է. գիտե՞ս եթե ես քու տեղդ ըլլամ նե, ի՞նչ կընեմ։

− Ի՞նչ կընես, Սիմոն աղա։

− Հիմա պիտի ըսեմ, շատ աղեկ ըրիր, որ եկար, եթե չգայիր, լուր պիտի ղրկեի և կանչել տայի, որովհետև ժամանակ կորսնցնելու չէ, անմիջապես գործելու է։ Հիմա իս մտիկ ըրե…

− Խոսեցեք, Սիմո՛ն աղա, մտիկ կընեմ։

− Անմիջապես բողոքագիր մը կգրես կոր, սանկ հանրագրության պես բան մը, ամա զոոլու…

− Է՜յ,− ըսավ ուսուցիչը թեթև մը ժպտելով։

− Անոր մեջ եղածը չեղածը կպատմես, կըսես, որ թաղեցին իր տեսուչեն գոհ է, թե բոլոր եղածը անձնական թշնամության արդյունք է, թե բոլոր թաղը կբողոքե, թե խնդիրը շուտով կարգադրելու է, որպեսզի թաղին մեջ խռովություն չծագի, թե ծնողքները շատ հուզված են, և եթե հին տեսուչը իր պաշտոնին վրա չմնա, իրենց տղաքը օտար դպրոց պիտի ղրկեն և այլն։ Մոռցա ըսելու, որ այդ հանրագրությունը թաղեցիներուն բերնեն գրելու է, և գիրը քու գիրդ ըլլալու չէ։

− Իհարկե, այդպես պետք է,− պատասխանեց Թորգոմ ժպտելով։

− Ինծի նայե, ես փորձառու մարդ եմ, իմ խոսքս մտիկ ըրե, շուտով այդ հանրագրությունը պատրաստե և թաղեցիներուն ստորագրել տուր, հավատա, որ ամենքն ալ կստորագրեն… Քեզի ամենքն ալ կսիրեն, ես աղեկ գիտեմ։ Այսօր ով որ տեսա, ցավ հայտնեց եղածին համար։

− Գիտեմ որ այդպես է։

− Քանի մը հարյուր ստորագրություն հավաքեցի՞ր մի, գործդ եղավ ըսել է… այն ատեն հանրագրությունը ուրիշի ձեռքով կղրկես Ուսմ․ Խորհուրդին… Չէ՛, չէ՛ ուղղակի Վարչության, ավելի աղեկ կըլլա կոր… մտածեցի այս միջոցը գտա։

− Արդեն ըրի,− պատասխանեց ուսուցիչը։

− Ի՞նչ ըրիր,− հարցուց Սիմոն աղա զարմացած։

− Վարչության ուղղված հանրագրությունը պատրաստեցի։

− Ճիշտ իմ ըսածի՞ս ձևով։

− Ճիշտ այնպես։

− Վա՜յ…

Այս «վայ»֊ը տեսակ մը սրտմտություն կհայտներ։ Սիմոն աղա կկարծեր այս գաղափարին մենաշնորհը ունենալ ու զայն մեծանձնությամբ նվիրել պարոն Թորգոմի։ Իր արժանապատվությունը վիրավորված զգաց քիչ մը, բայց հայտնի չըրավ։

− Դո՞ւն մտածեցիր,− հարցուց։

− Ես ալ մտածեցի, ուրիշներն ալ այդ խորհուրդը տվին… ինչ որ է, հանրագրությունը պատրաստ գրպանս է. կարդամ մտիկ ըրեք։

− Կարդա նայինք։

Ուսուցիչը, երկրորդ անգամ ըլլալով հանդիսավորապես բացավ թուղթը և կարդաց։

− Աղեկ է,− ըսավ սարաֆը, երբ ընթերցումը ավարտեց։

− Միայն թե տակավին ստորագրված չէ,− դիտել տվավ ուսուցիչը։

− Ի՞նչ ես կեցեր ուրեմն,− գոչեց Սիմոն աղա,– ստորագրել չտա՞ս… ժամանակ մի անցներ տղաս, շատ գործդ տես։

− Այսօր պատրաստեցի և անմիջապես գործի սկսա, արդեն ճիշտ ատոր համար հոս եկած եմ։

− Ի՞նչ բանի համար։

− Որպեսզի ձեզ ալ ստորագրել տամ։

− Ի՞նչ բան, հանրագրությո՞ւնը։

− Բնականաբար։ − Չէ՛, պարոն Թորգոմ, ես չեմ ստորագրեր,− ըսավ Սիմոն աղա լուրջ դեմքով մը։

− Ինչո՞ւ համար…

− Սկզբունքիս հակառակ է:

− Ի՞նչ սկզբունք։

− Ճանըմ, ամեն մարդ մեջ մեկ սկզբունք կունենա յա… օր մը օրանց հանրագրության մը տակ ստորագրությունս տեսա՞ծ ես… այդ ձգե, նույնիսկ վիճակահանության համար գրվիմ նե՝ ոմն կդնեմ և անունս չեմ ստորագրեր:

− Բայց կաղաչեմ, Սիմոն աղա, իմ հույսս ձեզի պես բարեկամներու վրա է, եթե դուք ալ չուզեք ստորագրել, ո՞վ պիտի ստորագրե…

− Կցավիմ, բայց անկարելի է, պարապ տեղը մի պնդեր… սկզբունքիս հակառակ է։

− Կխնդրեմ,− կակազեց ուսուցիչը։

− Մի հոգնիր պարապ տեղը, տես ես քեզ կսիրեմ և ձեռքես եկած պաշտպանությունն ալ չեմ զլանար, հանրագրության գաղափարը հղացա ու քեզի հաղորդեցի, բայց դուն արդեն մտածեր ես եղեր, վնաս չունի, միայն թե տեսար որ քեզմով կհետաքրքրվիմ կոր…

− Այո՛, սակայն ինծի ձեր ստորագրությունը պետք է,− պնդեց պարոն Թորգոմ։

− Մեկ հատ մը էվել մեկ հատ մը պակաս՝ կարևորություն չունի, 300 ստորագրության տեղ, թող 299 ըլլա։ Ի՞նչ կըլլա,− պատասխանեց Սիմոն աղա։− Մինչև հիմա քանի՞ ստորագրություն հավաքեցիր։

− Դեռ բան մը չեմ հավաքած։

− Էն առաջ ինե՞ սկսար…

− Այո՛,− կակազեց պարոն Թորգոմ։

− Էյ աշք օլսուն սանա:

− Ի՞նչ կա որ…

− Ըսել է դուն մասնավոր դիտավորություն մը ունեիր իմ գլուխս փորձանքի բերելու։

− Ինչո՞ւ համար։

− Չե՞ս գիտեր, որ ես երբեք ատանկ բաներու տակ ստորագրություն չեմ դներ:

− Չէի գիտեր։ − Հիմա հասկցա՞ր ա… ինշալլահ, ասկե ետքը միտքդ կմնա։

− Ըսել է որ չպիտի ստորագրեք։

− Չէ՛ ըսինք ա… մեկու մը վրա այսչափ չեն բռնանար։

− Բռնանալու բան չկա, միայն թե…

− Ասկե ավելի ինչպե՞ս բռնություն կրնա ըլլալ, քեզի կըսեմ կոր թե սկզբունքիս հակառակ է, դուն դարձյալ կպնդես․․․ ամեն բան չափ մը ունի։

− Կներեք, Սիմոն աղա։

− Ներելու բան չկա, միայն թե քիչ մը խոսք հասկնանք․․․ ես քու բարեկամդ եմ, քեզ կսիրեմ, ձեռքես եկածին չափ կպաշտպանեմ, ասոր համար հանցա՞նք կգործեմ։

– Չէ՛, ընդհակառակը, շնորհակալ եմ։

− Այն ատեն կարճ կապե այլևս և խոսքը մի երկնցներ։

Ուսուցիչը թուղթը պլորեց, գրպանը դրավ և ոտքի ելավ։

− Մնաք բարով,− ըսավ,− կներեք, որ ձեզ նեղացուցի։

− Բարկացա՞ր, կերթա՞ս կոր։

− Չէ՜, բարկանալու իրավունք չունիմ, միայն թե քանի մը տեղ պիտի հանդիպիմ։

− Հանդիպե յա՛, ամենուն ալ գնա՛, ստորագրել տո՛ւր, ես վստահ եմ, որ ամենքն ալ ուզելով կստորագրեն։ Ինչո՞ւ չպիտի ստորագրեն… փարա չես ուզեր կոր ա, պարզ ստորագրություն մը։

Պարոն Թորգոմ ալ չպատասխանեց, բարևեց ու մեկնեցավ։

Այս երկու ապարդյուն դիմումները զինքը քիչ մը վհատեցուցած էին, որոշեց տուն երթալ և հետևյալ առտու սկսիլ նոր դիմումներու։

Շուկայեն անցած ատեն, սրճարանե մը ծանոթ ձայն մը գոչեց․

− Պարոն Թորգո՛մ, պարոն Թորգո՛մ։

Ուսուցիչը գլուխը դարձուց դեպի ձայնը եկած կողմը, և ճանչցավ իր բարեկամը, պարոն Սիսակը, որ առանձին նստած էր։

Սիսակ 25 տարեկան երիտասարդ մըն էր և վաճառատան մը մեջ պաշտոնյա, զվարթ, բարեմիտ, հետաքրքիր, ու շատախոս մարդ մը։ Թորգոմ մտավ սրճարանեն ներս։

− Եկո՜ւր, նստե՛ սուրճ մը խմե՛,– առաջարկեց Սիսակ։

− Ճաշելու կերթամ,− ըսավ ուսուցիչը։

− Դեռ չե՞ս ճաշած։ − Ոչ։

− Անանկ է նե՝ օղի թող բերեն։

− Աղեկ կըլլա։

− Այս ատեն ի՞նչ կընես կոր փողոցները։ Ճանըմ, քեզ դպրոցեն հանե՞ր են… ինչո՞ւ չես բողոքեր կոր… ասանկ անիրավություն կըլլա՞․․․

Այս բոլոր հարցումներուն իբրև պատասխան ուսուցիչը հանրագրության պատմությունը ըրավ, գրպանեն հանեց, կարդաց զայն և ըսավ։

− Ասիկա ստորագրել տալու համար կպտտիմ կոր։

− Կեցցե՛ս, շատ աղեկ կընես, ամենքն ալ կստորագրեն, վստահ եղիր,− պատասխանեց Սիսակ,− Գրիգորիկ աղային ստորագրել տվի՞ր։

− Ոչ տակավին։

− Անոր տո՛ւր, անպատճառ կստորագրե։

− Պիտի երթամ։

− Ռափիկ աղային տարիր հարկավ։

− Դեռ անոր ալ չգացի։

− Զարմանալի մարդ ես, աչքը գոց կստորագրե, քեզի շատ կսիրե Ռափիկ աղան։

− Գիտեմ, բայց դեռ ժամանակ չունեցա, այսօր պատրաստվեցավ հանրագրությունը։

− Մինչև հիմա որո՞ւ տարիր։

− Մարտիկ աղային, Ակոբճան աղային, Սիմոն աղային։

− Հարկավ ստորագրեցին։

− Խոստացան, պիտի ստորագրեն,− պատասխանեց ուսուցիչը թեթև վարանումով մը։

− Անշուշտ պիտի ստորագրեն,− պատասխանեց Սիսակ,– իրենց պարտականությունն է… է՜յ, Ղուկաս էֆենտիին գացի՞ր, անոր ստորագրությունն ալ պետք է, թաղին երևելիներեն է, և անպատճառ կստորագրե, որովհետև Մարգար էֆենտիին հետ շատ աղեկ չէ։

− Ամենուն ալ պիտի երթամ…

− Ժամագործ Ղուկաս աղան ալ մի մոռնար, ան ալ մենե է, գիտցած ըլլաս․․․ Սիսակ հետզհետե 20-ի չափ անուններ հիշեց և ստիպեց իր բարեկամը, որ անոնց դիմում ընե անպատճառ։ Ուսուցիչը խոստացավ, հետո իր բարեկամին դառնալով ըսավ.

− Հիմակուհիմա դուն ստորագրե գոնե…

− Ճանըմ, դուն ինծի թող հիմա,− ըսավ Սիսակ։

− Ինչո՞ւ համար, դուն ալ թաղեցի չե՞ս։

− Թաղեցի եմ, բայց խնդրին մեջ ուրիշ բան կա… Թագվոր էֆ-ին ալ գնա, անպատճառ կստորագրե։

− Հարկավ պիտի երթամ… դուն մեյ մը քու ստորագրությունդ դիր տեսնեմ…

− Դուն ինծի ձգե, կըսեմ կոր,− պնդեց Սիսակ։

− Բայց պատճառը բացատրե գոնե։

− Ամեն բան չեմ կրնար ըսել քեզի… իմ ստորագրելս հարմարություն չառներ… Ղահվեճի Մինասին ստորագրել տվի՞ր․․․

− Չէ՛ տակավին։

− Աղեկ միտքս եկավ, սա մեր Կուռնիկ աղային ստորագրել տանք։ Կուռնիկ աղան տերն էր այն սրճարանին, ուր նստած էին։

− Կուռնիկ աղա, քիչ մը հոս եկո՛ւր,− գոչեց Սիսակ։

Սրճարանատերը 40 տարեկան, թավ բեխերով, հաղթանդամ մարդ մը, մոտեցավ։

− Թուղթդ հանե,− հրամայեց Սիսակ ուսուցչին, որ իսկույն կատարեց հրամանը։

− Սըտեղ ստորագրություն մը Կուռնիկ աղա,− ըսավ երիտասարդը։

Սոխախը խալտըրըմ շինել տալու համա՞ր է,− հարցուց սրճարանապետը։

− Չէ, ճանըմ։

− Նոր մխթարի՞ն համար։

− Չէ՞, Կուռնիկ աղա, անանկ բան չէ, մեր մյուսյու Թորգոմին համար է։

− Ի՞նչ եղեր է որ…

− Ճանըմ, նոր թաղականները զինքը դպրոցեն հաներ են, մենք ալ հիմա իմզա կժողվենք կոր քի, իլլե անիկա տնօրեն կուզենք… չիմացա՞ր, որ մյուսյու Թորգոմը դպրոցեն հաներ են։

– Իմացա, հելե շատ էլ ցավեցա,– պատասխանեց Կուռնիկ աղա։ − Անանկ է նե իմզադ դիր նայինք։

− Ես գրել կարդալ չեմ գիտեր։

− Մեոհյուրդ կոխե։

− Մեոհյուրս քովս չէ։

− Վնաս չունի, թող վաղը ըլլա։

Պեն էոյլե խամուր իշլերինե գարըշմամ,− պատասխանեց սրճարանապետը հեռանալով երկու երիտասարդներու քովեն։

− Ես անոր ստորագրել կուտամ,− խոստացավ Սիսակ։

− Եղբա՛յր, փոխանակ ուրիշները համոզելու, նախ դուն ստորագրե,− պնդեց ուսուցիչը։

− Ինծի մի ստիպեր, ես չեմ կրնար ստորագրել, անձնական շահուս կդպչի։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև մեր վաճառատան տերը Մարգար էֆ-ին բարեկամն է, հիմա հասկցա՞ր… ամեն բան ըսել մի տար ինծի։

− Այդ տարբեր բան,− պատասխանեց ուսուցիչը,−քանի որ անձնական նկատումներ ունիս, չեմ ուզեր, որ իմ պատճառովս վնասի ենթարկվիս։

− Ես անանկ բաներու կարևորություն չեմ տար, բայց ի՞նչ ընեմ, սպիպված եմ։

− Չեմ մեղադրեր քեզի։

− Հավատա, որ եթե ուրիշե կախում ունեցող մեկը չըլլայի, ոչ թե միայն կստորագրեի, այլ թուղթը գրպանս կդնեի և ես դուռնե դուռ պտտելով ստորագրություն կհավաքեի։

− Գիտեմ այդպես ըլլալը։

− Ես քեզ եղբոր պես կսիրեմ, կյանքս ուզես՝ կզոհեմ քեզի համար… գնա ծովը նետվե ըսե՛, նետվիմ, բայց դժբախտաբար անկախ չեմ։

− Ինչ որ է, վնաս չունի,− ըսավ ուսուցիչը,− հարկավ թաղին մեջ 40-50 հոգի պիտի գտնեմ, որոնք չպիտի մերժեն ստորագրել, արդեն այդչափը բավական է ինծի։

− 40-50 ստորագրության խո՞սքը կըլլա,− գոչեց Սիսակ,− 405-500 կրնաս հավաքել… Միրիճան աղային գացի՞ր․․․

− Չէ՛, եղբայր չէ՛, դեռ մարդու չգացի,− գոչեց Թորգոմ անհամբեր դեմքով մը։

− Մի բարկանար, բարեկամս, ես քեզ սիրելուս համար է, որ կհարցնեմ,– ըսավ Սիսակ սրտմտած,− կուզես գնա, կուզես մի երթար, ինծի համար չպիտի երթաս, այլ քեզի համար… ի՞նչ իրավունք ունիս բարկանալու, քեզի բարեկամաբար բան մը կհարցնեմ կոր։

− Չեմ բարկանար կոր, միայն թե առաջուց ըսի կարծեմ, որ մի այն Մարտիկ աղային ու Սիմոն աղային հանդիպեցա,− պատասխանեց Թորգոմ։

− Կներես, մոռցա, ես եմ հանցավորը։

− Այդ ի՞նչ պարապ խոսքեր են, ըսավ ուսուցիչը ոտքի ելլելով,− կարծես դիտմամբ հետս խնդիր հանել կուզես կոր…

Եվ առանց խոսքը երկարելու առավ, քալեց։

Այս անգամ ուղղակի տուն գնաց։ Իր կրած հաջորդական ձախողանքները ալ զինքը վհատեցուցած էին և պետք ուներ հանգստի և ինքնամփոփումի։

Տունը հաճելի անակնկալ մը իրեն կսպասեր։ Բարեկամ մը իրեն կիմացներ թե՝ մոտակա թաղի մը Ազգ. վարժարանին համար տնօրենի մը պետք կա, թե իր մասին խոսք անցած էր, և թե հոգաբարձուները համամտություն հայտնած էին և ուզած էին անգամ մը իրեն հետ բանակցիլ պայմաններու մասին։ Բարեկամը խորհուրդ կուտար ուսուցչին այս առիթը ձեռքե չփախցնել և անմիջապես երթալ ներկայանալ Հոգաբարձության, մանավանդ որ արձակուրդը 2 շաբաթեն պիտի ավարտեր, և վարժարանները պիտի վերաբացվեին։

− Վաղը առտու կերթամ կներկայանամ և կպայմանավորվինք,− մտածեց ուսուցիչը,− լավագույնը այս է… ո՞վ պիտի զբաղի այս անպիտան մարդոց հետ… ամենքը խոսքով բարեկամ են, բայց երբ գործի կուգա, մեյ մեկ պատճառ կգտնեն փախուստ տալու համար, խերն անիծեմ հանրագրությա՛նն ալ, Մարգար էֆ.-ին ալ…

Եվ օրվան տվայտանքեն ետքը, պարոն Թորգոմ ուրախ սրտով քնացավ։

Հետևյալ առտու զվարթ տրամադրությամբ ելավ անկողնեն, վարժարանի տեսուչ ըլլալ կերազեր։

Ղալաթիո հրապարակեն անցած ատեն հանկարծ ձայն մը լսեց, որ իրեն անունը կուտար։

− Մյուսյու Թորգոմ, մյուսյու Թորգոմ…

Ուսուցիչը ետին դարձավ, և քիչ մը անդին նշմարեց Պողոօ էֆենտին։ − Ո՞ւր կվազես այսպես,− հարցուց վաճառականը իրեն մոտենալով։

− Ստիպողական գործ ունիմ,- պատասխանեց ուսուցիչը,- թաղե մը զիս հրավիրած են… վարժարանի տեսչության պաշտոն մը կառաջարկեն կոր, բանակցելու պիտի երթամ։

− Խենթեցա՞ր,− գոչեց Պողոս էֆ. հանդիմանական շեշտով մը։

− Ինչո՞ւ համար…

− Ինչպե՞ս այդ տեսակ պաշտոն մը կրնաս ընդունիլ։

− Ինչո՞ւ չպիտի կրնամ ընդունիլ։

− Հապա Ք․ թաղին վարժարանը…

− Ճանըմ, ստվերին համար իրականությունը չփախցնենք… ինծի գործ մը պետք է, կուզե Ք․ թաղին մեջ ըլլա, կուզե ուրիշ թաղի մեջ…

− Հապա պատի՞վդ… հապա արժանապատվությունդ… դուն ասա՞նկ խոստացար ինծի… ի՞նչ ըրիր հանրագրությունը։

− Դեռ անով չզբաղեցա,− պատասխանեց ուսուցիչը, որ չէր ուզեր իր ձախողանքը խոստովանիլ։

− Եղբայր, ասանկ բան կըլլա՞, գոնե քանի մը հոգիի ստորագրել տայիր…

− Նախ սա մյուս գործս կարգադրեմ,− պատասխանեց ուսուցիչը, հետո բան մը կընենք…

− Մյուս գործեդ վազ անցիր… քեզի ըսինք որ՝ հիմա գործի ետևեն պտտելու ատեն չէ։

− Պողոս էֆ, ապրիլ պետք է… վաղը մյուս օր եթե վարժարանները բացվին ու ես բացը մնամ, ի՞նչ պիտի ընեմ։ Հիմակվնե պետք է, որ գլխուս ճարը նայիմ։

− Քեզի ըսինք, որ ապրուստի մասին մտածելու պետք չունիս, ես կեցեր եմ, եթե բանի մը պետք ունենաս, կրնաս ինծի դիմել։

− Բայց ես չեմ վարժված ողորմությունով ապրելու…

− Ատի ի՞նչ խոսք է, ողորմությո՞ւնը ինչ պիտի ըլլա… ուզած ատենդ գործդ պատրաստ է իմ քովս… քեզի գրասենյակս պիտի առնեմ։ Վարժապետութենեն ի՞նչ ես հասկցեր, ես քեզի աղվոր գործ մը տամ, որ գոնե օր մը մարդ ըլլաս։

− Եթե այդպիսի բան մը ընեք, հավիտյան երախտապարտ պիտի մնամ ձեզի։ − Մեր Տիրանը, այսինքն առջի գրագիրս մեկնեցավ քովես, անոր պաշտոնը պարապ մնացած է, եթե երբեք անգործ մնաս, քեզ անոր տեղը կդնեմ՝ լմնցավ գնաց։

Վաճառականին այս խոսքերը շլացուցին պր. Թորգոմը։

− Բայց ինչո՞ւ այսօրվընե այդ պաշտոնին մեջ շհաստատվիմ,− հարցուց,− քանի որ այդքան բարյացակամություն ունիք իմ մասին։

− Նախ սա հանրագրության գործը լմնցուր, հետո դյուրին է։

− Ուրեմն հիմա խորհուրդ կուտաք, որ պաշտոնի համար ուրիշ տեղ դիմում չընե՞մ։

− Ոչ թե խորհուրդ կուտամ,− պատասխանեց Պողոս էֆենտի,− այլ նույնիսկ կստիպեմ, որ հիմա ետ դառնաս և սա հանրագրության գործով զբաղիս։

− Միայն թե չեմ գիտեր, որ պիտի կրնա՞մ հաջողել,− ըսավ պր. Թորգոմ վարանումով մը։

− Ինչո՞ւ կկասկածիս այդ մասին։

− Ի՞նչ գիտնամ, մեր թաղեցիները տարօրինակ մարդիկ են։

− Բայց դուն ըսիր, որ քեզի համար քանի մը հարյուր ստորագրություն հավաքելը բան մը չէ։

− Բան մը չէ, բայց աշխատելու է։

− Աշխատե էֆենտիմ, ուրիշին համար չպիտի աշխատիս, զարմանալի բան, արժանապատվությունդ փրկելու համար պիտի աշխատիս։

− Այնպես է,− խոստովանեցավ ուսուցիչը։

Պողոս էֆենտի քիչ մըն ալ հորդորեց ուսուցիչը և երբ տեսավ, որ բոլորովին իր խոսքերուն համոզված էր, բաժնվեցավ անկե, պատվիրելով, որ քանի մը օրեն գար զինքը տեսներ։

− Եթե կուզեք, հիմակվընե պաշտոնիս սկսիմ,− ըսավ պր. Թորգոմ,− թե գործիս կնայիմ և թե հանրագրությունն ալ ստորագրել կուտամ։

− Չըլլա՛ր, էֆենտիմ, չըլլար,− պատասխանեց վաճառականը,− երկու գործ մեկեն չես կրնար ընել… պաշտոնդ չի փախիր կոր, հոն կեցեր է…

− Շնորհակալ եմ։

Ուսուցիչը վերադարձավ իր գյուղը։

− Ավելի լավ է առևտրական ասպարեզին մեջ հաստատ գործ մը ունենալ, կմտածեր, քան թե ուսուցչական ասպարեզին մեջ չարչարվիլ։ Արդեն, թերևս, չպիտի համաձայնինք Հոգաբարձության հետ, աղեկ եղավ, որ Պողոս էֆ. դեմս ելավ և զիս ետ դարձուց։ Իրեն պես վաճառականի մը քով առաջին գրագիր ըլլալը պատիվ մըն է ինծի համար, ասկե զատ առնվազն 10-12 ոսկի ամսական պիտի տա անշուշտ, մինչև հիմա հազիվ ատոր կեսը կշահիմ կոր։ Ավանակություն պիտի ըլլար իր առաջարկը մերժել․ ասանկ առիթ մարդուս կյանքին մեջ մեկ-երկու անգամ կպատահի։

Միայն թե ուսուցիչը կզգար, որ խոստացած պաշտոնը ձեռք ձգելու համար հարկ էր հանրագրության գործը հաջողցնել և այս բանը քիչ մը մտատանջություն կպատճառեր իրեն։

Նախորդ իրիկվա դիմումներուն անհաջողությունն իր վստահությունը խախտած էր։

− Գոնե 80-100 ստորագրություն կրնամ հավաքել,− կմտածեր։

Իր թաղը հասնելուն պես գնաց տուն, հանրագրությունը գրպանը դրավ և սկսավ իր այցելությունները։

Չենք ուզեր մի առ մի և մանրամասնորեն պատմել իր կատարած բոլոր դիմումները, որոնք գրեթե կետ առ կետ կնմանեին մյուսներուն։

Ամեն տեղ ուսուցիչը համակիր ընդունելություն գտավ, ամենքն ալ իրենց ցավը հայտնեցին գործված անիրավության համար, ամենքը խորհուրդ տվին բողոքելու համար, բարեկամներու կամ պաշտպաններու դիմելու, բայց ոչ ոք գրիչը ձեռք առավ հանրագրությունը ստորագրելու համար։

Ամեն մեկը պատճառաբանություն մը կգտներ ստորագրելե խուսափելու համար։

− Ես երդում ըրած եմ, որ ասանկ գործերու չխառնվիմ,− կըսեր մին։

− Իմ ստորագրությունս փոխանակ քեզի օգտակար ըլլալու վնասակար կըլլա,− կփաստաբաներ երկրորդ մը,− որովհետև Վարչության բոլոր անդամներն ալ ինծի թշնամի են։

− Կինս զավակներուս վրա երդում ընել տված է, որ թաղային գործերու չխառնվիմ,- կհայտարարեր երրորդ մը։

Շատերը կըսեին. − Ուրիշները թող նախ ստորագրեն, հետո մենք կստորագրենք։

Մեկ քանիներ կհայտարարեին.

− Եղբայր, իմ գործիս չի գար Մարգար էֆենտիին հետ գեշ մարդ ըլլալ, ես հրապարակի մարդ եմ, հետո հացիս կդպչի․․․ զավակներու տեր մարդը ամեն բան մտածելու է։

Ուրիշները հանդիմանական շեշտով մը կգոչեին.

− Եղբայր, հազիվ թաղը քիչ մը հանդարտեցավ՝ նորե՞ն խնդիր հանել կուզեք կոր։

− Բայց դուք ալ կխոստովանիք, որ եղածը անիրավություն է…

− Իրավացի կամ անիրավ, եղածը եղած է, խնդիր հանելու չէ… փոխանակ այս հանրագրության աշխատելու՝ նայե, որ ուրիշ վարժարանի մը մեջ պաշտոն մը ձեռք բերես։

Ուրիշները բացեիբաց կըսեին.

− Ես համամիտ եմ Թաղ. Խորհուրդին։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև վարժարանը բարեկարգության պետք ունի և Սուսերյանցը քենե ավելի կարող է։

Հանրագրության լուրը բնականաբար թաղին մեջ շուտով տարածվեցավ և Մարգար էֆ-ին ականջն ալ հասավ։ Ասոր անմիջական արդյունքը եղավ պայմանագրություն կնքել ընկեր Սուսերյանցի հետ և այս իրողությունը ավելի դժվարացուց պր. Թորգոմի գործը։

– Եթե քանի մը օր առաջ բերեիր, կստորագրեի,− կառարկեին հիմա,− բայց պայմանագրությունը կնքեր, լմնցուցեր են, ալ ի՞նչ օգուտ ունի մեր ընելիք բողոքը, պարապ տեղը խնդիր հարուցած պիտի ըլլանք․․․ ասանկ բանը ժամանակին կընեն, եղբայր, այսչափ օր է խելքդ ո՞ւր էր, կքնանայի՞ր կոր…

− Պայմանագրությունը ի՞նչ նշանակություն ունի,– կպատասխաներ Թորգոմ,− Թաղ. Խորհուրդը իյնալուն պես իր կնքած պայմանն ալ ջուրը կիյնա։

− Կկարծե՞ս որ այս հանրագրության վրա Թաղ. Խորհուրդը պաշտոնանկ պիտի ընեն։

− Ինչո՛ւ չէ, Վարչությունը մեր կողմն է։

− Պարապ խոսք մի ըներ… երա՞զ կտեսնես կոր։

Շաբաթ մը աշխատելե ետքը՝ ուսուցիչը վերջապես հաջողած էր իր հանրագրության ներքև ստորագրություն մը դնել տալ։ Ձկնավաճաո Հաճի Համբիկի ստորագրությունն էր այդ։

Պունուն ալթընտա տա իմզամ պուլունսուն,− ըսած էր ձկնավաճառը։

Ասիկա մեծ հաղթանակ մը և մխիթարանք մը եղավ ուսուցչին համար։

− Վերջապես,− գոչեց,− բախտը ժպտիլ սկսավ։

Նույն իրիկունն իսկ, երբ ուսուցիչը տունը կգտնվեր՝ հյուր մը ընդունեց։ Թաղեցի մըն էր, որ ամենուն ծանոթ էր Մեռոնսըզ Ճանիկ անունով։ 40-45 տարեկան մարդ մըն էր, առանց որոշ զբաղումի մը, ճարպիկ ու խելացի մարդ մը, որ իր խելքն ու ճարպիկությունը կգործածեր շիլ ու աղտոտ գործերու մեջ և ընդհանրապես խաղամոլությամբ կանցներ ժամանակը։ Իր մասնագիտությունն էր պարապ քսակով միամիտներ գտնել և բախտախաղի մեջ զանոնք սոթտել։ Թաղային գործերու ալ կմիջամտեր, երբ հոտ առներ թե նյութական շահ մը պիտի ելլեր իրեն։ Փորձառությամբ բավական օրինական ծանոթություններ ամբարած էր և իհարկին կրնար ոստիկանության և դատարանի ճիրաններեն իր օձիքը ազատել։ Թաղին մեջ ամենուն հետ բարեկամ էր և հաճախ պատվավոր անձեր՝ սրճարաններու մեջ զինքը սեղանակից կընեին իրենց, օղի հրամցնելով։ Այսպես ուրեմն Մեռոնսըզ Ճանիկ շատ ժողովրդական տիպար մըն էր, թեև ոչ հանձնարարելի։

Ուսուցիչը առաջին անգամ զայն իր տան մեջը կտեսներ և այս անակնկալ այցելությունը քիչ մը զարմացուց զինքը։

− Բարի եկաք, Ճանիկ աղա,− ըսավ սիկարեթ մը հրամցնելով։

− Բարի տեսանք, ի՞նչ ջուրի մեջ ես, վարժապետ։

− Փառք աստծո, ողջ առողջ եմ։

− Գիտե՞ս այս իրիկուն ինչու քեզի եկա։

− Շիտակը չեմ կրնար կոր գուշակել,− պատասխանեց պր. Թորգոմ վարանումով մը։

− Քու օգուտիդ համար եկա։

− Շնորհակալ եմ։

− Ես քեզի կսիրեմ,− ըսավ Մեռոնսըզ Ճանիկ։

− Գիտեմ, որ այնպես է,– պատասխանեց ուսուցիչը, այս համակրական հայտարարութենեն թեթև հաճույք մը զգալով։ − Մարդուն բուն բարեկամը ձախողության մեջ հայտնի կըլլա։

− Շատ ճիշտ է։

− Հաջողության ատեն ամեն մարդ բարեկամ է քեզի։

− Շաա ճշմարիտ կխոսիս կոր, Ճանիկ աղա։

− Ես կարդացած մարդ չեմ՝ բայց փորձառություն ունիմ։ Հիմա քեզի անկեղծորեն խոսի՞մ․․․

− Խոսեցե՛ք։

− Բայց չպիտի բարկանաս… խոսք տուր, որ չպիտի բարկանաս։

− Ի՞նչ կա բարկանալու, խոսեցե՛ք տեսնենք։

− Կարելի է պիտի ըսես, որ այս մարդը ինչո՞ւ իմ գործիս կխառնվի կոր, բայց առաջվընե ըսի, ես քեզ կսիրեմ, և մարդս երբ սիրած մարդը նեղության մեջ տեսնա, ձեռքը չէ, կուզե որ բան մը ընե… ես հարուստ չեմ, դրամ չունիմ, որ դրամով օգնեմ, բայց ես ալ ուրիշ կերպով կրնամ օգնել և քանի որ ձեռքես կուգա, ինչո՞ւ չընեմ…

− Այնպես է,− պատասխանեց պր․ Թորգոմ, առանց ըմբռնելու այս խոսքերուն թաքուն իմաստը։

− Հիմա գանք բուն խնդրին,− ըսավ Մեռոնսըզ Ճանիկ,– վարժապետ, դուն այդ գործը չպիտի կրնաս հաջողցել։

− Ո՞ր գործը,− հարցուց ուսուցիչը։

− Սա թուղթ մը կպտտցնես կոր նե, հանրագրությո՞ւն է, ի՞նչ է։

− Այո՛, այսինքն, թաղեցիներուն կողմե բողոքագիր մը Վարչության ուղղված…

− Գիտեմ, ճանըմ, գիտեմ ինչ ըլլալը… մինչև հիմա քանի՞ ստորագրություն ժողվեցիր։

− Դեռ նոր սկսանք…

− Տաս օր է կպտտիս կոր, վարժապե՛տ, ինե բան մի ծածկեր, ես ամեն բան գիտեմ, քանի՞ իմզա ժողվեցիր։

− Բավական եղավ,– կմկմաց Թորգոմ։

− Բան մըն ալ չեղավ,– գոչեց Մեռոնսըզ Ճանիկ,– միայն Համբիկը ստորագրած է։

− Ճիշտ է,− խոստովանեցավ ուսուցիչը։

− Տեսա՞ր, որ ամեն բանե տեղեկություն ունիմ։

− Աշխատես ալ նե, անօգուտ,– վճռեց մյուսը,− ասիկա քո գործդ չէ… դուն դպրոցին մեջ աղվոր դաս կուտաս։ Ասկե զատ, մարդ իրեն ի նպաստ ստորագրություն չկրնար հավաքել, և հավաքելու ալ չէ, որը վեր կքաշե, որը՝ վար…

− Ձեր դիտողությունը իրավացի է։

− Արդեն սկսած են ետևեդ խոսքեր ըսել։

− Ի՞նչ խոսք,− գոչեց ուսուցիչը վրդովված։

Ճանըմ, ամենուն բերանը կրնա՞ս գոցել, կըսեն…

− Բալց ինծի դեմ ի՞նչ կրնան ըսել… ամենքն ալ ինծի իրավունք կուտան կոր, և Թաղական Խորհուրդը կդատապարտեն կոր։

− Այդ խոսքերուն շատ ականջ մի կախեր, անոնք երեսանց անանկ կըսեն, ետևեդ ալ տարբեր լեզու կգործածեն… հիմա գիտցած եղիր, որ թշնամիներ ունիս թաղին մեջ, ամեն մարդ բարեկամ մի կարծեր։

− Գիտեմ, որ քանի մը հակառակորդներ ունիմ։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ, հիմա քեզի բան մը պիտի ըսեմ, ուշադրություն ըրե։

− Խոսեցե՛ք։

− Կուզե՞ս, որ այդ հանրագրության տակ գոնե 80-100 ստորագրություն ըլլա։

− Ճիշտ այդչափը բավական է։

− Լավ, ատիկա ես միայն կրնամ ընել…

− Դո՞ւն,− գոչեց Թորգոմ,− այդ ծառայությունը կուզես մատուցանել ինծի։

− Ինչո՞ւ չէ, ըսի քեզի, որ քեզ կսիրեմ… ասկե զատ ընելիքս ծառայություն չէ, այլ գործ մը։

− Ի՞նչ գործ,− հարցուց ուսուցիչը զարմացած։

− Քեզի 100 ստորագրություն պետք է, այնպես չէ՞։

− Այո՛, քիչ մը պակաս, քիչ մը ավել նշանակություն չունի։

− Ես քեզի պիտի բերեմ այդ ստորագրությունները։

− Շնորհակալ եմ։

− Շնորհակալության բան մը չկա, գործ մըն է, կընենք կոր… միայն թե, բաց խոսիմ, ի՞նչ պիտի տաս ինծի այդ 100 ստորագրություններու փոխարեն։

− Այսինքն իբրև փոխարինություն դրա՞մ կպահանջեք,– կմկմաց ուսուցիչը։

– Բնականաբար,– պատասխանեց Մեռոնսըզ Ճանիկ,– ես բանս, գործս պիտի ձգեմ օրերով այս հանրագրության ետևեն պիտի իյնամ… ասիկա կես ժամեն ընելիք բան մը չէ․․․ սրճարանե-սրճարան, տունե-տուն պտտելու, մարդ տեսնելու, բերան հոգնեցնելու, համոզելու, մեկուն անուշ, մեկուն կծու խոսքեր ըսելու է․․․ վերջապես ծանր գործ մըն է…

− Իրավունք ունիս, բայց դժբախտարար ես դրամ չունիմ։

− Այդ տարբեր բան, այն ատեն խոսքը գոցենք, իբր թե իրարու բան մը չըսինք, և Ճանիկ ոտքի ելլելու շարժում մը ըրավ։ Ասիկա ուսուցչին գործին չեկավ։ Հազիվ իրեն պետք եղած մարդը գտած էր, և ահա, անիկա խույս տալու կպատրաստվեր։

− Նստե՛, եղբայր,− ըսավ,− քիչ մըն ալ խոսինք։

− Ավելորդ խոսքերեն օգուտ մը չկա,− պատասխանեց մյուսը,− ժամավաճաոություն է…

− Թերևս համաձայնության մը կրնանք գալ։

− Առանց դրամի համաձայնություն կարելի չէ, այս գործը խաթեր համար ըլլալիք բան չէ… խաթեր համար եթե կուզես իմ ստորագրությունս դնեմ հանրագրության ներքև։

− Ըսե տեսնենք, ի՞նչ կպահանջես կոր…

− Ատիկա գործին տևողութենեն կախում ունի։

− Ինչպե՞ս,− հարցուց ուսուցիչը։

− Բացեիբաց խոսի՞մ, օրական երեք մեճիտիե կառնեմ, եթե 6 օրեն լմննա 360 ղուրուշ կուտաս, եթե տասը օրեն լմննա 600 ղուրուշ։

− Շատ չէ՞, Ճանիկ աղա։

− Իմ օրականս այս է, ատկե պակաս գնով չեմ կրնար աշխատիլ․․․ աս ալ քեզի համար։ Եթե ուրիշ մեկը ըլլար, կրկինը կպահանջեի։

− Բայց ես այդչափ դրամ չունիմ քովս։

− Այն ատեն պարապ տեղը կխոսինք կոր։

− Թերևս կարենամ տեղե մը ճարել։

− Այդ քու գիտնալիք բանդ է։

− Դրամը՝ ստորագրությունները հավաքելե ետքը պիտի վճարեմ անշուշտ։

− Իբրև կանխավճար 300 ղուրուշ պիտի տաս։

Ուսուցիչը պահ մը մտածեց։ Իրավ, իր քովը կար քանի մը հարյուր ղուրուշ, բայց եթե այդ գումարը Ճանիկի ձեռքը տար, ինք բոլորովին բացը պիտի մնար։ − Պողոս էֆենտիին պետք է դիմել,− մտածեց,− հարկավ կվճարե, մանավանդ որ ուզած գումարը բան մը չէ…

Հետո բարձր ձայնով ըսավ։

− Վաղը քեզի վերջնական պատասխան մը կուտամ։

− Թող վաղը ըլլա,− պատասխանեց Ճանիկ։− Օր մը աոաջ, օր մը ետքը կարևորություն չունի։

− Վաղը հույս ունիմ պետք եղած գումարը վճարել, այսինքն 300 ղուրուշը։

− 600,− շեշտեց մյուսը։

− Մնացածը հետո պիտի վճարենք,− դիտել տվավ Թորգոմ։

− Այո՛, բայց քովդ պատրաստ գտնվելու է… ասկե զատ, բացառիկ ծախքերու համար ալ օրական մեճիտիե մը պիտի տաս։

− Ի՞նչ բացառիկ ծախք,− գոչեց ուսուցիչը։

– Եղբայր, ստորագրություն հավաքելը դյուրի՞ն բան կկարծես կոր, ահա դուն քանի՞ օր է կաշխատիս կոր, հազիվ մեկ ստորագրություն մը կրցար դնել տալ, ան ալ ո՞վ է, պալըխճի Համբիկը, չըլլա նե՝ ավելի աղեկ։ Պետք է հոս ու հոն երթալ, սրճարանը պտտիլ, խոսիլ, համոզել, մեկուն սուրճ մը հրամցնել, մյուսին նարկիլե մը խմցնել, ուրիշներուն օղի բերել տալ, ձեռքիդ մեկը միշտ գրպանդ պիտի ըլլա, ես օրական մեճիտիե մը ըսի թեև, բայց այդ ալ քիչ է… ինչ որ է, վստահ եմ, որ ես գրպանես վրա պիտի տամ, բայց կարևորություն չունի, բավ է, որ սա գործդ հաջողցնենք, քեզ պաշտոնիդ մեջ հաստատենք, թաղականներուն բիթը ճզմենք։ Միայն թե կրկին կըսեմ, իբրև բացառիկ ծախք օրական մեճիտիե մը կառնեմ, գործիդ կուգա նե… ես բռնի գործ չեմ տեսնար։

− Այդ բացառիկ ծա՞խքն ալ կանխիկ պիտի վճարվի,− հարցուց ուսուցիչը։

− Կարճ խոսք մը ըսե՞մ,− պատասխանեց Մեռոնսըզ Ճանիկ,– կանխիկ 400 ղուրուշ կուտաս, գործի կսկսինք։

− Լավ, վաղը իրիկուն ես կուգամ քեզի կտեսնեմ։

− Բայց առանց դրամի մի գար, որովհետև օգուտ չունի։

− Դրամը պիտի բերեմ, միայն դուն ալ խոստացիր, որ գործը պիտի հաջողցնես։

− Ինծի Ճանիկ կըսեն, երբոր գործ մը վրաս առնեմ, կկատարեմ, ասկե զատ ձեռքես չեկած բանին մեջ չեմ մտնար։ − Գիտեմ, որ այս տեսակ գործերու համար շատ ճարպիկ ես,− պատասխանեց ուսուցիչը,− միայն թե…

Բայց խոսքը չուզեց շարունակել, վախնալով, որ կվիրավորե դիմացինը։

− Միայն թե ի՞նչ,− հարցուց մյուսը։

− Ոչինչ…

− Չէ, լեզվիդ տակ բան մը կա, ըսե՝ տեսնենք… ես կուզեմ, որ անկեղծորեն խոսինք իրարու հետ։

− Ըսել կուզեի, որ թերևս հակառակորդ կողմեն խնդիրը կիմացվի, և քեզի առաջարկություններ կըլլան…

− Այսինքն զիս կկաշառե՞ն, ըսել կուզես,− զոլեց Ճանիկ բարկացած ձայնով մը։

− Ոչ թե կաշառել, բայց թերևս քեզ կհամոզեն, որ վազ անցնիս այդ գործեն…

− Եվ ի փոխարեն դրամ կուտան, այնպես չէ՞։

− Ոչ թե դրամ կուտան, այլ ոևէ կերպով կջանան քեզ գոհացնել…

− Ինծի նայե, մյուսյու Թորգոմ, կերևա, որ դուն տակավին իմին ինչ մարդ ըլլալս չես գիտեր կոր, ես թեև հարուստ չեմ, քայց սիրտ ունիմ, պատիվ ունիմ, անանկ փարայի համար արժանապատվությունս չեմ զոհեր։

− Կներես, ես այդ ըսել չուզեցի։

− Ես շատ աղեկ կհասկնամ, ինչ որ ըսել ուզեցիր, բայց երբոր գործի սկսինք այն ատեն պիտի տեսնաս ու հասկնաս իմին ինչ մարդ ըլլալս։

Ուսուցիչը զղջացած էր անխոհեմ խոսք մը բերնեն փախցուցած ըլլալուն, և ջանաց իր գործած սխալանքը դարմանելու, և Ճանիկի սիրտը առնելե ետքը զայն ճամփու դրավ։

− Այս մարդը եթե ուզե, շատ աղեկ կրնա հաջողցնել,− կըմտածեր,− ամեն տեղ կերթա, ամեն մարդ կճանչնա, և լեզուն ալ բերնին մեջ կդառնա…

Հետևյալ առտու ուղղվեցավ Պողոս էֆենտիի գրասենյակը խնդիրը բացատրելու և հարկ եղած դրամը առնելու համար։

− Այս հանրագրությունը մոտավորապես 10 ոսկիի պիտի նստի,− կմտածեր,− բայց առայժմ հինգ ոսկի կուզեմ Պողոս էֆ-են հետո, երբ ստորագրությունները հավաքվին, վստահ եմ, որ մնացած հինգ ոսկին ալ գոհունակությամբ կվճարե:

Վաճառականը նույն առտուն լավ տրամադրության մեջ էր և շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ պր. Թորգոմին։

− Վստահ եմ որ,− գոչեց,− հանրագրությունը բերիր, ամբողջ թաղեցիներուն ստորագրությամբ ծածկված:

− Ոչ, տակավին,− կրկնեց ուսուցիչը։

− Հիսո՞ւն…

− Կաշխատինք կոր, Պողոս էֆենտի, միայն թե ժամանակի կարոտ է։

− Հանրագրությունը քո՞վդ է, տուր տեսնեմ, քանի՞ ստորագրություն հավաքած ես մինչև այսօր։

− Հանրագրությունը քովս չէ… ուրիշի քովն է,− պատասխանեց ուսուցիչը,– թաղեցիի մը տվի, որպեսզի ստորագրություն հավաքե:

− Բայց մինչև հիմա քանիի՞ հասավ ստորագրություններու թիվը:

− Շիտակը չեմ համրած, բայց բավական կա… կարծեմ երեսունը անցած է,− կմկմաց պր. Թորգոմ, ներքնապես ամոթ զգալով իր խոսած սուտեն:

− Երեսո՞ւն,− ըսավ Պողոս էֆենտի− ինչ որ է, բավական բան է…

− Բայց հիմա վստահ եմ, որ շատ ավելի պիտի կրնանք հավաքել, քանի մը հոգի հանձն առին աշխատելու։

− Կեցցե՜ս, ահա այսպես գործը կհաջողի, արդեն առջի օրեն ուրիշներու ձեռքով ընելու էիր։

− Այնպես է, միայն թե ուրիշներու ձեռքով ընել տալն ալ իր անպատեհությունն ունի։

− Ի՞նչ անպատեհություն…

− Վերջապես, ուրիշները երբոր աշխատին, փոխարինություն մը կսպասեն… Օրինակի համար, հիմա մեկը գտած եմ, որ բոլոր թաղը պիտի շրջի, խոսի՛, համոզե՛, ամբողջ ժամանակը ատոր պիտի զոհե՛, սակայն ատոր փոխարեն ալ բան մը կպահանջե կոր:

− Ի՞նչ բան, տեսնենք իր պահանջումը:

– Մեծ բան մը չէ, Պողոս էֆ. միայն թե ես դժբախտաբար ի վիճակի չեմ վճարելու… եթե դրամ ունենայի, ձեզի բնավ խոսքն անգամ չէի ըներ:

− Գիտեմ այդպես ըլլալը, ի՞նչ պիտի տրվի ան ըսե՛…

− Առ այժմ հինգ ոսկի,– կմկմաց ուսուցիչը։

− Առ այժմ,− գոչեց Պողոս էֆ,− ի՞նչ կնշանակե ատիկա…

− Այսինքն գործը լմնցնելե ետքն ալ պզտիկ վճարում պիտի ընենք…

− Բայց այդ գումարը շատ չէ՞…

− Ես ալ նույն դիտողությունն ըրի, բայց հետո համոզվեցա, որ շատ չէ, որովհետև բացառիկ ծախքեր ալ կան ըլլալիք։

− Ի՞նչ բացառիկ ծախք։

Ուսուցիչը բացատրեց, ինչ որ ըսած էր Ճանիկ։

− Անանկ է յա,− հավանություն տվավ Պողոս էֆ,− միայն թե նորեն շատ դրամ է 10 ոսկին, գործի մը համար, որուն հաջողությանը ապահով չենք։

− Այդ մասին բնավ կասկած մի ունենաք, հանրագրությանը պիտի ստորագրվի,− հավաստեց պր. Թորգոմ։

− Դուն կերաշխավորե՞ս։

− Անշուշտ, ասկե զատ ձեր տալիք դրամը պարզ փոխառություն մը պիտի ըլլա։

− Ինչպե՞ս…

− Այդ գումարը ես ձեզի պիտի վերադարձնեմ մաս առ մաս, երբոր պաշտոնս սկսիմ ձեր քով։ Օրինակի համար ամսականիս քառորդը ատոր կհատկացնենք։

− Ատիկա դյուրին է, միայն թե գործը հաջողեր։

Եվ վաճառականը քովը դրված դրամարկղը բացավ և հինգ ոսկինոց պանքնոտ մը տվավ ուսուցչին։

− Նայե, որ գործը հաստատ հիման վրա դնես,− խրատեց,– ես քու տեղդ ըլլամ ամբողջ դրամը այդ մարդուն չեմ հանձներ… առ այժմ ոսկի մը կուտամ, թող 10-12 ստորագրություն հավաքե, անկե ետքը դարձյալ ոսկի մը կառնե։

− Կջանամ ձեր ըսածին պես ընել,– պատասխանեց ուսուցիչը։

− Քանի՞ օրեն կխոստանաս կոր գործը լմնցնելու։

− Առ առավելն 10 օրեն։

− Եթե երկու շաբաթը անցնի՝ ալ բանի մը օգուտ չըներ։

− Ես գլխուն վրա պիտի հսկեմ։ − Երթաս բարով ուրեմն։

Ուսուցիչը մևկնեցավ գոհ ու զվարթ։ Չէր կարծեր, թե այդքան դյուրավ վաճառականը դրամներ պիտի համրեր։

− Հիմա պիտի կրնամ բաց ճակատով երթալ Ճանիկի հետ բանակցիլ,− կմտածեր։

Պանքնոտը մեճիտիեի վերածեց և շիտակ իր թաղը վերադարձավ, կեսօրեն առաջ։

Ճանիկի հետ ժամադրությունը իրիկունն էր, հետևաբար տակավին շատ ժամանակ ուներ։

Դուրս ելավ բարեկամի մը հանդիպելու հույսով։

Եվ ահա ընկեր Սուսերյանցր իր դեմը ելավ։ Իրենց բաժանումեն ի վեր առաջին անգամն էր, որ կտեսներ զայն։ Մինչև այն ատեն երկուքն ալ խուսափած էին իրարու հանդիպել։

− Բարև, պարոն Թորգոմ,− ըսավ Սուսերյանց առաջին անգամ ինք մոտենալով ուսուցչին։

− Աստծու բարին,− պատասխանեց մյուսը չոր շեշտով մը, զոր ջանաց կարելի եղածին չափ թշնամական լինել։

− Ո՞ւր ես, չես երևար,− ըսավ Սուսերյանց։

− Միշտ հոս եմ, միայն թե այս միջոցին չափազանց զբաղված եմ։

− Ի՞նչ կընես․․․

− Ոչինչ… մեկ քանի պաշտոններ առաջարկած են ինծի, անոնց մասին ընտրություն մը պիտի ընեմ, տակավին չկցրա որոշում մը տալ։

− Ուրեմն լավ պատահեցանք իրարու,− ըսավ Սուսերյանց,− ես ալ ճիշտ պաշոն մը կուզեի առաջարկել ձեզի։

− Ինծի՞ պաշտոն,− գոչեց Թորգոմ։

− Այո, ինչո՞ւ այդքան կզարմանաս։

− Չեմ կրնար հասկնալ, թե ինչ տեսակ պաշտոն կառաշարկես։

− Վարժարանի մեջ պաշտոն…

− Ինծի պետք չէ պաշտոնը,− պատասխանեց վսեմ շեշտով մը։

− Պարոն Թորգոմ, իրավունք չունիք այսպիսի առաջարկութան մը այդ տեսակ պատասխան տալու,− ըսավ Սուսերյանց։

− Ես հիմա ուսուցչական ասպարեզը թողած եմ։

− Ինչո՞վ կզբաղիս կոր ուրեմն։ − Առևտրական ասպարեզը ընդգրկեցի։

− Կշնորհավորեմ, բայց միանգամայն կդատապարտեմ։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև գաղափարական ասպարեզ մը չէ։

− Այդ տեսակ խոսքերեն շատ խաբվեցանք,− պատասխանեք Թորգոմ, դառնացած շեշտով մը։

− Բայց եթե իրավցնե հրաժարած ես ուսուցչական ասպարեզեն, ուրեմն ինչո՞ւ կաշխատիս հին պաշտոնդ ձեռք ձգելու…

− Ե՞ս,− գոչեց Թորգոմ զարմացած դեմքով մը:

– Այո, դուն,− ըսավ Սուսերյանց։

− Կսխալիս, չարաչար կսխալիս…

− Հապա հանրագրությո՞ւնը…

− Այդ տարբեր բան, ես ատոր մեջ բաժին չունիմ, թաղեցի համակիրներ ատանկ բան մը կընեն կոր, բնական է, որ չեմ կրնար արգիլել։

Սուսերյանց թերահավատ դեմքով մը ժպտեցավ։ Հետո ըսավ.

− Պարապ խոսքերը թողանք և լրջորեն խոսինք… երկու շաբաթե վարժարանը պիտի բացվի բոլորովին բարեփոխված ծրագրով մը։ Դասարանները պիտի ավելնան և միևնույն ատեն ուսուցիչներու թիվն ալ պիտի ավելնա… ինչպես նաև վարժարանին պյուտճեն, որ գրեթե կրկնապատկված է։

− Շատ լավ, շատ ուրախ եմ։

− Ներկա Թաղ. Խորհուրդը մեծ եռանդ ցույց կուտա դպրոցին համար և հանձն առած է ամեն զոհողություն ընելու։

− Կրնա ըլլալ, բայց բոլոր ատոնք զիս չեն հետաքրքրեր։

− Ընդհակառակը, պետք է որ հետաքրքրվիս… մնայուն կառավարիչի մը պետք ունինք, որ միանգամայն վարի դասարաններուն մեկ քանի դասեր ալ տա… շաբաթը 12 ժամ միայն։

− Թեկնածուներ շատ ըլլալու են այդ պաշտոնին համար։

− Այս կառավարիչը պիտի ստանա ամսական յոթը ոսկի,– շարունակեց Սուսերյանց։

− Չափավոր վարձատրություն մըն է։

− Այսինքն իբրև տեսուչ քու ստացած ամսականիդ չափ։

− Այո, այնպես է,− հաստատեց Թորգոմ։

− Եվ նվազ աշխատության փոխարեն։ Ահա այս պաշտոնը կուզենք քեզի հանձնել։

− Տեսուչեն իջնել կառավարիչի, շնորհակալ եմ։ − Ամսականը նույնն է։

− Խնդիրը դրամին վրա չէ, այլ արժանապատվության։

− Արժանապատվությունը դեր չունի գործիս մեջ։

− Թերևս քեզի համար չունի, բայց ինծի համար ունի․․․ ամեն նկարագիր մեկ չէ։

− Եթե «կառավարիչ» բառն է, որ քեզ կխրտչեցնե՝ կրնանք փոխել, օրինակի համար կըսենք տեր-տնօրեն։

− Ինչ որ ալ ըլլա, ինծի համար չէ։

− Կմերժե՞ս ուրեմն առաջարկությունս։

− Բացարձակապես։

− Ահա տարօրինակ համառություն մը։

− Կարծեմ ըսի ձեզի, որ առևտրական ասպարեզին մեջ գործ գտած եմ, գործ մը, որ շատ ավելի վարձատրված է, քան վարժարանի տնօրինության պաշտոնը։

− Ըսիր, այո, բայց ես շատ կարևորություն չտվի, որովհետև ճշմարիտ չթվեցավ։

− Սուտ խոսելու սովորություն չունիմ։

− Դուն ոչ, բայց ուրիշները կրնան սուտ խոսած ըլլալ։

− Չեմ հասկնար, թե ի՞նչ ըսել կուզես։

− Ըսել կուզեմ, որ քեզ խոստացած կըլլան պաշտոն մը, զոր տալու դիտավորություն չունին։

− Պաշտոնիս գրեթե սկսած եմ։

− Այն ատեն տարբեր բան․․․ միայն թե սա հանրագրությունը կա, որ կերպով մը կհերքե ըսածդ։

− Հանրագրությունը համակիրներուս գործն է… բայց ինչո՞ւ այսչափ կարևորություն կուտաս այդ հանրագրության,− հարցուց Թորգոմ հեգնորեն,− մանավանդ որ քեզի դեմ չէ, այլ Առժամյա Թաղ. Խորհուրդի դեմ։

− Կարևորություն չեմ տար, միայն թե վնասակար կնկատիմ։

− Ձե՞ր շահերուն…

− Իբրև մարդ՝ նյութական շահը բնավ նշանակություն չունի ինծի համար. ասիկա դուն ալ գիտես… վնասակար կնկատեմ այդ հանրագրությունը հասարակական տեսակետով։ Թաղը հանդարտության պետք ունի, զարգանալու համար…

− Քու համոզումդ կրնա այդպես ըլլալ։

− Ոչ թե միայն իմ համոզումս է այդ, այլ բոլոր մեր ընկերներու և բոլոր ողջամիտ թաղեցիներու համոզումը։ − Թերևս,− ըսավ ուսուցիչը ժպտելով։

− Եվ որովհետև վնասակար կնկատենք այդ բանը, մեզի պարտականություն համարած ենք պայքարիլ անոր դեմ։

− Պայքարի՞լ,− գոչեց Թորգոմ,− ինչպե՞ս կրնաք արգիլել թաղեցիները ստորագրելու հանրագրություն մը, որուն համամիտ են։

− Երբեք արգիլելու դիտավորություն չունինք, միայն թե կրնանք մենք ալ մեր օրինավոր զենքերովը կռվիլ ձեզի դեմ… օրինակի համար դուն հանրագրություն մը ստորագրել կուտաս Թաղ. Խորհուրդին դեմ…

− Ոչ թե ես, այլ համակիր թաղեցիները,− ճշտել տվավ Թորգոմ։

− Թող այդպես ըլլա… արդ, մենք ալ կրնանք ուրիշ հանրագրություն ստորագրել տալ ի նպաստ Թաղական Խորհուրդին… ահա իմ ըսած պայքարս… դուն թերևս հաջողիս 40-50 ստորագրություն հավաքելու, մենք ալ պիտի ջանանք 4-500 ստորագրություն հավաքելու… հետևանքը քեզի կթողում գուշակել։

Պր. Թորգոմ ցնցվեցավ։ Այս պատահականությունը մտքեն անցած չէր։ Մտածկոտ դեմք մը առավ, ինչ որ չվրիպեցավ Սուսերյանցի աչքեն։ Հարվածը իր նպատակին հասած էր, բայց պետք էր նոր և ավելի զորավոր հարված մը տալ։

− Երեկ իրիկուն,− ըսավ Սուսերյանց,− արտասովոր ժողով մը գումարեցինք և այդ հանրագրության խնդրով զբաղեցանք։ Բոլոր ընկերները համամիտ գտնվեցան ի նպաստ Թաղ. Խորհուրդի հանրագրություն մը պատրաստելու և ստորագրել տալու։

− Ազատ եք ընելու,− պատասխանեց Թորգոմ։

− Նույնիսկ հանրագրությունը խմբագրեցին,- շարունակեք Սուսերյանց,− և շատ բուռն ոճով մը։

− Բուռն ո՞ճ, որո՞ւ դեմ,– հարցուց ուսուցիչը։

− Այն վարկաբեկ խմբակին դեմ, որ կարգ մը ստորին արարածներու շահամոլ նպատակներուն գործիք դառնալով՝ կաշխատի թաղին մեջ երկպառակություն սերմանել։ Միևնույն ժամանակ հանրագրությունը իր համակրանքը կհայտնե նոր Թաղ. Խորհուրդին, որ կարճ ժամանակի մը մեջ կրցած է օգտակար հանդիսանալ, թաղին և վարժարանը իր անկյալ վիճակեն հանելով զայն տիպար հաստատության վերածել։

− Անկյալ վիճակ,– գոչեց Թորգոմ այլայլված։ − Հանրագրությունը մեր ընկերները խմբագրեցին,− շարունակեց Սուսերյանց,− այո՛, անկյալ վիճակ, շատ լավ կհիշեմ այդ բառերը, ես քիչ մը չափազանցված գտա այդ բացատրությունը բայց ինչ ընեմ, մեծամասնությունը պնդեց, որ այդպես գրվի… գիտես, որ մեր մեջ որոշումները մեծամասնությամբ կարվին:

− Ինծի համար ուղղակի ակնարկություն մը կա՞,− հարցուց Թորգոմ, որուն մտահոգությունը հետզհետե կավելնար:

− Դժբախտաբար,– պատասխանեց Սուսերյանց։

− Բայց ի՞նչ իրավունք ունին անհատականության դպչելու:

− Ճիշտ ես ալ նույն դիտողությունը ըրի: Բայց մեծամասնությունը դիտել տվավ, որ ձեր հանրագրության մեջ ալ անհատականության դպած էիք:

− Ո՞վ ըսավ…

− Ինծի դեմ բաներ մը գրված է եղեր, մեր ընկերներեն մեկը կարդացեր է հանրագրությունը։

− Երբե՛ք, ձեր ընկերներեն ոչ ոք տեսած է հանրագրությունը,− գոչեց Թորգոմ։

− Տեսեր և կարդացեր է,− պնդեց Սուսերյանց:

− Անկարելի է…

− Ինչո՞ւ այդպես կըսես և մանավանդ ինչե՞ն գիտես, որ անկարելի է։

− Որովհետև ես երբեք հանրագրությունը ցույց չեմ տված ձեր ակումբին։

− Թերևս ուրիշները ցույց տվին:

− Ուրիշնե՞ր… ինչպես կարելի է։ Հանրագրությունը իմ քովըս է։

− Իրա՞վ կըսես։

− Անշուշտ,− պնդեց պրն. Թորգոմ։

− Բայց քիչ մը առաջ դուն ըսիր, որ այդ գործով չես զբաղիր և թե հանրագրությունը թաղեցի համակիրներն են, որ ստորագրել կուտան։

− Այսինքն,− կմկմաց ուսուցիչը,− անոնք խորհուրդ տվին, որ ասանկ բան մը ընենք և խոստացան, որ պիտի աշխատին ամբողջ թաղեցիներուն ստորագրել տալու համար։

− Ինչ որ է, խնդիրը այն է, որ դուն կամ ուրիշները հանրագրությունը կարդացեր եք մեկ քանի մարդոց, անոնք ալ մեջը գրվածները պատմեր են ուրիշներուն։ − Ատիկա կրնա ըլլալ։

− Ինծի դեմ մասնավորապես ծանր բառեր կան եղեր,− շեշտեց Սուսերյանց։

− Ոչ այնքան ծանր։

− Այո՛, այո՛, նախատական խոսքեր… մեր ընկերները լսեր և շատ բարկացեր են, ասիկա ուղղակի Ակումբին դեմ թշնամանք կնկատեն կոր։

− Ակումբի խնդիր չկա բնավ։

− Երբոր անոր նախագահը կնախատվի, բնականաբար, Ակումբն ալ նախատված կըլլա։ Չերկարեմ, ասիկա խնդիր ըրին երեկի ժողովին մեջ և անոր ազդեցության տակ խմբագրեցին հանրագրությունը, ի փոխարեն քեզի համար շատ աննպաստ ակնարկություններ ընելով։

− Հանրագրությունը սկսա՞ծ են ստորագրել տալ,− հարցուց ուսուցիչը, որ չափազանց զգացված էր Սուսերյանցի այս հայտնություններեն։

− Երեկ գիշեր անդամները ստորագրություն հավաքեցին 30-35-ի չափ։ Այսօր ալ պիտի շարունակեն։ Մարգար էֆենտին խոստացած է ինք առանձին 100 ստորագրություն հավաքելու։

Պարոն Թորգոմի մտածմունքը ավելցավ։ Եթե Սուսերյանց ճշմարիտ կխոսեր, կացությունը արդարև ծանրակշիռ էր իրեն համար։ Մինչդեռ ինք դեռ մեկ ստորագրություն կրցած էր հավաքել, իր հակառակորդները 35 հատ հավաքած էին։ Ուսուցիչը կզգար, որ եթե նմանօրինակ մրցում մը ընեին, ինքն էր, որ պիտի պարտվեր։

− Այդ Ակումբին հետ գլուխ ելլելը շատ դժվար է,− մտածեց։

Բայց ջանաց իր վրդովումը ծածկելու։

− Հաջողություն կմաղթեմ,− ըսավ,− բայց բողոքելու իրավունքս կվերապահեմ։

− Ի՞նչ բողոք,− հարցուց Սուսերյանց։

− Եթե հանրագրության մեջ պատիվս դպչելիք բան մը կա՝ գիտցած եղեք, որ դատարանի կդիմեմ։

− Ես շատ աշխատեցա, որ մեղմ գրեն, բայց ընկերները մտիկ չըրին,− ըսավ Սուսերյանց,− թեև ի վերջս քանի մը փոփոխություններ հաջողեցա մտցնել մեջը։ Բայց կրնանք, եթե ուզես, այդ խնդիրը անուշությամբ կարգադրել։ − Ինչպե՞ս,− հարցուց պրն. Թորգոմ։

− Նախ, քեզի առաջարկված պաշտոնը կընդունիս և հետո այդ հանրագրությունդ կպատռես, այն ատեն ես ալ կհամոզեմ մեր ընկերները, որ իրենց հանրագրությունը պատռեն և խնդիրը մեջտեղեն վերնա։

− Ես արդեն չէի ուզեր այս տեսակ խնդիրներ հարուցանել, բայց դուք տեղի տվիք, այսինքն Թաղական Խորհուրդը։

− Թաղական Խորհուրդը իր իրավունքին մեջն էր… իր փափաքն էր պարզապես թաղին վարժարանը բարեկարգել։ Հիմա դուն ինծի ըսե, որ առաջարկությունս կընդունի՞ս։

− Պետք է խորհիմ այդ մասին, կամ մանավանդ բարեկամներու կարծիքը առնեմ,− պատասխանեց Թորգոմ խուսափողական ձայնով մը։

− Լավ, քանի որ ինքզինքիդ տեր չես և ուրիշներուն խորհուրդով ստիպված ես շարժելու,− ըսավ Սուսերյանց հեգնորեն, քեզի երկու օր պայմանաժամ կուտամ։

Այս խոսքերը քիչ մը վշտացուցին ուսուցիչը, բայց ջանաց հայտնի չընել։

− Կխորհինք այդ մասին,− ըսավ և հեռացավ իր նախկին ընկերոջ քովեն։

Այս հանդիպումը և իրեն ըրած անակնկալ առաջարկը խռովեցին Թորգոմի միտքը։

− Արդյոք առաջարկված պաշտոնը ընդունիմ և վե՞րջ տամ պայքարին,− մտածեց։

Իրեն այնպես կթվեր, թե իր ներկայությունը վարժարանին մեջ անհրաժեշտ դատված էր և այս բանը կգգվեր իր ինքնասիրությունը։

− Կերևա, որ հասկցեր են, թե առանց ինծի կարելի չէ դպրոցը վարել…

Մինչև իրիկուն Թորգոմ այս անուշ երազովը օրորվեցավ։ Հանկարծ միտքը եկավ Ճանիկի հետ ըրած ժամադրությունը։

Ճանիկ արդարև անհամբեր իրեն կսպասեր և երբ ուսուցիչը տեսավ, ուրախությամբ գոչեց։

− Վերջապես եկար… ո՞ւր մնացիր մինչև հիմա։

− Կարծեմ շատ ուշ մնացի։

− Չէ՛, բայց ես վախցա, որ չես գար։ Ի՞նչ ըրիր տեսնենք, դրամ ճարեցի՞ր։ − Դրամը դյուրին է,− ըսավ Թորգոմ հպարտ ձևով մը,– դրամ կա… միայն թե…

− Եթե դրամ կա, ալ ի՞նչ կմնա անդին։ Գործդ տեսնված է ուրեմն։

− Շիտակը ես կկասկածիմ կոր քիչ մը։

− Կասկածիլ,– գոչեց Ճանիկ,− երբ ես եմ գործը վրաս առնողը… իրավ որ տարօրինակ մարդ ես եղեր։

Ուսուցիչը միշտ վարանոտ ընթացք մը ուներ։ Ի՞նչ պետք կար հանրագրության՝ եթե Սուսերյանցի առաջարկը պիտի ընդուներ ու վարժարանին մեջ պաշտոնի կոչվեր։ Միայն թե իրավունք ունե՞ր այդպիսի պաշտոն մը ընդունելու, երբ հանձնառություններ առած էր հանդեպ Պողոս էֆ-ի և նույնիսկ դրամ ալ ընդունած էր անկե։ Անշուշտ դրամը կրնար իսկույն վերադարձնել, բայց դասալքություն մը չպի՞տի ըլլար ասիկա և զինքը չպի՞տի վարկաբեկեր վաճառականին աչքին։ Բոլոր այս մտածումները իր միտքը կչարչարեին այս վայրկյանին։ Ճանիկ նշմարեց, որ իր խոսակիցը հոգեկան տագնապի մը մատնված է և ըսավ.

− Մտմտուք մը ունիս կարծեմ, շատ մտածկոտ ու շվարած կերևաս կոր։

− Այո՛,− խոստովանեցավ Թորգոմ։

− Դրամ չկրցա՞ր ճարել։

− Ընդհակառակը, դրամի խնդիրը կարգադրված է․․․ դրամը հոս պատրաստ է։

Եվ ուսուցիչը ձեռքը գրպանին զարկավ, ուրկե մեճիտիեներու քաղցր ձայն մը լսվեցավ։ Ճանիկի դեմքը ճառագայթեց։

− Ուրեմն վարանումդ ի՞նչ է,− գոչեց։

− Կմտածեմ, որ թերևս անօգուտ ըլլա այդ հանրագրությունը,− պատասխանեց Թորգոմ։

− Ինչո՞ւ համար։

− Որովհետև մյուսները տեղի տալու տրամադիր չեն։

− Ի՞նչ կերպով։

− Կերևա, որ համոզում գոյացուցած են թե՝ առանց ինծի կարելի չէ վարժարանը վարել։

− Ո՞ւրկե իմացար։

− Նույն ինք Սուսերյանցը ըսավ։

− Պարզապես քու քթիդ խնդացեր է։ − Չէ-, եղբայր, լրջորեն խոսեցավ և ինծի պաշտոն տալ ուզեց վարժարանին մեջ։

− Եվ դուն ալ այդ նվաստությունը հանձն առի՞ր։

− Տակավին վերջնական որոշում չտվի… բայց ինչո՞ւ նվաստություն ըլլա ուսուցչի մը համար պաշտոն ընդունիլ վարժարանի մը մեջ։

− Ատկե ավելի ստորություն կարելի չէ երևակայել,− շարունակեց Ճանիկ։

− Բայց պատճառը բացատրե՛ տեսնեմ։

− Քեզի խայտառակաբար դպրոցեն դուրս նետող ու տեղդ անցնող մարդուն հրամանին տակ պաշտոնավարել… ասկե ավելի ի՞նչ ստորություն կրնա ըլլալ։ Մարդ անոթի կմնա, ասանկ բան հանձն չառներ։ Հավատա, որ պարո՛ն Թորգոմ, եթե ասանկ բան մը ընես, պատիվդ փարայի մը կըլլա թաղին մեջ և բոլոր համակիրներդ քեզի դեմ կդառնան։ Ամենեն առաջ ես բարևս կկտրեմ․․․

− Իրա՞վ կըսես։

− Բնականաբար,− գոչեց Ճանիկ,− պատվո զգացում չունի՞ս բնավ։

− Բայց ես այդ առաջարկությունը ինծի համար պատվաբեր կնկատեմ… քու ըսածդ ճիշտ կըլլար, եթե դիմումը ես կատարեի, բայց քանի որ անոնց կողմե կուգա կոր, կարծեմ ինծի համար անպատվաբեր չէ…

− Պարապ խոսք, էֆենտիմ,− գոչեց Ճանիկ,− ասկե զատ վստահ եղիր, որ ատիկա պարզապես խաղ մըն է…

− Ի՞նչ խաղ։

− Այս տեսակ խոստումներով կամ առաջարկություններով Սուսերյանց կուզե քեզ խաբել և հանրագրության առաջը առնել։

− Կկարծե՞ս…

− Այդ մասին ապահով եմ։ Քեզի պես միամիտը գտեր է, ուզածին պես կխաղցնե կոր… Ասկե զատ, քեզի ուրիշ բան մը ըսե՞մ…

− Ըսե՛ տեսնենք…

− Նույնիսկ եթե տրամադրություն ունիս վարժարանին մեջ պաշտոն ընդունելու, դարձյալ դուն հանրագրությունը ստորագրել տալու ես… անիկա ճիշտ ձեռքդ զենք մըն է։ Տես, հանրագրության խոսքը միայն բավական եղավ, որ ատանկ առաջարկ մը ընեն, երբոր հանրագրությունը ստորագրվի, այն ատեն ավելի իրար պիտի անցնին և լավագույն պայմաններով պիտի ստիպվին քեզի պաշտոնի կանչել և այն ատեն պատիվովդ պիտի մտնես վարժարանեն ներս և ոչ ոք պիտի իրավունք ունենա դիտողություն մը ընելու կամ քեզ դատապարտելու։

Ճանիկի այս խոսքերը վերջապես վճռական ազդեցություն մը գործեցին Թորգոմի վրա և անոր վարանումները ցրվեցին։

− Իրավունք ունիս,− գոչեց,− հանրագրությունը պետք է ստորագրվի։

− Նույնիսկ այս իրիկվընե գործի սկսելու է։

− Ատիկա դուն վրադ պիտի առնես։

− Անշուշտ, հոգ մի ըներ, հիմա, անմիջապես կսկսիմ, միայն թե դրամական խնդիրը կարգադրենք։

− Առհաշիվ 200 ղրուշ պիտի վճարեմ անմիջապես,− ըսավ Թորգոմ։

− Քիչ է, սիրելիս։

− Կարծեմ թե մեր պայմանը այնպես էր,− պատասխանեց Թորգոմ։

− Այո, բայց քովս որչափ ավելի դրամ գտնվի, գործը այնչափ արագ կլմննա։

− Երբ որ այս 200 ղրուշը ծախսես և արդյունքը ցույց տաս, անմիջապես դարձյալ նոր վճարում մը կընեմ։

Ճանիկ ավելի չի պնդեց․ ուրախությամբ մեճիտիեները գրպանեց և ըսավ.

− Գործը եղածեն սեպե, ո՞ւր է հանրագրությունը։

− Տունն է,− պատասխանեց ուսուցիչը։

− Ուրեմն երթանք առնենք։

Միասին ճամփա ելան։ Ճանիկ այնքան վստահորեն կխոսեր իր հաջողության մասին, որ ուսուցիչին տարակույսները բոլորովին փարատեցան։

− Աղեկ ըրինք այս մարդը ձեռք ձգեցինք,− մտածեց,− թաղին մեջ այս գործին հարմար միակ անձն է։

Հանրագրությունը Ճանիկին հանձնելով հարցուց.

− Ե՞րբ տեղեկություն մը կրնամ առնել։

− Ի՞նչ տեղեկություն․․․

− Հանրագրության մասին։

− Ես երկու օրեն կուգամ քեզի կտեսնեմ… անհոգ եղիր։ Գործը կատարված համարե… − Երկու օրեն անպատճառ կսպասեմ։

Եվ երկու բարեկամները իրարմե բաժնվեցան։

Պարոն Թորգոմ այդ երկու օրը անձկության մեջ անցուց։ Մեկ կողմե անհամբեր կսպասեր Թաղ. Խորհուրդի կողմե իրեն ըլլալիք պաշտոնական դիմումին, որպեսզի բարեհաճի վարժարանին մեջ պաշտոն ընդունելու, մյուս կողմե Ճանիկի գործունեության արդյունքին։

Միտքը դրած էր շատ դյուրավ տեղի չտալու և խիստ պայմաններով կրկին վարժարան մտնելու։

Հաջորդ օրը մինչև իրիկուն տունը մնաց, հուսալով, որ Սուսերյանց պիտի գար իր առաջարկը կրկնելու։

− Լավագույն է, որ դուրսը իրարու չհանդիպինք, և ես զինքը փնտռելու կերպարանք չառնեմ, կմտածեր, եթե անպատճառ ինծի պետք ունին, կրնան տունս գալ ու զիս գտնել։

Եվ սակայն ոչ ոք երևցավ։

Իրիկունը ուշ ատեն, ալ համբերությունը սպառած, պրն. Թորգոմ դուրս ելավ և ուղղվեցավ այն սրճարանը, ուր ընդհանրապես կհավաքվեին թաղեցիները։

Ներս մտնելով նշմարեց Մանուկ աղան և անոր մոտեցավ:

− Նայինք, Թաղ. Խորհուրդին մեջ ի՞նչ որոշում տրվեր է իմ մասին,− ըսավ ինքն իրեն։

Մանուկ աղա, ինչպես միշտ, սիրալիր ընդունելություն մը ըրավ ուսուցչին, որպիսությունը հարցուց և մի քանի խոսքերե ետքը ըսավ.

− Պաշտոն մը գտա՞ր, պրն. Թորգոմ։

− Շիտակը, շատ ետևե ինկած չունիմ,− պատասխանեց մյուսը,− քանի մը գործեր կան, մեկ քանի առաջարկներ եղած են, բայց դեռ վերջնական որոշում մը չեմ տված։

− Շատ լավ, ուրախ եմ ուրեմն։

− Ինծի պես փորձառու ուսուցիչ մը պարապ չմնար, ասկե զատ, ուսուցչական ասպարեզեն դուրսն ալ գործեր ներկայացան։

− Վայ… ավելի աղեկ, ի՞նչ տեսակ գործեր։

− Առևտրական ասպարեզին մեջ… շնորհքով գործեր։

− Կեցցես, տեսա՞ր մի աղեկ գործը, բնավ մի կենար ու ձեռքե մի փախցներ ատանկ գործ մը,– գոչեց Մանուկ աղա,− վազ անցիր սա վարժապետութենեն… հրապարակի մարդ եղիր։

− Բայց իմ կոչումս ուսուցչությունն է…

− Կոչում մոչում պարապ խոսքեր են, դուն դրամ վաստակելդ նայե. վարժապետության մեջ ապագա չկա, ահա, աչքերնուս առջևն են վարժապետները… ամենեն աղեկը վերջ ի վերջո կամ անոթի կմնա և կամ հիվանդանոցին մեջ կյանքը կվերջացնե։

Պարոն Թորգոմ գոհ չմնաց Մանուկ աղայի այս տեսութենեն։ Ինք կհուսար, որ թաղականը պիտի ջանար զինքը համոզելու, որպեսզի ուսուցիչ մնա և պիտի աղաչեր, որ վարժարանին մեջ պաշտոն ընդունի։

− Տեսնեմ,− ըսավ,− դեռ մտածելու ատեն ունիմ, ես ուսուցչությունը կսիրեմ և նյութականեն ավելի բարոյական վարձատրություն և գոհունակություն կփնտռեմ․․․ Ես պատրաստ եմ կրկին ուսուցչությամբ ապրելու, բայց պայմանավ…

Մանուկ աղա չհարցուց թե ինչ էր այդ պայմանը, սակայն ուսուցիչը շարունակեց.

− Նախ պետք է, որ կատարյալ գոհացում տրվի ինծի, հետո ամսական հավելում ըլլա և կանոնավոր պայմանադրություն մը կնքվի առնվազն հինգ տարվան համար, որպեսզի այս կամ այն թաղականին կամ հոգաբարձուին քմահաճույքեն կախված չըլլամ։

− Իրավունք ունիս,− պատասխանեց Մանուկ աղա, պրն. Թորգոմի խոսքը անպատասխան չթողնելու համար։

− Հարկավ իրավունք ունիմ,– գոչեց ուսուցիչը ուժ առնելով թաղականին այս հավանութենեն,− քանի որ անհրաժեշտ պետք ունին ինծի, քանի որ իրենք ստիպված են դիմում ընել և խնդրել, որ պաշտոնս ընդունիմ, ուրեմն պետք է, որ իմ պայմաններս ընդունին… այնպես չէ՞։

− Անանկ է, մյուսյու Թորգոմ։

− Ալ հերիք է, որքան որ շահագործեցին իմ բարեկամությունս… նախ պետք է, որ արժանապատվությունս լիովին գոհացում գտնե…

− Բայց խնդիրը ի՞նչ բանի վրա է.− հարցուց Մանուկ աղա միամտորեն, ի՞նչ պաշտոն է ձեզի առաջարկվածը։

− Ինչպե՞ս, դուք լուր չունի՞ք,− գոչեց Թորգոմ զարմացած։

− Չէ՛, քու մասիդ բան չեմ իմացած բնավ։

− Թաղ. Խորհուրդին մեջ խնդիր չէ՞ ծեծված։ − Ի՞նչ խնդիր…

− Ճանըմ, ինձ կրկին Ազգային վարժարանին մեջ պաշտոն տալու խնդիրը։

− Բնավ ատանկ խնդիր մը չէ եղած մեր մեջ… դուն ուրկե՞ իմացար։

− Պարոն Սուսերյանցը ըսավ։

− Պարոն Սուսերյանցը ըսավ, որ Թաղ. Խորհուրդը որոշած է քեզ պաշտո՞ն տալ Ազգային վարժարանին մեջ…

− Չէ՛, Թաղ. Խորհուրդի խոսքը չըրավ,− խոստովանեցավ ուսուցիչը,− միայն թե ըսավ, որ եթե ուզեմ, ինձի պաշտոն պիտի տրվի։

− Բնավ լուր չունիմ, կերևա, որ Սուսերյանց իր կողմե ատանկ բան մը ըսեր է։

− Առանց Թաղ. Խորհուրդի հավանության ի՞նչպես կրնա ինծի պաշտոն առաջարկել։

− Բնականաբար չկրնար առաջարկել, և ճիշտ ասոր համար է, որ պարապ խոսք է ըսածը, որովհետև քեզի մտերմաբար ըսեմ, որչափ ատեն որ Մարգար էֆ-ն Թաղ․ Խորհուրդի ատենապետ մնա՝ կարծեմ քեզի համար շատ հույս չկա մեր վարժարանին մեջ պաշտոն առնելու, և ասոր համար խորհուրդ կուտամ քեզի, որ առանց այդ տեսակ խոսքերու կարևորություն տալու, գլխուդ ճարը նայիս և եթե ուրիշ գործ մը գտած ես, ձեռքե չփախցնես… գիտես ա, ես քեզ կսիրեմ, անոր համար այսպես անկեղծորեն կխոսիմ։

− Շնորհակալ եմ,− պատասխանեց Թորգոմ բոլորովին հուսաբեկ եղած։

Թաղականին խոսքերը պաղ ջուր մը լեցուցած էին իր երազներուն վրա։

− Ես ալ արդեն չպիտի ընդունեի վարժարանին մեջ պաշտոն,− կմկմաց։− Տարբեր բան՝ եթե բոլոր պայմաններս ընդունեին։

− Ինչ որ է,− պատասխանեց Մանուկ աղա,− խնդիրը այն է, որ քեզի պաշտոն առաջարկող չկա առայժմ։

Պահ մը լռություն տիրեց երկու խոսակիցներուն միջև։ Պրն․ Թորգոմ իր ընդունած այս նոր հարվածեն ընկճված էր և խոսակցությունը շարունակելու շատ սիրտ չուներ։

Թաղականը կռահեց ուսուցիչին հոգեկան այս տխուր վիճակը և փորձեց մխիթարել։ − Մտածելու բան չկա,− ըսավ,− աստված մեկ դուռը գոցե նե՝ ուրիշ դուռ մը կբանա… արդեն դուն ալ քիչ մը առաջ ըսիր, որ քանի մը գործեր կան և թե քեզ թողված է ընտրություն մը ընել։

− Այնպես է,− պատասխանեց Թորգոմ։

− Իսկ եթե այդ հույսերդ ի դերև ելնեն, նորեն հուսահատելու բան չկա… թերևս միջոց մը գտնենք կարգադրություն մը ընելու։

− Ի՞նչ կարգադրություն,− հետաքրքրվեց ուսուցիչը։

− Այսինքն կաշխատինք Մարգար էֆենտիին սիրտը առնել…

− Ինչպե՞ս, իրմե ներո՞ւմ խնդրելով արդյոք,− գոչեց Թորգոմ։

− Ինչո՞ւ չէ։

− Երբեք ատանկ բան մը մի սպասեք ինե… կնախընտրեմ անոթի մեռնիլ, քան թե հանձնառու ըլլալ այդպիսի ստորության մը։

− Ըրածդ պարզապես հիմարություն է։ Եվ անոր փորձանքն է, որ կքաշես կոր հիմա։

− Կրնա ըլլալ,– պատասխանեց Թորգոմ։

Նոր ծանոթներ եկան և սեղանին շուրջը բազմեցան, որով խոսակցությունն ալ վերջ գտավ։

Թորգոմ քիչ հետո մեկնեցավ սրճարանեն և ուղղվեցավ տուն, չուզելով ուրիշներու հետ խոսակցության բռնվիլ։

Առանձնանալու պետք կզգար, միտքը ամփոփել կմտածեր։

− Հիմա կհասկնամ թե ինչու Սուսերյանց պաշտոնի վրա առաջարկություն ըրավ ինծի… պարզապես որպեսզի վազ անցնիմ հանրագրութենեն։ Անպիտանը ուզեց զիս խաբել կրկին և այսքան ետևես ինկած է հանրագրության համար, ըսել է, որ կվախնա կոր անկե… ով գիտե, թերևս Մարգար էֆենտիին հետ խորհած ու այս միջոցը մտածած են զիս պայքարեն ետ կեցնելու համար։ Ատով միայն պիտի կրնամ վրեժս լուծել և հակառակորդներուս աչքը վախցնել։

Այս մտածումը զինքը քիչ մը մխիթարեց և Թորգոմ նույն գիշերը հանգիստ քնացավ այն վստահությամբ, թե վերջնական հաղթանակը իրեն պիտի մնար։

Հետևյալ առտու կանուխ դեռ նոր անկողնեն ելած էր, երբ Ճանիկ երևցավ։ Չափազանց աճապարյալ կերպարանք մը ուներ։

− Սըկե 150 ղրուշ տուր,− գոչեց Թորգոմին, առանց «բարի լույս» ըսելու։

− Ի՞նչ կա որ,− հարցուց մյուսը շվարած։

− Ճանըմ, տուր սա 150 ղրուշը…

− Տամ, բայց նախ նստե տեսնենք, քիչ մը խոսինք, նայինք ի՞նչ եղավ հանրագրության գործը։

− Աղբար, երկար բարակ խոսելու ատեն չէ, գործ տեսնենք, խոսքով բան չլմննար, ետքը շատ կխոսինք։

− Բավական ստորագրություն հավաքվեցա՞վ,− հարցուց ուսուցիչը։

− Ինծի Ճանիկ կըսեն, աչքիս մեջ աղեկ նայե,− գոչեց մյուսը հպարտորեն։

− Քանի՞ հատ ժողվեցիր մինչև հիմա…

− Ես բան մը վրաս կառնեմ նե՝ կկատարեմ, հեմ աղեկ կկատարեմ։

− Լավ, բայց քիչ մը բացատրություն տուր։

− Նախ սա 150 ղրուշը համրե։

− Քանի՞ ստորագրություն հավաքեցիր։

Ճանիկ խորհրդավոր ձևով մը մոտեցավ Թորգոմի ականջին և փսփսաց.

− 60-ը անցավ․․․

Ուսուցիչը ուրախութենեն այլայլեցավ։

− Ի՞նչ կըսես,− գոչեց։

− Այո՛, երեսուն ժամվան մեջ 60 ստորագրություն, այսինքն մեկ ժամվան մեջ երկու հատ,− հաստատեց Ճանիկ։

− Անհավատալի բան։

− Եվ սակայն բացարձակ ճշմարտություն է։

− Ո՞ւր է հանրագրությունը, աչքովս տեսնեմ անգամ մը։

− Ուրեմն խոսքիս չե՞ս հավատար։

− Կհավատամ, բայց․․․

− Ճանիկ սուտ չխոսիր, սա գիտցած եղիր․․․ երկու օրեն ստորագրությունները 150-ի պիտի հասնին… նա՛, սա պատին վրա գրե՝ եթե կուզես։

− Աղեկ, եղբա՛յր, խոսքիդ կհավատամ, բայց անգամ մը տեսնեմ սա հանրագրությունը, նայինք ի՞նչ տեսակ մարդիկ ստորագրած են։ − Ամենքն ալ շնորհքով, պատվավոր մարդիկ, ես իմ գործս չե՞մ գիտեր… քանիներ ստորագրել ուզեցին և ես մերժեցի, աննշան մարդիկ ըլլալնուն համար… սա 150 ղրուշը տուր, ուշ մնացի։

− Հանրագրությունը ցույց տուր տեսնեմ։

− Անկարելի է։

− Ինչո՞ւ համար,− գոչեց Թորգոմ զարմացած։

− Քովս չէ, բարեկամի մը տված եմ, որ խոստացավ ինքն ալ 20-30 ստորագրություն հավաքել։

Այս բացատրությունը թեև ճշմարտանման, բայց չգոհացուց ուսուցիչը, որուն մտքին մեջ թեթև կասկած մը ծագած էր։

− Քեզի բան մը ըսե՞մ,− պատասխանեց,− 150 ղրուշը հոս գրպանս է և քու տրամադրությանդ ներքև, միայն թե այն ատեն պիտի տամ, երբոր հանրագրությունը մեյ մը տեսնեմ… թող վաղը ըլլա, վնաս չունի…

− Հասկըցա,− ըսավ Ճանիկ բարկությամբ ոտքի ելլելով,− մնաք բարով։

− Ինչո՞ւ կբարկանաս, բարեկամ,− հարցուց ուսուցիչը։

− Կբարկանամ, որովհետև իս ստախոս խաբեբայի մը տեղ կդնես կոր։

− Ես անանկ բան չըսի,− բողոքեց Թորգոմ։

− Անանկ ընթացք մը կբռնես կոր, իբր թե ես քու դրամդ առնելու համար խաղ կխաղամ կոր քեզի։

− Քավ լիցի, բայց…

− Պարապ խոսք մտիկ չեմ ըներ, ամեն մարդ պատիվ ունի… մնաս բարով։

− Կեցի՛ր, եղբայր, իրարու խոսք հասկնանք։

− Դուն ինծի երկու հարյուր ղրուշ չտվի՞ր։

− Այո՛,- կմկմաց Թորգոմ։

− Վաղը դրամդ ետ կբերեմ, հանրագրությունն ալ կերթամ կպատռեմ, լմնցավ գնաց… հանցանքը իմս է, որ քեզ պես մարդուն ծառայություն ընել ուզեցի, արյուն քրտինք մտա, հոգնեցա, լեզու թափեցի, աժեմ չաժեմ մարդոց խոսք հասկցնել, համոզել աշխատեցա․․․

− Եղբա՛յր, այդ խոսքերուն բնավ տեղը չի կա…

− Հանրագրությունը չտեսած բնավ դրամ չի տար եղեր… սըվոր նայեցեք մեյ մը, գետնին տակն անցնին դրամդ ալ, հանրագրությունդ ալ…

Եվ Ճանիկ բարկաճայթ կերպարանքով մը դեպի դուռը ուղղվեցավ։

Թորգոմ շվարած՝ ետևեն վազեց, իր վերջին գերագույն հույսն էր, որ կսպառնար հեռանալու, Ճանիկի թևեն բռնեց, խնդրեց, աղաչեց, որ ետ դառնա։

− Թևս ձգե,− գոչեց մյուսը։

− Կաղաչեմ, ներե՛, ես քեզ վիրավորել չուզեցի։

− Ավելի աղեկ էր գլուխս բան մը իջեցնեիր, քան թե այդ խոսքը ընեիր։

− Եղբա՛յր, եթե գիտնայի որ պիտի բարկանաս՝ չէի ըսեր․ իմ միտքս քեզ վիրավորել չէր, միայն թե հետաքրքիր էի անգամ մը հանրագրությունը տեսնել…

Չաթլամիշ չես ըլլար ա…

− Անանկ է, ավելի աղեկ է, որ բոլոր ստորագրությունները հավաքելե ետքը, տեսնեմ, առ սա 150 ղրուշը։

− Չեմ ուզեր, ես այս գործեն վազ անցա,− պոռաց Ճանիկ, միշտ բարկություն կեղծելով։

− Կաղաչեմ,− մրմնջաց ուսուցիչը։

− Չէ՛, ըսինք ա․․․

− Կխնդրեմ, մի մերժեք, խոսք մըն էր բերնես փախցուցի… ներե՛։

Եվ Թորգոմ հարյուր հիսուն ղրուշը գրեթե բռնությամբ Ճանիկի գրպանը խոթեց։

− Ես ասանկ բան չեմ սիրեր,− ըսավ Ճանիկ,− ինծի հետ գործ ունեցողները պետք է որ վրաս կատարյալ վստահություն ունենան… Ես եթե այդ հանրագրության գործը վրաս առի՝ պարզապես քեզ սիրելուս համար էր և ոչ թե դրամ շահելու… տված դրամդ ամբողջությամբ կծախսեմ կոր ուրիշներու համար, եթե հաշիվ ընենք, թերևս գրպանես ալ վրա տված եմ։ Գուցե չես հավատար ըսածիս, բայց այս այսպես է։

− Կհավատամ, սիրելիս,− փութաց պատասխանել ուսուցիչր, որ չէր ուզեր նոր խնդիր մը ունենալ իր դյուրազգաց բարեկամին հետ։

− Այս 150 ղրուշն ալ որ առի՝ հիմա անմիջապես պիտի հանձնեմ այն մարդուն, որուն քով կգտնվի հանրագրությունը և որ խոստացավ 20-30 ստորագրություն հավաքել։ Եթե չես ուզեր հավատալ հիմա միասին եկուր…

− Կհավատամ,− կրկնեց Թորգոմ։

− Մեղք, որ մինչև հիմա ինձ չես ճանչցեր,− ըսավ Ճանիկ հանդիմանական շեշտով մը։

− Կկրկնեմ, որ խնդրին մեջ թյուրիմացություն կա, ես երբեք քու ուղղամտությանդ մասին կասկած հայտնել չուզեցի… միայն թե դուն մեկեն ի մեկ բռնկեցար։

− Բնականաբար կբռնկիմ, մյուսյու Թորգոմ, հեր քուշուն էթի ենմեզ, կըսեն, ես իմ պատիվս միշտ բարձր կբռնեմ…

− Շատ իրավունք ունիս այդպես ընելու, պատիվը ամեն բան է մարդուս համար։

Այս ձևով խոսակցությունը քանի մը վայրկյան ևս շարունակվեցավ, որմե ետքը Ճանիկ մեկնեցավ Թորգոմի տանեն, կատարելապես հաշտված անոր հետ և շատ ուրախ տրամադրության ներքև։

− Մեծ փորձանք մը անցուցինք,− խորհեցավ ուսուցիչը, երբ առանձին մնաց։− Մազ մնաց, որ Ճանիկը պիտի վշտացնեի և ամբողջ գործը խանգարեի… ճշմարիտը հանցավոր եմ այսպես վարվելուս համար, հայտնի է, որ մարդը մեծ անձնվիրություն ցույց կուտա կոր, դյուրին բան չէ այսքան կարճ ժամանակի մեջ 60 ստորագրություն հավաքել։ Այս հաջողությամբ եթե շարունակե, կարծեմ 300 ստորագրություն պիտի կրնանք ժողվել և այն ատեն տեսնենք ինչ պիտի ըլլա մեր Մարգար էֆ-ն։

Ուսուցիչը վերստին սրտապնդված էր և վստահությամբ կդիտեր ապագան։

Հետևյալ օրը գնաց Պողոս էֆ-ին գտավ և անոր պատմեց գործին հաջող վիճակը։

Վաճառականը իր գոհունակությունը հայտնեց և ավելցուց․

− Քու մարդուդ ըսե, որ եթե ստորագրությունները հարյուր հիսունի հասնին՝ ալ թող ետևեն չիյնա ու հանրագրությունը քեզի բերե։

− Թերևս մինչև հիմա 150-ի հասած է,− դիտել տվավ Թորգոմ։

− Այն ատեն վաղը հանրագրությունը ա՛ռ և ինծի բե՛ր, որովհետև կորսնցնելու ժամանակ չունինք։

− Այս իրիկուն կջանամ զինքը տեսնելու։ − Ստորագրողները ինչպե՞ս մարդիկ են,− հարցուց Պողոս էֆենտի։

− Ամենքն ալ պարկեշտ, պատվավոր, գիտակից թաղեցիներ են,− հավաստեց ուսուցիչը։

− Դուն մեկիկ մեկիկ քննեցի՞ր։

− Գրեթե այսինքն… Ճանիկը այնպես ըսավ։

− Աչքովդ տեսա՞ր։

− Չէ՛, հանրագրությունը ուրիշին հանձնած էր, չկրցի տեսնել, վաղը, մյուս օրը երբ բոլորովին լմնցնե, պիտի բերե հանձնե։

Այս բացատրությունը չգոհացուց վաճառականը, որ գոչեց․

− Կտեսնեմ, որ դեռ բան մը չէ ըրած… և ըլլալիք ալ չունի։

− Ինչպե՞ս,− բողոքեց ուսուցիչը,− բան մը չէ եղած, հապա 60 ստորագրությունները մեկ ու կես օրվան մեջ։

− Դուն տեսա՞ր, համրեցի՞ր…

− Չէ՞, բայց Ճանիկը սուտ չխոսիր։

− Ո՛վ գիտե…

− Բացարձակ վստահություն ունիմ իր վրա։

− Ատիկա բավական չէ։

− Ասկե զատ, Ճանիկը զիս կսիրե և ինե կպատկառի, թերևս ուրիշները խաբե, բայց ինծի անանկ բան չըներ։

− Ատոնք վարժապետի խոսքեր են։ Դրական մարդու խոսք չեն,− գոչեց վաճառականը։− Ես եթե քու տեղդ ըլլամ, անմիջապես կերթամ այդ Ճանիկ ըսված մարդը կգտնեմ ու անպատճառ հանրագրությունը մեյ մը ձեռք անցնելով ստորագրությունները կքննեմ։

− Ես ատիկա փորձեցի և չհաջողեցա,− խոստովանեցավ Թորգոմ։

− Ինչպե՞ս,− հարցուց Պողոս էֆ։

− Ճանիկ դյուրազգաց մարդ է, իրեն համար անարգանք մը կհամարե կոր հանրագրությունը ցույց տալը, բոլոր ստորագրությունները չհավաքած։

− Ինք այդպես ըսա՞վ։

− Այո՛, նույնիսկ բարկացավ։

− Վա՛յ, վա՛յ։

− Եվ սպառնացավ հանրագրությունը կտոր-կտոր ընել։

− Ի՞նչ կըսես,− գոչեց վաճառականը հեգնական շեշտով մը։ − Հազիվ կարող եղա զինքը հանգստացնել և խնդիրը անուշ տեղը կապել։

− Անշուշտ հազար ներում խնդրելով։

− Ի՞նչ ընեի, ուրիշ ճար չկար։

− Եվ այսպես հանրագրությունը չտեսար։

− Ո՜չ, բայց վաղը կամ մյուս օրը անպատճառ պիտի բերե, և իսկույն ես ալ ձեզի կբերեմ։

− Այդ մարդուն մինչև հիմա ո՞րքան դրամ տվիր,− հարցուց վաճառականը։

− Առաջին անգամ 200 ղրուշ և երեկ ալ 150 ղրուշ։

− Քեզի եթե բան մը ըսեմ՝ չես բարկանար ա…

− Ինչո՞ւ բարկանամ։

− Լավ ուրեմն, դդումին մեկն ես եղեր, հիմա հասկցա։

− Ինչպե՞ս,− գոչեց ուսուցիչը հուզված։

− Այդ մարդը պարզապես քեզ կխաբե կոր, դրամ բրցնելու համար։

− Անկարելի բան է։

− Ես գրավ կդնեմ, որ այսպես է։

− Պողոս էֆենտի, հավատացեք որ կսխալիք կոր։

Վաճառականը չպատասխանեց և միայն ձեռքի անորոշ շարժում մը ըրավ, որ շատ գգվիչ չէր ուսուցչին համար, այս վերջինը դժգոհ կերպարանքով մը ոտքի ելավ և մնաք բարև ըսավ վաճառականին։

− Երկու օրեն երբոր հանրագրությունը ստորագրություններով բերեմ, այն ատեն պիտի համոզվիք, որ սխալեր եք,− ըսավ հաստատ շեշտով։

− Ինշալլահ… այն ատեն ըսած խոսքերս ետ կառնեմ, և կխոստանամ բացեն աղվոր նվեր մը ընել այդ քու վարպետորդի Ճանիկիդ։

− Պիտի տեսնեք, որ իրավցնե արժանի պիտի ըլլա այդ նվերին։

Եվ Թորգոմ հաղթականորեն դուրս ելավ վաճառականի գրասենյակեն։

Սակայն քիչ մը ետքը մտատանջության մեջ ինկավ։

Կասկածանքը իր սիրտը պաշարեց։

− Արդյոք Պողոս էֆ. իրավունք ունի՞։ Ճանիկը զիս կխաբե՞ կոր,− խորհեցավ։ Եվ այս կասկածը հետզհետե սաստկացավ իր մեջը, մինչև որ իր թաղը հասավ։

− Պետք է որ միանգամ ընդմիշտ լուսաբանեմ այս կետը,− վճռեց։

Ասոր համար հարկ էր Ճանիկը գտնել և զայն ստիպել որոշ բացատրություն մը տալու։

Բավական դժվարին գործ մըն էր այս։ Մի առ մի պտտեցավ բոլոր այն սրճարանները, ուր սովորություն ուներ հաճախել Ճանիկ, բայց իզուր։

Բարեկամներ հարցուփորձեց և վերջապես իմացավ, որ հաճախ կգտնվեր հույն սրճարանի մը ետևի կողմը գտնվող սրահի մը մեջ, որ թղթախաղի հատկացուցած էր։

Դիմեց ցույց տված սրճարանը և արդարև հոն գտավ Ճանիկը, որ քանի մը ծանոթներու հետ թուղթ խաղալու զբաղած էր։

Երկու բարեկամները զիրար բարևեցին և Թորգոմ նստավ Ճանիկին քով։ Այս վերջինը այնքան զբաղած էր խաղով, որ բավական ժամանակ բնավ խոսք չուղղեց ուսուցչին։

Ի վերջո, պահ մը սիկարեթ վառելու համար թուղթերը վար դրավ և Թորգոմին ծռելով անտարբեր ձևով մը հարցուց․

− Ըսելի՞ք մը ունիս ինծի։

− Այո՛, անպատճառ կուզեմ քիչ մը հետդ տեսնվիլ,− պատասխանեց ուսուցիչը։

− Ի՞նչ բանի մասին։

− Սա մեր գործին մասին։

Ճանիկ թուղթերը կրկին ձեռք առավ և խաղը շարունակեց։

− Չե՞ս կրնար թուղթդ թողուլ,− ըսավ Թորգոմ։

− Չէ՛ ընկեր ունիմ,− պատասխանեց Ճանիկ,− եթե խոսելիք մը ունիս, խոսե՛։

− Կուզեի որ առանձին ըլլայինք։

− Վնաս չունի, ասոնք հույն են, հայերեն չեն գիտեր, ազատորեն կրնաս խոսիլ։

− Սա մեր խնդրին վրա տեղեկություն պիտի առնեի…

− Հոգ մի ըներ, կարգին է․․․

− Այո՛, բայց հանրագրության պետք ունիմ անպատճառ։

− Դեռ մյուսին քովն է։

− Մյուսը չե՞նք կրնար տեսնել, տեղը ո՞ւր է։

− Շիտակը տունը չեմ գիտեր։ Թորգոմ անհամբերության շարժում մը ըրավ, իսկ Ճանիկ անտարբերությամբ խաղը շարունակեց։

− Վա՛յ, շունշանորդի, ինչ գեշ թուղթ կուգա կոր,– մռմռաց պահ մը ետքը դժգոհ դեմքով մը, ամմա ուղուրսըզ ոտք ունիս եղեր, քովս գալեդ ի վեր բախտս դարձավ։

− Կարճ կապե՛ ու դուրս ելլենք,– պատասխանեց ուսուցիչը։

− Անանկ է յա, երկու մեճիտիե կորուստ ունիմ, ձգեմ երթա՞մ։

− Սա հանրագրության խնդիրը պարզենք։

− Գետինն անցնի հանրագրությունը…

− Եղբայր, գոնե սա մարդը ով է նե՝ ըսե ես երթամ փնտռեմ։

− Աստված պելան տա այդ մարդուն։

Պարոն Թորգոմ լռեց ու քիչ մըն ալ սպասեց։ Ճանիկ կշարունակեր կորսնցնել և հետզհետե բարկությունը կավելնար։

− Ինչ ուղուրսուզ ես եղեր,− կրկնեց։

− Ես ի՞նչ հանցանք ունիմ,– պատասխանեց Թորգոմը։

− Սանկ քիչ մը քովես ելիր, տեսնենք ինչպես կըլլա, կարելի է բախտս կփոխվի։

Թորգոմ չպատասխանեց և տեղը անշարժ մնաց։

− Վայ շունշանորդի, բոլորն ալ պոշ,– գոչեց Ճանիկ թուղթերը առնելով,– աստծու սիրուն, սըտեղեն ելիր, պե հերիֆ։

Այս անգամ ուսուցիչը ոտքի ելավ։

− Օ՜ֆ,− հառաչեց մյուսը։

− Բայց անպատճառ քեզ տեսնելու պետք ունիմ,− պնդեց Թորգոմ։

− Վաղը առտու ես քեզի կհանդիպիմ։

− Խոսք կուտա՞ս։

− Կուտամ, էֆենտիմ, կուտամ, անհո՛գ եղիր։

− Հատկապես պիտի սպասեմ։

− Սպասե՜, անպատճառ պիտի գամ, հանրագրությունն ալ հետս կբերեմ, դուն ալ կազատիս, ես ալ։

Թորգոմ մեկնեցավ ու վերադարձավ տուն, շատ սրտաբեկ վիճակի մեջ։

Ճանիկի ընթացքը իրեն շատ տարօրինակ թված էր։ Ինք այնպես կենթադրեր, որ Ճանիկ ստորագրություն հավաքելու զբաղած էր, մինչդեռ սրճարանը նստած թուղթ կխաղար։

− Գոնե 70-80 ստորագրություն հավաքած ըլլար, ես ալ իմ կողմես 30-40 հատ կհավաքեի ու գործը կլմննար,− մտածեց։

Եվ սակայն հետևյալ առտու Ճանիկ չերևցավ և այս պատճառավ ալ ավելի Թորգոմի մտատանջությունը ավելցավ։

Մինչև իրիկուն թաղին մեջ իզուր փնտռեց զայն։ Ոչ ոք կրցավ տեղեկություն մը տալ իր մասին։

− Ուրիշ տեղ մը գացած ըլլալու է, ըսին մեկ քանիները։

− Թերևս Գարթալ գացած է, երբեմն հոն կերթա, քանի մը շաբաթ կմնա, կարծեմ եղբայր ունի այնտեղ,– հավաստեց մեկը։

− Մագրի գյուղ քրոջը գացած է գուցե,– ըսավ ուրիշ մը։

Բոլոր այս բացատրությունները ուրիշ արդյունք մը չունեցան՝ այլ եթե Թորգոմի մտատանջությունը ավելցնել։

Իրիկունը ուշ ատեն թաղեցի մը եկավ գտավ ուսուցիչը և ըսավ.

− Ճանիկ մեջտեղ ելավ, աչքդ լույս։

− Ո՞ւր է,– գոչեց Թորգոմ ուրախությամբ։

− Միչոյին գինետունը օղի կխմե կոր։

Թորգոմ իսկույն փութաց ցույց տված սրճարանը։ Արդարև Ճանիկ հոն էր, սեղանի մը քով և բարեկամի մը հետ կճնկեր։

Թորգոմ մոտեցավ իրեն։

− Բարև Ճանիկ աղա,− ըսավ ձայնը բարձրացնելով։

Մյուսը գլուխը վեր առավ և ուսուցիչը տեսնելով ըսավ.

− Աղեկ որ եկար, նստե՛ տեսնենք։

Ուսուցիչը տեղավորվեցավ աթոռի մը վրա։

− Երեկ առտու քեզի սպասեցի չեկար,− ըսավ։

− Ինչպես գայի,− գոչեց Ճանիկ,− ինչպես գայի…

− Ի՞նչ եղավ որ,− հարցուց Թորգոմ։

− Քիչ մնաց գլուխս պիտի պատռեր։

− Որո՞ւ գլուխը։

− Կեցիր որ պատմեմ, նախ օղի մը խմե տեսնենք։

− Կխմեմ, շնորհակալ եմ։

− Վա՜յ շունշանորդի, ասանկ բան գլխուս չէր եկած բնավ։

− Ի՞նչ պատահեցավ տեսնենք… բայց նախ սա մեր հանրագրությունը ի՞նչ եղավ։

− Խնդիրը ճիշտ ատոր վրա է։ − Քո՞վդ է։

− Կեցիր, որ պատմեմ, ինչ անհամբեր մարդ ես, սա օղիդ խմե մեյ մը։

Ուսուցիչը ստիպվեցավ գավաթը պարպել, որպեսզի Ճանիկ ժամ մը առաջ իր բացատրությունը սկսի։

− Ծո՜, վա՜յ անպիտան մարդ,− գոչեց Ճանիկ,− երբեք մտքես չէր անցներ, որ ասանկ ապուշություն մը պիտի ընե։

− Որո՞ւ կակնարկես կոր,− հարցուց Թորգոմ։

− Խմե նայինք,− պատասխանեց Ճանիկ,− բարկութենես այս իրիկուն ինքզինքս խմելու տվի։

− Բայց դեռ չհասկցանք, թե խնդիրը ի՞նչ բանի վրա է,− ըսավ ուսուցիչը։

− Յոթը մեճիտիե ալ համրած չըլլամ իրեն,− շարունակեց Ճանիկ։

− Բայց որո՞ւ վրա է խոսքդ։

− Ճանըմ, քեզի չըսի՞ որ հանրագրությունը մեկու մը հանձնած էի, որ 30-40 ստորագրություն հավաքե։

− Այո՛, ըսիր և ճիշտ ատոր համար ալ եկա տեղեկություն առնելու։

− Ատոր համար 142 ղրուշ համրեցինք իրեն։

− Այդ ալ գիտեմ։

− Հարկավ գիտես, քանի որ դրամը դուն տվիր։

− Է՛յ, հետո ի՞նչ եղավ։

− Այս առտու մարդը ելավ եկավ…

− Աղեկ ուրեմն,− ընդմիջեց Թորգոմ,− կհուսամ հանրագրությունը հետը բերավ և քեզի հանձնեց։

− Մտիկ ըրե, եղբայր, բայց նախ սա գավաթը պարպե… այս առտվան պես տակավին կյանքիս մեջ բարկացած չունեի։ Քովս եկավ թե չէ «սա հանրագրությունը տուր նայիմ» պոռացի։ Ի՞նչ պատասխան տա նե կհավնիս․․․

− «Դեռ չեմ լմնցուցեր ստորագրելու գործողությունը»։

− Իցիվ թե այնպես ըլլար… «հանրագրությունը քովս չէ» չըսե՞ մի… «էյ ի՞նչ եղավ», հարցուցի, «Պատռեցին» պատասխանեց…

− Պատռեցի՞ն մի,– պոռաց Թորգոմ տեղեն ցատկելով։

− Ասիկա լսելուս պես,– շարունակեց Ճանիկ,– ինչ ըլլալս չգիտցա, ականջներուս չուզեցի հավատալ… − Բայց ինչպե՞ս կպատռեն հանրագրությունը,− գոչեց խեղճ ուսուցիչը, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Մտիկ ըրե։ Մարդը հանրագրությունը կառնե և իր խոստումին համեմատ կսկսի ծանոթներուն ստորագրել տալ և կհաջողի 20 ստորագրություն ևս ավելցնել իմ հավաքած 60 ստորագրություններուս վրա։ Սրճարանի մը մեջ է եղեր և նոր մեկու մըն ալ ստորագրել կուտա կոր եղեր, երբ անծանոթ մարդ մը ներս կմտնե, կուգա հանրագրությունը կառնե «մեյ մըն ալ ես կարդամ» ըսելով և ահա, հանկարծ բարկությամբ կտոր-կտոր կպատռե, կարգ մը հայհոյանքներ ուղղելով քեզի…

− Ո՞վ է եղեր այդ թշվառականը,− գոչեց Թորգոմ։

− Չեմ գիտեր, եղբա՜յր, բայց ետևեն պիտի իյնամ ու պիտի գտնամ… թող առնելիքը ըլլա…

− Ի՞նչ օգուտ հանրագրությունը պատռելե ետքը…

− Գոնե վրեժնիս լուծենք։

Վրեժխնդրական այս ծրագիրը շատ չժպտեցավ պրն. Թորգոմին, որ չէր կրնար մխիթարվիլ այս պատահած փորձանքեն։

− Հատ մըն ալ խմե,− թելադրեց Ճանիկ։

− Այսպե՞ս կկատարես խոստումդ,− ըսավ ուսուցիչը հանդիմանական շեշտով մը,− հույսս քու վրադ դրած էի և ի փոխարեն ինչ դրամ որ ուզեցիր՝ ճարեցի ու հիմակ, ոչ թե ստորագրություններ ձեռք չանցան, այլ հանրագրությունն ալ մեջտեղեն անհայտացավ։

− Ես հանցանք ունի՞մ, հանցանքը այն ավանակինն է, որ թուղթը չճանչցած մարդուն ձեռքը տվեր է։

− Ես թուղթը քեզի հանձնեցի՝ հետևաբար քեզ կճանչնամ, իբրև եղածին պատասխանատու։

− Դուն ալ իրավունք ունիս,− խոստովանեցավ Ճանիկ,− բայց ես գործը ավելի շուտ հաջողցնելու համար հանրագրությունը այդ մարդուն տվի… Ինչ որ է, ալ կարճ կապենք, եղածը եղած է, ճար չի կա։ Հիմա պետք է դարմանին վրա մտածենք։

− Ի՞նչ դարման…

− Ճանըմ, դուն ալ շատ թոհաֆ մարդ ես, հանրագրությունը պատռեր է եղեր, ինչ ընենք, ուրիշ մը կգրես, լմնցավ գնաց, քսան փարայի թղթին վրա է խնդիրը։

Լույսի նշույլ մը փայլեցավ ուսուցչին աչքերուն մեջ։ − Գրելը դյուրին է,− ըսավ, պարունակությունը գրեթե գոց գիտեմ… կես ժամվան գործ է։

− Տեսա՞ր մի,− գոչեց Ճանիկ ուրախությամբ,− ի՞նչ կմտածես կոր… խմե՜ նայինք։

− Միայն թե պիտի կրնա՞ս շուտ մը կրկին ստորագրել տալ։

− Ատ գործը ինծի ձգե… դուն փարայեն խապար տուր։

− Ի՞նչ փարա,− հարցուց Թորգոմ զարմացած։

− Առանց փարայի կրնա՞նք ստորագրություն հավաքել․․․ քեզի ամեն բան բացատրած եմ առաջվնե… զարմանալի մարդ ես, անանկ մը կխոսիս, որ իբր թե բանե մը տեղեկություն չունիս… քեզի մեկիկ մեկիկ չըսի՞, որ ստակ պետք է և թե քու այդ ստակը ինչ բանի պիտի գործածեմ։

− Այո՛, բայց անգամ մը տվինք դրամը։

− Անոնք ալ անգամ մը ստորագրեցին… Հիմա քանի որ նորեն պիտի ստորագրեն, պետք է որ իրենց համար նորեն ծախք ընենք, ասիկա շատ բնական բան է։

Էոյլե յա, էոյլե յա,− հաստատեց Ճանիկի քով նստողը, որ մինչև այն ատեն լուռ նստած էր։

Ճանիկ այդ մարդուն դարձավ և ժպտուն դեմքով մը ըսավ․

− Մեր վարժապետը շատ աղեկ տղա է, ամմա քիչ մը միամիտ է, գործնական ոգի չունի։

− Բայց եղբայր, ես հիմա կրկին 3-400 ղրուշ փարա պիտի՞ տամ,− գոչեց Թորգոմ։

− Բնականաբար․․․

− Քեզի բան մը ըսե՞մ, այդ հանրագրութենեն ես հրաժարեցա…

− Այդ ալ քու գիտնալիք բանդ է։

− Միայն թե եղած վնասը կես առ կես բաժնենք։

− Ի՞նչ ըսել կուզես,− հարցուց Ճանիկ զարմացած։

− Քեզի 350 ղրուշ չտվի՞…

− Այո՛, տվիր։

− Այդ գումարին գոնե կեսը ինծի վերադարձուր։

Ճանիկի կողմե մեծաշռինդ քահ-քահ մը պատասխանեց այս խոսքին։

− Ինչո՞ւ կծիծաղիս,− հարցուց ուսուցիչը։ Ճանիկ տակավին կարող չէր իր ծիծաղը զսպել, խնդալով հանդերձ, պոռաց սպասավորին.

Ալեքո, շա շիշեի տոլտուր։

Հետո երբ հանդարտեցավ՝ Թորգոմին դարձավ և ըսավ։

− Իրավ շատ թոհաֆ մարդ ես եղեր։

− Ինչո՞ւ համար…

− Հիմա ինե 175 ղրո՞ւշ կուզես կոր․․․

− Կարծեմ նույնիսկ ամբողջ գումարը պահանջելու իրավունք ունիմ, քանի որ գործ մը չէ տեսնված։

− Ժամ մըն է քեզի բացատրեցի եղածը․․․ գործը շատ աղեկ տեսնված է, միայն թե հետո անակնկալ կերպով խանգարված է։

− Ատիկա իմ գիտնալիք բանս չէ։

− Կուզես գիտցիր, կուզես մի գիտնար։

− Ես դրամս ետ կպահանջեմ։

− Դուն սըտեղեն մեճիտիե մը կրնա՞ս տալ հիմա։

− Կատակի ժամանակ չէ,− գոչեց Թորգոմ բարկութենեն կարմրած։

− Կատակ չեմ ըներ կոր, լուրջ կխոսիմ։ Սըկե մեճիտիե մը տուր, սա օղիին հաշիվները մաքրենք… ողորմություն չեմ ուզեր կոր, պե՛, վաղը մյուս օր կվերադարձնեմ… Ալեքո, շիշեյի տոլտուր։

Ուսուցիչը հասկցավ, որ անօգուտ էր այդ դժնդակ տեսարանը շարունակել։ Սրտմտած ոտքի ելավ ու առավ քալեց, միտքը դնելով անգամ մըն ալ բարև չտալու Ճանիկին, մինչև այդ վերջինը զվարթ ձայնով մը կպոռար ետևեն։

− Վարժապետ, նորե՛ն տեսնվենք։

Ի

Մեր ընթերցողները բավական երկար ատեն պտտցուցինք տարաբախտ պրն. Թորգոմի հետ և անկեղծորեն ջանացինք, որ իր հանրագրությունը, որուն վրա այնքան հույսեր դրած էր, հաջողությամբ պսակվեր և սակայն Մեռոնսզ Ճանիկի միջամտությունը ամեն բան խանգարեց։

Հարկ է ըսել, որ Ճանիկ և ոչ մեկ ստորագրություն դնել տված էր հանրագրության ներքև և ինքն էր, որ պատռած ու մի կողմ նետած էր միամիտ ուսուցչեն 350 ղրուշ շորթելե ետքը։ Իրավ է, որ այդ դրամը օգուտ մը չէր ըրած իրեն և անոր մեծագույն մասը, եթե ոչ ամբողջությունը, կորսնցուցած էր թղթախաղի մեջ, որուն անդարմանալի մոլին էր այդ բախտախնդիր մարդը։

Հիմա կարծեք ժամանակը հասած է, որ դառնանք մեր իրական պատմության մյուս գլխավոր դերակատարներուն, որոնց հետքը կորսնցուցիք ժամանակե մը ի վեր։

Տիկին Սաթեն, Մարգար էֆ-ի կինը, հորմեհետե ամուսինը Ք․ գյուղի Առժամյա Թաղ. Խորհուրդին ատենապետը հռչակված էր, փառքի գագաթնակետը կգտնվեր։

Ոչ միայն եկեղեցիին մեջ առաջին տեղը կգրավեր և ավագերեցեն մինչև հետին տիրացուն իրեն հանդեպ պատկառոտ ակնածանքով մը կվարվեին, այլ նաև թաղի մեջ տեսակ մը հեղինակություն կվայելեր։

Ամեն անոնք, որոնք Թաղ․ Խորհուրդի հետ գործ մը ունեին, նախ կփութային իր աջակցության դիմել, որպեսզի բարեխոսե ամուսնույն քով և իրենց խնդրանքը հաջողցնե։

Վարժարանի մեջ պաշտոն փնտռող ուսուցիչներ և վարժուհիներ, հիվանդին ձրիաբար Ազգային Հիվանդանոց և զավակին որբանոց տեղավորելու հետամուտ թաղեցիներ, զավակնին որբանոց դնելու աշխատող սպասուհիներ, Աղքատախնամեն ամսական նպաստ ակնկալող չքավորներ ափ կառնեին Մարգար էֆ-ի տան դուռը և «հանըմը» տեսնել կուզեին։

Տիկին Սաթեն կընդուներ զանոնք կոկոզավիզ հպարտությամբ մը, խոստումներ կշռայլեր և հետո ճամփու կդներ։

Օր մը այսպիսի խնդրարկու մը հազիվ ճամփու դրած էր, երբ իր բարեկամուհի տիկին Նվարդ ներս մտավ։

− Օ՜ֆ,− հառաչեց տիկին Սաթեն,− աղեկ որ եկար, քիչ մը ժամանակ կանցնենք, ժամ մըն է, որ գլուխս տարան։

− Ի՞նչ կա նորեն։

− Սիրելիս, ամեն օր մեյ մեկ հոգի մեջտեղ կելլա, խնդիրք մը կհանե, ալ դիմացվելու բան չէ… բարով խերով Մարգար էֆ-ն թաղական Խորհուրդի ատենապետ չըլլար…

− Ի՞նչ վնաս ունի, դուն բարիք գործելը կսիրես։

− Այո՛, բայց վերջապես ամեն բանի համար իմ վրաս իյնալու չեն։ − Մասնավոր օր մը որոշե և այդ օրը միայն ընդունե դիմում ընողները։ Այն ատեն գոնե շաբաթը անգամ մը քեզ կձանձրացնեն։

− Իրավունք ունիս, շատ աղեկ մտածեցիր։

− Օրինակի համար՝ երկուշաբթի օրերը։

− Այո՛, երկուշաբթին ամենեն հարմարն է։

− Ուրեմն ես ալ երթամ ու երկուշաբթի օրը գամ,− ըսավ տիկին Նվարդ խնդալով ու մեկնումի կեղծ շարժում մը ընելով։

− Ինչո՞ւ համար,– հարցուց Սաթեն։

− Որովհետև ես ալ այսօր խնդիրքի մը համար եկած եմ քեզ տեսնելու։

− Չեմ հասկնար, ինչ խնդիրքի կակնարկես, բայց ապահովաբար Թաղ. Խորհուրդի հետ կապակցություն չունի։

− Ընդհակառակը, գործս Թաղ. Խորհուրդի ձեռքով կրնա լմննալ։

− Բայց քու էրիկդ ալ թաղական է, ինչո՞ւ անոր չես ըսեր։

− Անանկ բան մըն է, որ անոր չեմ կրնար ըսել, նույնիսկ չեմ ուզեր, որ ինք իմանա բուն իրողությունը… դուն քու կողմեդ պիտի ընես ամեն բան և ես բնավ չպիտի երևամ մեջտեղը։

− Այս ի՜նչ զարմանալի ու խորհրդավոր գործ է,− գոչեց տիկին Սաթեն,− շիտակը զիս կհետաքրքրես կոր… պատմե՛ տեսնենք։

− Նախ խոսք տուր, որ խնդիրս չպիտի մերժես,− ըսավ տիկ․ Նվարդ խնդալով։

− Եթե ըլլալիք բան է, ինչո՞ւ մերժեմ։

− Շատ դյուրավ ըլլալիք գործ է, միայն թե պետք է որ Մարգար էֆենտիին հատկապես խոսիս և ստիպես, որ ընե։

− Ըլլալիքը ի՞նչ է…

− Թաղական Խորհուրդին կողմե թուղթ մը պիտի գրվի, աս է ամենքը, կտեսնաս, որ գործը էրկանդ ձեռքով կլմննա։

− Շատ աղեկ, սիրելի՛ս, բացատրե տեսնենք։

− Բայց խոստացիր, որ ամեն ջանք պիտի թափես…

− Կխոստանամ, աղվորս,− պատասխանեց Սաթեն,− ուրիշներուն համար ըրածս քեզի համար պիտի մերժե՞մ։

− Խոսք տուր նաև որ ըսելիքներս մեր մեջ պիտի մնան։ − Աս ինչ խորհրդավոր ձևեր, կխոստանամ, միայն թե շուտ խոսե՛, համբերությունս սպառեցավ։

− Լա՛վ, ահա պատմեմ։ Մորաքույրս կճանչնա՞ս… Էլպիս հանըմը։

− Չեմ հիշեր կոր, ձեզի շատ կուգա՞։

− Ընդհակառակը, բնավ չի գար, Խաս գյուղ կնստի։

− Անանկ է նե՝ չեմ տեսած․․․ արդեն առաջին անգամն է կարծեմ, որ մորաքրոջդ խոսքը կլսեմ կոր։

− Իրավունք ունիս, իր մասին խոսելու առիթ չեմ ունեցած մինչև հիմա։ Ինչ որ է, մորաքույր մը ունիմ Խաս գյուղ, որ ամուսնացած է… էրիկը անպիտան մարդուն մեկն է, անոր համար հետը հարաբերություն չունինք։ Գիտես ա, երբեմն ընտանիքներու մեջ ասանկ անունի անպատվություն բերող մարդիկ կգտնվին։

− Անանկ է,− հաստատեց Սաթեն,− մենք ալ մեր մեջը անանկ մեկը ունինք։

− Ինչ որ է, չերկնցնեմ, ասկե քանի մը շաբաթ առաջ մարդը հիվանդ կիյնա, փեք աղեկնալու հույս չկա․․․ խեղճ մորաքույրս միս մինակ ինչպե՞ս նայի․․․ վերջապես մայրս և ես մտածեցինք թե հիվանդանոց դնելեն ուրիշ ճար չի կա, միայն թե, խնդիր մը կա․․․

− Ի՞նչ խնդիր։

− Այսինքն դժվարություն մը… կուզենք, որ ձրիաբար դնենք հիվանդանոց։

− Կարողություն չունի՞։

− Ճանըմ, քիչ մը կարողություն ունի՝ բայց վերջապես անբուժելի հիվանդության մը համար ամիսը 4-5 ոսկի տալը դժվար է, մանավանդ բժիշկը «ասանկ թերևս քանի մը տարի կապրի» կըսե կոր։ Ճիշտ ատոր համար խորհեցանք, որ ձրիաբար դնելու ճարը գտնենք։

− Աղե՛կ, բայց ես ի՞նչ կրնամ ընել, կամ Մարգար էֆ-ն ի՞նչ կրնա ընել, քանի որ մորաքրոջդ ամուսինը Խաս գյուղ կնստի, հոն տեղի Թաղ. Խորհուրդեն թուղթ մը առնելու է,− դիտել տվավ տիկին Սաթեն։

− Խաս գյուղեն անկարելի է թուղթ առնել,− պատասխանեց տիկին Նվարդ։

− Ւնչո՞ւ համար։

− Որովհետև հոնտեղի Թաղ. Խորհուրդը չքավորության վկայագիր չպիտի ուզե տալ, քանի որ իրենց կարողությունը գիտե, գյուղին մեջ քանի մը տուն ունին…

− Էյ, ի՞նչ կուզես, որ ընե Մարգար էֆ-ն։

− Շատ պարզ բան մը,− պատասխանեց Նվարդը,− իբր թե հիվանդը այս թաղեն կըլլա ու այստեղի Թաղ. Խորհուրդը կվկայե անոր չքավորությունը։

− Աղեկ, բայց եթե գործը երևան ելլե՞․․․

− Ինչպե՞ս կարելի է, ո՞վ պիտի քննե և ճշմարտությունը երևան հանե… խնդիրը մեյ մը հիվանդը հիվանդանոցին մեջ տեղավորելու վրա է, ալ անկե ետքը ոչ ոք անոր հետ կզբաղի։

− Չեմ գիտեր, բայց շատ կնճռոտ գործ մը կերևա կոր ըսածդ,− պատասխանեց տիկին Սաթեն վարանոտ դեմքով մը։

− Ամեն բան Մարգար էֆենտիին ձեռքն է,– վճռեց տիկին Նվարդ,− Թաղ. Խորհուրդի քարտուղարին հրաման ընելուն պես թուղթը կգրե, ինքն ալ իբրև ատենապետ կստորագրե, կկնքե, լմնցավ գնաց։

− Բայց մյուս թաղականները դիտողություն չե՞ն ըներ։

− Անոնք իմանալու պետք չունին, ասիկա վիճաբանության դրվելու խնդիր մը չէ, այլ պարզ գործողություն մը, ես քիչ շատ գիտեմ այդ բաները, սիրելի Սաթեն, ամեն բան քու ձեռքդ է, ես գիտեմ, որ Մարգար էֆ-ն քու խոսքդ չկոտրեր, մանավանդ երբ որ քիչ մը վրա տաս… կաղաչեմ, կպաղատիմ, այս խնդիրքս չպիտի մերժես։

− Սիրելիս, գիտես որ ձեռքես եկած ծառայությունը չեմ մերժեր քեզի… բայց միտքս բան մը ինկավ, տրվելիք վկայագրին տակ ատենադպիրին անունն ալ պիտի գտնվի, և ատենադպիրը քու էրիկդ է, հետևաբար իրողությունը պիտի իմանա, մինչդեռ դուն կըսեիր, թե չես ուզեր, որ Միհրան էֆ-ն իմանա։

− Ճանըմ, վասն ատենադպիրի թող ուրիշ թաղական մը ստորագրե, այդ խնդիր չէ։

− Այս դժվարությունն ալ կարգադրեցիր,− պատասխանեց տիկին Սաթեն խնդալով,− լավ ուրեմն, այս իրիկուն կխոսիմ էրկանս, վստահ եղիր։

− Եվ անպատճառ վկայականը պատրաստել կուտաս։

− Եթե կարելի ըլլա…

− Պետք է որ բոլոր ջանքդ թափես։

− Կխոստանամ, սիրելիս։ − Շնորհակալ եմ, շատ մեծ ծառայություն մը մատուցած պիտի ըլլաս ինծի։

− Բան մը չէ, միայն թե…

− Դեռ ի՞նչ մնաց։

− Միայն թե,− պատասխանեց տիկին Սաթեն,− չեմ գիտեր, որ Մարգար էֆ. պիտի հավնի՞ այսպիսի կեղծ վկայական մը տալ իր ստորագրության ներքև… գիտես, որ թաղին մեջ հակառակորդներ ունի, որոնք առիթի մը կսպասեն իր վրա հարձակվելու համար։

− Կեղծ վկայականի խնդիր չկա մեջտեղը,− դիտել տվավ տիկին Նվարդ։

− Ինչպե՞ս,− գոչեց Սաթեն,− այդ պայմաններու ներքև տրված վկայականը կեղծ չէ՞։

− Ատոր կեղծ ըլլալը ես ու դուն միայն պիտի գիտնանք։

− Ինչպես,− գոչեց տիկին Սաթեն զարմացած,− իրողությունը չպիտի՞ հայտնեմ Մարգար էֆ-ին։

− Պետք չկա, սիրելիս, ինչո՞ւ ըսենք, որ իր տալիք թուղթը կեղծ պիտի ըլլա և պարապ տեղը դժվարություններ ստեղծենք։

− Շիտակը ես չեմ կրնար կոր այս խնդրին մեջեն ելլել,− խոստովանեցավ տիկին Սաթեն։

− Ես ամեն բան նախապես պատրաստած եմ, այնպես մը, որ ոչ ոք կրնա կասկածի երթալ, դուն միայն ճիշտ ու ճիշտ իմ տալիք խորհուրդիս համեմատ շարժե։

− Միտքդ բացատրե տեսնենք։

− Իբր թե այս թաղին մեջ պառավ ու աղքատ կին մը կա եղեր, որ ատենոք ձեր տանը սպասուհի կամ տուտու եղած է, և հիվանդն ալ այդ կնոջ ամուսինն է։ Այդ պառավը եկած քեզի աղաչած կըլլա և դուն ալ հանձն առած կըլլաս իր խնդիրը կատարել։ Այս կերպով Մարգար էֆ. երբեք չկրնար կասկածիլ, թե գործին մեջ կեղծարարություն կա։

− Այս ինչ վարպետություններ մտածեր ես,− գոչեց տիկին Սաթեն իր բարեկամուհիին հնարամտության վրա հիացած։

− Այս հնարքս աղեկ չէ՞։

− Հրաշալի։

− Ուրեմն գործը եղավ։

− Այո՛, այո՛, ապահով եղիր, այս իրիկուն անպատճառ կխոսիմ տուն գալուն պես։ − Եվ վաղը առտու վկայագիրը ստորագրված ու կնքված ինծի կհանձնես։

− Կհուսամ,− պատասխանեց տիկին Սաթեն։

− «Կհուսամը» բավական չէ, ապահով խոսք կուզեմ։

− Սիրելիս, թերևս անակնկալ դժվարություն մը մեջտեղ կելլա․․․ ես ինչ գիտնամ։

− Դուն եթե կամք ընես, կրնաս հաջողցնել, ես վստահ եմ ատոր։

Եվ տիկին Նվարդ այնքան ստիպեց, որ իր բարեկամուհին կրկին ու կրկին խոստացավ ամեն միջոց գործածել իր ամուսինը համոզելու համար։

− Կնոջ անունը Մարթա է, իսկ հիվանդին անունը Գալուստ. Գալուստ Սիսակյան, աղեկ միտքդ պահե։

− Կեցի՛ր, թուղթի մը վրա գրեմ,− ըսավ Սաթեն և այդ երկու անունները նշանակեց։ Հետո գրեց նաև անոնց տարիքը և ուրիշ մեկ քանի անհրաժեշտ ծանոթություններ։

Երբ բոլոր այս գործողությունները լմնցան՝ Մարգար էֆենտիի կինը հարցուց.

− Բայց սիրելիս, ինչո՞ւ գործը կուզես գաղտնի պահել Միհրանիկ էֆ-են։

− Որովհետև ինք պիտի հակառակի,− բացատրեց տիկին Նվարդ,− և պիտի ստիպե, որ ամսականով հիվանդանոց դրվի, քանի որ մորաքույրս քիչ շատ կարողություն ունի…

Տիկին Նվարդ մեկնեցավ, հետևյալ օրը անպատճառ գալու պայմանով։

Իրիկունը կերակուրեն ետքը, երբ Մարգար էֆ. և իր կինը առանձնացան իրենց սենյակը, տիկին Սաթեն ըսավ.

− Այսօր սիրտս այնքան գեշ եղավ, որ չեմ կրնար պատմել։

− Ի՞նչ եղավ,− պատասխանեց Մարգար էֆ. անտարբեր շեշտով մը։

− Սեղանին վրա չդիտեցի՞ր, կերակուր ալ չկրցա ուտել, ախորժակ չունեի։

− Չդիտեցի,− պատասխանեց ամուսինը։

− Ջիղերս բոլոր թունդ ելած են, հիվանդի պես բան մըն եմ։

− Բայց ի՞նչ պատահեցավ,− գոչեց Մարգար էֆենտի անհամբեր։ − Շատ հուզվեցա…

− Կռի՞վ ըրիր, մեկու մը դե՞մ բարկացար։

− Չէ՛ ճանըմ, որո՞ւ հետ կռիվ պիտի ընեմ։

− Ուրեմն ի՞նչ եղավ…

− Մարգար էֆ., տեսնա՜ս, ի՜նչ խեղճություն, ի՜նչ թշվառություն, սիրտդ կտոր-կտոր կըլլա։

− Ո՞վ, որո՞ւ համար կխոսիս…

− Մարթային մասին․․․

− Մարթան ո՞վ է։

− Չես ճանչնար, կեցի՛ր որ բացատրեմ, Մարթա ըսածս մեր տունը ատենոք սպասուհի էր, իր ձեռքը մեծցած եմ… այս թաղը կնստի եղեր, չէի գիտեր։ Այսօր հանկարծ ելավ, եկավ։

− Էյ, ի՞նչ պատահեր է իրեն։

− Ինչ պիտի ըլլա, էրիկը մեկեն ի մեկ հիվանդ ընկեր է, բժիշկ բերեր են, նայեր, ըսեր է, որ աղեկնալիք բան չէ, բայց չի ալ մեռնիր, կքաշե…

− Ամենուն ալ կրնա պատահիլ ատանկ բաներ։

− Մարթան ըսես, ավուր հացի կարոտ, թշվառության մեջ, ինչ ընելիքը չիյտե կոր, ալ այնչափ լացավ, այնչափ լացավ, որ սիրտս չդիմացավ, շատ գեշ եղա։

− Քիչ մը դրամ տայիր,− ըսավ Մարգար էֆ. միշտ անտարբեր։

− Քանի մը ղուրուշ տվի, բայց ինչ օգուտ ունի, անոր ուզածը ուրիշ բան է… ալ ոտքերս ինկավ, այնքան աղաչեց, որ խոսք տվի խնդիրը կատարելու։

− Կուզե կոր որ Աղքատախնամեն ամսակա՞ն մը կապվի։

− Չէ՛,− պատասխանեց տիկին Սաթեն,− կուզե կոր, որ իր հիվանդ էրիկը հիվանդանոց գրվի։

− Հիմա հասկցա խնդիրը,− պատասխանեց Մարգար էֆենտի,− Թաղական Խորհուրդեն իր չքավորությունը հաստատող թուղթի մը պետք ունի։

− Ճիշտ գուշակեցի՛ր… աման, այդ թուղթը վաղը առտու պատրաստել տուր, սա կնկանը ձեռքեն ազատիմ, վաղը պիտի գա, խոսք տուր որ անպատճառ կըլլա։

− Ճանըմ, քանի որ աղքատ է՝ վկայական մը կգրենք, կուտանք, այդ դյուրին է, բայց նախ մեկ քանի ձևակերպություններ կան ըլլալիք, ուստի քանի մը օրեն թող գա թուղթը առնելու։ − Ի՞նչ ձևակերպություն,− հարցուց տիկին Սաթեն մտահոգ դեմքով մը։

− Մենե մեկը պիտի երթա քննության կատարե ու իր չքավորությունը հաստատե։

− Ճանըմ, ես կճանչնամ զիրենք, իմ վկայությունս բավական չէ՞…

− Չէ՛,− ըսավ ամուսինը կտրուկ կերպով։

− Է, դուն վկայե, որ աղքատ է, լմնցավ գնաց, քու խոսքդ ո՞վ կասկածի կրնա ենթարկել։

− Օրինավորությունը կպահանջե, որ թաղականներեն մեկը երթա, օրինավոր քննություն կատարե։ Այդչափ աճապարելու պետք չկա, թող քանի մը օր համբերե։ Դուն իրենց հասցեն տուր ինծի, ես վաղը մեկը կղրկեմ… Միհրանիկ էֆ-ին կըսեմ, թող ան երթա։

− Միհրանիկ էֆենտին, անկարելի բան,− գոչեց տիկին Սաթեն հուզված։− Ճանըմ, քննության պետք չկա, ես գիտեմ որ աղքատ է,− պնդեց տիկին Սաթեն…− ասկե զատ հասցեն չեմ գիտեր…

− Ժամեն կհասկնանք…

− Օֆ, Մարգար էֆենտի, նեղություն կուգա կոր վրաս, սա գործը լմնցուր երթա․ թող այս անգամ ալ առանց ձևականության ըլլա… կարծես ամեն գործերնիդ շատ օրինավոր է տե՛…

− Բայց չեմ հասկնար, որ ինչու քննության կհակառակիս կոր։

− Պարապ տեղը ժամանակ պիտի անցնի, խեղճ կինը կարողություն չունի… ավուր հացի կարոտ է, կըսեմ կոր… վաղը առտու այս գործը լմննալու է։

− Բայց, կնիկ, հիվանդանոցի հոգաբարձութենեն մեզի խիստ պատվեր եկած է, որ լավ քննությամբ չքավորությունը հաստատելե ետքը վկայագիր տանք…

− Ճանըմ, անոնք ի՞նչ գիտեն թե քննությունը կատարեր եք թե ոչ։

− Ան տեղ Օհան էֆենտի մը կա, որ դյուրավ մանթար չի կլլեր։

− Օհան էֆ-ն ո՞վ է։

− Հոգաբարձու Օհան էֆ. Ներսեսյանը… անիկա մեր թուղթովը չպիտի բավականանա, ինքն ալ իր կողմե քննություն պիտի կատարե և եթե պզտիկ մնանք, ի՞նչ պիտի ընենք։

− Պարապ խոսքեր, մինչ հոս պիտի գար տե քննություն պիտի ըներ… պարզապես խոսքս կոտրելու համար դժվարություններ կստեղծես կոր…

− Ինչո՞ւ խոսքդ կոտրեմ, ե՞րբ բան մը ըսեր ես տե, չեմ կատարեր։ Չեմ ըներ կոր չէ, միայն թե օրինավորության սահմանին մեջ կուզեմ գործել։

− Խեղճ կնկանը քովը պզտիկ պիտի մնամ վաղը։

− Պզտիկ մնալու բան չկա։

− Պատվույս վրա խոսք տվի, որ թուղթը վաղը պատրաստ պիտի ըլլա…

− Երկու օր վերջը թող ըլլա․․․

− Աղջկանս գլխուն վրա երդում ըրի… արդեն միշտ կնայիս որ ամենուն քովը զիս խաղք ընես… առտըվնե ի վեր կրած հուզումներս բավական չէր, հիմակ ալ դուն կչարչարես կոր զիս…

Եվ տիկին Սաթեն սկսավ լալ, ջղաձգորեն ուսերը թոթվելով։

Մարգար էֆ. ստիպվեցավ խոստանալ իր կնոջ հետևյալ առտու վկայագիրը պատրաստելու՝ առանց քննության, տիկին Սաթեն հանդարտեցավ, արցունքները սրբեց և ըսավ.

− Հեմ կուզեմ, որ այս վկայականին տրվիլը մարդ չիմանա։

− Լրագիրներուն մեջ ծանուցում ընելու չենք ա… փեք-փեք թաղականները պիտի իմանան։

− Չէ՛, անոնք ալ իմանալու չեն։

− Գոնե Միհրանիկ էֆ. իբրև ատենադպիր պիտի իմանա, ինքն ալ պիտի ստորագրե։

− Չէ՛, Միհրանիկ էֆենտին բնավ իմանալու չէ,− գոչեց տիկին Սաթեն։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Մարգար էֆենտի զարմացած։

Տիկին Սաթեն անմիջապես չպատասխանեց, համոզիչ պատճառ մը կփնտռեր մտովի, առարկությունը արդարացնելու համար։

− Զարմանալի բան մը եղեր ես այս իրիկուն,− դիտել տվավ Մարգար էֆ.− ինչո՞ւ չես ուզեր, որ Միհրանիկ էֆ-ն իմանա վկայական մը տրված ըլլալը։

− Պետք չէ որ իմանա, կըսեմ կոր,− պնդեց տիկին Սաթեն։

− Աղեկ, բայց պատճա՞ռը․․․

− Արժանապատվությանս կդպչի,− գոչեց Սաթեն։

− Առ քեզի նոր այլանդակություն մըն ալ,− պատասխանեց ամուսինը։

− Ոչ թե միայն իմ՝ այլ քու ալ արժանապատվությանդ կդպչի։

Մարգար էֆ. սկսավ քահ-քահ խնդալ։

− Խնդալու բան չկա,– գոչեց տիկին Սաթեն բարկությամբ,− չըսի քեզի, որ Մարթան ատենոք մեր տունը սպասուհի եղած էր։

− Ըսի՛ր, է՜յ ատկե ի՞նչ կելլա։

− Չեմ ուզեր, որ իմացվի, թե մեր նախկին սպասուհիին ամուսինը ձրիաբար հիվանդանոց դրեր ենք։

− Միհրանիկ էֆ. ի՞նչ գիտե, որ Մարթան ձեր քովը սպասուհի եղած է։

− Չգիտեր, բայց բերնե բերան կիմցվի։

− Խենթ խոսքեր։

− Եթե Միհրանիկ էֆ-ն անպատճառ պիտի ստորագրե՝ չեմ ուզեր, վազ անցա… արդեն կտեսնեմ կոր ինծի դեմ թշնամություն մը ունիս այս գիշեր…

− Խենթ խոսքեր մի ըներ…

− Արդեն ժամանակե մը ի վեր ընթացք բռնած ես ինծի հանդեպ․․․

Մարգար էֆ. չպատասխանեց։

− Օտարականի մը պես կվարվիս կոր հետս։

Մարգար էֆ. կրկին լուռ մնաց։

− Շունի չափ արժեք չունիմ աչքիդ առջև։

Մարգար էֆ. լռությունը շարունակեց։

− Պատճառն ալ կգուշակեմ կոր… ուրիշ կնկան խելք տված ես․․․ ինչ դժբախտ կնիկ եմ եղեր…

Եվ տիկին Սաթեն կրկին լալ սկսավ, Մարգար էֆ. անհամբեր կերպով մը սենյակին մեջ ժուռ գալ սկսավ, իր սիկարեթը քաշելով։ Տիկինին հեծկլտուքը հետզհետե կավելնար։ − Տղա մի՛ ըլլար,− գոչեց վաճառականը,– պարապ տեղը ինքզինքդ հիվանդ պիտի ընես։

− Դուն ես պատճառը, եթե հիվանդ ըլլամ,– հեծկլտաց տիկին Սաթեն։

− Սուս եղիր, վազ անցանք, ուզածդ կընենք,− գոչեց ամուսինը։

− Վաղը առտու անպատճառ… Մարդ չպիտի իմանա։

− Չէ՛ մարդ չպիտի իմանա։

− Մանավանդ Միհրանիկ էֆ-ն։

− Մանավանդ Միհրանիկ էֆենտին,− կրկնեց վաճառականը։

Տիկին Սաթեն հանդարտեցավ։ Հաղթանակը տարած էր։

Հետևյալ առտու կանուխ՝ տիկին Սաթեն իր պահանջումը կրկնեց և ըսավ.

− Քեզի խորհուրդ մը տա՞մ, փոխանակ խորհրդարան երթալու և հոն գրելու վկայականը, լուր ղրկե և հոս բերել տուր քարտուղարը։

− Ատիկա աղեկ խելք ըրիր,− պատասխանեց Մարգար էֆենտի։

Տիկին Սաթեն այս հավանութենեն քաջալերված՝ իսկույն ծառան ղրկեց և տուն կանչել տվավ քարտուղարը, պատվիրելով նաև որ հետը բերե Թաղ. Խորհուրդի պաշտոնական նամակաթուղթը և կնիքը։

Կես ժամ ետքը վկայականը գրված ու կնքված էր:

− Դուն կրնաս երթալ,− ըսավ վաճառականը քարտուղարին։

Հետո իբրև ատենապետ թուղթը ստորագրեց և խոսքը կնոջը ուղղելով, հարցուց.

− Ատենադպիրին ստորագրությունը ի՞նչ պիտի ընենք։

− Աման Մարգար էֆ. դուն ալ պարապ բաները խնդիր կընես, ես վասն ատենադպիրի կստորագրեմ։

− Քու անունո՞վդ

− Չէ, ճանըմ, անճանաչելի անուն մը կդնեմ, լմնցավ գնաց։

− Բայց ատիկա զեղծարարություն կըլլա։

− Զեղծարարության ի՞նչ կա, սուտ պոնո չպիտի շինենք, փարա չպիտի առնենք ա… պարզապես խեղճ կնոջ մը բարիք պիտի ընենք։

− Աղեկ, բայց լավագույն չըլլա՞ր, որ Միհրանիկ էֆ-ի ստորագրել տանք։

− Անկարելի է, խոսք չե՞ս հասկնար։

− Հա՛, մոռցա, արժանապատվության խնդիրը կա… բայց գոնե ուրիշ թաղականի մը ստորագրել տանք։

− Մինակ քու ստորագրությամբդ ղրկենք նե չըլլա՞ր,− հարցուց տիկին Սաթեն։

Մարգար էֆենտի վայրկյան մը խորհեցավ և ըսավ։

− Կարծեմ կըլլա, ավելի աղեկ է անանկ ընել, քան կեղծ միջոցներու դիմել։

Վաճառականը մեկնեցավ, գոհ և ուրախ, որ օձիքը ազատած էր կնոջ ձեռքեն։

Երկու ժամ ետքը տիկին Նվարդ եկավ և անձկությամբ հարցուց, թե ինչ եղած էր իր գործը։

− Ահավասիկ ուզածդ,− պատասխանեց Սաթեն հաղթականորեն վկայականը բարեկամուհիին կարկառելով։

− Կեցցե՛ս,− գոչեց մյուսը և Սաթենի վիզը նետվելով այտերը համբուրեց։

− Դյուրի՞ն եղավ,– հարցուց։

− Մեկ խոսքիս վրա, անմիջապես կամքս կատարեց,− պատասխանեց Սաթեն։

− Սքանչելի տիպար ամուսին մը ունիս։

− Ինծի հաճույք պատճառելու համար բան մը չմերժեր։

− Շիտակը ես կվախենայի, որ չպիտի հաջողիս։

− Ես խոսք տված բանս կկատարեմ, որովհետե կարողությունս հասած բանին խոսք կուտամ։

− Ինչ որ է շատ շնորհակալ եմ, զիս մեծ մտմտուքե մը ազատեցիր, հիմա թուղթը անմիջապես Խաս գյուղ պիտի ուղարկեմ, որպեսզի այսօր իսկ հիվանդը տանին հանձնեն։

Այս ըսելով տիկին Նվարդ վկայականը բացավ և կարդաց.

− Աս ի՞նչ է,− գոչեց,− ատենադպիրի ստորագրություն չկա։

− Ի՞նչ ընենք, ատենադպիրը էրիկդ է և չուզեցիր, որ էրիկդ իմանա։

− Աղեկ, բայց վասն ատենադպիրի ստորագրություն մը դնելու է այստեղ։ − Մարգար էֆենտին ըսավ, որ չկա, իր անունը բավական է։

− Չէ՛, սիրելիս, կելլեն խնդիր կհանեն։

− Էյ հիմա ի՞նչ ընենք։

− Ատ դյուրին է, իբրև ատենադպիր էրկանս անունը կդնեմ, լմնցավ գնաց… գիրս կրնամ անոր գրին նմանցնել։

− Ես ատիկա մտածեցի, Մարգար էֆենտին չուզեց։

− Անոր բան մի ըսեր, թող անիկա նորեն չգիտնա։

− Ետքը փորձանք մը չի բանանք գլխունուս։

− Դուն հոգ մի ըներ։

Եվ Նվարդը գրիչը առնելով, իր որոշումը գործադրեց և հաղթականորեն ըսավ․

− Հիմա ամեն բան կարգի մտավ։

***

Քանի մը օր ետքը, կեսօրե վերջ ժամը 2-ին միջոցները հիվանդանոցի հոգաբարձու Օհան էֆ. Ներսեսյանը Մեծ Նոր Խանի սենյակը կմտներ։

− Էո՜ֆ,− ըսավ, թաշկինակովը ճակատը սրբելով,− բրինձն ու բաթաթեսը այսօր առի ղրկեցի․․․ երկու ամսվան կբավե։

− Երկու օր առաջ հիվանդ մը բերին, ղրկեցինք հիվանդանոց,− ըսավ գրագիրը։

− Ամսականավո՞ր․․․

− Չէ՛, ձրի։

− Ձրի՞ մի,– գոչեց Օհան էֆենտի բարկաճայթ,− ես չըսի որ ալ ասկե ետքը ձրի հիվանդ չենք կրնար ընդունիլ․․․ ծախքին տակեն չենք կրնար կոր ելլել, եղբա՛յր։

− Ասիկա շատ թշվառ, չքավոր մեկն է եղեր։

− Ինչ կուզե, թող ըլլա։

− Թաղական Խորհուրդեն ալ օրինավոր վկայական ունի։

− Խերն անիծեմ Թաղական Խորհուրդին ալ, վկայականին ալ։

− Չենք կրնար մերժել։

− Մեյ մը ինծի հարցնելու էիք։

− Ժամանակ չկար, հիվանդը կարելի չէր այստեղ սպասցնել։

− Ո՞ր թաղեն։ − Ք. թաղեն։

− Նայիմ սա վկայականը։

Գրագիրը տետրակին մեջեն հանեց վկայականը և տվավ Օհան էֆ-ին, որ զայն ուշադրությամբ կարդաց երկու անգամ։

Հանկարծ զարմանքի ու սրտմտության ձև մը առավ դեմքը։

− Գալուստ Սիսակյան,− մռլտաց ակռաներուն մեջեն,− Գալուստ Սիսակյան, ծո հա՛, ո տըր… վա՜յ շունշանորդի, չքավոր հե՞․․․ վայ էտեպսիզլեր… ձո քենե զենկին է…

− Կճանչնա՞ս զինքը,− հարցուց գրագիրը։

− Ի՞նչ ըսել է, մեր գյուղեն է,− գոչեց Օհան էֆենտի, որուն բարկությունը հետզհետե կավելնար։

− Գատը գյուղե՞ն…

− Չէ՛, ճանըմ, Խաս գյուղեն, իմ բուն ծննդավայրս Խաս գյուղն է․․․ ծո քանի մը հատ տուն ունին, ասկե զատ չարշըն ալ երկու խանութ ունին… էլ պու հեպսինի պաստըրտը, պու պենտե յոք տը

− Բայց վկայականը Ք. թաղեն տրված է,− դիտել տվավ գրագիրը։

− Սուտ է, էֆենտիմ, սուտ, մարդը ծնած օրեն Խաս գյուղեն չէ հեռացած, ամմա, որովհետև Խաս գյուղի Թաղ. Խորհուրդեն Գալուստին չքավորության վկայագիր չէին կրնար հանել տալ, Ք. Թաղեն հանել տվեր են… Ծո, ուրամմազտան Միհրան էֆ-ն ալ ստորագրեր է…

− Կարելի է մարդը խաբած են…

− Խաբա՞ծ են մի… խաբեբայությունը ընողը զաթը ատ էտեպսիզն է,− գոչեց Օհան էֆենտի,− ատ Գալուստ ըսածը, Միհրան էֆենտիին կնոջ մորաքրոջ էրիկն է…

− Տեղն ի տեղոք գիտեք կոր․․․

Սինսիլենին կճանչնամ…

Եվ այս առթիվ, Օհան էֆ. խոշոր հայհոյանք մը ուղղեց սինսիլեին հասցեին։

Եվ Օհան էֆ․ ուժգին շարժումով մը վկայականը առավ, գրպանը դրավ և հետո ժամացույցը նայեցավ։

− Ժամ 3−ը կուգա կոր ճիշտ ժամանակն է, Միհրան էֆ-ն գրասենյակը կըլլա․․․ Քառորդ ժամ ետքը կմտներ Միհրանիկ էֆ-ի գրասենյակը, մինչ այս վերջինը թիկնաթոռին մեջ ընկղմած, թերթ կարդալու զբաղած էր։

− Բարև՛, Միհրանի՛կ էֆենտի,− ըսավ հոգաբարձուն, մտերմական շեշտով մը։

− Աստծու բարին,− պատասխանեց Միհրան։

− Այսօր ցավակցություններս հայտնելու եկա,− ըսավ Օհան էֆենտին։

− Ի՞նչ բանի համար,− հարցուց վաճառականը զարմացած։

− Խեղճը մեր գյուղացին կսեպվի, որովհետև ես ալ Խաս գեղցի եմ, ինշալլահ անցավոր հիվանդություն է․․․

− Բայց որո՞ւ վրա կխոսիս։

− Ճանըմ, մեր Գալուստ աղային վրա… Սիսակյան Գալուստ աղան… պապա մարդ է…

− Հա, մեկեն ի մեկ հիվանդ ընկեր է, կինս անցած օր կըսեր կոր,− պատասխանեց Միհրան անտարբեր շեշտով մը։– Ուղուրսուզին մեկն էր արդեն հազիվ տարին քանի մը անգամ երեսը կտեսնեի… շիտակը սիրած մարդս չէր։

− Այո՛, գիտեմ որ իրարու հետ շատ բարեկամ չէիք,− պատասխանեց Օհան էֆենտի,– բայց ինչ որ է, ձեր ազգականն է։ Հիվանդությունը ի՞նչ է։

− Աղեկ մը չեմ գիտեր, անբուժելի է եղեր, բայց բժիշկը ըսեր է, որ դեռ երկար ատեն կրնա ապրիլ։

− Էյ, հոգ չէ,− պատասխանեց Օհան էֆ,− փառք Աստուծո, նյութական կարողությունը տեղն է։

− Այո՛, կարծեմ քանի մը կտոր կալված ունի,− ըսավ Միհրան էֆ․− այսինքն կինն է ունեցողը։

− Կնոջն է եղեր, իրն է եղեր, միևնույն բանը չէ՞․․․

− Այնպես է։

Միհրան էֆ. հայտնապես նեղություն կզգար այս խոսակցութենեն, որ վերջապես երևույթ չուներ։ Այդ Գալուստը իր բնավորությամբ, վարք ու բարքով անտանելի մեկը եղած էր, և երբեք իր ազգականներուն համակրության չէր արժանացած։

Օհան էֆ․ սակայն տակավին չէր ավարտած։ Սիկարեթ մը վառեց և ըսավ.

− Հիմա ո՞ւր է հիվանդը։ − Չեմ գիտեր… կարծեմ հիվանդանոց մը պիտի դնեին, կինս բաներ մը ըսավ, բայց միտքս չմնաց… շիտակը այդ մարդը զիս բնավ չհետաքրքրեր։

− Արդյոք ո՞ր հիվանդանոցը դնելու միտք ունին,− հարցուց Օհան էֆենտի։

− Աղբա՛ր, դուն ալ հիվանդանոցիդ համար հաճախո՞րդ ճարելու ելեր ես,– գոչեց Միհրան խնդալով։

− Չէ, հետաքրքրության համար կուզեմ հասկնալ։

− Իրավ որ չեմ գիտեր։

− Չե՞ս գիտեր,− գոչեց Օհան էֆ․ զարմացած։

− Չէ՛, չեմ գիտեր,− կրկնեց մյուսը ամենայն հանդարտությամբ։

− Չե՞ս գիտեր, որ արդեն հիվանդը մեր Ազգային հիվանդանոցը ղրկված է…

− Չեմ գիտեր, տեղեկություն չունիմ։

− Չե՞ս գիտեր, որ իբրև չքավոր վկայական մը տրված է ձեր Թաղ. Խորհուրդեն…

− Մեր Թաղ. Խորհուրդը ի՞նչ գործ ունի ատոր մեջ, Գալուստ աղան Խաս գյուղ կբնակի…

− Բայց տրված վկայականին տակ, իբրև ատենադպիր քու ստորագրությունդ կա։

− Իմ ստորագրությո՞ւնս,– գոչեց ափ ի բերան մնացած,– անկարելի բան է։

− Քու և ատենապետ Մարգար էֆ-ի ստորագրությունները և Թաղ. Խորհուրդի կնիքը։

− Խենթ բաներ կըսես կոր, Օհան էֆ,− պատասխանեց Միհրանիկ խնդալով։

− Խենթ բաներ մի՞… ա՛ռ նայե։

Եվ հոգաբարձուն անոր երկնցուց վկայագիրը։ Միհրանիկ առավ թուղթը, ուշադրությամբ կարդաց և ըսավ.

− Աս իմ ստորագրությունս կեղծ է, գիրը իմս չէ…

− Հապա Մարգար էֆենտիի՞նը։

− Անոր ստորագրությունը կեղծ չերևար կոր,− խոստովանեցավ Միհրանիկ,− ճիշտ իր գիրն է։

− Հապա կնի՞քը…

− Կնիքը մեր Թաղ. Խորհուրդի կնիքն է, ըսելիք չկա,− հաստատեց Միհրանիկ էֆենտի։ − Ինչպե՞ս կբացատրես այս խնդիրը։

− Իրավ, որ խելքս չի հասնիր կոր… վկայականը ինծի տուր, քննություն մը կատարեմ… ամեն պարագային իմ ստորագրությունս կեղծ է, ես բանե մը խապար չունիմ, այս մասին պատվույս վրա երդում կընեմ…

− Կհավատամ խոսքիդ,− պատասխանեց Օհան էֆ,− բայց այս խաբեբայությունը ո՞վ է ըրած, ան կուզեմ հասկնալ։

− Թուղթը թող քովս մնա, վաղը հարցուփորձեմ։

− Չէ՛, այս թուղթը պիտի պահեմ առայժմ։

− Ինչպես որ կուզես…

− Մարգար էֆենտին հիմա իր գրասենյակը կգտնվի՞։

− Հավանորեն։

− Երթանք ուրեմն միասին զինքը տեսնենք։

− Սիրով կուգայի, բայց խիստ կարևոր գործի մը համար մեկու մը կսպասեմ կոր, հիմա ուր է կուգա, ժամադիր եղած ենք հոս։ Եվրոպացի մըն է, վաղն առտու ալ պիտի մեկնի։

− Ես առանձին կերթամ ուրեմն,− պատասխանեց Օհան էֆ․ ոտքի ելլելով։

Քանի մը վայրկյան ետքը կմտներ Մարգար էֆենտիի գրասենյակը։ Վաճառականը սեղանին առջև անցած՝ գրելու զբաղած էր։ Սովորական բարևտուքեն ետքը թիկնաթոռ մը ցույց տվավ հյուրին՝ և ըսավ։

− Նստեցե՛ք, Օհան էֆենտի, հրաման մը ունի՞ք արդյոք։

− Քավ լիցի,− պատասխանեց հոգաբարձուն,− խնդիր մը կա, կուզեմ լուսաբանել։

− Ի՞նչ խնդիր…

− Այս օրերս ձեր Թաղ. Խորհուրդին կողմե հիվանդի մը համար չքավորությունը հաստատող վկայական մը տվի՞ք։

− Այո՛, տվի,− փութաց պատասխանելու վաճառականը,− շնորհակալ եմ, հիվանդն ալ ընդունվեր է…

− Այդ հիվանդը Գալուստ Սիսակյանն է, այնպես չէ՞։

− Կարծեմ ատանկ անուն մըն էր, աղեկ մը միտքս չէ․․․ կինս ատ մարդուն ամուսինը կճանչնա կոր, Մարթա ըսավ, ինչ ըսավ, ժամանակին իրենց տունը սպասուհի է եղեր, հիմա ավուր հացի կարոտ մնացեր են…

Նելեր իշիտիեորըզ,− մռլտաց Օհան էֆենտի քթին տակեն, հետո ավելցուց. − Այդ վկայականը ո՞վ ստորագրած էր։

− Ես,− պատասխանեց վաճառականը։

− Ուրի՞շ․․․

− Մենակ իմ ստորագրությունս կար, չուզեցի ատենադպիրին ստորագրել տալու համար ժամանակ կորսնցնել․․․ մտածեցի, որ իմ անունս բավական ծանոթ է և կրնա վստահություն ներշնչել։

− Մարգար էֆ, չարաչար խաբեր են ձեզի։

− Ի՞նչ կըսես․․․

− Բացարձակ իրողությունը այս է… ձեր թաղին մեջ Գալուստ Սիսակյան անունով չքավոր աղքատ չկա։

− Ինչպես չկա,− գոչեց վաճառականը, որուն զարմանքը հետզհետե կավելնար։

− Գալուստ Սիսակյանը Խաս գյուղ կնստի և կալվածատեր է։

− Կարծեմ դուն կսխալիս կոր, Օհա՛ն էֆ,− պատասխանեց վաճառականը թեթև ժպիտով մը,− այնքան կասկածոտ ես, որ ամեն տեղ խաբեբայություն կտեսնես։

− Այս գործին մեջ ոչ թե միայն խաբեբայություն կա, այլ նաև կեղծարարություն․․․

− Կեղծարարություն,− գոչեց վաճառականը հուզված,− ի՜նչ ըսել կուզես, ո՞վ ըրեր է կեղծարարություն։

− Չեմ գիտեր, ատիկա դուք պիտի փնտռեք, գտնեք։

− Բայց նախ կեղծարարության ապացույցը տեսնենք…

Իշտե ապացույցը,− ըսավ Օհան էֆ. և վկայականը հանձնեց Մարգար էֆ-ին։

Վաճառականը առավ թուղթը, բացավ և զարմացական ճիչ մը արձակեց՝ տեսնելով Միհրան էֆ-ի կեղծ ստորագրությունը։

− Ես թուղթը հանձնած ատենս այս ստորագրությունը չի կար, ետքեն ավելցուցեր են,− գոչեց։

− Հիմա Միհրան էֆ-ի քովեն կուգամ կոր, պատվույն վրա հաստատեց, թե ինք բանե մը տեղեկություն չունի և թե այս ստորագրությունը իրը չէ։

− Ատոր տարակույս չկա․․․

− Հիմա տեսա՞ք, որ ինչ անպատկառ խաբեբաներու ձեռքը գործիք եղեր եք…

Վաճառականը չպատասխանեց։ Այս հայտնությունը խորին հուզում մը հառաջ բերած էր իր մեջ, որովհետև կենթադրեր, որ իր կնոջ մատը կար այդ կեղծարարության մեջ։

− Այդ Գալուստ Սիսակյանը ո՞վ հանձնարարեց Թաղ․ Խորհուրդին,− հարցուց Օհան էֆ, որ կնշմարեր իր դիմացինին հարաճուն հուզումն ու շփոթությունը։

− Թաղ. Խորհուրդը բանե մը տեղեկություն չունի,− խոստովանեցավ վաճառականը,− խաբվողը միայն ես եմ, եթե երբեք գործին մեջ խաբեյություն կա։

− Դեռ կկասկածի՞ս,− գոչեց հոգաբարձուն։

− Շիտակը հավատալս չի գար կոր։

− Ուրեմն ուղղակի քեզի՞ հանձնարարեցին հիվանդը, ըսելով, որ ձեր թաղը կբնակի և թե շատ աղքատ է։

− Այո՛,− մրմնջաց վաճառականը։

− Ո՞վ էր այդ անծանոթ խաբեբան։

Վաճառականը լուռ մնաց։

− Հետո թուղթը որո՞ւ հանձնեցի՞ր,− հարցուց Օհան էֆենտի։

− Անոր…

− Այսինքն հիվանդին համար միջնորդի՞ն։

− Այո՛…

− Էյ, ձեր կողմե քննություն մը չկատարեցի՞ր։

− Պետք չտեսա, եղբա՛յր, հանձնարարողը այնքան վստահելի մեկն է որ…

− Խայտառակին մեկն է ըսե՛ սըվոր։

− Այս գործին մեջ գաղտնիք մը կա, անպատճառ, պետք է լուսաբանել,- պատասխանեց վաճառականը։

− Քանի քանի անգամ հոգաբարձության կողմե գրեցինք Թաղ. Խորհուրդներուն, որ ներկայացած մարդուն վկայական չգրեն ու մեր վրա չղրկեն,− պոռաց Օհան էֆ. ոտքի ելլելով,− որո՞ւ կըսես․ պելան գլխերնեն տեֆ ընելու համար թուղթ մը կուտան ձեռքերնին, կղրկեն հիվանդանոց… հարցուցած ունի՞ն թե հիվանդանոցը ինչպես կդարձնենք կոր․․․ վազ կեչտիմ պեն պու իշտեն, հրաժարական պիտի տամ, պիտի քաշվիմ, դիմացվելիք բան չէ, հեմ հոգնե, հեմ գործեդ եղիր, անկեց ալ ասանկ խաղերու եկուր… տուներ, խանութներ ունեցող մարդը իբրև չքավոր հիվանդանոցին մեջ… հոշ վար չպիտի դնեմ ա, վաղը դուրս նետել պիտի տամ, ինչ կուզե թող ըլլա… Ճանըմ, մեկ երկու օր վար դրեք, մինչև որ խնդիրը լուսաբանենք,– ըսավ վաճառականը,– ես կկարծեմ, որ թյուրիմացություն կա գործին մեջ։

− Գործին մեջ թյուրիմացություն չկա, խաբեբայություն կա,− շեշտեց Օհան էֆենտի,− այդ անձը ով է նե, աղեկ քյուլահը անցուցեր է գլուխդ, ինչպես որ դուն ալ քյուլահը մեր գլխուն անցուցիր։ Ինչ որ է, ես կերթամ կոր, այսօր վաղը խնդիրը լուսաբանելու է, գիտցած եղեք, որ հիչ չեմ նայիր, դուրս կնետեմ հիվանդնիդ…

Օհան էֆ-ի բաժանումեն քանի մը վայրկյան վերջ վաճառականը ջղագրգիռ դրությամբ մեկնեցավ գրասենյակեն և ուղղակի տուն գնաց։

− Հանըմը հո՞ս է,− հարցուց տան դուռը բացող սպասուհիին։

− Այո՛,− պատասխանեց այս վերջինը։

− Մինա՞կ է։

− Չէ, տիկին Նվարդը հոս է։

Մարգար էֆ․ դժգոհության շարժում մը ըրավ։ Ինք կփափաքեր կինը առանձին գտնել և իսկույն բացատրություն պահանջել, հիմա ստիպված էր սպասելու, որ տիկին Նվարդ մեկնի, որովհետև չէր ուզեր, որ Սաթենը ոևէ կերպով պզտիկ մնար իր բարեկամուհիին քով։

Վեր ելավ և ուղղվեցավ երկու կիներուն գտնված սենյակը։

Հազիվ քառորդ մը ետքը Միհրանիկ էֆ-ն ալ եկավ։ Տիկինները բարևելե ետքը՝ վաճառականին դարձավ և այլայլած շեշտով մը հարցուց.

Ճանըմ, ի՞նչ է այս վկայականին խնդիրը…

− Ի՞նչ վկայական,– ըսավ վաճառականը չգիտնալ ձևացնելով։

− Հիվանդի մը համար չքավորություն հաստատող վկայական մը տրվեր է մեր Թաղ․ Խորհուրդին կողմե…

Երկու կիները, որոնք ջերմ խոսակցության մը բռնված էին իրարու հետ, հանկարծ լռեցին և ուշադիր հետևեցան երկու մարդոց խոսակցության։

− Ես ալ կուզեմ այս խնդիրը լուսաբանել,– ըսավ վաճառականը։ − Եվ անմիջապես պետք է որ լուսաբանվի, որովհետև գործին մեջ զեղծարարություն կա,− գոչեց Միհրանիկ էֆ,− վկայականին ներքև իմ ստորագրությունս դրեր են, մինչ ես ատանկ թուղթ չեմ ստորագրած, ասանկ խաղքություն կըլլա՞…

− Հիմա ամեն բան կհասկնանք,− ըսավ Մարգար էֆ,− ես թեև կուզեի առանձին կերպով այս խնդիրը դնել, բայց վնաս չունի, դուք ալ դուրսեն մարդիկ չեք, մեր մտերիմ բարեկամներն եք, ձենե ծածկելու բան մը չունիմ…

Վաճառականին այս խոսքերը մեծ զարմացում պատճառեցին Միհրանիկ էֆ-ին, որ անոնց իմաստը չկրցավ անմիջապես ըմբռնել և հարցուց.

− Ի՞նչ ըսեք կուզես, Մարգար էֆ։

− Ըսել կուզեմ, որ այս գործին մեջ անշուշտ խաբեբայություն մը կա, որուն զոհ գացած եմ ես և ինե առաջ կինս։

− Տիկին Սաթե՞նը,− գոչեց Միհրանիկ զարմացած։

− Այո՛, անիկա ստիպեց զիս, որ վկայականը գրեմ․․․ միայն թե վկայականին տակ միայն ես ստորագրեցի, մինչդեռ այսօր, Օհան էֆ-ին ցույց տված վկայականին ներքև քու ալ անունդ կա։

− Բայց կեղծ գրով,− շեշտեց Միհրանիկ։

− Ճի՛շտ է, հակառակը չեմ պնդեր․ հիմա հասկնանք, թե այդ խաբեբայությունը ո՞վ ըրած է։

− Ի՞նչպես պիտի կրնաս հասկնալ…

Բոլոր այս խոսակցության միջոցին երկու կիները բացարձակ լռություն կպահեին և այս լռությունը, մանավանդ իր կնոջ լռությունը, զարմանք կպատճառեր Մարգար էֆենտիին։

− Դուն ի՞նչ կըսես այս եղածին,− հարցուց վերջապես վաճառականը, խոսքը իր կնոջ ուղղելով։

Էո՜ֆ աման,− գոչեց տիկին Սաթեն,− պարապ բաներ խնդիր կընեք, ժամերով վրան կխոսիք, բան մըն է եղեր լմնցեր է, ալ ի՞նչ պետք կա երկար վրան խոսելու․․․

Ճանըմ, ի՞նչ ըսել է, ասիկա պզտիկ խնդիր չէ…

− Հապա շատ մեծ խնդիր է,− պատասխանեց Սաթեն հեգնաբար։

− Հարկա՛վ, արժանապատվության խնդիր է… վաղը զեղծարարությունը իմացվի նե՝ ամեն մարդ մեզի պիտի դատապարտե։ − Ո՞վ պիտի իմանա… դուք եք, որ գործը կմեծցնեք կոր, որո՞ւն հոգն է, որ այդ խնդրով պիտի զբաղի…

− Այսօր գրասենյակ ըլլայիր տե՝ Օհան էֆ-ին իրարանցումը տեսնեիր․․․

− Ճանըմ, այդ Օհան էֆենտին ալ թող քիթը ամեն բանի մեջ չխոթե,− գոչեց տիկին Սաթեն բարկությամբ։

− Խնդիրը այդ չէ,− պատասխանեց Մարգար էֆ. չոր կերպով, այլ այն է, որ երբ վկայականը քեզի հանձնեցի միայն իմ ստորագրությունս կար, ետքը ո՞վ Միհրան էֆենտիին ստորագրությունը ավելցուցեր է հոն…

− Ես ի՞նչ գիտնամ,− պատասխանեց տիկին Սաթեն, առերևույթ անտարբեր ձևով մը։

− Բայց թուղթը քեզի հանձնեցի։

− Ես ալ եղածին պես իր տեղը տվի։

− Այսինքն սպասուհիի՞ն…

− Այո՛,− պատասխանեց տիկին Սաթեն, հուզումեն դողահար ձայնով մը։

− Ի՞նչ էր այդ գետինն անցնելիք կնկան անունը, Մարթա՞ ըսիր, ի՞նչ ըսիր…

− Այո՛,− պատասխանեց տիկին Սաթեն, որուն հուզումը հետզհետե կավելնար։

− Անանկ է նե, այդ կնիկը վկայականին տակ Միհրան էֆ-ին անունը ավելցուցած ըլլալու է։

Էո՜ֆ, մերաքս հանեցիր, սա խոսքը մեջտեղեն վերցուր,− գոչեց տիկին Սաթեն,− սինիրներս ոտքի ելան, եղած լմնցած բանին վրա ալ այսչափ չեն խոսիր․․․

− Հիմա մեկը ղրկե, ատ Մարթա օլաճախը հոս կանչել տուր։

− Ատանկ բան չըլլար,− ըսավ Սաթեն։

− Ինչո՞ւ համար։

− Ես այդ կինը չեմ կրնար գտնել հիմա․․․

− Այդ ի՞նչ խոսք է, հասցեն չե՞ս գիտեր…

− Չեմ գիտեր․․․

− Այս գործին իմ խելքս չի հասնիր կոր,− գոչեց վաճառականը զայրացած,− ասոր տակը ինչ կա նե, ըսեք հասկնանք․․․ սա ինչ խորհրդավոր բաներ են․․․ − Խորհրդավոր բան չկա, վկայական մը գրվեցավ, լմնցավ, ամբողջ եղածը աս է… ալ չեն առնիր անցնիր։

− Ճանըմ, պարապ խոսք մի ըներ, սա կեղծ ստորագրության հարցը պետք է անպատճառ երևան հանել… սա Մարթան հոս կանչել տուր նայիմ։

− Տունը չեմ գիտեր…

− Ես կրնամ փնտռել ու երևան հանել, քանի որ այս թաղին մեջ կբնակի։

− Նայինք դեռ հո՞ս է,− պատասխանեց տիկին Սաթեն։

− Ո՞ւր պիտի ըլլա։

− Ես ի՞նչ գիտնամ, ըսավ որ էրիկը հիվանդանոց դնելե ետքը՝ ինքն ալ ուրիշ տեղ պիտի երթա։

− Սուտ խոսքեր…

− Սուտ իրավ, աս ա՛ս է։

− Շիտակը խոսե՛, այս կեղծ ստորագրությունը ո՞վ դրավ վկայականին տակ,− պոռաց վաճառականը ծայրահեղ բարկությամբ մը։

Տիկին Սաթեն չպատասխանեց։ Բայց տիկին Նվարդ, որ մինչև այն ատեն լուռ մնացած էր, հանդարտ ձայնով մը ըսավ.

− Շիտակը կուզե՞ս, Մարգար էֆենտի, ես դրի այդ ստորագրությունը։

Այս խոսքերը ափ ի բերան թողուցին թե՛ Մարգար և թե՛ Միհրան էֆ-ները։

− Դո՞ւն այդ կեղծ ստորագրությունը դրիր,− գոչեց Միհչանիկ էֆենտի, չուզելով հավատալ իր ականջներուն։

− Կեղծիք չկա մեջը,− պատասխանեց տիկին Նվարդ միամիտ դեմքով մը,− քու անունդ դրի, ուրիշ գոյություն չունեցող մեկու մը անունը չդրի՞ ա… կնիկդ չե՞մ, քու անունդ իմ անունս ըսել չէ՞… ի՞նչ այս աստիճան իրար կանցնիք կոր…

− Բայց ատոր զեղծարարություն կըսեն։

− Ինչ կուզեն թող ըսեն, գողություն չըրի՞ ա, մարդ չի մեռցուցի՞ ա, էրկանս կողմե թուղթ մը ստորագրեցի։

− Բայց ի՞նչ պետք ունեիր ատանկ բան մը ընելու։

− Գալուստ աղա օլաճախը հիվանդանոց տեղավորելու համար…

− Մորաքույրդ չէ՞ր կրնար ամսական մը տալով հիվանդանոց դնել։ − Ալ այդ անպիտան մարդու համար դրամ չտրվիր,− գոչեց տիկին Նվարդ։

− Ճանըմ,− միջամտեց Մարգար էֆ,− ես բնավ չեմ կրնար կոր այս գործին մեջեն ելլել… խնդիրը մեր Սաթենին սպասուհիին վրա է, դուք ինչո՞ւ կստիպվիք կոր գործին մեջ մտնելու, տիկին Նվարդին մորաքույրը ի՞նչ գործ ունի ասոր մեջ։

− Մարգար էֆենտի,− գոչեց Նվարդ,− ձեզի բան մը ըսեմ, ձեր տիկինը բնավ հանցանք չունի, ամբողջ պատասխանատուն ես եմ… հիվանդանոց գրված մարդը՝ մորաքրոջս էրիկն է… ես եկա աղաչեցի տիկին Սաթենին, որ այս պզտիկ ծառայությունը ընե ինծի։

− Հապա նախկին սպասուհի Մարթա՞ն ով է,– հարցուց վաճառականը ապշահար։

− Անանկ կին չկա մեջտեղը, Մարթա հանըմը իմ մորաքույրս է, հիմա հասկցա՞ք։

− Հոս մեր թա՞ղը կբնակի։

− Չէ՜, Խաս գեղ կնստի․․․

− Խաս գե՞ղ,− գոչեց Մարգար էֆ. այլայլած,− ուրեմն մենք ծայրե ծայր կեղծ վկայական մը տվեր ենք…

− Ճիշտ հոս է խնդրին ծանրությանը,– դիտել տվավ Միհրանիկ էֆ։

− Ամա՜ն, մերաքս ելավ, քիչ մըն ալ ուրիշ խոսք ըրեք,− ըսավ տիկին Սաթեն։

− Ուրիշ խո՞սք մի,– պոռաց վաճառականը,− աս ի՞նչ զարմանալի բան է, չե՞ք ըմբռներ կոր թե ի՞նչ ծանրակշիռ բան մըն է եղածը…

− Ճանըմ, սխալեցանք, բան մը ըրինք, ալ երկար չեն ըներ…

− Սխալեցա՞ք բայց փորձանքը մենք պիտի կրենք։

− Փորձանքի ինչ կա,− պատասխանեց տիկին Նվարդ,− չըլլա նե ամսական մը կուտանք, լմնցավ գնաց խոսքերնին բեք-բեք փարայի կանցնի։

− Գործը մեջտեղ ելլե նե, ի՞նչ երեսով թաղին մեջ պիտի պտտինք, ինչպե՞ս խորհրդարան պիտի երթանք. մեր ընկերներուն ի՞նչ պատասխան պիտի տանք, երբ մենե բացատրության ուզեն, մեր հակառակորդներուն բերանը ինչպե՞ս պիտի գոցենք…

− Ո՞վ պիտի իմանա,– ըսավ տիկին Սաթեն,− կարծես ամեն մարդ գործ չունի տե, ատով պիտի զբաղին, դուք ձայն չհանեք նե, մարդ չիմանար, մի վախնաք։

− Օհան էֆ-ին բերանը ինչպե՞ս պիտի գոցենք։

− Հիվանդանոցին նվեր մը կընենք, կլմննա, կերթա…

Վաճառականը տեսավ, որ անկարելի է երկու կիներուն խոսք հասկցնել, որովհետև իրենց գործած արարքին ծանրության գիտակցությունը չունին։

− Իրավունք ունի, այս խոսքը գոցենք,− ըսավ,− կտեսնեմ, որ իրար չենք հասկնար կոր…

Քիչ հետո երկուքը մեկեն ուղղվեցան սալոնին քով գտնված փոքրիկ խուցը։

Վաճառականը խնամքով գոցեց դուռը և իր բարեկամին մոտենալով, ըսավ.

− Հիմա որ խնդիրը հասկցանք և տեսանք, որ ամբողջ հանցանքը իմ կնոջ և տիկին Նվարդինն է, ի՞նչ պիտի ընենք…

− Գործը ծածկելու միջոց մը խորհելու է։

− Այո՛, բայց ի՞նչ կերպով։

− Նախ կեղծ վկայականը մեջտեղեն վերցնելու է։

− Մեղք որ Օհան էֆ-ին քովեն չառինք,− հառաչեց Մարգար էֆենտի։

− Ես ուզեցի, բայց չտվավ։

− Ինչ որ է, ես կջանամ զինքը համոզելու և վկայականը մեջտեղեն վերցնելու։

− Ատով չլմննար սակայն,− դիտել տվավ Միհրանիկ էֆենտի։

− Դեռ ի՞նչ պետք է ընենք։

− Հիվանդին խնդիրը կմնա… հիմա որ անոր նյութական վիճակը մեջտեղ ելավ, բնականաբար չպիտի ձրի վար դնեն։

− Ատիկա իրենց գիտնալիք բանն է։

− Ինչպե՞ս իրենց գիտնալիք բանն է,− գոչեց Միհրանիկ էֆ,− մարդիկը մեր ստորագրության վստահելով զինքը ընդուներ են։

− Ինչ որ ալ ըլլա, ես ատոր չեմ խառնվիր,− պատասխանեց Մարգար էֆ,− ես վկայականը մեջտեղե վերցնելու գործը վրաս կառնեմ, դուն ալ այդ հիվանդին խնդիրը կարգադրե…

− Կարճ ճամփան ամսական մը կապել տալն է։

− Ինծի ալ այնպես կուգա։ − Իցիվ թե մարդ իմացած չըլլար,− ըսավ Մարգար էֆենտի:

− Մեր ընկերներուն բան մը ըսի՞ր։

− Չէ, բայց վկայականը քարտուղարին գրել տվի, չեմ գիտեր թե անիկա ըսա՞ծ է։

− Այդ կետը ստուգելու է։

− Հիմա մեկը կղրկեմ, քարտուղարը հոս կանչել կուտամ,− ըսավ Մարգար էֆենտի։

− Այո՛, այո՛,− պատասխանեց Միհրանիկ,− այս գործը շուտով կարգավորելու է։

Վաճառականը իսկույն ծառան ղրկեց և բերել տվավ քարտուղարը։

− Պրն. Տիգրան,− ըսավ քարտուղարին,− կհիշե՞ս քանի մը օր առաջ քեզ առտու մը տուն կանչել տվի և վկայական մը գրել տվի։

− Այո՛,− պատասխանեց քարտուղարը,− չքավոր հիվանդի մը համար, որ հիվանդանոց պիտի ղրկվեր։

− Այդ մասին մեր թաղական ընկերներուն խոսք մը ըսի՞ր:

− Չէ՛, բան մը չեմ ըսած, անկե ի վեր Թաղ. Խորհուրդը չէ գումարված։

− Ավելի աղեկ ուրեմն, որովհետև պարզապես խաղի եկած ենք, այդ չքավոր ընտանիքը մեր թաղին մեջ չէ եղեր…

− Արդարև ես ալ զարմացա, որովհետև թաղեցի ըլլալովս պետք է որ ճանչնայի այդ տեսակ չքավոր մը, մանավանդ որ, ինչպես գիտեք, Աղքատախնամին ալ քարտուղարն եմ։

− Բայց ինչո՞ւ այդ առտուն դիտողություն չըրիր:

− Շիտակը Մարգար էֆ՝ չհամարձակեցա…

− Ինչ որ է, մենք խնդիրը երևան հանեցինք ու վկայականն ալ ջնջեցինք։

− Ասանկ բաներ կպատահին երբեմն,− պատասխանեց քարտուղարը փիլիսոփայաբար։

− Հիմա, որ խնդիրը կարգադրվեցավ, չենք ուզեր, որ իմացվի, որպեսզի պարապ խծբծանքներու տեղի չտրվի։

− Իրավունք ունիք։

− Ասոր համար ահա պետք է, որ վկայականին գործը գաղտնի պահվի։ − Անշուշտ… արդեն որո՞ւ կուզեք որ ըսենք, բնականաբար միմիայն թաղականները պիտի գիտնան։

− Նույնիսկ պետք չի կա, որ անոնք ալ իմանան։

− Ատիկա անկարելի է,− պատասխանեց քարտուղարը։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Մարգար էֆ․ զարմացած։

− Որովհետև վկայականը կգտնվի ընդօրինակության տետրակին մեջ և ընդօրինակության տետրակն ալ միշտ թաղականներուն ձեռքին մեջն է։

− Եղբայր, ինչո՞ւ այդ վկայականին ընդօրինակությունը առիր, ի՞նչ պետք կար, զարմանալի բան։

− Բայց Մարգար էֆենտի, սովորություն է, որ մեր կողմե տրված բոլոր պաշտոնաթուղթերուն ընդօրինակությունը կառնենք։

− Ես չնշմարեցի, որ ընդօրինակեցիր։

− Այդ միջոցին զբաղած էիք։

− Էյ, հիմա ի՞նչ պիտի ընենք։

− Եթե կուզեք տետրակին մեջեն այդ երեսը պատռեմ վերցնեմ։

− Ամենեն կարճ ճամփան այդ է,– ըսավ Միհրանիկ էֆ։

− Այո՛, այո՛, անանկ ընենք, թող խնդիրը փակվի,− կրկնեց Մարգար էֆենտի։

− Ինչպես կփափաքիք, այնպես ընենք,− համակերպեցավ քարտուղարը։

Եվ ուրախ՝ իր պետերուն ծառայության մը մատուցած ըլլալուն համար՝ գոհ սրտով մեկնեցավ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Մեր այս պատմած իրողությունները կանցնեին տագնապալից շրջանի մը մեջ, այսինքն ընդհանուր պատերազմի առաջին տարին։

Թերևս եկեղեցիին մեջ աթոռի մը համար ծագում առած խնդիրը շատ ավելի մեծ համեմատություններ պիտի առներ և Պողոս ու Մարգար էֆենտիների պայքարը տարիներ պիտի շարունակվեր, գրգռելով մտքեր և հուզելով թաղը, եթե անակնկալ պատահար մը վերջ չդներ այս ամենուն։

Կիրակի առտու մը, 1915 ապրիլ 12-ի աղետալի կիրակին՝ շշնկոց մը տարածվեցավ թաղին մեջ։ − Իմացա՞ր երեկ գիշերվան եղածը։

− Ի՞նչ է եղեր։

− Կես գիշերին եկեր պարոն Սուսերյանցը ձերբակալեր են իր տան մեջ։

− Ինչո՞ւ համար։

− Հայտնի չէ… բայց միայն ատիկա չէ․․․ վարժապետն ալ բռներ են…

− Ո՞ր վարժապետը, Թորգո՞մը։

− Այո՛… հետո նույնիսկ Մարգար էֆենտին։

− Ի՞նչ կըսես, եղբա՛յր…

− Ընկեր Կայծունին ալ բռներ տարեր են…

Այս բոլոր տեղեկությունները, որոնք հետզհետե կհասնեին, ահ ու սարսափ սփռեցին ամբողջ թաղին մեջ։

− «Պայքար Լսարան»-ին մեջն ալ խուզարկություն կատարեր են ու բոլոր թուղթերը ժողվեր տարեր են… անդամներն ալ կփնտռեն եղեր,– ըսավ նորեկ մը։

− «Շանթ Ակումբ»-ի անդամներն ալ ձերբակալված են,− գուժեց ուրիշ մը։

− Կեդրոնատեղին ալ հսկողության ներքև առնված է, ես հեռվեն տեսա, որ դռան առջև ոստիկան մը կսպասեր։

Նույն օրը այսպես ամբողջ թաղեցիները սոսկումի մեջ անցուցին։ Հետո լսվեցավ, որ ուրիշ թաղերու մեջ ալ նմանօրինակ ձերբակալություններ եղած են։ Եվ պակուցումը տիրեց ամեն կողմ։ Թաղականներեն ո՛չ ոք կհամարձակեր եկեղեցի երթալ, սրճարաններն ալ պարպված էին և ամեն մարդ կանուխ մը իր տունը կքաշվեր՝ սարսափահար։

Քանի մը օր ետքը ձերբակալվեցավ նաև Պողոս էֆ, ինչ որ սարսափը ավելի սաստկացուց։

Կըսվեր, թե բոլոր ձերբակալվածները հեռավոր վայրեր աքսորված էին, նույնիսկ պնդողներ կային, թե իրենցմե մեկ մասը կախված էին կեդրոնական բանտին մեջ։

Տիկին Շազիկ և տիկին Սաթեն, հուսահատության մատնված, ասդին-անդին դիմումներ կընեին՝ իրենց ամուսինները ազատելու համար։

Շնորհիվ ազդու միջամտություններու՝ Պողոս էֆենտի և Մարգար էֆենտի հաջողեցան քանի մը շաբաթեն ազատիլ և վերադառնալ իրենց տունը։ Միայն թե ազատ արձակված ատեն ոստիկանության պաշտոնյան իրենց սա խրատը տված էր։

− Չըլլա, որ ասկե ետքը ազգին գործերուն խառնվիք մեյ մըն ալ։

Բայց արդեն երկու վաճառականները այդ խրատին պետք չունեին և արդեն իսկ, բանտին մեջ ալ ուխտած էին կարելի եղածին չափ հեռու փախչիլ ազգային շրջանակներե։

Իսկ խեղճ Սուսերյանց, Կայծունի և Թորգոմ չկրցան իրենց օձիքը ազատել և աքսորվեցան դեպի Չանկըրը, ուր սակայն, հրաշքով մը, հաջողեցան ողջ մնալ և հազար ու մեկ անակնկալ արկածներե ետքը՝ հաջողեցան անցնիլ ռուսական բանակը։

Տարագրության փորձություններուն մեջ, նախկին հակառակորդները մտերիմ բարեկամներ դարձած էին իրարու։

Կովկասյան սահմանին վրա անոնք կողք կողքի կռվեցան ամբողջ պատերազմի ընթացքին։

Իրենց քաջագործությունները կամ բուն բառով հերոսությունները, պատմելու համար պետք է հատորներ լցնել, ուստի այդ հսկա աշխատությունը կձգենք ուրիշներուն:

Իսկ գալով ժամկոչ Վարդան աղբոր, որ սկզբնապատճառը եղած էր Շազիկ-Սաթեն պայքարին, իբրև գավառացի ինքն ալ բռնեց աքսորի ճամփան և հազար ու մեկ տառապանքներե ետքը հասավ Հալեպ, ուր մնաց մինչև անգղիական գրավումը։ Զինադադարեն ետքը հաջողեցավ անցնիլ Եգիպտոս ու այժմ Ալեքսանդրիո Ազգային վարժարանին մեջ տնտեսի պաշտոն կվարե։

ՎԵՐՋ