Jump to content

Իմաստուն իծի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմաստուն իծի հեքիաթը
ԻՄԱՍՏՈՒՆ ԻԾԻ ՀԵՔԻԱԹԸ

Կար ու չկար իրեք ախպեր կար, իրեքն էլ կնկա տեր: Մեկ էլ մի ջաղացպան կար: Էտ ջաղացպանին ուներ մի իմաստուն էծ, էտ իրեք ախպորն էլ ունեին մի իմաստուն ձի: Էտ իրեք ախպերը ջաղացպանի իծիցը խաբար չէին, ջաղացպանն էլ էտ իրեք ախպոր ձիուցը խաբար չէր:

Օրերի մի օրը էտ իրեք ախպոր հացը հատել էր, մենձ ախպերը ցորենը բարցեց ձիուն, տարավ ջաղաց:

Ջաղացպանը էս ձիուն տեհավ թե չէ, հ’իմացավ էս ձիու իմաստությունը. ձիու տիրոնչը ասեց.- Մարթ, ինձ մի էծ ունեմ քու ձիուդ դայար, հ’արի մարջ գանք, դու քու ձիուդ վրա, ես իմ իծի վրա, տափ կենանք, իրեք հետ ես, իրեք հետ դու, դու քթար` իմ էծը քեզ, ես քթա` քու ձին ինձ:

Ասեց.- Ջաղացպան, դե որ ըտենց ա` հ’արի ես իմ ձիու հունարն ասեմ, դու քու իծի հունարն ասա՛:

Ասեց.- Լա՜վ:

Ասեց.- Իմ ձին ընենց մի հունար ունի որ` հարամու մեչ ընկնի, հ’իրա տիրոնչը ընենց կպահի, որ մարթ չի տենա: Դե,- ասեց,- դու էլ քու իծի հունարն ասա՛:

Ջաղացպանն ասեց.- Իմ իծին ընենց հունար ունի, որ տասը մարթ կամ տասնըհինգ մարթ բերես ղոնաղ, ասես. «Ա՜յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, հ’իրեք տեսակ կիրակուր ի՛լ, հ’արի էս մարթկերանց հ’աղաքը փռվի, ուտեն, խմեն, քեֆ անեն», էն հրոպպեին կկատարի։

Նոր էտ մարթիկը մարջ էկան, նա ձին դրուց օրալըղ, նա էլ էծը դրուց օրալըղ։ Համա ջաղացպանի էծը կշտին չէր, նորաթչու հետն էր։

—Դե,— ասեց,— հըմի ե՞ս տափ կենամ, թե դու։

Ձիատերն ասեց.– Դու տափ կաց։

Ջաղացպանն ասեց.– Գնա հ’աշկերդ խփա:

Ձիատերը գնաց, հ’աշկերը խփեց, ջաղացպանը տափ կացավ։

Ձիատերը ետ բաց արեց հ’աշկերը՝ ման գալու։ Շատ ման էկավ դես-դեն, չկարաց քթնի։ Ձին ասեց.— Այ տղա, ըտենց ման գալով չես կարալ քթնիլ, գնա նի մի՛տ ցրտոնը[1] ձեն տուր, ասա՛. «Տափանի տակին ես, դուս հ’արի տափանի տակից, մեղք ես, կմրսես»։

Տափանի տակիցը դուս էկավ.— Տղա՛,— ասեց,— խփի, տարար իմ էծը։

Տղեն խփեց հ’աշկը, ջաղացպանը գնաց ալիրը ետ տվուց, մտավ ալրատունը. ալիրը քաշեց վրին։ Էս տղեն հ’աշկերը բաց արուց ման գալու, շատ ման էկավ՝ քիչ, չգտավ։

Ձին խոսաց տղի հետ, ասեց.— Ա՛յ տղա, ըտենց ման գալով կարալ չես քթնես, գնա՛,— ասեց,— ալիրը ետ տու, ալրատանն ա. ասա. «Վե կաց, ջաղացպան, քանի՞ ալրի թոզին մնաս, մեղք ես»։

Տղեն գնաց ալիրը ետ տվուց, ասեց.– Վե կա՛ց, ջաղացպան, քա՞նի ալրի թոզին մնաս, մեղք ես։

Ջաղացպանը վե կացավ ասեց.— Խփի՛, իմ էծը տարար։

Տղեն խփեց հ’աշկերը, ջաղացպանը գնաց նի մտավ նավի տակը։

Էս տղեն հ’աշկերը բաց արուց ման գալու, շատ ման էկավ, քիչ` չքթավ։

Ձին ասեց տղին, թե.— Հրեն նավի տակին ա, գնա՛ ձեն տու, ասա. «Քանի տանջվես, մեղք ես, դուս հ’արի»։

Տղեն գնաց նավի կուշտը, ձեն տվուց.— Ջաղացպան, մեղք ես, դուս հ’արի։

Ջաղացպանը դուս էկավ.— Տղա՛,— ասեց,— տարար իմ էծը։ — Հըմի,— ասեց,— ջաղացպան, նոբաթը իմն ա, գնա խփի, տափ կենամ:

Էտ ջաղացպանը հ’աշկերը խփեց, էս տղեն դես ընկավ, դեն ընկավ, որ տափ կենա, տեղը քթավ ոչ: Ձին ասեց.— Ա՜յ տղա, ըտենցով կարալ չես, հ’արի նի մտի յալիս տակը:

Գնաց տղեն նի մտավ յալի տակը:

Ջաղացպանը հ’աշկերը բաց արուց ման գալու, ման էկավ քթավ ոչ, ձիուն դես քշեց, դեն քշեց` չելավ, իլլաճը կտրվեց, ասեց.— Տղա՛, դուս արի:

Տղեն դուս էկավ:

— Հը՛,— ասեց,— տղա, տարար իմ էծը:

— Դե՛,— ասեց, — խփի՛, ջաղացպան, հ’աշկերդ:

Ջաղացպանն հ’աշկերը խփեց, տղեն ընկավ դես-դեն, որ տափ կենա. տեղ քթավ ոչ:

Ձին ասեց.— Ա՜յ տղա, հ’արի՛, հ’արի՛ նի միտ,— ասեց,— պոչիս տակը:

Նի մտավ պոչի տակը: Ջաղացպանը հ’աշկերը բաց արուց ման գալու: Ման էկավ դես-դեն` քթավ ոչ: Էկավ ձիուն առավ ձեռ. պընչին տվուց, գլխին տվուց, յալը բանցրացրուց, քթավ ոչ. իլլաճը կտրվեց, կաննեց ղրաղին, ձեն տվուց.— Տղա դուս հ’արի, կարըմ չեմ քթնիլ:

Տղեն ձիու պոչի տակիցը դուս էկավ:

— Հը՛,— ասեց,— ջաղացպան, ո՞նց ա:

— Տղա,— ասեց,— տարար իմ էծը:

— Դե, ջաղացպան, խփի՛ էս մի հետն էլ:

Ջաղացպանը հ’աշկերը խփեց, էս տղեն դես ընկավ, դե ընկավ, տափ կենալու տեղ քթավ ոչ:

Ձին կանչեց տղին, ասեց.— Ա՜յ տղա, հ’արի նի մտի ճռներիս արանքը:

Տղեն էկավ նի մտավ ձիու ճռների արանքը: Ջաղացպանը հ’աշկերը բաց արուց ման գալու, դես ման էկավ, դեն ման էկավ, քթավ ոչ, էկավ ձիուն առավ ձեռ, նի’լավ քշեց, վե էկավ, պոչը բանցրացըրուց, յալի տակը ման էկավ, պնչերը ման էկավ, իլլաճ չէլավ, կաննեց ղրաղին` ձեն տվուց.— Տղա՛, դու հ’արի:

Տղեն դուս էկավ կաննեց ղրաղին.— Դե՛,— ասեց,— ջաղացպան, գնա էծը բե՛: Ջաղացպանը վե կացավ, գնաց իքին, էծը բերուց, տվուց ձիատիրոնչը: Ձիատերը առավ էծը, իրա դանը բարցեց ձիուն, գնաց տուն:

Էծը տարավ տուն, ախպրտանքը հարցրին.- Էս ի՞նչ էծ ա:

-Ախպեր,- ասեց,- էս ջաղացպանի էծն ա, մի մարիֆաթով էծ ա, մարջ ենք էկել, տարել եմ:

- Ի՞նչ մարիֆաթ ունի,- ասեցին:

- Դե որ ըտենց ա,- ասեց,- գնացեք կանչեցեք տերտերին, իրիցփոխին, տանուտերին, օքնականին, կանչեցեք` գան ղոնաղ, իծի մարիֆաթը կտենաք:

Գնացին, կանչեցին տերտերին, իրիցփոխին, տանուտերին, օքնականին, էկան նստեցին էտ մարթի տանը:

Ասեց.- Ա՜յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, ի՛լ իրեք տեսակ կիրակուր, արի քաշվի էս մարթկերանց հառաչը:

Էծը էն սհաթը մորթվեց, քերթվեց, էփվեց, էլավ իրեք տեսա կիրակուր, էկավ քաշվեց էս մարթկերանց հ’առաչը: Կերան, խմեցին, լիացան: Շնորակալութուն արին, որ էթան, տեհան էծը մկըկալով դենը գնաց:

Ախպերը վե կալավ ախպըրտանցը ասեց.- Էս իծի մարիֆաթը էս ա:


Օրերի մի օր, դրանց մենձ ախպոր կնիկը սիրեկան ուներ, ասեց.- Էս լավ ա, հազիր բանա, բերեմ իմ սիրեկաններին պատիվ տամ:

Գնաց կանչեց իրա սիրեկան տերտերին ու տանուտերին բերուց տուն, նստացրուց ու ասեց իծին.- Ա՛յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, ի՛լ իրեք տեսակ կիրակուր, հ’արի փռվի էս մարթկերանց հ’աղաքը:

Էծը ետ դառավ տնազ տվուց. «Յա, յա, յա» արուց:

Կնիկը իծի վրին բարկացավ, ասեց.- Քու տվողիդ հերն անիծած, ասըմ եմ՝ ի’լ կերակուր, արի էս մարթկերանց հ’աղաքը:

Էլեդ ետ դառավ էծը տնազ տվուց. «Յա, յա, յա» արուց:

Էտ կնիկը փետը վե կալավ, դրա պոզերի մեչտեղումը տվուց. փետը կպավ իծի պոզերից, էտ կնիկն էլ կպավ փետիցը:

Տերտերը ասեց.- Օրհնած, դու մեզ պըտի խայտառակե՞ս, էտ ի՞նչ արիր: Ասեց տերտերը, վե կացավ, որ էթա փետիցը էտ օղլուշաղը պոկեր, տերտերն էլ կպավ էտ օղլուշաղից:

Տանուտերն ասեց.- Տերտեր, ի՞նչ արիր:

- Դե՜ օրհնած, ի՞նչ անեմ, արի ինձ պոկի, ազատվենք ըստեղից, էթանք:

Տանուտերը վե կացավ, որ տերտերին պոկի, տանուտերն էլ կպավ տերտերից:

Էկավ գեղի մեչը մահենիք[2] պատահեց, տերտերին ման էկան, քթան ոչ, իրիցփոխը սալրղ առավ, թե ֆլանի տանն ա, վե կացավ, գնաց, տեհավ որ ըտեղ ա:

- Տերտեր,- ասեց,- մեռել կա, դու էկել ես ըստեղ բանդ ըլել, բա ի՞նչ ասենք էտ մարթկերանց:

- Ի՜նչ անեմ, օրհնած, որ ըսենց ա ըլել, կարաս` հ’արի պոկի, վե կենանք, էթանք:

Իրիցփոխը գնաց, որ պոկի տերտերին, ինքն էլ կպավ տերտերից:

Էկավ գեղի մեչը նաչալնիկ, պրիստավ էկավ, հարցրեց, թե.- Տանուտերն հ’ու՞ր ա, կանչեցեք:

Ման էկան, քթան ոչ: Հարցրին. թե` ֆլանի տանն ա:

Գզրին ղրգեցին թե.- Գնա՛ կանչի:

Գզիրը գնաց, տեհավ որ հրես հ’իրար ոռից կպած են:

Ասեց.- Տանուտեր, ախր նաչալնիկ, պրիստավ ա էկել, քեզ ուզըմ են, ի՞նչ ես էկե բանդ ըլե ըստի:

-Ի՞նչ անեմ, ա՛յ որթի, խաթի մեչ եմ ընկե, թե կարաս` հ’արի պոկի, վե կենանք էթանք:

Գզիրը գնաց, որ տանուտերին պոկի: Գզիրն էլ կպավ տանուտերիցը:

Էտ մարթիկը մնացին էտ տանը, էծը դվորը երմիշ էր ըլըմ, դրանք էլ հետը երմիշ են ըլըմ:

Մնաց ընչանք իրիկունը. իրիկունը էտ կնանոնց մարթիկը էկան աշխատության տեղիցը, տեհան իրանց տունը լիքը մարթ, էն պուճուր տղի կնիկը օթախըմն էր, էն միշնեկ տղի կնիկը տանը թունդիրը կախ էլած էր: Էտ ախպերտանքը էկան, էտ թունդիրը կախ էլած օղլուշաղին հարցրին.- Էս մարթկերանց ո՞վ ա կանչել ըստեղ: Ասեց․— Մենձ տաքերակինս։

Գնացին օթախը, պուճուրին հարցրին, նա էլ ասեց․— Մենձ տաքերակինս ա կանչել։

Էկան կաննեցին էտ մարթկերանց կուշտը, էտ մենձ ախպերն ասեց․— Գզի՛ր, դու խի՞ ես էկել էս տունը։

— Նաչալնիկ էր էկել, տանուտերին ուզըմ ին, իմացա որ ըստի ա՝ էկա որ կանչեմ, տեհա ըտենց իրար կպած։ Ուզեցա տանուտերին պոկեմ, ես էլ կպա տանուտերիցը։

— Է՛ծ,— ասեց,— գզըրին բաց թո՛ղ։

Էծը գզըրին բաց թողեց։

— Դե՛,— ասեց,— գզի՛ր դու գնա։

Գզիրը գնաց։

Ասեց․— Իրիցփոխ, խի՞ ես էկել։

Ասեց․— Ննջեցյալ պատահեց, էկա որ տերտերին կանչեմ, տեհա ըսենց։ Տերտերը ասեց․ «Օրշնած, արի պոկի, վե կենանք էթանք», ուզեցի պոկեմ, ես էլ կպա տերտերիցը։

— Դե՛,— ասեց,— է՛ծ, իրիցփոխին էլ բաց թող։

Էծը իրիցփոխին բաց թողուց։

— Դե՛, իրիցփոխ, դու էլ գնա։

— Է՛, տանուտեր, դու խի՞ ես էկե։

Տանուտերը զրից քթավ ոչ, որ ասի։

Ասեց․— Է՛ծ, տանուտերին բաց թող։

Էծը տանուտերին բաց թողուց, իրեք ախպերն էլ փետը վե կալան՝ էս տանուտերին էնքան տվեցին, հալից քցեցին, վե կալան տարան քցեցին քուչեն, էկան նեքսև։

Ասեցին․— Տե՛րտեր, դո՞ւ խի ես էկել, դու քահանա մարթ։

Տերտերը բան չկարաց ասի։

Ասեց․— Էծ, տերտերին բա՛ց թող։

Էծը բաց թողուց, իրեք ախպերը փետը վե կալան, ինչ զգամ տանուտերին ին ծեծել, էրկու էն զգամ տերտերին ծեծեցին․ վե կալան, տարան քցեցին քուչեն, էկան նեքսև։

Հարցրեց էտ մենձ ախպերը իրա կնկանը՝ էտ մարթկանցը խի՞ իր կանչե։

Մեղավոր էր, չկարեցավ բան ասի։

— Դե՛, է՛ծ,— ասեց,— էս օղլուշաղին բաց թող։

Ասեց․— Է՛ծ, փետն էլ բաց թող։ Էն էրկու ախպերը մոտացան ոչ, մենձ ախպերը փետը վե կալավ, իրան կնկանը տո՛ւր թե կտաս, էնքան տվուց, հալից քցեց։

— Դե, ախպըրտանք, գիտա՞ք ինչ կա․ ես էս երկրի հացը է՛լ չե՜մ ուտըմ, տունն էլ ձեզ, տեղն էլ ձեզ, ես թարգիվաթան եմ ըլնըմ, կորչըմ։

Ասեց ու դուս էկավ էտ մարթը, գնաց։

Օրը օրի վրովը անց կացավ, էն միջնեկ ախպերը ասեց.— Ես էլ չեմ ուտըմ էս հացը, իմ ախպերը գնաց, ես էլ եմ էթըմ։

Մնաց էն հ’էքսի օրը՝ էտ պուճուր ախպերը գնաց իրա կնկա կուշտը։

— Կնի՛կ,— ասեց,— դու քու կաթդ, օխտը տարի ճամփա կպահես, օխտը տարեն վրին էկա՝ դու իմն ես, ես քունն եմ, թէ չէկա՝ ընդուց դենը դու գիտաս։

Էտ տղեն էլ ընկավ ճամփա, գնաց ախպորտանցը հասավ։ Ճամփի կիսին հ’իրար պատահեցին.— Էթանք միտեղ[3] աշխատենք, ապրենք։

Է՜, ընկան ճամփա ու գնացին։

Շատ գնացին, քիչ գնացին, աստված ա գիտող, չոլումը մութը տվուց վրա, դես մտիկ տվին, դեն մտիկ տվին, շենլիկ չկա, գեղ չկա։ Սարի դոշին մի կրակ էրևաց։

Էն մենձ ախպերն ասեց.— Տղե՛ք, էկեք էս կրակը բռնենք, էթանք, բալի թե գեղ ա, կամ տուն ա։

Գնացին էտ կրակը բռնած, նի մտան ըտեղ, տեհան մի տուն ա, մի օղլուշաղ կա մեչը, իրեք ախչիկ։ Նի մտան բարևեցին։ Էտ օղլուշաղը առավ դրանց բարևը, ասեց.— Բարո՜վ, հազար բարին եք եկել, եկեք նստեք։

Նստեցին, դինջացան, էս օղլուշաղը ասեց.— Բեզարած կըլեք, տեղ քցեմ, քնեք։

Մի օթախի մեչ էրկու ջերկ[4] տեղ քցեց, մի ջերկը էտ տղեքը քնեցին, մի ջերկը իրա ախչըկերքը։

Պուճուր տղեն քնեց ոչ, ասեց․— Կարելի ա ըստեղ մի բան կա, որ էտ պառավը բերուց էտ ախչկերանցը ըստեղ քնացրուց։

Կացավ․ կես քշերին տեհավ ձեն ա գալի․ ուսուլով վե կացավ․ գնաց դռնիցը մտիկ տվուց, տեհավ էս պառավը ատամները քսըմ ա քարի, քսըմ ա տախտակի։

Ասեց, իրա մեչը․ «Էս օղլուշաղը պըտի մեզ վնասի»։ Էկավ ախպորտանցը վե կացրուց.— Վե՛րեք,— ասեց,— վե՛րեք, մենք մահի դռանն ենք։

Ախպերտանքը վե կացան, ասեցին.— Հը, ի՞նչ կա։

— Դե՛,— ասեց,— մեր տեղը բաց արեք։

Իրանց տեղը որ բաց արեցին, մի ախպորը կանչեց իրա հետ, էկան էտ ախչըկերանցը մի մին վե կալան տարան իրանց տեղը դրին, իրանց փափախները դրին էտ ախչըկերանց գլխները։ Ախչըկերանց աղլուխը վե կալան իրենց գլուխը կապեցին, նի մտան էտ ախչըկերանց տեղը՝ էտ էրկու ախպերը էլեդ քնեցին, էտ պուճուր ախպոր քունը տարավ ոչ, քնեց ոչ։

Շատ մնաց՝ քիչ, մին էլ տեհավ Ազրաիլի պես պառավն էկավ՝ վրա պրծավ տղերանց տեղի վրա, էտ ախչըկերանցը փրթեց, ճխըլտեց, վեր ածեց, գնաց ու թեք ընկավ քնեց։

Պուճուր տղեն ախպորտանցը վե կացրուց․— Վե՛րեք, — ասեց,— վախտով կորչենք, մեր գլուխը քյալակ կգա։

Վե կացան ու ընկան ճամփա, յա հո՜ւ յալլահ։

Գնացին հասան մի կարմնջի. էտ կարմնջի անըմը Երթըմկերած կարմունջ էր, պառավը երթըմ էր կերել, որ էտ կարմունջր անց կենար ոչ։

Շատ էր քնել, քիչ էր քնել պառավը, քնիցը զարթնեց, տեհավ իրա ախչըկերանց սասը-սուսը[5] չկա։

Ասեց․— Ա՛յ ջանըմ, էս իմ ախչըկերքը խի՞ չեն վե կենըմ։

Վե կացավ պառավը, գնաց նի մտավ օթախը՝ տեհավ որ տղա չկա, ախչըկերքն էլ փրթված վե թափած են։

Ասեց.— Վայ գլխիս, ըս ի՞նչ օյին ա էկել իմ գլուխը։

Նի’լավ կտուրը, մտիկ տվուց դըբա Երթըմկերած կարմունջը, տեհավ որ տղեքը անց են կացել կարմունջը.— Է՜ գիտի,— ասեց,— գնացեք։ Երթըմկերած կարմունջը անց եք կացել, էլ ֆայդա չունի։

Էս օղլուշաղը վեր էկավ ու գնաց կսկծու թեք ընկավ քնեց։

Էտ տղերքը գնացին, շատ, քիչ գնացին մի քաղաքի թուշ էլան, ըտեղ մնացին, որ աշխատեն, մի տեղ ապրեն։ Գնացին թաքավորին էլան մեհտար, շատ լավ ծառայեցին։

Էտ պուճուր ախպերը թաքավորի հ’աշկին շատ դիր էկավ։ Թաքավորը կանչեց իրա հ’առաչը, արեց ձեռ ու ոտ[6]։ Էն էրկու ախպերտինքը բախլեցին դրան, սկսեցին չարախոսիլ։

Օրերից մի օր թաքավորը ուզեց ձի նի ըլի, որ էթա ման գալու. էտ էրկու ախպերը ձիանը սարքեցին, դուս բերին, թաքավորը շատ հավանեց դրանց սարքած ձիուն․ տղեքն ասեցին․— Թաքավոր, ի՜նչ շատ մայիլ ես ըլըմ, բա որ ձին էլ լավ ըլնի, ի՞նչ ղըղամ լավ կըլնի։

— Խի՞,— ասեց թաքավորը,— իմ ձին լավը չի՞։

— Լավն ա. թաքավոր, համա մի պառավ կնիկ կա ֆլան տեղը, նրան մի հատ ձի ունի քու լայեղ։

— Էտ ո՞վ կբերի,— հարցրուց թաքավորը։

— Քու հ’առաչի տղեն կբերի, ոչ մինը կարալ չի բերի։

Կանչեց իրա հ’առաչի տղին, ասեց.— Ա՛յ տղա, ասըմ են ֆլան տեղը մի պառավ կա, նրան մի հատ ինձ լայաղ ձի ունի, գնա՛ բե։

— Թաքավոր,— ասեց,— նրա կուշտը էթալ ըլիլ չի, նա մի Ազրաիլ բան ա, ո՞նց կարամ էթա ընտի։

Ասեց.— Իլլաճ չկա, պըտի էթաս բերես, թե չէ գլուխդ կկըտրեմ։

Ասեց.— Թաքավոր, դե որ ասըմ ես, ինձ ժամանակ տուր մի օր։

Գնաց մալուլ-մուշկյուլ[7] օթախըմը նստեց։

Թաքավորի կնիկը էկավ էտ տղի օթախը, տեսավ մալուլ նստած ա, ասեց.— Ա՛յ տղա, խի՞ ես մալուլ նստել։

Ասեց.— Ի՞նչ անեմ, թաքուհի, թաքավորը ընենց մի բանի ա դեմ արել, որ մնացել եմ մալուլ կաննած։

Ասեց.– Ի՞նչ բան ա ասըմ քեզ։

Ասեց.— Ասըմ ա գնա ֆլան տեղը, մի պառավ կնիկ կա, նրան մի ձի ունի ինձ լայեղ, գնա՛ բեր ինձ հըմար։

Թաքուհին ասեց.— Դրա հըմա՞ր ես մալուլ։

— Հա,— ասեց,— դրա հըմար ա։ Ասեց․— Դրա հըմար միտք մի անիլ, շատ հեշտ ա․ կէթաս թաքավորիցը մի տոպրակ քիշմիշ կուզես․ և մի հատ էլ քլունգ կուզես, կէթաս գոմի էն մսըրքի վրիցը մի վերստ հեռու կչափես, էն հեռվիցը լաղըմ կտաս, կհասնես մսըրքի տակը, էն մսըրքի տակիցը որ ծակեցիր, ձին որ ծակը տեհավ՝ գոմը գլուխը կառնի, կէթա էն դիհը, կգա էս դիհը․ էն քիշմիշիցը կառնես ձեռդ, փռո՜ւ-փռո՜ւ անելով դեմ կանես դնչին, կամաց-կամաց ձին կգա էն քիշմիշի վրա, կուտի, որ կերավ՝ քիշմիշի տոպրակը կքցես գլուխը, նա քիշմիշը կուտի, դու ծակը մենձացրու, որ մենձացրիր, նի կմտնես, գյամը կտաս գլուխը, թամքն էլ կողքին դրած ա, կթամքես ու կքաշես կբերես դուս, նի կըլնես կգաս։

Էտ ասելուն պես՝ էս տղեն էթըմ ա թաքավորի կուշտը, մի տոպրակ քիշմիշ, մի քլունգ առնըմ, էթում ա պառավի տունը, թաքուհու ասածի պես ձին դուս քաշըմ բերըմ։

Պառավը մի հ’աշկը քուն, մինը զարթուն տենըմ ա որ ձիու ձենը շատ գալիս ա, ասըմ ա.— Չո՛ռ, հ’անտեր ինչ ըլել ա՝ ինձ ա ըլել, քեզ ի՞նչ ա ըլել։

Մնում ա մի էրկու սհաթ, իրեք, տենըմ ա որ ձիու ձենը կտրվեց, ասըմ ա․— Ձիուս ձենը կտրվեց, էթամ տենամ էտ ի՞նչ էլավ։

Գալիս ա տենըմ, որ ձի չկա գոմումը։ Մտիկ ա տալի, որ մսըրքի տակիցը ծակել են, քաշել տարել են։ Դուս ա գալիս կտուրը՝ մտիկ տալի, տենըմ ա հրե՜ն տղեն հրեղեն ձին նի ա էլել, Երթըմկերած կարմունջը անց կացել։

— Է՜,— ասըմ ա,— տարա՜ր, հողեղեն, տարար։— Սրտի կսկըծուն էթըմ ա վեր ընկնըմ, քնըմ։

Էս տղեն ձին բերըմ ա թաքավորի աղաքին կաննացնըմ, ասըմ ա.— Փեշքաշ ա քեզ, թա՛քավոր։

Թաքավորը շատ սիրըմ ա դրան, մենձացնըմ ա, էս ախպերտանքը ավելի ոխակալըմ են։

Մին օր ասըմ են.— Թաքավոր, էտ ի՞նչ բան ա, մի ձի ա հըլա, բա՛ էտ պառավին մի ծառ ունի, բա է՛ն ինչդա՜մ լավ ա, որ մի ճուղքը ամառ ա, մի ճուղքը ձմեռ ա, մի ճուղքը գարունք ա, մի ճուղքն էլ աշունք ա։

Թաքավորն ասըմ ա.— Էտ ո՞վ կբերի։

— Էտ ձին բերող տղեն կբերի, ո՞վ կբերի,— ասըմ են ախպերտանքը։ Կանչըմ ա թաքավորը էտ տղին, ասըմ ա.— Ա՜յ տղա, էս ձիու տիրոնչը մի լավ ծառ ունի, պըտի բերես, թե չէ գլուխդ կկտրեմ։

— Թաքավոր,— ասըմ ա,— էտ հըլա ձին էր՝ նի էլա բերի՛, ծառը ո՞նց բերեմ։

— Ւլլաճ չկա, պըտի բերես։

— Դե՛,– ասեց,— մի օր ինձ ժամանակ տուր։

Տղեն խեղճ, շվարած, գնաց օթախըմը նստեց, մտքի հետ ընկավ, տեհավ թաքուհին էկավ։

— Հը՜, տղա, խի՞ ես մալուլ։

— Թաքուհի,— ասեց,— ի՞նչ անեմ, պառավին մի ծառ ունի, թաքավորը ասըմ ա. «Պըտի էթաս բերես»․ ես ծառը ո՞նց բերեմ։

— Ա քու տունը աստված շինի, շատ հեշտ ա. կէթաս թաքավորիցը մի սազ կուզես, վե դնես էլ ածի, վեր ունես էլ ածի. մի ալմազ էլ կացին կուզես, մի տոպրակ էլ աղ ու տաքտեղ[8] վե կոունես, կէթաս պառավի չարդախը, տոպրակը շլակիդ՝ կնստես սազը կածես, սազի ձենին նա քու կուշտը կգա, նի կմտնի նեքսև ատամները սրելու, դու տոպրակը կախ կանես օճոռքիցը, սազն էլ կկապես տոպրակիցը, էտ ալմազ կացինը վե կունես, կէթաս դըբա ծառը, էտ պառավը դուս կգա չարդախը, կտենա որ սազի ձենը օճոռքումն ա գալի, ընենց կիմանա դու օճոռքն ես բանցրացե, կտա տոպրակին, աղն ու տաքտեղը կթափի հ’աշկերը, սրտի կսկըծուն կէթա վե կընկնի․ դու ծառը կկտրես, վե կունես, կբերես։

Տղեն էթըմ ա թաքավորից սազ, մի ալմաստ կացին, մի տոպրակ աղ ու տաքտեղ ա առնում, էթըմ ա պառավի տունը, չարդախումը կաննըմ սազը ածըմ։

Պառավը սազի ձենին դուս կգա կասի.— Բարով, իսանաորթի, էկել ես հա՜։

Կասի.— Էկել եմ։

Պառավը նի ա մտնըմ նեքսև, ատամները սրըմ, տղեն տոպրակը կախ ա անըմ օճոռքիցը, սազը կապըմ ա տոպրակի վրեն, կացինը վեր ա ունըմ, էթըմ ա ծառի կուշտը։

Պառավը դուս կգա կտենա, որ տղեն հրեն բանցրացել ա օճոռքից ա կպել, կթռչի կտա տոպրակը կճղի, աղ ու տաքտեղը կթափի դրա հ’աշկերը։ Ավելի կկսկծա դրա ջանը, կէթա ու վե կընկնի։ Էս տղեն կացինը կտա ծառի քոքին, կկտրի, կդնի ուսին ու յա՜լլա՛։ Սար, ձոր, քար, քոլ ձեն կտա.— Հողեղենը տարա՜վ, տարա՜վ։

Էս պառավն էլ լսըմ ա, համա ջանի կսկծուն վե չի կենըմ։ Մխելի մնըմ ա, հանդարտըմ ա.— Ա՜յ ջանըմ,— ասըմ ա,— սար, ձոր, քար, քոլ ձեն էր տալի «Հողեղենը տարա՜վ», էթամ տենամ էտ ինչ բան ա, հը՜։

Էթըմ տենըմ ա, որ ծառը չկա։

— Վա՛յ գլխիս,— ասըմ ա,— ծառս էլ տարան։

Նի’լլում ա կտուրը, մտիկ տալի ծառին, տենըմ ա, որ տղեն հրե՜ն ծառը ուսին Երթըմկերած կարմունջը անց ա կացել, էլեդ էթըմ ա կսկըծուն վեր ընկնըմ։

Էս տղեն ծառը բերըմ ա, թաքավորի պալատի հ’առաչը կաննացնըմ։

— Փեշքաշ ա, թաքավոր, քեզ։

Թաքավորը մտիկ ա տալի ծառին, ճուղերին, շա՜տ հավանըմ ա, էս տղին ավելի սիրըմ ա, ավելի մենձութուն ա տալի։

Ախպերտանքը նախանձից տրաքըմ են։ Էրկու ախպեր մասլահաթ են անըմ․— Սա մեր պուճուրն ըլի, մեզանից մենձանա՜, բա ի՞նչ անենք, ախպեր։

Էն մի ախպերն ասըմ ա․— Բերենք ղրկենք պառավի հըմար, էթա փչանա, էլ չգա։

Էն մինն էլ ասըմ ա․— Շատ լավ ա էտ։

Դուս են գալի, տենըմ են որ թաքավորը էս ծառի գլխովը պտըտըմ ա, շատ սիրըմ ա։

Ասըմ են․— Թաքավոր, ի՜նչ շատ հայիլ-մայիլ ես ըլել։

— Որթի, շատ լավ բան ա, է՜։

— Թաքավոր,— ասըմ ա,— էտ ծառն ա, բա դրա տերը տեսնա՜ս, ինչդամ լավն ա։

Թաքավորն ասեց․— Ո՞վ կարա բերի դրա տերը։

Ախպերտանքն ասեցին.— Էտ տղեն կբերի, էլ օչով չի կարա բերի։

Կանչեց թաքավորը տղին.— Տղա՛,— ասեց,— էս ծառի տիրոչը ավելի լավ են ասըմ, պըտի բերես։

— Թաքավոր, դրա տերը ես ո՞նց բերեմ, ախր։ — Էլ մի՛ շատ խոսալ, պըտի բերես, կբերես՝ կբերես, չես բերի՝ գլուխդ կէթա։

Տեհավ իլլաճ չի’լում, մի օր ժամանակ ուզեց։

Գնաց իրան օթախըմը մալուլ նստեց․ մտքի հետ ընկավ, մին էլ տեհավ թաքուհին էկավ։

— Հը՜,— ասեց,— տղա,— ի՞նչ ես մալուլ նստել։

Ասեց.— Ի՞նչ անեմ, թաքուհի, էս դոնըմ[9] թաքավորը ընենց բանի ա դեմ արել, որ ըլելու բան չի։

— Ի՞նչ ա,— ասեց թաքուհին։

— Ւնձ ասըմ ա, թե՝ գնա էս ծառի տիրոչը բե։ Ես ո՞նց էթամ բերեմ։

— Ա՛ քու տունը շինվի, շատ հեշտ ա, դու դրա հըմար միտք ես անըմ։— Ասեց.— Տղա՛, կէթաս թաքավորին կասես, «Քեզնից ուզըմ եմ մի զանդուղ, չորս հատ էլ սըրըղ[10], մի հատ էլ սեիզի[11] փոստ, ամեն մազին մի բոժոժ», էտ կէթաս կառնես թաքավորից, կգաս իմ կուշտը։

Տղեն վե կացավ, գնաց թաքավորի կուշտը, թաքուհու ասած բաները առավ, բերուց թաքուհու կուշտը։

Թաքուհին ասեց․— Տղա՛, էտ բոժոժի ձենը որ վեր հ’էլավ, էն պառավը ընենց կիմանա, թե իրա հոգիառն ա, էկել ա իրա հոգին պըտի առնի։ Էտ փոստն էլ, էտ զանդուղն էլ վե կունես, կէթաս պառավի տունը, զանդուղը չարդախումը վե կդնես, բերանը բաց կանես, մեխերն էլ կդնես կուշտը, էտ փոստը վե կունես՝ նի կըլես կտուրը, կքցես վրիդ, հերթըկի ղրաղին կկանես, որ մի քիչ կը թափ տաս, պառավը կզարզանդի, կմտցնես էս զանգուղի մեչ, կբերես։

Տղեն առավ զանդուղն ու փոստը, գնաց նի մտավ պառավի տունը, զանդուղը դրուց չարդախը, ինքը նի էլավ կտուրը, փոստը քցեց վրին, մոտացավ հերթկին, իրան ժաժ տվուց, պառավը սարսափեց, իմացավ, թե Գաբրիել հրեշտակը էկել ա ֆոքին առնի, ձեն տվուց.— Ի՞նչ եք ուզըմ ինձանից, ժամանակ տվեք իմ հաշըվները վերչացնեմ, նոր հոքիս առեք։

Տղեն մեկ էլ իրեն թափ տվուց։ Պառավը ասեց․— Որ սաբրը չեք անըմ, թողեք գլուխս էլա շինեմ, ջանս թիլացավ։

Տղեն ձեն տվուց․— Որ ըտենց ա, չարդախումը մի զանդուղ կա, գնա նի միտ մեչը, ժամանակ տամ։

Պառավը վե կացավ գնաց չարդախը, տեհավ զանդուղը, գնաց նի մտավ մեչը։ Տղեն վեր էկավ ու էն հրոպպեին զանդուղի բերանը փակեց, մխերը տվուց չորս կողքիցը, չաթուն քցեց, շլակեց, յա՜լլահ։

Պառավը հասկացավ, որ էս էն տղեն էր, ասեց.— Տղա՜, տանըմ ես, հըմա Երթըմկերած կարմունջը որ հասնենք, ինձ իմացըրա։

Էտ տղեն գնաց, հասավ Երթըմկերած կարմունջը, ըստեղ կաննեց։

Պառավն ասեց.— Տղա, խի՞ կաննեցիր։

Ասեց.— Նանի՜, Երթըմկերած կարմունջն ա։

Ասեց.— Ա՞նց ես կացել, թե նոր ես էթըմ կարմունջը։

Ասեց.— Շատն անց եմ կացել։

- Դե՛ որ,— ասեց,— անց ես կացել, տա՜ր, պրծավ աշխարքը։

Էս տղեն վե կալավ, տարավ թաքավորի կուշտը։ Տարավ վե դրուց, ասեց.— Ըհը՛, թաքավոր, փեշքաշ ա։

Ասեց․— Տղա՛, դա բաց արա՛։

— Թաքավոր,— ասեց,— ըսդար ժամանակ ինչ ասել ես՝ ես լսել եմ, մի բան էլ ես ասեմ, դու ինձ լսի։

Թաքավորն ասաց.— Ասա՛, որթի։

Ասեց․— Թաքավոր, իրեք օր ինձ ժամանակ տուր, գամ բաց անեմ, մտիկ տու։

Ասեց.— Լա՜վ, իրեք օր քեզ ժամանակ։

Տղեն էտ ժամանակը առավ ու էկավ գլուխն առավ յա՜ հու յալլա, փախչի, որ պրծնես, դըբա իրան երկիրը։ Երեք օր ճամփա էկավ, մտածեց թե կարալ չեմ պրծնիլ պառավի ձեռիցը, մի ձորի մեչ ման էկավ մի ղազա քթավ, ղազի բերնին էլ մի ջաղացի քար կար քցած, գնաց կողքերը պտըտվեց, մի տեղից ծակեց, նի մտավ էտ ղազեն, մնաց ըտե։

Երեք օրը որ թամամեց, թաքավորը տեհավ տղա չկա, ինքը բաց արուց, բաց անելու բաշտան, առյուծ Ազրաիլը դուս էկավ, ո՛չ թաքավոր թողաց, ոչ քաղաք թողաց, ոչ դեղ թողաց, իսանաթի ֆոտը կտրեց, ընկավ էտ տղի քամակը ման գալու։ Ման գալով էկավ էտ ձորը, գնաց տեհավ մի զաղա, ջաղացաքարը բերնին քցած։ Ջաղացաքարի ծակովը մտիկ տվուց ղազեն, տեհավ էտ տղեն էտ զաղըմը։

— Տո իսանորթի, բա էտ դվո՞րն ես էկե,— ասեց։

Ասեց.— Ջաղացի քարի ծակովն եմ էկե։

Ասեց.— Ես էլ կա՞րամ գալ։

Տղեն ասեց.— Խի՞ չես կարալ գալ։

Պառավը գլուխը դեմ արուց էտ ջաղացաքարի ծակին, չարչարվեց, գլուխը անց կացավ, ջանդաքը էթըմ չի, հըմի ուզըմ ա գլուխը դուս քաշի, գլուխն էլ դուս չի գալի։ Էտ տղեն փետով բզեց էտ քարի սեպին, սեպը որ դուս էկավ՝ քարը վեր ընկավ, պառավը տակը մնաց ջնջխվեց։

Նոր տղեն ազատվեց պառավիցը։ Հանգիստ ընկավ ճամփա դըբա իրա տունը․ էկավ տեհավ կնիկը նստած ա, էն ախպրտանց կնանիքը չկան։ Խոշ ու բեշ արեց կնկա հետ։

Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Աստըծանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։


  1. Ջրաղացի անիվի տակը (ծանոթ. բանահավաքի):
  2. Ննջեցյալ (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Միասին (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Կարգ (ծանոթ․ բանահավաքի)։
  5. Ձայն (ծանոթ․ բանահավաքի)։
  6. Կառավարիչ, որի ձեռքով պիտի անցնի ամեն բան (ծանոթ․ բանահավաքի)։
  7. Մոլորված (ծանոթ․ բանահավաքի)։
  8. Պղպեղ (ծանոթ․ բանահավաքի)։
  9. Անգամ (ծանոթ․ բանահավաքի)։
  10. Երկար մեխ (ծանոթ․ բանահավաքի)։
  11. Նոխազ (ծանոթ․ բանահավաքի)։