Ժառանգներ (Ատրպետ)
— Ես ողջ, առողջ… թողնեմ, որ Կարճ-Օհանի աղան՝ այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞։ Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաք գլուխ իջեցնե՞մ․․․ Չե՛, ավելի լավ է չապրել, քան թե Մինասի հրամանները կատարել։ Յոթը տարվա մեջ տասնեյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ… Անօրեն ծխեր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալուլյծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա։ Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՜հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ…
Այսպես շարունակում էր Քյալաշը՝ նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են։ Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ թնկան Քղի՝ գավառական ավանը։
Թեմրանցիները վախ չունեին իրենց նախկին բռնավոր քեհրայից, վալիից հրաման էին դուրս բերած գայմագամի վրա, որն իսկույն գյուղի վարչության ղեկը հանձնել էր Մինասին, որին գյուղացիք սրտանց հարգում էին նրա արդարասիրության համար։ Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրառվել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին։ Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) էլ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց։
Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները։ Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե՜ վեր, թե՛ վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ։ Նույն օրը, երկու֊երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուչարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան։ Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու՝ աթար թխելու համար։
— Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է,— հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.
— Կոռո Մամո՛, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛),— և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին։ Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց։ Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ։ Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայատնելով որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրա նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված։ Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամ ությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին։ Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը։
Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը։ Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ։
Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը։ Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թե թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից։ Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր։ Փետրավարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեին խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին Էին։
Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր Էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին Էլ կեր տալ։ Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին։
Քեհյահերին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ արտով մտան սրանց հովանավորության տակ։ - Քեզ էլ նեղություն եմ տալիս,— ասաց մի օր Մամոն Քյալաշին,— հյուրասենյակդ գրավեցի։
— Այդպես բան մի՛ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք։ Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ։ Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը։
— Այդ լավ ես ասում, ես Էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա առայժմ պետք Է յոլա գնալ։
— Փողի դա՞րդն ես անում, ինչի՞դ Է պետք փողը։ Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայի՛ր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կարե շինության համար։ Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ։ Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էչ ես բերել կտամ Օվայից (էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյուղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է։
— Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել։ Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ։ Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի։
— Բան ասի՛ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞, ո՞վ է թևդ բռնելու, շինի՛ր որտեղ որ հարմար է։
— Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել։
— Ա՜յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել։
— Շինենք մի այնպիսի սարայ, որ էրզրումի վալին էլ չունենա։
– Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր։ Վալին ինչո՞վ է քեզանից բարձր։
— Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե,— ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման։
— Կարծում է, թե իրեն համար եմ աշիաաաոամ,– ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետս։— Հողն իմս է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկ էլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդսւնդը, հաշանի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ։ Բայց ոչինչ, դու առժամանակ ուրախացի՛ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեղ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է։
Մտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում Էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում Էին։ Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով։ Քյալաշը գիշեր֊ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը։
— Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել, Քյալաշ քեհյա՛, -ասաց Մամոն,-ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում։
— Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս։
— Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները։
— Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես։
— Ախա՛ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ։ Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային։
— Դրա մասին էլ մտածված է։ Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն։ Պետք է լսեն, որպեսզի էլ դառնանա իրենց տաժանելի կյանքը։
— Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՜ս, ափսո՜ս, որ ես թագավոր չեմ։
Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը։ Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը։ Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին։
Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում. ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան։ Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում։ Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին։ Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում։ Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան։ Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին։ Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան։
— Երանի՜ թե, եղբա՛յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի։ Այս ի՜նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՛չ կռնակիս շապիկ կա, ո՛չ ոտքիս տրեխ։
— Է՜հ, դուք գիտե՛ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՛ք, շինեցե՛ք, շարեցե՚ք… Դե՛հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՛ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան․ մի փոր հացիս ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել։ Մի՛ խոսացնեք, եղբա՛յր, ցավերս, կսկիծներս մի՛ նորոգեք։ Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան։
— Մինաս քեհյա,— ասաց կատակի ձևով մի օր Մամո Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, — այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել։ Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու։ Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգ արտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը։ Է՜հ, փուչ աշխա՛րհ, ապերախտ մարդի՛կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…
— Իրավունք ունիս, բե՛գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է։
— Երկարաբանություն պետք չէ,— ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը։— Գնացեք, գեղովի ժողով արե՛ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հոգ տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ։ Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե։
— Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի։ Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող շունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ւ՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…
— Այդպե~ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները։ Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՛մ տանելու, էլի՛, իրենց։ Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար։
— Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ,— ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհյան:
— Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա,— ասաց Մինասը,— դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարբի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա։
— Ինչի՞, քեզ ի՞նչ է եղել։
— Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել։ Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք, թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին։
— Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ։ Դու խո տալիս ես երկու օրավար։ Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք։
— Բայց…
— Բայց-մայց պետք չէ՛, դու գնա, գզիրը ուղարկի՛ր, համբաներին կանչի՛ր քեզ մոտ, խոսի՛ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք։
Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները։ Շատ խոսեցին, շատ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց մեջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին․ մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեղին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով ցանել։
— Այ մարդ, էս ի՞նչ է քոլ արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում,— ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին։
— Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել։
— Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՛ր տունդ կոխեցիր, քանի՜ մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ։ Հորս կտակը ոտքի տակ գցեցիր, ժամ և ուսումնարան շինելու համար չտվիր էն հողը, որտեղ այժմ ավազակր իրեն համար սարայ է շինում։ էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավա հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ումն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարդիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում։ Քանի՜ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քոլ գլխին գյուղ ու գավառը, քանի՞ մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը։
պիտի վրդովվի, էս ի՜նչ սև օրի թողիր դու ինձ, ո՛չ տանից դուրս կարող եմ գալ, ո՛չ մի դրկիցի տուն մտնել, ո՛չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ։
— Զահլա մի՛ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չեմ, որ ցրիվ տամ ունեցածս։
— Ա՜յ մարդ, էդ սառած օձը մի՛ տաքացնիլ կրծքիդ վրա դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե… Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ–գեշ երազները քունս չխռովեն…
— Ղեռ շատ ես զահլա տանելու, շնթռկի՛ր, թո՛ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս։
— Ա՜խ, էս ի՞նչ սև օրը մն՜ացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա…
— Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ… Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ…
— 0՜ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի մեկ պիտի տանջվիմ։ Անխիղճ, անհոգի, մի՞թե կարելի է Մատոյի աղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը–գավառը կրակին դնել ու խորովել, հինգ–տասը մարդու պատժելու համար հազար տան ծուխը կտրել։ Թեմրացիներին խոնարհեցնելու համար ողջ գավառը սգացնել։ Ինչի՞դ էր պետք քեհյայությունը։
— Աղջի՛ , ձայնդ կտրի՛ր, կնի՛կ, ինձ մի կատաղեցնիլ, ես գիտեմ, քու սատկելիքդ մոտեցել է, մի՛ ինձ ստիպիլ քեզ վրա ձեռք բարձրացնելու…
— Քեզ պես անխիղճ մարդու հետ ապրելուց, չապրելը հազար անգամ ավելի բարի է։
— Լռի՛ր, սատկի՛ ր, դո՛ւրս կորիր, ձայնդ էլ ականջիս չհասնի,– ասելով բարձրացավ պառկած տեղից Քյալաշը և մի քանի հարվածներ տալով, հրելով դուրս արավ սենյակից Անթառամին։ Բայց ինքն էլ գիշերը հանգիստ քուն չունեցավ։
Անթառամը նույն գիշերը գնաց աղջկա՝ Աննմանի, կողքին ընկավ, քնեցավ մինչև արևագալը։
Առավոտ վաղ Մամո բեգը յուր նախաճաշը կատարելուց և ղայֆան խմելուց հետո Անթառամին կանչել տվեց յուր մոտ։ Քյալաշը նստած էր բեգի դիմաց, բազմոցի գլխին, օջախհ ձախ կողմը։
− Անթառա՛մ խաթուն,− ասաց Մամոն հրամայական ձայնով,− մեր սարայը վերջանալու մոտ է, մեկ-երկու ամսից կգնանք այնտեղ և քեզ էլ նեղությունից կազատենք: Բայց մինչև սենյակների պատրաստելը, ես քեզ վրա մի պարտք եմ ուզում դնել, նախ խոստացիր, որ կկատարես։
Անթառամը գլխով նշան արավ, իբր թե լսում էր բեգի հրամանները։
− Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե։ Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի։
Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին։ Նա յուր որդու՝ Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թե շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ։ Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, յալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով։ Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին։
Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը։ Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներովդ չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը։ Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դոներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել։ Ո՞ր ջինգյանան չէ՝ Հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ագդրը զարդարելու։ Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները։ Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերեին։
— Քյալա՛շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՛ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր֊ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը։
— Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել։ Այնտեղ ինչ որ պետք է կգտնես։
— «Կգտնե՛ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ՝ մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում։
— Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք։
Տիրեց խորհրդավոր լռություն․ երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով։ Ո՛չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՛չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել։ Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ֊ոլրախ կանչեց.
— Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՛ր, Մատոյին էլ ասա պատրաստվի։
— Ո՞ւր ես մտադիր գնալու,— ասաց Քյալաշը։
— Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՛ր ճանապարհը որ բռնե։ Հա՛, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…
— Քեզ փեշքյաշ, Սուլո՛, գնա՛ թամքիր,— թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր։ Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինդյանա նստի՞ … բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել։ Երբ մի ժամ հետո Մամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամանակ դիտելուց հետո ասաց քթի տակ.
— Անոթի գա՛յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞։
Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին։ Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից։
— Կոռո՛, Սուլո՛,— ասաց ճանապարհին Մամոն,— երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց։
— Բալու։
— Հիմա նրանք որտե՞ղ կլինեն։
— Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:
— Քշենք, նրանց հասնենք։ Ամեհի երիվարները անդադար արշավելով անցնում էին դաշտեր, սարեր ու ձորեր։ Քրդական օբաներում երբեմն-երբեմն իջնելով, թե՛ իրենց և թե՛ անասուններին կերակրում, կշտացնում և, առանց հանգստանալու, դիմում էին իրենց նպատակին։
Ութ օր հետո Մամոն յուր ձիավորներով Մշում յուր ծանոթներին այցելելուց հետո դիմեց Արզրում։ Մի ամիս Արզրում մնաց, մինչև որ ոսկերիչներն ապսպրած զանազան անոթները պատրաստեցին և այդ ժամանակամիջոցում Սուլոն և ընկերները քաղաքից Թեմրան էին կրում բեգի գնած զանազան հախճապակյա ամանները, էպինոսի զարդերը, հայելիները Ղարսից բերել տված նիկելի հեշտաեռները՝ իրենց պարագաներով։ Արդուզարդի բոլոր պարագաները գնելուց հետո նա Արզրումից վեր առավ հայտնի հալաջ ստամբուլեցու Յուսուֆ ուստային դիմեց Թեմրան։ Մի ամիս չանցած հալաջը Լիոնի, Դամասկոսի և Լահորի թանկագին կերպասներով և դիպակներով զարդարեց Մամո բեգի դահլիճների և սենյակների բազմոցները, գահավորակները, բազկաթոռները, աթոռները, դռների ու լուսամուտների վարագույրները, և Անթառամի գործած ծաղկուն գորգը սրահի հատակի վրա փռելուց հետո մեծ վարձատրությամբ վերադարձավ իր տունը։
Ամեն բան պատրաստ էր, Մամոն էլ տեղափոխվել էր յուր սարայը, միայն պակասում էր տան դշխուհին, մի տիկին էր պետք, որ կառավարեր այդ ապարանքը։ Կեղտոտ, մրոտ Ֆաթիին չարժեր բերել բազմեցնել այդ դղյակում, նա յուր գարշահոտությամբ վաղուց զզվացրել էր բեգին։ Իսկ այնպես արժանավոր մեկն էլ չկար, նամանավանդ որ Մամոյի իշխանության տակ գտնված բոլոր գյուղերում հայեր էին բնակվում, իսկ ոչ մի հայ աղջիկ յուր կամքով երբեք չէր զիջանիլ ոչ թե բեգի, այլ սուլթանի հարեմն էլ հարս գնալ։ Լեռնական քրդերի աղջիկներն էլ իրենց ազատությունը չէին փոխի հարեմի ճոխ, բայց ստրկական կյանքի հետ, նրանք հովիվ երիտասարդի աղքատիկ, բայց սիրալիր վրանը, յուր սակավաթիվ խաշներով, հազար անգամ նախապատիվ էին դասում Մամոյի ոսկեզեղուն բանտից։
Մամոն ցանկանում էր մի գեղանի, խելացի և բարձրադիրք տիկին ունենալ, որը կարողանար կառավարել յուր տունը, յուր ներքին ելումուտը, իսկ այնպիսի մի կնոջ մասին խնամություն չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ hարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել։ Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց ջինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել։ Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր։ Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից։ Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին։ Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտած գյուղի անցուդարձը։
Այդ օրերը մի շրջաբերական էր եկել վալիից Մամոյին Բալուի մոտերքը Սև ջրի ափերում երկու ամիս առաջ կատարված մարդասպանության և ավազակության մասին, որի մեջ հրամայված Էր բոլոր ծառայողներին ամեն միջոց գործ դնել ավազակների հետքը գտնելու համար։ Վալին այդ ավազակներին գտնողին խոստանում էր ոչ միայն պատվանշան, այլև կանխիկ փող՝ հարյուր ոսկի։ Այդ սպանության գործը նույնպես քիչ չէր զբաղեցնում Մամոյին, որը սաստիկ երկյուղի մեջ էր։ Երբ այդ մտածմունքները սաստիկ տխրեցնում էին Մամոյին, իսկույն կանչել էր տալիս յուր միակ բարեկամ Քյալաշին, որը յուր խորհուրդներով հուսադրում և ցրում էր նրան տանջող տխուր մտքերը։
— Գիտե՞ս ինչ կա, նոր բան եմ իմացել,- ասաց մի օր քյալաշը Մամոյին՝ ներս մտնելով։
— Ի՞նչ։
— Շատ հետաքրքիր բան։
— Ախար ի՞նչ է պատահել,- ասաց անհամբեր կիսազայրալի դեմքով Մամոն, աչքերը հառերով քեհյայի երեսին և անմռունչ ծծելով չիբուխը:
— Երեկ իրիկուն երկու ձիավոր իջել են Մինասի տունը և այսօր առավոտ ծեգը չծագած ճանապարհ ընկել։
— Որտեղի՞ց են եկել։
— Դերսիմից։
— Դերսիմի՞ց։
— Այո՛, բայց բանը միայն այդքան չէ, գաղտնիքն այն է, որ երբ դուք Արզրում գնացիք, այն օրերը այս մարդիկը դարձյալ մտած են եղել մեր գեղը, մի գիշեր մնալով, այստեղից գնացել են Դերսիմ։ Այս բանը այնքան ծածուկ են պահեք գյուղում, որ ես այս գաղտնիքը հավիտյան չպիտի լսեի:
— Ովքե՞ր են եղել։
— Ոչ ոք չի իմանում, այն գիշերը քեհյայի օդայում մարդ կա եղել, բայց զենքերից և շորերից կարծում են, որ անպատճառ ուռուսի մարդ են եղել։
— Դերսիմում երկու ամիս ի՞նչ գործ են ունեցել:
— Բանն այդտեղ է: Բայց դու այս մտածիր, թե ինչպե՞ս են մտնում գեղ, ինչպես դուրս գալիս, որ մարդ չի իմանում: Լալիի դրած ավազակների գործը ե՞րբ է պատահել, ես կարծում…
— Հան… երկու ամիս առաջ, եկել անցել են, ասիր, այդ օրերին մոտ է… կարելի է կասկածել…
— Ախր, ինչպես գրած էր շրջաբերականում, ավազակները սպանել էին վաճառականներին բերդյանի թվանքով, իսկ ուսուսի միջից գալողները ամենքն էլ խո այդ թվանքից ունին։ Տարած փողերից մի մասը Դերսիմի բեգերին կտային, որոնք միշտ պատրաստ են ընկերանալ այդպիսի քաջերի հետ:
— Խելքի մոտիկ բան է, — ասաց բեգը, — շատ կարելի է: Պետք է Մինասին կանչել և քննություն անել:
— Այդպես էլ հարկավոր է… Ցտեսություն: Մինասը հիմի յուր ձեռքով կբերե աղջկան քո դուռը, դու քիչ խրոխտա, – ասաց քթի տակ Քյալաշը Մամոյի սարայից դուրս գալով:
— Ուղիղ, լավ է ասած,— մրմնջաց Մամոն Քյալաշի հեռանալուց հետո։ — Ո՞վ ուտե եղն ու ճմուռը, ո՞վ գլուխը դեմ տա սուրը։
— Լավ է, այս գործը այդպես կփակենք, կքնացնենք և սրանից հետո ամեն հանցանք կբարդենք սահմանից անցնողների վրա։ Թեև վաճառականների ոսկիները մարսված են, բայց և այնպես վնաս չունի, եթե Մինասին Էլ բանտի մեջ քիչ ճնճրտացնենք՝ դժոխքի ճիվաղներին ծիծաղեցնելու համար։ Կարելի է գյավուրը վախից աղջկանն էլ ինձ համար մատաղ բերե։ Հա՛, հա՛, հա՛, Սուլո՛, Սուլո՛։
— Հրամայե, բեգ,— ասելով ներս մտավ Մամոյի ընկերը քմծիծաղով։
— Սուլո՛, գնա գյավուրին կանչե։
— Մինասի՞ն, թե՞ Քյալաշին։
— Մինասին։
Սուլոն սլացավ բարակի նման, տիրոջ որսը բերելու։
— Լա՛վ, ասենք թե Մինասին բռնեցի, բանտարկեցի, տանջեցի,— ասաց մտածելով Մամոն,—ինձ ի՞նչ օգուտ… Ինչ եմ անում նրա աղջիկը, որը կարող է մեկ-երկու ամսից, մեկ-երկու տարուց թառամել, մի՞թե նրա աղջկա նման հազարավորները չկան իմ շուրջը… Ո՞ր գեղից, ո՞ր տանից չեմ կարող փախցնել տասնյակներով այդպիսի դատարկ աղջիկներ։ Ինչի՞ս է պետք նախշունը, որ ներկարարի ներկած դռների ու պատերի նման թեև այժմ նախշուն է, բայց ներկը թափվելուց հետո դարձյալ կմնա նույն հասարակ փայտը… Ինձ խանում-խաթուն կին է պետք, սարայի դշխուհի է պետք, ես սիրտս այրող ու լափող Անթառամին կուզեմ… Որ Անթառամն իմս լինի, Թեմրանն էլ խո՛ հավիտյան իմս կլինի, Ամիրխան քեհյայի ունեցած-չունեցածն էլ Անթառամի տիրոջը կլինի… Էլ զահլաս չի տանի Քյալաշը իրեն տեղի-անտեղի նկատողություններով, և էս սարայում, հուրիիս գրկում, ցմահ կվայելեմ երջանիկ օրեր…
Դեռ Մինասը չեկած, քաղաքացի հյուրեր եկան իջան Մամոյի դռան առաջ։ Անակնկալ հյուրերը տանտիրոջ զարմանքն ու երկյուղը սաստկացրին իրենց արտասովոր շարժումներով։ Քուրդը որքան որ աշխատում էր իրեն սառնասիրտ և անվրդով ցույց տալ, բայց սրտի սաստիկ բաբախումները չէին հնազանդում նրա թույլ կամքին։ Չինական ձիերով ամեն տեսակ հարգանքներ տվեց բեգը այդ քաղաքացի պաշտոնյաներին, որոնց շարժումները անթարթ հայացքով դիտում և ամենայն ուշադրությամբ խոսակցությունները լսում էր։ Խոսակցություններից պարզվեց, որ եկողը դատախազի օգնականն էր, ո րը քննիչի հետ քննություն էր կատարելու գավառում։ Այս հանգամանքը ավելի շփոթեցրեց Մամոյին, որը վախենում էր, որ չլինի թե կառուցած փառավոր սարայից Արզրումի միջնաբերդի բանտը տեղափոխվի։ Քիչ հանգստանալուց հետո դատախազը սկսեց քննությունը։
— Այդ բոլորի մասին ձեզ լիովին տեղեկություն կարող է տալ մեր Քյալաշ քեհյան,— ասաց Մամոն։— Նրան պետք է կանչել։ Այս իրիկուն նա ինձ մի գաղտնիք հայտնեց, որը ես արդեն պատրաստվում էի մի առանձին նամակով վալիին հայտնել։
Կանչել տվին Քյալաշին։ Վերջինս զանազան զարդարանքներով և յուր նկատողություններով ու կարծիքներով նկարագրեց ձիավորների պատմությունը ականատեսի նման, դատախազի ներկայության քննիչին, որը մեկ-մեկ արձանագրում էր լսածները։ Քյալաշը խոսքը ավարտելուն պես Մինասին ներս կանչեցին, որը բոլորովին ապշած մնաց, երբ լսեց յուր հակառակորդի և մերժած խնամու զարհուրելի զրպարտությունը, իսկ արհամարհված խնամին անգութ կերպով պնդեց քննիչի առաջ յուր զրպարտությունները։ Մինասը դատապարտյալների դասն անցավ, որին քննիչն ու դատախազը կապկպած ուղարկեցին Արզրումի միջնաբերդի բանտը, մեծապես շնորհակալ լինելով Մամոյից և Քյալաշից, որ կարողացել էին մի այնպիսի կնճռոտ գործ այդպես շուտ պարզել:
Գույժը իսկույն տարածվեց գյուղում և գավառում։ Լացի, կոծի, հառաչանքի, ախուվախի ձայնը լսվում էր ամեն կողմից, ամեն մարդ՝ կին, ծեր, երեխա դուրս թափվեցին և արտասուքները աչքերին, վզերը, ծռած, սկսեցին դիտել, թե ինչպես շղթայակապ, անարգանքներով, մտրակելով զապթիեները տանում էին իրենց սիրելի քեհյային դեպի քաղաք։ ժամերով կանգնած դիտեցին նրա գնացած ճանապարհը ու հառաչեցին։ Նրանցից ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, երկու մխիթարական խոսք ասել, քաջալերելու այն անմեղ մշակին, որը կյանքը թշվառներին մխիթարելով էր մաշել։
Դատախազի անունը սարսափ էր սփռել գավառում, նամանավանդ այն ժամանակ, երբ դեռ նոր էր հաստատվել այդ պաշտոնը Քրդահայաստանի գավառներում։ Նրանց անսահման իրավունքներրը առասպելականացնում էին, մինչև անգամ Արզրումի վալին՝ Ֆոսֆոր Մուստաֆա փաշան, մի անգամ ժողովում դատախազների իրավունքների մասին խոսելիս վերիններին նմանեցրել էր ենիչերիական շրջանի հայթաներին, որոնք դատավորների, փաշաների և կրոնականների վճիռները քանդում, փոխում էին իրենց քմքի համաձայն։
Այս խառնաշփոթությունները վերջացնելուց հետո Մամոն թեմրացիներից հինգ-տասը ծերեր հավաքեց, որ նոր քեհյա ընտրեն։ Գյուղացիք բեգին դուր գալու և չարություններին վերջ տալու հույսով ընտրեցին Քյալաշին, որը նախապես մի քանի ծերերի խոստացել էր ութ-տասն օրից հեռացնել տայ Մամոյին գավառակից։
Այս ընտրությունը թեև բոլորովին Մամոյի քեֆով չէր, բայց առժամանակ ստիպված էր լռելու, մինչև հաջող առիթի ներկայանալը։
Քննիչի և դատախազի օգնականին լավ փեշքյաշներ տալով ճանապարհ դրեց Մամոն, որոնք վերջինիս խոստացան իրենց պատրաստակամությունը՝ հարկավոր դեպքում ծառայելու։
Քյալաշը, դեռ չհաստատված յուր պաշտոնի մեջ, մի փոքր վեճ ունեցավ Մամոյի հետ։ Բեգն առաջարկել էր Քյալաշին յուր աղբյուրի մոտի փոքրիկ մարագն ու ախոռը բնակության համար Սուլոյին տալ։ Նորընտիր քեհյան էլ, գյուղացիների աչքը կապելու և նրանց զայրույթն ու ատելությունը կրկին չբորբոքելու համար ուզում էր հակառակվել և չթողնել, որ օձը բուն դնե գյուղի սրտի մեջ։ Բայց այդ ընդդիմությունը էժան չնստեց Քյալաշին, նա փափագած պաշտոնում հաստատվելու և Մամոյի սիրտն առնելու համար ստիպվեցավ բաշխելու Սուլոյին ոչ միայն պահանջված կայքերը, այլև մի լուծ եզ և մի սարք արոր։ Քյալաշի այս հակառակությունը նոր մտքեր ծնեցրին Մամոյի գլխում։ Նա հեռու տեղերից երկու-երեք աղքատ քուրդ հովվական ընտանիք հրավիրել տվեց իրեն խաշները արածելու և գյուղացիներին ստիպեց, որ դրանց համար էլ տուն լինեն և իրենց հողերից բաժին հանեն վարուցանքի համար։ Մամոն էլ Մինասին բանտից ազատելու հույսեր տալով և խոստումներ անելով, նրա եղբայրներից նախապես մի լավ տուն վարձ ստացավ»։
Բայց ո՛չ սարայը, ո՛չ նրա ճոխ կահ-կարասիները, ո՛չ ախոռում կապված նժույգները, ո՛չ էլ գյուղական հարս-աղջիկները չէին կարողանում գրավել Մամոյի աչքերը։ Նա պատշգամբից անդադար երբեմն դիտում էր Թեմրանի շրջապատի ընդարձակ տափերը, Ամիրխան քեհյայի թողած ջրարբի հանդերն ու հանդաստանները, այգիներն ու ջրաղացները, երբեմն էլ աչքերը դարձնում էր նրանց չարդախում բանի-գործի ետևից վազող Անթառամին, որն արշալույսից մինչև կեսգիշեր անգուլ շրջում էր բանանողների գլխին, եփում, թափում, մաքրում, րոպեն զուր չէր կորցնում։ Շատ անգամ Մամոն այնքան անշարժ, անթարթ աչքով նայում էր մի առարկայի վրա, որ տեղն ու տեղը թմրում, մրափում, մնում էր, մինչև որ Սուլոն և ընկերները գալիս, թևն ընկած տանում էին անկողին դնում: Իսկ չիբուխը աֆիոնի փշրանքով ծխած օրերը, ութ-տասը ժամ դիակի նման անշարժ տարածվում էր բազմոցների մեջ և երազներով հյուրի-մելեքների հետ ժամանակն անցկացնում։
Անթառամին ձեռք բերելու և մանավանդ Ամիրխանենց կայքն ու կարողությունը հափշտակելու տենչով վառված, Մամոն գիշեր-ցերեկ մտածում էր մի կերպ Քյալաշի գոյությունը ոչնչացնել, որը յուր նպատակին հասնելու ամենամեծ արգելքն էր կազմում։ Նա ամեն օր անզգալի կերպով տանջում էր Քյալաշին, որը թեև սրտի խորքում սաստիկ բորբոքվում էր, բայց դեմքի վրա ծիծաղ ու ժպիտ կեղծելով, անցկացնում էր օրերը, հարմար առիթի սպասելով։ Քղիի ղայմաղամը Քյալաշին թեև երկու անգամ խոստացել էր շուտով հեռացնել տալ Մամոյին յուր պաշտոնից, բայց գործը օրեցօր հետաձգում էր, պատվիրելով միանգամայն համբերությամբ տանել ամեն բան, մինչև պատեհ առիթի ներկայանալը:
Բայց տարաբախտաբար Քյալաշի բարեկամին՝ Քղիի ղայմաղամին էլ փոխեցին և նրա տեղը նշանակեցին մի պոլսեցի երիտասարդի, որի հետ Մամոն շատ զվարճալի օրեր էր անցկացրել Արզրում եղած ժամանակ։ Այս փոփոխությունը հուսակտուր արավ Քյալաշին։ Նա թեև ոչ ոքի մոտ չէր զիջանում խոստովանել յուր հանցանքը կամ զգացած վիշտը, բայց ցավը ներսից նրան տանջում, մաշում էր։ Տանջվում մաշվում էին Քյալաշի հետ թեմրանցիք Մամոյի և նրա ընկերների սոսկալի ճնշումների տակ…
— Քյալաշ քեհյա,— դողդողալով ասաց նրան մի օր գյուղի ծերերից մինը,— այս մեր վերջը ո՞ւր է հասնելու…
— Աստված ողորմած է, Օհան աղբար, մի լույս կհասցնե, մի՛ դարդ անիլ…
— Էլ ո՞ր օրն է հասցնելու, երբ տաշտումը թթխմոր անգամ չմնաց, բնկալումն էլ՝ հավկիթ… Ցանքսի ժամանակ է, սերմ էլ չունենք ցանելու։
— Օհան ամի, մի՛ նեղանա, տղերքը մեր տուն ուղարկե, թող հինգ-վեց կարաս ցորեն տանեն, կալոցին ետ կդարձնեն…
— Այդ ինձ տվիր, դրկցիս տվիր, լավ, բան չեմ ասում, հապա այս հարյուր քսան տանը որտեղի՞ց պիտի հասցնես։ Մի ծաղկով գարուն չի գալ…
— Նրանք էլ մի ճար կանեն, մեկ այս երկու-երեք ամիսն էլ յոլա գնանք, հույս ունիմ, որ կազատվենք…
— Այդպես զուր հույսերով ոչինչ չի դուրս գալ, մենք մեզի ենք խաբխբում… Մանր ու խոշորը դարաքաշ տանջանքներով բավական չէր, որ մաշվեցան ու հալվեցան, հիմի էլ սովը նրանց կկոտորե, կպրծնենք։ Այդ անօրենը գեղ մտնելուց հետո հանգստություններս կտրվեց հերիք չեր, հիմի էլ քղեցիների պես մեր երիտասարդները տուն, տեղ, կնիկ, երեխաներ թողած պանդխտության ճանապարհ ընկան։ Այսօր Մինասենց Սաքոն էլ Սթամբուլ է գնացել․․․
Բավական չէր Քյալաշի ներքին տանջանքը, նրան ավելի հուզում էին Անթառամի անվերջ նախատինքներն ու կշտամբանքները։ Թշվառ կինը շուրջը կատարված անթիվ անգութ տեսարաներից զգացված, վշտի սաստկությունից բորբոքված, հարբածի ու խելագարի նման անխնա ամեն օր կծու ու սուր խոսքերով ծակում էր Քյալաշի սիրտը, մերկացնելով նրա անարգ և ստոր ընթացքը։
Անթառամը, դիտելով Մամոյի աչքերը, արդեն վաղ էր զգացել։ Թե ի՜նչ մտքեր էր որոճում անօրենը և այդ բանը ուղղակի կերպով մի քանի անգամ հայտնել էր ամուսնուն, իսկ վերջինս չհասկանալ ձևացնելով, միշտ լռել էր այդ կետի վերաբերմամբ։ Մինասի աղջկա նկատմամբ Մամոյի սառնասիրտ վարվելու պատճառը մասամբ թեև նախազգացել էր Քյալաշը, բայց երբեք չէր կարողանում համոզվել, որ այնքան ապերախտ կլինի յուր բարերարը։ Իսկ վերջերքը, ղայմաղամի փոխվելուց հետո, երբ լսեց ու դիտեց, թե ինչպես ազատ անօրենը գիշեր-ցերեկ թափառում էր յուր տան շուրջը, ամոթից ու երկյուղից չհամարձակվելով վիշտը արտահայտել, ընկավ մելամաղձոտության մեջ և սկսեց առանձին թափառել օրվա մեծ մասը գեղի շուրջը, գետափի մոտ և ծառերի շվաքի տակ, այնպես որ խույս էր տալիս մարդու երես տեսնելուց։ Այն աստիճանի հասավ, որ գեղի պառավներն ասում էին, թե աստված պատժեց անմեղներին, որբերին ու այրիներին տանջել տվողին։
Մամոն ամեն բան դիտում էր և հրճվում։ նա վերջապես հույս ուներ, որ շուտով կհասնի յուր նպատակին։ Բռնությամբ թեև նա կարող էր անմիջապես մտնել ու հափշտակել Անթառամին, բայց նա խոհեմությամբ էր ուզում գործ բռնել, դրացիների ու մեծավորների աչքը կապել և իրեն անմեղ ձևացնել: Թեև գիտեր, որ երբեք չէր զիջանիլ Անթառամը ջինգյանայի կին դառնալ։ Ամիրխան քեհյայի կարողությունը նրա ձեռքը գցել, բայց համոզված էր նույնպես, որ առանց մեծ դժվարությունների կարող էր խեղդել մի անտեր կնոջ ձայնը։
Այս մտածություններով մի օր Մամոն աննկատելի կերպով սողաց, մտավ Ամիրխան քեհյայի տուն և Անթառամին գտավ յուր առանձնարանում սև օրը սգալիս։ Երկյուղն ու սարսափը հանկարծ տիրեց թշվառ կնոջ, որի լեզուն կապ ընկավ, ուշքը անցավ, մորեցավ․․․ Մամոն աղախիններին կանչեց և հրամայեց, որ շուտով ուշքի բերեն տիկնոջը, իսկ ինքը համարձակ հեռացավ։
Այս անցքը մի քանի րոպեում տարածվեց գյուղի մեջ և ամեն բերան վայ տվեց յուր գլխին, որ դեռ էլի ապրում է՝ այդպիսի սև օր էլ տեսնելու համար։
Այս բոլորի վրա պետք է ավելացնել այն անկարգությունները, հափշտակությունները, գողությունները և հայտնի լիքը առաջարկությունները, որոնք կատարվում էին Մամոյի ընկեր Սուլոյի, Հասոյի և սրանց ազգականների ձեռքով գյուղում ու գավառում։ Հուսահատեցրել էին թշվառ ժողովրդին, այնպես որ գյուղացիներից շատերը պանդխտության էին դիմել Սթամբոլ ու Թիֆլիս՝ սովից իրենց ընտանիքը ազատելու: Շատերն էլ իրենց հողերից զրկված և Մամոյի ընկերների հետ թշնամացած լինելով, թողնում էին իրենց սիրելի հայրենիքը, ընտանիքով դիմում օտար աշխարհ։
Այս բոլորին մի ճար անելու, կործանումից ազատվելու և անօրեններին էլ գեղից հալածելու համար մի քանի փորձառու ծերեր իրար հետ գաղտնի վշտակցելուց հետո որոշեցին մի գիշեր խորհուրդ կազմել։ Ժողովին կանչված էին միայն քսանի չափ ազդեցիկ և ամբողջ գավառին սիրելի մարդիկ։
Բարեկենդանի երկուշաբթի գիշերը, ուշ ժամանակ ծերերը հավաքվեցին Մինասենց օդան՝ խորհրդի: Գիշերը, որ անցյալ տարիներում միմիայն կերուխումի և ուրախության էր հատկացրած, կարմրացրած գառի մսի, հավի, սագի, բադի ու հնդկահավի, փլավի ու քյաշկակի տեղ՝ գարու ալյուրից խավիծ ու փոխինձ էլ չէին գտել անատամ ծերունիները փորները կշտացնելու։ Թթի արաղի, Խարբերդի գինու տեղ մածնի չախլամա էլ չէին կարողացել խմել։ Հեքիաթներ ասել տալու, տաղեր երգել տալու, սազ ու սանթուր ածել տալու, պար բռնելու փոխարեն սև սուգերը պատած մռայլ դեմքով նստոտել էին ծալապատիկ իրար դեմ և ոչ ոք սիրտ չէր անում խոսք բաց անելու։ Սենյակում թագավորում էր տխուր լռությունը, միայն օջախում վառված փայտի բոցերից առաջացած վշտաբեր սուզումը, հանկարծակի ահագին ճայթյունները և երբեմն-երբեմն ստերից բարձրացած սրսփացնող տժտժոցը խանգարում էին նրան։ Այդ մեռելային դրությունը ավելի սաստկացնում էր ծերերի վիշտը, որոնք մասամբ այդ ցավերը չզգալու համար անընդհատ լցնում էին իրենց չիբուխների լուլաները Մուշի դաշտից ստացած կոնտրաբանդ ծխախոտով և ագահաբար ծխում։
Հյուրերը տերտերին էին սպասում, բայց տառապյալներին մխիթարելու կանչվածը Մամո բեգին էր զբաղեցնում նորաշեն ապարանքում յուր շողոքորթություններով։ Տերտերը թեև գյուղացիներին մուննաթ էր անում, թե գիշեր-ցերեկ բեգի առաջ քծնում, աշխատում էր նրա սիրտը գրավել, որպեսզի խղճա, գթա, ողորմի նրանց և թեթևացնի ծանր լուծը, բայց բուն նպատակը բեգի միջոցով Քյալաշի ձեռքից իրենց այգուն կից մի արտը գրավելն ու եղբորը քեհյայության աստիճանին բարձրացնելն էր։
Մամոյին էլ արբանյակ էր պետք, հոգևորականից էլ լավ գործակատար խո չէ՞ր կարող գտնել, անխնա մեծ-մեծ խոստումներ էր անում և հույսեր տալիս։
— Էլ ի՞նչ եք սպասում,− ասաց ծերունի Օհան աղբարը,− երևում է, որ էլ նա չի գալ… Ինչ որ ունիք խոսելու, սկսեցեք, էլի մենք մեր գլխի ճարը տեսնենք, թե չէ մեծատունն ու հոգևորականը իրենց գլխի դարդը թողած, խեղճի ու անճարի հոգսը չեն քաշիլ։
− Այսպիսի օր, երթ արյուն-արտասուք է թափում թշվառ ժողովուրդը,− ասաց մի ուրիշը,− նա բեգի սեղանին բազմած, որսերով լցնում է փորը և կուշտ-կուշտ ծիծաղեցնում մեր դահիճներին…
− Դրանք թողեք, դուք այն ասեք, թե ի՞նչ եք մտածում անել… էգուց չէ մեկէլ օր ժամանակը գալիս է, որտեղի՞ց ենք տալու էղնամի (անասնական հարկ) չորս հազար հինգ հարյուր ղուրուշը (450 ռուբլի)։
− Դրանք բոլորը վերջի բան է,− ասաց խոսքը կտրելով ծերունի Օհանը։− Դուք այն ասեք, ինչպե՞ս անենք, որ այս անօրենին գավառից դուրս հանենք։ Սա իր ավազակներով թե կորչի, մնացյալներից ազատվելը հեշտ է։
− Բանն էլ այդտեղ է, որ այնպիսի դևերից չէ, որ մի խաչ հանելով չքվի…
− Գիտե՞ք ինչ կա,− ասաց բանտարկյալ Մինաս քեհյայի եղբայրը, բոլորի ուշադրությունը գրավելով յուր ծանր խոսակցությամբ,− եկեք մի աղերսագիր գրենք, վալիին տանենք և մեր ցավերը մեկ-մեկ հայտնենք ու ետ չդառնանք, մինչև արդար վճիռ չստանանք…
− Ո՞ւմ վրա, ո՞ւմ եք գանգատի գնում,− խոսքը ընդմիջեց Քյալաշ քեհյան, որ նոր ներս մտնելով դռան միջից լսում էր խոսակցությունը։− Դրանք դատարկ բաներ են, զուր տեղը մի քանի ամիս Արզրումի սարայի դռներում ու խաների (քարվանսարա) անկյուններում պիտի տանջվիք և հուսակտուր ետ դառնաք, այն էլ՝ թե բաց թողնեն… Այստեղ տուն-տեղ անտեր, անտիրական թողնել ու Արզրումի փողոցներում թափառելը խելքի մոտիկ բան չէ։
− Դու սովոր ես խոշոր-խոշոր խոսելու, մեծ-մեծ խոստումներ անելու,− ասաց ծանրությամբ ծերունի Օհանը,- բայց գլուխ բերած օգտաբեր գործդ չտեսանք, հիմի չես էլ թողնում, որ ուրիշները խոսին, տեսնենք նրանք ի՞նչ են մտածում․․․
− Ով ինչ կուզե մտածե, բայց բոլորը զուր է, ես իմ վերջնական որոշումս արել պրծել եմ, Թեմրանը շուտով կազատվի այդ անօրենի ձեռքից… Ավել խոսելու կարողություն չունիմ:
− Այդ խոսքերը շատ−շատ ենք իմացել,− կրկնեց ծերունին,− բայց մեր դառը վիճակը ոչնչով չի փոխվել․․․
− Թողե՛ք խոսի, տեսնենք ինչ բան է նրա որոշումը,− ասաց գեղի համբաներից մեկը…
− Էլի ա զուր հույս,− պատասխանեց ծերունին։
− Այո՛, Թեմրանը շատ շուտով կազատվի Մամոյի ձեռքից, բայց թե ինչպե՞ս, այդ մի գաղտնիք է, որ վեըջը կիմանանք․․․
− Ախր ի՞նչ գաղտնիք․․․
− Հրամմեր եք, դա մի խորհրդավոր գաղտնիք է,− ծաղրալի դեմքով յուր ընկերակիցների հետ ներս մտնելով ասաց Մամո բեգը։− Գաղտնիքը չի կարելի այդքան բազմության առաջ պարզել․․․ Սուլո՛, Մստո՛, Հասո՛, կապկպեցե՛ք, շղթայեցե՛ք այս գյավուրներին, տարեք բանտ, այնտեղ ավելի լավ խորհուրդ կարող են կազմել։
Զինված ավազակները հարձակվեցան անզեն թշվառների վրա և սկսեցին պինդ−պինդ շղթայել նրանց ձեռքերն ու ոտքերը։ Այդ միջոցին մի քանի ճարպիկ ժողովականներ կարողացան խույս տալ, մի քանիսն էլ մտան ախոռ և անասուններին մսուրքների մեջ պահվեցան։ Քյալաշ քեհյան շղթայակապ ամենից առաջ արժանացավ յուր շինել տված հաստ ու պինդ որմերով բանտում՝ առանձնական կյանք վարելու։
Մինչդեռ Քյալաշը բանտի խորքերում գժվելու աստիճանի բորբոքված տառապում, տանջվում էր, մինչդեռ նրա աչքի առաջից և ոչ մի ակնթարթ չէր հեռանում յուր չարաշահ անցյալի զարհուրելի պատկերը, մինչդեռ բանտի այլ սենյակներում ողբալով սգում էին իրենց ընտանիքների սև օրը Թեմրանի համբաները, մինչդեռ կոծում էին գյուղի մանկահասներն ու հասակավորներն իրենց հոր, եղբոր, ամուսնի, որդու սոսկալի վիճակը, մի դժոխական բռնաբարություն էր կատարվում Ամիրխանենց տան մեջ։ Մամո բեգը յուր հրոսակներով մտնելով Անթառամի սենյակը, հափշտակեց նրան և նվաղած, անզգայացած տարավ յուր սարայը։ Նահապետական նվիրական օջախը պղծելուց, նրա զարդերն ու հարստությունները կողոպտելուց հետո, մնացորդը թողեց իր գործակատարներին բաժանելու… Քյալաշի որդին՝ Արտաշը, և աղջիկը՝ Աննմանը, որպես գերի տարվեցան բեգի հովիվների խրճիթները, իսկ զառամյալ քույրը ոտքի տակ ճմլվեցավ։ Մինչև լուսանալը, ոչ միայն դատարկեցին ավարառուները Ամիրխանենց տան կայքն ու կարողությունը, այլ նրա դռներն էլ քանդեցին, տարան։ Լուսադեմին Ամիրխանենց տունը ավելի ավերակի, քան թե բնակարանի էր նման… Նույն գիշերը ավարառության ենթարկվեցին գյուղացիներից շատերի տները և մի քանի ունևորների գեղանի աղջիկներին հարճ տարին Մամոյի արբանյակները…Սուգը, ողբն ու կոծը ընդհանուր էր և վշտի սաստկությունը մոլորեցրել էր ամենքին։ Ամեն մարդու սրտի խորքերից անվերջ հառաչանքներ էին բարձրանում, ամեն շրթունքներից անեծքներ էին թափվում անգութ դահիճների գլխին և ոչ ոք չէր կարողանում մի ճար գտնել այդ գազանների ճանկերից իրենց սրտակիցներին ազատելու համար։
Անթառամը Մամոյի ննջարանում յուրաքանչյուր անգամ սթափվելիս ի՜նչ սոսկալի ցնցումներ էր կատարում, ինչպե՜ս բորբոքվում էին նրա թոքերը հարեմական վարագույրների ու որմերի մեջ նեխված օդը ծծելով, ինչպե՜ս մորմոքում էր նրա մայրական սիրտը, երբ նրա վառ աչքերը չէին նկատում շուրջը յուր սիրասուն զավակներին, ինչպե՜ս մթնում էին նրա աչքերը, երբ գազանաբարո դահիճը յուր զզվելի դեմքով ներկայանում էր նրան զանազան հաճոյախոսություններով՝ չի կարելի բառերով արտահայտել։ Նա երբեմն կատաղում էր մատակ առյուծի նման և ուզում էր հարձակվել-բզկտել յուր ձագերը հափշտակող, չարչարող, տանջող, անգութ դահիճներին բայց հարեմական երկաթե վանդակը արգելում էր նրա այդ ոստյունը, և նա բախվելով երկաթի հաստ ու պինդ ճաղերին՝ վիրավորում, կոտորում, փշրում էր յուր անձը, արյունլվա, կսկծից ու խոստուկից անզգայացած, դարձյալ ընկնում էր նվաղած, ուժասպառ դիակի նման։ Նրա ողբը, նրա կոծը, նրա մռնչյունն ու աղաղակը խեղդվում էին հարեմի պատերի մեջ և միայն անզգա որմերն էին լսում նրա ձայնը, միմիայն նրանք էին տալիս նրան իրենց տխուր արձագանքը։
Անթառամի ծայրահեղ ընդդիմությունները թեև տանջում էին Մամոյին և այդ պատճառով ահն ու երկյուղը չէր հեռանում նրա սրտից, գիշեր-ցերեկ անընդհատ հափշտակածին զսպելու և նրա սիրտը գրավելու մտքով էր զբաղված, բայց և այնպես չէր էլ հուսահատվում ջինգյանան, նա կարծում էր, որ վերջիվերջո կհաղթե այդ համառ հայ կնոջը։ Նախազգուշությունների համար Մամոն բոլորովին արգելեց, որ մի հայ մտնի յուր սարայը և կասկածելի անձնավորություններին բոլորովին հեռացրեց յուր դռներից:
Արտաշը տասներկու տարեկան էր, երբ Մամո բեգը քարուքանդ արավ նրանց տունը, հորը բանտարկեց և մորն էլ յուր հարեմը տարավ։ Նա ականատես եղավ այն բոլոր արկածներին, որոնք կատարվեցան գազանաբարո ավազակների ձեռքով։ Տեսավ նա հորը, երբ Մինասենց տանից կապկպած բանտ էին տանում, թե ինչպես հուսահատությունից գժվածի նման սկսեց հարձակվել իրեն շրջապատողների վրա, իրենց տան մեջ ինչպես մոր սիրտը անցավ, մարեցավ, թուլացավ ջինգյանայի գրկում, որը տարավ նրան յուր հարեմը, դիակի նման անշարժ ու անզգա։ Նա տեսավ, թե ինչպես ավարառուները մեջ գիշերին կատաղի երիվարներին իրենց մսուրքներից արձակում և անխնա մտրակելով տանում էին, ինչպես գութանավոր գոմեշներին ու լծկան եզներին մահակի տակ կոտորում և մղում էին իրենց տները, ինչպես իրար մեջ բաժանում էին մատակներին, կովերին ու ոչխարներին և լսեց անլեզու անասունների խրխնջոցը, բառաչը և մայոցը, որոնք կարծես բողոքում էին ավազակների դեմ, չէին հեռանում ախոռներից ու գոմերից և որոնում իրենց ձագերին… Նա տեսավ, թե ինչպես փշրում էին սնդուկները, քանդում էին սենյակներն իրենց զարդարանքներից, կոտորում, թափում, ոտնատակ էին տալիս կարասների միջի բարին, եղն ու ձեթը, թթուն ու աղունը, ալյուրն ու պանիրը և այդ սոսկալի րոպեներում անդադար տան այս անկյունից այն անկյունն էր քաշվում պաշտպանվելու և յոթ տարեկան քրոջը՝ Աննմանին, պաշտպանելու, ոտքի տակ չթողնելու համար։ Դեռ ինքը երեխա, եղբայրական և այրական պարտականությունը կատարելու էր պարտավորվել, դեռ ինքը պաշտպանության կարոտ, արենակցական սերը ստիպել էր իրենից թույլին պաշտպանելու հոգսը քաշել։
Ավազակները տունը բոլորովին մերկացնելուց հետո մի անկյունում երկուսին անբաժան կերպով իրար գրկած ու քնած էին գտել և առանց իրարից բաժանելու, որպես ավարի մաս, տարել գցել էին մի հովվի տուն։ Այն փափկասուն զավակները, որոնց ամեն մի պետքերն Անթառամը յուր ձեռքով էր կատարում, այն սիրասուն զավակները, որոնց ամեն մի ցանկություններին Քյալաշը հրամայում էր անմիջապես բավականություն տալ, այն մատաղահասները, որոնք մեծացել էին միմիայն գգվանքներով և փայփայանքներով, որոնց ականջները չէին լսել ո՛չ կոշտ խոսքեր, ո՛չ անառակ հիշոցներ, այն արարածները, որոնք ո՛չ ցրտի սաստկությունը և ո՛չ տոթի տապն էին զգացել, վայրենի հովիվների անարգանքներին մատնված, դատապարտվել էին ծառայելու և ստրկաբար կատարելու անզգա և անգութ տերերի անխիղճ ու անողորմ հրամանները։
Փետրվարի մեջերքին էր, երբ առաջին անգամ Մամոյի հովիվ Հասոն հրամայեց Արտաշին իրենց հիսունի չափ կթան ոչխարները տանել և արածացնել գետափում, ձորի մեջ։ Այդ առաջին անգամ էր, որ քեհյայի որդին, խլիկը թիկունքին գցած, մահակը ձեռին, գամփռների հետ ոչխարը առաջը խառնած, դիմեց դեպի ձորը։ Նրա պաշարը գարի հաց էր և լոռի փշրանք, որոնք հովվի կինը՝ Սոնան, զետեղեց խլիկի թիկունքից կախված գլխանոցում և ճանապարհ գցեց։
Աննմանը, որ մինչև այդ ժամանակ ոչ մի րոպե չէր բաժանվել եղբորից, սիրտը լցվեց և արտասուքը աչքերին, առանց ուշք դարձնելու Սոնայի սպառնալիքներին, վազեց եղբոր ետևից և նրա հետ ամբողջ օրը արևի, քամու և բքի տակ անցկացրեց։ Հովերի կատաղած ու ցրտի սաստկացած ժամանակը փոքրիկ հովիվը յուր խլիկի մեջ էր առնում քրոջը և երկուսով իրար փաթաթվելով, մեկ−մեկի տաքացնում էին։ Գամփռները, որոնք երբեմն−երբեմն շրջում էին ոչխարների չորս կողմը, չէին բաժանվում իրենց մանկահաս առաջնորդներից, որոնց ոտքի տակ պառկելով, աչքերը չորս կողմ չռած դիտում էին իրենց պաշտպանության հանձնված անզեն արարածներին։
Հասոյի կինը՝ Սոնան, երբ նկատեց, թե դժվար է բաժանել քրոջը եղբորից, նրանց մի քանի շաբաթ թողեց, որ միասին տանեն ոչխարը արածելու, նամանավանդ որ այդ օրերը ծնում էին ոչխարները, և մատղաշ գառներին իրիկունները հարկավոր էր գրկով տուն բերել, իսկ Արտաշը մենակ հո՞ չէր կարող երկու−երեք գառ գրկեր: Գործի պետք եկավ, նա արդեն սկսեց եղբորը օգնել և գրկով հովվի տունը տանել նորածին գառներին։ Գոհ էր Աննմանը, որ իրեն չէին բաժանում յուր եղբորից և մեծ ուրախություն էր պատճառում անմեղ երեխային, երբ քնքշիկ գառը գրկին վերադառնում էր տուն։ Քիչ ժամանակից հետո գառները արդեն շատացան և ժրացան, նրանք էլ կարող էին գարնանամտի քնքշիկ թարմ դալարները արածել։ Աննմանին էլ տվին մահակ ու գամփռներ և քույր ու եղբայր իրարից ոչ շատ հեռու շարունակեցին արածացնել կթան ոչխարներին ու նրանց գառներին։
− Աննո՛ (քրդուհին արդեն կրճատել էր նրանց անունները),− ասում էր Սոնան,— չլինի՞ թե թողնես, որ գառները մոտենան ու ծծեն, հոգիդ կհանեմ։
— Իրարից հեռու արածեցրե՛ք, Արտո՛, կաշիդ կքերթեմ, թե ոչխարները քիչ կաթ տան,— ասում էր ամեն անգամ ճանապարհ գցելիս Սոնան Արտաշին։ Թշվառ երեխաները իրենց քաղցը հագեցնելու համար անգամ չէին համարձակվում ոչխարներին կթել, գարի հացը կաթով փափկացնել և ուտել։ Պետք էր տեսնել, թե որքան էր չարանում Արտաշը և ինչպես էր հարձակվում, երբ ոչխարներից մեկը, իր գառնուկի մկմկոցին չդիմանալով, մոտենում ու դիեցնում էր նրան։ Շատ անգամ զայրանում էր Աննմանը, դուրս էր քաշում մոր ծիծը և ասում․
— Արտա՛շ, մեղք չէ՞ այդ անասունը, որ այդպես բաժանում, հեռացնում ես յուր ձագից։ Մոր կաթը յուր գառնուկին խնայում ես։
— Իրիկվան, իրիկվան, ես ի՞նչ պատասխան տամ Սոնային,— ասում էր հեռանալով Արտաշը։
— Սոնան ի՞նչ է իմանում, թե գառնուկը ծծել է։
— Նա սատանի աչքեր ունի, նա իմանում է ամեն բան։
— Արտա՛շ, դու խիղճ չունի՞ս, չե՞ս լսում գառնուկի մըկըկոցը, տե՛ս, ինչպե՜ս վազում է մոր ետևից․․․
Արտաշը սլացած, հեռացած էր լինում շատ անգամ այսպիսի դեպքերում, և Աննմանը մենակ փաթաթվում էր գառնուկին, գգվում նրան և արտասվում։ Այսպիսի րոպեներում նա հիշում էր մորը, որի պատկերը երբեք չէր հեռանում յուր աչքի առաջից, հիշում էր Անթառամին, որը երբեք իրեն լալու չէր թողել և ոչինչ չէր խնայել, որին տեսնելու և կրկին գրկվելու փափագով տառապում էր թշվառ դուստրը երազներում անգամ, բայց անողորմ Մամոն արգիլել էր և իրենց շեմքից անցնելու անգամ չէր թողնում ողորմելի որբերին։
Քույր և եղբայր երկու տարի շարունակ ծառայեցին Սոնային, առանց մի օր, մի ժամ անգործ անցկացնելու, և այդքան ժամանակամիջոցում ոչ մի գայլ չկարողացավ մոտենալ նրանց գառներին, և ոչ մի դող՝ նրանց խաշներին։ Ամեն առավոտ վաղ, առանց տրտունջի և պահանջի, գլխները կախած, եղբայր և քույր, առաջները խառնած իրենց հանձնված հոտը, տանում էին ամենալավ արոտատեղերը, ժամանակին տուն բերում կթելու և կրկին դիմում իրենց գործին։ Տարվա մեծագույն մասը, գիշեր-ցերեկ անցկացնում էին բաց օդում, անձրևի, ցողի, եղյամի և ձյունի տակ, իսկ սաստիկ ցրտերին կովերի հետ պառկում էին տաք գոմերի սալահատակի վրա, առանց ծածկոցների։ Բացի խլիկից, ցրտի դեմ պատսպարվելու ո՛չ մի տաք շոր չունեին, կրծքերը, թևերը, սրունքները մերկ, ոտքերը բոբիկ անցկացնում էին տարվա բոլոր եղանակները մարգերում և քարքարոտ գետափում։ Քույր և եղբայր, բացի Սոնայի անողորմ հրամաններից, միայն իրար ձայն էին լսում, իրար հետ խոսակցում և իրար հաղորդում զգացածները, աշխարհի երեսին չունեին ոչ մի բարեկամ և ոչ մի ընկեր, բացի գամփռներից։
Արտաշը բաց օդի մեջ, բարձր լեռների լանջերի վրա, ազատ մտավոր զբաղմունքներից՝ աճեցավ, լցվեցավ ու զվարթացավ և սկսեց անվախ յուր հովանավորության հանձնած ոչխարի վրա հարձակվող աղվեսների, շնագայլերի և գայլերի վրա հարձակվել։ Նա մի անգամ մի գայլ տապալեց յուր մահակի մի հարվածով և նրա դիակը իրիկունը հետը տուն տարավ։ Սոնան գայլի մորթը երզնկացի վաճառականին տվեց, որի փոխարեն ստացավ մի լաչակ։ Այդ առևտուրը ուրախացրեց Հասոյին, որը պարտ դրեց Արտաշի վզին՝ ամեն օր մի այդպիսի որսով տուն գալ։ Այդ պատճառով Արտաշը հրացան ու վառոդ պահանջեց քրդից, որը շտապեց կատարել նրա ցանկությունը։
Դրանից հետո Արտաշն ու Աննմանը սկսեցին իրենց խաշները արածեցնել մութ անտառների մոտ, խոր-խոր ձորերում և այրերում, ապառաժների տակ։ Արտաշը առանց որսի և ոչ մեկ օր տուն չէր վերադառնում, իսկ Հասոն ու Սոնան միշտ զայրանում էին, թե քիչ որս էր տուն տանում։ Արտաշը նրանց նրանց նախատինքներից ազատվելու, ագահ սրտերը հագեցնելու համար կյանքն ամեն րոպե վտանգի ենթարկած մտանում էր ամենավտանգավոր այրերը, անտառների խորքերը, բարձրանում էր ապառաժների լանջերով և օրեցօր աճեցնում էր տուն տարած որսերի թիվը։ Այդ բոլորի մասին ոչ միայն մի գոհունակ նշան չէին ցույց տալիս Հասոն ու Սոնան, այլ Աննմանի հովվության ազատ ժամերին Արտաշի համար գառի բրդից մանած ու գործած բաճկոնն ու շալվարը խլում, հագցնում էին իրենց որդիներին, միշտ ասելով, թե նորից գործե եղբոր համար։ Եվ միշտ քույր֊եղբայր չէին արժանանում վայելելու իրենց աշխատությամբ ձեռք բերած բարու ամենաչնչին մասն անգամ։
Արտաշի լավ որսորդության, գնդակը ճիշտ նպատակին հասցնելու և աչքաբաց հովվության համբավը տարածվեց ամեն կողմ, ողջ գավառում սկսեցին խոսել նրա ճարպիկության, անվեհերության և արիության մասին։ Հասոն թեև Արտաշին երբեք ուրախ երես չէր ցույց տալիս, բայց քրդական շրջանում լիաբերան գովում էր յուր ռայայի գործունեությունը։ Արտաշի անվախության համբավը հասավ մինչև Մամոյի ականջը, որին Անթառամի հարազատ որդու այդքան արիաջանությունը մտածության առարկա դարձավ և չէր իմանում, թե ի՞նչ միջոցով մեռցնե նրա սրտի մեջ սնված այդ անվեհեր հոգին։
Ամիրխանենց հանդերը և ագարակները Մամոյի ձեռքն անցնելուց հետո այն բերքը չէին տալիս, տափերից էլ այն նախկին արդյունքը չէր ստացվում։ Պատճառը շատ պարզ էր. բրդերը վարուցանք անելու գլուխ չունեին, իսկ անտեր արտերում վարձու մշակների ցանած սերմերն էլ ճնճղուկներն ու մկներն էին ուտում։ Գործը այն աստիճանի էր հասել, որ Ամիրխանենց այնքան արտերի բերքը ոչ միայն բավականություն չէր տալիս բեգի բազմաթիվ ծառայողներին և ազգականներին, որոնց թիվը տարեցտարի բազմապատկվում էր, այլև գա՛վառի կողոպուտն էլ չբավելով, շատ անգամ Մամոն պարտավորված էր սայլեր, ջորիներ և էշեր ուղարկել հարևան նահանգները՝ փողով հաց գնելու։ Արտաշի ժրաջանությունը և աշխատասիրությունը նկատելով, Մամոն նրա ձեռքից խլեց Հասոյի տված հովվական գավազանն ու հրացանը և քրոջ հետ իրենց ավերակ տան մի անդուռ սենյակում զետեղելով, Ամիրխանենց բոլոր հողերի վարուցանքը կատարելը նրան հանձնեց։ Արտաշը պարտավորված դեսից, դենից հայրական տան կողոպուտների մնացորդներից հավաքեց մի քանի լուծ գոմեշ, եզ, գութան, արոր, սայլ, շղթա, կաշի և կամաց-կամաց սկսեց մի կողմից աշնան վար անել, գութանի մաճը բռնել և արտերը հերկել գարնան ցանքի համար, մյուս կողմից՝ ուրագն ու կացինը ձեռքին տունը կտոր-փշուր տախտակներով ծածկել, պատրաստել և գարնան հերկի պատրաստություն տեսնել։
Մամոյի բարեկամների, ազգականների, ծանոթների թիվը օրեցօր աճում էր։ Ձեռքերը ծոցերին, նրանք անգործ ու անհոգ ուտում, խմում, պատռում, թափում էին և նրանցից ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում, թե իրենց ձրիակերությամբ անելանելի կացության մեջ էին գցում բեգին։ Բայց ովքեր էին այդ ձրիակեր ազգականներն ու բարեկամները, ինքը Մամոն էլ չէր իմանում։ Առավոտ վաղ հարավից կամ արևելքից մի դերվիշ, մի շեյխ, մի յուլեմա (գիտնական), մի մոլլա կամ մի որևէ էվլիա (երանելի) գալիս էր հետի, կամ էշի վրա բազմած ու իջնում հռչակ ստացած հյուրասեր և կրոնասեր Մամոյի դռան առաջ։ Իսկույն ընդունարանի դռները բացվում էին և ընդունում բեգի ներկայության։ Հյուրը մեծարվելուց և կերակրվելուց հետո օրհնում էր, մաղթելով բեգին երկնքից ուժ ու կարողություն և է՛լ բարձր փառք։ Շատ էր ուրախանում բեգը, երբ որևիցե փողով կամ գույքով նպաստ տալով, ազատվում էր այդպիսի անկոչ աղոթողների ճանկից։ Շատ անգամ դրանք պահանջողական ձևով խնդրում էին, որ իրենց հովանավորե բեգը, մի վայելուչ պաշտոն տա և մի կտոր հացի արժանացնե։ Բեգը պարտավորված էր այդպիսի դիմողների համար մի-մի պաշտոն, մի-մի աստիճան հնարելով զետեղել իրեն հովանավորությանը հանձնված գյուղերում։ Ամեն մի հայ գյուղում արդեն Մամոյի մինիատուր մի-մի փոքրիկ բեգ Էր գտնվում՝ թշվառ գյուղացիների օրապահիկ պատառները կտրելու։ Շատ անգամ Մամոն ստիպված էր լինում ամիսներով, տարիներով այսպիսի հյուրերին յուր տանը կերակրել, մինչև մի հարմարավոր պաշտոն բացվիլը։
Միայն իսլամական կրոնականների քողի տակ ծածկված հացկատակ տզրուկները չէին Մամոյի դուռը բախողները: Մեջ գիշերին կամ արևագալից քիչ առաջ հանկարծ մի ձիավոր իջնում էր Մամոյի հարեմի դռան առաջ և սաստիկ կերպով բախում այդ մահկանացուներին անմատչելի բնակության դուռը։ Ներքինի նեգրը, յուր կոչումից պարտավորված, վեր էր կենում յուր հազիվ տաքացրած անկողնից, քթի տակ հազար ու մի անեծք և նզովք կարդալով, բաց անում դուռը։ Հանկարծ ներս էր մտնում ձիավոր չերքեզը՝ սպիտակ սավաններում պատած զոհը գրկումը, ասելով. «Էս էլ գյավուր հնկոյի աղջիկը»։ Թեև բակը միշտ աղոտ լույսով էր լուսավորված, բայց ներքինին, աչքերը ճմռելով, տեսնում էր հրեշտականման գեղանի օրիորդի անմեղ տիպարը։ Շատ անգամ զոհը նվաղած էր լինում, գլուխը կախ գցած, սև ունքերի տակ երկար, սև-սև թարթիչներով աչքերը փակված, դեմքը սպիտակ մարմարի նման, տխուր և անշարժ։ Երկար և սաթի նման փայլուն մազերը սփռված սավանի վրա, իսկ կիսով չափ բաց, փղոսկրի նման ողորկ և փայլուն կուրծքը հազիվ նկատվելու չափ բարձրանում և իջնում էր։ Ներքինին կանչում էր աղախիններին, որոնք իսկույն առնում էին զոհը չերքեզի գրկից և տանում նրա համար վաղօրոք պատրաստված ննջարանը, իսկ առևանգողը դուրս գալով կանանոցի բակից մտնում էր հյուրանոցը, որտեղ սպասում էր մինչև իրենց խոստացած պաշտոնին հասնելը կամ որոշված գինը վճարելը։ Ահա մի հայր, մի լեռնական քուրդ, դուստրը առաջը գցած, յար ոտքով բերում է զոհը հարեմի զենման սեղանի վրա զոհելու: Քրդուհին ողջ ճանապարհին լացել է, սգացել է յուր անողոքելի վիճակը, աղաչել է հորը, աղերսել է, արյուն–արտասուք թափել, բայց անգութ հայրը յուր դիրքը պաշտպանելու, յուր նպատակին հասնելու համար նախատինքներով ու սպառնալիքներով լռեցրել, խեղդել է նրա ձայնը կրծքի մեջ: Քրդուհին հարեմն է մտնում յուր սիրեկան հովվի տանջանքները ողբալու, յուր վիճակը սգալու, իսկ հայրը սարերի վրա վրանաբնակ հարևան հովիվների ոչխարները համրելու, հարկերը ժողովելու իրավունքն ստացած, վերադառնում է յուր վրանը։ Այսպես ամեն եկող, համաձայն յուր ճարպկության, ուտում, խմում, կողոպտում, տանում էր, ամեն պաշտոնական յուր ձեռքով ժողովածից նախապես յուր առատ բաժինը հանում, վեր էր առնում և ամեն գործակալ ու գործակատար իրենց գրպաններն ու քսակները լցնում, ուռեցնում էին։ Ամեն տեղ, ամեն պաշտոնյա միևնույն համոզմունքն ուներ. «Հացի հասել եմ, չուտելը հանցանք է։ Մեղրի տիկը դարտկողը պետք է մատները լիզե»։
Անկոչ ու անպետք պաշտոնականների թիվը այն աստիճան շատացավ Մամոյին հանձնված վիճակում, ձրիակերների և հացկատակների հաշիվն ու համարը այն աստիճան ստվարացավ և նրանք այն աստիճան ծանրացան բեգի վզին, որ գիշեր-ցերեկ նրա մտածության առարկա դարձան։ Նա կղերի շորերով ծպտյալ շեյխերի, մոլլաների, յուլեմների հետ երկար խորհրգակցելոլց հետո նրանց ցրեց յուր վիճակի շրջակա գյուղերն ու ձմեռանոցները, որպեսզի ժողովրդի մեջ հանրագրություններ բաց անեն և խնդրեն, որ՜ իրենց գյուղերի վերահսկողությունն էլ հանձնեն Մամո բեգին։ Թեմրանի տերտերին էլ, որի եղբոր ձեռքն էր անցել Քյալաշի քեհյայույան պաշտոնը, նրանց ետևից ուղարկեց, որ խրատե և քարոզե, որ բեգի հրամանները կուրաբար ընդունեն, հնազանդին և առանց քննության ստորագրեն առաջարկված թղթերը։ Բոլոր հարևան հայ գյուղերը, որոնք ականատես էին եղել Թեմրանի քարուքանդ լինելուն, որի բնակիչների երեք քառորդ մասը արդեն ցրվել փչացել էին, մնացորդների էլ տղամարդիկը, ուժեղ թևերը պանդխտության մեջ տապկվում էին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի հարկերն ու խարջերը տալ, ստրկությունից ազատվել և հայրենի հողերը գրավականից ազատել։ Բայց ի՜նչ կարող էին անել, ձիավորները, շեյխերն ու մոլլաները կրակով ու սրով էին սպառնում անզեն ու անտեր ժողովրդին՝ կնքելու և ստորագրելու արաբերեն տառերով խազմզված մեծ-մեծ թղթերի վրա։ Քղիի ղայմաղամը, Արզրումի մեջ Մամոյի հաշվով քեֆեր անող պոլսեցի թուլումբաջին, ամեն միշոց գործ դրեց հաջողեցնելու յուր բարեկամի մտադրությունը, որից պարբերաբար ստանում էր քսակների լիբը-լիքը ծրարներ։ Այսպիսի միջոցներով թեև մեծացան, ընդարձակվեցան Մամոյի իշխանության սահմանները, բայց բազմապատկվեցան նույնպես նրա կարիքները, այնպես որ նրա եկամուտները չէին ծածկում նրա պարտքերը, որոնք օրեցօր անսպասելի կերպով աճում էին և բարդվում։ Նա այնպիսի հռչակ ստացավ, որ ոչ միայն պարտավորված էր յուր հրամանները կատարողներին, իրեն շրջապատողներին կերակրելու, հագցնելու, ցանկությունները հագեցնելու մասին հոգալու, այլ նաև յուր հեռավոր ծանոթներին, Քղիի, Արզրումի և Կ. Պոլսի պաշտոնականներին, կրոնականներին, Շամի, Մեդինեի, Մեքքեի իսլամականության մեջ հեղինակություն ունեցող հոգևորականներին էլ նպաստներ հասցնել տարին մի քանի անգամ, որպեսզի յուր կրոնի մասին ունեցած եռանդը ցույց տա և նրանց պաշտպանությունից չզրկվի: Մոլի իսլամական ժողովըրդի մեջ մի հոգևորականի աննպաստ քարոզը կարող էր նրա վարկը գցել թե՛ ժողովրդի և թե՛ վարչության աչքում, իսկ այդպիսի դեպքում նա դատապարտված կլիներ դարձյալ մի հյուղում քաղցածության մատնվելու։ Այդ պատճառով ոչ միայն Արտաշի ցանած ու վարած արտերը, Աննմանի տնտեսած եղն ու պանիրը, խաշների հոտը, ձիերի իլխին չէին բավականացնում նրան, այլ նա, միացած յուր գործակալների հետ, այնպես քամում էին թշվառ շինականներին նրանց աշխատություններով ձեռք բերված արդյունքները, այնպես բոլորովին հավաքում, լցնում էին իրենց ամբարները, որ թշվառները մնում էին տկլոր, բոբլիկ, լոկ ցամաք հացի և եղած բույսերի կարոտ։ Տարին տասներկու ամիս ծոմ ու պաս, տարին տասներկու ամիս հոգնած, չարչարված, աղի արտասուքները աչքերին, բոցակեզ հառաչանքներով տապակվում էին ալևոր ծերերը, պառավները, մատղաշները և մանկահասները, չկարողանալով իրենց ձեռքով պատրաստված բարու համն ու հոտն անգամ առնել, ոչ թե վայելել։ Եվ այդ բոլոր մուտքերը նրա պարտքերը չծածկելու պատճառով, նա պարտավորված էր միանալու զանազան ավազակային և հրոսակային խմբերի հետ, որոնք կողոպտում էին քարավանները, դատարկում էին տները, մերկացնում էին եկեղեցիները իրենց զարդերից, հրդեհելոՎ ավարի էին տալիս վաճառանոցները և մինչև անգամ քաղաքներում և գավառներում ծակում էին պետական գանձարանների առանց այն էլ դատարկ սնդուկները…
Արդեն երրորդ կալոցն էլ անցել էր, Արտաշը երրորդ անգամ էլ յուր քանածներից պտուղը քաղել և ոսկեհատ ցորենը չցրել էր Ամիրխանենց փառավոր անցյալից մնացած ահագին ամբարները։ Նրա երկրագործության կպչելովը նորից կենդանացել էին Թեմրանի հանդերը։ Գյուղի մեջ մնացած ծեր, երեխա, կին, աղջիկ, բոլորը ձեռք-ձեոքի տված, իրար արտերը միասին հերկելով, վարելով թեթևացրել Էին գործը, անճարի, անօգնականի, որբի ու այրու հողերը մեռելությունից ազատվել էին, և Մամոն էլ, մի քանի անգամ փողով հաց գնելու պատճառով մասամբ խրատված լինելով, մեծ հսկողություն էր սահմանել ցանքերի վրա։ Հողերն էլ, մեկ-երկու տարի հանգստացած լինելով, լավ պարարտացել էին, այնպես որ մեկին երեսուն-քառասուն արդյունք էին տվել։
Բայց անօգուտ, պետական հարկերը, (խարջերը, վաշխառուների պարտքերն ու նրանց տոկոսները բեգին ու պտղին տալուց հետո դարձյալ չարատանջ գյուղացիներին մնացել էր կալի երդոտ ու որոմոտ տկուցքը, որից աղված, շաղված ու թխված դառը հացը, աղած ու թթված բանջարների հետ ուտելով պիտի մարեին, պիտի մարմռեին և գալ տարվա ընթացքում իրենց վիճակը ավելի բարեփոխվելու հույսով անցկացնեին ողջ ձմեռը։
Արտաշի դրությունը թեև փոխվել էր, նա Հասոյի և Սոնայի նախատինքներից և տմարդի հրամանները կատարելուց ազատվել էր, գործում էր յուր խելքի ուժով, առանց ուրիշների միջամտության, բայց դարձյալ կենսական վիճակը անփոփոխ էր մնացել։ Նա ոչ գիշերը հանգիստ ուներ և ոչ ցերեկը դադարում, տաժանակիր դատապարտյալի նման աշխատում էր օրական տասնութ֊քսան ժամ։ Նույն վիճակումն էր և Աննմանը, օր֊գիշեր անդադար կթում էր, մակարդում, հարում, քամում, եփում, թափում, լվանում, գործում և պառկած ժամանակն էլ անընդհատ աշխատությունից, հոգնածությունից և ձեռքերի, մատների մորթու ճեղքվածքների ցավից ու կսկծից նվաղում, թմրում էր։ Այնքան աշխատանքից հետո այնպես թուլացած էին լինում, որ ոչ ուտելու ժամանակ էին գտնում և ոչ էլ իրենց հագուստի, կապուստի մասին մըտածում։ Ոտքի վրա թե կարողանում էին, մի բան ուտում էին, թե ոչ, քաղցած լինելը չէին էլ հիշում, չէին էլ զգում։
Արտաշի աշխատության արդյունքներից, պետական և հասարակական հարկերը տալուց հետո Մամոն սերմն էլ վերցնում էր և մնացորդը երեք բաժին անելով, երկուսը որպես կալվածատեր ինքն էր վեր առնում և մի երրորդը նրան թողնում, որպես աշխատության մաս։ Արտաշը այդ երրորդ մասից պիտի զինվորական, կալվածական, անասնական, արդյունաբերական և մաքսային հարկերը տար, պիտի վարձ տար յուր հոտաղներին, մշակներին, ծառայողներին և հովիվներին. դրանց պիտի կերակրեր, հագցներ, տարին տասներկու ամիս պիտի յուր կողմից հարկ տար բեգին, նրա ծառայողներին, տերտերին, քեհյային, պտղին, աղքատին, այրուն և այլն։ Այն լիքը֊լիքը ամբարները, որ կալոցից հետո իսկույն լցվում էին և ժամանակավորապես ուրախացնում մատաղահաս մշակին, չանցած մի ամիս դատարկվում Էին, մինչև նոր ցանքն ուտելու էլ հաց չէր մնում, այնպես որ Արտաշը նոր ցանքին դարձյալ պարտավորված դիմում էր բեգին սերմացու խնդրելու։ Այդ Բոլորից հետո բեգը սարքել էր տվել նրա հյուրասենյակը ու պատահական հասարակ հյուրերին և անցնողներից շատերին ուղարկում էր նրա տունն իջևանելու և կերակրվելու..․
Արտաշը թեև ինքը միակ արու անհատն էր յուր տան, բայց չորս մարդու զինվորական հարկն էին պահանջում նրանից և առանց խոսեցնելու ստանում էին. մինը հորը համար, որը որպես խելագար կապկպված էր յուր շինել տված բանտում, Մամոյի սարայում, երկրորդը՝ հորեղբոր համար, որ վաղ ժամանակներից Կ. Պոլիս պանդխտության գնացած, ետ չէր դարձած և որի տեղը ոչ ոքի հայտնի չէր, մին էլ յուր կրտսեր մեռած եղբոր համար, որի անունը նեղություն չէին քաշում հարկապահանջները ջնջել ցուցակի միջից։ Նա վճարել էր երկու անգամ յուր հովվական տարիներում չվճարած հարկերը, բայց ստացականի մեջ պաշտոնականները միայն ներկա տարվա հարկը գրած լինելով, պարտավորվել էր երրորդ անգամ էլ տալու։
Անչափ էր Անթառամի փափագը յուր զավակներին տեսնելու, գգվելու և գրկվելու համար, բայց ներքինիին, հարեմի ծառայողներին և աղախիններին սաստիկ պատվիրված էր, որ լավ հսկեն, որպեսզի ո՛չ մայրը կարողանա հեռվից անգամ տեսնել յուր զավակներին և ո՛չ որդիքը՝ իրենց մորը։ Միևնույն գյուղի մեջ, իրարից մի հարյուր քայլ հեռավորությամբ, ապրում էին սարայի, կանանոցի բանտերում ծնողները, հայրենի ավերակներում՝ զավակները և իրար կարոտով տոչորվում, բայց հնար չէին կարողանում գտնել տեսնելու և հագեցնելու իրենց սրտի ջերմ ցանկությունները։ Միմիայն երբեմն-երբեմն երազներով այդ բաղձանքներին հասնում էին թշվառները, բայց կանանոցում Մամոյի ահարկու ձայնը, բանտապետի խրոխտալի աղաղակները, Սուլոյի, Հասոյի գյուղի մեջ գոռում-գոչյունները ընդհատում էին այդ երջանկալի ժամերը, սթափեցնելով քնից վշտաբեկ արարածներին․․․
Այդ հուսախաբ սթափությունից հետո կրկին սգի սև քողը պատում էր նրանց սրտին ու հոգուն և խորասուզում վշտի օվկիանոսում։ Բայց աննկարագրելի էր Անթառամի կսկիծը, նրա վշտի ահավորության չափը միայն կարող են երևակայել, ըմբռնել այն միակ որդեկորույս մայրերը, որոնց սիրասուն զավակները իրենց մատաղ հասակում ավարի են մատնվել և գերեվարվել անողորմ թշնամու ձեռքով հեռու աշխարհ։ Գորովասիրտ մայրը շատ հեռվից, ավելի երևակայությամբ, դիտում էր յուր դարաքաշ զավակներին, խուլ կերպով լսում էր նրանց վշտալի մրմունջներն ու ողբերը և ավելի բորբոքվում սրտի հատորների կարոտով։ Կարծես բավական չէր նրա ամենազգայուն սրտի համար յուր չարատանջ հարազատների տաժանելի վիճակը, բավական չէր սիրելիներից և սրտակիցներից անջատվելը և հարեմի պինդ որմերի մեջ բանտարկվելն ու մղկտալը, բավական չէր սիրելիների աղի արտասուքով աչքերը և արյունլվա վերքերը նկատելը, բավական չէր ամենայն օր անխիղճ բեռից կրած նախատինքները, նրա աղախինների, հարճերի և գերիների անարգանքներն ու արհամարհանքները, նրա համարյա թե ամեն օր լսելով նոր-նոր առևանգված և հարեմում գերեվարված փափկասուն և թուլասիրտ արարածների աղիողորմ վայն ու կոծը, ողբն ու աղաղակը, ցավից ու կսկծից մորմոքում էր և վշտի սաստկությունից խելաբժուժ եղած, հարբածի նման ընկնում էր յուր որջի մի անկյունը անշարժ և անզգա։
Անթառամը Մամոյի հարեմը գերի տարվելուց հետո թեև ամբողջ հինգ տարի էր անցել և ամեն մի տարին վշտաբեկ կնոջ համար դարից էլ ավելի էր երկարել, բայց նա Մամոյին կին չէր դարձել, նա նրան չէր հանձնվել, քրդի բոլոր ջանքերը զուր էին անցել։ Ո՛չ աղերսանքը, ո՛չ սպառնալիքը, ո՛չ փաղաքշանքը, ո՛չ նախանձը, ո՛չ ատելությունն ո՛ւ արհամարհանքը և ոչ էլ ժամանակը չէին կարողացել ընկճել հաստատամիտ և համառ հայ կնոջը, նա՝ մատակ առյուծի նման, չէ՛ր հպատակվել իրեն հափշտակող դահճին, թեև վերջինս սպառնացել էր մինչև անգամ սրախողխող անել նրա ձագերին։ Հուսահատ ջինգյանան չէր իմանում, թե ինչպես յուրացներ խստասիրտ տիկնոջը, որի անհաղթելի կամքը և անզուսպ կիրքը բորբոքում էր յուր սիրտը և անվերջ մտածմունքների ու կասկածանքների մեջ գցում։ Նա վախենում էր դիպչել Անթառամի կյանքին, կասկածելով, որ չշինի թե նրա մահվանից հետո ժառանգները դատ բանան և խլեն յուր ձեռքից հափշտակած կայքերը, որոնք կազմում էին յուր հարստության ամենահիմնավոր և ամենաբեղմնավոր մասը։
Մամոյի անվերջ մտածմունքներին զարհուրելի երազներն էին հաջորդում, որոնք սաստկացնում էին Մամոյի երկյուղը, որի ազդեցության տակ նա մի օր գլխատել տվեց Քյալաշին, որին ամբողջ հինգ տարի իբրև խելագար տանջել էր նրա շինել տված բանտի խորքերում։ Քյալաշ քեհյան յուր բանտարկության օրից հետո առանց տեսնելու երկնքի լույսը, առանց կրկին անգամ գրկելու յուր զավակներին, առանց մի անգամ էլ դիտելու Ամիրխանենց այն ահավոր կայքերը, որոնք յուրացնելու համար այնքան նեղություններ էր քաշել, առանց կրկին անգամ ձեռք բերելու քեհյայության մտրակը, որի համար այդ օրին էր արժանացել, մտել էր խավարի անդառնալի պետության սահմանները՝ փնտրելու յուր կրքերին զոհված նահատակներին…
Տարիները իրար ետևից գլորվում էին, բնությունը ինչպես յուր հարկը պահանջում էր հասածներից, այնպես էլ առատապես վճարում էր յուր տուրքը դեռահասներին։ Աննմանը՝ փոքրիկ հովվուհին, արդեն մտել էր յուր տասնևհինգերորդ գարունը։ Նա փթթել էր դեռահաս վարդի կոկոնի նման, բարձրացել էր Երիզայի Անահիտին նվիրված մշտադալար անտառի գեղատեսիլ նոճիների նման և զարդարվել Մուրադ գետի ափերում աճող նունուֆարի նման։ Բնությունր յուր բոլոր գեղեցկություններով մարմնացել, բնակություն էր հաստատել այդ քնքուշ հրաշակերտի մեջ, որի ամեն մի հայացքը, ամեն մի շարժումր, ամեն մի խոսքր խոնարհեցնում էին նրան դիտող աչքերը, ծնրադրել էին տալիս և ձայնը թնդացնում ապառաժի նման անզգա սրտերն անգամ։ Թեև հարավի հրատապ հողմերը և կիզիչ արևը նրա ձյունի նման սպիտակ մորթի վրա հովվական տարիներում թողել էին իրենց կնիքը, բայց Աննմանը տնական կյանքում ավելի գեղեցկացել էր, ընդունելով Շիրակի ցորենի զվարթադեմ գույնը։ Նրա մինչև կրունկներր հասնող սաթի նման սև մազերր, նրա լայն ճակատը, կամար ունքերը, խոշոր աչքերը իրենց երկար թարթիչներով, վարգից էլ կարմիր այտերն ու շրթունքները թովում էին դիտող մահկանացուների աչքերը և գրավում սիրտն ու հոգին։ Նրա հետ շնշելը, նրա հետ հառաչելր, նրա ամբրոսական բուրմունքը ծծելը, նրա հետ գրկախառնվելը կարող էր ամենաթշվառ արարածին թևեր տալ և սերովբեական թռիչքներով երկինք բարձրացնել։
Բայց Աննմանի սիրտը փակված էր աշխարհի համար, նա ժամանակից վաղ բռնված էր, գրավված էր և այդ պատճառով շուրջը միայն զմայլմունք ու սրտի խորքերից դառն հառաչանք էր սփռում։ Նա, որ ծնողներին կորցնելուց հետո աշխարհի երեսին սերն ու գորովը ամփոփել էր միայն եղբոր՝ Արտաշի վրա, չէր էլ կարողանում բացատրել, թե ինչի այնքան համակրում էր Օհան ամիի կրտսեր որդուն՝ Ավագին, որն արածեցնում էր Սուլոյի ոչխարները, հետևելով Արտաշի րնթացքին։ Ավագն ու Արտաշը մի օրվա երեխաներ էին, այդ բանը իրենց ծնողներից շատ անգամ լսած լինելով, թեև եղբոր նման ընկերներ էին դարձել իրար հետ, բայց Արտաշը շատ անգամ յուր մտքում նախանձում էր, երբ նկատում էր, որ քույրը իրեն վրա ունեցած սիրուց բաժին էր հանում նույնպես Ավագին։ Սարի լանջերում, պաղ աղբյուրների կողքին, երբ նստում էին իրենց սոխ ու հացով ճաշելու, Աննմանը պարզաբար ասում էր.
— Արտա՛շ, կա՛ց, թո՛ղ Ավագն էլ գա, միասին ճաշենք: Արտաշը թեև լսում էր քրոջը, բայց յուր մտքի մեջ խորհում Էր և չէր կարողանում բացատրել այդ համակրության պատճառները։
Երբ Արտաշին հանձնեց Մամոն Ամիրխանենց կայքերի կառավարչությունը, Ավագը թողեց Սուլոյի հոտը և սկսեց արածեցնել Արտաշի ոչխարները։ Ամեն առավոտ, երբ Աննմանը պաշարը տալով ճանապարհ էր գցում Ավագին, ասում էր.
— Տե՛ս, գառներիս լավ պահպանի՛ր, չլինի՛ թե նրանց գայլը տանե։ Մի քիչ հեռանալոլց հետո ետևից կանչում էր.
— Ավա՛գ, շատ մի ուշանալ, ոչխարները շուտ տուն բեր կթելու։ Շատ անգամ, երբ Ավագը ոչխարի գլուխը բռնած կանգնած էր լինում, Աննմանը նրա ներկայության ուրախութ յունից հրճված և ամեն վիշտ ու հոգնածություն մոռացած, ոչխար կթելով ասում էր.
— Ա՛յ տղա, ոչխարները քու թևի տակ գառի պես խելոք կանգնում են, քեֆս գալիս է կթելիս, իսկ անշնորհք Օհանի գրկից թողնում փախչում են, կաթն էլ թափում։
Ավագը սիրուց հարբած, թովված՝ շատ անգամ լռում էր և երբեմն-երբեմն էլ կցկտուր պատասխաններով բավականանում.
— Այդ նրա համար է, որ դու․․․ Արտաշը բանի էությունը հասկանալով, Ավագից ոչխարները ետ առել, տվել էր ուրիշ հովվի և սրա հետ ընկերանալով, միասին էին կատարում վարուցանքը։ Ավագը զրկվել էր Աննմանի հետ ազատ տեսակցելուց ու խոսակցելուց, երջանիկ օրերը արդեն պաշտոնական ձևերի էին փոխվել, և նրանք պատրաստվում էին շուտով իրենց մուրազին հասնելու։ Քրոջ այնպես բուռն սերը և նրանից այնքան շուտ բաժանվելու և առանց տանտիկնոջ մնալու հարցը այնպես էր ազդել Արտաշին, որ վճռել էր ինքն էլ ամուսնանալ, և Աննմանը հանգամանքների հետ ծանոթ լինելով հայտնել էր եղբորը, որ ինքը տանից չի դուրս գալ, մինչև որ նա հարսը տուն չբերե և յուր ձեռքով տան ամեն կարգն ու սարքը չհանձնե եղբոր կողակցին։
Աննմանը բոլորովին իրավացի և արդարացի էր համարում յուր պնդումները։ Նա, որպես հայի աղջիկ, չէր ուզում, որ յուր հոր օջախի ծուխը, որը թեև մի կարճ ժամանակ կտրել էր թշնամին, բայց ինքը եղբոր հետ նորից բարձրացրել, իր հեռ անալովը դարձյալ մեռելության դատապարտվի։ Նա սրտի վշտից կմեռներ, եթե յուր մատաղ տարիներում կարգած ու սարքած տունը առանց կառավարչի մնալով, կործանման դատապարտվեր՝ կամ եղյբայրը, առանց օգնականի մնալով, հուսահատության մատնվեր։ Բացի այդ, նրա սիրահար աչքերը, որոնք վարժված էին յուր նմանների սրտի խորքերը թափանցելու, արդեն վաղ նկատել էին եղբոր՝ Արտաշի սրտի գրավված լինելը։ Աննմանը յուր հեռատեսությամբ շատ վաղ դիտել էր և նկատել, թե ինչպես Արտաշի քայլերն ակամա ուղղվում էին միշտ Մինասենց դռան առաջից, թե ինչպես նրա վախկոտ հայացքները որոնում էին Անահիտի դեմքը։
Արտաշը սիրահարված էր, ինչպես ջերմ կերպով սիրահարվում են տասնևութ տարեկան պատանիները, և Մինասի աղջիկը՝ Անահիտը, համապատասխանում էր նրան։
Արտաշը սրտի խորքերում յոթ ամիս փայփայած այս գաղտնիքը չկարողացավ ծածկել քրոջից, որը եղբորից երեք-չորս տարով առաջ գաղափար էր կազմել սիրո մասին և պաշտում էր անհուն սիրով։ Սերը Արտաշի հոգեկան բոլոր զգացումները վերափսխել էր և նրա մտավոր հայացքներն ընդարձակել։ Նա անհագ խմելով սիրո բաժակը, հարբել, սկսել էր երևակայել, երազել և մակաբերել այն ապագան, որն իրենց էր սպասում։ Նրա վառվռուն երևակայությունը ի՜նչ զմայլելի և ի՜նչ զարհուրելի տեսարաններ չէր պատկերացնում, ի՜նչ սոսկալի մտքեր չէր ծնեցնում նրա գլխում։ Արտաշի սրտում, սիրո աճած ամիսներում, ինչ տեսակ նոր-նոր մտքեր չէին աճում նրա գլխումը կյանքի, վայելքի, գոյության և ապագայի մասին․․․ Նա շատ անգամ խորասուզվում էր այդ մտածությունների ծովում և ժամերով, օրերով չէր կարողանում խաղաղության ափը հասնել․․․
Այսպիսի րոպեներում նրա մտքի առաջ ներկայանում էր իսկույն գոռոզ հայրը, որի առաջ խոնարհվում էին ոչ միայն թշվառ գյուղացիք, այլև շատ անգամ բեգերն ու պաշտոնականները։ Հիշում էր և հոր ձերբակալվելը, հայրական տան կործանումը և իրենց ստրկական վիճակը Սոնայի և Հասոյի դռանը։ Այս տեսարաններին հաջորդում էին այն սոսկալի անցքերը, որոնք պատահել էին իրենց հարևանների և շրջակա գյուղացիների հետ, և այս բոլորից հետո նա զգում էր կատարելապես իրենց վիճակի անապահովությունը, իրենց ամենազարհուրելի կացությունը։ Նա բավական կլիներ, եթե յուր մշակած հողի արդյունքից մի քսաներորդ բաժինը իրեն թողնեին, յուր երևակայած երջանիկ ընտանիքը խաղաղությամբ կերակրելու համար, բայց փորձը և մտածմունքները բերին նրան այն եզրակացության, որ ինքը մի կատարյալ ստրուկ է, որի ոչ միայն ինչքը, բոլոր աշխատության պտուղը պատկանում էր յուր տիրոջը, այլև ինքը, կինը, որդիքը, սերունդը կույր կերպով հնազանդվելու, ծառայելու և իրենց բռնակալ բեգի ամեն պահանջները կատարելու պարտավոր են։ Նա ծախված գերուց է՛լ սոսկալի էր գտնում յուր դրությունը, որովհետև փողով գնած գերու տերը, յուր փողի սիրուց ստիպյալ կերակրում, հագցնում և պատսպարում էր յուր գերիներին իրենց արժեքի համեմատ, բայց Մամո բեգը ոչինչ չէր կորցնի, եթե չգնած ստրուկներից մի քանի տասնյակներ սովից կոտորվեին։
Մամոյի կինը, արաբի նման թխամորթ և կեղտոտ Ֆաթին, թեև մինչև վերջը համառացել, չէր գնում իրեն դավաճանող ամուսնու մոտ և չէր էլ տալիս զավակներին իրենց հորը, դիմադրելով մինչև անգամ շերի դատարանին, բայց որդին՝ Փրթոն, տասնևվեց տարեկան ժամանակը թողել էր մոր աղքատ ու խեղճ տնակը և փախել գնացել հոր սարայը։ Շռայլ և զեխ կյանքը, մետաքսի և ասվի խայտաճամուկ շորերը, ոսկեթելով զարդարված շեքմանն ու աբան գրավել, հափշտակել էին պատանու սիրտը, և նա մոռացած թշվառ մոր սերն ու գգվանքը, քաղցած քույրերին ու եղբայրներին, ամեն ջանք գործ էր դնում հոր սիրտը գրավելու։ Մամոն, որ յուր հարճերից և աղախիններից ծնված զավակների մեջ յուր տիպարը չգտնելով, խեղդել էր տալիս հարեմի նկուղներում ծնողների հետ միասին, Փրթոյին դռնից վռնդելու չափ անգութ չգտնվեցավ, որովհետև նա չէր էլ ուզում հասարակական խոսակցության և ատելության նյութ դառնալ յուր տմարդի ընթացքով, այդ պատճառով ուրախ դեմքով ընդունեց և նրա համար սարայում առանձին բաժին հատկացրեց։ Թեև երկար տարիներ իրարից հեռու ապրելով, հոր և որդու մեջ սառնասրտություն էր տիրում և նրանց հարաբերությունները միշտ կեղծ, շինծու բնույթ ունեին, բայց երկուսն էլ իրարից կախում ունենալով, իրար հետ զվարթերես էին տեսակցում։ Մամոն, որ աշխարհի երեսին և ոչ մի անկեղծ ու հարազատ բարեկամ չուներ, երբեմն հույս էր տածում, որ դեռահասորդին կարող էր նրան ջերմ սրտով պաշտպան կանգնել, կարեկցել և նեցուկ դառնալ զառամյալ օրերում։ Բայց այդ հույսը ցնդում էր, երբ մտածում էր, որ որդին ժառանգությունը և իշխանությունը հոր ձեռքից խլելու համար կարող էր նրան մի հարվածով կամ մի պտղունց թույնով քնեցնել, էլ չզարթնելու պայմանով։
Որդին, հիշել ով մոր քաշած անտանելի տանջանքները, աչքի առաջ բերելով այն սև օրերը, երբ մուրալով ձեռք բերած մի կտոր չոր հացը սառը ջրի մեջ թրջելով, դառն արտասուքը աչքերին, կերել էին մայր և որդի, անդադար հառաչելով, չէր կարողանում համոզվել, որ անկեղծ սրտով և հաստատ լինեին անգութ հոր շողոքորթ վարմունքները։ Եվ այս կեղծ հարաբերությունները շարունակվում էին, աշխատելով իրար անկեղծության վրա մեկմեկու խաբել։ բայց Փրթոյի գալով է՛լ անտանելի դարձավ Մամոյի վիճակը։ Նրա անթիվ ստորադրյալները, որոնք բեգի անունով Հավաքված զանազան տուրքերից մի քառորդ բաժին անդամ չէին հասցնում պատկանելույն և միշտ տրտնջում էին, իբր թե գավառի բոլոր եկամուտները կուլ էր տալիս մենակ ինքը՝ Մամոն, սկսեցին ավելի քրթմնջալ, ապագա ժառանգը հոր թևի տակ նկատելով։ Նրանք մինչև այդ ժամանակ նրա համար գլուխները կախած յոլա էին գնում, որովհետև ամեն մեկը իր սրտի խորքում թաքցրած և ծածկած նպատակ, հույս ուներ, բայց երբ տեսան անգութ Ֆաթիի արյունով ու թույնով դիեցրած ձագը, սթափվեցան իրենց հուսախաբությունից և սկսեցին իրենց սրտի կրակը թափել ոչ միայն այն թշվառ ժողովրդի գլխին, չորս անգամ ավելի ծանր-ծանր պահանջներ դնելով, չարչարելով և տանջելով, այլ բեգի՞ սնդուկին հասանելի եկամուտի՝ առաջները հասցրած տուրքի քառորդ բաժնից էլ պակասեցրին։ Փրթոյի գալով, բավական չէր նոր բացված ծախսերը, բեգի հեռավոր բարե կամներն էլ սկսել էին մեծ-մեծ պահանջներ անել, իսկ ե կամ ուտը ոչ միայն չորս անգամ նվազել էր, այլև թշվառ գյուղացիները այն աստիճանի դատարկվել, կողոպտվել էին, որ նրանցից մեծագույն մասը սովից աղատվելու համար ցրվել էր շրջակա գավառները՝ բանվոր մտնելու և մուրալու։ Մամոյի այս աննախանձելի դրությանը հաջորդեց մի մեծ և հուսալի մխիթարություն։ Փրթոյի նշանածի ընտրությունը նրան նոր ոգի ներշնչեց և այդ բանը նենգավոր հորը անչափ ուրախություն պատճառեց, որովհետև նկատում էր, որ խորամանկ որդին հոր ձեռք բերած հարստության և աստիճանի հետ ուզում էր է՛լ պինդ շղթաներով կապվել։
Փրթոյի քայլերը բոլորովին դուր չէին գալիս Արտաշին։ Նա նկատում էր բեգի որդու չարամիտ ակնարկները, որոնք հառած էին միշտ յուր սիրասուն քրոջ վրա։ Օրեցօր ավելի աչքի էր ընկնում Փրթոյի վարմունքը, նա աներկյուղ պտտվում էր Ամիրխանենց տան շուրջը։ Դեռ մի քանի անգամ նա խոսք էր գցել և միտքը հասկացրել Աննմանին էլ, Արտաշին էլ։ Այս սոսկալի կացությունից ազատվելու համար Արտաշը Ավագի հետ խոսեց և վճռեցին օր առաջ պսակվել և գործին վերջ տալ։ Համբարձման օրերի մոտ սկսեցին պատրաստություն տեսնել, գնացին, խնդրեցին տերտերին, որ առաջիկա կիրակի պսակի խորհուրդը կատարե։
— Մինչ նոր պսակ պիտի սպասեք,— ասաց տերտերը։— Հայրապետների գիրքը խո ես չե՞մ կարող փոխել և նրանց խոսքը կտրեց։
— Ախր մենք չարության վերջ տալու համար ենք խնդրում, մեզ ազատեցեք սպառնացող վտանգից,— թախանձում էր Արտաշը։
— Տերը կպահպանե, ինչ որ ձեր ճակատին գրել է, այն էլ կլինի։ Այսքան տարի սպասելուց հետո երեք շաբաթ էլ կարող եք սպասել։ Այն ժամանակ տերտերն էլ կպսակե։
— Գոնե, տերտեր, այս խնդիրը ձեզ մոտ խոստովանանք մնա, այն օձի ծնունդի ականջը չհասնի, մինչև պսակենք, վերջացնենք։
— Դուք հանգիստ եղեք, աստված կպահպանե մեզ ամեն չարիքից, թե ապաշխարելու մեղք չունենք։
— Մեղք… արդյոք ի՞նչ մեղք ենք գործել նրա դեմ։
Այս անցքերից հետո Ավագի հանգստությունը կտրվեց, և նա պահապան շների հետ Ամիրխանենց կտուրի վրա էր անցկացնում գիշերները, մահակը ձեռքին, դաշույնը գոտուց կախ գցած և յափնջին ուսերին։ Բավական չէր ամբողջ ցերեկը ոտքի վրա անդադար դատելը, գիշերն էլ անքուն երգելով ու երեվակայելով էր անցկացնում Ավագը։ Խեղճ պատանին, ականջները սրած, ամեն մի շշուկ, ամեն մի ձայն լսելիս պատրաստ էր դիմադրելու դժոխքից փախած ճիվաղին անգամ։ Քամին, ցուրտը, ցողը, եղյամը նա ուրախությամբ տանում էր և բուսն սիրո կրակով բորբոքված՝ չէր էլ զգում սրանց ազդեցությունը։ Աննմանի համար նա պատրաստ էր զոհվելու, նրա սիրո համար շատ աննշան էր համարում մի այդպիսի զոհը և համոզված լինելով յուր պաշտելուց կատարելապես սիրվելը, ինքն իրեն աշխարհի ամենաերջանիկ արարածն էր համարում։ Արշալույսին, արևագալից դեռ շատ վաղ, երբ դուռը բաց էր անում Աննմանը ոչխարը կթելու և հովիվներին ճանապարհ գցելու, նրա յուր պահապանի կողմը դարձրած մի քաղցր հայացքը, մի բերկրալի ժպիտը անվերջ ուրախությամբ էր լցնում Ավագի սիրտը, որը նույն տեսարանի նկարը անջինջ կերպով մտքումը տպավորած, հեռանում էր, դիմում յուր առօրյա գործին։
Այդ երեք շաբաթվա ընթացքում Ավագը յուր շներով երեք անգամ դիմադրել էր Փրթոյի և նրա լեռնական ընկերների հարձակումներին։ Այնպես ահագին աղմուկ էր բարձրացնում, որ ողջ գյուղը զարթնելով օգնության էր վազում, և չարամիտները թողնում, հեռանում էին։ Այդ հարձակումները ավելի ու ավելի սաստկացնում էին Արտաշի մտածությունները, և նա օրեցօր սոսկալի էր գտնում յուր թշվառ վփճակը։
Երկար մտատանջություններից հետո Արտաշն ու Ավագը գյուղի մեջ գտնվող իրենց քաջասիրտ ընկերների հետ խորհուրդ արին և որոշեցին, որ ամեն գիշեր քսանի չափ երիտասարդ հսկեն Ամիրխանենց տան շուրջը։ Որովհետ և երիտասարդներից շատերն էլ ունեին իրենց նշանածները, կամ հասած քույրերը, որոնց նույնպես սպառնում էին Մամոյի ծառաները, հովիվներն ու հոտաղները, այդ իսկ պատճառով բոլորն էլ անկեղծ կերպով միացան և հանձն առին իրար համար ամեն տեսակ զոհողություններ կատարել։ Մամոն, թեև ամեն մի տան ծակ ու ճեղը ման գալով, բոլոր զենքերը հավաքել էր տվել, բայց արի երիտասարդներից շատերը իրենց ղամաները (դաշույն), կեռ թրերը և ղարաբինաները կարողացել էին թաքցնել, որոնցով զինվում էին հերթապահ գիշերները։
Այս գիշերային հսկողությունները շատ զայրացրին Փրթոյին և ընկերներին, որոնք հանգամանքներն իմացրին Մամոյին։ Սա սաստիկ կերպով կատաղեց և երկյուղից չէր իմանում, թե նրանց ինչպես դիմադրեր։ Ամեն օր, Մամոն կանչում էր յուր մոտ Տեր-Մելիքսեթին և պատվիրում, որ գնա, գյուղացիներին քարոզե, որ ով որ զենք ունի, տանե բեգին հանձնե, սպառնալով, որ հակառակ գտնվողը կբանտարկվի և նրա ինչքը կգրավվի։ Իսկ Սուլոն և ընկերները առավոտից մինչև իրիկուն այս տունն ու այն տունը մտնելով, բոլոր կահ-կարասիները քանդում, տակնուվրա էին անում՝ զենք փնտրելու պատրվակով, և աչքերն ընկած առարկաները հափշտակելով, հեռանում։
Մի քանի անհաջող հարձակումները սաստկացրին Մամոյի երկյուղը, որն անդադար նախատում էր, հայհոյում անշնորհք ծառաներին և որդուն։ Այս անհաջողություններին հաջորդեց մի էլ զարհուրելի լուր, որը թեմրանցիք միայն իրար ականջի մեջ էին փսրտում, թե.
— Մինաս քեհյան, որ Արզրումի միջնաբերդի բանտից փախչելուց հետո Ղարս էր գնացել, լոռեցի մի քանի տասնյակ երիտասարդների հետ եկել, անցել է Դերսիմ։ Այս լուրը մեռելային սարսուռ գցեց Մամոյի սրտում։ Բավական մտատանջվելուց հետո Մամոն գնաց Քղի, յուր բարեկամ ղայմաղամի մոտ և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ շատացնեն զապթիեների թիվը։ Վալիին հարկ եղած զեկուցումը գրելուց հետո անմիջապես վերադարձավ Թեմրան և շրջակա քրդերից քսանի չափ երիտասարդներ զինեց մարտինի հրացաններով, հանձնեց որդուն, որպեսզի նրանց հետ ձիավորված շրջի յուր վիճակի սահմանները, կասկածելի անձնավորություններին ձերբակալելու։
Այս ձիավորները թե իրենց, թե ձիերի ուտելիքը, խմելիքը, հագնելիքը բռնի գյուղացիներից մտրակելով հափշտակելուց հետո Մամոյից էլ պահանջում էին իրենց ռոճիկը և ուրիշ ծախսերը։ Մամոն էլ այս ծախսերը թեև բարդեց գյուղաիների հարկի վրա և տանուտերերին բռնադատում էր, որ հավաքեն իրեն հանձնեն, բայց գյուղացիներն էլ ոչինչ չունեին վճարելու, լոկ կյանքներն էր մնացել, այն էլ կծախեին, բայց գնող չկար։
Հոգեգալստի կիրակին էլ անցավ։ Ամբողջ Բեմրանի դաշտն ու սարերը դալարով էին ծածկվել։ Բարեբախտաբար այդ տարին էլ առատ էր անձրևը, ցանքերը մեկին երեսուն-քառասուն էին խոստանում։ Ուրախ էր ժողովուրդը, ուրախ էին երիտասարդները, նամանավանդ աղջիկները, որոնց ամուսնանալու, հարսանիքի ծախսերի ու զարդերի համար առատ շնորհել էր բնությունը և պսակել նրանց ջանքերը առատ բարքերով։ Թեմրանցի երիտասարդները միախորհուրդ իրար օգնելու վճռից հետո, քրդերի և Մամոյի տղի ատամները մի քանի անգամ փշրել էին, էլ չէին հանդգնում և ոչ մի տան մոտենալու։ Տղերքն իրար ետևից նշաններ էին դնում, աղջիկները մեկ-մեկ իրենց մուրազին հասնում։ Աղի էր խմածները լեղի էր կերածները, արտասուքները այտերի վրա դեռ չէին չորացել, վերքերը դեռ չէին բուժվել, սրտերից կսկիծը դեռ չէր դուրս եկել, բայց մի հանգիստ շունչ քաշելով, հուսադրվել էին և ապագա հույսերով առաջ էին մղվում։ Առաջին պսակին երկու հարսանիք միասին էին կատարվելու գյուղում, և ողջ գյուղը այդ հանդիսով էր զբաղված։
Ավագը Աննմանի հետ էր պսակվելու, Արտաշն Անահիտին էր իրենց տուն բերելու։ Ամիրխանենց տունը նորից շենանում, փարթամանում և նրա ծուխը երկինք էր բարձրանում ու ամեն բերան բարի մաղթանք էր կարդում այդ տան նորաբողբոջ տնվորների համար:
— Օհ,— ասում էր մի ծերունի իրեն շրջապատողներին,- տաշված քարը գետին չի մնալ, այդ քարը կվերցնեն էլի պատի ճակատին կդնեն:
— Աստված մեծ է, ողորմությունն անչափ: Հոր հազարները փչացնելը ամեն տեղ տեսնված է, բայց ղոչաղ տղեն էլի կծխացնե հոր քանդված օջախը:
— Աստված զորացնե այդպիսի տղերքը, մարդը սյուն դարձավ, կանգնեցրեց հոր պապենական օջախը,- ասում էր մի ուրիշը:
— Եվ որքա՜ն քաջասրտություն տվեց մեր մատղաշներին: Մեր ցախավելով մոտ արած տղերքին սերտ գործի կպցրեր, հանդը, սարը, ձորը ծաղկեցրեց: Աստված օրհնե դրա ծնունդը, շատ ապրի այդպիսի բարի զավակը:
Հարսանիքի պատրաստությունները վրդովում էին Փրթոյին ու Մամոյին: Բեգի երազը, Փրթոյի իղձը խեղդվելու էին: Գիշեր-ցերեկ Մամոն մտածելով, մի ճանապարհ չէր գտնում, որ կարողանա նպատակին հասնել՝ Ամիրխանենց ժառանգի հետ իր որդուն՝ Փրթոյին կապելով, իսպառ յուրացնել Թեմրանի ընտիր կալվածները: Ինչպես համառ Անթառամը ոչ մի կերպ չէր զիջել, չէր անձնատուր եղել Մամոյին. նրա համառագույն որդին ու աղջիկն էլ խիստ կերպով ընդդիմադրում էին Փրթոյին և ընկերներին:
Մամոն, ճարը կտրված, հարսանիքի նախընթաց իրիկունը կանչեց յուր մոտ տեր-Մելիքսեթին և զանազան սպառնալիքներով, նախատինքներով ուղարկեց Արտաշի մոտ, որ քրոջը չտա գոնե այն մուրացկանի որդուն՝ Ավագին: Միաժամանակ տերտերին էլ սպառնաց, որ եթե պսակեմ եղբորը քեհյայությունից կզրկե, երկուսին էլ միասին կբանտարկե: Այս բանը ավելի կատաղեցրեց Արտաշին, Ավագին, որոնք ընկերների հետ ուխտեցին. կամ ամբողջապես մեռնել և կամ գլուխ բերել սիրահարների ամուսնությունը:
— Արտաշ,- ասաց տերտերը բեգի մոտից դուրս գալով և Ամիրխանենց դուռը դիմելով,- արի ետ կեցիր այդ մտքից։ Մի ուրիշի կտաս Աննմանին, ինչի՞ ես այդ պատճառով զայրացնում բեգին, վախենում ես տա՞նը մնա քույրդ։ Բեգը համաձայն չէ, որ դու քրոջդ տաս այդ մուրացկանի տղին։
— Տերտեր, բավակա՛ն է, բավակա՛ն։ Դու էլ նրա եղանակով հերիք է պար գաս։ Հանդերս տիրեց, կայքերս խլեց, մալերս գրավեց, հերի՜ք է, խո հոգիներս էլ չի՞ կարող առնել։
— Ախր, որդի՛, «այն ձեռքն, որ չես կարող կտրել, պագ ու ճակատիդ դիր», ահա մեր մեծարանց խոսքը։
— Տերտե՛ր,, թե դու էլ ցնորվել ես, թե քու սրտից էլ դուրս է եկել ավետարանի խոսքը, այդ ուրիշ բան է, բայց ես կմորթեմ Աննմանին իմ ձեռքով և չեմ թողնի, որ նրա հոգին սևանա, թուրքանա, քրդի լաճին կնիկ դառնա։ Ես իմ ձեռքով իմ քրոջը չեմ տալ ջինգյանա Մամոյի ու Ֆաթոյի լամուկի ճանկը։
— Դու գիտես, որդի՛, բայց արի ինձ լսիր, մի թույլ տալ, որ մեծ իրարանցում, սրածություն գա մեր գեղի գլխին։ Մեկ Աննմանի պատճառով քանի՜-քանի՜ անմեղ, աննման տղերք ու աղջիկներ կարող են կոտորել բեգի մարդիկը։ Արի՛ դու քու ձեռքով զոհիր այդ մեկին ու ազատիր մնացող խեղճերին։ Բեգի տղեն խելռում է Աննմանի համար, նա յուր ընկերներով արյունով կողողե մեր գեղը, և դու պատասխանատու կմնաս առաջին աստծու և առաջին մարդկանց։
— Տերտե՛ր, տերտե՛ր, եթե ես թողնեմ, մենք թողնենք… Այսօր իմ քրոջս կտանեն, էգուց քու աղջիկը, մյուս օրը՝ դրացիինը և այդպես անվերջ կտանեն ու կտանեն։ Ո՛չ, ո՛չ, տերտեր, այդ ճանապարհը մեզ կջնջե աշխարհից, ավելի լավ է ես առաջ իմ քրոջս խեղդեմ, արյունաքամ անեմ, հետո տամ այդ անիծածի ձեռքը նրա սառած դիակը։ Ես իմ ձեռքով ողջ-ողջ չեմ հանձնիլ քրոջս անհավատին։
— Մեղքը քու վզին, ես իմս ասի, էլ չեմ խոսի,— ասաց հեռանալով ավետարանի անարժան աշակերտը։
— Տերտե՛ր, տերտե՛ր, այդ խոսքերն ինձ ասիր, ուրիշին չասես,— ետևիցն ասաց Արտաշը,— ուրիշ տեղ բերանդ չբանաս, թե չէ գլուխդ մի հարվածով կթռցնեմ։
Տերտերը սաստիկ էլ վախկոտ էր, Արտաշից սոսկում էր։ Սա մնացել էր երկու կրակի մեջ, բեգը մի կողմից, Արտաշը՝ մյուս կողմից նրան սպառնալիք էին կարդում։ էլի բեգի ճիրաններից մի կերպ ազատվելու հույս ուներ, բայց Արտաշը անողորմաբար կիրագործեր ասածը, եթե տերտերը հանդգներ նրան հակառակ գործել։
Կիրակի իրիկուն դհոլն ու զուռնան փչում էր Ամիրխանենց դռնից, և ձայնը տարածվում ողջ դաշտն ու սարերը։ Թեմրանը ուրախության մեջ էր։ Հարս, աղջիկ բոլորն իրենց տոն օրերի կարմիր ու կանաչ շորերը հագած, զուգված, զարդարված, դիմում էին Աննմանի և Անահիտի հարսնետունը։ Գեր երինջը մորթվել էր, հարիսայի պղինձը կալում կրակի վրա դրվել, ոչխարները քերթում էին ջահելները, հարսները բրինձ էին իստակում, պառավները փլավի պատրաստություն տեսնում։ Երկու հարսանիքն էլ մի տան մեջ էին կատարում, երկու ծախս միացրել էին։
Արևը մայր մտնելու պահին, արդեն հարյուրից ավելի հարս, աղջիկ, տղա, մոռացած իրենց դառը տանջանքները, ձեռք֊ձեռքի տված, յայլի էին պարում, դհոլն ու զուռնեն նրանց ոգևորած, թռցնում էին։ Ամենքն էլ, միառժամանակ իրենց վիշտը մոռացած, ուրախ ցատկոտում էին նվագածուների եղանակների բախումներով։ Ամեն մի սիրահար ուզում էր ավելի կայտառ և եռանդուն երևալ յուր սիրեկանի առաջ, ամեն մի սիրեկան յուր սիրահարով էր զբաղված այդ ժամում և մեկը մյուսի սիրտը գոհացնելու և բավականացնելու համար պատրաստ էր ամեն բան անելու։
Արաղն ու գինին, ծերերի բաժինը, անխնա բաժանվում էին հյուրերի սենյակում հասակավորներին, որոնք անուշ էին անում՝ օրհնելով իրենց մատաղահաս սերունդը և իրար գովելով։ Ներս ու դուրս վառված կրակներն ու ձեթի ճրագները կազմում էին նրանց ճրագները, որի ճառագայթները սփռվել էին գյուղի ամեն կողմը և ծակում քրդերի սիրտը։ Իսկ տերտերը չէր երևում, թեև երեք-չորս մարդ գնացել էին նրա ետևից, և այդ բանը մեծ անհանգստություն էր պատճառում գյուղական ծերուկներին։
Մի քանի անգամ ծերերը արդեն իրենց կողմից էին մարդ ուղարկել տերտերի ետևից, իսկ գնացողները ետ էին դարձել, հայտնել, որ տանը չէ, չեն գտել։ Սկզբում կարծում էին, որ նա շուտով կգա, մի կողմից կերևա, բայց ժամերն անցնում էին ու չէր երևում։ Կասկածներն աստիճանաբար սաստկանում էին, առանց այն էլ գյուղացին լավ համարում չուներ յուր ստորաքարշ տերտերի վրա։
— Ո՞ւր մնաց, ախր, այսպես իրիկուն, հանդեսի ու հարսանիքի մեջ չերևալ կվայելե՞ մի հոգևորականի։ Որտեղ կլինի։ Ո՞ւմ տունն է։ Ու՞ր մնաց։ Ու՞ր է գնացել։ Այսպիսի զանազան հարցեր էին տալիս ծերունիները իրար, քիչ-քիչ գլուխները արաղով տաքացնելով։
— Իրիկվան դեմ ժամի դռանը մեզ հետ էր,— ասաց մինը։
— Ես տեսա, ժամից տուն գնաց,— ասաց մյուսը։
— Ես տեսա, տնից դուրս եկավ, կարծեցի, թե այստեղ կգա։
— Նա անպատճառ բեգի քով գնացած կլինի։
Տերտերին նույն իրիկունը յուր մոտ էր կանչել դարձյալ Մամո բեգը։ Արդեն վաղ մոլորվել, մնացել էր ավետարանի անարժան սպասավորը։ Ո՛չ քաջություն ուներ, որ անհավատ,անագորույն բեգի առաջ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպաներ և պարտականությունը կատարելու համար մինչև անգամ անձը զոհելու պատրաստ լիներ, ո՛չ էլ կարող էր և ուզում էր նրա հրամաններին անպայման հպատակվել, քանի որ գիտեր և համոզված էր, որ յուր կրոնական պարտազանցության համար Արտաշը կարող էր նրան խողխողել։ Երկու սրի մեշն էր գտնվում տերտերը, երկուսն էլ անողոք։
— Տերտեր,— ասաց կատաղած Մամո բեգը,— եթե դու պսակես այս իրիկուն այդ անկոտրումներին, քու մորուքի մազերը ես մեկ֊մեկ հանել կտամ, քեզ մերկացրած, կապկըպած կղրկեմ Արզրումի միջնաբերդը, որտեղից էլ հավիտյան չես կարող դուրս գալ։
— Քու կամքիդ ես չեմ կարող հակառակել, բայց ի՜նչ ասեմ, որ չպսակեմ, ժողովուրդը հետո ինձ կբզկտե։
— Ես նրանց բոլորին, որպես դավադիրներ, բանտարկել կտամ, ես նրանց կքշեմ, ես նրանց կոտորել կտամ, ես քեզ այստեղից չեմ թողնիլ գիշերս դուրս գալ։ Դու այստեղ կա՛ց, մ՛ի գնա։ Առանց քեզ ո՞վ կարող է նրանց պսակել։
— Կգնան մի ուրիշ գյուղ, կպսակվեն, կամ մի ուրիշ գյուղից կարող են քահանա բերել տալ, պսակվել։
— Այս գիշեր չեն կարող, իսկ մինչև առավոտ մի ճար կգտնենք, կխափանենք կամ մի հնարով աղջիկը կփախցնենք։
— Այժմ նրանք ինձ են սպասում, եթե չգնամ, տունդ կրակ կտան, էգուց ինձ կքարկոծեն, կհեռացնեն եկեղեցուց։
— Դու մի վախենա, ես եմ քու տերը, ես եմ քու պահապանը։ Նրանց բոլորին գյուղից քշել կտամ, իսկ դու դարձյալ կմնաս հաստատ քու աթոռի վրա։
— Ո՛չ, ո՛չ, այդպես չի լինի, էլի մի հ1Հար պետք է մտածել, մի ճար գտնել, որ ես արդարանամ։ Ես եթե այստեղ ձեզ մոտ մնամ, ես չեմ կարող ազատվել Արտաշեսի ձեռքից, նա ինձ կսպանե։ Լավ է ես կգնամ Խուլփ, մի ծանր հիվանդ ունիմ։ Ես նրան հաղորդություն կտանեմ և ժողովրդի մոտ կասեմ, որ հոգվույս պարտքը կատարեցի, նախ մեռնողին պարտավոր եմ հասնել, հոգին փրկել, իսկ պսակվողները իրենց պսակը միշտ կարող են կատարել, թեև մի երկու օր ուշ։
— Այդ լավ մտածեցիր, ապրի՛ս, ա՛յ խելոք, ա՛յ գիտնական։
Գնա, գնա, միայն մինակ մի գնալ, կարող է վնաս պատահել։ Թող Սուլոն կամ Հասոն քեզ ճանապարհ գցեն։ Ա՛յ Սուլո, Հասո՛, տերտերին մինչև Խուլփ տարեք, նրա մազին մարդ չդիպչի, թե ոչ կրակ կտամ, ձեզ կվառեմ։
Տերտերը արգեն Խուլփ հասած կլիներ, իսկ հարսնևորները դեռ նրան սպասում էին։ Ընթրիքի էին ուզում նստել, իսկ սեղան օրհնող չկար։ Արդեն բավական ուշ էր։ Հարսնետան մեջ մեծ իրարանցում էր ընկել, պառավները շվարել, մնացել էին, առանց տերտերի ինչպե՞ս հարսանիքի սեղան սփռեին։ Բոլորը մտատանջության մեջ էին, բոլորի դեմքի վրա երևում էր տխրության քողը, թեև աշխատում էին ուրախ երևալ։ Միայն Արտաշը ուրախ, զվարթ, առանց ուշադրություն դարձնելու փսրտոցին, շարունակել էր տալիս ամենքին ուրախությունը, պարը և կերուխումը։
— Օհան ամի՛,— ասաց Արտաշը մոտենալով ծերերին,— եթե թույլ կտաք, թող սեղանը բաց անեն։ Թե տերտերը հասավ, նա հացը կօրհնե, թե չէ քու օրհնածը ավելի ընդունելի է աստծուն էլ, մեզ էլ։
— Որդի՛, թող բերեն սեղանը, աստված բարին կատարե, մեր հարսնիքն էլ կատարածին հասցնե։
— Ամեն,— ձայն տվին գլուխները տաքացրած ծերերը:
Սեղանը Օհան ամին օրհնեց, սկսվեց հարսանեկան ընթրիքը։ Ներսը կերուխում էր, իսկ դուրսը երիտասարդները շարունակում էին իրենց պարերգը բոլոր-պարով։ Գոռում էին ամեն կողմից ուրախ-ուրախ, իսկ հարս-աղջիկներից մի քանիսը ոտքի վրա հարսանքավորներին բաժանում էին գաթա, լոխում, հավի և որսի միս, գինի կամ կազբենի օշարակ։ Ծերերը դեռ սեղանից չբարձրացած, կանայք և երիտասարդները միասին սեղան նստան։ Կերուխումը մի-երկու ժամ ավելի տևեց։ Արտաշի ու Աննմանի երկու-երեք տարում տնտեսածն ու ետ ձգած ամեն բանն առաջ եկավ։ Բայց տերտերը չկար ու չկար։
Հերթը եկավ հարսների ու թագավորների շորերի հագցնելուն՝ եկեղեցի տանելու համար, բայց շորերը օրհնող չկար։ Արդեն ծերերի համբերությունը կտրվել էր, սկսել էին նախատական խոսքեր ուղղել տերտերի հասցեին։ Ամեն կողմից հրապարակով զզվանք, նախատինք և հայհոյանք էր թափվում պարտազանց քահանայի հասցեին։
— Ի՞նչ պետք է անել,— ասաց Օհան ամին,— ով որ քաջ է, գնա խոսի և տերտերին առնե, բերե։
— Թո՛ղ երկու-երեք հոգի գնան, լավ ձիաները տանեն, բերեն,— ասաց մի ուրիշը։
— Արտաշ ջան, Արտաշ, մեր մադյանը քեզ ղուրբան, ասա Գիգոյին հեծնի գնա՛, թո՛ղ չխնայե, թո՛ղ ճանապարհին սպանե, միայն թե տերտերին բերե…
— Տո՛, թող մեր երկու մատյան էլ քաշեն, տանեն,— ասում էր մի ուրիշը։
— Հանգիստ եղեք, ամիներ, ձեր քեֆը մի՛ խանգարեք, ուր որ է հիմի կգա ինձ պսակողը։ Արդեն հրավեր եղած է առավոտից։
— Ապրի՛ ս, տղերք, զարկե՛ք դահուլը,— գոռացին ամեն կողմից։
— Կեցցե՜ն մեր թագավորներն ու թագուհիները, կեցցե՜ն։
Այդ միջոցին մի քանի ձիավորներ իջան Ամիրխանենց դռան առաջ և մի վարդապետ ձիուց ցած գալով, մտավ հարսանեկան հանդիսականների օդան։
— Աստված օգնական, հայր սուրբ, վեր հրամմեցեք,– ասելով, ոտքի ելան բոլոր հանդիսականները և տեղ տվին Գետահայաց ս. Աստվածածնի վանքի վանահորը։
Արդեն ժամանակն անցել էր, շտապեցին, հագցրին թագավորներին և հարսներին, ճանապարհ ընկան եկեղեցի։ Մեծ թափոր էր գնում նրանց հետ։ Թեմրանի երիտասարդները, Արտաշի ու Ավագի ընկերակիցները զինված պտտվում էին հարսնևորների շուրջը, տաբանջաներն էին կրակում, ղարաբինաները դատարկում։
Մամո բեգի քուրդ լրտեսները, անցածի ու դարձածի մասին մանրամասն ամեն լուր հասցնում էին։ Վարդապետի գալը կատաղեցրել էր նրանց, Փրթոն մանավանդ անձի միսն էր ուտում, այս ու այն կողմը հրամաններ էր արձակում։
Իսկ հարսնևորները երգելով, պարելով, ծանր քայլերով առաջնորդում էին հարսներին ու թագավորներին դեպի եկեղեցի։ Դեռ երիտասարդներից շատերը կանգնեցնում էին տեղ-տեղ թափորը և դհոլի, զուռնի ածած եղանակներով հարսաղջիկների հետ կաքավում,— ամուսնացողների պատվի համար։ Հասակավորները բոլորվում էին պարող երիտասարդների հունարը տեսնելու համար։ Ժողովուրդը կիսված էր, ծերունիները դեռ շարունակում էին հարսնետանը իրենց կերուխումը, իսկ երիտասարդները չէին ուզում անգամ հեռացնել իրենց հայացքները բախտավոր ամոլների վրայից։
Հասան եկեղեցի, վարդապետը կատարեց պսակը, և հարսնևորները ավելի ուրախ, սիրահարների թագերն ու պսակները տեսնելուն արժանացած, ավելի շատ տրամադրված, ավելի մեծ աղմուկով դուրս եկան եկեղեցու բակից։
Կրկին սկսեցին պարերն ու պարերգերը, կրկին դղրդացրեց գյուղը տաբանջաների ու ղարաբինաների որոտումները, որը ավելի սարսափ էր ձգում Մամո բեգի սրտում, կեցցեներն ու հուռաները թնդացնում էին օդը։. Կամաց-կամաց առաջ էր գնում հարսնևորների թափորը և ամեն քայլափոխին մի քանի երիտասարդներ ուտելիք, խմելիք և քաղցրեղեն էին բաժանում հանդիսականնրին ։
Թափորը դեռ չհասած Ամիրխանենց դռանը, հանկարծ Փրթոն յուր ձիավորների խմբով հարձակվեց հարսնևորների վրա, ճեղքեց հարս-աղջիկների դասը (մի քանի գնդակներ արձակեցին այնալու հրացաններից, շփոթություն տարածելով, ոտնատակ տալով մի քանի աղջիկների), վրա հասավ, մոտեցավ Արտաշեսին և սրով մի քանի թեթև հարված տալով անզեն թագավորին, խլեց, քաշեց, թարքն արավ Անահիտին, որն այդ ժամանակ փաթաթված էր Արտաշեսի վզովը, և հեռացան։ Մինչ այդ, Փրթոյի հրոսակները երեք աղջիկ էլ քաշել էին իրենց ձիաների գավակը և շրջապատվելով հիսուն-վաթսուն ձիավորով, հեռացել սրընթաց արաշավանքով։ Այդ միջոցին երիտասարդներն առանց շփոթվելու բոլորել էին Աննմանին ու Ավագին և նրանց պաշտպանել, գիտենալով, որ թշնամու հարձակումը միայն նրա համար էր։ Փրթոն կարծում էր, որ Արտաշեսի հետ գնացողը և նրան փաթաթվողը Աննմանն էր, այդ իսկ պատճառով նրա վրա էր հարձակվել։ Հարսանեկան թանձր քողի տակ խո չէ՞ր կարող զանազանել Անահիտին Աննմանից։ Մինչև ձիավորները շարժվեցին, ձիավորվեցին, արդեն ավարառուները բավական հեռացել էին գյուղից։
Մինչև Թեմրանցի երիտասարդների Փրթոյի խմբի ետևից հասնիլը սրանք կռվի էին բռնվել վարդապետի ձիավորների հետ և երկու կողմից արձակած հրացանների ձայնը հասնում էր Թեմրան։ Մինչև թեմրանցիների հասնիլը, Փրթոյի խումբը, արդեն քսանի չափ զոհ տալով, ետ էր փախչում։ Թեմրանցիք չկարողացան Փրթոյի խմբի կատաղի երիվարների անապարհը կտրել, նրանք սրարշավ դիմեցին Մամո բեգի ապարանքը։ Թեև հետևեցին թեմրանցիք սրանց և ճանապարհին քսանի չափ զոհ ևս ընկան, բայց Փրթոն հաջողությամբ ազատվեցավ, մտավ Մամոյի ապարանքը, ներս տանելով Անահիտին և երեք առևանգած աղջիկներին։
Կատաղել, առյուծ էր դարձել Արտաշեսը, չէին զսպվում առևանգված աղջիկների նշանածներն ու եղբայրները։ Ձիավորների խումբը եկավ, պաշարեց Մամոյի ապարանքը և գոռում-գոչումով իր հարազատներին պահանջեց։ Մամոն հրամայեց ներսից հրացաններով պատասխանել հարսնևորներին։ Հրացաններով էլ հարսնևորները նրանց պատասխանեցին, բայց Մամոյի սպասավորների հրացանները տապալում էին հարսնևորներին, իսկ վերջիններիս հրացանները փշրում էին միայն ապարանքի լուսամուտների ապակիները։
Մի խումբ տղերք Արտաշեսի հետ բահերով, գերաններով աշխատում էին փշրել ապարանքի դուռը, բայց Քյալաշ քեհյան այնպես պինդ էր շինել տվել, որ հեշտ չէր ջարդել։ Կես ժամ չանցած ողջ գյուղը հավաքվել էր ապարանքի շուրջը, մեծ աղմուկով, մեծ իրարանցումով դղրդացնում էին ապարանքը։ Մամոն, երկյուղից ապարանքի խորքերը քաշված, հրամայում էր գնդակներ տեղացնելով, կոտորել գյավուրներին։ Այդ միջոցին ժողովուրդը կատաղած գոռում էր. «Այրե՜լ սարայը», և սկսեցին, որքան որ հին դարման, խոտ կար գյուղում, հավաքել, բերել դիզել ապարանքի շուրջը։ Ամենից առաջ Մամո բեգի խոտերին կրակ տվին, հետո մյուսներին, այնպես որ քիչ ժամանակից ամբողջ ապարանքը շրջապատեց ծուխն ու բոցը, և կրակը կպավ շինության ներքին մասին։
Ապարանքը լողում էր բոցերի մեջ։ Կանանոցի մեջ ընկել էր վայնասունը։ Ձիերը խրխնջում էին իրենց ախոռում, գետինը դոփելով։ Արտաշեսը անընդհատ, մի քանի ընկերներով, աշխատում էր կոտորել դռները, բայց չէր հաջողում։ Հանկարծ քսանի չափ երիտասարդ քրդեր ներսից դռները բացին և այնալուն ձեռքերում կրակելով դուրս եկան։ Հենց առաջին հարվածով մի գնդակ հասցրեց Փրթոն Արտաշեսին, որն արդեն առաջուց սրի վերքերից արյունաքամ եղած և սաստիկ հոգնած լինելով, իսկույն ընկավ, գլորվեց թափկլտելով։ Անմիջապես մի գնդակով Ավագն էլ գլորեց Փրթոյին, որը նույնպես տեղն ու տեղը թավալվեց։ Դրանից ավելի կատաղեցին տղերքը և վրա հասնելով կտոր-կտոր արին քրդերին, ձեռքերից խլեցին զենքերը և մտան Մամո բեգի ապարանքը։
Կրակն արդեն ամեն կողմ տարածվել էր, կանանոցում թշվառ հարճերից շատերը խեղդվել էին։ Փրթոն դուրս գալուց առաջ տեսնելով, որ սխալված է եղել, Աննմանի փոխարեն Անահիտին է փախցրել, կատաղությունից սպանել էր թե՜ թշվառ կույսին և թե՜ հորը՝ Մամոյին, ու պատահած հարճերին։
Ապարանքի բոցերի մեջ մտնող ամբոխն սկսեց ավերել Մամոյի կայքը, ազատել թշվառ հարճերին գերությունից, քանդել արդեն բոցերի մեջ կոլոլված դղյակը։
Արդեն արշալույսը շողշողում Էր արևելքում, խավարն ու աղջամուղջը հետզհետե տեղի Էին տալիս լույսին, կործանվել Էր Մամոյի ապարանքը, և դադարել Էին սոսկալի բոցերը, մոխրակույտը թողնելով իրենց հետքից, երբ ներքին բանտից դողդողալով դուրս եկավ Անթառամը և որդու դիակի շուրջը խռնված ամբոխի մեջ մտնելով, փռվեց Արտաշեսի մարմնի վրա, հեկեկաց, համբուրեց ու մրմնջաց․
— Դու քավեցիր հորդ մեղքը քու կյանքովը, որդի՛, դու ազատեցիր ինձ և քու սիրելի քրոջը անօրեն Մամոյի ճիրաններից։ Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծը ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ, որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը։
1898 թ․