Jump to content

Թամբալը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

53. ԹԱՄԲԱԼԸ

Ժամանակով մի մարդ կար, ըդրան ուներ մի տղա։ Էդ մարդը շատ հարուստ էր, լա՛վ ուտում, լա՛վ խմում ին։ Տղեն որ մենծացավ, դառավ տասնօխտ-տասնութ տարեկան, հերը պսակեց, շատ խելոք աղջիկ ուզեց։

Մի քանի տարուց եդը հերը մեռավ։ Էդ տղեն մի սովորություն ուներ՝ ամառ ձմեռ թունդրի միջից դուս չէր գա, ասում էր. «Մրսում եմ»։

Կնիկը գնաց հարևաններին ասե՛ց, թե․— Մարդս հոր թողած կարողությունը կէրավ, հըմի ամառ-ձմեռ թունդրի միջիցը դուս չի գալի, ասում ա. «Մրսում եմ». տանը հաց չկա, չեմ գիտա՝ ի՛նչ անենք։

Հարևաններն ասում են․— Գնա՛ չամիչ առ, լցրա թունդրի շրթիցը մընչանք տան դուռը, դու տափ կաց, եր որ ինքը կտենա չամիչը՝ կհավաքի, կուտի, կհասնի մնչանք տան դուռը, դուռը բաց կանի, դուս կգա. դու դուռը եդ կանես քամակիցը, ինչքան ձեն կտա՝ բաց չես անի, ո՛ւր էթում ա, թո՛ղ էթա։

Կնիկը էթում ա չամիչ առնում բերում, թունդրի շրթից շաղ ա տալիս մնչանք տան դրսի դուռը, ինքը տափ կենում։ Տղեն թունդրի միջին կաննում ա, որ դինջանա, տենում ա՝ չամիչը թափած ա. ձեռը քցում յավաշ֊յավաշ հավաքում ա, ուտում ա, ձեռը որ չի հասնում, թունդրից դուս ա գալիս, պուպուղ անելով հավաքում ա, ուտում ա, մընչանք գալիս ա տան դուռը։ Եբ որ հասնում ա տան դուռը, ձեռը քցում ա՝ դուռը բաց ա անում, տենում ա դրսեն էլ թափած կա, հավաքելոն դրսեն ա դուս գալի. կնիկը հասնում, դուռը շինում ա։

Տղեն ձեն ա տալի.— Վա՜յ, ոններս ցուրտը տարավ, վա՜յ ոններս ցուրտը տարավ, ա՛յ կնիկ, դուռը բա՛ց արա:

Կնիկն ասում ա. Բո՛լ էլավ թունդրի միջին նստես, գնա՛ ման արի, աշխատա՛նք արա:

Մարդն ասում ա.— Ա՜յ կնիկ, ես մրսում եմ, ո՞ւր էթամ:

Կնիկն ասում ա.— Էս օրը ամառ՝ խի՞ պտի մրսես, գնա քեզ հմար ման արի, աշխատա՛նք արա։

Մարդը ճարը կտրած քուչեն բռնում, էթում ա։ Էթում ա, տենում՝ մի աղլուխ ըտե վեր ընկած ա, աղլուխը վեր ա ունում։ Աղլուխն էլ հակառակին թագավորի աղջկա աղլուխն ա ըլնում: Թագավորի աղջիկը իրա քառասուն ղարավաշովը եբոր գալիս ա բախչեն ման գալու, աղլուխը վեր ա ունում իրա գլխից, քցում ա ծառի ճըղքին, քամին վերնում ա, քցում ա պատի էն յանը։

Էդ տղեն գտնում ա, վեր ա ունում, բերում ա կնկանը, ասում.– Ա՛յ կնիկ, էս աղլուխը գտել եմ։

Կնիկը աղլուխը ձեռիցը առնում ա, թամաշ ա անում, տենում ա՝ թագավորի աղջկա աղլուխն ա, ասում ա.— Էս թագավորի աղջկա աղլուխն ա, տա՛ր տու թագավորին, մի քանի մանեթ փեշքաշ կտա, ո՛չ կարամ կապի գլուխս, ո՛չ կարաս ծախի։

Մարդը աղլուխը վերնում ա ու թազադան եդ ա դառնում։ Բերում ա ընենց մի հարմարին տեղ, տենում ա պատը ճաքած ա, կոլոլում ա մի թղթի մեջ, դնում ա էդ պատի ճղակը։ Մի քանի ոտ փոխում ա, տենում է՝ դալալը ընկած ձեն ա տալի. «Ո՛վ որ թագավորի աղջկա աղլխիցը խաբար ա՝ քսան հինգ մանեթ մուշտուլուղ կա»։

Տղեն մոտանում ա դալալին, ասում ա.— Ես գտել եմ։

Դալալը ասում ա.– Տո՛ւ, քու մուշտուլուղդ տա՛մ։

Ասում ա.— Քեզ խի՞ եմ տալի, կտանեմ, թագավորին կտամ էրկսով իրար հետ էթում են, հասնում են թագավորի կուշտը, դալալն ասում ա, թե.— Աղլուխն էս տղեն ա գտել։

Թագավորն ասում ա.— Հանա տո՛ւ, քու մուշտուլուղը տանք։

Տղեն ասում ա.— Իմ մոտին որդիա՞ն ա։

Թագավորն ասեց.— Բա խի՞ ես էկե:

Տղեն ասեց.— Ես ռամ քցող եմ, կքցեմ. կգտնեմ։

Թագավորն ասեց.— Ս դար դու ըտենց շնո՞րք ունես։

Ասեց.— Ես լավ ռամ կքցեմ։

Ասեց.— Դե քցա՛, տենանք։

Տղեն ձեռի էրեսին թամաշ արեց, ասեց.— Աղլուխը ֆլա՛ն քուչի պատի ճղակումն ա։

Թագավորը մարդ ղրկեց, որ բերի։ Ասեց.— Ո՛ր դուզ էլավ, մենծ փեշքաշ կտամ քեզ։

Դալալը վե կացավ, գնաց բերեց։

Թագավորը եբոր աղլուխը տեհավ, զարմացավ, ասեց.— Երևելի իմաստուն ես դու, մինչև հմի ո՞րդի իր, որ քու անումը չէի լսե:

Ասեց.— Ես մի քյասիբ մարդ եմ, իմ անումը ո՞վ պտի լսի։

— Ըսորվանից,— ասում ա թագավորը, քու ամսականը քսանըհինգ ոսկի ա, կե՛ր, խմա՛, իմ կշտին կա՛ց։

Տղեն վեր ա կենում, գալիս ա տուն, կնկանն ասում ա.— Աչքըդ լի՛ս։

Կնիկն ասում ա.— Հը՛, ի՞նչ խաբար ա։

Մարդն ասում ա.— Էլ ի՛նչ խաբար պտի ըլնի, ամիսը քսանըհինգ ոսկի պտի առնեմ, լավ ուտեմ, լավ խմեմ, ման գամ. էլել եմ թագավորին վեզիր։

Կնիկն ուրախացավ, ասեց.— Տեհա՞ր, մի բուռ չամիչը քեզ խելքի բերեց, թամբալություն իր անում, թունդրի միջից դուս չիր գալի․ բա էն վախտը, որ ասում իր «մրսում եմ», բա հմի խի՞ չես մրսում։

Արանքը քաշեց մի տասն օր, թագավորը կանչեց էդ տղին, ասեց.– է՛թանք ման գալու։

Վեր են կենում, էթում են։ Էթում են թագավորի բաղը: Եբոր մտնում են նեքսև, թագավորը էդ տղին հրամայում ա, թե.– Դու էդ յանովը գնա՛, ես էլ էս դհովը ման գալոն գամ։

Թագավորը ասում ա. «Արի մին էլ փորձեմ սրա իմաստությունը»։ Վարդը քաղում ա, բռի միջին պահում, էթում ա իմաստուն Վեզրի կուշտը։

— Հը՛,— ասում ա, բռիս միջինն ի՞նչ ա, իմացի՛։

Տղեն տենում ա, որ գլուխը պտի թռնի կնկա պատճառովը. անումը Գյուլի[1] ա ըլնում, ասում ա.— Նո՜ր ք․․․ Գյուլի հոր կոտին։

Թագավորը բուռը բաց ա անում, ասում ա.— Դու ի՞նչ իմացար, թե իմ բռինը գյուլ էր։

Տղեն ասում ա.— Իմաստուն ի, իմացա:

— Որ ըտքան իմաստուն ես, ամսականդ շինեցի եռեսուն ոսկի։

Արանքը անց ա կենում մի տասն օր, թագավորի խազինեն օխտը հոգի կտրում են, ամեն մեկը մի ջվալ ոսկի են տանում։

Թագավորը կանչում ա էս իմաստուն վեզրին, ասում ա.— Խազինես կտրել են, օխտը ջվալ ոսկի են տարե, յա՛ պըտի գտնես, յա՛ գլուխդ կկտրեմ։

Ասեց.— Քառասուն օր ժամանակ տո՛ւ, գտնեմ։

Ասեց.— Լա՛վ, քառասուն օր քեզ ժամանակ։

Տղեն գլխին տալով էկավ տուն, ասեց.— Կնի՛կ, գլուխս կերար, թագավորի խազինեն կտրել են. ասում ա. «Յա՚ պտի գտնես․ յա՛ գլուխդ կկտրեմ»։ Ես ո՞րդիան գտնեմ։ Թեղ հաց շինա ուտեմ. մի քիչ քնեմ, վեր կենամ, գլուխս առնեմ, փախնեմ։

Կնիկը վե կացավ, օխտը ձու խաշեց, բերեց դրեց մարդի առաջը։ Հենց Էդ վախտն էլ թագավորի խազինի գողերը, օխտը հոգի, իմացելին, որ թագավորը թամբահ էր արե էս վեզրին՝ գտնելու, էկել ին կտուրը, որ անկաջ անեն, տենան իրանց անումը տալի՞ս ա։

Օխտը հոգուց վեցը նստել ին ղրաղ, մեկն էկել էր հերդկի կուշտը, պըպըզել էր. տեհավ՝ ձեն-ձուն չկա, վե կացավ, որ էթա, էդ վախտը իմաստուն վեզիրը ձվի մեկը կերավ, ասեց. «Էս մեկը գնա՛ց։ Էս էլ մի բան չի»։

Գողը լսեց, զարմացավ, գնաց հընկերներին ասեց, թե.— Վեզիրն իմացավ։

Էն մեկել հընկերը վե կացավ էկավ։

Էլի վեզիրը մի ձու կերավ, ասեց.— Էս էլ էրկուսը գնա՛ց, էս էլ մի բան չէր։

Էդ գողը գնաց հընկորտանցը պատմեց, թե.— Դրուստ որ իմաստուն մարդ ա, իմացավ իմ էթալը։

Ըտենց օխտն էլ էկան, գնացին՝ տեհան, որ իմաստունը իմացավ նրանց գալն ու էթալը։

Իրար միջի խորուրդ արին, վեր էկան ներքև, վեզրի դուռը ծեծեցին, վեզիրը դուս էկավ դուռը, օխտով էլ ընկան վեզրի ոնները, թե.— Վիրև ա՛ստված, ներքև դո՛ւ, մեզ ազատա՛, թագավորի խազինեն մենք ենթ կտրե:

— Լա՛վ,— ասեց վեզիրը,— ես գիտամ, որ դուք եք կտրե, համա որ էկար ոններս ընկաք, ձեր անումը չեմ տա, կասեմ՝ ես ռամ եմ քցե, գտել եմ։ Դուք գնացե՛ք, մի ջվալ ոսկին ձեզ, վեցը բերեք։

Գողերը ուրախացան, գնացին վեց ջվալ ոսկին շալակեցին, բերին դրին վեզրի տունը։

Վեզիրը առավոտը լիսը բացվեց, վե կացավ, գնաց թագավորի մոտը, ասեց.— Գտել եմ, թագավորն ապրած կենա, հրեն մեր տանն ա ջվալները, ղրկա, բերիլ տու։

Թագավորը շատ ուրախացավ, ասեց.— Դու քառասուն օր ժամանակ իր ուզե, ո՞նց էս գշեր գտար։

— Ռամ քցեցի, գտա, էլ խի՞ եմ քառասուն օր մնում։

Ասեց.— Իրեք ջվալը քեզ, չորսը բե՛, մեզ բոլ ա։

Համրալին վե կալավ, տարավ տվեց շըլակները, բերելը, տվեց թագավորին։

Թագավորն ասեց.— Ո՛ր ըսքան իմաստուն ես, քու ամսականը շինում եմ քառասուն ոսկի։

Տղեն թագավորին գլուխ տվեց, գնաց իրա տունը, կնկանն ասեց.— Բախտի բերմունքով էս ա իրեք անգամն ա, ազատվում եմ, հմի ամսականս շինել ա քառասուն ոսկի, էս մեզ բոլ ա, մի բան մտածենք, բալքի գլխներս ազատենք։

— Դե ի՞նչ մտածենք,— ասեց կնիկը։

Մարդն ասեց, թե.— Ա՛րի ես ինձ դնեմ հիվանդությունը, ասեմ. «Հիվանդությունը իմաստությունս տարավ»։

— Լա՛վ,— ասեց կնիկը, բերեց տեղաշորը քցեց, մարդը պառկեց։ Խաբարը գնաց թագավորին, թե վեզիրը հիվանդացել ա։

Թագավորն ինչքամ բժիշկ ղրկեց, չկարեցան ճար անի, թագավորը վե կացավ, իրա ոտովն էկավ։

Էկավ նստեց վեզրի կշտին, վեզիրը աչքով արեց, կողքի մարդիքը քաշվեցին, նո՛ր թագավորը հարցրեց, թե.— Քու ցավն ի՞նչ ա, որ ըսքան բժիշկը բան չեն հասկանում։

Ասեց.— Թագա՛վորը սաղ ըլնի, էս իրեք անգամ ա էդ փորձանքները, որ քեզ պատահում ա, ես իմաց եմ տալի, շարքերը ասում են. «Մենք թագավորին ուզում ենք վնաս տանք, դու խի՞ չես թողում». էս քանի գշեր ա հավաքվում են, ինձ ընքան ծեծում են, որ վրես հալ չի մնացել, խելքս գլխիցս գնացել ա, ցնորել եմ, էլ իմաստություն չի մնացել։

Թագավորն. ասեց.— Բա՛ն չկա, ընենց արա, ես ու դու իմանանք, էլ մարդ չիմանա, ես քու ամսական քառասուն ոսկին կտամ:

  1. Վարդ (Ծ. Բ.):