Jump to content

Ի՞նչ վերանորոգություններ պետք են տաճկական Հայաստանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի՞նչ վերանորոգություններ պետք են տաճկական Հայաստանին

Ի՞ՆՉ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ԵՆ ՏԱՃԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եթե ներկան անցյալի շարունակությունն է, եթե ներկան ուղղելու համար պետք է օգուտ քաղել անցյալից, այդ կետից նայելով, մենք չենք սխալվի, եթե ասենք` Կ. Պոլսի պատրիարքարանի հրատարակած «Տեղեկագիրքը», որ պարունակում է իր մեջ Տաճկական Հայաստանի ամբողջ քառորդ դարի գործերի արձանագրությունները, — բավական է առաջնորդ լինելու համար, թե ո՛րպիսի վերանորոգություններ պետք է պահանջե Կ. Պոլսի հայոց պատրիարքը, որպեսզի այսուհետև հայերի վիճակն ապահով լինի և նրանք ազատվեն մինչև այսօր գործված անիրավություններից:

Քննելով պատրիարքարանի հրատարակած «Տեղեկագիրքը», մենք գտնում ենք, որ նա բովանդակում է իր մեջ գլխավորապես հետևյալ չորս կետերը. ա) անապահովություն ապրուստի և սեփականության, բ) անապահովություն կյանքի, գ) անարդարություն դատաստանի մեջ և իր իրավունքի պաշտպանության, դ) անապահովություն ազգային առանձնությունների: — Ուրեմն Տաճկաստանի հայերի վիճակը բարվոքելու համար գործ դրվելի վերանորոգություններն այն ժամանակ միայն կարող են նպատակահարմար լինել, երբ լիակատար բավականություն կտան վերոհիշյալ չորս կետերի բարվոքմանը:

Խոսենք յուրաքանչյուրի վրա առանձին:

Ա. Մենք ապրուստի և սեփականության անապահովություն չենք համարում այն դեպքերը, որ հային հարստահարում են, նրա աշխատության արդյունքը նրա ձեռքից խլում են, և նա մշտապես ենթարկված է զանազան բռնաբարությունների և ավազակությունների, — ոչ, Տաճկաստանում սեփականության ապահովությունը և հետևապես ապրուստի դժվարությունը կայանում է գլխավորապես այն բանի մեջ, որ հայը հալ չունի, այս պատճառով նա կյանքի հաստատուն հիմք չունի: Հողի վերաբերությամբ մահմեդականի օրենքը բովանդակվում է այս վարդապետության մեջ. «Ամբողջ տիեզերքն աստծուն է պատկանում, սուլթանը աստծու խալիֆան կամ ներկայացուցիչն է երկրի վրա, իսկ հողը նրա սեփականությունն է»: Այստեղից առաջ է գալիս այն ծիծաղելի սնահավատությունը, իբր թե մի երկիր, որի վրա ոտք է կոխում իսլամի թագավորը, պետք է նրան պատկանի:

Հողի վերաբերությամբ բոլոր կալվածական օրենքները բխում են վերոհիշյալ վարդապետությունից. սուլթանը հողի տերն է, իսկ երկրագործը, մշակ դասը — նրա վարձկանը կամ կապալառուն: Հայը հող ունենալու համար պետք է վարձե կառավարությունից, կամ տաճկական ասացվածքով խոսելով, — պետք է թափու անե. և այն օրից դադարում է նրա իրավունքը իր վարձած հողի վրա, երբ օրենքի պահանջած ժամանակներում չէ նորոգում իր կալվածագիրը, կամ չէ կատարում այս և այն պարտավորությունները, իսկ մի այսպիսի կալվածագիր պայմանագրի զորություն ունի, ավելի ոչինչ:

Այսպիսով ոչինչ չէ կապում երկրագործ դասին երկրի հետ և հետևապես մշակության կամ աշխատության հետ: Եվ ի նկատի ունենալով այն անտանելի պայմանները, որով ծանրաբեռնվում է մշակը մի կտոր հող վարելու համար, շատ հասկանալի է լինում, թե ինչու նա թողնում է հայրենի երկիրը և հազարներով գաղթում է օտարության մեջ ապրուստ որոնելու: Ուրեմն հային իր հայրենի երկրի հետ կապելու համար, գաղթականությունը դադարեցնելու համար, միակ և ամենակարևոր միջոցն է նրան իրավունք տալ ազատ կալվածատեր լինելու, որ նա, որպես սեփականություն իր հողն ունենա և նրանից ամեն կերպով օգտվելու իրավունք ունենա: Դրանով կարելի է միայն հնար տալ գյուղացուն իր աշխատությամբ իր ապրուստը հայթայթելու: Նա չպիտի լինի վարձակալ, այլ հողը պիտի լինի նրա համար մի հաստատուն ժառանգություն, որ անցնում է սերունդից սերունդ, որը նա կարող էր գնել, վաճառել, գրավ դնել, մի խոսքով, վարվել նրա հետ որպես իրան պատկանող սեփականության հետ: — Այդ պետք է լինի հայոց պատրիարքի պահանջելի գլխավոր վերանորոգություններից մեկը, եթե նա ցանկանում է, որ հայը արմատ ձգե Հայաստանի հողի վրա, պետք է նրա տերը լինի, պետք է նրանից ծծե իր սնունդը, որպես մանուկը մոր ստինքներից: Իսկ ինչ վերաբերում է մուլթեզիմների (կապալառուների) հարստահարություններին, հարկերի ծանրությանը, որոնցով կողոպտվում է մշակ դասը, ինչ որ վերաբերում է զանազան բռնակալների և դերեբեկիների կեղեքումներին, — մենք համարում ենք այդ բոլորը ժամանակավոր անկարգություններ, սրանցից ազատ չեն մնում նույնիսկ մահմեդականները, և որոնք Թուրքիայի ընդհանուր բարենորոգումների ժամանակ միայն կարող են կարգի և օրինավորության մեջ դրվել:

Բ. Հայերի կյանքի անապահովությունը, քրդերից, չերքեզներից, զանազան վայրենի ցեղերից անդադար կեղեքվիլը, որպես Սան-Ստեֆանոյի դաշնադրության 16-րդ հոդվածի, նույնպես և Բերլինի ավագաժողովի վճռի 61-րդ հոդվածի գլխավոր հիմունքն է կազմում: Բայց որքան էլ աշխատե Թուրքիայի կառավարությունը` պահպանել անզեն հայերին զինյալ մահմեդականների բարբարոսություններից, անկարելի է, որովհետև իր բոլոր զինվորական ուժը, որով պետք է զսպել նրանց, նույնիսկ բարբարոսներից է կազմված: Ուրեմն հայերին պետք է թույլ տված, որ իրանք իրանց պաշտպանեն, և այդ այլ կերպ լինել կարող չէ, բայց միայն իրավունք տալ, որ հայերը զենք կրեն որպես իրանց դրացի ազգերը, և բացի դրանից, Թուրքիայի զինվորության մեջ իրանք էլ մասնակցեն: Պետք է հայը ինքը հնար ունենա իր անձը պահպանելու, երբ կառավարությունը անկարող է: Ով որ ծանոթ է Թուրքիայի կազմակերպությանը, մեզ հետ կհամաձայնվի, որ այդ երկրում անկարելի է ապրել և իր գոյությունը պահպանել առանց զենքի: Թուրքիան բնակեցրած է այնպիսի ցեղերով, որոնք իրանց մեջ մշտապես կռվում են, որոնք միմյանց հետ մրցում են սրով միայն: Ի՞նչով կարող է ընդդիմադրել նրանց անզեն հայը:

Գալով Թուրքիայի զինվորության մեջ մասնակցելուն, դա պետք է հայերի գլխավոր պարտավորություններից մեկը լինի ոչ միայն որպես Թուրքիայի հպատակ և քաղաքացի, — այլ մի այդպիսի ծառայությունը կազատեր նրանց պատերազմի ժամանակ արտաքին, իսկ խաղաղության ժամանակ ներքին թշնամիներից: Հայերը առանց դրան էլ զինվորական տուրք են վճարում Թուրքիայի կառավարությանը և նույն տուրքով կարող են պահպանվել մի ազգային միլիցիա: Ինչո՞ւ անպատճառ միլիցիա: Ինչո՞ւ հայերը չպիտի մասնակցեն Թուրքիայի ընդհանուր զինվորագրության մեջ. կհարցնեն մեզանից:

Որքան մեզ հայտնի է, Թուրքիայի մասնավոր ազգերից և ոչ մեկը, որպես են` քրդերը, չերքեզները, արաբները և այլն, չեն մասնակցում Թուրքիայի զինվորագրությանը և չեն մտնում նրա կանոնավոր զորքերի թվում, այլ կազմում են առանձին միլիցիաներ, որոնք պատերազմից հետո դառնում են իրանց տները: Ավելի ևս հայերին անկարելի է որպես զինվոր մտնել թուրքերի կանոնավոր զորքերի մեջ, որովհետև զանազան կրոնական խտրություններ թույլ չեն տալիս այդ երկու ազգերին միմյանց հետ խառնվել, միմյանց հետ սերտ հարաբերություն ունենալ. և մինչև անգամ թուրք զինվորը չի ցանկանա իր մեջ ընդունել ոչ-մահմեդականին:

Եթե հայերից պահանջվեն կանոնավոր զինվորներ և ոչ միլիցիա, այն ժամանակ ևս հայոց զինվորները պետք է առանձին գունդեր կազմեն թուրքաց բանակի մեջ իրանց հայ զորապետներով և զորավարներով: Այսպես է եղել միշտ: Արշակունյաց պետությունը վերջանալուց հետո, Հայաստանի ամբողջ մարզպանության դարերում, պարսիկների, այլև արաբացոց և թաթարների տիրապետության ժամանակներում, և մինչև անգամ հույների ժամանակ, — միշտ հայոց զինվորները օտարազգիների բանակի մեջ առանձին գունդեր էին կազմում իրանց զորապետներով80: Նրանք իրանց հետ ման էին ածում մինչև անգամ քահանաներ և եկեղեցական խորան:

Հայերին զանազան վայրենի ցեղերից պաշտպանելու համար կառավարության կողմից գործ դրված ամեն հսկողություն անօգուտ է, պետք է նրան հնար տալ, որ ինքն իր գլուխը պահպանե, և դա կլինի այն ժամանակ, երբ նա զենք կրելու իրավունք կունենա: Այդ այլ բան կլիներ, երբ կառավարությունը իր բոլոր հպատակներին զինաթափ կաներ և ամեն անհատ նրա հովանավորության ներքո պաշտպանություն և կյանքի ապահովություն կգտներ: Բայց Թուրքիայի կառավարությունը ոչ կարող է և ոչ կցանկանա այդպես անել: Երբ սրանից մի քանի տարի առաջ խոսք եղավ քրդերին զինաթափ անել, այն ժամանակվա Թուրքիայի երևելի պետական մարդիկներից մեկը` Ալի փաշան ասաց. — «պետք չէ, քրդերը միշտ պատրաստի զորք են մեզ համար»: — Այո՛, պատրաստի զորք են, որ անզեն հպատակների հաշվով են ապրում. կառավարությունը պետք է օգուտ քաղե նրանցից, որպես և վերջին պատերազմի ժամանակ երևաց:

Մեր կողմից ավելորդ կլիներ խորհուրդ տալ, քանի որ գիտենք Կ. Պոլսի պատրիարքարանը լավ հասկացել է հայկական միլիցիայի կարևորությունը երկիրը ներքին թշնամիներից պահպանելու համար, և Բեռլինի ավագաժողովին մատուցած ծրագրի մեջ, այդ հարցը անցուցած էր նրա խնդիրների կարգում: Միայն պետք է այժմ դարձյալ նույնը պահանջել, որ հայերը փոխանակ զինվորական հարկ վճարելու, նույն տուրքով պահեին իրանց երկրում միլիցիաներ, որոնք խաղաղության ժամանակ պահպանեին երկիրը ներքին հարձակումներից, իսկ պատերազմի ժամանակ օգնեին պետությանը: Այլ կերպ ապահովություն քրդերի, չերքեզների և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններից մենք չենք ճանաչում:

Գ. Թուրքիայի մեջ ոչ-մահմեդականների վերաբերությամբ իրավունքի պաշտպանության և դատաստանի մեջ անարդարություն կտիրե միշտ, քանի որ դատավարության մեջ տիրում է շարիաթի օրենքը: Եթե մտածենք, թե ոչ մի օրենք չէ կարող մշտական լինել, այլ նա պետք է հետզհետե փոփոխվի և կատարելագործվի, և որքան նորանոր ձևեր են ստանում նրա պետքերն ու պահանջներն, — կարող ենք համարձակ ասել, որ շարիաթի այսքան դարերի ընթացքում հնացած և մաշված օրենքներն անբավարար և անհամապատասխան են ոչ միայն ոչ-մահմեդականների համար, այլ նույնիսկ մահմեդականների վերաբերությամբ, որոնց կյանքի նահապետական պարզ ձևերը շատ և շատ փոխվել են սկսյալ այն օրից, երբ այդ օրենքները հրատարակվեցան իսլամի մարգարեի բերանով և ամփոփվեցան ղորանի մեջ: Անփոփոխ և մշտական օրենքները, որ տրվում են աստվածապետական ժողովուրդներին, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ, մի ծանր կապանք, որ կաշկանդում է, քարացնում է ազգերը հավիտենական անշարժության մեջ:

Դժվար է պահանջել Թուրքիայից, որ նա փոխեր շարիաթը, որովհետև նա սերտ կապ ունի մահմեդականի կրոնի հետ, բայց կարելի է պահանջել, որ հայերի և առհասարակ ոչ-մահմեդականների վերաբերությամբ նա մնար անգործադրելի: Ուրիշ կերպ անկարելի է, քանի որ այդ օրենքն իր մեջ ունի շատ սկզբունքներ, որ հակառակ են հավասարության գաղափարին, որ խտրություն են դնում այն բոլոր ազգերի վերաբերությամբ, որոնք չեն պատկանում իսլամին: Եթե մինչև այսօր սուլթանների հրատարակած բոլոր խաթթիները և ֆերմանները մնացել են անգործադրելի, պատճառը շարիաթի զորեղ ընդդիմադրությունն է և ոչ այլ ինչ:

Ուրեմն ի՞նչ միջոց կա շարիաթից ազատվելու:

Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ Թուրքիայի կառավարությունը դեռ շատ առաջ մտածել է, որքան կարելի է, ազատ կացուցանել ոչ-մահմեդականներին և առավելապես հայերին շարիաթի կապանքներից: Այդ երևում է այն արտոնությունից, որ Թուրքիան շնորհեց հայերին սահմանադրական վարչություն, բացի դրանից, գավառներում կազմվեցան խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից առանձին մեջլիսներ (ժողովներ) նրանց գործերը քննելու համար, որ այլևս ոչ-մահմեդականները գործ չունենան ուլեմների և ղադիների հետ: Այսուամենայնիվ, թե սահմանադրությունը և թե գավառական մեջլիսները չկարողացան բավականություն տալ հայերին: Ի՞նչու: Որովհետև հայոց ազգային սահմանադրությունը ուներ ավելի կրոնական բնավորություն, նա չէր անցնում բուն ազգային գործերի սահմանից, որպիսին են դպրոց, եկեղեցի և այլն: Իսկ գավառական մեջլիսները իրանց անկարգ կազմակերպությամբ ոչինչ օգուտ չէին բերում:

Մեր կարծիքով հայերին թուրքերի կառավարության դատաստանական անիրավությունից ազատելու համար նոր բան պահանջել դժվարություններ կհարուցաներ, գուցե չէին տա ևս: Հարկավոր է պահանջել, որ լրացնեն, կատարելագործեն այն արտոնությունները, ինչ որ մի անգամ շնորհված էր հայերին, թեև անկատար կերպով: Մենք դարձյալ ի նկատի ունենք ազգային սահմանադրությունը և գավառական մեջլիսները:

Եթե հայոց ազգային սահմանադրությունը ընդլայնե իր նեղ շրջանը նոր իրավունքներով, եթե տրվին նրան և քաղաքական իրավունքներ, — եթե նա Կ. Պոլսի պարիսպներից դուրս գալով, տարածվի բոլոր հայաբնակ գավառներում, — այնուհետև մի այսպիսի վարչություն կարող էր հայերի թե եկեղեցական, թե քաղաքական և թե քրեական բոլոր գործերին բավականություն տալ, և հայերը ավելի պատրաստված լինելով մի այսպիսի վարչության համար, իրանց գործերը իրանց մեջ իրանց ձեռքով կվճռեին: Բայց այս այսպես լինելուց հետո ծագում է մի հարց. ի՞նչպես և ո՞րտեղ պիտի վճռվեն այն գործերը, որ հայը ունի մահմեդականի հետ:

— Գավառական մեջլիսներում:

Գավառական մեջլիսների նպատակը որպես վերևում հայտնեցինք, եղել է վճռել զանազան ազգությունների գործերը, և այս մտքով հիշյալ դատարանների անդամներն ընտրվում էին խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից: Բայց եթե մինչև այսօր նրանք իրանց նպատակին չծառայեցին, պատճառն այն էր, որ մեջլիսները զուրկ էին որևիցե որոշ օրենսդրությունից, գրավոր ոչինչ չկար, գործերի քննությունը լինում էր բերանացի կերպով և վճիռները կայանում էին միայն ձայների վրա, ոչ թե նրանց բազմությանը նայելով, այլ թե ձայնավորը որպիսի դիրք էր բռնած ժողովի մեջ: Այսպիսի հանգամանքներում, հայտնի բան է, կամայականությունը մեծ դեր պիտի խաղար և գործերը պիտի վճռվեին այն անձանց օգտին, որոնք ժողովի մեջ զորեղ պաշտպաններ ունեին. իսկ զորեղ պաշտպաններ կարող էին լինել մահմեդականները, որովհետև ոչ-մահմեդականները միայն ձևի համար այնտեղ նստած էին լինում:

Այստեղից երևում է, որ Թուրքիայի կառավարությունը սկիզբը դրած է այն հիմնարկությունների, որ պետք է բարվոքեին ոչ-մահմեդականների վիճակը, բայց անկարգ և անկանոն կերպով: Նա շնորհել է հայերին ազգային սահմանադրություն, բայց անկատարնա հիմնել է զանազան ազգություններից խառն մեջլիսներ, բայց առանց օրենքի:

Այսպիսի խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից կազմված մեջլիսներն այն ժամանակ միայն կարող են նպատակահարմար լինել, երբ կհիմնվեն եվրոպական օրենսդրության սկզբունքների վրա, երբ բոլորովին նոր կազմակերպություն կստանան: Այսպիսի մի դատարանի պահանջ կար հայոց պատգամավորների Բեռլինի ավագաժողովին ներկայացրած ծրագրի մեջ, բայց նա բուն հայկական էր: Մեր կարծիքով, պետք չէ վախեցնել Թուրքիային, իբր թե նրանից նոր բան է պահանջվում, հարկավոր է միայն արդեն եղածների և մի անգամ շնորհվածների ձևը փոխել, — այս քաղաքականությանը պետք է հետևի Կ. Պոլսի պատրիարքարանն իր պահանջելի վերանորոգությունների մեջ: — Ընդարձակվելով հայոց ազգային սահմանադրության սահմանափակ շրջանը նոր իրավունքներով և տարածվելով բոլոր հայաբնակ գավառներում, այդ բավական կլիներ հայերին հնար տալ իրանց գործերը իրանց ձեռքով վճռելու, իսկ վերանորոգվելով գավառական մեջլիսները, կդյուրացնեին նրան դատաստանական հարաբերություններն օտարազգիների հետ:

Դ. Անապահովություն ազգային առանձնությունների: Խոսելով ազգային առանձնությունների վրա, Թուրքիայի հայի վիճակը մեր առջև խիստ տխուր գույներով է նկարվում: Մինչև այսօր մենք սխալ կարծիքի մեջ էինք. մենք այսպես էինք մտածում. «Հայոց ազգը մի կրոնական ազգ է, նրա հիմքը դրած է իր եկեղեցու վրա, իսկ մեր եկեղեցին կարող է ավելի հաստատուն մնալ Թուրքիայում, ուրեմն այստեղ կարող է պահպանվել և մեր ազգությունը»: — «Եթե մեր ազգը այսօր գոյություն ունի, դրանով մենք պարտական ենք մահմեդականությանը», — ասում էր մեր երևելի մտածողներից մեկը:

Մենք թողնում ենք վիճել այս կարծիքի դեմ, թեև հայր ամենևին կրոնական ազգ չէ, և թողնում ենք հերքել մի այսպիսի երեխայական դատողություն, թեև լոկ կրոնքով մի ազգ մշտապես պահպանվել չէ կարող, և թե եկեղեցին խիստ խախուտ հիմք է ազգության գոյությունը պահպանելու, — և ընդունում ենք, որ հայը իր կրոնով և եկեղեցիով կարող է միշտ հայ մնալ: Բայց ո՞րտեղ հայոց կրոնը և եկեղեցին այնքան վտանգի ենթակա են, որքան Թուրքիայում:

Թե ի՛նչպես է կլանում մահմեդականությունը քրիստոնյա ժողովուրդներին, բավական է աչքի առաջ ունենալ այն բազմաթիվ մահմեդականացած հայոց գյուղորայքը, որ այժմ կարելի է տեսնել Փոքր Ասիայի ամեն կողմերում: Բայց Թուրքիայում կա մի ավելի սաստիկ վտանգ հայոց եկեղեցուն քրիստոնյա միսիոնարներից, որոնք ավելի ճարպիկ են, քան մահմեդականները, որոնք քարոզներով են կրոնափոխ անում, իսկ թուրքը բռնությամբ: Ոչ մի երկրում կաթոլիկությունը և բողոքականությունն այնքան տարածված չէ հայերի մեջ, որքան Տաճկաստանում, համարյա ամեն տեղ մտել են նրանց քարոզիչները: Էլ ի՞նչ խելքով ենք մտածում, թե մեր եկեղեցին Թուրքիայում ապահով դրության մեջ է: Կրոնափոխությունն այսուհետև ավելի կսաստկանա, երբ անգլիացիները Փոքր Ասիան իրանց հովանավորության տակ առնելով, կմտցնեն հայերի մեջ իրանց միսիոնարներին81: Մինչև այսօր հայտնված քարոզիչներն ամերիկացիք էին, այսուհետև կավելանան և անգլիականները, իսկ այդ վերջիններն ավելի հեշտ կերպով որսալ կարող են, քանի որ գիտենք, որ կրոնափոխ եղող հայերը ավելի եվրոպացիներից մահմեդականների հալածանքների դեմ պաշտպանություն գտնելու համար են հեռանում մայրենի եկեղեցուց. և պաշտպանել անգլիացիները միշտ կարող են իրանց նոր հավատակիցներին:

Թուրքիայի խորամանկ քաղաքականությունը կարծես լավ էր ըմբռնել, թե ի՛նչ նշանակություն ունի կրոնափոխությունը հպատակ քրիստոնյա ազգությունների մեջ: Նա տեսնելով, օրինակ, հայերին մի կրոնական ժողովուրդ, որ ուրիշ հիմք չէ ճանաչում իր ազգության բացի եկեղեցին, միշտ աշխատել է զբաղեցնել նրանց կրոնական երկպառակություններով, միշտ աշխատել է քակտել նրանց միությունը, թույլ տալով տարածվել հայերի մեջ կաթոլիկության և բողոքականության: Հին սուլթաններն ազգայնության ավելի հիմնական արմատին էին զարկում — լեզվին, և որի պատճառով հայտնվեցան այնքան բազմաթիվ տաճկախոս և քրդախոս հայեր, որ մինչև այսօր էլ կան, թեև հայոց եկեղեցուն են պատկանում: Իսկ վերջին սուլթանների ժամանակ սկսեցին քրիստոնյա ժողովուրդների ուժերը թուլացնել և նրանց ազգային միությունը բաժանել կրոնական հերձվածներով:

Թուրքիայի քաղաքականությունը չէր բավականանում, որ հայերից նոր եկեղեցիներ էին բաժանվում, այլ աշխատում էր այդ վերջինների մեջ ևս հերձվածներ տարածել, որպես եղավ հայ-բողոքականների և հայ-կաթոլիկների մեջ: Այդ մասին բավական է հիշել հասունյանների և հակահասունյանների կռիվը, որ մի քանի տարիներ տևեց, և եթե կառավարությունը օգնեց հակահասունյաններին, ոչ նրանց ավելի ազատամիտ ձգտումների համար էր, այլ որ նրանք մի նոր հերձված էին կազմում հայ-կաթոլիկների մեջ, մի չափով տկարացնում էին նրանց ուժերը: Այժմ լսում ենք կրկին ներս թողեցին Հասունին Կ. Պոլիս, երևի հին երկպառակությունները նորոգելու համար:

Առհասարակ Թուրքիայի քաղաքագիտությունը մենք շատ միամիտ ենք համարում, քան թե չնայելով, որ նա իր մոնղոլական խաբեության վրա պատվաստել է բյուզանդական խորամանկությունը: Նա գիտե իր հպատակ ժողովուրդների մեջ միշտ խռովություններ սերմանել, նրանց միության կապերը խզել: Ով որ ուսումնասիրել է Կ. Պոլսի հայոց լրագրությունը, կհիշե, որ Երուսաղեմի ս. Հակոբա վանքը մի երկպառության խնձոր է Կ. Պոլսի հայոց և հունաց պատրիարքարանների մեջ. ամեն տարի սուրբ Հարության տոնին ի՛նչ անկարգություններ են պատահում հայ և հույն աբեղաների մեջ, շատ անգամ կռիվներն արյունահեղության են հասնում, բայց այսքան տարիների ընթացքում կառավարությունը վերջ դրե՞ց նրանց վեճերին, թեև չնչին բաներ են:

Այժմ կարծեմ ընթերցողը մեզ հետ կհամաձայնի, թե ինչ վտանգ է սպառնում հայոց եկեղեցուն Թուրքիայում, և եթե դա պետք է լինի ազգի գոյությունը պահպանող հիմունքը, նրա կյանքը խիստ երկբայական է... Բեռլինի դաշնագրի համեմատ Թուրքիայի խոստացած «կրոնի ազատությունը» մի նոր ասպարեզ պիտի բաց անե եվրոպացի քարոզիչների առջև, և հայերը Փոքր Ասիային հովանավորող անգլիացիներից պաշտպանություն գտնելու հուսով պիտի զոհեն իրանց կրոնը. ո՞վ կարող է մրցություն անել նրանց հետ, — մեր անհոգ հոգևորականությո՞ւնը, թե մեր թեթևսոլիկ ուումնականները... — Ո՛չ ոք մեր կարծիքով: Այժմ կմնա Թուրքիայի հային թողնել եկեղեցին, թողնել կրոնն անհատների խղճի վրա և ձեռք մեկնել հայ-կաթոլիկին, հայ-բողոքականին և հայ-մահմեդականին, ասել նրանց. «մենք եղբայրներ ենք, մենք միասին պետք է բաժանենք մեր ներկան և ապագան, թող եկեղեցին բաժանե մեզ, միացնենք մեր ուժերը և միասին գործենք»:

Վերջացնելով մեր հոդվածը, կհամառոտենք մեր կարծիքն այս խոսքերով. այժմ, որ Կ. Պոլսի պատրիարքը զբաղված է Թուրքիայի հայերին տրվելի վերանորոգություններով, նախ և առաջ պետք է միանա հայ-կաթոլիկների և հայ-բողոքականների ներկայացուցիչների հետ, և որպես ընդհանուր ազգային գործ, գլխավորապես պետք է ի նկատի ունենա հետևյալ պահանջները. ա. երկրագործը, գյուղացին սեփական հող ունենա և նրան ապահովություն տրվի ազատ մնալ հին բռնավորների, հարստահարիչների ավազակություններից: Բ. հայերը իրավունք ունենան զենք կրելու, որպես իրանց դրացի ազգերը, և փոխանակ զինվորական տուրք վճարելու, նույն վճարով կազմեն ազգային միլիցիա զանազան վայրենի ցեղերից — քրդերից, չերքեզներից — իրանց կյանքը և կայքը պահպանելու համար: Գ. Հայոց ազգային սահմանադրությունը, նոր իրավունքներով և արտոնություններով կատարելագործվելով, տարածվի բոլոր հայաբնակ գավառներում: Դ. Ազգը և ազգային առանձնությունները պահպանելու համար այնպիսի կարգադրություններ լինեն, որ սահման դրվի մահմեդականների մոլեռանդությանը, և բռնի հավատափոխություններին, առևանգություններին վերջ դրվի: Այլև վանքերի և ազգային դպրոցների առաջադիմությունը սահմանափակող Թուրքիայի գործ դրած խորամանկ միջոցները հեռացվին, որ ուսումը և կրթությունը անարգել ընթացք ստանա:

Ժամանակ է թոթափել հին նախապաշարմունքների փոշին, ժամանակ է ձեռք առնել դպրոցը, որպես մի նոր կապ մեր և մեզանից օտարացած ազգայինների մեջ, — որպես մի նոր ավազան, ուր հայ-կաթոլիկը, հայ-մահմեդականը և հայ-բողոքականը կմկրտվեն նոր հոգով և նոր կյանքով և կդրոշմվեն ազգայնության անունով. — դրանով միայն կարող ենք միացնել մեզ հետ մեր եղբայրներին, որ բաժանեց եկեղեցու ավազանը…