Jump to content

Իմ երգը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄ ԵՐԳԸ

ԻՄ ԵՐԳԸ
                Պատասխան՝ «մարքսիզմի չստեր
                հագած ֆիլիստերներին»

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։
Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,
Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,
Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...
Ղարաբաղը հեւք է բացվող արշալույսի,
Ղարաբաղը ձեռք է Քիրսից ձգված լուսին,
Ղարաբաղը հերկ է մաքուր, անբիծ լույսի,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ջուր է՝ ես եմ քամել քարից,
Ղարաբաղը թուր է՝ ես եմ կոփել դարից,
Ղարաբաղը հուր է՝ ճառագած մեր սրտերից,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը հուն է հոսող լուսաբացի,
Ղարաբաղը բույն է արծվի, ձեռք չի հասնի,
Ղարաբաղը տուն է՝ սերված Ամարասից,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ելք է՝ բացված սրտի նման,
Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն,
Իմ պապերի ձայնով միայն երգեցեք այն,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։