Քաղաքից քաղաք, աշխարհքից աշխարհք
Թուղթ անցավ եկավ Մոսկովու երկրեն,
Եկավ ու եկավ, հասավ Ըստամբոլ։
Ու դըրին թուղթը ոսկի կառեթում
Ու բերին իրեն թուրքի սուլթանին,
Ու թըղթի հետ էլ սուլթանի համար
Շատ թանկ ընծաներ արքային վայել։
Մի ոսկի սինի, մեջն ոսկի մեչիտ,
Մեչիտի շուրջը պատ եկած մի օձ, 10
Էն օձի գլխին դըրած անգին քար,
Որ գիշերն էնպես պարզ լուս էր տալիս՝
Ոնց որ ցերեկը լուսն արեգակի։
Ու Իբրահիմին, սուլթանի որդուն,
Երկու թանկագին թըրեր կային սուր,
Դաստակներն ամբողջ զուտ մաքուր ոսկուց.
Ամենքի վրա մի-մի անգին քար։
Սուլթանի կընոջն ոսկի օրորոց,
Գըլխավերևը քաջահավ բազեն։
Որ էս ընծաներն առավ աննըման 20
Ընկավ սուլթանը մըտքի ծովի մեջ.
Ի՞նչ ղըրկի արդյոք Մոսկովի ցարին
Էսքան թանկագին ընծաների դեմ։
Միտք արավ ու միտք, ոչինչ չըգտավ։
Ով մոտը եկավ, ամենքի առջև
Պատմեց, պարծեցավ, թե ինչ ընծաներ
Ըստացավ ինքը Մոսկովի ցարից,
Բայց ոչով ասել չի կարողանում,
Թե ինչ ուղարկի դըրանց փոխարեն։
Ներս եկավ ահա Ղուշբեգի փաշեն, 30
Նրա առջևը պատմեց, պարծեցավ.
Փաշից ետն եկան Խոջան ու Ղադին։
Երկիր պագեցին ու համբուրեցին
Ծունկն ու փեշերը իրեն սրբազան.
Նրանց առջևն էլ պարծեցավ նույնպես,
Ապա թե էսպես խորհուրդ հարցըրեց,
— Ո՜վ իմ ծառաներ, Խոջա ու Ղադի,
Ես ի՞նչ ուղարկեմ ցարին սրանց դեմ,
Որ ցարը ինձնից մընա բավական։
Պատասխան տվին Խոջան ու Ղադին. 40
— Տեր սուլթան, ասին, քո ստրուկն ենք մենք,
Մենք մըտածելու իրավունք չունենք.
Լավ կանես կանչես ծեր պատրիարքին,
Նա հեշտ կիմանա, հեշտ Էլ քեզ կասի,
Թե ինչ ուղարկես Մոսկովի ցարին,
Որ ցարը քեզնից մընա բավական։
էսպես որ ասին՝ լսեց սուլթանը,
Իրեն կավասին ուղարկեց իսկույն
Ու մոտը կանչեց ծեր պատրիարքին։
Ու, երբ պատրիարքն եկավ իրեն մոտ, 50
Ցույց տվավ նըրան ընծաներն ամեն,
Ու շատ պարծեցավ, ու էսպես ասավ.
— Ո՜վ դու իմ ծառա, ծերուկ պատրիարք,
Չե՞ս կարող արդյոք սովորցնել դու ինձ,
Թե ինչ պարգևներ ղրկեմ փոխադարձ,
Որ իմ ուղարկած թանկ պարգևներից
Գոհ մընա հըզոր ցարը Մոսկովի։
Ասավ ու ծերը կամացուկ խոսեց.
— Ո՜վ, իմ տեր սուլթան, իմ կյանքի արև,
Քո իմաստության առջևն ի՞նչ եմ ես։ 60
Բայց իմ կարճ խելքով, ինչքան որ գիտեմ,
Քո մեծ տերության լի գանձարանում
Դու բաներ ունես ցարին ղըրկելիք.
Բաներ, որ իսկի հարկավոր չեն քեզ,
Իսկ նըրան անչափ շատ են ցանկալի։
Նեմանիչ Սավվի գավազանն ունես,
Կոստանդին կայսեր ոսկի թագն ունես,
Ոսկեբերանի շուրջառը ունես,
Սերբիայի հերոս Լազար արքայի
Ռազմի խաչանիշ դըրոշակն ունես․․․ 70
Քո ինչի՞ն են պետք Էս բաները ողջ,
Իսկ ցարին, գիտեմ, շատ են ցանկալի․․․
Շատ հավան կացավ սուլթանն ես խոսքին
Ու պատվեր տըվավ ծեր պատրիարքին,
Որ կազմի ընծան ցարին ղըրկելիք
Ու դեսպաններին հանձնի Մոսկովի։
Ծերն, ինչպես գիտեր, ամենն հավաքեց
Ու դեսպաններին տալով՝ խրատեց.
— Գնացեք, որդիք, տեր֊աստված ձեզ հետ
Բայց, մտիկ արեք, մեծ ճամփով չերթաք, 80
Անտառով անցեք, սարով գընացեք․․․
Ուր որ Է՝ շուտով մարդիկ կուղարկեն՝
Խըլեն ձեզանից Էդ պարգևները,
Որոնցից բարձըր ու նըվիրական
Մեզ համար ոչինչ չըկա աշխարհքում․․․
Թող սըրա համար իմ գլուխը տան,
Ու իմ մեղավոր մարմինը կորչի.
Բայց հոգիս արդեն փրկված Է ընդմիշտ։
Ասավ՝ ճանապարհ դրեց ծերունին։
Գոհ Էր սուլթանը, որ գլուխ հանեց 90
Էսքան հեշտությամբ Էս գործը դժար,
Ու պարծենում Էր ամենքի առջև,
Որ Էսքան Էժան դուրս եկավ տակից։
Ահա գալիս է Ղուշբեգի փաշեն:
Սրան Էլ պատմեց, հետը պարծեցավ.
— Հապա մի գըտի՛ր, Ղուբեգի փաշա,
Ի՞նչ ղըրկած լինեմ Մոսկովի ցարին.—
նեմանիչ Սավվի ցուպն եմ ուղարկել,
Կոստանդին կայսեր թագն եմ ուղարկել,
Ոսկեբերանի շուրջառն եմ ղըրկել, 100
Սերբիայի հերոս Լազար արքայի
Ռազմի խաչանիշ դըրոշն եմ ղըրկել։
Իմ ինչի՞ն Էին Էն ամենը պետք.
Իսկ ցարին շատ են պետք ու ցանկալի։
Ու հարցմունք արավ Ղուշբեգի փաշեն.
— Էդ ո՞ւմ խորհըրդով դու Էդպես արիր։
Սուլթանը ուղիղ պատասխան տըվեց.
— Ծեր պատրիարքի խորհըրդով արի։
Ու Էսպես ասավ Ղուշբեգի փաշեն.
— Տեր սուլթան, ասավ, իմ պայծառ արև, 110
Եթե դու ցարին ղըրկել ես Էդոնք,
Որոնցից որ թանկ էդ մարդկանց համար
Ոչ մի բան չըկա արար աշխարհքում,
Շատ լավ կանեիր եթե դրանց հետ
Ղըրկած լինեիր և քո քաղաքի —
Մեծ Ըստամբոլի ոսկի բանալին։
Մին է, ավելի խայտառակ ձևով
Հետո ես տալու Մոսկովի ցարին․․․
Դրանց վրա էր մնում հաստատուն
Քո տերությունն ու քո զորությունը, 120
Որ տըվիր տարան Մոսկովի ցարին։
էս որ իմացավ՝ նոր գլխի ընկավ,
Ծափ զարկեց ապշած սուլթանը էստեղ
Ու պատվեր տվավ փաշին հապճեպով.
— է՜յ փաշա, ասավ, իմ հավատարիմ,
Հավաքիր իսկույն իմ զորքն ենիչեր,
Շո՜ւտ դեսպաններին հասիր Մոսկովի,
Խլիր նրանցից պարգևներն ամեն,
Որոնց վրա որ կանգնած էր հաստատ
Իմ տերությունն ու իմ զորությունը, 180
Որ տըվի տարան Մոսկովի ցարին։
Ու քաջ Ղուշբեգին զորքը հավաքեց,
Գընաց ու գընաց մեծ ճանապարհով,
Որ դեսպաններին հասնի Մոսկովի,
Ու ոչ մի ճամփում հետքները չըկա․․․
Ետ դարձավ, եկավ սուլթանին ասավ,
Թե ոչ մի ճամփում հետքները չըկա։
Բըռնեց սուլթանի ցասումը անզուսպ,
Ահարկու ձենով գոռաց իր փաշին.
— Հե՜յ, փաշա՛, կանչեց, շուտ արա, փաշա՛, 140
Գընա սպանիր ծեր պատրիարքին։
Էսպես որ կանչեց՝ դուրս վազեց փաշեն,
Գընաց ու բըռնեց ծեր պատրիարքին,
Պտըտեց թուրը, շողացրեց գըլխին.
Ծեր պատրիարքը մեղմորեն խոսեց.
— Է՜յ փաշա, ասավ, ետ քաշիր ձեռըդ,
Մի՛ ներկիր հողը անմեղ արյունով.
Թե չէ կըկապվի ակը երկընքի՝
Երաշտ կըլինի շուրջ երեք տարի,
Չի տալ երկիրը էլ բար ու պտուղ։ 150
Ու լըսեց փաշեն ծերունու խոսքին՝
Տարավ կանգնեցրեց ծովի եզերքին։
Սուր թուրը նորից պտըտեց գըլխին,
Ու նորից խոսեց արդար ծերունին,
— է՜յ փաշա, ասավ, քե՛զ քաշիր ձեռըդ,
Ե՛կ իմ արյունը մի՛ թափիր ծովը,
Թե չէ փոթորիկ կանի սոսկալի,
Ծովը կըհուզվի, կելնի ալեկոծ,
Նավեր, նավակներ իր տակը կանի,
Շեներ, քաղաքներ կըծածկի ջրով։ 160
Բայց փաշեն նրան էլ ականջ չարավ,
Զարկեց ու կտրեց գլուխը ճերմակ։
Ու էսպես մեռավ արդար ծերունին,
Ինքն արքայություն գընաց երկընքում,
Իսկ մեզ խնդություն տվեց էս կյանքում։