Jump to content

Թե որ ցանկանա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Թե որ ցանկանա քայլ անել լեռը`
Ինքն իրեն հեռվից նայելու համար,
Ի՞նչ պիտի անի,
Թե որ ցանկանա ծովը գետ առ գետ
                     նորից սար գնալ,
Մանկութ օրերի վայրերը շրջել,
Ի՞նչ պիտի անի,
Թե որ ցանկանա կանգ առնել գետը,
Թեկուզ մի վայրկյան՝ շուրջը դիտելու,
Ի՞նչ պիտի անի:
Ի՞նչ պիտի անեն,
Դժվար է ասել,
Երեւի հենց այն,
Ինչ ես եմ անում, երբ ցանկանում եմ
Թեկուզ մի վայրկյան, թեկուզ կարճ մի պահ
Ապրել, սիրելիս, առանց սիրելու: