Իմ երգը (Շուշանիկ Կուրղինյան)
Արտաքին տեսք
Ես ծնվել եմ մութ խրճիթում մշտաթաց,
Աղքատ կյանքի խոպանացած հովիտում,
Ուր զրկանքը մանուկ օրից գրկաբաց
Թույլ մարմինս իր կրծքին էր օրորում։
Կյանքի լույս չկար այնտեղ գեթ նշույլ՝
Միշտ խավար էր․․․ տառապանքի ցուրտ ձմեռ,
Ուր գալարվում, խարխափում էր սիրո թույլ,
Դալուկ կայծեր նույնպես աղքատ կիսամեռ։
Սակայն հզոր է հավատն իմ սրտում,
Սև օրերի սալին կոփված այն հավատ,
Որ թշվառին միշտ դրախտ է խոստանում,
Ու դարմանում խոր վերքերը անփարատ։
Ահա շողաց․․․ օ՜, շողշողաց իմ մտքին
Վես, գիտակից կյանքի լույսից մի ջինջ շող՝
Հոգիս թնդաց, միտքս փարվեց խնդագին
Իդեալների վեհ բարձունքին լուսացող։
Բայց մի ջինջ շող․․․ օ՜, այդ քիչ է, պարոննե՛ր,
Քիչ է, քիչ է ծարավ-ծկակ իմ հոգուն․
Տվեք ծծեմ սրտիս հյութով հույս-լուսյեր՝
Մտքով կույր եմ, խեղճ ու մոլոր աշխարհում։
1905