Jump to content

Թուխսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *



ԹՈՒԽՍԸ


Հնուց մնացած
Մի խոսք կա փորձած,
Թե՝ — «Գեղը կանգնի՝
Գերան կկոտրի»:

Առած


Կար չկար՝ մի չար,
Մի գող բազե կար.—
Կտուցը համ թուր,
Համ թրի պես ծուռ,
Ճանկերը կեռ-կեռ,
Ինքը արյունկեր,
Ամեն օր հանկարծ՝
Որս նկատելիս՝
Թևերն արձակած
Վրա էր տալիս.
Վրա էր տալիս,
Գնդակի նման
Ներքև էր գալիս
Ու ամեն անգամ
Որս անում-տանում
Ու անուշ անում։
Երբ որ կշտանում,
Վեր էր բարձրանում
Ու ջինջ կամարում
Ազատ սավառնում։
Պառավ նանի թուխսը իսկի
Հանգիստ չուներ նրանից.—
Չէր իմանում ոնց ազատվի

Չար թշնամու բերանից։
Ճուտերն անգամ չգիտեին՝
Թե ո՞ր կողմը վազվզեն,
Որ վերևից վրա չտա
էն արյունկեր չար բազեն։
Հենց որ նրանք գնում էին
Աղբանոցը քջուջի՝
Մայրը արթուն միշտ հսկում էր,
Որ ո՛չ մեկը չկորչի...
Մեկ էլ ըհը՛... գնդակի պես
Ցած էր ընկնում գող բազեն,
Մեկին ճանկում ու հայդե՛, պո՜ւկ...
— Ի՜նչ կուզեին՝ թող ասեն։
Տանելուն պես՝ ով տեսնում էր՝
Ձեն էր տալիս դեսուդեն,—
Թե օգնեցեք, եկավ, տարա՜վ
էն արյունկեր չար բազեն։
Մի կողմից էլ թուխսն էր ճչում,
Ծղրտում էր, կչկչում,
Գնում-գալիս, թևին տալիս,
Կրխկում էր ու կանչում.—
«Վա՜յ, օգնեցեք, ճուտս չկա,
Բազեն զարկեց իմ ճուտիկ,
Ես ո՞նց անեմ, ո՞նց պահպանեմ,
Որ ճուտերս նա չուտի»։
Ամբողջ օրը դադար չուներ,
Կռկռում էր, քջջում,—
Ձեն էր տալիս, ու խղճալի
Կչկչում էր ու ճչում։
Էսպես խեղճ թուխսը
Ե՜րկար մտածեց,
Ե՜րկար օգնության
Ձենուձուն ածեց.—
Նանը ոչ նրան
Օգնության հասավ,
Ո՛չ էլ մի բերան

Քաղցր խոսք ասավ։
Ու ճարը կտրած
Նա մի առավոտ՝
Վեր կացավ գնաց
Քաջ աքլորի մոտ։
Գնաց ամեն բան
Համ պատմեց նրան,
Համ խնդրեց, որ գա
Իրեն օգնության։
Աքաղաղը լսեց
Ու պատասխանեց.
— «Ծուղ-րու-ղու...
Այ քիրացեղ թխսամեր,
Ես քեզ հետ եմ, քեզ ընկեր.
Գնա՜, բադին էլ պատմի,
Թող նա էլ գա մեզ օգնի.
Որ երեքով միասին՝
Մի լավ ծեծենք բազեին»։
Ու թուխսը հասավ,
Բադին էլ ասավ.
— Ա՜յ Շորոր մոքիր,
Խնդրեմ ինձ օգնիր,—
Դ՛ու էլ մի մեր ես,
Ձագերի տեր ես,
Բազեն անիրավ՝
Ճուտերս տարավ։
Օգն՛ր ինձ, խնդրեմ,
Գեթ մինն ազատեմ,
էն քաջ աքլորն էլ
Խոստացավ օգնել:
— «Ղա՜, ղա՜, ղա՜ ...
Լավ, լավ, լավ...
(բադն էսպես ասավ.)
Հավիկ-մարիկ ջան,
Քանի շատ լինենք՝

Շուտ կհաղթենք մենք
էն չար բազեին,
էն գող բազեին...
Շուտ արա՛ գնա՛,
Սագին էլ ասա»։
Ու թուխսը հասավ,
Սագին էլ ասավ.
— Ա՜յ ճերմակ հոքիր,
Խնդրեմ ինձ օգնիր.
Դո՛ւ էլ մի մեր ես,
Ձագերի տեր ես
Բազեն անիրավ՝
Ճուտերս տարավ։
Օգնիր ինձ խնդրեմ,
Գեթ մինն ազատեմ.
Սուլթան աքլորը, Շորոր մոքիրը մեզ հետ
կլինեն
— «Ղո՜ւ, ղո՜ւ, ղո՜ւ....
Լավ, լավ լավ,—
(սագն էսպես ասավ).
— Հավիկ-մարիկ ջան,
Քանի շատ լինենք՝
Շուտ կհաղթենք մենք
էն չար բազեին,
էն գող բազեին.
Դե գնա՜, ասա՜
Մեր հնդուհավին,
Ասա, նա էլ գա,
Հասնի մեր կռվին»։
Ու թուխսը հասավ
Հնդուհավի մոտ,
Նրան էլ ասավ
Իր խոսքը վշտոտ.—
— Ա՜յ Հնդու խնամի,
Խնդրեմ ինձ օգնի.—
Դո՛ւ էլ մի մեր ես,

Ձագերի տեր ես,
Բազեն անիրավ
Ճուտերս տարավ.
Օգնիր ինձ, խնդրեմ,
Գեթ մինն ազատեմ.
էն քաջ աքլորը, Շորոր մոքիրը, Ճերմակ
Հոքիրը մեզ հետ կլինեն։
— «Վա՜խ, վա՜խ, վա՜խ,
Լավ, լավ, լավ,–
Հնդուհավն ասավ.
— Հավիկ-մարիկ ջան.
Քանի շատ լինենք՝
Շուտ կհաղթենք մենք
էն չար բազեին,
էն գող բազեին.
Շուտ արա, գնա,
Մեր շանն էլ ասա»։
Թուխսը հասավ,
Շանն էլ ասավ
— Ոսկի հարևան,
Եկ ինձ օգնության,
Դո՛ւ էլ մի մեր ես,
Ձագերի տեր ես.
Բազեն անիրավ՝
Ճուտերս տարավ,
— Օգնիր ինձ, խնդրեմ,
Գեթ մինն ազատեմ.
Սուլթան աքլորը, Շորոր մոքիրը, Ճերմակ
Հոքիրը ու Հնդու խնամին մեզ հետ կլինեն:
— Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ...
Լավ, լավ, լավ,–
(շունն էսպես ասավ.) —
— Հավիկ-մարիկ ջան,
Քանի շատ լինենք,
Շուտ կհաղթենք մենք
էն չար բազեին,

Էն գող բազեին.
Շուտ արա՛, գնա՛,
Կատվին էլ ասա».–
Թռավ, հասավ՝
Կատվին ասավ —
— Մռռան փիսիկ ջան,
Եկ ինձ օգնության.
Դո՛ւ էլ մի մեր ես,
Ձագերի տեր ես,
Բազեն անիրավ՝
Ճուտերս տարավ,
Օգիր ինձ, խնդրեմ,
Գեթ մինն ազատեմ։
Սուլթան աքլորը, Շորոր մոքիրը, Ճերմակ
Հոքիրը, Հնդու խնամին, մեկ էլ մեր
Շունը՝ մեզ ձետ կլինեն:
— Միա՜վ, միա՜վ, միա՜վ...
Լավ, լավ, լավ,—
(Մռռանը ասավ).—
Հավիկ ջան, գնա,
Միամիտ մնա.
Հենց որ ձեն տաս դու՝
Կգամ օգնելու։
Կգամ օգնելու,
էն չար բազեից,
էն գող բազեից
Քեզ ազատելու։
Մյուս օրը հանկարծ
Բազեն երևաց.—
էն բարձր սարից,
Մթին անտառից,
Մեկ սևին տալով՝
Առաջ էր գալի,
Մեկ թևին տալով՝
Դեպի ցած գալի։
Եկավ, որ բակից

Կրկին որս անի,
Թխսամոր ձագից
Մի ձագ էլ տանի,
Մի ձագ էլ տանի
Ու անուշ անի։
Թուխսն էս անգամ քնած չէր.
Հենց բազեին նկատեց,
Որ դեպի ցած կթռչեր,
Իսկույն նրա դեմ վազեց,—
Ճչաց, ծվաց, ծղրտաց,
— է՜յ դու, անխի՜ղճ, անպիտան,
Գող, ավազակ, չար գազան.
Ի՞նչ ես ուզում ինձանից,
Ի՞նչ ես կպել մեր տանից.
Գնա՛, կորի՛, թե չէ քեզ՝
Պատառ-պատառ կանեմ ես։ —
Ճչաց թուխսը կատաղած,
Վրա ընկավ բազեին.
Ու հենց էն էր՝ քիչ մնաց,
Որ մեկ-մեկու գզեին,—
Մեկ էլ հանկարծ դուրս եկան
Թխսամորը օգնության։
Աքլորն ելավ թմբի ծերը
Ծղրտաց.—
— Կղո-կո-կո-կո՜...
Բադը եկավ թևահարեց,
Ճղճղաց,—
— Ղա-ղա-ղա՜...
Սագը հասավ, վիզը մեկնեց,
Ճչճչաց.—
— Չր-ճը՜թ, չր-ճը՜թ...
Հնդկահավը ուռուցվորվեց,
Բըլդ–բըլդաց.–
— Բլրը՜բ, բլրը՜բ. բլրը՜բ...
Մի կողմից էլ շունը հաչեց
Կատաղած,—

Ուա՜ֆ, ուա՜ֆ, ուա՜ֆ...
Շան ետևից կատուն մլավեց
Բարկացած.—
Միաո՜... միաո՜-միաո՜..
Էլ բակումը թխսամորը
Բարեկամ
Հավ չմնաց, որ դուրս չգար
Օգնության։
Բազեն տեսավ բանը բարդ է
Էս անգամ՝
Թևին տվեց ու ազատեց
Ինքն իրան.—
Թռավ, գնաց աչքը էնպես
Վախեցած,
Որ գնալիս՝ էլ չնայեց
Դեպի ցած։
Էն գնալն էր՝ գնաց, ընկավ
Սարեսար,
Էն սարիցը անցավ դեպի
Մութ անտառ,
Էլ ո՛չ մի օր գեղը չեկավ
Որս անի
Ու պառավի թխսամորից
Ձագ տանի։
Էն օրվանից թուխսը արձակ,
Համարձակ
Ճուտերի հետ չափչփում էր
Կալ ու բակ,
Չափչփում էր, քջուջ անում
Աներկյուղ՝
Գիտեր, որ էլ բազեն չի գա
Իրենց գյուղ։