Թող մնա (Ջիվանի)
Արտաքին տեսք
Թող մնա
Թող մնա մեկ ժամանակ, առյուծը թմրած թող մնա,
Խաժամուժ կենդանիների մեջը ընկած թող մնա,
Մեռածը չի ողջանալ, գլորածը վեր կկենա,
Թույլ տվեք, ախոյանի ժամը չէ, պառկած թող մնա:
Անտեղի քաջությունը վնաս կուտա իմ կարծիքով,
Երբ լինի կարկուտ, քամի, եղեգը սմքած թող մնա,
Տաք ու պաղ սուլելովդ մի գրգռեր, խարդախ թովիչ,
Թող մնա յուր բնի մեջ, վիշապը սառած թող մնա։
Ջրի շատ գալը՝ խելացի, կտրելու նշան է միշտ,
Թող ծովը ծփա հատուկ, գետը վարարած թող մնա,
Ով Ջիվան, ամեն հայի սրտի մեջը երկար միջոց
Հնության հիշատակը, կայծը բռնկած թող մնա։