Իմաստուն մանուկը
ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՆՈՒԿԸ
(Կովկասյան հեքիաթներից)
Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի: Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց.
«Արևմուտքի թագավոր, քո ձին որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»:
Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը: Կանչեց իր նեզիր-վեզիրներին, որ բացատրեն, թե ի՞նչ է ուզում ասի արևելքի թագավորը: Բայց ոչ ոք չկարողացավ բացատրել:
Տեսավ, որ չի լինի, դեսպաններ ուղարկեց գյուղ ու քաղաք, որ մի այնպիսի իմաստուն մարդ գտնեն, որ կարողանա արևելքի թագավորի միտքը իմանա:
Դեսպանները շատ ման եկան, դես ու դեն ընկան, բայց մի մարդ չգտան, որ արևելքի թագավորի միտքն իմանա: Վերջը՝ մի գյուղի մոտով անցնելիս տեսան, որ մի մանուկ քարի վրա նստած է.
— Այ տղա, — հարցրին դեսպանին, — ո՞ւր է հայրդ:
— Հայրս, — պատասխանեց մանուկը, — վեճ է ցանում:
— Ինչպես թե՝ վեճ է ցանում. այդ ի՞նչ է նշանակում, բացատրի, — խնդրեցին դեսպանները:
— Այ, էս ճամփի վրա, — շարունակեց մանուկը,— հայրս բոստան է դրել: Անցնող-դարձողը մտնում գազար է հանում, վարունգ է քաղում, սոխ է պոկում: Հայրս էլ նրանց հետ շարունակ վիճում է ու կռվում:
— Մայրդ ո՞ւր է:
— Մայրս էլ արցունք է փոխ տալիս:
— Էդ ի՞նչ է նշանակում:
— Ա՜յ թե ինչ է նշանակում: Գյուղում մեկը մեռենլիս, մայրս գնում է մեռելատերերի հետ լաց է լինում, արցունք փոխ տալիս:
Դեսպանները տեսնում են, որ այդ տղան շատ սրամիտ և իմաստուն տղա է. մտքներումն ասում են. «Կա, չկա էս տղան կբացատրի արևելքի թագավորի առաջարկությունը»: Վեր են առնում մանկանը տանում թագավորի մոտ ու պատմում թագավորին հալ-հեքիաթ, էսպես որ էսպես:
— Մանուկ, — ասում է թագավորը,— թե որ կարողանաս արևելքի թագավորի միտքը բացատրես, իմ թագավորության կեսը քեզ կտամ: Արևելքի թագավորը ինձ գիր է գրել, թե քո ձին էդտեղ որ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեց. սա ի՞նչ է նշանակում, էդպես բան կարելի՞ է:
— Թագավորն ապրած մնա, — ասում է մանուկը,— արևելքի թագավորը պատճառ է փնտրում, որ քեզ հետ կռվի: Ուղարկիր երեք հարյուր ձիավոր. թող նրանք գնան մտնեն թագավորի մայրաքաղաքը ու շներին կոտորեն: Գանգատը անշուշտ կհասնի թագավորին: Թագավորը նրանց կկանչի իր մոտ. թող ձեր ձիավորները ասեն. «Մեր թագավորի ոչխարի հոտի մեջ մտան գայլերն ու կոտորում են թշվառ ոչխարներին: Մենք որքան ձայն տվինք հովիվների հետ, օգնության կանչեցինք ձեր շներին, ձեր շները չեկան ու չեկան, դրա համար էլ եկանք ու կոտորեցինք նրանց»: Թագավորը կզարմանա և կասի. «Այդ ինչպե՞ս կարելի է, էնտեղից էստեղ ձա՞յն կհասնի»: Թող ձեր մարդիկ էլ ասեն. «Էդ ինչպես է, որ մեր թագավորի ձին էնտեղ խրխնջալիս ձեր ձին էստեղ կվախենա, ու ձեր շները մեր ու հովիվների ձայնը չեն լսի»:
Արևմուտքի թագավորը էդպես էլ արավ: Երեք հարյուր ձիավոր գնացին արևելքի թագավորի քաղաքը և կոտորեցին շներին: Թագավորը նրանց կանչեց և բացատրություն պահանջեց:
Ձիավորներն ասացին.
— Թագավորն ապրած մնա, էդ ի՞նչպես է, որ մեր թագավորի ձիու խրխնջոցը ձեր ձին կլսի ու մեր հովիվների ձայնը ձեր շները չեն լսի, որ չեկան թշվառ ոչխարներին գայլերից ազատեին:
Արևելքի թագավորը էստեղ մատը կծում է ու հասկանում, թե բանն ինչումն է: Ձիավորներն ազատ վերադառնում են իրենց թագավորի մոտ:
Միառժամանակ անցնելուց հետո արևելքի թագավորը ուղարկում է արևմուտքի թաղավորին երկու աղավնի, երկուսն էլ միատեսակ. մեկը իրենն է լինում, մյուսը՝ գյուղական, և պահանջում է, որ իմանան, թե ո՞րն է թագավորականը և ո՞րը գյուղականը:
Թագավորը, նեզիր-վեզիրները չեն կարողանում իմանալ, թե որ աղավնին թագավորինն է, որ աղավնին գյուղական:
Դարձյալ դիմում են մանկան: Մանուկը այսպես է ջոկում աղավնիները: Ասում է. «Մի տան մեջ կրակ արեք, թող ծուխը բարձրանա. որ աղավնին որ ուշաթափվեց, գետին ընկավ, իմացեք, որ նա է թագավորականը»: Ինչպես մանուկն է ասում, այնպես էլ անում են: Արքունական աղավնին ծխին անսովոր է լինում, չի դիմանում, ծխից ուշաթափվում է ու ընկնում գետին: Գյուղացու տանը մեծացող աղավնուն ծուխը չի ազդում:
Արևելքի թագավորը տեսնում է, որ չի լինում, մի երկաթե տախտակ է ուղարկում արևմուտքի թագավորին, որ սա մի վերարկու կարի և ուղարկի իրեն:
Արևմուտքի թագավորը իմաստուն մանկան խորհրդով ուղարկում է իր թշնամուն մի մեծ ժայռի կտոր, որ սա թել պատրաստի այդ ժայռից վերարկուն կարելու համար: Արևելքի թագավորը նորից մի առաջարկություն է անում արևմուտքի թագավորին, ահա թե ինչ:
— Ուղարկիր ինձ մի այնպիսի եզ, որ ոչ սև լինի, ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ մոխրագույն, վերջապես ոչ մի գույն չունենա:
Արևմուտքի թագավորը դարձյալ իմաստուն մանկան խորհրդով գրում է արևելքի թագավորին.
«Արևելքի թագավոր, ուղածգ եզը պատրաստ է, մի մարդ ուղարկի, որ գա եզը տանի. միայն այնպիսի ժամանակ գա, որ ոչ առավոտ լինի, ոչ կեսօր, ոչ երեկո, ոչ գիշեր և ոչ կեսգիշեր, ոչ լույս և ոչ մութ»:
Արևելքի թագավորը իմանում է, որ ուժի դեմ ուժ կա, էլ կռվի չի գալիս արևմուտքի թագավորի վրա:
Արևմուտքի թագավորն էլ իր թագավորության կեսը տալիս է իմաստուն մանկանը, նրան անում է իր առաջին խորհըրդատուն, հորն ու մորն էլ մոտն է բերել տալիս: