Jump to content

Ժամանակին հնձելով բոլոր խոտհարքները՝ ձմեռը և գարնանը անասունները կփրկենք սովից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամանակին հնձելով բոլոր խոտհարքները՝ ձմեռը և գարնանը անասունները կփրկենք սովից

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՆՁԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ՝ ՁՄԵՌԸ ԵՎ ԳԱՐՆԱՆԸ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԿՓՐԿԵՆՔ ՍՈՎԻՑ

Մեր երկրի անասնապահության համար չափազանց խոշոր նշանակություն ունի կերի պաշարը։ Ամեն տարի, գարնանը, մեզ մոտ կերի սուր կարիք է զգացվում, որն ազդում է ո՛չ միայն մեր անասնապահության վրա, այլև հաճախ դանդաղեցնում է գարնանացանը, որովհետև լծկանները կերի պակասություն են քաշում:

Կերի սակավությունից առաջացող դժվարության գլխավոր պատճառն այն չէ, որ մեզ մոտ քիչ խոտհարքներ ունենք։ Ընդհակառակը, հաճախ մենք մեր ունեցած խոտհարքներն էլ չենք կարողանում լրիվ օգտագործել։ Ամառվա կերի առատ շրջանում գյուղացին հաճախ մոռանում է, որ ինքը գարնանը կերի սակավություն է քաշել, և խնամքով ու հոգատարությամբ չի հնձում իր խոտը։

Այս տարվա խոտհնձի շրջանում ամեն մի գյուղացի պիտի լավ հիշի, որ ոչ մի կտոր խոտհարք չպիտի մնա առանց հնձելու։ Ամենամեծ խնամքով պիտի հնձել և հավաքել ո՛չ միայն խոտհարքների, այլև տան բակի, պարտիզի, ծառատունկերի, միջնակների խոտերը։

Ամեն մի կոլտնտեսություն պիտի հաշվի առնի, թե որքան խոտ ու դարման կգնա համայնացրած ու անհատական օգտագործման տակ մնացած անասունների համար (հաշվելով նոր ավելացողները)։ Եվ ինչպես էլ լինի, այդ չափի կեր պիտի պատրաստել, իսկ խոտառատ վայրերում պետք է կեր պատրաստել նաև վաճառքի համար։

Խոտհնձի կամպանիայի հաջողությունը մեծ չափով կախված է խոտը ժամանակին հնձելուց։ Ուշ հնձած խոտը կորցնում է իր սննդարար հատկությունը: Դրա համար էլ խոտհնձի աշխատանքները պիտի կատարել ժամանակին և արագ։ Իսկ դա կարելի է անել այն դեպքում, եթե ամեն մի կոլտնտեսություն մինչև խոտհունձն ընկնելը պատրաստի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու մեքենաները և կազմի աշխատանքի մանրամասն ծրագիրը։

Աշխատանքի ծրագիրը կազմելիս՝ նախ պիտի հաշվի առնել, թե որքա՞ն աշխատող ձեռք կա, որքա՞ն ժամանակում կարելի է վերջացնել խոտհունձը։ Ապա խոտհարքները պետք է բաժանել մասերի և ամեն մի մասի համար նշանակել անհրաժեշտ չափով բանվորների բրիգադ, գործիքներ, մեքենաներ, ձիեր և այլն։

Կարևոր խնդիր է և գործիքների հարցը։ Մինչև խոտհունձն սկսելը պետք է պատրաստել, վերանորոգել եղած բոլոր գործիքները, պակասը լրացնել, որպեսզի խոտհնձի եռուն օրերին դեսուդեն չընկնեն: Դաշտ գնացող բանվորները չպիտի մոռանան իրենց հետ տանել անհրաժեշտ գործիքներ, փոքրիկ փչացումները նորոգելու համար։

Խոտհնձի ժամանակ մեծ նշանակություն ունի նաև աշխատողների սննդի կազմակերպումը։ Հայտնի է, որ հաճախ խոտհարքները բնակավայրերից բավական հեռու են լինում, և խոտհնձի գնացող բանվորները հաճախ շաբաթներով տուն չեն վերադառնում, մինչև որ վերջացնեն աշխատանքը։ Նրանց սննդի հարցը կազմակերպելը կոլտնտեսության կարևոր խնդիրներից մեկն է։ Աշխատանքի ծրագիրը կազմելիս՝ պետք է նկատի ունենալ և այս հանգամանքը և միջոցներ մշակել, որպեսզի խոտհնձի գնացած կոլանդամները կանոնավոր սնունդ ստանան, չմնան չորուցամաք հացի հույսին։

Խոտհնձի ծրագիրը պետք է մանրամասնորեն քննության առնել արտադրական խորհրդակցություններում և այնպես անել, որ ամեն մի կոլանդամ շատ լավ իմանա այդ ծրագիրն ու իր անմիջական անելիքը: