Ճանապարհն արեւից մի ոտք առաջ էր ընկել եւ
մարդը, որ ամեն օր հանդիպում էր հեռուների հետ
անիմանալի, սկսեց
հիշողությունը նշագրել չվող աչքերով, որոնք թռչում էին
բոլորովին տարբեր կողմերի վրա եւ երամ չէին դառնում։
Ոչ մի կռունկ, առանձին վերցրած, չգիտե, բայց
երամը գիտե ճանապարհը։ Հրանտ Մաթեւոսյան։
Ինձանից ուշացել եմ ընդամենը մի կյանք։ Երբեք չեմ հասել իմ
ամբողջին, ես ես եմ մոտովորապես։ Ձյունը գալու հետ
շփոթել է իր գնալու
ժամանակը։ Եվ թռչունները չնայած նստել են ճյուղին, բայց
նրանց ստվերները շարունակում են սավառնել եւ իջնելու միտք չունեն։
Մենակ չմնալու համար պիտի բացարձակապես
մենակ լինել։ Պատը ձգվում է անուղղելի տխուր,
որովհետեւ ուզում է լինել ոչ թե այն, ինչ կա, այլ
ընդհակառակը։
Գորգն ո՞վ է փռել
քամիների վրա
աշնան։ Ինչքան էլ կանչես ու ճչաս թեկուզ,
լքված օրերի ետեւից ձայնը չի հասնում։
Ինչ որ ծրարի վրա մոռացել եմ ֆաքսի համարը։
Խաղաղությունն Արցախում զոհյալների ոսկորներով բարձրացած աշտարակ է,
որի վեհությամբ ինքնամոռաց հիանում են երեխաները, իսկ
տղաները՝ 14-ից 17 տարեկան,
աշտարակի ամենավերին հարկերում շամպայն են բացում աղջիկների համար։
(Խնդության պահին մարդ չգիտե՝ ուրա՞խ է, թե տխուր)։
Աքիլլեսն այդպես էլ չկարողացավ հասնել կրիային ու անցնել, բայց
մրջյունն ահա կանգնել է եղեգնախոտի ծայրին եւ
պատրաստ սպասում է, որ մասնակցի արեւի ծագմանը։