Jump to content

Իմ աչքերի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ աչքերի մեջ հավատը այնքան,
Այնքան խորացավ,
Որ կարծում էի ես տղայաբար,
Թե բացվող սիրո ձնծաղիկները
Ինձ իզուր էին գարուն խոստանում.
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...

Այսքանից հետո ես դեռ փորձում եմ
Ձեզ հետ կատակել,
Ժպտալ ձեզ՝ ինչպես մարդը խելացի,
Ձեզ համար, նույնիսկ,
Համարձակվում եմ հորինել երգեր.
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...

Ձեռքերիս դողը տալիս եմ գրչիս,
Ինձ իմ օրերի տված դողն էլ
Հերիք կլինի:
Եվ ամեն գնով համոզում եմ ինձ՝
Սիրելում գոնե անսխալ լինել...
Ինչ միամիտ եմ եղել ես, տեսեք,
Ինչ ծիծաղելի...