Jump to content

Ժպտում էր մարդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժպտում էր մարդը

Քաղաքի խուլ փողոցներից մեկով անցնում էր մի մարդ: Հնամաշ կարտուզը քամուց պահելու, նաև ականջները չսառեցնելու համար՝ մարդը կեղտոտ լաթով փաթաթել էր գլուխը, ծոպերը նապաստակի ականջների նման գլխավերևը ցցել:

Նա աշխատում էր ձեռքերն ավելի խոր կոխել կիսամուշտակի տաք թևերի մեջ: Մարդը թևին էր հագցրել կարկատած կողովը, որը նրա քայլերից ցնցվում էր, մուշտակի փեշին զարկում: Նրա կոշիկների հաստ մեխերը մետաղի ձայն էին հանում, երբ կոխում էր սառույցը, և խուլ՝ երբ ոտքը խրում էր փափուկ ձյունի մեջ:

Ու նա գնում էր՝ գլուխը կախ, ցրտից կծկվելով: Գնում էր հավասար քայլերով, չնայելով ո՛չ տներին, ո՛չ ծուռումուռ փողոցների լաբիրինթին: Երբ քամին ձյունի փոշի էր շպրտում նրա երեսին, մարդը մի վայրկյան կանգնում էր, շունչը պահում և ապա կուրծքը դուրս քցած ճեղքում բուքը:

Տրամվային հասնելիս նա հետ դարձավ, նայեց կամուրջի սև սիլուետին ու սյուներին, որոնց վրա ճոճվում էին ջարդված ճրագների երկաթյա լուսամփոփները:

Մարդը նայեց, կռացրեց գլուխը կրծքին ու քայլերն արագացրեց: Ու նա հիշեց սարսափելին, ամենից սարսափելին, որ տեսել էր իր կյանքում...

...Երբ Դենիկինը քաղաքը գրավեց, նա առավոտ կանուխ դարձյալ շտապում էր գործարան...կամուրջին հասավ. ձիավոր պատրուլները հետ ու առաջ էին գնում: Իսկ սյուներից ճոճվում էին դիակները...

Առաջին սյունից կախված էր մի կին, վիզը ձգած, կապտած, լեզուն կախ: Ու նա սարսափած հետ դարձավ, չկարողացավ կամուրջով անցնել: Երկու հոգի տանում էին փայտյա սանդուղքը...

Ու նա գնում էր, գնում էր դեպի գործարանը, և հիմար մի հարց բարավի նման ծակում էր նրա միտքը. «Մի՞թե այդքան սոսկալի ու մեծ լեզու ուներ այն կինը, որի ցրված մազերը պղնձի պես կարմիր էին...»:

* * *

...Հրապարակի ամենաբարձր տան պատշգամբից կախված հսկայական քարտեզի առաջ խռնվել էր ծով բազմություն: Կային ծեր ու երիտասարդ բանվորներ, արհեստավորներ, դռնապաններ: Տեղ-տեղ երևում էին շալով փաթաթված կանանց գլուխներ:

Քարտեզի հաստ քաթանի վրա սև շրջաններով նշանակված էին քաղաքները, քառակուսիներով՝ գործարանային ավանները, շախտերը, ավելի փոքր կետերով՝ գյուղերը:

Հարավային ռազմաճակատի քարտեզն էր, ու նրա լայնքով, ներքևի մասում, ձգվում էր սև, օձանման գիծը: Սպիտակների դիրքերն էին, որոնց դեմ առ դեմ դարձյալ ամբողջ ճակատով ձգվում էր կարմիր ժապավենը, մի տեղ ուղիղ գծով, մի տեղ՝ կոր, քաղաքի մոտ՝ օղակաձև:

Գծերը դողդողում էին, շարժվում, փոխվում՝ մեկ ձգվում, երկարում, մեկ գոգաձև դիրք ստանում, մեկ հետ քաշվում, թողնելով քաղաքներ, գյուղեր ու ավաններ:

Իբրև ձգված լարեր գծերը դողում էին: Այդ հասարակ քարտեզ չէր, այլ արյունահեղ ռազմաբեմը կենդանի պատկերը, որ յուրաքանչյուր ժամ փոխվում էր, համաձայն շտաբի զուսպ և համառոտ հեռախոսագրերի: Կարծես արյունով լի երակներ էին, ուռչում էին հուզմունքից, դողդողում ու նորից հանդարտում: Դողացող այդ երակների միջով վազում էր բազմահազար մարդկանց արյունը:

Սպիտակ բանակն արշավում էր: Երկու օր առաջ նրանց սև գիծը քարտեզի վրա հազիվ էր երևում: Իսկ այժմ արձանի պես քարացած բազմությունը նայում է սև գծի առաջանալուն: Ահա մի սև սլաք երևաց: Հարձակվում են շախտերի ռայոնի վրա...Մի ուրիշ սև սլաք ձգվում է դեպի մեր աջ թևի թիկունքը:

Սև գիծը մոտենում է իբրև մահվան օղակ: Բազմությանը թվում է, թե իր վզին է փաթաթվում այդ օղակը սառն ու սև օձի նման: Ու հիպնոսացած նայում է, նայում է ու չի զգում ո՛չ ցուրտ, ո՛չ քաղց, ո՛չ հոգնածություն:

Բուքր ձյուն է մաղում, ձյունի սյուները կատաղի պարով թռչկոտում են հրապարակում, բազմության գլխավերևը, սակայն ոչ ոք տեղից չի շարժվում: Ոմանք կուչ են գալիս, գլխարկներն ավելի խոր կոխում: Այդ մարդկանց հոգսն ու միտքը պիրկ ձգված կարմիր լարն է:

Ու խուլ մռնչում են, ինչպես ծովը փոթորկից առաջ: Կարմիր գիծը ձախ թևում կախվեց, թեքվեց… նրա մի ծայրը կեռ է տալիս թշնամու թիկունքն անցնելու: — Ո՛ւհ, — լսվում է մի ձայն, մի խուլ հոգոց, որ և՜ հառաչ է, և՜ ուրախություն, և՜ կասկած, արդյո՞ք կհաջողվի:

Այն մարդն է, հնամաշ կարտուզը գլխին, կողովը թևից կախ: Բազմությունը ճեղքելով նա մոտեցել է քարտեզին, մոտեցել է ու սառած աչքերը չի կարողանում պոկի դողացող գծերից:

Քարացած լռության մեջ մի ձայն հանկարծ որոտաց պատշգամբից.

— Պրոլետարնե՛ր...էլ ինչի՞ ենք սպասում...Վրանգելի սև օղակը մոտենում է մեր քաղաքին: Ընկավ Մելիտոպոլը, մենք հաց չենք ունենա...Դոնբասը կառնի՝ կսառչենք մենք էլ, մեր գործարաններն էլ...Պետք է ջարդել կատաղած բարոնին, պետք է ծովը շպրտել նրան...էլ ինչո՞ւ ենք սպասում...Պրոլետարնե՛ր...իզե՛ն...

Ու նրա որոտն արձագանքեց փողոցներում: Վիթխարի տներն ասես ցնցվեցին: Բազմությունն ալեծուփ ծովի նման հետ-հետ քաշվեց: «Իզե՛ն, իզե՛ն», պոռթկաց կոչը...

Ո՞վ էր, որ առաջինն եղավ և կռվի կանչեց: Ելք ստացավ այն զայրույթը, որ եռում էր, ինչպես գոլորշին փակ կաթսայում:

Մարդը ժպտաց: Պարզ ու հասարակ ասաց նա, որի սիլուետը պատշգամբի վրա հազիվ էր երևում: Ճշմարիտ ասաց նա:

— Միշո՛ւտկա, դու է՞լ ես եկել, — հարցրեց մարդը մի տղայի, որ թույլ բազուկներով սրան-նրան հրելով աշխատում էր դուրս գալու բազմության միջից ու տուն վազելու: Տղան ուրախացած մոտեցավ հորը:

— Միասին գնանք տուն, հա՛, — ասաց նա հոր թևից կախվելով: Այդ րոպեին մեկը կանչեց. «Դեպի կայարան...ցեյխհաուզների մոտ...»:

— Միշո՛ւտկա...դու մենակ գնա: Սա էլ հետդ տար, — ու մեկնեց կողովը, — վաղվա հացն է...Մորդ ասա, որ ես մերոնց հետ գնացի:

Տղան մնաց տեղը կանգնած: Ու երբ հայրը կռացավ, գրկեց նրան, ճակատը համբուրեց, նա զգաց մախորկայի ծանր հոտը, որ միշտ գալիս էր հոր բերանից, շրթունքներից: Բեղերը ծակծկեցին տղայի այտը: Աչքերն արցունքով լցվել էին. ինքը մենակ պիտի գնա տուն...

Հայրը մի քիչ հեռացավ ու նորից ձայն տվավ: Տղան վազեց: Հայրը արձակեց գլխի շորը ու փաթաթելով որդու վիզն ու ականջները, ասաց.

— Դե վազի՜, որ չմրսես...

Մարդիկ լուռ գնում էին: Ստվերներ՝ խումբ-խումբ, առանձին: Մեկը զիլ ձայնով սկսեց ծանոթ երգը: Մյուսները ձայնակցեցին: Երգի ռիթմը չափ տվեց քայլերին: Բնազդը մոտեցրեց իրար: Ցրված խմբերը միաձուլվեցին և համաչափ օրորվելով, կորան խավարի մեջ:

Մարդը գնում էր բազմության հետ: Գնում էր, հանդարտ ժպտում ու քթի տակ ձայնակցում երգին: Ցուրտ չէր զգում նա, ո՛չ քաղց, ո՛չ հոգս:

Վիթխարի տներն ասես կուչ էին եկել, ներս քաշվել: Հրապարակը դատարկվեց: Միայն գազազած քամին վայրենի հռնդյունով մեկ առկայծող խարույկների վրա էր հարձակվում, ձյունի վրա կայծ ու կրակ ցրում, մեկ վզզալով կորչում սառած փողոցներում:

Գիշերային լռության մեջ, քնած քաղաքում լսվեց հեռվի ռմբակոծության խուլ արձագանքը: Քարտեզի վրա կարմիր գիծը ձգվում էր, իբրև պողպատյա լար. . . . . . .

* * *

Ինչքան էլ բնությունն աշխատեց այդ օրերում մարդկանց ներս քշել, բայց և այնպես տոնին բազմությունը փողոց դուրս եկավ, և անհամար ոտքերի տակ փողոցների ձյունախառն ցեխը տրորվեց ու սեղմվեց սալաքարերին:

Ձյունաբեր ամպերը կախվել էին քաղաքի վրա, նրանցից ավելի հանդուգներն իջնում էին ցած և խխունջի նման լիզում բազմահարկ տների կտուրները, գործարանների ծխնելույզների գագաթները:

Սակայն օդանավերի երամը վեր սլացավ, կորավ ամպերի մեջ, ապա երկար օձաշարանով պտույտներ գործեց քաղաքի վրա: Ամպերը ձյունի փաթիլներ տեղացին, օդանավերը՝ գույնզգույն թերթեր:

Երբեմն ձյունի մի փաթիլ քնքշությամբ նստում էր թերթիկի վրա և իջնում: Իսկ ներքևում՝ հազարավոր ձեռքեր որսում էին թերթերը, մանուկներն ուրախ ճիչով թաթիկները մեկնում էին: Ու ձյունի փաթիլը նստում էր նրանց տաք թաթերին, մի վայրկյանում փշրվում, հալվում...

Երկու օր քաղաքը պատրաստվում էր այդ տոնին: Պսակներ էին հյուսում, վիթխարի պլակատներ նկարում, էլեկտրական ճրագներից գունավոր շղթաներ հյուսում, զուգում-զարդարում գործարանների դռները, տների պատշգամբները, փողոցների խաչաձև անկյուններում հաղթական կամարներ կապում:

Մարդիկ էլ էին մաքրվում, հարդարում, լվանում, կարկատում, պատրաստվում: Բոլոր նրանք, որոնք սպասում էին այդ օրերին, ցանկանում էին և՜ մաքուր լինել, և՜ պարզ, կարծես այդ հսկա քաղաքը մի ընտանիք էր, տոնը՝ արդեն միս ու արյուն դարձած օր:

Ու շարժվեց բազմությունը...Շարժվեցին սեղմ շարքերով՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդներ: Դրոշակների ծովը հանդարտ ծփում էր, փայլփլում էին կարմիրի վրա ոսկի տառերը: Քայլում էին գործարանները, երկաթուղին, բանակը, դպրոցները, հիմնարկները, բոլորը, բոլորը...

Մի քանի տեղ մարդիկ իրենց ուսերի վրա էին տանում փոքրերին ու ցույց էին տալիս հրապարակները, փողոցները... Ահա ընդարձակ հրապարակը, որտեղից առաջին թնդանոթը որոտաց տարիներ առաջ, ցրտաշունչ ձմեռվա մի գիշեր...

— Տե՛ս, տե՛ս, բալիկ, ա՛յ նա է՛...Մնում է...ու դեռ շատ կմնա, էնքա՛ն, որ դու մեծանաս, — ասաց մի հայր:

Կալանատունը բարձրացնում է կարմիր դրոշը, իբրև վիթխարի նավի կայմ...մարդիկ չեն երևում, իսկ բարձր ձողին քսվելով բարձրանում է կարմիր դրոշը, բարձրանում է ու քամուց փռփռում:

Թնդաց մի նվագախումբ, նրան արձագանքեց երկրորդը, երրորդը, և արձագանքը գնաց փողոցներով, հրապարակներով, բազմահազար մարդկանց գլուխների ծովի վրայով, գնաց ու դիպավ անհամար դրոշների, և իբր նիրհած եղեգնուտ, օրորվեց բազմությունը: Որոտացին փողերը, թմբուկները, ամբողջ քաղաքը վերածվեց մի պողպատյա ռիթմի:

Պահակներն արձանացել էին մայթերի վրա, փողոցների անկյունում: Երբեմն զգուշությամբ սլում էր մի ավտո, կանգնում մարդկանց ալիքին ճանապարհ տալու, և ապա սրտնեղած ծռվում ամայի փողոցը՝ զարտուղի ճանապարհով տեղ հասնելու: Ձիավոր պահակները մե՛րթ հսկում էին, մե՛րթ էլ ձիերի տեսքով հմայված, հետ ու առաջ անցնում: Ձիերն էլ էին կարծես զգում, որ իրենք էլ մասնակից են հաղթանակի այդ զորահանդեսին, որ իրենց հայրերն էլ կռվել են ստեպներում, անտառներում, և իրենց մեջքին նստել են հերոսներ:

Մարդիկ, որոնք դուրս էին մնացել շարքերից, նայում էին պատշգամբներից, պատուհանների հետևից, դռների արանքով: Մի հիվանդ դեռ վաղ առավոտյան բարձը դրել էր պատուհանին և ժամերով սպասում էր՝ երթը տեսնելու: Անսահման ուրախ էր նա, հիվանդ այդ երիտասարդը և մոռացած այն, ինչ ասել էր բժիշկը ճակատը չէր հեռացնում սառը պատուհանից:

Մամռոտած, երեսի մաշկը ծալ-ծալ մի կին վուալը մինչև քիթը վեր քաշած, նայեց երկար և կռացավ կողքին կանգնած պառավի ականջին.

— Կարծես ոչինչ, չէ՞...

— Այո, — ասաց նա ու լռեց:

Կուռ շարքերով քայլում են կոմունարները, և նրանց դոփյունից փողոցի գրանիտը զրնգում է որպես պողպատ, ու մեղմ ձայնակցում են փակաղակները, ռիթմով դիպչում պղնձյա կոճակներին: Բոց կա աչքերում, բարձր են գլուխները և քայլքը՝ վստահ: Պողպատյա հալոցք է հոսում և ոչ մարդկային զանգված: Իսկ ձյունաթույր ամպերի մեղմ փայլը խաղում էր սրածայր սվինների վրա:

Երթի առաջին խմբերը հրապարակը հասան: Ու հանկարծ, ինչպես որոտը, թնդաց հուժկու «հուռռան»...Ծովն է այդպես մռնչում և ոչ թե մարդը: Հին, խարխլած տներն ասես դողացին...Աղավնիները պտույտ արին եկեղեցու գմբեթի շուրջը, իսկ վուալով տիկինը թեթև ցնցվեց, թիկնեց ամուսնու ուսին:

Քայլում էր ծովացած բազմությունը, որոտում էին հազարաբերան հուռռաները, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթական մարշ:

Այդպես մինչև մութն ընկներ...Ու դեռ գնում էին:

Մթնում թնդանոթն ավետեց պատմական ժամը: Վիթխարի քաղաքի հազարավոր գործարանների շչակներ միանգամից ձայնակցեցին՝ հուժկու սարսռեցնող սուլոցներով մեկը՝ բամբ, մյուսը՝ թավ, երրորդը՝ զիլ: Ռակետները հրե օձերի նման ճեղքեցին ամպերը՝ վերից գունավոր անձրև թափելով:

Ամպերը խտղտում էին, աշխատում դանդաղ սահելով պահվել երկնակամարի մութ խորշերում, որպես գիշերահավ:

Հրապարակի վրա վիթխարի տան ամբողջ ճակատը հրավառ էր: Այդ մի հսկա քարտեզ էր, որի առաջ ծովացած բազմության վրա լուսարձակները կաթնագույն լույս էին մաղում: Գունավոր ճրագներով նշանակված էին քաղաքները, գործարանները, կարմիր գծերով՝ ճանապարհները, կապույտ՝ ջրանցքները, պղնձագույն՝ հանքերը: Երբեմն մարում էին ճրագները, և մթության միջից դուրս էին թռչում հրե տառեր, շարվում կողք-կողքի: Մի խուլ մռռոց, ինչպես քամին ծովի վրա, անցնում էր հրապարակով: Կարդում էին գրերն ու թվերը...

Այդ հաղթանակների մատյանն էր, տասներկու տարվա գրքի էջերը, քայլ առ քայլ, սայթաքելով, մագլցելով անցած հաղթության ուղին:

Ու մեկ էլ լույսերը ողողում էրն քարտեզը, ամայի ստեպների մի խորշը կարմրին էր տալիս, և հառնում էր կարմիր թիվը:

— Այստեղ պիտի լինի Մագնիտստրոյը...

Ու նորից թվեր, նորից կտրուկ բառեր, պարզ և անպաճույճ:

— Վոլգան միանում է Դոնին, — և կարմիր հալոցքի նման մի երակ սլաքի նման ձգվում էր, ջրերը թափում ընդարձակ ծովը:

Բազմության մեջ մի մարդ, ինչպես բյուրերը, հարյուր հազարները, աչքը չէր հեռացնում քարտեզից: Փաթաթվել էր մուշտակի մեջ, ոտքերը վեր ու վար էր անում...որովհետև ծերացել էր նա, խոնավությունից մրմռում էր աջ սրունքի հնացած սպին:

Նա աչքը չէր հեռացնում վիթխարի քարտեզից, և երբ լույսերը մի վայրկյան հանգչում էին, նրա աչքի առաջ կախվում էր մի այլ քարտեզ, որի վրա կարմիր գիծը դողում էր իբրև պիրկ ձգված լար...

Բուքը խոլական պար էր խաղում մթնած հրապարակում և ձյուն շպրտում խարույկների շուրջ հավաքված մարդկանց երեսին: Լույսերը նորից էին ողողում հրապարակը, տները: Ու մարդը ժպտում էր՝ հանդարտ, խաղաղ...

— Ի՛նչ լավ կլինի, — ասաց մեկը:

— Եթե՛ լինի, — կամաց արձագանքեց մյուս երիտասարդը:

— Կլինի՛, — վճռական ասաց մարդը և իր ծանր թաթով մեղմ զարկեց երիտասարդի թիկունքին: Նրանք իրար երեսի նայեցին: Ու երկրորդը գլուխը կրծքին խոնարհեց:

— Կլինի՝ ասում եմ,— կրկնեց մարդը ու անհայտացավ բազմության մեջ:

Հաստատ ու դանդաղ քայլերով նա մոտենում էր ակումբի հրավառ մուտքին, որի բաց դռներից, իբր առատության եղջյուր, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթության երգը:

Քայլում էր իր մտքերի հետ ու ժպտում՝ աշխատանքի մարդու իմաստուն ժպիտով...