Jump to content

Թուղթ Անահիտ Չարենցին գրված Ստեփանակերտից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Թուղթ Անահիտ Չարենցին գրված Ստեփանակերտից)
ԹՈՒՂԹ ԱՆԱՀԻՏ ՉԱՐԵՆՑԻՆ ԳՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ


Աղբյուրի վրա քո խոնարհումը դարձել է ծարավ
եւ լուռ մի հայացք,
որը, ես կերդվեմ, ջրահարսի չէ,
պաղ ջրերի հետ անվերջ հոսում է՝ դարձած փնտրտուք
կորսված օրվա։
Ջրափին կանգնած ծաղկի միամիտ-գեղեցիկ փայլը
ինքը իր համար համեմատվում է այն շուրթերի հետ,
որ ակի մեջ են
մնացել արծաթ,
սակայն, ես կերդվեմ, ջրահարսի չեն, ո՜չ մի ժամանակ։
Ծերուկ թթենին, որը իր ճերմակ սարսուռների մեջ
քո մրմուռների կրկներգն է պահում չտարրալուծվող,
ջահելացել է
եւ ավելի է անուշ դարձրել իր պտուղները՝
քո հպումների տաք հիշողությամբ,
բնին, շյուղերին, ճյուղերի վրա մատնահետքերդ
բողբոջ են գցել։
Այն արահետը, որտեղ քայլերդ դարձել են
վաղուց լուսատտիկներ
եւ կարոտների լուսերգ են փռում,
այնքան է հպարտ,
ասես ոչ միայն Քիրս ու Մռովի,
այլեւ երկնքի փեշով է անցնում. իրավունք ունի,
չէ՞ որ միակն է արահետն այդ Արցախ աշխարհում,
որով որ մի օր
քայլել, անցել է Չարենցի դուստրը...
Իսկ Գանձասարի հայացքի ներքո,
(հիշու՞մ ես, Բելան ինչպես էր երգում վանքի հինավուրց
կամարների տակ,
երգի ամեն բառ վառվում էր որպես մոմը սրբազան)
արեգակի հին ժամացույցն իր կանաչ պահերում
գրանցել է եւ այցելությունդ,
պահակը ամեն անցող-դարձողի բարեւն առնելիս,
                                 միշտ պարծենում է.
- Այստեղ Չարենցի աղջիկն է եղել,
ես իմ աչքերով տեսել եմ նրան։
Երեւի աչքին երեւացել է՝ ասում են մարդիկ,
ես էլ՝ մարդկանց մեջ. երեւի աչքիս երեւացել է։
Բայց այդ պահակը հիշողության մեջ, իմ հիշողության,
մի քիչ խառնել է քո հայացքները
Նելլիի զնգուն քրքիջների հետ
(որով Խաչենի ձորը լցվել է)
եւ տխրության հետ լուռ Լաուրայի,
որ Պետրարկայի սոնետները իր մտքի մեջ պահած,
իր Պետրարկայի,
Մանոն Լեսկոյի մասին Չարենցի տողերն էր հուշում
քեզ՝ Անահիտիդ,
իբրեւ ե՞րբ ես դու դրանք մոռացել։
(Սիրտս ուզում է մեր աղջիկներին։ Շատ եմ կարոտել
նրանց Ղարաբաղ բերած օրերին։ Նաեւ՝
Արամին։ Անթիվ համբույրներ մեր աղջիկներին։
Նելլիին ասա՝
կարգին բան չկա՞ր, որ սովորեին Արցախ
աշխարհի ձորերը քեզնից, թախծով
                                    քողարկված
քո քրքիջներն են կրկնում անվերջ՝
ազնիվ Ազատի ծանր ու փափուկ
                           հայացքների տակ)։
Անահիտ, գուցե ասացի բաներ, որ պետք չէր ասել,
բայց հիմնականը, քիչ մնաց՝
մնա.
Չարենցի անհուն երգերից մեկը՝
ձեռագրված քո շուրթերի վրա,
որ չեն ընթեռնել ժամանակները,
վերծանվել է մեր Գանձասար վանքի
                             անլուռ քարերին,

երբ դու մեսրոպյան ջինջ գրերն էիր
                        համբուրում այնտեղ։
Անահիտ՝ իմ քույր,
Դու երգ-երգենի,
Դու հուր-հրենի,
Սուրբ-Չարենցենի։