Jump to content

Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից

[ 32 ]

ԹՈԻՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ
ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ
Наперебой


         Поэты читают и пишут,
         Что, дескать, кто умер — заменим того,
         Напрасно, мол, тучи нависли,
         Что близко рабочее торжество...
         Какие богатые мысли!
         Оставив невыгодность прочих дорог
         На светлом пути коммунизма,
         На получают копейку за вздох
         И рубль за строку оптимизма...

МИХ․ СВЕТЛОВ․․․ КЛОПЫ


Իմ սիրելի Ակսե՛լ, չե՛մ մոռացել ես քեզ...
Ահա նստած այստեղ, այս խստաշունչ հեռվում,
Մտաբերում, հիշում,— ու, տե՛ս — գրում եմ ես
Քեզ հանգավոր նամակ։— Այս ափերում,
5 Հյուսիսային այս ցուրտ, դժկամ հեռուներում
Եռում է կյանք մի այլ, անօրինակ ու նոր։—
Միայն Նեվա՛ն է, որ իր դարավոր հունով
Քշում է ջուրն իր գորշ դեպի անհայտ ափեր,
Այս ծանրանիստ Նեվան՝ անեզրական ու վեհ։

10 Այս քաղաքում, ուր ցոփ արքաներ են ապրել,
Ուր շաչել է մտրակը ստրուկների վզին,
Որպես վերին պարգև, — ուր հյուսիսի
Մառախուղի նման այս անտարբեր
Իշխաններն են դարեր առևանգել, հարբել,




[ 33 ]

15 Կախաղաններ կանգնել հարյուրներով,—
Այս քաղաքում հիմա եռում է կյանք մի նոր,
Զարմանալի մի կյանք։— Այստեղ հիմա
Բանվորական դեմքեր դու կտեսնես միայն,—
Երևանից մինչև օվկիանոսը Խաղաղ,
20 Օ, աշխարհո՛ւմ ամբողջ դժվա՛ր լինի մի այլ
Այսքան անխոնջ, զգաստ, խստաբարո քաղաք։—
Այստեղ զգաստ դեմքեր լոկ կտեսնես քո շուրջը,—
Պարզ, հասարակ դեմքեր, դեմքեր, որ լուրջ են,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
25 Իմպերատիվը սերունդների...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այս հասարակ մարդկանց բազմություններն ահա,
Որ դեմքերի վրա ունեն պահած
Մի անխորտակ վճիռ,— այս մարդկանց ես
30 Տեսա գործի ժամին, տեսա հրկեզ
Հնոցների առաջ,— տեսա ինչպես
Գուրգուրանքով, սիրով, լրջությամբ խոր
Այդ ժխորում գործի, այդ պայքարում
Ընդդեմ նյութի,— անդուլ, գիշեր ու զօր,
33 Ընդվզում են նրանք ու մաքառում։—
Ինձ հմայեց այդ տենդը։— Այդ պայքարում վսեմ
Օ, ո՛չ թե մարդն էր լոկ խոփեր կոփում,
Այլ ներշնչում էր և՛ նյութը մի անհուն սեր
Աշխատանքում կոփվող նրանց ոգուն։
40 Տեսա հետո նրանց ես հանգստի ժամին,
Թատրոններում տեսա, միտինգներում,—
Եվ ամենուր նրանց այդ լուրջ, այդ խստամիտ,
Այդ մաքառող ոգի՛ն էր խանդից եռում։—
Եվ ամենուր նրանց հայացքների միջից
45 Աննինջ, հոգսը դեմքին, հետապնդում էր ինձ
Այն ղեկավարը մեծ, խստաբարո,

[ 34 ]

Որ մկանուտ մարդկանց բազմություններն այս հոծ
Մի առավոտ մղեց դեպի գրոհ․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

50 Եվ նայելով նրանց, աշխատանքի բոցում
Իրենց ոդին կոփող այդ մարդկանց — ես
Տեսա, որ մի՛տք է մի ուղեղս սղոցում,
Ինձ անդադար կրծող մի միտք, թե մենք
Ունեցե՜լ ենք արդյոք մեր առօրյա գործում,
55 Մեր երգերում, գրած գրքերում մեր,—
Ունեցե՜լ ենք արդյոք մեր խոհերի խորքում
Այս խստությունը խոր ու անչափ վե՛հ։
Մեր երգերում, գրած մեր գրքերում բազում,
Մեր գործերում, թեպետ պոետական,
60 Մեր մտքերում՝ հաճախ թե՛ մեղկ, թե՛ գունազուրկ,
Մեր հույզերում — այնքա՜ն լիրիկական,—
Մենք չե՞նք եղել արդյոք զարմանալի անհոգ,
Զարմանալի անփույթ, հաճախ թեթև,—
Եվ պահեր ենք վսեմ մենք ունեցել եթե —
65 Դա չի՞ եղել արդյոք պատահական արդյունք
Պատահական ժամի․․․ Կոփե՞լ ենք մենք
Մեր խոր խոհերն արդյոք աշխատանքի բոցում
Կռե՜լ ենք խոսքը մեր, որպես պողպատ,
Որ նա տոկա, կիզվի, ու անդադար շողա
70 Սերունդների սրտում... Եվ հնոցում
Այս օրերի, որ մեզ հրկիզում են անդուլ,
Հրո՛վ, հրո՛վ սրբում մեր պիրկ ոգին —
Տքնե՜լ ենք մենք արդյոք աշխատանքով հանդուգն,
Որ մեր գործի վրա ժանգ չչոքի...
75 Մտածե՜լ ենք արդյոք, որ խոսքը — թո՛ւջն է նույն՝
Դիմադրող, համառ,— և եթե մենք
Չհրկիզենք նրան մեր խոհերի հունում,

[ 35 ]

Աշխատանքով անդուլ թե չձուլենք —
Նա կխամրի, հանգած, կանոսրանա,
30 Կփուխրանա, ինչպես մգլած պտուղ,—
Եվ բշտիկներ կուռչեն, լքված օդով,
Այդ փչացած թուջի — այդ խոսքերի վրա...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
85 Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թև,—
Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթև,
Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
90 Դատողության,— (թեկուզ հիմնականում
Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
Բզկտում են նրան, փետրահանում
Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով։—
95 Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
Հանճարեղ խոհն անգամ։— Այդպես ահա՛
Արծիվների թևե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
100 Փետրահանած ու մերկ)։—
Հիմա խոհե՛ր կան՝ այդ արծիվների նման։—
Ու պոետներ բազում, որոնց համար
Հիմնականը փետո՛ւրն է — մի ամեհի խանդով
Փետրաթափ են անում նրանց անդուլ։—
105 Այդ խոհերից վսեմը — աշխատա՛նքն է գուցե.—
Կարդա՛ նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր,— և ինձ ասա՛ հիմա՝
Աշխատե՞լ են նրանք երբևիցե...

[ 36 ]

Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքը — թո՛ւջն է նույն,
110 Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու

թույն,

Պահանջում է խոնջենք ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․


115 Մենք շա՜տ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ,
Մեր օրերի, գրչի, մեր խոհերի բազում։—
Վայե՞լ է մեզ լինել անինքնուրույն, անդեմ,
Եվ օրերում վատնել մեզ տրված գանձը զուր,
Ինչպես վատնել է այն ճորտը լեգենդական։—
120 Մենք երգեր ենք գրել։— Իմացե՞լ ենք, սակայն,
Որ խոսքը, շեշտը մեր յուրաքանչյուր,
Բաժանվելով մտքի՛ց մեր, մեր խոհերից —
Դառնում է ո՛չ թե լոկ դատարկ հնչյուն,
Այլ բարձրացող, ելնող սերունդների
125 Սրտին, մտքին, ոգուն ու տենչանքին նետած
Մի դրոշակ, կամ սև նշավանքի նշան։—
Որ խոսքը, երգը մեր՝ մեր խոհերով նշած՝
Կամ կարող է լինել հուրհուր դրոշ.
Կամ անկումի ժամին մեր խոհերից պոկած
130 Ողորմելի մի լաթ, մի սև ծվեն, որով
Ցանկացել ենք մենք մեր եղկությունը ծածկել,
Մերկությունը ոգու ու անճարակ մտքի,
Որպեսզի սուր մի սև մեզ չծակե,
Որպեսզի միտքը մեր չբարձրանա ոտքի։—
135 Որ խոսքը — նյո՛ւթն է նույն, որ կոփում են սրանք
Այս մկանուտ մարդիկ,— ու մեզանից
Պահանջում է նա սեր, ու տքնություն, ու ջանք,
Ու գերագույն լարում։— Եվ մենք քանի

[ 37 ]

Չենք սովորել դեռ մեր յուրաքանչյուր բառին
140 Նայել սիրով այս վեհ, այս խստությամբ ազնիվ,—
Դժվար թե խոսքը մեր հորիզոններ վառե
Եվ բարձրացող, ելնող սերունդներին հասնի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
145 Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք:—
Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, մե՜ծ ճանապարհ, նորից։—
Ես տեսնում եմ հիմա տարիների հեռվում
Հորիզոններ՝ բազում փորձությունով հղի,
150 Հերոսություն, պայքար, և աննահանջ ուղի,
Որ մի՝ անգամ է լոկ մեզ աշխարհում տրվում։—
Ճանապարհին այս մեծ, այս վերելքին ահեղ
Մենք չե՛նք հոգնի երբեք, չենք կորցրնի ուղին,
Չկտրվենք եթե սերունդների հողից,
155 Սերունդների՝ աչքով թե մեր երթին նայենք...

Հիմա խոհերն են այս իմ ճակատին նստեր —
Ինձ այսպիսի՛ խոհեր ներշնչեցին նրանք,
Այն խստադեմ մարդիկ, որ կոփում են այստեղ,
160 Այս ցրտաշունչ հեռվում, չտեսնըված մի կյանք։—
Այն մկանուտ մարդիկ, որ պահանջկոտ են, լուրջ են,
Ինչպես այս գորշ Նեվան, այս աղջամուղջը,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների...
165 ․ ․ ․ ․ ․ ․ ․
1929․ <հոկտեմբեր> 16․ Լենինգրադ