Թուրքական հերթական նկրտումների մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Թուրքական հերթական նկրտումների մասին

Արա Պապյան

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ հետաքրքրվել է Նախիջևանով: Նա ասել է, թե Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի անվտանգության երաշխավորը: Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, հայտարարել է Դավութօղլուն:
Lragir.am 28.04.2010


Սա առաջին դեպքը չէ, երբ մեր հարևան երկրի ԱԳ նախարարն աչքի է ընկնում բացառիկ երևակայությամբ: Նա հաճախ բաներ է տեսնում, որոնք իրականության մեջ չկան: Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» դրանց թվից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականության և (ան)օրինականության հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու, այսու անդրադառնամ միայն պնդման 2-րդ մասին. «...Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը»:

Կարսի, այսպես կոչված, պայմանագրի նման մեկնությունը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք՝ ինչ է ասված Կարսի, այսպես կոչված, պայմանագրի մեջ: Գրում եմ «այսպես կոչված», քանզի այն ընդհանրապես պայմանագիր չէ, որովհետև չի կնքվել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, այլ գործարք է 2 հրացանավոր-հանցավոր քաղաքական ուժերի՝ բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած և իշխանության բռնազավթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ հոդվածում գրված է.

«Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:[1]

Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հույժ կարևոր հանգամանքի վրա, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարվում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնվում է Ադրբեջանի «խնամակալության ներքո» (under the protection; под покровительством): Ընդհանրապես, ըստ միջազգային իրավունքի, «պրոտեկտորատը իրավական հարաբերություն է երկու պետությունների միջև»:[2] Այսինքն, դրանք 2 առանձին միավորներ են և միևնույն երկրի 2 մասերը չեն:[3] Ինչպես, օրինակ, Թունիսը և Մարոկոն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին, կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր:

Նախիջևանի ԻՍՍՀ դրոշը, որի վրայի հայերեն մակագրությունը վկայում է այդ վարչական միավորի հայկական էության մասին

Ակնհայտ է, որ Կարսի, այսպես կոչված, պայմանագրի 5-րդ հոդվածը կողմերից որևէ մեկին չի տվել երաշխավորի (guarantor) կարգավիճակ: Այդ հոդվածին մաս հանդիսացող 3 կողմերից երկուսը («Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի... կառավարությունը») ունեն իրավահավասար կարգավիճակ: Հիշյալ հոդվածի մեջ ընդհանրապես չկա որևէ հանձնառություն, այլ միայն առկա է 3 կողմերի միջև համաձայնություն Նախիջևանի մարզի կարգավիճակի մասին: Այսինքն, սույն հոդվածն ամրագրում է կայացած, ավարտված պայմանավորվածություն, այլ ոչ թե՝ ապառնի պարտավորություն: Երաշխավորող պայմանագրի էությունը՝ երաշխավորվող հանձնառությունն է:[4] Երաշխավորվող հանձնառության բացակայությունը զրկում է, անգամ մեծ ցանկության դեպքում, Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը դիտարկել որպես երաշխավորող պայմանագիր: Ընդսմին, երաշխավորող պայմանագրի մեջ պետք է հստակ լինի, թե ով ինչ է երաշխավորում: Օրինակ, Ազգերի լիգայի Կանոնակարգի (The Covenant of the League of Nations) 10-րդ հոդվածով կազմակերպությունը երաշխավորում էր իր անդամների «տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունը»: Մեր քննարկման հերոս Թուրքիան, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միասին եռակողմ պայմանագրով (1959թ.) [հ-ծ 2]. «...երաշխավորում է[ր] Կիպրոսի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»:

Բերենք օրինակներ նաև մեր ժողովրդի պատմությունից:

Հիշո՞ւմ եք Սևակի անմահ տողերը Անլռելի զանգակատուն-ից.

Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,
16-ն այսպես մի կերպ շուռ տվին:
Աչքդ լույս լինի, դու օգտվեցիր թվաբանություն.
Աճեց քո 16-ը՝ դարձավ 61:

Այստեղ հիշատակված են 2 հայտնի պայմանագրերի՝ Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի (03.03.1878) և Բեռլինի պայմանագրի (13.07.1878) հայերին վերաբերող հայտնի #16 և #61 հոդվածները, որոնք, ըստ էության, երաշխիքային պարտավորություններ էին՝ հանձնառություններ բարեփոխումների համար: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»: Ի դեպ, ուշադրություն դարձրեք «անհապաղ» բառին, արդյո՞ք դա Ձեզ չի հիշեցնում «ողջամիտ ժամանակահատվածում» բառակապակցությունը: Բեռլինի պայմանագիրը գրեթե նույնպիսի երաշխիքներ է տալիս, սակայն այս անգամ երաշխավոր (guarantor) էին հանդես գալիս արդեն պայմանագիրը կնքած բոլոր պետությունները. «առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ … իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը»: Այսինքն, վերոհիշյալ պայմանագրերում առկա էր ցանկացած երաշխավորող պայմանագրի (guarantee treaty) առանցքային հարցը՝ երաշխավորման առարկան:

Ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

1. Թուրքիան չի կարող հանդես գալ որպես Նախիջևանի վարչական միավորի երաշխավոր, քանի որ բացակայում է դրա իրավական հիմքը: Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը նման իրավասությամբ չի օժտում Թուրքիային: Այնտեղ, ընդհանրապես, որևէ ամրագրված պարտավորություն չկա:

2. Կարսի, այսպես կոչված, պայմանագրով Հայաստանն ու Թուրքիան Նախիջևանի նկատմամբ ունեն նույնական իրավունքներ և պարտավորություններ:

3. Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը խոսում է Նախիջևանի պրոտեկտորատի մասին, որը 1923թ. ի վեր գոյություն չունի: Ըստ այդմ, եթե մինչևիսկ Թուրքիան իրեն Կարսի բոլշևիկ-քեմալական գործարքով համարում է Նախիջևանի պրոտեկտորատի երաշխավորը, կրկնում ենք՝ առանց հիմքի, ապա Նախիջևանի պրոտեկտորատի լուծարումով, այսինքն Նախիջևանի Ինքնավար ՍՍՀ ստեղծումով և ԽՍՀՄ կազմում պարզ ինքնավարություն դառնալով, ի չիք է դարձել նաև այդ հիմքը:


Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), խմբ. Ջ. Կիրակոսյան, Երևան, 1972, էջ 520:
  2. Jankovic B.M. Public International Law, NY, 1984, p. 90.
  3. Ավելի հանգամանալից տե՛ս. Kamanda A. A Study of the Legal Status of Protectorates in Public International Law, Geneva, 1961.
  4. Georg Ress, Guarantee Treaties, Encyclopaedia of Public International Law, v II, North Holland, 1995, p. 634.


29 ապրիլի, 2010թ.