Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N.N.-ին, գրված Երևանից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N.N.-ին, գրված Երևանից

Եղիշե Չարենց


Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N.N.-ին, գրված Երևանից


Ահա կրկի՛ն գրում եմ քեզ,
Իմ լավ ընկե՛ր, իմ բարեկա՛մ,—
Օ, քե՛զ, անհայտ, բայց մե՜ծ երգիչ,
Ողջո՛ւյն, ողջո՛ւյն պոետական։—
Գրում եմ քեզ ես պարզ հանգով,
Ռիթմո՛վ հստակ, յամբով մեկին,
Գրում եմ քեզ կարոտանքով,
Ինչպես Պուշկինը՝ Դելվիգին...

Սրտով խաղաղ եմ ես հիմա
Ու խոհերով հստակ, մաքուր։
Իջել է իմ սրտի վրա
Զարմանալի հանգստություն։
Չեմ իմանում ի՛նքս էլ սակայն,
Թե ի՞նչը ինձ այսպես փոխեց.
Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թե՞ տարիքս են արդեն կոխել։—

Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Ձեռք եմ քաշել հիմա մանրից...
Իմ սենյակում երեկ նստած՝
Կարդում էի Ալեքսանդրին։
Կարդում էի... Եվ իմ հոգին
Հսկա մի խինդ էր ողողում.—
Այդքան պայծառ ու ահագին
Արեգա՛կն է միայն շողում։

Եվ կարդալով Ալեքսանդրին՝
Կրկի՛ն անգամ ես հասկացա,
Թե ինչո՞ւ է նրա անդրին
Սերունդների սրտում կեցած։
Թե դարերի հորիզոնում
Չսուզվելով՝ ինչո՞ւ է նա
Անվերջ շողում ու բարձրանում
Եվ միշտ պայծա՛ռ պիտի մնա։ —
Գրում եմ քեզ ահա ես հին
Պատասխանը այդ հին հարցի.
Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։—
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին,
Կյանքը սիրիր լիահնչյուն
Ու մի՛ դավիր քո քնարին։—

Հարկավոր է ձուլվել դարին,
Ասում եմ ես... Բայց կա՞ արդյոք
Այդքան անհուն ու դժվարի՛ն,
Այդքան թե՛ պարզ, թե՛ բարդ մի գործ։
Մարդիկ կան, որ կարծում են, թե
Ով ավելի բարձր է գոռում՝
Նա՛ է միայն դարի տենդով,
Դասակարգի խանդով եռում։

(Մի ժամանակ, դժբախտաբար,
Ե՛ս էլ էի այդպես կարծում,
Բայց վերցրած պայծառ քնար՝
Ազատվել եմ ահա փորձում
Այդ մարմաջից... թեկուզ... թեկուզ...
Ապագայում գուցե ցավեմ,
Քանզի դա և՛ հեշտ էր, և՛ պարզ,
Ե՛վ անվնաս, և՛ շահավետ...)

Մեր շուրջը, տե՛ս, ինչքա՛ն դեմքեր,
Ինչքա՛ն մարդիկ, շեփոր առած,
Երգում են գործ, երգում են տեմպ,
Երգում երգեր բարձրաշառաչ։—
Երգում է, տե՛ս, գիշեր ու զօր,
Պոետների մի ողջ բանակ,
Սակայն երգեր քիչ կան այսօր,
Այլ կա հաճախ թուղթ ու թանաք։
Մե՛ծ է այսօր բանակը մեր.
Թե բոլորիս քշեն զինվոր՝
Կառնենք գյուղեր ու քաղաքներ,—
Բայց երգեր ենք գրում այսօր։
Երգում ենք սեր, երգում ենք մահ,
Երգում պայքար ու աշխատանք,
Մեր երգերում, սակայն, չկա
Այսօր ո՛չ սեր, ո՛չ խոհ, ո՛չ կյանք։—

Ի՜նչ են մեր մեծ դարի հանդեպ
Երգերը մեր թոթովախոս...
Մենք, որ մի նոր կյանք ենք կանգնել,
Չունենք երգեր հատու ու խոր։
Ինչ գրել ենք մինչև հիմա՝
Եղել է լոկ առաջաբան
Մի վիթխարի երգի համար,
Որ գալու է, բայց դեռ չկա։

Չհավատա՛ս դու ինքնագոհ
Պոետներին մեր այն բազում,
Որ հմայված իրենց երգով՝
Ներբողներ են իրար ասում։
Շա՜տ է չնչին մեր ապագան,
Թե որ դրանց երգին նայես.—
Օ, դարը մեր հերոսական
Այդ երգի՞ն է միթե վայել...

Բայց նա կգա, պոետն այն մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։
Պղնձաձույլ իր քնարով
Շո՛ւնչը կերգե այս մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով—
Ու չի՛ դավե իր քնարին...

Մեր վիթխարի դարը ահա
Շառաչելով, ընդդեմ հնի,
Բարձրացրել է, որպես վահան,
Հսկա անունը Լենինի։
Եվ ուր առաջ բանտ էր խավար,
Ճորտությունն էր ուր լուռ քնել—
Ալեկոծվում են հողմավար
Անծայրածիր բազմություններ։

Աղմկում է հողմանման
Սոցիալական ծովը հիմի,
Կյանքը այսօր օրհասական
Բախումների օվկիան է մի։
Լեռնացել են իրար հանդեպ
Երկու հսկա դասակարգեր,
Ընկնում են հին գահեր այնտեղ,
Այստեղ կանգնում չեղած կարգեր,—

Եվ այս անդուլ դարում ահա,
Այս լեռնացող օվկիանում
Ապրում են բյուր մարդիկ հիմա,
Տխրում, տքնում, ուրախանում,—
Մարդն է ապրում, ինչպես առաջ,
Հուզումներով իր կենդանի.
Ունի կրքեր բազմաշառաչ,
Սրտում հազար հույզեր ունի,—

Եվ ի՞նչ... այս բորբ, այս կենդանի
Հույզերը հորդ երգելու տեղ—
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթև.
Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր։

Սակայն դու չե՞ս գտնում արդյոք,
Որ վիթխարի այս մեր դարում
Իր հույզերով ու կրքերով
Ավելի՛ է մարդը հարուստ։
Ինչե՜ր է նա այսօր տեսել,
Ինչե՜ր ապրել ու զգացել,
Եվ ի՞նչն է նա համարել սեր.
Եվ ինչո՞վ է ուրախացել...

Տեսել է նա Հոկտեմբերի
Անօրինակ պայքարը մեծ,
Ընդվզումի տարիների
Օրերը բորբ ու հողմածեծ։—
Կործանո՜ւմն է տեսել հնի,
Պալատների անկումն անդարձ,
Տեսել է մահը Լենինի,
Կորուստն այս խոր, անվերադարձ։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչքա՜ն է այս ամենը բարդ...
Այս ամենի հետ միասին՝
Մարդը էլի՛ մնում է մարդ,
Որ ունի սեր, որ ունի սիրտ։
Կարո՞ղ ես դու՝ երգի՛ր նրան՝
Իր հույզերով մեծ ու մանրիկ,—
Բայց այսպիսի երգի համար...
Քնա՛րն է պետք Ալեքսանդրի։

Քնարն է պետք Ալեքսանդրի,
Ու քնարի հետ միասին՝
Այդքան անհուն ու ահագին,
Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ։—
Իր մի՛տքն է պետք պայծառատես,
Որ օրերի վեճի միջից
Հիմնականը մանրից զատե
Եվ կարկաչե ջինջ ու վճիտ։—
Որ առօրյա աղմուկների
Միջից տեսնի օրը գալիք
Եվ չդաոնա ոգով գերի
Ծնծղաներին աղմկալի,—
Տեսնի՛ ոգով, թե ի՞նչն է, որ
Դառնալու է էգուց անցյալ,
Եվ ի՞նչն է, որ՝ հեռու մի օր՝
Պիտի կանգնի բա՜րձր ու պայծառ...

Եվ նա կգա, պոետն այդ մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։—
Պղնձաձույլ իր քնարով
Շունչը կերգե մեր մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով—
Ու չի՛ դավե իր քնարին...

Վերջացրի։— Գիշեր է խոր։—
Եվ գիշերվա այս խոր պահին
Գլխիս վրա թառել է լուռ...
Իմաստուն բուն Միներվայի1։
Եվ առույգ է սիրտս շնչում,
Կասկածանքներ իմ մեջ չկան։—
Դե՛, ընդունիր հազա՛ր ողջույն,
Պոետական իմ բարեկամ...