Թշուառ ժողովուրդ
Արտաքին տեսք
ԹՇՈՒԱ՜Ռ ԺՈՂՈՎՈՒՐԴ.
Թշուա՜ռ ժողովուրդ... մոլեռանդ գերի՝
Փտած, խարխլած, անյայտ ոյժերի՝
Որ այնպէս թափով խոնարհուել դիտես,
Խաչ ու մասունքի զօրութեանն անտես,
Որ այնպէ՜ս յուսով կեանքիդ փրկութեան
Գութ ես մի՛շտ մուրում, մուրում յաւիտեան.
Դեռ չզարթնեցիր դարևոր քնից,
Յուսախափութեան մռայլ ցնորքից:
Դու այպէ՜ս խղճուկ, կեանքի շուկայում,
Ձեռքից ձեռք անցար լռիկ, անդադրում,
Բանդ ու աքսորի դու տաժանակիր
Եղար հարազատ, հլու որդեգիր:
Բայց հերի՛ք անարգ, եսամոլ մարդիկ
Շինեցին իրանց շահի խաղալիկ
Քո ցաւն ու քո բախտ, թշուա՜ռ մուրացկան.
Միթէ՞ այդ կեանքը սիրում ես այդքան...